Պատանինե՛ր, «շարունակեք ձգտել.... հասնելու ձեր փրկությանը»
«Ինչպես որ միշտ հնազանդվել եք.... շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը» (ՓԻԼԻՊ. 2։12)։
1. Մկրտությունը ինչո՞ւ է անչափ կարևոր քայլ (տես հոդվածի սկզբի նկարը)։
ԱՄԵՆ տարի մկրտվում են հազարավոր մարդիկ։ Նրանցից շատերը պատանիներ են կամ նույնիսկ ավելի փոքր։ Այս երիտասարդների մի մասը ճշմարտության մեջ է մեծացել։ Եթե դու էլ ես մկրտվել, գովասանքի ես արժանի։ Մկրտվելը պահանջ է քրիստոնյայի համար. նա պետք է անի այդ անչափ կարևոր քայլը, որպեսզի փրկության հասնի (Մատթ. 28։19, 20; 1 Պետ. 3։21)։
2. Ինչո՞ւ չարժե վախենալ կամ խուսափել Եհովային նվիրվելուց։
2 Մկրտությունը բազում օրհնությունների դուռ է բացում։ Սակայն այն նաև պատասխանատվություն է դնում քո ուսերին։ Մկրտվելուդ օրը դու դրական պատասխան տվեցիր հետևյալ հարցին. «Հավատ դրսևորելով Հիսուս Քրիստոսի զոհի հանդեպ՝ զղջացե՞լ ես քո մեղքերի համար և նվիրե՞լ ես քո անձը Եհովային՝ նրա կամքը կատարելու նպատակով»։ Մկրտությունը խորհրդանշում է քո նվիրումը։ Դու Եհովային խոստացել ես, որ կսիրես նրան ու նրա կամքը կատարելը առաջին տեղում կդնես։ Այդպես դու լուրջ պարտավորություն ես վերցրել քեզ վրա։ Արդյո՞ք պետք է ափսոսաս դրա համար։ Իհարկե ոչ։ Դու քեզ հանձնել ես Եհովայի ձեռքը. դա ամենևին էլ սխալ քայլ չէ։ Մտածիր, թե ինչ կլիներ հակառակ դեպքում։ Այն մարդը, որը Եհովային չի ընդունում, Սատանայի իշխանության տակ է գտնվում։ Վերջինիս չի հետաքրքրում քո փրկությունը։ Նա նույնիսկ ուրախ կլինի, որ իր կողմը բռնելով ու Եհովայի գերիշխանությունը մերժելով՝ զրկվես հավիտենական կյանքից։
3. Եհովային նվիրվելուց հետո ի՞նչ օրհնություններ ես ստացել։
3 Մտածիր այն օրհնությունների մասին, որ ստացել ես որպես Աստծուն նվիրված ու մկրտված քրիստոնյա։ Այժմ, երբ քո կյանքը նվիրել ես Եհովային, ավելի մեծ վստահությամբ կարող ես ասել. «Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Սաղ. 118։6)։ Որքա՜ն մեծ պատիվ է Աստծու կողմը բռնել ու նրա հավանությունը ստանալ. դրանից ավելի մեծ առանձնաշնորհում չկա։
ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
4, 5. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նվիրվելով Եհովային՝ մարդը անձնական պատասխանատվություն է ստանձնում։ բ) Ի՞նչ դժվարությունների են բախվում քրիստոնյաները՝ անկախ տարիքից։
4 Եթե դու մկրտվել ես ու դարձել քրիստոնյա, հիշիր, որ Եհովայի հետ քո ունեցած փոխհարաբերությունները նման չեն բջջային հեռախոսակապի ընտանեկան փաթեթի, որի համար ծնողներն են վճարում։ Այժմ դու ես պատասխանատու քո փրկության համար, նույնիսկ եթե ծնողներիդ հետ ես ապրում։ Ինչո՞ւ է կարևոր հիշել այս մասին։ Որովհետև չես կարող կանխատեսել, թե ինչ դժվարությունների կբախվես ապագայում։ Օրինակ, եթե մկրտվել ես վաղ տարիքում, դառնալով դեռահաս՝ հավանաբար նոր զգացողություններ ու խնդիրներ կունենաս։ 18 տարեկան մի աղջիկ ասում է. «Երեխան սովորաբար չի նեղվում, որ Եհովայի վկա է, զուտ այն պատճառով, որ դպրոցում չի ուտում ծննդյան տարեդարձի տորթից։ Սակայն մի քանի տարի հետո, երբ նրա մեջ սեռական ցանկություններ են առաջանում, նա պետք է հաստատ համոզված լինի, որ Եհովայի օրենքներով ապրելը լավագույն ուղին է»։
