Հարության հույսը իրակա՞ն է քեզ համար
«Հարություն պիտի լինի» (ԳՈՐԾԵՐ 24։15)։
1. Ինչո՞ւ հնարավոր չէ խուսափել մահից։
ԱՅՍ աշխարհում հնարավոր չէ խուսափել միայն մահից ու հարկերից»։ Այս խոսքերը, որոնք 1789–ին գրեց ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը, ոմանց խելամիտ թվացին։ Այնուամենայնիվ, այսօր բազում անազնիվ մարդիկ խաբում են և ամբողջությամբ չեն մուծում իրենց հարկերը։ Սակայն մահը անխուսափելի է։ Մեր սեփական ուժերով ոչ մեկս չենք կարող խուսափել դրանից։ Այն բոլորիս է հետապնդում։ Շեոլը՝ մարդկության ընդհանուր գերեզմանը, անհագուրդ ագահությամբ կլանում է մեր սիրելի հարազատներին (Առակաց 27։20)։ Իսկ այժմ եկեք քննարկենք մի միտք, որն անչափ մխիթարական է մեզ համար։
2, 3. ա) Ի տարբերություն մարդկանց մեծամասնության՝ ինչո՞ւ են ոմանք կարծում, որ մահը անխուսափելի չէ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
2 Եհովայի Խոսքը հարության՝ կրկին կյանքի վերադառնալու վստահելի հույս է մեզ տալիս։ Սա լոկ երազանք չէ, և տիեզերքում ոչ մի ուժ չի կարող ետ պահել Եհովային այդ հույսը իրականություն դարձնելուց։ Ի տարբերություն մարդկանց մեծամասնության՝ ոմանց կարծիքով մահը անխուսափելի չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ անհաշիվ թվով մի «մեծ բազմություն» է վերապրելու գալիք «մեծ նեղությունից» (Հայտնություն 7։9, 10, 14)։ Դրանից հետո նրանք ապրելու են հավիտենական կյանքի հեռանկարով։ Ուստի նրանց համար մահն անխուսափելի չէ։ Ավելին, «մահը պետք է ոչնչի վերածվի» (1 Կորնթացիներ 15։26)։
3 Մենք պետք է հարության վերաբերյալ ունենանք այն նույն տեսակետը, որն ուներ Պողոս առաքյալը, երբ ասաց. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Քննարկենք հարության վերաբերյալ երեք հարց։ Առաջին՝ ի՞նչն է մեր հույսը իրական դարձնում, երկրորդ՝ ինչպե՞ս է հարության հույսը մխիթարում անձամբ քեզ և երրորդ՝ ինչպե՞ս կարող է հարության հույսն ազդել քո ապրելակերպի վրա այսօր։
Հարություն՝ անհերքելի փաստ
4. Ի՞նչ առումով է հարությունը Եհովայի նպատակի մեջ կարևոր տեղ զբաղեցնում։
4 Հարությունն անհերքելի դարձնող մի շարք գործոններ կան։ Նախ հարությունը Եհովայի նպատակի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Հիշիր, որ Սատանան դրդեց մարդկանց մեղք գործելու, որի անխուսափելի հետևանքը եղավ մահը։ Այդ պատճառով էլ Հիսուսն ասաց. «Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից» (Հովհաննես 8։44)։ Սակայն Եհովան խոստացավ, որ «կինը»՝ իր երկնային կազմակերպությունը, «սերունդ» էր առաջ բերելու, որը ջախջախելու էր «առաջին օձի» գլուխը և ամբողջությամբ ոչնչացնելու էր նրան, այսինքն՝ Սատանային (Ծննդոց 3։1–6, 15; Հայտնություն 12։9, 10; 20։10)։ Երբ Եհովան աստիճանաբար բացահայտեց Մեսիական Սերնդի հետ կապված իր նպատակը, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Սերունդը Սատանային ոչնչացնելուց ավելին էր անելու։ Աստծու Խոսքում ասվում է. «Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհաննես 3։8)։ Ադամից ժառանգած մեղքն ու մահը Սատանայի առաջնային գործերից էին, որոնք Եհովան նպատակ է դրել Հիսուս Քրիստոսի միջոցով խափանել։ Այս առումով Հիսուսի քավիչ զոհաբերությունը և հարությունը անչափ կարևոր են (Գործեր 2։22–24; Հռոմեացիներ 6։23)։
5. Ինչո՞ւ է հարությունը սրբացնելու Եհովայի անունը։
