Ի՞նչ են ասում աղոթքներդ քո մասին
«Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (ՍԱՂ. 65։2)։
1, 2. Եհովայի ծառաները ինչո՞ւ կարող են վստահությամբ աղոթել նրան։
ԵՀՈՎԱՆ միշտ ականջ է դնում իր հավատարիմ ծառաների աղոթքներին։ Կարող ենք վստահ լինել, որ նույնիսկ երբ միլիոնավոր Վկաներ աղոթում են նրան միաժամանակ, նա լսում է յուրաքանչյուրին։
2 Սաղմոսերգու Դավիթը, համոզված լինելով, որ Աստված լսում է իրեն, գրեց. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (Սաղ. 65։2)։ Եհովան իրոք պատասխանում էր իր հավատարիմ երկրպագուի աղոթքներին։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյոք իմ աղոթքներից երևո՞ւմ է, որ ես ապավինում եմ Եհովային և իմ կյանքում առաջին տեղում եմ դնում ճշմարիտ երկրպագությունը։ Ի՞նչ են ասում աղոթքներս իմ մասին»։
Աղոթելիս եղիր խոնարհ
3, 4. ա) Ինչպիսի՞ն պետք է լինենք, որ Աստված լսի մեզ։ բ) Ի՞նչ պետք է անենք, երբ լուրջ մեղքի պատճառով «մտածմունքների» մեջ ենք։
3 Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, պետք է խոնարհ լինենք (Սաղ. 138։6)։ Դավթի պես կարող ենք խնդրել Եհովային. «Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը» (Սաղ. 139։23, 24)։ Ուրեմն պետք է խնդրենք Աստծուն, որ քննի մեզ և ուղղություն տա Աստվածաշնչի միջոցով։ Եթե այդպես անենք, Եհովան կառաջնորդի մեզ «հավիտենական ճանապարհով»՝ կօգնի այնպիսի կյանք վարել, որը տանում է դեպի հավիտենական կյանք։
4 Գուցե մեր միտքը խռովված է, և լուրջ մեղքի պատճառով «մտածմունքների» մեջ ենք (կարդա՛ Սաղմոս 32։1–5)։ Եթե փորձենք լռեցնել մեր խղճի ձայնը, իսպառ կթուլանանք՝ նմանվելով մի ծառի, որն ամառվա տապին կորցնում է խոնավությունը։ Մեղքի պատճառով Դավիթը կորցրեց ուրախությունը և թուլացավ։ Սակայն երբ խոստովանեց իր մեղքը, կարծես մի մեծ քար ընկավ նրա սրտից։ Եհովան ներեց նրան։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգաց Դավիթը, երբ իր «անօրէնութիւնը թողուեցաւ»։ Այո՛, եթե անհատը խոստովանի իր մեղքը, մեծ թեթևություն կզգա։ Իսկ հոգատար երեցները կօգնեն նրան հոգևորապես առողջանալու (Առակ. 28։13; Հակ. 5։13–16)։
Դիմիր Աստծուն աղաչանքով ու երախտագիտությամբ
5. Ի՞նչ պետք է անենք, երբ չափազանց մտահոգված ենք։
5 Երբ չափազանց մտահոգված ենք, պետք է հետևենք Պողոս առաքյալի խորհրդին. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպ. 4։6)։ Հարկավոր է աղաչանքով դիմել Եհովային հատկապես այն ժամանակ, երբ վտանգի մեջ ենք կամ հալածվում ենք։
6, 7. Ինչի՞ համար պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն։
6 Կարելի՞ է ասել, որ լավ փոխհարաբերություններ ունենք Աստծու հետ, եթե աղոթում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ ինչ–որ բան է պետք։ Ո՛չ։ Պողոսը նշեց, որ պետք է նաև շնորհակալություն հայտնել։ Չէ՞ որ երախտապարտ լինելու շատ պատճառներ ունենք։ Այս հարցում մեզ համար լավ օրինակ է Դավիթը, որն աղոթեց. «Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումը եղողները. քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։.... Ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք [«շնորհակալություն ենք հայտնում», ՆԱ] քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անունը» (Ա Մնաց. 29։11–13)։
