ԳԼՈՒԽ 28
«Միայն դու ես նվիրված»
1, 2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Դավիթը գիտեր, թե ինչ է անհավատարմությունը։
ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԸ գիտեր, թե ինչ է անհավատարմությունը։ Նրա կառավարման անհանգիստ տարիներին ժողովուրդը դավադրություն կազմակերպեց նրա դեմ։ Ավելին՝ նրան դավաճանեցին նույնիսկ ամենամտերիմ ընկերները։ Օրինակ՝ Մեղքողը՝ Դավթի առաջին կինը։ Սկզբում նա «սիրում էր» իր ամուսնուն և, անկասկած, օգնում էր նրան իր թագավորական պարտականությունները կատարելու մեջ։ Բայց հետագայում Մեղքողը «սկսեց արհամարհել նրան իր սրտում» և նույնիսկ «դատարկագլուխ մարդ» համարեց նրան (1 Սամուել 18։20; 2 Սամուել 6։16, 20)։
2 Դավթին դավաճանեց նաև նրա խորհրդատուն՝ Աքիտոփելը։ Վերջինիս խորհուրդները մարդկանց համար ասես Եհովայի խոսքերը լինեին (2 Սամուել 16։23)։ Սակայն վստահության արժանացած այս անձնավորությունը ժամանակի ընթացքում դարձավ դավաճան և միացավ Դավթի դեմ ապստամբած խռովարարներին։ Իսկ ո՞վ էր այդ ապստամբության կազմակերպիչը։ Աբիսողոմը՝ Դավթի հարազատ որդին։ Այդ նենգ խռովարարը «գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը»՝ ցանկանալով տիրանալ գահին։ Աբիսողոմի ապստամբությանը այնքան մարդ միացավ, որ Դավիթ թագավորը իր կյանքը փրկելու համար ստիպված եղավ փախուստի դիմել (2 Սամուել 15։1-6, 12-17)։
3. Դավիթը ինչո՞ւմ էր վստահ։
3 Մի՞թե չկար մեկը, որ նվիրված լիներ Դավթին։ Բոլոր դժվարությունների ժամանակ թագավորը վստահ էր, որ կա այդպիսի անձնավորություն։ Ո՞վ էր նա։ Եհովա Աստված։ Ահա թե ինչ գրեց Դավիթը. «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում» (2 Սամուել 22։26)։ Ի՞նչ է նվիրվածությունը, և այս հատկությունը դրսևորելու հարցում ինչպե՞ս է Եհովան լավագույն օրինակը թողել։
Ի՞նչ է նվիրվածությունը
4, 5. ա) Ի՞նչ է նվիրվածությունը։ բ) Ի՞նչ տարբերություն կա նվիրվածության ու հավատարմության միջև։
4 Եբրայերեն Գրություններում «նվիրվածություն» բառը նշանակում է բարություն, որը սիրուց մղված՝ անդադար դրսևորվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ, մինչև չի իրագործվում տվյալ անձնավորության կամ բանի հետ կապված նպատակը։ Այս հատկությունը ավելին է, քան հավատարմությունը։ Մարդը կարող է հավատարիմ լինել՝ զուտ պարտքի զգացումից ելնելով։ Մինչդեռ նվիրվածությունը բխում է սիրուց։a Բացի այդ՝ «հավատարիմ» բառը կարող է կիրառվել նաև անշունչ առարկաների նկատմամբ։ Օրինակ՝ սաղմոսերգուն լուսինը անվանեց «հավատարիմ վկա երկնքում», քանի որ վերջինս մշտապես հայտնվում է գիշերային երկնքում (Սաղմոս 89։37)։ Սակայն տեղին չէ ասել, որ լուսինը նվիրված է։ Ինչո՞ւ։ Որովհետև նվիրվածությունը սիրո արտահայտում է. մի հատկություն, որն անշունչ առարկաները ընդունակ չեն դրսևորելու։
Թեպետ լուսինը կոչվում է հավատարիմ վկա, սակայն միայն բանականությամբ օժտված էակները կարող են արտացոլել Եհովայի նվիրվածությունը