5 Ինչ խոսք, միայն պատանիները չէ, որ նոր դժվարություններ են ունենում։ Նույնիսկ նրանք, ովքեր մեծ տարիքում են մկրտվում, հավատի բազում անսպասելի փորձությունների են բախվում։ Դրանք գուցե կապված լինեն ամուսնական կյանքի, առողջական խնդիրների կամ աշխատանքի հետ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, անկախ տարիքից, հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ պետք է փաստի Եհովայի հանդեպ իր հավատարմությունը (Հակ. 1։12–14)։
6. ա) Ի՞նչ է նշանակում առանց վերապահումների նվիրվել Եհովային։ բ) Ի՞նչ ես սովորում Փիլիպպեցիներ 4։11–13 համարներից։
6 Որպեսզի ցանկացած իրավիճակում հավատարիմ մնաս Աստծուն, միշտ հիշիր, որ առանց վերապահումների ես նվիրվել նրան։ Տիեզերքի Գերիշխանին դու ասել ես, որ կշարունակես ծառայել նրան, նույնիսկ եթե քո ընկերները կամ ծնողները դադարեն դա անել (Սաղ. 27։10)։ Ցանկացած իրավիճակում դու կարող ես Եհովայի օգնությամբ ուժեղ լինել և քո նվիրման համաձայն վարվել (կարդա Փիլիպպեցիներ 4։11–13)։
7. Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ պետք է ձգտես «վախով ու դողով» հասնել քո փրկությանը։
7 Եհովան ուզում է, որ իր ընկերը լինես։ Սակայն այդ ընկերությունը պահպանելու և փրկության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր թափել։ Փիլիպպեցիներ 2։12-ում գրված է. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը»։ Այս խոսքերի համաձայն՝ պետք է մտածես այն մասին, թե ինչպես պահպանես Եհովայի հետ քո ընկերությունը և հավատարիմ մնաս նրան՝ չնայած բոլոր դժվարություններին։ Չպետք է չափազանց ինքնավստահ դառնաս։ Նույնիսկ Աստծուն երկար ժամանակ ծառայած որոշ մարդիկ են շեղվել ճիշտ ճանապարհից։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որ հասնես փրկության։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
8. Ի՞նչ է ներառում անձնական ուսումնասիրությունը, և ինչո՞ւ է այն կարևոր։
8 Եհովայի ընկերը լինելու համար մենք պետք է հաղորդակցվենք նրա հետ, այսինքն՝ և՛ լսենք, թե ինչ է նա մեզ ասում, և՛ խոսենք։ Ինչպե՞ս կարող ենք լսել Եհովային։ Դա կարող ենք անել գլխավորապես Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության միջոցով, այսինքն՝ կարդալով Աստծու Խոսքն ու Սուրբ Գրքի վրա հիմնված հրատարակությունները և խորհրդածելով դրանց շուրջ։ Հիշիր, որ ուսումնասիրել Աստվածաշունչը չի նշանակում զուտ գիտելիքներ կուտակել։ Դու չպետք է պարզապես ինչ-որ տեղեկություններ մտապահես, ասես քննության ես պատրաստվում։ Արդյունավետ ուսումնասիրությունը նման է գիտարշավի, որի ժամանակ կարող ես հետազոտություններ անել ու նոր բաներ իմանալ Եհովայի մասին։ Դա կօգնի, որ մտերմանաս Աստծու հետ, նա էլ կմտերմանա քեզ հետ (Հակ. 4։8)։
