Քայլիր կյանքի լավագույն ճանապարհով
«Թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում» (ՀՌՈՄ. 14։8)։
1. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը կյանքի լավագույն ճանապարհի մասին։
ՄԱՐԴԻԿ կյանքում տարբեր ուղիներ են ընտրում, սակայն դրանցից միայն մեկն է լավագույնը։ Եհովա Աստված ցանկանում է, որ մենք ընթանանք կյանքի լավագույն ճանապարհով։ Իսկ դա կախված է այն բանից, թե արդյոք ապրում ենք Աստծու Խոսքին ներդաշնակ կյանքով և սովորում ենք նրա Որդուց։ Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին ասաց, որ պետք է Աստծուն պաշտեն ոգով ու ճշմարտությամբ, և հանձնարարեց նրանց աշակերտներ պատրաստելու գործը (Մատթ. 28։19, 20; Հովհ. 4։24)։ Այս խոսքերին հետևելով՝ մենք հաճեցնում ենք Եհովա Աստծուն և վայելում ենք նրա տված օրհնությունները։
2. ա) Ինչպե՞ս շատերն արձագանքեցին Թագավորության լուրին առաջին դարում։ բ) Ի՞նչ է նշանակում դառնալ «Ճանապարհին» հետևող։
2 Երբ այն անհատները, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», մկրտվում են, մենք նրանց ասում ենք. «Բարի գալուստ կյանքի լավագույն ճանապարհ» (Գործ. 13։48)։ Առաջին դարում տարբեր ազգերից հազարավոր մարդիկ ընդունեցին ճշմարտությունը և հանրայնորեն ցույց տվեցին Աստծու հանդեպ իրենց նվիրումը՝ մկրտվելով (Գործ. 2։41)։ Այդպիսով նրանք հայտնի դարձան որպես «Ճանապարհին» հետևողներ (Գործ. 9։2; 19։23)։ Այս բառը շատ հարմար էր նրանց նոր կյանքը նկարագրելու համար, քանի որ նրանք պիտի ընդօրինակեին Հիսուս Քրիստոսի հավատը և հետևեին նրան (1 Պետ. 2։21)։
3. Ինչո՞ւ են Եհովայի ծառաները մկրտվում, և ի՞նչ աճ է նկատվել վերջին տարիների ընթացքում։
3 Աշակերտներ պատրաստելու գործը մեծ թափով առաջ է ընթանում 230–ից ավելի երկրներում։ Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 2 700 000 հոգի վճռել են ծառայել Եհովային և իրենց նվիրումը խորհրդանշել են ջրի մկրտությամբ։ Դա նշանակում է, որ միջին հաշվով ամեն շաբաթ մկրտվել է 5 000 հոգի։ Այդ մարդիկ որոշել են մկրտվել, քանի որ սիրում են Աստծուն, ունեն աստվածաշնչյան գիտելիքներ և հավատում են այն ամենին, ինչ սովորեցնում են մյուսներին։ Մկրտությունը Եհովայի հետ մի նոր, մտերիմ փոխհարաբերությունների սկիզբ է։ Մկրտությամբ մենք ցույց ենք տալիս մեր վստահությունը, որ Եհովան կօգնի մեզ հավատարմորեն ծառայելու իրեն, ինչպես որ նախկինում օգնել է իր ծառաներին (Ես. 30։21)։
Ինչո՞ւ մկրտվել
4, 5. Նշիր այն օրհնություններից և օգուտներից մի քանիսը, որ կարող է քեզ տալ մկրտությունը։
4 Հավանաբար դու արդեն ունես գիտելիքներ Աստծու մասին, փոփոխություններ ես արել քո կյանքում և այժմ ծառայում ես որպես չմկրտված քարոզիչ։ Այսպիսի առաջադիմությունը, անշուշտ, գովելի է։ Իսկ աղոթքով հայտնե՞լ ես քո նվիրման մասին Եհովային, նպատակ ունե՞ս մկրտվելու։ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ դու թերևս հասկացել ես, որ կյանքդ պետք է կենտրոնացած լինի Եհովային փառաբանելու և ոչ թե միայն քո հաճույքները բավարարելու և նյութական կարողություններ ձեռք բերելու վրա (կարդա՛ Սաղմոս 148։11–13; Ղուկաս 12։15)։ Իսկ ի՞նչ օրհնություններ և օգուտներ կստանաս, եթե կյանքդ նվիրես Եհովային ու մկրտվես։
