Ապավինելով Եհովային՝ վստահությամբ ենք լցվում
«Եհովան լսում է, երբ ես կանչում եմ նրան» (ՍԱՂ. 4։3)։
1, 2. ա) Ի՞նչ վտանգավոր իրավիճակում էր հայտնվել Դավիթը։ բ) Ո՞ր սաղմոսներն ենք քննելու։
ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԸ արդեն բավականին ժամանակ է, ինչ իշխում է Իսրայելի վրա, երբ մի վտանգավոր իրավիճակում է հայտնվում։ Նրա նենգ որդին՝ Աբիսողոմը, ինքն իրեն թագավոր է հռչակել, ու Դավիթը ստիպված է փախչել Երուսաղեմից։ Դավթի վստահելի խորհրդականը նույնպես դավաճանել է իրեն, ու հիմա մի խումբ հավատարիմ մարդկանց հետ թագավորը ոտաբոբիկ անցնում է Ձիթենյաց լեռը և դառնորեն լաց է լինում։ Դա դեռ բավական չէ, Սեմեին, որը Սավուղ թագավորի ընտանիքի անդամ է, քարեր է նետում Դավթի վրա ու հող է շաղ տալիս՝ անիծելով նրան (2 Սամ. 15։30, 31; 16։5–14)։
2 Արդյո՞ք այս անպատվությունն ու մեծ վիշտը գերեզման էին տանելու Դավթին։ Ոչ՛, քանի որ նա ապավինում էր Եհովային։ Դա ակնհայտ է 3-րդ սաղմոսից, որը Դավիթը գրել է այն դեպքերի հետ կապված, երբ փախչում էր Աբիսողոմից։ Նա գրել է նաև 4-րդ սաղմոսը։ Այս երկու ստեղծագործություններից էլ պարզ երևում է, որ Եհովան լսում և պատասխանում է աղոթքներին (Սաղ. 3։4; 4։3)։ Այս սաղմոսները վստահեցնում են մեզ, որ Եհովան օրուգիշեր իր հավատարիմ ծառաների հետ է և օրհնում է նրանց՝ աջակցելով և տալով խաղաղության ու ապահովության զգացում (Սաղ. 3։5; 4։8)։ Եկեք քննենք այս սաղմոսները և տեսնենք, թե ինչպես են դրանք վստահության զգացում առաջ բերում և մղում մեզ ապավինելու Աստծուն։
Երբ «շատերը վեր են կենում» մեր դեմ
3. Ի՞նչ իրավիճակում էր գտնվում Դավիթը՝ համաձայն Սաղմոս 3։1, 2 համարների։
3 «Իսրայելացիների սիրտը Աբիսողոմի կողմն է թեքվել»,— մի պատգամաբեր ասաց Դավթին (2 Սամ. 15։13)։ Ցանկանալով իմանալ, թե ինչպես է Աբիսողոմը կարողացել այդքան շատ աջակիցներ գտնել՝ Դավիթը հարցրեց Աստծուն. «Ո՜վ Եհովա, ինչո՞ւ շատացան իմ ախոյանները, ինչո՞ւ են շատերը վեր կենում իմ դեմ։ Շատերն ասում են իմ հոգու մասին. «Նրա համար Աստծուց փրկություն չկա»» (Սաղ. 3։1, 2)։ Շատ իսրայելացիներ մտածում էին, թե Եհովան չի ազատի Դավթին Աբիսողոմի ու նրա կողմնակիցների ձեռքից։
4, 5. ա) Դավիթն ինչո՞ւմ էր վստահ։ բ) Ի՞նչ է նշանակում «իմ գլուխը Բարձրացնողը» արտահայտությունը։
4 Այդուհանդերձ, Դավիթը վստահ էր զգում իրեն, որովհետև ամբողջովին ապավինում էր Աստծուն։ Նա ասաց. «Սակայն դու, ո՛վ Եհովա, իմ վահանն ես, իմ փառքն ես և իմ գլուխը Բարձրացնողը» (Սաղ. 3։3)։ Դավիթը վստահ էր, որ Եհովան կպաշտպանի իրեն, ինչպես վահանն է պաշտպանում զինվորին։ Թեև տարիքն առած թագավորը փախչում էր գլուխը ծածկած ու նվաստացած, սակայն Բարձրյալը փոխելու էր նրա հանգամանքները ու փառքի էր արժանացնելու նրան։ Եհովան կրկին կանգնեցնելու էր նրան ու բարձրացնելու էր նրա գլուխը։ Դավիթը դիմում էր Աստծուն՝ վստահ լինելով, որ նա կպատասխանի իրեն։ Իսկ դու այդպիսի վստահություն ունե՞ս Եհովայի հանդեպ։
