«Ումի՞ց պիտի ես վախենամ»
«Եթե մինչև իսկ պատերազմի էլ դուրս գան իմ դեմ, դարձյալ նրան կապավինեմ» (ՍԱՂ. 27։3)։
ԸՍՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՄԱՐՆԵՐԻ՝ Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՔԵԶ ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԵԼՈՒ
1. 27-րդ սաղմոսը ո՞ր հարցերի պատասխանը կօգնի մեզ գտնելու։
ԻՆՉՈ՞Ւ է մեր քարոզչական աշխատանքը ընդլայնվում՝ չնայած աշխարհի վատթարացող իրավիճակներին։ Ինչո՞ւ ենք մեր ուժն ու ժամանակը հոժարակամորեն տալիս այս գործին, երբ շատերը տնտեսական լուրջ խնդիրների են բախվում։ Ինչպե՞ս կարող ենք չկորցնել մեր քաջությունը, մինչ ուրիշները վախով են լցված ապագայի հանդեպ։ Դավիթ թագավորի երգը, որը արձանագրված է 27-րդ սաղմոսում, պատասխանում է այս հարցերին։
2. Վախի պատճառով ի՞նչ կարող է լինել մարդուն, բայց ի՞նչ վստահեցում է տրված մեզ։
2 Դավիթն այս սաղմոսը սկսում է հետևյալ խոսքերով. «Եհովան է իմ լույսն ու իմ փրկությունը։ Ումի՞ց պիտի ես վախենամ։ Եհովան է իմ կյանքի ամրոցը։ Ումի՞ց պիտի ես դողամ» (Սաղ. 27։1)։ Ահ ու դողի պատճառով մարդը կարող է այնքան թուլանալ, որ ի վիճակի չլինի որևէ բան անելու։ Սակայն Եհովայից վախեցող անհատը չի սարսափի որևէ բանից (1 Պետ. 3։14)։ Եթե Եհովային մեր ամրոցը դարձնենք, «ապահով կբնակվենք, և փորձանքի հանդեպ սարսափը մեզ չի անհանգստացնի» (Առակ. 1։33; 3։25)։ Ինչո՞ւ։
«ԵՀՈՎԱՆ Է ԻՄ ԼՈՒՅՍՆ ՈՒ ԻՄ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ»
3. Ի՞նչ իմաստով է Եհովան մեր լույսը, բայց ի՞նչ պետք է մենք անենք։
3 «Եհովան է իմ լույսը» փոխաբերությունը մեր ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Եհովան իրազեկ է դարձնում մեզ և ազատում հոգևոր խավարից (Սաղ. 27։1)։ Բառացի լույսը տեսանելի է դարձնում մեր ճանապարհին եղող վտանգներն ու խոչընդոտները, սակայն չի վերացնում դրանք։ Ուստի պետք է իմաստությամբ վարվենք, որ չվնասվենք։ Նմանապես Եհովան մեզ հայտնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը, զգուշացնում է այս համակարգում եղող վտանգների մասին և տալիս է սուրբգրային սկզբունքներ, որոնք միշտ գործնական են։ Կիրառելով սովորածը՝ մեր թշնամիներից ավելի իմաստուն և մեր «բոլոր ուսուցիչներից ավելի խորամիտ» ենք դառնում (Սաղ. 119։98, 99, 130)։
4. ա) Ինչո՞ւ Դավիթը կարող էր վստահությամբ ասել. «Եհովան է.... իմ փրկությունը»։ բ) Հատկապես ե՞րբ Եհովան կդառնա մեր փրկությունը։
4 Սաղմոս 27։1-ում արձանագրված Դավթի խոսքերը ցույց են տալիս, որ նա հավանաբար հիշում էր, թե նախկինում ինչպես էր Եհովան ազատել ու փրկել իրեն։ Օրինակ՝ Եհովան ազատել էր նրան «առյուծի և արջի ճանկերից», օգնել էր հաղթելու հսկա Գողիաթին, նաև փրկել էր Սավուղ թագավորի նիզակից, որով վերջինս մի քանի անգամ փորձել էր Դավթին պատին գամել (1 Սամ. 17։37, 49, 50; 18։11, 12; 19։10)։ Զարմանալի չէ, որ Դավիթը կարող էր վստահությամբ ասել. «Եհովան է.... իմ փրկությունը»։ Իր ներկայիս ծառաների համար էլ Եհովան կդառնա այն, ինչ դարձավ Դավթի համար՝ փրկություն. նա կազատի նրանց գալիք «մեծ նեղության» ժամանակ (Հայտն. 7։14; 2 Պետ. 2։9)։
ՀԻՇԻՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՊՔ
5, 6. ա) Քաջությամբ լցվելու հարցում ի՞նչ դեր ունի անցյալում մեզ հետ կատարված դեպքերը հիշելը։ բ) Այն, թե ինչպես է Եհովան անցյալում վարվել իր ծառաների հետ, ինչպե՞ս է քաջությամբ լցնում քեզ։
5 Կարևոր գործոններից մեկը, որը կօգնի մեզ քաջությամբ լցվելու, նշված է Սաղմոս 27։2, 3-ում (կարդա՛)։ Դավիթը հիշում էր այն դեպքերը, երբ Եհովան փրկել էր իրեն (1 Սամ. 17։34–37)։ Այդ հիշողությունները նրան վստահությամբ էին լցնում, ինչի շնորհիվ նա կարող էր ավելի ծանր դժվարությունների դիմագրավել։ Երբ հիշում ես քեզ հետ տեղի ունեցած դեպքերը, քաջությամբ լցվո՞ւմ ես։ Օրինակ՝ ջերմեռանդորեն աղոթե՞լ ես քեզ անհանգստացնող մի խնդրի մասին ու հետո տեսել, թե Եհովան ինչպես է իմաստություն և ուժ տալիս քեզ, որ դիմագրավես այդ փորձությանը։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես վերացան խոչընդոտները, որոնք թույլ չէին տալիս քեզ ուրախությամբ կատարելու ծառայությունդ, կամ թե ինչպես գործունեության լայն դուռ բացվեց քո առաջ (1 Կորնթ. 16։9)։ Այդ հիշողություններն ի՞նչ ազդեցություն են թողնում քեզ վրա։ Մի՞թե դրանք չեն վստահեցնում քեզ, որ Եհովան կարող է օգնել հաղթահարելու է՛լ ավելի լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ կամ տոկալու դրանց ներքո (Հռոմ. 5։3–5)։
6 Ի՞նչ կանենք, եթե մի զորեղ կառավարություն որոշի վերացնել Եհովայի վկաներին որպես կազմակերպություն։ Մեր ժամանակներում շատերը փորձել են դա անել, բայց ձախողվել են։ Եթե հիշենք, թե ինչպես է անցյալում Եհովան օգնել իր ժողովրդին, վստահությամբ կլցվենք ու չենք վախենա ապագա իրադարձություններից (Դան. 3։28)։
ԳՆԱՀԱՏԻՐ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ
7, 8. ա) Ըստ Սաղմոս 27։4-ի՝ Դավիթը ի՞նչ խնդրեց Եհովայից։ բ) Ի՞նչ է Եհովայի հոգևոր մեծ տաճարը, և ինչպե՞ս է այնտեղ երկրպագություն մատուցվում։
7 Մենք քաջությամբ կլցվենք նաև այն դեպքում, եթե սիրենք ճշմարիտ երկրպագությունը (կարդա՛ Սաղմոս 27։4)։ Դավթի օրերում «Եհովայի տունը» խորանն էր։ Դավիթը շքեղ տաճար կառուցելու պատրաստություններ տեսավ, որը պետք է կառուցեր իր որդի Սողոմոնը։ Սակայն դարեր անց Հիսուսը նշեց, որ Եհովային ընդունելի երկրպագություն մատուցելու համար այլևս Աստծու կողմից օրհնված այդ վեհապանծ կառույցի անհրաժեշտությունը չկա (Հովհ. 4։21–23)։ Եբրայեցիներ 8-ից 10-րդ գլուխներում Պողոս առաքյալը ցույց տվեց, որ 29թ.-ին Հիսուսի մկրտությունից ի վեր, երբ վերջինս ներկայացրեց իրեն՝ կատարելու Եհովայի կամքը, հոգևոր մեծ տաճար առաջ եկավ (Եբր. 10։10)։ Այս հոգևոր մեծ տաճարը Եհովան պատրաստել է, որպեսզի մենք, հավատ ընծայելով Հիսուսի քավիչ զոհին, կարողանանք ընդունելի ձևով մոտենալ Իրեն։ Ինչպե՞ս ենք երկրպագություն մատուցում այնտեղ։ Աղոթելով «ճշմարիտ սրտով, լիակատար համոզվածությամբ լի հավատով», առանց տատանվելու հրապարակորեն մեր հույսի մասին հռչակելով, միմյանց հանդեպ ուշադիր լինելով, ոգևորելով ու քաջալերելով իրար թե՛ ժողովի հանդիպումների և թե՛ ընտանեկան երկրպագության ժամանակ (Եբր. 10։22–25)։ Այս չափազանց դժվար վերջին օրերում ճշմարիտ երկրպագության հանդեպ գնահատանքը զորացնում է մեզ։