5 Ըստ Աստվածաշնչի՝ նվիրվածությունը ջերմ հատկություն է։ Եթե որևէ անհատ նվիրված է ինչ-որ մեկին, դա ցույց է տալիս, որ նրանց միջև գոյություն ունի որոշակի մտերմություն։ Այս հատկությունը փոփոխական չէ, նման չէ ծովի ալիքներին, որ այս ու այն կողմ են տարուբերվում քամիներից։ Ընդհակառակը՝ նվիրվածությունը, կամ՝ նվիրված սերը անփոփոխ է և ուժեղ, այնպես որ կարող է հաղթահարել անգամ ամենադժվարին խոչընդոտները։
6. ա) Որքա՞ն հազվագյուտ է նվիրվածությունն այսօր, և ի՞նչ է Աստվածաշունչը ասում այդ մասին։ բ) Ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն իմանալ, թե ինչ է նվիրվածությունը, և ինչո՞ւ է դա լավագույն կերպը։
6 Ինչ խոսք, մեր օրերում նվիրվածությունը հազվագյուտ հատկություն է։ Մտերիմ ընկերները հաճախ «պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու»։ Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են լքում իրենց կողակցին (Առակներ 18։24; Մաղաքիա 2։14-16)։ Անհավատարմությունն այնքան սովորական է դարձել, որ մեր մեջ ցանկություն է առաջանում կրկնելու Միքիա մարգարեի խոսքերը. «Նվիրված մարդը վերացել է երկրի վրայից» (Միքիա 7։2)։ Մարդիկ հաճախ են թերանում նվիրվածություն դրսևորելու հարցում, մինչդեռ այն Աստծու վեհ հատկություններից մեկն է։ Իրականում, որպեսզի լիարժեքորեն իմանանք, թե ինչ է նվիրվածությունը, պետք է քննենք, թե ինչպես է Եհովան դրսևորում սիրո այս վեհ երեսակը։
Եհովայի անզուգական նվիրվածությունը
7, 8. Ինչո՞ւ կարելի է ասել, որ միայն Եհովան է նվիրված։
7 Աստվածաշնչում Եհովայի մասին ասվում է. «Միայն դու ես նվիրված» (Հայտնություն 15։4)։ Ինչո՞ւ է այդպես ասվում։ Մի՞թե հրեշտակներն ու մարդիկ երբևէ խոր նվիրվածություն չեն դրսևորել (Հոբ 1։1; Հայտնություն 4։8)։ Իսկ Հիսուս Քրիստո՞սը։ Մի՞թե նա Աստծուն ամենանվիրված անձնավորությունը չէ (Սաղմոս 16։10)։ Այդ դեպքում ինչո՞ւ կարելի է ասել, որ միայն Եհովան է նվիրված։
8 Նախ և առաջ հիշենք, որ նվիրվածությունը սիրո երեսակներից մեկն է։ Իսկ քանի որ «Աստված սեր է», այսինքն՝ սիրո մարմնացում, ուրիշ ո՞վ կարող է նրա նման կատարյալ կերպով նվիրվածություն դրսևորել (1 Հովհաննես 4։8)։ Ինչ խոսք, հրեշտակներն ու մարդիկ կարող են արտացոլել Աստծու հատկությունները, բայց միայն Եհովան է գերագույն աստիճանի նվիրված։ Լինելով «Հինավուրց»՝ նա շատ ավելի երկար է նվիրվածություն դրսևորել, քան երկնային կամ երկրային արարածներից որևէ մեկը (Դանիել 7։9)։ Ուստի Եհովան է նվիրվածության մարմնացումը։ Ուրիշ ոչ մի անձնավորություն չի կարող նրա պես դրսևորել այս հատկությունը։ Ահա մի քանի օրինակ։
9. Ի՞նչ առումով է Եհովան «նվիրված իր բոլոր գործերում»։