5 Նվիրումից հետո կյանքդ ասես իմաստավորվում է։ Քեզ երջանիկ ես զգում, քանի որ կատարում ես Աստծու կամքը (Հռոմ. 12։1, 2)։ Եհովայի սուրբ ոգու միջոցով այնպիսի աստվածահաճո հատկություններ ես մշակում, ինչպիսիք խաղաղությունն ու հավատն են (Գաղ. 5։22, 23)։ Աստված պատասխանում է քո աղոթքներին և օրհնում է քո ջանքերը, որ ներդնում ես կյանքդ նրա Խոսքին համապատասխանեցնելու համար։ Ծառայությունը ուրախություն է պատճառում քեզ, ու Աստծուն հաճելի կյանք վարելը ամրացնում է հավիտենական կյանքի հույսդ։ Այս ամենից բացի, նվիրվելով ու մկրտվելով, դու ցույց ես տալիս, որ իսկապես ցանկանում ես լինել Եհովայի վկա (Ես. 43։10–12)։
6. Ի՞նչ է ցույց տալիս մեր մկրտությունը։
6 Մեր կյանքը Աստծուն նվիրելով և մկրտվելով՝ մենք հայտնում ենք բոլորին, որ պատկանում ենք Եհովային։ «Ինչ խոսք, մեզանից ոչ մեկը միայն իր անձի համար չէ, որ ապրում է, և ոչ մեկը միայն իր անձի համար չէ, որ մահանում է,— գրեց Պողոս առաքյալը,— քանի որ եթե մենք ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում, և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում։ Հետևաբար թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում» (Հռոմ. 14։7, 8)։ Աստված պարգևել է մեզ ազատ կամք։ Հետևաբար նրա սիրտը ուրախությամբ է լցվում, երբ նրա հանդեպ սիրուց մղված՝ վճռում ենք կյանքի այս ճանապարհով ընթանալ (Առակ. 27։11)։ Մեր մկրտությամբ մենք ոչ միայն հանրայնորեն ցույց ենք տալիս, որ նվիրվել ենք Աստծուն, այլև հայտարարում ենք, որ Եհովան մեր Ղեկավարն է և գերիշխանության հարցում նրա կողմն ենք դիրք բռնել (Գործ. 5։29, 32)։ Եհովան էլ իր հերթին մեր կողքին կլինի (կարդա՛ Սաղմոս 118։6)։ Մկրտությունը հոգևոր շատ այլ օրհնությունների դուռ է բացում, որոնք կարող ես ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում։
Շրջապատված ենք սիրառատ եղբայրներով
7-9. ա) Ի՞նչ հավաստիացում տվեց Հիսուսը իր աշակերտներին, ովքեր ամեն բան թողեցին և հետևեցին իրեն։ բ) Ինչպե՞ս է կատարվում Հիսուսի խոստումը, որն արձանագրված է Մարկոս 10։29, 30 համարներում։
7 Մի անգամ Պետրոս առաքյալը Հիսուսին հարցրեց. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք. հիմա մեզ ի՞նչ կլինի» (Մատթ. 19։27)։ Պետրոսն ուզում էր իմանալ, թե ինչ էր սպասում իրեն և մյուս աշակերտներին։ Իրենց կյանքը Թագավորության քարոզչության գործին ամբողջությամբ նվիրելու համար նրանք լուրջ զոհողություններ էին արել (Մատթ. 4։18–22)։ Իսկ ի՞նչ ասաց Հիսուսը։
8 Նա հավաստիացրեց նրանց՝ ասելով, որ նրանք կլինեն հոգևոր եղբայրության մի մասը. «Չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ մայր կամ հայր կամ զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար, և այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ, և իրերի գալիք համակարգում՝ հավիտենական կյանքը» (Մարկ. 10։29, 30)։ Առաջին դարում ապրող քրիստոնյաները, օրինակ՝ Լիդիան, Ակյուղասը, Պրիսկիղան, Գայոսը տրամադրեցին իրենց «տները» և իրենց հավատակիցների համար դարձան «եղբայրներ, քույրեր, մայրեր», ինչպես որ ասել էր Հիսուսը (Գործ. 16։14, 15; 18։2–4; 3 Հովհ. 1, 5–8)։
