Եհովան լսում է մեր աղաղակները
«Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (ՍԱՂ. 34։15)։
1, 2. ա) Ինչպիսի՞ն է շատերի կացությունն այսօր։ բ) Ինչո՞ւ մեզ չեն զարմացնում նման ցավալի իրողությունները։
ՆԵՂՈՒԹՅԱՆ մե՞ջ ես։ Ճնշվա՞ծ ես։ Եթե այո, ապա հիշիր, որ դու միակը չես, ով գտնվում է նման վիճակում։ Իրերի այս ամբարիշտ համակարգում միլիոնավոր մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Ոմանց թվում է՝ այլևս չեն կարող դիմանալ։ Այն, ինչ այդ մարդիկ զգում են, շատ նման է սաղմոսերգու Դավթի զգացմունքներին։ Նա գրեց. «Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։ Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ» (Սաղ. 38։8, 10)։
2 Մենք՝ քրիստոնյաներս, չենք զարմանում, որ այսօր բազմաթիվ դժվարություններ կան։ Մենք հասկանում ենք, որ այդ «ցավերը» Հիսուսի ներկայության նշանի մի մասն են, և դրա մասին կանխագուշակվել է (Մարկ. 13։8; Մատթ. 24։3)։ Աստվածաշնչի բնագրում «ցավեր» թարգմանված բառը վերաբերում է այն ուժեղ ցավերին, որ կինը զգում է ծննդաբերելիս։ Որքա՜ն դիպուկ է այդ բառը նկարագրում մեր «դժվար» ժամանակներում ապրող մարդկանց տառապանքները (2 Տիմոթ. 3։1)։
Եհովան հասկանում է մեր վիճակը
3. Ի՞նչ են խորապես գիտակցում Աստծու ծառաները։
3 Եհովայի ծառաները խորապես գիտակցում են, որ իրենք պաշտպանված չեն կյանքի դառնություններից, և գիտեն, որ ամենայն հավանականությամբ իրերի դրությունը նույնիսկ ավելի կվատանա։ Բացի այն դժվարություններից, որ կրում են բոլոր մարդիկ, մենք՝ Աստծու ծառաներս, «հակառակորդի՝ Բանսարկուի» թիրախն ենք, և նա ջանում է կործանել մեր հավատը (1 Պետ. 5։8)։ Գուցե մենք էլ Դավթի պես ուզում ենք ասել. «Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չ’կար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում» (Սաղ. 69։20)։
4. Ի՞նչն է մխիթարում մեզ, երբ նեղությունների մեջ ենք։
4 Արդյոք Դավիթն ուզո՞ւմ էր ասել, որ ինքը ոչ մի հույս չունի։ Ո՛չ։ Ուշադրություն դարձնենք նրա հաջորդ խոսքերին. «Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին [կամ՝ իր այն մարդկանց, ովքեր գերի են] չէ անարգում» (Սաղ. 69։33)։ Երբեմն գուցե զգանք այնպես, կարծես նեղությունների ու զրկանքների գերի ենք։ Գուցե թվա, թե ուրիշները մեզ չեն հասկանում, և հնարավոր է՝ հենց այդպես էլ կա։ Բայց Դավթի պես՝ կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան լիովին հասկանում է մեր վիճակը (Սաղ. 34։15)։
5. Ինչո՞ւմ էր Սողոմոն թագավորը վստահ։
5 Դավթի որդի Սողոմոնը այս բանի վրա ուշադրություն դարձրեց Երուսաղեմի տաճարի նվիրման ժամանակ (կարդա՛ Բ Մնացորդաց 6։29–31)։ Նա աղերսեց Եհովային լսել ամեն մի ազնվասիրտ մարդու, ով աղոթում է «իր ցավի և ախտի» մասին։ Ինչպե՞ս էր Եհովան արձագանքելու ճնշված մարդկանց աղոթքներին։ Սողոմոնը վստահություն արտահայտեց, որ Աստված ոչ միայն լսելու է այդ աղոթքները, այլև պատասխանելու է դրանց։ Ինչո՞ւ էր թագավորը վստահ։ Որովհետև գիտեր, որ Եհովան տեսնում է, թե ինչ կա «մարդկանց որդիների սրտում»։