9 Եհովան «նվիրված է իր բոլոր գործերում» (Սաղմոս 145։17)։ Ի՞նչ առումով։ Պատասխանը տրվում է 136-րդ սաղմոսում։ Այդ սաղմոսում խոսվում է այն մասին, թե ինչպես է Եհովան փրկել իր ժողովրդին, օրինակ՝ հիշատակվում է, թե ինչպես իսրայելացիները հրաշքով անցան Կարմիր ծովի միջով։ Ուշադրության է արժանի այն, որ սաղմոսի յուրաքանչյուր համարում ընդգծվում է հետևյալ արտահայտությունը. «Որովհետև նրա սիրառատ բարությունը [կամ՝ նվիրվածությունը] հավերժական է»։ Այս սաղմոսն ընդգրկված է 289-րդ էջի վրա գտնվող «Հարցեր՝ խորհրդածելու համար» շրջանակում։ Երբ կարդում ես այդ համարները, զարմանում ես, թե ինչ բազմաթիվ կերպերով է Եհովան սիրառատ բարություն դրսևորել իր ժողովրդի հանդեպ։ Այո՛, Աստված նվիրվածություն է ցուցաբերում իր հավատարիմ ծառաների նկատմամբ, երբ լսում է նրանց աղաղակները և նշանակված ժամանակին քայլեր ձեռնարկում (Սաղմոս 34։6)։ Եհովայի նվիրված սերը իր ծառաների հանդեպ անմար է, քանի դեռ նրանք նվիրված են իրեն։
10. Եհովան ինչպե՞ս է նվիրվածություն դրսևորել իր չափանիշների հարցում։
10 Բացի այդ՝ Եհովան նվիրվածություն է դրսևորում իր ծառաների նկատմամբ՝ հավատարիմ մնալով իր չափանիշներին։ Ի տարբերություն որոշ անհաստատ մարդկանց, որոնք առաջնորդվում են զուտ իրենց ցանկություններով կամ զգացմունքներով՝ Եհովան անփոփոխ ու հաստատուն տեսակետ ունի չարի և բարու վերաբերյալ։ Նրա վերաբերմունքը այնպիսի բաների հանդեպ, ինչպիսիք են ոգեհարցությունը, կռապաշտությունը և մարդասպանությունը չի փոխվել հազարամյակների ընթացքում։ «Մինչև ձեր ծերությունը ես նույնն եմ»,— ասում է Աստված Եսայիա մարգարեի միջոցով (Եսայիա 46։4)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ հետևելով նրա Խոսքում արձանագրված բարոյական հստակ չափանիշներին՝ անգնահատելի օգուտներ կստանանք (Եսայիա 48։17-19)։
11. Օրինակների օգնությամբ ցույց տուր, որ Եհովան հավատարիմ է իր խոստումներին։
11 Եհովան նվիրվածություն է դրսևորում նաև՝ հավատարիմ մնալով իր խոստումներին։ Երբ Աստված որևէ բան է կանխագուշակում, այն իրականանում է։ «Իմ բերանից դուրս եկած խոսքը.... անարդյունք չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան»,— ասում է նա (Եսայիա 55։11)։ Իր խոստմանը հավատարիմ մնալով՝ Եհովան նվիրվածություն է դրսևորում իր ժողովրդի հանդեպ։ Աստված թույլ չի տալիս, որ նրանք անհանգիստ սպասեն մի բանի, որը նա մտադիր չէ կատարելու։ Այս հարցում Եհովան այնքան անբասիր հեղինակություն ունի, որ իր ծառա Հեսուն կարող էր ասել. «Ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին» (Հեսու 21։45)։ Այդ պատճառով կարող ենք վստահ լինել, որ Եհովան երբեք չի հիասթափեցնի մեզ՝ չիրականացնելով իր խոստումները (Եսայիա 49։23; Հռոմեացիներ 5։5)։
12, 13. Ի՞նչ առումներով է Եհովայի սիրառատ բարությունը «հավերժական»։
12 Ինչպես տեսանք, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի սիրառատ բարությունը «հավերժական է» (Սաղմոս 136։1)։ Ինչի՞ց է դա երևում։ Նախ, եթե Եհովան որևէ մեղք է ներում, ներում է մեկընդմիշտ։ Ինչպես քննեցինք 26-րդ գլխում, նա չի հիշեցնում անցյալում կատարված այն սխալները, որ արդեն ներվել են։ Քանի որ «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին», մեզանից յուրաքանչյուրը պետք է երախտապարտ լինի, որ Եհովայի սիրառատ բարությունը հավերժական է (Հռոմեացիներ 3։23)։