9 Այս խոսքերը մեծ մասշտաբով կատարվում են նաև այսօր։ Շատերն են պատրաստ թողնելու իրենց «արտերը»՝ Թագավորության շահերը հեռավոր վայրերում առաջ տանելու համար, օրինակ՝ միսիոներները, Բեթելի ընտանիքի անդամները, միջազգային ծառայողները։ Նրանք թողնում են իրենց տները և սկսում են պարզ կյանքով ապրել։ Մենք անչափ ուրախանում ենք, երբ լսում ենք, թե ինչպես է Եհովան հոգ տանում նրանց մասին, և ինչպիսի ուրախություն է նրանց պարգևում ծառայությունը (Գործ. 20։35)։ Որպես համաշխարհային եղբայրության մի մասնիկ՝ Եհովայի յուրաքանչյուր մկրտված ծառա վայելում է այն օրհնությունը, որ գալիս է «նախ թագավորությունը և [Աստծու] արդարությունը փնտրելու» շնորհիվ (Մատթ. 6։33)։
Ապահով պատսպարան
10, 11. Ի՞նչ է «Բարձրյալի ծածկոցը», և ինչպե՞ս կարող ենք ունենալ «Բարձրյալի ծածկոցի տակ» բնակվելու առանձնաշնորհումը։
10 Նվիրումն ու մկրտությունը պարգևում են նաև մեկ ուրիշ մեծ օրհնություն՝ առանձնաշնորհում բնակվելու «Բարձրյալի ծածկոցի տակ» (կարդա՛ Սաղմոս 91։1)։ Այս «ծածկոցը» փոխաբերական իմաստով մի թաքստոց, կամ՝ պատսպարան է, որտեղ պաշտպանված ենք հոգևոր վնասներից։ Սակայն ովքեր չունեն հոգևոր տեսողություն կամ չեն ապավինում Աստծուն, այդ պատսպարանը չեն տեսնում։ Իսկ նրանք, ովքեր ապրում են իրենց նվիրման համաձայն և ամբողջովին ապավինում են Եհովային, վստահությամբ ասում են. «Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ» (Սաղ. 91։2, 9)։ Չկա՛ էլ ուրիշ ոչ մի պատսպարան, որն ավելի ապահով լինի։
11 «Բարձրյալի ծածկոցի տակ» բնակվելը առանձնաշնորհում է, դա նշանակում է, որ մենք օրհնվել ենք մեկ այլ առումով՝ ունենք անձնական փոխհարաբերություն Եհովա Աստծու հետ։ Այս առանձնաշնորհմանն արժանանում ենք նվիրումից և մկրտությունից հետո։ Այնուհետև Աստծու հետ մեր փոխհարաբերություններն ավելի են ամրանում, երբ մոտենում ենք նրան՝ շարունակելով Աստվածաշունչ ուսումնասիրել, ջերմեռանդորեն աղոթելով և ամբողջովին հնազանդվելով (Հակ. 4։8)։ Ոչ ոք երբեք Աստծու հետ այնքան մտերիմ չի եղել, որքան Հիսուսը, որի վստահությունը Արարչի հանդեպ երբեք չսասանվեց (Հովհ. 8։29)։ Ուստի եկեք երբեք չկասկածենք, որ Եհովան ցանկանում է և ի զորու է օգնելու մեզ, որ հավատարիմ մնանք մեր նվիրման երդմանը (Ժող. 5։4)։ Այն առատ հոգևոր բարիքները, որ Աստված տալիս է իր ժողովրդին, ապացույցն են այն բանի, որ նա իսկապես սիրում է մեզ և ցանկանում է, որ իրեն ծառայենք։
Թանկ գնահատիր հոգևոր դրախտը
12, 13. ա) Ի՞նչ է հոգևոր դրախտը։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նորեկներին։
12 Նվիրումն ու մկրտությունը մեր առաջ բացում են նաև հոգևոր դրախտի դռները։ Դա մի առանձնահատուկ հոգևոր միջավայր է, որտեղ Աստծու ծառաները վայելում են խաղաղ փոխհարաբերություններ և՛ Եհովա Աստծու հետ, և՛ միմյանց հետ (Սաղ. 29։11; Ես. 54։13)։ Աշխարհում չկա ոչ մի բան, որը հնարավոր կլիներ համեմատել մեր հոգևոր դրախտի հետ։ Այս դրախտը տեսանելի է դառնում հատկապես միջազգային համաժողովների ժամանակ, երբ տարբեր ազգերի և էթնիկական խմբերի պատկանող եղբայրներն ու քույրերը հավաքվում են միասին։ Նրանց մեջ տիրում է խաղաղություն, միություն և եղբայրական սեր։