7 Երախտագիտությամբ էր աղոթում նաև Աստծու Որդին։ Օրինակ՝ նա Աստծուն շնորհակալություն էր հայտնում ուտելիքի համար։ Տերունական ընթրիքի ժամանակ Հիսուսն իր երախտագիտությունը հայտնեց հացի և գինու համար (Մատթ. 15։36; Մարկ. 14։22, 23)։ Մենք պետք է ընդօրինակենք նրան։ Հարկավոր է «գոհանալ Տէրիցը» նաև նրա Խոսքի՝ Աստվածաշնչի, նրա «արդար իրաւունքների», ինչպես նաև «նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին» (Սաղ. 107։15; 119։62, 105)։
Աղոթիր ուրիշների համար
8, 9. Ո՞ւմ մասին պետք է աղոթենք և ինչո՞ւ։
8 Անձնական աղոթքներում չպետք է մոռանանք նույնիսկ այն քրիստոնյաներին, ում անձամբ չենք ճանաչում։ Պողոսը հավանաբար ծանոթ չէր Կողոսայում ապրող իր բոլոր հավատակիցներին։ Այնուամենայնիվ, աղոթում էր նրանց համար։ Առաքյալը գրեց. «Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար, քանի որ լսել ենք Քրիստոս Հիսուսում ունեցած ձեր հավատի մասին, նաև ձեր սիրո մասին, որ ունեք բոլոր սրբերի հանդեպ» (Կող. 1։3, 4)։ Առաքյալը աղոթում էր նաև Թեսաղոնիկեի քրիստոնյաների համար (2 Թեսաղ. 1։11, 12)։ Մենք նույնպես պետք է աղոթենք հավատակիցների համար։ Նման աղոթքներից պարզ երևում է, թե ինչ վերաբերմունք ունենք նրանց հանդեպ։
9 Երբ աղոթում ենք օծյալ քրիստոնյաների կամ «ուրիշ ոչխարների» մասին, ցույց ենք տալիս, որ հետաքրքրված ենք Աստծու կազմակերպության բարօրությամբ (Հովհ. 10։16)։ Պողոսը խնդրեց եփեսացի քրիստոնյաներին աղոթել իր համար, որպեսզի նա կարողանա «խոսելու ազատությամբ խոսել՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը» (Եփես. 6։17–20)։ Իսկ դու աղոթո՞ւմ ես քո հավատակիցների համար։
10. Ինչո՞վ է օգտակար ուրիշների համար աղոթելը։
10 Ուրիշների համար աղոթելը օգնում է փոխելու նրանց հանդեպ ունեցած մեր բացասական վերաբերմունքը։ Եթե աղոթենք այն քրիստոնյայի համար, որը մեզ այնքան էլ դուր չի գալիս, ապա մեր վերաբերմունքը նրա հանդեպ ամենայն հավանականությամբ կփոխվի (1 Հովհ. 4։20, 21)։ Այդպիսի աղոթքները կերտիչ են և նպաստում են միասնությանը։ Դրանք նաև վկայում են, որ քրիստոնեական սեր ենք դրսևորում (Հովհ. 13։34, 35)։ Իսկ սերը սուրբ ոգու պտղի մասերից է։ Խնդրո՞ւմ ենք Եհովային, որ օգնի մեզ դրսևորելու նաև մյուս հատկությունները՝ ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, բարությունը, բարեգործությունը, հավատը, մեղմությունը, ինքնատիրապետումը (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Եթե այո, ապա մեր խոսքերով և գործերով ցույց ենք տալիս, որ «ընթանում ենք ոգով» (կարդա՛ Գաղատացիներ 5։16, 25)։
11. Ինչո՞ւ է տեղին խնդրել ուրիշներին, որ աղոթեն մեր մասին։
11 Պողոսը կորնթացի քրիստոնյաներին ասաց. «Աղոթում ենք Աստծուն, որ դուք ոչ մի սխալ բան չգործեք» (2 Կորնթ. 13։7)։ Այդպես կարող են վարվել, օրինակ, ծնողները։ Ենթադրենք՝ նրանք իմանում են, որ իրենց երեխաները մտադիր են խաբեության դիմելով գրել ստուգողական աշխատանքը։ Այդ դեպքում ծնողները պետք է աղոթեն իրենց զավակների համար և սուրբգրային խորհուրդներ տան, որպեսզի նրանք ազնվորեն վարվեն և «սխալ բան չգործեն»։ Այդպիսի աղոթքները հաճելի են Եհովային և բացահայտում են ծնողների լավ մղումները (կարդա՛ Առակաց 15։8)։ Բացի դրանից, Պողոսի նման՝ մենք խնդրում ենք ուրիշներին աղոթել մեր մասին։ Առաքյալը գրեց. «Շարունակ աղոթե՛ք մեզ համար, քանզի վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբր. 13։18)։
Ուրիշ ի՞նչ են բացահայտում մեր աղոթքները
12. Որո՞նք պետք է լինեն մեր աղոթքի հիմնական թեմաները։
12 Երևո՞ւմ է արդյոք մեր աղոթքներից, որ Եհովայի եռանդուն և ուրախ ծառաներն ենք։ Հաճա՞խ ենք աղոթում Աստծու կամքի, բարի լուրի քարոզչության, Եհովայի գերիշխանության արդարացման և նրա անվան սրբացման մասին։ Ինչպես սովորեցրեց Հիսուսը, սրանք պետք է լինեն մեր աղոթքի հիմնական թեմաները։ Նա ասաց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։