13 Եհովայի սիրառատ բարությունը հավերժական է մեկ ուրիշ իմաստով ևս։ Նրա Խոսքում ասվում է, որ արդարը «նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի, որն իր պտուղը տալիս է իր ժամանակին, և որի տերևները չեն թառամում։ Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղմոս 1։3)։ Պատկերացրու մի հոյակապ ծառ, որի տերևները երբեք չեն թափվում։ Եթե Աստծու Խոսքը մեծ բավականություն է պատճառում նաև մեզ, ապա մեր կյանքը նույնպես կլինի երկար, պտղաբեր և խաղաղությամբ լի։ Այն օրհնությունները, որ Եհովան անձնվիրաբար պարգևում է իր հավատարիմ ծառաներին, հավիտենական են։ Արդար նոր աշխարհում, որ կհաստատի Աստված, հնազանդ մարդիկ հավերժ կզգան նրա սիրառատ բարությունը (Հայտնություն 21։3, 4)։
Եհովան «չի լքի իրեն նվիրվածներին»
14. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ գնահատում է իր ծառաների նվիրվածությունը։
14 Եհովան շատ անգամներ է նվիրվածություն դրսևորել։ Քանի որ Աստված միշտ նույնն է, նա երբեք չի դադարում իր հավատարիմ ծառաների հանդեպ այդ հատկությունը դրսևորելուց։ Սաղմոսերգուն գրում է. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս։ Որովհետև Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին» (Սաղմոս 37։25, 28)։ Որպես Արարիչ՝ Եհովան, անկասկած, արժանի է մեր երկրպագությանը (Հայտնություն 4։11)։ Եվ քանի որ նա նվիրված է, թանկ է գնահատում մեր հավատարիմ գործերը (Մաղաքիա 3։16, 17)։
15. Բացատրիր, թե Եհովան ինչպես նվիրվածություն դրսևորեց իսրայելացիների հանդեպ։
15 Սիրառատ բարությունից մղված՝ Եհովան շատ անգամներ է օգնության հասել իր ժողովրդին, երբ նրանք հայտնվել են նեղությունների մեջ։ Սաղմոսերգուն ասում է. «Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները, ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց» (Սաղմոս 97։10)։ Տեսնենք, թե ինչ են ցույց տալիս այն գործերը, որոնք Աստված կատարեց Իսրայել ազգի համար։ Կարմիր ծովի միջով անցնելուց և հրաշքով ազատագրվելուց հետո իսրայելացիները փառաբանեցին Եհովային հաղթական երգով. «Քո սիրառատ բարությամբ [կամ՝ նվիրված սիրով, ծնթ.] առաջնորդեցիր այն ժողովրդին, որին ազատեցիր» (Ելք 15։13)։ Այդ ազատագրումն իրոք որ Աստծու նվիրված սիրո վկայությունն էր։ Ուստի Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Եհովան ցույց տվեց, որ թանկ եք իր համար, և ընտրեց ձեզ ոչ թե այն պատճառով, որ բոլոր ազգերից ավելի բազմամարդ էիք (քանի որ բոլոր ազգերից ամենափոքրն էիք), այլ այն պատճառով, որ Եհովան սիրում էր ձեզ և պահում էր ձեր նախահայրերին տված իր երդումը։ Դրա համար Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ ու փրկագնեց ստրուկների տնից, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի ձեռքից» (2 Օրենք 7։7, 8)։