6. Ինչպե՞ս կարող ենք թեթևացնել մեր հոգսերը և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։
6 Մենք էլ կարող ենք աղոթել Եհովային «մեր ցավի և ախտի»՝ մեր անձնական խնդիրների մասին։ Անշուշտ, մխիթարական է իմանալ, որ Աստված հասկանում է մեր վիճակը և հոգ է տանում մեզ։ Պետրոս առաքյալը հաստատեց այս միտքը՝ ասելով. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետ. 5։7)։ Եհովան ամենևին էլ անտարբեր չէ այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ։ Հիսուսը շեշտեց Եհովայի հոգատարությունը՝ ասելով. «Չէ՞ որ երկու ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող մետաղադրամով։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի մազերը բոլորն էլ հաշվված են։ Ուրեմն մի՛ վախեցեք. դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Մատթ. 10։29–31)։
Ապավինիր Եհովային
7. Ո՞ւմ աջակցությունը կարող ենք ստանալ։
7 Անկասկած, մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան ցանկանում է և ի զորու է սատարել մեզ, երբ նեղությունների մեջ ենք։ «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ» (Սաղ. 34։15–18; 46։1)։ Իսկ ինչպե՞ս է Աստված օգնում մեզ։ Տեսնենք, թե ինչ է գրված 1 Կորնթացիներ 10։13–ում. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ դուք ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ»։ Եհովան կարող է այնպես անել, որ մեր խնդիրը լուծվի, կամ ուժ կտա, որ դիմանանք։ Երկու դեպքում էլ նա մեզ օգնած կլինի։
8. Ի՞նչ պիտի անենք, որ ստանանք Աստծու օգնությունը։
8 Ի՞նչ պիտի անենք, որ ստանանք Աստծու օգնությունը։ Ուշադրություն դարձրու, որ մեզ խորհուրդ է տրվում մեր «ամբողջ հոգսը նրա վրա գցել»։ Սա նշանակում է, որ մենք մեր հոգսերն ու խնդիրները լուծելու պատասխանատվությունը հանձնում ենք Եհովային։ Դրանից հետո ջանում ենք չանհանգստանալ, վստահում ենք Աստծուն և համբերությամբ սպասում (Մատթ. 6։25–32)։ Իսկ որպեսզի կարողանանք վստահել, պետք է խոնարհ լինենք։ Խոնարհությունը կօգնի, որ չապավինենք մեր ուժերին և իմաստությանը։ Խոնարհվելով «Աստծու հզոր ձեռքի տակ»՝ մենք ընդունում ենք, որ ստորադաս դիրք ունենք նրա նկատմամբ (կարդա՛ 1 Պետրոս 5։6)։ Նման մտայնությունը օգնում է մեզ հաշտվել այն ամենի հետ, ինչ Աստված թույլ է տալիս մեր առնչությամբ։ Գուցե խիստ ցանկանանք, որ մեր խնդիրը անհապաղ լուծվի։ Բայց չպետք է մոռանանք, որ Եհովան ճշգրտորեն գիտի, թե երբ և ինչպես գործի մեր օգտին (Սաղ. 54։7; Ես. 41։10)։
9. Ի՞նչ «հոգս» ծանրացավ Դավթի ուսերին, որը նա գցեց Եհովայի վրա։