13, 14. Ի՞նչ են բացահայտում մեր աղոթքները։
13 Մեր աղոթքները բացահայտում են նաև մեր մղումները, հետաքրքրությունները և ցանկությունները։ Առակաց 17։3–ում ասվում է. «Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է»։ Աստված տեսնում է մեր սիրտը (Ա Թագ. 16։7)։ Նա գիտի, թե ինչպես ենք վերաբերվում ժողովի հանդիպումներին, ծառայությանը, մեր քույրերին ու եղբայրներին։ Եհովային հայտնի է նաև մեր կարծիքը Քրիստոսի «եղբայրների» մասին (Մատթ. 25։40)։ Աստված տեսնում է՝ իրո՞ք մեզ համար կարևոր է այն, ինչի մասին խնդրում ենք, թե՞ մեխանիկորեն նույն բառերն ենք կրկնում։ Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ ուրիշ ազգերի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն» (Մատթ. 6։7)։
14 Մեր աղոթքները կարող են ցույց տալ, թե որքանով ենք վստահում Աստծուն։ Դավիթն ասաց. «Դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։ Ես քո խորանումը կ’բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ’ապաւինիմ» (Սաղ. 61։3, 4)։ Երբ Աստված «իր վրանը տարածի [մեզ] վրա», անվտանգ ու պաշտպանված կզգանք մեզ (Հայտն. 7։15)։ Մենք կարող ենք աղոթքով դիմել Եհովային՝ համոզված լինելով, որ նա «մեզ հետ է» ցանկացած փորձության ժամանակ։ Իսկ դա անչափ մխիթարական է (կարդա՛ Սաղմոս 118։5–9)։
15, 16. Ինչպե՞ս են աղոթքները բացահայտում մեր մղումները։
15 Մենք կարող ենք աղոթել Եհովային մեր մղումների վերաբերյալ։ Դա կօգնի, որ տեսնենք, թե ով ենք մենք իրականում։ Օրինակ՝ եղբայրը գուցե աղոթի վերակացու լինելու մասին։ Սակայն ո՞րն է նրա խնդրանքի իրական պատճառը. հավատակիցներին օգնելու և Թագավորության շահերը առաջ տանելու փափա՞գը, թե՞ «առաջին տեղում» լինելու և նույնիսկ ուրիշների վրա «տիրելու» ձգտումը։ Աստծու ծառաները չպետք է ունենան նման սխալ ցանկություններ (կարդա՛ 3 Հովհաննես 9, 10; Ղուկաս 22։24–27)։ Իսկ եթե ունեն, ապա անկեղծորեն Եհովային աղոթելով՝ կկարողանան բացահայտել իրենց իրական մղումները և ճիշտ ժամանակին արմատախիլ անել։
16 Կինը գուցե շատ ցանկանա, որ իր ամուսինը դառնա ծառայող օգնական կամ էլ երեց։ Նա կարող է իր անձնական աղոթքներում խնդրել այդ մասին և վարվել իր աղոթքների համաձայն՝ ջանալով օրինակելի վարք դրսևորել։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Բանն այն է, որ եղբոր ընտանիքի անդամների խոսելակերպն ու վարվելակերպը անդրադառնում են նրա համբավի վրա։
Աղոթքներ՝ հանրության առջև
17. Աղոթելիս ինչո՞ւ է ցանկալի առանձնանալ։
17 Իր Հորն աղոթելու համար Հիսուսը հաճախ առանձնանում էր (Մատթ. 14։13; Ղուկ. 5։16; 6։12)։ Մենք նույնպես դրա կարիքն ունենք։ Հանգիստ պայմաններում աղոթելով՝ ամենայն հավանականությամբ կկարողանանք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային և կօգնեն մեզ հոգևորապես ուժեղ մնալու։ Սակայն Հիսուսը նաև աղոթում էր մարդկանց առջև։ Դրանով նա լավ օրինակ թողեց։
18. Ի՞նչ պետք է հաշվի առնեն եղբայրները, երբ աղոթում են մի խումբ մարդկանց առջև։