5 «Իմ գլուխը Բարձրացնողը» ասելով՝ Դավիթը ցույց է տալիս իր համոզվածությունը, որ օգնություն կստանա ու դա կլինի Եհովայի կողմից։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ նրա խոսքերը հետևյալ կերպ են հնչում. «Բայց դու, ո՛վ Տեր, միշտ իմ վահանն ես վտանգի դեմ, դու հաղթանակ ես տալիս ինձ ու վերականգնում ես իմ քաջությունը» (Today’s English Version)։ «Իմ գլուխը Բարձրացնողը» արտահայտության վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է. «Երբ Աստված բարձրացնում է.... որևէ մեկի «գլուխը», Նա լցնում է այդ մարդուն հույսով ու վստահությամբ»։ Ինչ խոսք, ստիպված լինելով թողնել Իսրայելի գահը՝ Դավիթը հուսալքվելու պատճառ ուներ։ Այնուամենայնիվ, «գլուխը» բարձրացնելու արդյունքում նա կվերագտներ իր քաջությունն ու վստահությունը և կշարունակեր լիովին ապավինել Աստծուն։
Եհովան «պատասխան կտա»
6. Ինչո՞ւ էր Դավիթն իր աղոթքի պատասխանը սպասում Եհովայի սուրբ սարից։
6 Վստահությամբ լցված և ապավինելով Եհովային՝ Դավիթը շարունակում է իր խոսքը. «Բարձր ձայնով կկանչեմ Եհովային, և նա ինձ պատասխան կտա իր սուրբ լեռան վրայից» (Սաղ. 3։4)։ Այդ ժամանակներում Դավթի կարգադրությամբ ուխտի տապանակը, որը խորհրդանշում էր Աստծու ներկայությունը, տարվել էր Սիոն (կարդա՛ 2 Սամուել 15։23–25)։ Այդ իսկ պատճառով Դավիթը իր աղոթքի պատասխանը սպասում էր Եհովայի սուրբ սարից։
7. Ինչո՞ւ Դավիթը չէր վախենում։
7 Քանի որ Դավիթը համոզված էր, որ Աստծուն ուղղված իր աղոթքը անպատասխան չի մնա, նա ոչնչից չէր վախենում։ Ընդհակառակը՝ նա ասաց. «Ես կպառկեմ ու կքնեմ և անշուշտ կզարթնեմ, քանի որ Եհովան պահպանում է ինձ» (Սաղ. 3։5)։ Նույնիսկ գիշերը, երբ հանկարծակի հարձակման թիրախ դառնալու վտանգն ամենամեծն է, Դավիթը չէր վախենում քնել։ Նա վստահ էր, որ առավոտյան կարթնանա, քանի որ անցյալում իր հետ պատահած դեպքերից նա համոզվել էր, որ կարող է լիովին ապավինել Աստծու աջակցությանը։ Մենք էլ կարող ենք լիովին ապավինել Աստծու աջակցությանը, եթե մնանք «Եհովայի ճանապարհներում» և երբեք չհեռանանք նրանից (կարդա՛ 2 Սամուել 22։21, 22)։
8. Ինչպե՞ս են Սաղմոս 27։1–4 համարները ցույց տալիս, որ Դավիթն ապավինում էր Աստծուն։
8 Այն, որ Դավիթը վստահում և ապավինում էր Աստծուն, երևում է նաև մեկ ուրիշ սաղմոսից, որտեղ նա գրել է հետևյալ ներշնչյալ խոսքերը. «Եհովան է իմ լույսն ու իմ փրկությունը։ Ումի՞ց պիտի ես վախենամ։ Եհովան է իմ կյանքի ամրոցը։ Ումի՞ց պիտի ես դողամ։ .... Եթե զորքը բանակ դնի իմ դեմ, սիրտս վախ չի զգա։ .... Մի բան խնդրեցի Եհովայից, և սա է իմ փափագը, որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ, Եհովայի վայելչությունը տեսնեմ և հիացմունքով նրա տաճարին նայեմ» (Սաղ. 27։1–4)։ Եթե դու էլ նույն զգացումներն ունես և հանգամանքներդ թույլ են տալիս, ապա կանոնավորաբար կհաճախես ժողովի հանդիպումներին Եհովայի մյուս երկրպագուների հետ (Եբր. 10։ 23–25)։