9 Հիշիր Դավթի խոսքերը, որ գրված են Սաղմոս 55։22–ում. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը»։ Երբ Դավիթը գրեց այս խոսքերը, նա ճնշված ու նեղված էր (Սաղ. 55։4)։ Ըստ ամենայնի, այս սաղմոսը Դավիթը գրել է այն ժամանակ, երբ նրա որդի Աբիսողոմը նենգաբար փորձեց զավթել գահը։ Դավթի ամենավստահելի խորհրդականը՝ Աքիտոփելը, միացավ Աբիսողոմին։ Կյանքը փրկելու համար Դավիթը փախավ Երուսաղեմից (Բ Թագ. 15։12–14)։ Նույնիսկ այսպիսի ծանր հանգամանքներում Դավիթը շարունակեց վստահել Աստծուն, և Եհովան նրան չհիասթափեցրեց։
10. Ի՞նչ պիտի անենք, եթե մտահոգված ենք ինչ–որ խնդրով։
10 Ինչ խնդիր էլ որ ունենանք, չափազանց կարևոր է Դավթի պես այդ մասին աղոթել Եհովային։ Այս առումով Պողոս առաքյալը հորդոր է տալիս (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Ի՞նչ կլինի նման ջերմեռանդ աղոթքի արդյունքում։ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի մեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով»։
11. Ինչպե՞ս է «Աստծու խաղաղությունը» պաշտպանում մեր սիրտն ու միտքը։
11 Եթե աղոթես, կփոխվի՞ քո իրավիճակը։ Հնարավոր է։ Սակայն պետք է գիտակցենք, որ Եհովան միշտ չէ, որ մեր աղոթքներին պատասխանում է այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Այդուհանդերձ, աղոթքն օգնում է ծայրահեղությունների մեջ չընկնել, հավասարակշռություն պահել, իսկ այդ դեպքում խնդիրները չեն «խեղդի» մեզ։ «Աստծու խաղաղությունը» կարող է հանգստացնել մեր սիրտը, երբ համակված ենք ճնշող զգացումներով։ Ինչպես որ զինվորներն են պաշտպանում քաղաքը, այնպես էլ «Աստծու խաղաղությունը» կպաշտպանի մեր սիրտն ու միտքը։ Այդ խաղաղությունը նաև կօգնի մեզ հեռու վանել կասկածները, վախերը և բացասական մտքերը, ինչպես նաև չգործել անմտածված կերպով (Սաղ. 145։18)։
12. Օրինակով ցույց տուր, թե անհատն ինչպես կարող է մտքի խաղաղություն ունենալ։
12 Ինչպե՞ս կարող ենք մտքի խաղաղություն ունենալ դժվարությունների ժամանակ։ Դիտարկենք մի օրինակ, որը կարող է համապատասխանել մեր իրավիճակին։ Աշխատավայրում մենեջերը անընդհատ վիրավորում է մի աշխատողի։ Վերջինս իրեն հուզող խնդրի մասին խոսում է ընկերության տնօրենի հետ, որը բարի ու խոհեմ մարդ է։ Տնօրենը հավաստիացնում է, որ հասկանում է աշխատողի վիճակը, և հայտնում է, որ այդ մենեջերը շուտով հեռացվելու է իր պաշտոնից։ Ինչպե՞ս կզգա աշխատողը։ Հավատալով տնօրենին և իմանալով, թե ինչ է շուտով տեղի ունենալու՝ նա նոր լիցք կստանա՝ շարունակելու աշխատանքը, թեև այդ ընթացքում գուցե դարձյալ դժվարություններ կրի։ Նմանապես, մենք գիտենք, որ Եհովան հասկանում է մեր վիճակը և վստահեցնում է, որ շուտով «այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու» (Հովհ. 12։31)։ Ինչպիսի՜ մխիթարություն։
13. Բացի աղոթելուց՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք։