18 Ժողովի հանդիպումների ժամանակ օրինակելի տղամարդիկ աղոթում են Աստծուն ներկաների անունից (1 Տիմոթ. 2։8)։ Աղոթքի վերջում բոլորն ասում են «ամեն», որ նշանակում է՝ «թող այդպես լինի»։ Այդ բառն ասելու համար ներկաները նախևառաջ պետք է համաձայն լինեն աղոթքում ասված խոսքերին։ Իր տիպար աղոթքում Հիսուսը ոչ մի արտառոց կամ աննրբանկատ արտահայտություն չարեց (Ղուկ. 11։2–4)։ Նա նաև մանրամասն չհիշատակեց, թե ինչ խնդիրներ կամ կարիքներ ունի իր ունկնդիրներից յուրաքանչյուրը։ Ուստի ուրիշների խնդիրների մասին պետք է հիշատակել մեր անձնական աղոթքներում և ոչ թե հանրության առջև աղոթելիս։ Հարկավոր է նաև զգուշանալ, որ ուրիշներին աղոթքում ներկայացնելիս չհիշատակենք կոնֆիդենցիալ տեղեկություններ։
19. Ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք, երբ ուրիշները աղոթում են մեր անունից։
19 Իսկ ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք, երբ որևէ մեկը աղոթում է մեր անունից։ Հարկավոր է աստվածահաճո վախ ցուցաբերել (1 Պետ. 2։17)։ Կան բաներ, որոնք ինքնին սխալ չեն, սակայն տեղին չեն ժողովի ժամանակ (Ժող. 3։1)։ Օրինակ՝ գուցե մեկն առաջարկի, որ մի խումբ հավատակիցներ աղոթելիս իրար ձեռք բռնեն կամ թևանցուկ անեն։ Դա կարող է շեղել կամ նույնիսկ վիրավորել ոմանց, այդ թվում նրանց, ովքեր մեր հավատակիցները չեն։ Որոշ ամուսնական զույգեր աղոթքի ժամանակ կարող են իրար ձեռք բռնել։ Բայց եթե որոշեն գրկախառնվել, ապա ոմանք գուցե գայթակղվեն։ Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ զույգի համար ավելի կարևոր են իրենց ռոմանտիկ փոխհարաբերությունները, քան երկրպագությունը։ Ուստի խոր հարգանքից մղված՝ եկեք «ամեն բան Աստծու փառքի համար անենք» և խուսափենք այնպիսի վարքից, որը կշեղի, կտհաճեցնի կամ կգայթակղեցնի որևէ մեկին (1 Կորնթ. 10։31, 32; 2 Կորնթ. 6։3)։
Երբ չգիտենք՝ ինչի մասին աղոթել
20. Ինչպե՞ս կբացատրես Հռոմեացիներ 8։26, 27 համարները։
20 Լինում են պահեր, երբ չգիտենք՝ ինչի մասին աղոթել։ Ի՞նչը կարող է օգնել։ Հռոմեացիներ 8։26, 27–ում գրված է. «Այն, թե ինչի համար մենք պետք է աղոթենք (երբ անհրաժեշտ է դա անել), չգիտենք, սակայն ոգին ինքը անձայն հառաչանքներով բարեխոսում է մեզ համար։ Մինչդեռ նա [Աստված], ով քննում է սրտերը, գիտի, թե որն է ոգու նշանակությունը»։ Եհովան սուրբ ոգով մի շարք աղոթքներ է արձանագրել իր Խոսքում, և դրանց մեջ կան այնպիսիները, որոնք համապատասխանում են մեր հանգամանքներին։ Երբ Աստծուն դիմելիս դժվարանում ենք խոսքեր գտնել, նա համարում է, որ այդ սուրբգրային աղոթքները մենք ենք ասել, և պատասխանում է դրանց։ Եհովան ճանաչում է մեզ։ Նա գիտի նաև, թե որ աղոթքներն են համապատասխանում մեր իրավիճակին։ Չէ՞ որ դրանք գրվել են ի՛ր ոգու ներշնչմամբ։ Ուստի երբ սուրբ ոգին «հառաչանքներով բարեխոսում է մեզ համար», Եհովան լսում է ու պատասխանում։ Այդուհանդերձ, որքան ավելի լավ ծանոթանանք Աստվածաշնչին, այնքան ավելի հեշտությամբ կմտաբերենք այնտեղ գրված մտքերը և կընդգրկենք դրանք մեր աղոթքների մեջ։
21. Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։
21 Ինչպես տեսանք, մեր աղոթքները շատ բան են ասում մեր մասին։ Օրինակ՝ դրանց միջոցով կարելի է իմանալ՝ որքանով ենք մտերմացել Եհովայի հետ և որքան լավ գիտենք նրա Խոսքը (Հակ. 4։8)։ Հաջորդ հոդվածում կուսումնասիրենք Աստվածաշնչում արձանագրված մի քանի աղոթքներ և կտեսնենք, թե դրանք ինչպես կարող են ազդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպիսի՞ մարդկանց է լսում Եհովան։
• Ինչո՞ւ պետք է աղոթենք մեր հավատակիցների համար։
• Ի՞նչ են բացահայտում աղոթքները մեր և մեր մղումների մասին։
• Ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք, երբ աղոթում են մեր անունից։
[նկար 4–րդ էջի վրա]
Կանոնավորաբա՞ր ես դիմում Եհովային շնորհակալական և փառաբանական աղոթքներով
[նկար 6–րդ էջի վրա]
Մեր վարքը պետք է միշտ փառք բերի Եհովային