8 Ամբողջ աշխարհում Եհովայի հավատարիմ ծառաները ընդլայնում են իրենց ծառայությունը՝ նոր լեզուներ սովորելով ու տեղափոխվելով այնպիսի տարածքներ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Նրանց վարվելակերպը ցույց է տալիս, որ, սաղմոսերգուի պես, մի բան են խնդրում Եհովայից. ուզում են Եհովայի վայելչությունը տեսնել և սուրբ ծառայություն մատուցել նրան, ինչ էլ որ պատահի (կարդա՛ Սաղմոս 27։6)։
ՎՍՏԱՀԻՐ ԱՍՏԾՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
9, 10. Ինչո՞ւմ են վստահեցնում մեզ Սաղմոս 27։10-ի խոսքերը։
9 Դավիթը ազդեցիկ կերպով արտահայտում է Եհովայի օգնության հանդեպ իր վստահությունը՝ ասելով. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ» (Սաղ. 27։10)։ 1 Սամուել 22-րդ գլխի իրադարձությունները կարդալով՝ կարող ենք եզրակացնել, որ Դավթի ծնողները չեն լքել իրեն։ Սակայն այսօր բազմաթիվ մարդիկ լքված ու մերժված են ընտանիքի անդամների կողմից։ Այդուհանդերձ, այդպիսի շատ անհատներ օգնություն ու պաշտպանություն են գտել քրիստոնեական ժողովում, որտեղ ջերմություն ու սեր է տիրում։
10 Եթե Եհովան պատրաստ է աջակցելու իր ծառաներին, երբ ուրիշները լքում են նրանց, մի՞թե նա հոգ չի տանի նրանց մասին այլ նեղությունների ժամանակ։ Եթե, օրինակ, մտահոգված ենք, թե ինչպես ենք հոգալու մեր ընտանիքի նյութական կարիքները, չե՞նք կարող վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ (Եբր. 13։5, 6)։ Նա հասկանում է իր բոլոր նվիրված ծառաների հանգամանքներն ու կարիքները։
11. Եհովայի հանդեպ մեր վստահությունը ի՞նչ ազդեցություն է թողնում ուրիշների վրա։ Բե՛ր օրինակ։
11 Նկատի առնենք Լիբերիայում բնակվող Վիկտորիայի օրինակը։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ հոգևորապես առաջադիմեց և ցանկացավ մկրտվել, նրա հետ ապրող տղամարդը հեռացավ՝ թողնելով նրան ու նրա երեք երեխաներին։ Թեև Վիկտորիան չուներ ո՛չ տուն, ո՛չ աշխատանք, շարունակում էր հոգևորապես առաջադիմել։ Իր մկրտությունից հետո նրա 13-ամյա աղջիկը մի դրամապանակ գտավ, որի մեջ շատ փող կար։ Գայթակղությունից խուսափելու համար նրանք որոշեցին չհաշվել գումարը։ Փոխարենը՝ իսկույն կապ հաստատեցին դրամապանակի տիրոջ հետ, որը զինվորական էր։ Վերջինս ասաց, որ եթե բոլոր մարդիկ Եհովայի վկաների պես ազնիվ լինեին, ամբողջ աշխարհը ավելի խաղաղ ու ավելի լավը կլիներ։ Աստվածաշնչից Վիկտորիան ցույց տվեց նրան, թե ինչպիսի նոր աշխարհ է խոստացել Եհովան։ Քրոջ անարատությունը տպավորեց զինվորականին, և նա իրեն վերադարձված փողից մեծ գումար տվեց նրան։ Իսկապես, հոգ տանելու Եհովայի կարողության հանդեպ անսասան հավատի շնորհիվ Վկաները անբասիր ու ազնիվ ժողովրդի համբավ են ձեռք բերել։
12. Ի՞նչ ենք ցույց տալիս, երբ շարունակում ենք ծառայել Եհովային՝ չնայած նյութական կորստին։ Բե՛ր օրինակ։