9, 10. Չնայած Սաղմոս 3։6, 7 խոսքերի՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Դավիթը վրեժխնդրության ոգի չուներ։
9 Թեև Դավիթը դարձավ Աբիսողոմի խարդավանքների զոհը և շատերը դավաճանեցին նրան, այդուհանդերձ նա գրեց. «Չեմ վախենա տասնյակ հազարավորներից, որոնք ամեն կողմից իմ դեմ են դուրս եկել։ Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, դու կխփես իմ բոլոր թշնամիների ծնոտին և ամբարիշտների ատամները կփշրես» (Սաղ. 3։6, 7)։
10 Դավիթը վրեժխնդրության ոգի չուներ։ Եթե թշնամիների ծնոտին հարվածելու կարիք լիներ, ապա Աստված է, որ պետք է աներ դա։ Դավիթ թագավորը անձամբ իր համար արտագրել էր Օրենքը և գիտեր, որ Եհովան ասել է. «Վրեժխնդրությունն ու հատուցումը իմն են» (2 Օրենք 17։14, 15, 18; 32։35)։ Նաև Աստված է, որ իրավունք ունի «ամբարիշտների ատամները փշրելու»։ Նրանց ատամները փշրել նշանակում է անզոր դարձնել՝ որևէ վնաս պատճառելու։ Ինչ խոսք, Եհովան գիտի, թե ովքեր են ամբարիշտները, քանի որ նա մարդու «սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։7)։ Որքա՜ն երախտապարտ ենք Աստծուն, որ հավատ ու զորություն է տալիս մեզ՝ հաստատ կանգնելու գլխավոր ամբարշտի՝ Սատանայի դեմ, որը շուտով անդունդը կնետվի որպես մի մռնչացող, բայց անատամ առյուծ, որը կործանման է մատնված (1 Պետ. 5։8, 9; Հայտն. 20։1, 2, 7–10)։
«Եհովայի՛նն է փրկությունը»
11. Ինչո՞ւ պետք է աղոթենք հավատակիցների համար։
11 Դավիթը գիտակցում էր, որ Եհովան է միակը, որ կարող է ազատել իրեն, ինչին ինքն այդքան փափագում էր։ Սակայն նա միայն իր մասին չէր մտածում։ Դավիթն անհանգստանում էր, թե ինչ է լինելու Եհովայի սիրելի ժողովրդի հետ։ Ուստի ավարտեց իր ներշնչյալ ստեղծագործությունը հետևյալ խոսքերով. «Եհովայի՛նն է փրկությունը։ Քո օրհնությունը քո ժողովրդի վրա է» (Սաղ. 3։8)։ Ճիշտ է, Դավիթը մեծ խնդիրներ ուներ, սակայն մտածում էր Եհովայի ժողովրդի մասին և վստահ էր, որ Աստված կօրհնի նրանց։ Չպե՞տք է արդյոք մենք էլ մտածենք մեր հավատակիցների մասին։ Թող որ միշտ աղոթենք նրանց համար և խնդրենք Եհովային, որ իր սուրբ ոգին տա նրանց, որպեսզի քաջություն ունենան ու վստահությամբ լցված հռչակեն բարի լուրը (Եփես. 6։17–20)։
12, 13. Ի՞նչ տեղի ունեցավ Աբիսողոմի հետ, և ինչպե՞ս արձագանքեց Դավիթը դրան։
12 Աբիսողոմը անփառունակ մահ ունեցավ, որը նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր վատ են վարվում ուրիշների, հատկապես Աստծու օծյալ ծառաների հետ, ինչպիսին, օրինակ, Դավիթն էր (կարդա՛Առակներ 3։31–35)։ Դավթի դեմ պատերազմի ժամանակ Աբիսողոմի զորքը պարտվեց, իսկ Աբիսողոմը ջորու վրա հեծած փորձեց փախչել։ Սակայն նրա փարթամ մազերը խճճվեցին սաղարթախիտ մի ծառի ցածր ճյուղերի մեջ, ու նա կախված մնաց օդում, մինչև որ Հովաբը սպանեց նրան՝ երեք գեղարդ խրելով նրա սիրտը (2 Սամ. 18։6–17)։
