ԳԼՈՒԽ 26
Աստված, որ «ներելու պատրաստ» է
1-3. ա) Ի՞նչն էր ճնշում Դավթին, և իր անհանգիստ սրտի համար ինչպե՞ս նա մխիթարություն գտավ։ բ) Երբ մեղք ենք գործում, ո՞ր բեռը կարող է մեզ թևաթափ անել, բայց ի՞նչ է հավաստիացնում Եհովան։
ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԸ գրեց. «Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել։ Ծանր բեռի պես շատ ծանր են ինձ համար։ Թուլացած ու սաստիկ փշրված եմ ես» (Սաղմոս 38։4, 8)։ Դավիթը գիտեր, թե որքան անտանելի կարող է լինել մեղավոր խղճի ծանր բեռը։ Սակայն նա մխիթարություն գտավ իր անհանգիստ սրտի համար։ Դավիթը հասկացավ, որ թեև Եհովան ատում է մեղքը, բայց չի ատում մեղավորին, եթե վերջինս անկեղծորեն զղջում է և փոխվում։ Լիովին հավատալով, որ Եհովան պատրաստ է ողորմելու զղջացողներին, թագավորը գրեց. «Ո՜վ Եհովա, դու.... ներելու պատրաստ» ես (Սաղմոս 86։5)։
2 Երբ մեղք ենք գործում, թերևս մենք էլ ենք կրում տանջող խղճի ծանր բեռը։ Այդպիսի զգացումը օգտակար է։ Այն կարող է մղել մեզ քայլեր ձեռնարկելու մեր սխալը շտկելու ուղղությամբ։ Բայց կա մի վտանգ. հնարավոր է՝ մեղքի զգացումի պատճառով ընկնենք ծայրահեղ տրտմության գիրկը։ Մեր սիրտը կարող է դատապարտել մեզ ու «պնդել», թե Եհովան երբեք չի ների՝ անկախ այն բանից, թե որքան ենք զղջում։ Եթե «կուլ գնանք» այս զգացումին, ապա Սատանան կարող է այնպես անել, որ թևաթափ լինենք ու մտածենք, թե Եհովան մեզ անարժեք և իրեն ծառայելու համար ոչ պիտանի է համարում (2 Կորնթացիներ 2։5-11)։
3 Բայց արդյո՞ք Աստված այդպես է մտածում։ Ամենևի՛ն։ Ներողամտությունը Եհովայի անսահման սիրո դրսևորումներից մեկն է։ Իր Խոսքում Աստված վստահեցնում է, որ պատրաստ է մեզ ներելու, եթե անկեղծորեն ու սրտանց զղջանք (Առակներ 28։13)։ Ուստի որպեսզի չմտածենք, թե Եհովայի ներողամտությունը մեզ համար անհասանելի է, տեսնենք՝ ինչպես և ինչու է Աստված ներում։
Ինչու է Եհովան «ներելու պատրաստ»
4. Ի՞նչ է հիշում Եհովան մեր մասին, և դա ինչպե՞ս է ազդում մեր հանդեպ նրա վերաբերմունքի վրա։
4 Եհովան շատ լավ գիտի, որ մեր հնարավորությունները սահմանափակ են։ Սաղմոս 103։14-ում կարդում ենք. «Նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք»։ Աստված չի մոռանում, որ մենք հողից ենք ստեղծված և անկատարության պատճառով բազում թերություններ ունենք։ «Նա լավ գիտի մեր կազմությունը» արտահայտությունը հիշեցնում է, որ Աստվածաշնչում Եհովան համեմատվում է բրուտի հետ, իսկ մենք՝ կավե անոթների (Երեմիա 18։2-6)։ Մեծ Բրուտը հաշվի է առնում մեր թուլություններն ու մեղավոր հակումները և այն, թե ինչպես ենք արձագանքում իր առաջնորդությանը։
5. Հռոմեացիներին ուղղված նամակում ինչպե՞ս են նկարագրվում մեղքի զորեղ ճիրանները։
5 Եհովան գիտի, թե որքան զորեղ է մեղքը։ Նրա Խոսքում այն նկարագրվում է որպես մի զորեղ ուժ, որը մարդուն պահում է իր մահացու ճիրաններում։ Իսկ որքա՞ն ամուր են մեղքի ճիրանները։ Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը բացատրում է, որ մենք «մեղքի տակ» ենք այնպես, ինչպես զինվորներն են իրենց հրամանատարի ենթակայության տակ (Հռոմեացիներ 3։9), որ մեղքը «թագավորում է» մարդկության վրա (Հռոմեացիներ 5։21), որ այն «բնակվում է» մեր մեջ (Հռոմեացիներ 7։17, 20), և որ նրա «օրենքը» շարունակաբար գործում է մեր մեջ՝ փորձելով ղեկավարել մեր բոլոր քայլերը (Հռոմեացիներ 7։23, 25)։ Ինչպիսի՜ զորեղ ճանկերում է պահում մեղքը մեր անկատար մարմինը (Հռոմեացիներ 7։21, 24)։
