Աստծո ծառաները նման են ծառերի. ի՞նչ կերպերով
ԽՈՍԵԼՈՎ այն մարդու մասին, որը հաճույք է ստանում աստվածաշնչյան սկզբունքներից ու դրանք կիրառում է իր կյանքում՝ սաղմոսերգուն նշում է. «Նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3)։ Ինչո՞ւ է սա համապատասխան համեմատություն։
Ծառերը կարող են երկար ապրել։ Օրինակ՝ ասում են, որ Միջագետքի շրջանում կան այնպիսի ձիթենիներ, որ հազարից երկու հազար տարի են ապրում։ Նմանապես, շատ երկար են ապրում Աֆրիկայի կենտրոնական մասերում աճող բաոբաբները, և այն կարծիքը կա, որ Կալիֆորնիայում կա սոճու մի տեսակ (Pinus aristata), որն ապրում է մոտ 4 600 տարի։ Անտառում «տարեց» ծառերը հաճախ օգուտներ են բերում իրենց շրջապատին։ Օրինակ՝ բարձր ծառերը ստվերով պաշտպանում են նորատունկ ծառերին, իսկ ծառերից թափված տերևները պարարտացնում են հողը։
Աշխարհի ամենաբարձր ծառերին սովորաբար կարելի է հանդիպել անտառներում, որտեղ նրանք խմբերով են աճում, և յուրաքանչյուրը պաշտպանում է մյուսին։ Քանի որ նրանց արմատները կարող են իրար փաթաթված լինել, որոշ ծառեր խմբերով աճելով ավելի հեշտությամբ են կարողանում դիմադրել փոթորկին, քան մարգագետնում կանգնած միայնակ ծառը։ Արմատների մեծ համակարգը նաև հնարավորություն է տալիս ծառին հողից ստանալու բավարար քանակությամբ ջուր և սննդարար նյութեր։ Որոշ դեպքերում արմատները կարողանում են ավելի խորը ներթափանցել գետնի մեջ, քան ծառի բարձրությունն է, կամ էլ արմատները կարող են տարածվել հորիզոնական ուղղությամբ շատ ավելի մեծ տրամագծով, քան ծառերի տերևներն են տարածվում։
Պողոս առաքյալը գուցե ինչ–որ ծառի էր ակնարկում, երբ բացատրում էր, որ քրիստոնյաները պետք է «նորանում [Քրիստոսում] գնա[ն]. արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած» (Կողոսացիս 2։6, 7)։ Իրոք որ, քրիստոնյաները կարող են ամուր կանգնած մնալ միայն այն դեպքում, եթե արմատավորված են Քրիստոսի մեջ (Ա Պետրոս 2։21)։
Աստծո ծառաներն ուրիշ ի՞նչ կերպերով կարող են նմանվել ծառերին։ Ինչպես որ պուրակի ծառերն են, մեկը մյուսին մոտիկ գտնվելով, օգնություն ստանում, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր մոտ են մնում քրիստոնեական ժողովին, աջակցություն են ստանում հավատակիցներից (Գաղատացիս 6։2)։ Հավատարիմ, հասուն քրիստոնյաները, ունենալով լայնատարած, հոգևոր արմատներ, ճշմարտության մեջ նոր անհատներին օգնում են ամուր մնալ հավատի մեջ նույնիսկ փոթորկանման հալածանքների դեպքում (Հռովմայեցիս 1։11, 12)։ Այն քրիստոնյաները, որոնք ավելի երիտասարդ են ճշմարտության մեջ, կարող են փարթամանալ Աստծո ավելի փորձառու ծառաների պաշտպանիչ շուքի տակ (Հռովմայեցիս 15։1)։ Եվ ինչ խոսք, համաշխարհային քրիստոնեական ժողովի բոլոր անդամներն օգուտներ են քաղում՝ ամրապնդվելով հոգևոր այն կերակրով, որով ապահովում են «արդարութեան բեւեկնիները»՝ օծյալ մնացորդը (Եսայիա 61։3)։
Ի՜նչ հրաշալի է, որ Աստծո բոլոր ծառաները ապագայում կտեսնեն այն խոստման իրականացումը, որն արձանագրված է Եսայիա 65։22 համարում։ Այնտեղ ասվում է. «Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն»։
[նկար 8–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Godo-Foto