5 Եհովան վճռել է փառավորել իր սուրբ անունը։ Սատանան անարգեց Աստծու անունը և ստեր տարածեց։ Նա ասաց, որ Ադամն ու Եվան «բնավ չեն մեռնի», եթե ուտեն Աստծու կողմից արգելված պտուղը (Ծննդոց 2։16, 17; 3։4)։ Այդ ժամանակից ի վեր՝ Սատանան ուրիշ ստեր էլ է տարածում, ինչպես օրինակ, այն կեղծ ուսմունքը, որ հոգին վերապրում է մահից հետո։ Սակայն հարության միջոցով Եհովան կբացահայտի, որ այդ ամենը սուտ է։ Նա մեկընդմիշտ կապացուցի, որ միայն ինքն է կյանք Պահպանողը և կյանք Վերականգնողը։
6, 7. Ի՞նչ զգացումներ ունի Եհովան մարդկանց հարություն տալու առնչությամբ, և ի՞նչ գիտենք այդ զգացումների մասին։
6 Եհովան կարոտով է սպասում հարությանը։ Աստվածաշնչից հստակ է դառնում, թե Եհովան ինչ զգացումներ ունի հարության վերաբերյալ։ Օրինակ՝ նկատի առնենք հավատարիմ Հոբի հետևյալ ներշնչված խոսքերը. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ. պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։ Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր [«կկարոտեիր», ՆԱ] քո ձեռքի գործին» (Յոբ 14։14, 15)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։
7 Հոբը գիտեր, որ իր մահից հետո մի որոշ ժամանակ նա պետք է սպասեր մահվան քնի մեջ։ Այդ ժամանակը նա համարում էր «պարտադիր ծառայություն», որի ընթացքում պետք է սպասեր իր ազատագրմանը։ Հոբի համար այդ ազատագրումը իրական էր։ Նա հասկանում էր, որ իր ազատագրումը գալու էր։ Ինչո՞ւ։ Քանի որ գիտեր, թե ինչ է զգում Եհովան։ Եհովան «կկարոտեր» իր հավատարիմ ծառային և կուզենար նրան կրկին տեսնել։ Այո՛, Աստված փափագում է կյանքի վերադարձնել բոլոր արդար մարդկանց։ Եհովան նաև ուրիշներին է հնարավորություն տալիս հավիտյան ապրելու երկրային Դրախտում (Ղուկաս 23։43; Հովհաննես 5։28, 29)։ Եվ քանի որ Աստծու կամքն է, որ իրականացվի այդ նպատակը, ո՞վ կարող է նրան կանգնեցնել։
8. Ինչպե՞ս է Եհովան ապագայի մեր հույսի համար «հավաստիք տվել»։
8 Հիսուսի հարությունը հավաստիք է ապագայի մեր հույսի համար։ Երբ Պողոսը Աթենքում էր, իր ելույթում նա ասաց. «[Աստված] մեկ օր հաստատեց, որում նպատակ ունի արդարությամբ դատելու բնակեցված երկիրը մի մարդու միջոցով, որին նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ մահացածների միջից հարություն տվեց նրան» (Գործեր 17։31)։ Պողոսի ունկնդիրներից ոմանք ծաղրեցին նրան, երբ լսեցին հարության մասին։ Այնուհանդերձ, մի քանիսը հավատացյալներ դարձան։ Հավանաբար նրանց ուշադրությունը գրավեց այն միտքը, որ այդ հույսը հավաստիք ուներ։ Հարություն տալով Հիսուսին՝ Եհովան կատարեց ամենամեծ հրաշքը։ Նա իր Որդուն կյանքի բերեց մահվան քնից՝ որպես հզոր ոգեղեն անձի (1 Պետրոս 3։18)։ Հարություն առած Հիսուսը ավելի զորեղ էր, քան եղել էր իր մինչմարդկային գոյության ընթացքում։ Լինելով անմահ և իր զորությամբ զիջելով միայն Եհովային՝ Հիսուսն այժմ ի զորու է ստանձնել Հոր կողմից ստացած հրաշալի հանձնարարությունները։ Հիսուսը այն միջոցն է, որով Եհովան մնացած բոլոր մարդկանց թե՛ երկնային և թե՛ երկրային կյանքի հարություն է տալու։ Հիսուսն ինքն ասաց. «Ե՛ս եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 5։25; 11։25)։ Հարություն տալով Հիսուսին՝ Եհովան բոլոր հավատարիմ մարդկանց այս նույն հույսի հավաստիքը տվեց։
9. Ինչպե՞ս են Աստվածաշնչում արձանագրված դեպքերը ցույց տալիս, որ հարությունը իրական է։