13 Արդյոք Դավիթը ուրախացա՞վ, երբ իմացավ, թե ինչ է եղել իր որդուն։ Ո՛չ։ Նա վշտահար քայլում էր վերնասենյակում ու ողբում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս, Աբիսողո՜մ։ Երանի թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս» (2 Սամ. 18։24–33)։ Միայն Հովաբի խոսքերը փոքր-ինչ թեթևացրին նրա մաշող վիշտը։ Ինչպիսի՜ ողբերգական վախճան ունեցավ Աբիսողոմը, որի կույր փառասիրությունը նրան հանել էր իր հոր՝ Եհովայի օծյալի դեմ, ինչը կործանեց իրեն (2 Սամ. 19։1–8; Առակ. 12։21; 24։21, 22)։
Դավիթը կրկին արտահայտում է իր վստահությունը
14. Ի՞նչ կարելի է ասել 4-րդ սաղմոսի գրվելու մասին։
14 Ինչպես 3-րդ, այնպես էլ 4-րդ սաղմոսում գրված են Դավթի սրտաբուխ աղոթքի խոսքերը, որոնք բացահայտում են Եհովայի հանդեպ ունեցած նրա լիակատար վստահությունը (Սաղ. 3։4; 4։3)։ Հավանաբար Դավիթը շարադրեց այս երգը՝ արտահայտելու համար Աստծու հանդեպ իր երախտագիտությունը ու այն թեթևությունը, որ զգաց, երբ Աբիսողոմի ծրագրերը ձախողվեցին։ Կամ գուցե նա գրել է այն՝ ի մտի ունենալով ղևտացի երգիչներին։ Ամեն դեպքում, այս սաղմոսի շուրջ խորհրդածելը կարող է ավելացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ։
15. Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ աղոթել Եհովային իր Որդու միջոցով։
15 Դավիթը կրկին արտահայտում է իր վստահությունը և համոզվածությունը այն բանում, որ Եհովան պատասխանում է իր աղոթքներին։ Նա գրում է. «Երբ կանչեմ, պատասխանի՛ր ինձ, ո՛վ իմ արդար Աստված։ Նեղությունից ազատվելու ճանապարհ պատրաստիր ինձ համար, բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ և իմ աղոթքը լսիր» (Սաղ. 4։1)։ Մենք էլ կարող ենք նման վստահություն ունենալ, եթե արդարությամբ վարվենք։ Գիտակցելով, որ Եհովան՝ «արդար Աստվածը», օրհնում է ուղղամիտ մարդկանց՝ մենք կարող ենք վստահությամբ լի աղոթել նրան իր Որդու միջոցով՝ հավատալով Հիսուսի քավիչ զոհաբերությանը (Հովհ. 3։16, 36)։ Այդպիսի աղոթքները մեր սիրտը կլցնեն խաղաղությամբ։
16. Հավանաբար ինչո՞ւ էր Դավիթը վհատված։
16 Երբեմն մենք գուցե հայտնվենք այնպիսի իրավիճակում, որ կորցնենք մեր վստահությունը և վհատվենք։ Հավանաբար նման զգացումներ ուներ Դավիթը, երբ գրեց. «Մարդկա՛նց որդիներ, մինչև ե՞րբ պիտի ինձ անպատիվ անեք, մինչև ե՞րբ պիտի ունայն բաներ սիրեք, մինչև ե՞րբ պիտի ստություն փնտրեք» (Սաղ. 4։2)։ «Մարդկանց որդիներ» արտահայտությամբ Դավիթը, ակներևաբար, բացասական երանգով է խոսում մարդկանց մասին։ Դավթի թշնամիները «ունայն բաներ էին սիրում»։ Մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքը հետևյալ կերպ է ներկայացված. «Մինչև ե՞րբ եք պատրանքներ սիրելու և սուտ աստվածների փնտրելու» (New International Version)։ Եթե նույնիսկ մեզ վհատեցնեն ուրիշների արարքները, թող որ շարունակենք ջերմեռանդորեն աղոթել և մեր լիակատար վստահությունն արտահայտել միակ ճշմարիտ Աստծու հանդեպ։