13 Հոգևոր դրախտը, որ վայելում ենք մենք, նման չէ այն աշխարհին, որն այսօր ողբերգական վիճակում է (կարդա՛ Եսայիա 65։13, 14)։ Թագավորության պատգամը հռչակելով՝ մենք առանձնաշնորհում ունենք մարդկանց տալու հոգևոր դրախտ մտնելու հրավերը։ Մեծ օրհնություն է նաև, որ կարող ենք աջակցել նորեկներին, որպեսզի հմտանան ծառայության մեջ։ Բացի այդ, մենք ուրախություն ենք ստանում, երբ երեցների խնդրանքով օգնում ենք որոշ նոր անհատների, ինչպես Ակյուղասն ու Պրիսկիղան օգնեցին Ապողոսին՝ «Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրելով» (Գործ. 18։24–26)։
Շարունակ սովորիր Հիսուսից
14, 15. Շարունակ Հիսուսից սովորելու ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք։
14 Մենք Հիսուսից շարունակ սովորելու հիմնավոր պատճառներ ունենք։ Նախքան երկիր գալը նա անթիվ–անհամար տարիներ աշխատել է իր Հոր հետ (Առակ. 8։22, 30)։ Ուստի Հիսուսը գիտեր, որ կյանքի լավագույն ուղին Աստծուն ծառայելը և ճշմարտության մասին վկայելն է (Հովհ. 18։37)։ Եթե նա ընտրեր կյանքի մեկ ուրիշ ճանապարհ, ապա ցույց կտար, որ եսասեր է և անհեռատես։ Թեև Հիսուսը լավ գիտեր, որ դաժանորեն փորձվելու և սպանվելու է, սակայն նա պահեց իր նվիրվածությունը և մեզ համար օրինակ լինելով՝ սովորեցրեց, թե ինչպես կարող ենք Աստծուն նվիրված մնալ (Մատթ. 20։18, 19; Եբր. 4։15)։
15 Իր մկրտությունից շատ չանցած՝ Սատանան փորձեց շեղել նրան կյանքի լավագույն ճանապարհից, սակայն ապարդյուն (Մատթ. 4։1–11)։ Ուստի մենք կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն, անկախ այն բանից, թե ինչ է անում Սատանան։ Նա ամենայն հավանականությամբ իր ուշադրությունը կկենտրոնացնի և՛ այն անհատների վրա, ովքեր պատրաստվում են մկրտվել, և՛ նոր մկրտված քրիստոնյաների վրա (1 Պետ. 5։8)։ Հնարավոր է՝ անգամ մեր ընտանիքի անդամները հակառակվեն մեզ։ Պատճառը կարող է լինել այն, որ նրանք սխալ տեղեկություններ ունեն Եհովայի վկաների մասին և այդպես վարվելով՝ ուզում են պաշտպանել մեզ։ Սակայն փորձությունները հնարավորություն են տալիս մեզ դրսևորելու քրիստոնեավայել հատկություններ, օրինակ՝ հարգանք, նրբանկատություն, երբ պատասխանում ենք մեզ ուղղված հարցերին և վկայություն ենք տալիս (1 Պետ. 3։15)։ Այս փորձությունները կարող են նաև դրական ազդեցություն թողնել նրանց վրա, ովքեր լսում են մեզ (1 Տիմոթ. 4։16)։
Մնա կյանքի լավագույն ճանապարհին
16, 17. ա) Կյանք ունենալու համար ի՞նչ երեք պահանջներ են նշված Բ Օրինաց 30։19, 20 համարներում։ բ) Ինչպե՞ս են Հիսուսը, Հովհաննեսը և Պողոսը թիկունք կանգնում Մովսեսի խոսքերին։
16 Հիսուսից մոտ 1 500 տարի առաջ Մովսեսը հորդորեց իսրայելացիներին կյանքի լավագույն ճանապարհն ընտրել։ Նա ասաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես» (Բ Օրին. 30։19, 20)։ Իր խոսքերում Մովսեսը երեք հիմնական պահանջ նշեց։ Ու թեև իսրայելացիները հավատարիմ չմնացին, սակայն դրանք անփոփոխ մնացին։ Հիսուսն ու իր աշակերտները հետագայում նույնպես խոսեցին այս մասին։