9 Հարությանը ականատեսներ են եղել, և այդ մասին արձանագրվել է Աստծու Խոսքում։ Աստվածաշնչում մանրամասնորեն նկարագրվում են հարության ութ դեպքեր, որոնք կատարվել են երկրի վրա։ Այս հրաշքները տեղի են ունեցել ոչ թե գաղտնի, այլ բացահայտ կերպով և շատ հաճախ ականատեսների առաջ։ Օրինակ՝ Հիսուսը սգավորների բազմության ներկայությամբ հարություն տվեց Ղազարոսին, որն արդեն չորս օր էր, ինչ մահացել էր։ Անկասկած, այդ բազմության մեջ էին նաև նրա ընտանիքը, ընկերներն ու հարևանները։ Այն փաստը, որ Հիսուսը ուղարկված էր Աստծու կողմից, այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ նրա թշնամիները՝ կրոնական առաջնորդները, երբեք չհերքեցին դա։ Այդուհանդերձ, նրանք ծրագրեցին սպանել ոչ միայն Հիսուսին, այլ նաև Ղազարոսին (Հովհաննես 11։17–44, 53; 12։9–11)։ Այո՛, մենք կարո՛ղ ենք վստահ լինել, որ հարությունը իրական է։ Աստված հոգ է տարել, որ անցյալում տեղի ունեցած հարության դեպքերը գրի առնվեն մեզ մխիթարելու և մեր հավատը զորացնելու համար։
Հարության հույսը մխիթարում է մեզ
10. Ինչպե՞ս կարող ենք մխիթարվել հարության մասին աստվածաշնչյան արձանագրություններից։
10 Երբ բախվում ես մահվան իրականության հետ, հարության հույսը մխիթարո՞ւմ է քեզ։ Մխիթարություն ունենալու համար վստահելի աղբյուր են հարության մասին աստվածաշնչյան արձանագրությունները։ Երբ ընթերցես այդ արձանագրությունները, խորհրդածես դրանց մասին և մտովի պատկերացնես, թե ինչպես են տեղի ունեցել այդ դեպքերը, հարության հույսը ավելի իրական կդառնա քեզ համար (Հռոմեացիներ 15։4)։ Դրանք հորինված պատմություններ չեն, այլ տեղի են ունեցել մեզ նման իրական մարդկանց հետ, ովքեր ապրել են իրական ժամանակներում և իրական վայրերում։ Եկեք համառոտ քննարկենք Աստվածաշնչում արձանագրված հարության դեպքերից մեկը։
11, 12. ա) Ի՞նչ դժբախտություն պատահեց սարեփթացի այրուն, և ինչպիսի՞ն եղավ նրա առաջին արձագանքը։ բ) Նկարագրիր, թե Եհովան ինչպես զորացրեց Եղիային՝ այրուն օգնելու համար։
11 Պատկերացրու հետևյալ տեսարանը։ Մի քանի շաբաթով Եղիա մարգարեն հյուրընկալվել էր Սարեփթայում բնակվող մի այրու մոտ, որն ապրում էր իր տան վերնահարկում։ Դա մի դժվար ժամանակաշրջան էր։ Այդ տարածքում երաշտ էր, և սով էր սկսվել։ Շատերը մահանում էին։ Եհովան Եղիայի միջոցով մեկ անգամ արդեն հրաշք էր գործել, որպեսզի վարձատրեր այս խոնարհ այրու հավատը։ Նա և իր փոքրիկ որդին շուտով սովի էին մատնվելու, քանի որ մնացել էր ընդամենը մեկ անգամ ուտելու կերակուր։ Եվ հենց այդ պահին էր, որ Աստված հրաշք գործելու զորություն տվեց Եղիային, որպեսզի այդ կնոջ ալյուրն ու յուղը հրաշքով միշտ մնային ու չպակասեին։ Սակայն դժբախտությունը վրա է հասնում։ Հիվանդությունը շատ հանկարծակի հարվածում է այրու տղային, և շատ չանցած՝ նա մահանում է։ Կարելի է պատկերացնել, թե դատարկության ինչպիսի՜ զգացում էր պարուրել երեխայի մորը։ Անչափ դժվար էր ապրել առանց ամուսնու աջակցության, և դրան էլ գումարվում է իր մինուճար զավակի կորուստը։ Վշտի պատճառով նա նույնիսկ Եղիային ու նրա Աստծուն՝ Եհովային է մեղադրում։ Ի՞նչ պետք է աներ մարգարեն։