17. Բացատրիր, թե ինչպես կարող ենք վարվել Սաղմոս 4։3-ի համաձայն։
17 Դավթի վստահությունը Աստծու հանդեպ հստակ երևում է նրա հետևյալ խոսքերից. «Իմացեք, որ Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից, Եհովան լսում է, երբ ես կանչում եմ նրան» (Սաղ. 4։3)։ Եհովային հավատարիմ մնալու համար անհրաժեշտ է քաջություն ունենալ ու լիովին ապավինել նրան, հատկապես, երբ, օրինակ, ընտանիքի անդամը չզղջալու պատճառով զրկվում է ընկերակցությունից։ Աստված պատվի է արժանացնում նրանց, ովքեր հավատարիմ են իրեն և մնում են իր ճանապարհների վրա։ Եհովայի հանդեպ հավատարմությունն ու լիակատար վստահությունն էլ, իրենց հերթին, ուրախություն են առաջ բերում Աստծու ծառաների մեջ (Սաղ. 84։11, 12)։
18. Համաձայն Սաղմոս 4։4-ի՝ ինչպե՞ս պետք է վարվենք, եթե վիրավորված ենք։
18 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե որևէ մեկը նեղացրել է մեզ։ Մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, եթե հետևենք Դավթի խոսքերին. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք։ Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք» (Սաղ. 4։4)։ Երբ վիրավորված ենք մեկի աննրբանկատ խոսքերից կամ արարքներից, թող որ մեղք չգործենք՝ վրեժխնդիր լինելով (Հռոմ. 12։17–19)։ Կարող ենք մեր զգացումների մասին խոսել մեր սրտերում, երբ լուռ աղոթում ենք Աստծուն։ Եթե աղոթենք այդ խնդրի մասին, դա կարող է օգնել ուրիշ տեսանկյունից նայելու խնդրին և սիրուց մղված ներողամիտ լինելու (1 Պետ. 4։8)։ Ուշադրության է արժանի Պողոս առաքյալի խորհուրդը, որը ակներևաբար հիմնված է Սաղմոս 4։4 համարի վրա. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք, ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։
19. Ի՞նչ ենք սովորում Սաղմոս 4։5 համարից հոգևոր զոհերի վերաբերյալ։
19 Շեշտելով Աստծուն ապավինելու անհրաժեշտությունը՝ Դավիթը գրեց. «Արդարության զոհե՛ր մատուցեք և Եհովայի՛ն ապավինեք» (Սաղ. 4։5)։ Իսրայելացիների մատուցած զոհաբերությունները արժեք կունենային միայն այն դեպքում, եթե նրանք ճիշտ մղումներ ունենային (Ես. 1։11–17)։ Եթե ուզում ենք, որ մեր հոգևոր զոհերը ընդունելի լինեն Աստծուն, մենք նույնպես պետք է ճիշտ մղումներ ունենանք և լիովին ապավինենք նրան (կարդա՛ Առակներ 3։5, 6; Եբրայեցիներ 13։15, 16)։
20. Ի՞նչ է մատնանշում «[Եհովայի] երեսի լույսը» արտահայտությունը։
