«Ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն»
ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ երկրներում բնակվող շատ մարդիկ փյունիկյան արմավենիներ են տնկում իրենց բակերում։ Այս ծառերը հայտնի են իրենց գեղեցկությամբ և համեղ պտուղներով։ Դեռ ավելին, նրանք պտուղ են տալիս հարյուր տարուց ավել։
Հին Իսրայելի Սողոմոն թագավորը բանաստեղծական լեզվով նկարագրեց սունամացի գեղեցիկ աղջկա հասակը և այն նմանեցրեց արմավենու (Երգ Երգոց 7։7)։ «Աստվածաշնչի բույսերը» գրքում գրված է. «Փյունիկյան արմավենու համար գործածվում է եբրայերեն «թամար» բառը։ .... Հրեաների համար այն դարձավ գրավչության ու նրբագեղության խորհրդանիշ, և հաճախ աղջիկներին այդ անունով էին կոչում» («Plants of the Bible»)։ Օրինակ՝ Սողոմոնի գեղեցկուհի քրոջ անունը Թամար էր (Բ Թագաւորաց 13։1)։ Այսօր նույնպես որոշ ծնողներ իրենց աղջիկներին այդ անունն են դնում։
Սակայն միայն գեղեցիկ կանայք չէ, որ համեմատվում են արմավենու հետ։ Սաղմոսերգուն երգում էր. «Արդարը արմաւենիի պէս կ’բուսնի. Լիբանանի մայրին պէս կ’մեծանայ։ Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կ’բուսնեն։ Ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն. պարարտ եւ դալար կ’լինին» (Սաղմոս 92։12–14)։
Փոխաբերական լեզվով ասած՝ նրանք, ովքեր հավատարմորեն ծառայում են Աստծուն ծեր հասակում, շատ նման են նրբագեղ արմավենու։ «Փառաց պսակ է ալեւորութիւնը. արդարութեան ճանապարհում կ’գտնուի»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 16։31)։ Թեև տարեցների ֆիզիկական ուժը տարիների ընթացքում կարող է նվազել, սակայն նրանք կարող են պահպանել իրենց հոգևոր կենսունակությունը, եթե կանոնավորաբար ուսումնասիրեն Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը (Սաղմոս 1։1–3; Երեմիա 17։7, 8)։ Իրենց գրավիչ խոսքերի և հիանալի օրինակի շնորհիվ հավատարիմ տարեց անհատները ուրիշների համար քաջալերանքի մեծ աղբյուր են։ Նրանք տարեցտարի շարունակում են պտուղ բերել (Տիտոս 2։2–5; Եբրայեցիներ 13։15, 16)։ Փյունիկյան արմավենու նման՝ նրանք ծեր հասակում էլ են պտուղ բերում։