12 Այժմ տեսնենք Սիերա Լեոնեում բնակվող Թոմասի օրինակը։ Նա չմկրտված քարոզիչ էր, երբ միջնակարգ դպրոցում աշխատանքի ընդունվեց որպես ուսուցիչ։ Թոմասը մոտ մեկ տարի աշխատեց այնտեղ, սակայն աշխատավարձ կարող էր ստանալ միայն այն ժամանակ, երբ պահանջվող բոլոր փաստաթղթերը պատրաստ լինեին։ Ո՞րն էր վերջին պահանջը, որ նա պետք է բավարարեր իր աշխատավարձը ստանալու համար։ Պետք է հանդիպում ունենար դպրոցի ղեկավարներից մեկի հետ, որը քահանա էր։ Քահանան բացատրեց, որ Եհովայի վկաների հավատը անհարիր է այդ հաստատությանը։ Նա ասաց, որ Թոմասն ընտրի՝ կա՛մ աշխատանքը, կա՛մ իր հավատը։ Թոմասը որոշեց թողնել աշխատանքը՝ զրկվելով մոտ մեկ տարվա աշխատավարձից։ Նա նոր աշխատանք գտավ. պետք է ռադիո և բջջային հեռախոսներ նորոգեր։ Ինչպես ցույց են տալիս այս և բազմաթիվ այլ օրինակներ, կարիքի և զրկանքի մեջ հայտնվելու վախը կարող է ահաբեկել շատերին, բայց ոչ նրանց, ովքեր վստահում են իրենց Արարչին ու Պաշտպանին։
13. Ինչպե՞ս է Թագավորության քարոզչության գործը ընդլայնվում աղքատ երկրներում։
13 Բազմաթիվ երկրներում, որտեղ վատ կենսապայմաններ են, Թագավորության քարոզիչները հաճախ շատ ակտիվ են։ Ինչո՞ւ։ Մասնաճյուղերից մեկը գրում է. «Բնակիչներից շատերը, ովքեր համաձայնվում են Աստվածաշունչ ուսումնասիրել, գործազուրկ են, այդ պատճառով ուսումնասիրություն անելու ավելի շատ ժամանակ ունեն։ Նաև եղբայրները քարոզելու ավելի շատ ժամանակ ունեն։ Հատկապես շատ աղքատ պայմաններում ապրողներին հարկավոր չէ ապացուցել, որ ապրում ենք վերջին օրերում, քանի որ շուրջբոլորը վատ պայմաններ են տեսնում»։ Մի միսիոներ, որը ավելի քան 12 տարի ծառայում է այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր քարոզիչ միջինը ավելի քան երեք աստվածաշնչյան ուսումնասիրություն է անցկացնում, գրում է. «Քանի որ քարոզիչների մեծ մասը պարզ կյանքով է ապրում և շեղող հանգամանքները քիչ են, սովորաբար ավելի շատ ժամանակ են ունենում քարոզչական ծառայության և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար»։
14. Մեծ բազմությունը ինչպե՞ս կարող է ունենալ Աստծու պաշտպանությունը։
14 Եհովան խոստացել է օգնել, ֆիզիկապես ու հոգևորապես պաշտպանել և ազատել իր ժողովրդին որպես խմբի, և մենք վստահում ենք նրան (Սաղ. 37։28; 91։1–3)։ «Մեծ նեղությունից» վերապրած բազմությունը իսկապես մեծ է լինելու (Հայտն. 7։9, 14)։ Ուստի այդ բազմությունը որպես խումբ պաշտպանված կլինի այս վերջին օրերի մնացած ժամանակահատվածում բնաջինջ լինելուց։ Նրանց կտրվի անհրաժեշտ ամեն բան, որ կարողանան տոկալ փորձությունների ներքո ու պահպանել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Իսկ մեծ նեղության վերջին փուլում Եհովան կպաշտպանի իր ժողովրդին։
«ՍՈՎՈՐԵՑՐՈ՛Ւ ԻՆՁ, ԵՀՈ՛ՎԱ, ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
15, 16. Ինչպե՞ս ենք օգուտ քաղում, երբ Աստծու սովորեցրածի համաձայն ենք վարվում։ Բե՛ր օրինակ։