20 Դավիթը շարունակում է. «Շատերն ասում են. «Մեզ ո՞վ ցույց կտա բարին»։ Բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, ո՛վ Եհովա» (Սաղ. 4։6)։ «Քո երեսի լույսը» արտահայտությունը, որը օգտագործվում է սաղմոսներում, մատնանշում է Եհովայի բարեհաճությունը (Սաղ. 89։15)։ Ուստի աղոթելով Աստծուն, որ բարձրացնի իրենց վրա իր երեսի լույսը՝ Դավիթը խնդրում է բարեհաճ լինել իրենց նկատմամբ։ Քանի որ ապավինում ենք Եհովային, մենք ունենք նրա բարեհաճությունը և երջանիկ ենք՝ վստահությամբ լի սրտով կատարելով նրա կամքը։
21. Եթե լիարժեքորեն մասնակցում ենք հոգևոր հնձին, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
21 Հույսով սպասելով այն ուրախությանը, որը Եհովան է տալիս և որը գերազանցում է բերքահավաքի ժամանակ հողագործի ունեցած ուրախությանը՝ Դավիթն ասում է. «Դու իմ սրտին ուրախություն կտաս, ավելի մեծ, քան որ նրանք ունեին ցորենի և նոր գինու առատության ժամանակ» (Սաղ. 4։7)։ Կարող ենք վստահ լինել, որ մեր սիրտն էլ կլցվի ուրախությամբ, եթե լիովին մասնակցենք հոգևոր հնձին (Ղուկ. 10։2)։ «Բազմամարդ ազգի»՝ օծյալ քրիստոնյաների առաջնորդությամբ կատարելով այդ գործը՝ մենք մեծ ուրախություն ենք ստանում, քանի որ «հնձվորների» թիվը շարունակ ավելանում է (Ես. 9։3)։ Լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես ուրախություն պատճառող այս հնձին։
Շարունակենք ծառայել՝ լիովին վստահելով Աստծուն
22. Համաձայն Սաղմոս 4։8-ի՝ ինչպե՞ս էին իսրայելացիներն իրենց զգում, երբ պահում էին Աստծու օրենքը։
22 Դավիթը այս սաղմոսը ավարտում է հետևյալ խոսքերով. «Ես խաղաղությամբ կպառկեմ ու խաղաղությամբ կքնեմ, քանի որ միայն դու ես, ո՛վ Եհովա, ինձ ապահովությամբ բնակեցնում» (Սաղ. 4։8)։ Երբ իսրայելացիները պահում էին Եհովայի Օրենքը, նրա հետ խաղաղ փոխհարաբերություններ ունեին և ապահով էին զգում իրենց։ Օրինակ՝ Սողոմոնի իշխանության օրոք «Հուդան և Իսրայելը ապրում էին ապահովության մեջ» (1 Թագ. 4։25)։ Ովքեր վստահում էին Աստծուն, խաղաղություն էին վայելում, նույնիսկ երբ հարևան ազգերը թշնամանքով էին լցված իրենց հանդեպ։ Դավթի պես՝ մենք նույնպես հանգիստ քնում ենք, որովհետև Աստված մեզ ապահովության զգացում է տալիս։
23. Ի՞նչ զգացումներ կունենանք, եթե լիովին ապավինենք Աստծուն։
23 Եկեք շարունակենք վստահությամբ լի ծառայել Եհովային։ Թող որ նաև հավատով աղոթենք և ունենանք «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7)։ Ինչպիսի՜ ուրախություն է այն պատճառում մեզ։ Եթե շարունակենք լիովին ապավինել Եհովային, ապա վստահությամբ կնայենք ապագային։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ խնդիրներ ունեցավ Դավիթը Աբիսողոմի պատճառով։
• Ինչպե՞ս է 3-րդ սաղմոսը վստահություն ներշնչում։
• Ինչպե՞ս է 4-րդ սաղմոսը ամրացնում Եհովայի հանդեպ մեր վստահությունը։
• Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե լիովին ապավինենք Աստծուն։
[նկար 29-րդ էջի վրա]
Դավիթը ապավինում էր Եհովային, նույնիսկ երբ Աբիսողոմի պատճառով փախուստի մեջ էր
[նկարներ 32-րդ էջի վրա]
Լիովին վստահո՞ւմ ես Եհովային