13 Վերոհիշյալից հետևո՞ւմ է, որ մեր խնդիրների մասին պարզապես աղոթելը բավական է։ Ո՛չ։ Ավելին է հարկավոր։ Մենք պետք է գործենք մեր աղոթքների համաձայն։ Երբ Սավուղ թագավորը մարդիկ ուղարկեց Դավթի տուն՝ նրան սպանելու նպատակով, Դավիթը աղոթեց. «Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։ Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ» (Սաղ. 59։1, 2)։ Դավիթն աղոթեց, բայց նաև լսեց իր կնոջը ու փախավ (Ա Թագ. 19։11, 12)։ Նմանապես, կարող ենք աղոթել Աստծուն, որ մեզ գործնական իմաստություն տա նեղության ժամանակ, և եթե հնարավոր է՝ բարելավի մեր իրավիճակը (Հակ. 1։5)։
Ինչպե՞ս կարող ենք տոկալու ուժ ստանալ
14. Ի՞նչը կօգնի մեզ տոկալ խնդիրների ներքո։
14 Մեր խնդիրները գուցե անմիջապես չվերանան։ Դրանք նույնիսկ կարող են որոշ ժամանակ շարունակվել։ Այդ դեպքում ի՞նչը մեզ կօգնի տոկալ։ Առաջին՝ հիշենք, որ եթե դժվարությունների ներքո շարունակում ենք հավատարմորեն ծառայել Եհովային, դրանով փաստում ենք մեր սերը նրա հանդեպ (Գործ. 14։22)։ Սատանան Հոբի մասին ասաց. «Մի՞թէ Հոբը ձրի է աստուածավախ. չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ» (Յոբ 1։9–11)։ Հոբը իր անարատ ընթացքով ապացուցեց, որ այդ մեղադրանքը բացարձակ սուտ է։ Եթե տոկանք ծանր հանգամանքների ներքո, մենք ևս կփաստենք, որ Սատանան ստախոս է, ինչպես նաև կլցվենք հույսով և վստահությամբ (Հակ. 1։4)։
15. Ո՞ր օրինակները կարող են զորացնել քեզ։
15 Երկրորդ՝ հիշիր, որ «նույնանման չարչարանքներ նաև մեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում» (1 Պետ. 5։9)։ Այո՛, մեզ վրա «ոչ մի փորձություն չի հասել՝ բացի մարդկային փորձությունից» (1 Կորնթ. 10։13)։ Ուստի զորություն և քաջություն կստանաս, եթե խորհրդածես ուրիշների օրինակի շուրջ և չկենտրոնանաս քո դժվարությունների վրա (1 Թեսաղ. 1։5–7; Եբր. 12։1)։ Մտածիր, թե քեզ ծանոթ հավատակիցներդ, հավատարիմ մնալով Եհովային, ինչպես են դիմացել ծանր ցավերին ու վշտերին։ Կարող ես նաև մեր հրատարակություններում փնտրել այնպիսի կենսագրություններ, որոնցում Աստծու ծառաները պատմում են այն դժվարությունների մասին, որոնք նման են քո դժվարություններին։ Դրանք կարող են անչափ զորացնել քեզ։
16. Ինչպե՞ս է Աստված զորացնում մեզ փորձությունների ժամանակ։
16 Երրորդ՝ հիշիր, որ Եհովան «ջերմ կարեկցանքի Հայրը և ամենայն մխիթարության Աստվածն է, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին մենք կարողանանք մխիթարել այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց» (2 Կորնթ. 1։3, 4)։ Այո՛, Աստված կարծես կանգնած է մեր կողքին և քաջալերում ու զորացնում է մեզ, ընդ որում ոչ միայն ներկա պահին, այլև «մեր բոլոր նեղություններում»։ Սա մեզ հնարավորություն է տալիս մխիթարել «ամեն տեսակ նեղության մեջ լինողներին»։ Պողոսը անձամբ զգաց այս խոսքերի ճշմարտացիությունը (2 Կորնթ. 4։8, 9; 11։23–27)։