16, 17. ա) Ինչպե՞ս իսրայելացիները երախտամոռ դարձան, բայց Եհովան ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց նրանց հանդեպ։ բ) Իսրայելացիներից շատերը վարքով ինչպե՞ս ցույց տվեցին, որ իրենց համար այլևս «բուժում չմնաց», և սա ի՞նչ նախազգուշական օրինակ է մեզ համար։
16 Իսրայելացիները երախտագիտություն չցուցաբերեցին Եհովայի հանդեպ նրա սիրառատ բարության համար։ Ազատագրումից հետո «նրանք շարունակեցին ավելի շատ մեղք գործել [Եհովայի] դեմ՝ Բարձրյալի դեմ ապստամբելով» (Սաղմոս 78։17)։ Դարեր շարունակ իսրայելացիները կրկին ու կրկին ըմբոստանում էին՝ երես թեքելով Եհովայից և հետևելով կեղծ աստվածների ու ապականված հեթանոսական սովորույթների։ Բայց Աստված իր ուխտը չեղյալ չհայտարարեց։ Փոխարենը՝ Երեմիա մարգարեի միջոցով նա աղերսական այս խոսքերը հղեց իր ժողովրդին. «Հե՛տ դարձիր, ո՛վ դավաճան Իսրայել.... Ձեզ վրա զայրույթով չեմ նայի, որովհետև ես նվիրված եմ» (Երեմիա 3։12)։ Սակայն, ինչպես նշվեց 25-րդ գլխում, իսրայելացիներից շատերը չընդունեցին Եհովայի հրավերը։ «Նրանք շարունակ անարգում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին, արհամարհում էին նրա խոսքերը և ծաղրում նրա մարգարեներին»։ Հետևա՞նքը։ «Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ, այնպես որ էլ բուժում չմնաց» (2 Տարեգրություն 36։15, 16)։
17 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Եհովայի նվիրվածությունը կույր կամ դյուրահավատ չէ։ Ճիշտ է, նա «սիրառատ բարությամբ.... լի» է և ուրախությամբ է ողորմություն դրսևորում, եթե դրա համար հիմքեր կան, բայց ինչպե՞ս է նա վարվում, երբ մեղսագործը ցույց է տալիս, որ անուղղելի է։ Նման դեպքում Եհովան հավատարիմ է մնում իր արդար չափանիշներին և խիստ դատավճիռ է կայացնում։ Ինչպես ասվեց Մովսեսին, Եհովան «մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում» (Ելք 34։6, 7)։
18, 19. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ չարերի դատաստանը արդեն իսկ նվիրվածության դրսևորում է։ բ) Եհովան ինչպե՞ս ցույց կտա, որ նվիրված է իր այն ծառաներին, ովքեր մինչև մահ հալածվել են։
18 Այն հանգամանքը, որ Եհովան դատելու է չարերին, արդեն իսկ նվիրվածության դրսևորում է։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը նշված է «Հայտնություն» գրքում՝ Եհովայի կողմից յոթ հրեշտակներին տրված հրամանների նկարագրության մեջ. «Գնացե՛ք և Աստծու բարկության յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։ Երբ երրորդ հրեշտակն իր գավաթից թափում է «գետերի և ջրի աղբյուրների մեջ», դրանք արյուն են դառնում։ Այնուհետև հրեշտակն ասում է Եհովային. «Դո՛ւ, որ կաս և եղել ես, Նվիրվա՛ծդ, դու արդա՛ր ես, որովհետև այս վճիռները կայացրիր, քանի որ նրանք թափեցին սրբերի ու մարգարեների արյունը, և դու նրանց արյուն տվեցիր, որ խմեն։ Նրանք արժանի են դրան» (Հայտնություն 16։1-6)։