9. Անձնական ուսումնասիրության հարցում ո՞ր գործիքներն են օգտակար եղել քեզ համար։
9 Եհովայի կազմակերպությունը մի շարք գործիքներ է տրամադրել, որոնց միջոցով կարող ես ուսումնասիրության արդյունավետ ծրագիր կազմել։ Օրինակ՝ կատարելով jw.org կայքի «Պատանիներ» բաժնում տեղադրված «Աստվածաշնչյան առաջադրանքները»՝ օգտակար դասեր կքաղես Սուրբ Գրքում նկարագրված դեպքերից։ Բացի այդ, կայքում տեղադրված «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» հավաքածուի ուսումնասիրության էջերը կօգնեն քեզ համոզվել քո սովորած բաներում։ Դրանց միջոցով կարող ես սովորել, թե ինչպես քո հավատալիքները բացատրես ուրիշներին։ Ուսումնասիրության վերաբերյալ այլ առաջարկներ կգտնես «Երիտասարդները հարցնում են. ինչպե՞ս Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձնեմ» հոդվածում, որը տպագրվել է «Արթնացե՛ք»-ի 2009 թ. ապրիլի համարում (անգլ., ռուս.)։ Ուսումնասիրություն անելն ու խորհրդածելը շատ կարևոր են փրկության հասնելու համար (կարդա Սաղմոս 119։105)։
ԱՂՈԹՔԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ աղոթքը անհրաժեշտություն է մկրտված քրիստոնյայի համար։
10 Եթե անձնական ուսումնասիրություն անելով՝ մենք լսում ենք Եհովային, ապա աղոթելով՝ խոսում ենք նրա հետ։ Քրիստոնյան չպետք է աղոթքը համարի անիմաստ մի բան, լոկ ծիսակատարություն։ Նաև չպետք է կարծի, թե դա թալիսմանի պես մի բան է, որը իբր հաջողություն է բերում։ Աղոթքը իրական հաղորդակցություն է մեր Արարչի հետ։ Եհովան ուզում է լսել քեզ (կարդա Փիլիպպեցիներ 4։6)։ Երբ ինչ-որ բանի պատճառով անհանգստանում ես, հետևիր Աստվածաշնչի իմաստուն խորհրդին. «Քո բեռը Եհովայի վրա գցիր» (Սաղ. 55։22)։ Հավատո՞ւմ ես, որ այս խորհուրդը կօգնի քեզ։ Միլիոնավոր եղբայրներ ու քույրեր կարող են պատմել, թե ինչպես է այն օգնել իրենց։ Ուստի վստահ եղիր, որ քեզ էլ կօգնի։
11. Ինչո՞ւ պետք է միշտ շնորհակալություն հայտնես Եհովային։
11 Աղոթքը քեզ հնարավորություն է տալիս ոչ միայն Եհովայից օգնություն խնդրելու, այլև շնորհակալություն հայտնելու նրան։ Աստվածաշունչն ասում է. «Երախտագետ եղեք» (Կող. 3։15)։ Հնարավոր է՝ երբեմն այնքան կլանված լինենք մեր խնդիրներով, որ չնկատենք մեր ունեցած բազում օրհնությունները։ Ուստի վճռիր ամեն օր մտածել առնվազն երեք բանի մասին, որոնց համար կարող ես երախտագետ լինել։ Ու երբ աղոթես Եհովային, շնորհակալություն հայտնիր այդ օրհնությունների համար։ Աբիգեյլ անունով 18 տարեկան մի աղջիկ, որը մկրտվել է 12 տարեկանում, ասում է. «Իմ կարծիքով՝ Եհովան տիեզերքում գոյություն ունեցող ցանկացած էակից ավելի արժանի է, որ երախտագետ լինենք նրան։ Ամեն առիթով մենք պետք է Աստծուն շնորհակալություն հայտնենք նրա տված պարգևների համար։ Մի անգամ մի հրաշալի միտք լսեցի, որը ինձ շատ դուր եկավ. եթե վաղը արթնանանք ու տեսնենք, որ մեր ունեցած բաներից մնացել են միայն նրանք, որոնց համար նախորդ օրը շնորհակալություն ենք հայտնել, ապա ի՞նչ մնացած կլինի»։a
ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁԻ ԱՐԺԵՔԸ
12, 13. Ինչպե՞ս ես քո անձնական փորձով համոզվել, որ Եհովան բարի է, և ինչո՞ւ է կարևոր մտածել այս հարցի շուրջ։
12 Հին Իսրայելի թագավոր Դավիթը, որը բազում ծանր փորձություններից էր ազատվել, իր երգում հետևյալ խոսքերը գրեց. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է, երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում» (Սաղ. 34։8)։ Այս համարը ցույց է տալիս, թե անձնական փորձը որքա՜ն արժեքավոր է։ Երբ կարդում ես Աստվածաշունչն ու մեր հրատարակությունները և հաճախում ես քրիստոնեական հանդիպումներին, քաջալերական դեպքեր ես իմանում, թե Աստված ինչպես է ուրիշներին օգնել հավատարիմ մնալ։ Բայց հոգևորապես աճելով՝ դու պետք է Եհովայի ձեռքը քո՛ կյանքում տեսնես։ Ինչպե՞ս ես քո անձնական փորձով համոզվել, որ Եհովան բարի է։
13 Մի հարցում բոլոր քրիստոնյաներն էլ ճաշակել են Եհովայի բարությունը։ Դա եղել է այն ժամանակ, երբ Աստված մեզ հրավիրել է մտերմանալու իր և իր Որդու հետ։ Հիսուսն ասել է. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհ. 6։44)։ Զգո՞ւմ ես, որ այս խոսքերը քեզ էլ են վերաբերում։ Եթե պատանի ես, գուցե մտածես. «Եհովան իմ ծնողներին է ձգել։ Ես պարզապես հետևել եմ նրանց»։ Սակայն հիշիր. երբ դու քո անձը նվիրեցիր Եհովային ու մկրտվեցիր, դրանով ցույց տվեցիր, որ հատուկ փոխհարաբերություններ ունես նրա հետ։ Այժմ նա ճանաչում է քեզ։ Սուրբ Գիրքը հավաստիացնում է. «Եթե մեկը սիրում է Աստծուն, Աստված ճանաչում է նրան» (1 Կորնթ. 8։3)։ Ուստի միշտ գնահատիր Եհովայի կազմակերպության մեջ քո ունեցած տեղը։
14, 15. Ծառայությունն ինչպե՞ս կարող է զորացնել քո հավատը։
14 Եհովայի բարությունը կճաշակես նաև այն ժամանակ, երբ քո հավատի մասին խոսես ուրիշների հետ ու զգաս նրա աջակցությունը։ Դու կարող ես դա անել՝ քարոզչական ծառայությանը մասնակցելով և դպրոցում վկայություն տալով։ Ոմանք դժվարանում են դպրոցում քարոզել իրենց հասակակիցներին, քանի որ չգիտեն, թե նրանք ինչպես կարձագանքեն։ Հատկապես կարող է դժվար լինել, երբ պետք է խոսես շատ մարդկանց առաջ։ Ի՞նչը կօգնի քեզ։
15 Նախ՝ մտածիր, թե ինչու ես համոզված, որ քո հավատալիքները ճիշտ են։ Եթե jw.org կայքում տեղադրված ուսումնասիրության էջերը մատչելի են քո լեզվով, ժամանակ տրամադրիր և քննիր դրանք։ Այդ էջերը կօգնեն քեզ խորհրդածել այն մասին, թե ինչին ես հավատում, ինչու ես հավատում և ինչպես կարող ես քո հավատալիքները բացատրել ուրիշներին։ Երբ հաստատ համոզված ու լավ պատրաստված լինես, անշուշտ կցանկանաս Եհովայի մասին վկայություն տալ (Երեմ. 20։8, 9)։
16. Ի՞նչը կօգնի, որ համարձակ խոսես քո հավատալիքների մասին։