17. Ինչպե՞ս է Աստվածաշունչը օգնում մեզ դիմանալ կյանքի հարվածներին։
17 Չորրորդ՝ մենք ունենք Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, որը «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։ Աստծու Խոսքը մեզ ոչ միայն «իրազեկ» է դարձնում, այլև «ամբողջովին պատրաստում է ցանկացած բարի գործի համար»։ Այն նաև հնարավորություն է տալիս մեզ դիմանալ կյանքի հարվածներին։ Աստվածաշունչը մեզ «լիովին իրազեկ» և «ամբողջովին պատրաստված» է դարձնում։ Բնագրի բառը, որ թարգմանվել է «ամբողջովին պատրաստված», բառացի նշանակում է «լիովին հանդերձավորված»։ Հին ժամանակներում այս բառով նկարագրում էին այն նավը, որի մեջ կար անհրաժեշտ ամեն ինչ ծով դուրս գալու համար, կամ այն սարքավորումը, որը կատարում էր իրենից պահանջվող բոլոր գործողությունները։ Նմանապես, Եհովան իր Խոսքի միջոցով ապահովում է մեզ բոլոր անհրաժեշտ բաներով, որպեսզի կարողանանք դիմագրավել ցանկացած դժվարության։ Ուստի կարող ենք ասել. «Եթե Աստված թույլ է տալիս, ուրեմն նրա օգնությամբ ես կարող եմ դիմանալ»։
Վերջ բոլոր նեղություններին
18. Ինչի՞ մասին հիշելը կօգնի մեզ դիմանալ նեղություններին և հավատարիմ մնալ Աստծուն։
18 Հինգերորդ՝ հիշիր, որ Եհովան շուտով մարդկանց ազատելու է բոլոր նեղություններից (Սաղ. 34։19; 37։9–11; 2 Պետ. 2։9)։ Սակայն մենք կարող ենք ուրախ լինել նաև այն պատճառով, որ Աստված մեզ տվել է հավիտենական կյանքի հեռանկար՝ ոմանց համար երկնքում՝ Հիսուսի հետ, մյուսների համար էլ՝ երկրային դրախտում։
19. Ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն և տոկալ։
19 Բայց քանի դեռ այդ ժամանակը չի եկել, պետք է շարունակես դիմանալ այս ամբարիշտ աշխարհի դառնություններին ու ցավերին։ Որքա՜ն ենք բոլորս սպասում այն ժամանակներին, երբ չարիքը վերացած կլինի (Սաղ. 55։6–8)։ Միշտ հիշիր. եթե տոկաս և հավատարիմ մնաս Եհովային, կփաստես, որ Բանսարկուն ստախոս է։ Աղոթքները քեզ ուժ կտան։ Քրիստոնեական եղբայրությունը նեցուկ կկանգնի։ Մի՛ մոռացիր նաև, որ քո եղբայրներն ու քույրերը նման փորձություններ են կրում։ Ի լրումն այս ամենի՝ շարունակիր լիարժեք օգուտներ քաղել Աստծու Խոսքից։ Այն կօգնի քեզ լիովին իրազեկ ու ամբողջովին պատրաստված լինել։ Վստահ եղիր, որ «ամենայն մխիթարության Աստվածը» սիրով հոգ է տանում քեզ։ Միշտ հիշիր. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղ. 34։15)։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ի՞նչ էր զգում Դավիթը նեղությունների ժամանակ։
• Ինչո՞ւմ էր վստահ Սողոմոն թագավորը։
• Ի՞նչը կօգնի մեզ դիմանալ այն ամենին, ինչ Եհովան թույլ է տալիս։
[նկարներ 13–րդ էջի վրա]
Սողոմոնը վստահ էր, որ Եհովան կգործի հօգուտ իր ճնշված ծառաների
[նկար 15–րդ էջի վրա]
Դավիթը, աղոթելով Եհովային, իր հոգսը գցեց նրա վրա, այնուհետև գործեց իր աղոթքի համաձայն