12 Եղիան չի հանդիմանում այրուն նրա սխալ մեղադրանքների համար։ Փոխարենը՝ ասում է. «Ինձ տուր տղադ»։ Մեռած երեխային վերնահարկ տանելուց հետո Եղիան սկսում է անընդհատ աղոթել, որ վերջինս նորից կյանքի վերադառնա։ Ի վերջո, Եհովան գործի է անցնում։ Կարելի է պատկերացնել, թե ուրախությունից ինչպես է փայլում Եղիայի դեմքը, երբ զգում է, որ երեխան շնչում է։ Երեխայի կոպերը բացվում են, և նրա՝ կյանքով լի աչքերը սկսում են շողալ։ Եղիան տղային ցած է իջեցնում նրա մոր մոտ և ասում է. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ Խոսքերով անհնար է նկարագրել մոր ուրախությունը։ Նա ասում է. «Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է» (Գ Թագաւորաց 17։8–24)։ Եհովայի ու նրա ներկայացուցչի հանդեպ իր հավատը այժմ ավելի քան երբևէ ամուր է։
13. Եղիայի կողմից այրու տղային հարություն տալու մասին արձանագրությունը ինչո՞ւ է մխիթարում մեզ այսօր։
13 Անկասկած, այս դեպքի շուրջ խորհրդածելը քեզ շատ է մխիթարում։ Որքան հստակ է մեզ համար, որ Եհովան ի զորու է ոչնչացնելու մեր բոլորի թշնամուն՝ մահին։ Միայն պատկերացրու, թե այս այրու նման՝ ի՜նչ ուրախություն կապրեն երկիրը ժառանգող միլիոնավոր մարդիկ, երբ բոլոր մահացածները հարություն առնեն։ Երկնքում նույնպես մեծ ցնծություն կլինի, քանի որ Եհովան շատ է ցանկանում, որ իր Որդին ամբողջ աշխարհով մեկ հարություն տա բոլոր մահացածներին (Հովհաննես 5։28, 29)։ Մահը խլե՞լ է քո սիրելի մարդու կյանքը։ Որքա՜ն հրաշալի է իմանալ, որ Եհովան կարո՛ղ է կյանքի վերադարձնել մահացածներին և անպայման կանի՛ դա։
Քո հույսը և ապրելակերպը այսօր
14. Ինչպե՞ս կարող է հարության հույսը ազդել քո ապրելակերպի վրա։
14 Ինչպե՞ս կարող է այսօր հարության հույսը ազդել քո ապրելակերպի վրա։ Այդ հույսը կարող է զորացնել քեզ, երբ գտնվում ես դժվարությունների, խնդիրների մեջ, հալածանքի ճնշման տակ կամ էլ վտանգավոր իրավիճակներում։ Սատանան ուզում է, որ դու այն աստիճան սարսափես մահից, որ հոժարակամորեն անարատությունդ պահելու փոխարեն՝ հավատաս ապահովություն խոստացող դատարկ խոսքերին։ Հիշիր, որ Սատանան ասաց Եհովային. «Մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Նման հայտարարություն անելով՝ նա զրպարտեց բոլորիս, այդ թվում նաև քեզ։ Արդյոք դու կթողնե՞ս Աստծուն ծառայելը, եթե դժվարությունների հանդիպես։ Խորհրդածելով հարության հույսի շուրջ՝ դու կարող ես է՛լ ավելի վճռական լինել՝ շարունակելով կատարել քո երկնային Հոր կամքը։
15. Ինչպե՞ս են Մատթեոս 10։28–ում արձանագրված Հիսուսի խոսքերը մխիթարում մեզ դժվարությունների ժամանակ։
15 Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում» (Մատթեոս 10։28)։ Մենք չպետք է սարսափով լցվենք Սատանայի կամ նրա մարդկային կազմակերպությունների հանդեպ։ Ճիշտ է, ոմանք գուցե ի զորու են ցավ կամ նույնիսկ մահ պատճառել, բայց ամենավատ բանը, որ նրանք կարող են քեզ անել, միայն ժամանակավոր բնույթ է կրում։ Եհովան կարո՛ղ է փոխհատուցել և կփոխհատուցի իր հավատարիմ ծառաներին հասցված ցանկացած վնաս՝ հարություն տալով նրանց։ Միայն Եհովան է արժանի, որ իրենից վախենանք, և միայն նրա նկատմամբ է, որ պետք է ակնածանք ու հարգանք դրսևորենք։ Միայն նա՛ ունի զորություն մեզ կյանքից ու ապագայի հեռանկարից մեկընդմիշտ զրկելու՝ թե՛ մեր մարմինը և թե՛ մեր ոգին կործանելով գեհենում։ Ուրախալի է, որ Եհովան չի ցանկանում, որ նման բան պատահի քեզ հետ (2 Պետրոս 3։9)։ Հարության հույսի շնորհիվ է, որ մենք՝ որպես Աստծու ծառաներ, կարող ենք միշտ վստահ լինել, որ ապահով ենք։ Հավիտենական կյանքը մեր առջևում է այնքան ժամանակ, որքան մենք հավատարիմ ենք, և չկա մի բան, որ այդ առնչությամբ Սատանան ու նրա դևերը կարող են անել (Սաղմոս 118։6; Եբրայեցիներ 13։6)։