17 Առաջին պահանջն այն է, որ պետք է «Եհովա Աստծուն սիրենք»։ Ինչպե՞ս։ Եթե ապրենք նրա արդար սկզբունքներին ներդաշնակ (Մատթ. 22։37)։ Երկրորդ՝ պետք է «Եհովայի ձայնին լսենք»՝ ուսումնասիրելով Աստծու Խոսքը և պահելով նրա պատվիրանները (1 Հովհ. 5։3)։ Ուստի անհրաժեշտ է կանոնավորաբար ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին, որոնց ժամանակ քննարկվում են աստվածաշնչյան թեմաներ (Եբր. 10։23–25)։ Երրորդ՝ մենք պետք է «Եհովային հարենք»։ Անկախ այն բանից, թե ինչ դժվարություններ կլինեն մեր առաջ, թող որ միշտ հավատանք Եհովային և հետևենք նրա Որդուն (2 Կորնթ. 4։16–18)։
18. ա) Ի՞նչ է գրված ճշմարտության մասին 1914 թ. «Դիտարանում»։ բ) Ի՞նչ զգացումով ենք լցված այսօր ճշմարտության լույսի հանդեպ։
18 Ի՜նչ մեծ օրհնություն է ապրել այն կյանքով, որը ներդաշնակ է Աստվածաշնչի ճշմարտությանը։ 1914 թ.–ին հրատարակված «Դիտարան» պարբերագրերից մեկում հետևյալ նշանակալից տողերն են գրված. «Մի՞թե մենք օրհնված ու երջանիկ մարդիկ չենք։ Մի՞թե մեր Աստվածը հավատարիմ չէ։ Եթե ձեզանից մեկն ավելի լավ բան գիտի, թող դա՛ ընդունի։ Եթե մեկը երբևէ ավելի լավ բան գտնի, հուսով ենք, որ մեզ էլ կհայտնի դրա մասին։ Սակայն չկա ոչ մի բան, որ գերազանցի այն խոսքերը, որ գտել ենք Աստվածաշնչում, կամ էլ գոնե դրանց կեսի չափով լավը լինի։.... Բառերով հնարավոր չէ նկարագրել այն խաղաղությունը, ուրախությունը և օրհնությունը, որոնցով ճշմարիտ Աստծու մասին պարզ գիտությունը լցրել է մեր սիրտը և մեր կյանքը։ Աստծու իմաստության, արդարության, զորության ու սիրո մասին պատմող այս Գիրքը բավարարում է և՛ մեր էմոցիոնալ կարիքները, և՛ գիտելիքներ ունենալու ցանկությունը։ Այլևս կարիք չկա ինչ–որ բան փնտրելու։ Այս Գրքի միջոցով Աստծուն ավելի լավ ճանաչելուց առավել ցանկալի բան չկա» («Դիտարան» 1914 թ., դեկտեմբերի 15, էջ 377, 378, անգլ.)։ Այսօր մենք նույնպես երախտագիտությամբ ենք լցված այն հոգևոր լույսի ու ճշմարտության համար, որ ունենք։ Իրականում մենք շատ ուրախ ենք, որ քայլում ենք Եհովայի լույսի մեջ (Ես. 2։5; Սաղ. 43։3; Առակ. 4։18)։
19. Ինչո՞ւ նրանք, ովքեր համապատասխանում են մկրտության պահանջներին, չպետք է հապաղեն։
19 Եթե ցանկանում ես քայլել Եհովայի լույսի մեջ, սակայն դեռ նվիրված ու մկրտված քրիստոնյա չես, ապա մի՛ հապաղիր։ Արա անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի համապատասխանես մկրտության պահանջներին։ Միայն մկրտվելով կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը այն ամենի համար, ինչ արել են Եհովա Աստված ու Հիսուս Քրիստոսը քեզ համար։ Եհովային նվիրիր քո ամենաթանկ բանը՝ կյանքդ։ Փաստիր, որ վճռել ես կատարել Աստծու կամքը՝ հետևելով նրա Որդուն (2 Կորնթ. 5։14, 15)։ Եվ անշուշտ, կհամոզվես, որ սա է կյանքի լավագույն ճանապարհը։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ է խորհրդանշում մկրտությունը։
• Ի՞նչ օրհնություններ է ունենում Աստծուն նվիրված ու մկրտված անհատը։
• Ինչո՞ւ է անչափ կարևոր սովորել Հիսուսից։
• Ի՞նչը կօգնի մեզ մնալու կյանքի լավագույն ճանապարհին։
[Նկար 25–րդ էջի վրա]
Քո մկրտությունը ցույց է տալիս, որ ընտրել ես կյանքի լավագույն ուղին
[Նկար 26–րդ էջի վրա]
Դու ապահով պատսպարանո՞ւմ ես