16 Լավ պատրաստված լինելով հանդերձ՝ հնարավոր է՝ դժվարանաս խոսել քո հավատի մասին։ 18 տարեկան մի քույր, որը մկրտվել է 13 տարեկանում, ասում է. «Ես գիտեմ՝ ինչին եմ հավատում։ Բայց երբեմն չեմ կարողանում մտքերս բառերով արտահայտել»։ Ինչպե՞ս է նա հաղթահարում այս խնդիրը։ «Փորձում եմ անկաշկանդ լինել,— ասում է նա։— Դասարանցիներս ազատ պատմում են իրենց արած բաների մասին։ Ես էլ եմ որոշել նույնը անել։ Խոսքի մեջ, օրինակ, ասում եմ՝ «Երեկ Աստվածաշունչ էի սովորեցնում և...», հետո շարունակում եմ իմ պատմությունը։ Թեև ուղղակիորեն չեմ խոսում Աստվածաշնչից, սակայն նման զրույցների ընթացքում ուրիշները հաճախ հետաքրքրվում են, թե ինչպես եմ Աստվածաշունչ սովորեցնում, ու երբեմն դրա հետ կապված հարցեր են տալիս։ Որքան շատ եմ այս մեթոդը կիրառում, այնքան ավելի հեշտ է լինում ինձ համար։ Նման զրույցից հետո ես ինձ շատ լավ եմ զգում»։
17. Հավատիդ հանդեպ քո ունեցած վերաբերմունքը ինչպե՞ս կարող է նպաստել, որ ուրիշների հետ համարձակությամբ խոսես։
17 Եթե հարգանք դրսևորես ուրիշների հանդեպ և անկեղծորեն հետաքրքրվես նրանցով, նրանք հավանաբար բարյացակամորեն կարձագանքեն։ 17 տարեկան Օլիվիան, որը մկրտվել է վաղ տարիքում, ասում է. «Միշտ վախեցել եմ, որ եթե Աստվածաշնչից խոսեմ, մարդիկ ինձ մոլեռանդ կհամարեն»։ Սակայն այս քույրը փոխեց իր տեսակետը։ Իր վախերին տեղի տալու փոխարեն՝ նա սկսեց մտածել. «Շատ պատանիներ ոչինչ չգիտեն Եհովայի վկաների մասին։ Մենք միակ Վկաներն ենք, ում հետ նրանք շփվում են։ Ուստի հնարավոր է՝ նրանց արձագանքը կախված լինի մեր վարվելակերպից։ Օրինակ՝ նրանք ի՞նչ կկարծեն, եթե ամաչենք, կաշկանդվենք, դժվարանանք խոսել մեր հավատի մասին կամ վախենալով խոսենք։ Գուցե մտածեն, թե մենք ուրախ չենք, որ Եհովայի վկա ենք, ու չենք հպարտանում դրանով։ Գուցե նույնիսկ անբարյացակամորեն արձագանքեն՝ տեսնելով, որ վստահ չենք։ Սակայն եթե մեր հավատալիքների մասին ազատ ու վստահ խոսենք և չխուսափենք այդ թեմաներով զրուցելուց, նրանք, ամենայն հավանականությամբ, կհարգեն մեզ»։
ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՁԳՏԵԼ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ
18. Ի՞նչ պետք է անես, որ հասնես փրկության։
18 Ինչպես տեսանք, դու լուրջ պատասխանատվություն ունես. պետք է ինքդ ջանքեր թափես, որ հասնես փրկության։ Ուստի կարդա Աստծու Խոսքը և խորհրդածիր դրա շուրջ, աղոթիր Եհովային և մտածիր այն մասին, թե ինչպես է նա քեզ օրհնել։ Այս ամենն անելով՝ ավելի կհամոզվես, թե որքան մեծ պատիվ է լինել Եհովայի ընկերը։ Դա կմղի քեզ ուրիշների հետ խոսելու քո հավատալիքների մասին (կարդա Սաղմոս 73։28)։
19. Փրկության հասնելու համար ինչո՞ւ արժե ջանքեր թափել։
19 Հիսուսն ասել է. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Մատթ. 16։24)։ Այո՛, Հիսուսին հետևելու համար անհրաժեշտ է, որ քրիստոնյան իր անձը նվիրի Եհովային ու մկրտվի։ Դա հնարավորություն է տալիս բազում օրհնություններ ստանալու հիմա և հավիտյան ապրելու Աստծու նոր աշխարհում։ Ուստի շարունակիր ամեն ջանք թափել, որ հասնես քո փրկությանը։
a Ավելի շատ առաջարկների համար տես «Երիտասարդները հարցնում են. ինչո՞ւ պետք է աղոթեմ» հոդվածը և դրան կից գրառումների էջերը, որոնք տեղադրված են jw.org/ hy կայքում։