19 Ուշադրություն դարձրու, որ դատաստանի այդ լուրը հռչակելիս հրեշտակը Եհովային «Նվիրված» է անվանում։ Ինչո՞ւ։ Որովհետև ամբարիշտներին կործանելով՝ Աստված նվիրվածություն է դրսևորում իր ծառաների հանդեպ, որոնցից շատերը հալածվել ու սպանվել են։ Լինելով նվիրված՝ Եհովան իր հիշողության մեջ կենդանի է պահում այդ հավատարիմ մարդկանց և կարոտում է նրանց։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստծու նպատակն է՝ վարձատրել այդ մարդկանց՝ նրանց հարություն տալով (Հոբ 14։14, 15)։ Եհովան չի մոռանում իր նվիրված ծառաներին լոկ այն պատճառով, որ նրանք այլևս կենդանի չեն։ Ընդհակառակը՝ «նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկաս 20։37, 38)։ Մարդկանց հարություն տալու վերաբերյալ Աստծու նպատակը նրա նվիրվածության վառ ապացույցն է։
Լինելով նվիրված՝ Եհովան կհիշի ու հարություն կտա նրանց, ովքեր հավատարիմ են մնացել մինչև մահ
Եհովայի նվիրված սերը բացում է փրկության ուղին
20. Ովքե՞ր են «ողորմության անոթները», և ինչպե՞ս է Եհովան ցույց տվել իր նվիրվածությունը նրանց հանդեպ։
20 Պատմության ողջ ընթացքում Եհովան անզուգական նվիրվածություն է դրսևորել հավատարիմ մարդկանց հանդեպ։ Հազարավոր տարիներ Աստված «համբերատարությամբ հանդուրժել է բարկության անոթներին, որոնք կործանման համար էին պատրաստված»։ Ինչո՞ւ։ «Որպեսզի իր փառքի հարստությունը հայտնի դարձնի ողորմության անոթների վրա, որոնց նա նախապես պատրաստել էր փառքի համար» (Հռոմեացիներ 9։22, 23)։ Այս «ողորմության անոթները» սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող անհատներն են, որոնք օծվել են սուրբ ոգով՝ որպես Հիսուսի թագավորակիցներ (Մատթեոս 19։28)։ Ողորմության այս անոթների համար փրկության ուղին բացելով՝ Եհովան ցույց տվեց, որ պահպանել է իր նվիրվածությունը Աբրահամի հանդեպ, որի հետ նա հետևյալ ուխտն էր կապել. «Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին» (Ծննդոց 22։18)։
21. ա) Եհովան ինչպե՞ս է նվիրվածություն դրսևորում «մեծ բազմության» հանդեպ։ բ) Եհովայի նվիրվածությունը ի՞նչ անելու է քեզ մղում։
21 Եհովան այդպիսի նվիրվածություն է դրսևորում նաև «մեծ բազմության» հանդեպ, որը «մեծ նեղությունից» փրկվելու և դրախտ-երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունի (Հայտնություն 7։9, 10, 14)։ Թեպետ այս ծառաներն անկատար են, Աստված նվիրվածորեն նրանց հնարավորություն է տալիս դրախտանման երկրի վրա հավիտենական կյանք վայելելու։ Ինչպե՞ս։ Քավիչ զոհի միջոցով, որը Եհովայի նվիրվածության մեծագույն դրսևորումն է (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։8)։ Աստծու այս հատկությունը ձգում է նրանց, ում սիրտը ծարավ է արդարության (Երեմիա 31։3)։ Չե՞ս զգում արդյոք, որ ավելի մտերմացար Եհովայի հետ շնորհիվ այն խոր նվիրվածության, որ նա ցուցաբերել է և դեռ կցուցաբերի։ Ու քանի որ փափագում ենք մոտենալ Աստծուն, թող որ ի պատասխան նրա սիրուն՝ վճռենք նվիրվածությամբ ծառայենք նրան։
a Հետաքրքիր է, որ 2 Սամուել 22։26-ում «նվիրվածություն» թարգմանված եբրայերեն բառը կարող է թարգմանվել նաև «սիրառատ բարություն», «նվիրված սեր»։