15 Քաջությունը չկորցնելու համար կարիք ունենք շարունակ սովորելու Աստծու ճանապարհները։ Դա ակնհայտ է դառնում Դավթի աղաչանքից. «Սովորեցրո՛ւ ինձ, Եհո՛վա, քո ճանապարհը, առաջնորդի՛ր ինձ ուղղամտության ճանապարհով և պաշտպանի՛ր թշնամիներից» (Սաղ. 27։11)։ Այս աղոթքին ներդաշնակ վարվել նշանակում է մեծ ուշադրություն դարձնել Եհովայի կազմակերպության միջոցով տրվող Աստվածաշնչի վրա հիմնված ցանկացած առաջնորդության և անմիջապես կիրառել այն։ Շատերը, ովքեր ձերբազատվել են անտեղի պարտքերից, կարող են հաստատել, որ կյանքը պարզեցնելու վերաբերյալ իմաստուն խորհուրդը կիրառելը օգնել է իրենց վերջին տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հիմա նրանք ստիպված չեն տքնաջան աշխատել, որ վճարեն այնպիսի իրերի համար, որոնց կարիքն իրականում չունեն։ Փոխարենը՝ կարող են ընդլայնել ծառայությունը։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս հարցնի իրեն. «Անմիջապես կիրառո՞ւմ եմ այն ամենը, ինչ կարդում եմ Աստվածաշնչում և հավատարիմ ու իմաստուն ծառա դասակարգի հրատարակություններում, նույնիսկ եթե դա նշանակում է, որ զոհողություններ պետք է անեմ» (Մատթ. 24։45)։
16 Եթե թույլ տանք, որ Եհովան սովորեցնի ու առաջնորդի մեզ ուղղամտության ճանապարհով, վախենալու պատճառ չենք ունենա։ Երբ Միացյալ Նահանգներում ապրող մի ռահվիրա դիմեց գործատիրոջը, որ փոխի իր աշխատանքը, ինչի շնորհիվ ինքն ու իր ամբողջ ընտանիքը կարող էին լիաժամ ծառայության մեջ մնալ, գործատերն ասաց, որ առանց համալսարանական կրթության երբեք չի ստանա այդ պաշտոնը։ Եթե քեզ հետ նման բան տեղի ունենար, կափսոսայի՞ր, որ բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն՝ լիաժամ ես ծառայել։ Երկու շաբաթ անց գործատերը փոխվեց, և նոր գործատերը եղբորը հարցրեց, թե ինչ նպատակներ ունի։ Նա ասաց, որ ինքն ու կինը Եհովայի վկաներ են, լիաժամ ծառայողներ և ցանկանում են շարունակել այդ ծառայությունը։ Եղբայրը չհասցրեց շարունակել իր խոսքը, քանի որ գործատերն ասաց. «Զգում էի, որ դու տարբերվում ես մյուսներից։ Երբ հայրս գամված էր անկողնուն, ձեր հավատակիցներից երկուսը ամեն օր գալիս էին ու նրա համար Աստվածաշունչ կարդում։ Ես խոստացա ինքս ինձ, որ եթե երբևէ առիթ ունենամ օգնելու որևէ Վկայի, անպայման կօգնեմ»։ Հաջորդ առավոտ այս եղբորը տվեցին հենց այն աշխատանքը, որը նախկին տնօրենը մերժել էր նրան։ Իսկապես, երբ Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում ենք դնում, Եհովան գործում է իր խոստման համաձայն՝ տալիս է մեզ անհրաժեշտ նյութական բաները (Մատթ. 6։33)։
ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
17. Ի՞նչը կօգնի մեզ վստահությամբ նայելու ապագային։
17 Այնուհետև Դավիթն ընդգծում է հույս ու հավատ ունենալու անհրաժեշտությունը՝ ասելով. «Իսկ եթե ես չհավատայի, որ պիտի տեսնեմ Եհովայի բարությունը ողջերի աշխարհում...» (Սաղ. 27։13)։ Եվ իրոք, որտե՞ղ կլինեինք, եթե չունենայինք Աստծու տված հույսը և չիմանայինք այն խոսքերի նշանակությունը, որոնք գրված են 27-րդ սաղմոսում։ Ուստի եկեք շարունակենք վստահությամբ աղոթել Եհովային, որ զորացնի մեզ ու փրկություն տա, մինչ բախվում ենք այն իրադարձություններին, որոնք տանում են դեպի Արմագեդոն (կարդա՛ Սաղմոս 27։14)։
[նկար 23-րդ էջի վրա]
Դավիթը զորությամբ էր լցվում՝ հիշելով, թե ինչպես է Եհովան ազատել իրեն
[նկար 25-րդ էջի վրա]
Տնտեսական դժվարությունները համարո՞ւմ ենք ծառայությունը ընդլայնելու առիթ