16. Ինչպե՞ս է հարության հույսի հանդեպ մեր վերաբերմունքը ազդում կյանքում ունեցած մեր առաջնահերթությունների վրա։
16 Եթե հարության հույսը իրական է մեզ համար, ապա այն կձևավորի կյանքի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը։ Մենք գիտենք, որ «թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում» (Հռոմեացիներ 14։7, 8)։ Ուստի առաջնահերթություններ դնելիս մենք հետևում ենք Պողոսի խորհրդին. «Մի՛ ընդունեք իրերի այս համակարգի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Շատերը խելահեղ վազքի մեջ են, որպեսզի բավարարեն իրենց բոլոր ցանկությունները, ձգտումներն ու քմահաճույքները։ Քանի որ, ինչպես իրենք են կարծում, կյանքը կարճ է, նրանք ընկած են իրենց հաճույքների հետևից և եթե ինչ–որ բանի էլ երկրպագում են, ապա դա, ինչ խոսք, չի համապատասխանում «Աստծու կատարյալ կամքին»։
17, 18. ա) Ի՞նչ է գրված Եհովայի Խոսքում մարդու կյանքի կարճատև լինելու մասին, սակայն ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար։ բ) Ինչո՞ւ մենք պետք է փառաբանենք Եհովային ամեն օր։
17 Իրոք որ, կյանքը կարճ է, թերևս 70 կամ 80 տարի։ Այն «շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։ Մարդիկ անցավոր են, ինչպես կանաչ խոտը, անցնող շուքը և ինչպես գոլորշին (Սաղմոս 103։15; 144։3, 4)։ Սակայն Աստված չէր ծրագրել, որ մենք մեր կյանքի առաջին մի քանի տասնամյակները անցկացնեինք մեծանալու, հասունանալու, իմաստություն և կյանքի փորձ ձեռք բերելու վրա, իսկ մնացած մի քանի տասնամյակների ընթացքում սկսեինք ծերանալ, հիվանդանալ և վերջում մահանալ։ Եհովան մարդկանց ստեղծել է հավիտյան ապրելու փափագով։ «Յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը»,— ասում է Աստվածաշունչը (Ժողովող 3։11)։ Մի՞թե Աստված այնքան դաժան է, որ մեզ այդպիսի ցանկություն պարգևի և ապա այն իրականացնելը անհնարին դարձնի։ Իհարկե ո՛չ, չէ՞ որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Հարության միջոցով նա հավիտենական կյանքը հնարավոր կդարձնի այն մարդկանց համար, ովքեր մահացել են։
18 Հարության հույսի շնորհիվ մենք կարող ենք ապահով ապագա ունենալ։ Պետք չէ, որ մենք էլ այսօր խելահեղ վազքով ընկնենք ապագայի հետ կապված մեր բոլոր ծրագրերն ու ցանկությունները իրականացնելու հետևից։ Պետք չէ, որ լինենք այս մեռնող աշխարհից «լիովին» օգտվողներ (1 Կորնթացիներ 7։29–31; 1 Հովհաննես 2։17)։ Ի տարբերություն նրանց, ովքեր իրական հույս չունեն՝ մենք այս հրաշալի պարգևն ունենք. մենք գիտենք, որ եթե հավատարիմ մնանք Եհովա Աստծուն, ապա ամբողջ հավիտենության մեջ կգովերգենք նրան և կվայելենք կյանքը։ Ուստի եկեք ամեն օր փառաբանենք Եհովային, նրան, ով հարության հույսը իրականություն է դարձնելու։
Ինչպե՞ս կպատասխանեիր
• Ի՞նչ զգացումներ պետք է ունենանք հարության վերաբերյալ։
• Ո՞ր գործոններն են հարության հույսը իրականություն դարձնում։
• Ինչպե՞ս է մխիթարում քեզ հարության հույսը։
• Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հարության հույսը քո ապրելակերպի վրա։
[նկար 28–րդ էջի վրա]
Հոբը գիտեր, որ Եհովան փափագում է հարություն տալ արդարներին
[նկար 29–րդ էջի վրա]
«Տե՛ս, որդիդ կենդանի է»