6, 7. ա) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր զղջացող սրտով իր ողորմությունն են փնտրում։ բ) Ինչո՞ւ չպետք է չարաշահենք Աստծու ողորմությունը։
6 Ուստի Եհովան գիտի, որ մենք ի վիճակի չենք իր հանդեպ կատարյալ հնազանդություն դրսևորելու՝ անկախ այն բանից, թե որքան շատ ենք փափագում դա անել։ Սիրալիր կերպով նա հավաստիացնում է, որ կների մեզ, եթե զղջացող սրտով փնտրենք իր ողորմությունը։ Սաղմոս 51։17-ում կարդում ենք. «Աստծուն ընդունելի զոհը կոտրված ոգին է. կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի»։ Եհովան երբեք չի մերժի ու չի անտեսի մեղքի ծանրության տակ կքված, «կոտրված ու փշրված սիրտը»։
7 Սակայն արդյո՞ք սա նշանակում է, թե կարող ենք չարաշահել Աստծու ողորմությունը ու մեղք գործել՝ արդարանալով, որ անկատար ենք։ Ո՛չ։ Եհովան չի առաջնորդվում սոսկ զգացմունքներով։ Նրա ողորմությունը սահման ունի։ Նա չի ների նրանց, ովքեր կարծրասրտությամբ շարունակաբար մեղք են գործում ու չեն զղջում (Եբրայեցիներ 10։26)։ Սակայն երբ տեսնի, որ սրտանց զղջում ենք, պատրաստակամորեն կների։ Այժմ տեսնենք, թե ինչ պատկերավոր արտահայտություններով է Աստվածաշունչը նկարագրում Եհովայի սիրո այս անզուգական առանձնահատկությունը։
Ի՞նչ չափով է ներում Եհովան
8. Ի՞նչ է անում Եհովան, երբ ներում է մեր մեղքերը, և դա ի՞նչ վստահություն է տալիս մեզ։
8 Իր մեղքերի համար զղջացող Դավիթ թագավորն ասաց. «Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի.... Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը» (Սաղմոս 32։5)։ Եբրայերենից թարգմանված «ներեցիր» բառը ընդհանուր առմամբ նշանակում է «բարձրացնել» կամ «տանել, հեռացնել»։ Համարում գործածված այդ բառը նշանակում է տանել՝ հեռացնել «մեղքը, հանցանքը, անօրենությունը»։ Փաստորեն, Եհովան «բարձրացրեց» Դավթի մեղքերը և «հեռու տարավ» դրանք։ Դա, անկասկած, թեթևացրեց մեղավորության այն զգացումը, որ Դավիթը ուներ (Սաղմոս 32։3)։ Մենք նույնպես կարող ենք լիակատար վստահություն ունենալ Աստծու հանդեպ, որը հեռացնում է բոլոր նրանց մեղքերը, ովքեր իր ներողամտությունն են փնտրում Հիսուսի քավիչ զոհի նկատմամբ իրենց հավատի հիման վրա (Մատթեոս 20։28)։
9. Եհովան որքա՞ն է մեզանից հեռացնում մեր մեղքերը։
9 Եհովայի ողորմությունը նկարագրելու համար Դավիթը օգտագործեց մեկ այլ վառ համեմատություն. «Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103։12)։ Որքա՞ն է հեռու արևելքը արևմուտքից. այնքան, որքան կարող ենք պատկերացնել։ Այս երկու հակադիր կողմերը երբեք չեն հատվի։ Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, այս արտահայտությունը նշանակում է «որքան հնարավոր է հեռու, այնքան հեռու, որ չենք կարող պատկերացնել»։ Աստծու ներշնչմամբ Դավթի գրած խոսքերից կարելի է հասկանալ, որ երբ Եհովան ներում է, նա մեզանից այնքան է հեռացնում մեր մեղքերը, որ հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել այդ հեռավորությունը։
10. Ինչո՞ւ չպետք է մտածենք, թե այն մեղքերը, որ ներել է Եհովան, անջնջելի հետքի նման կրելու ենք մեր ողջ կյանքի ընթացքում։
10 Երբևէ փորձե՞լ ես բաց գույնի հագուստի վրայից որևէ հետք մաքրել։ Չնայած քո ջանքերին՝ գուցե հետքն ամբողջությամբ չի անհետացել։ Այժմ ուշադրություն դարձրու՝ ինչպես է Եհովան նկարագրում, թե ինչ աստիճանի է ներում. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան, նույնիսկ եթե մուգ կարմիր կտորի պես լինեն, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1։18, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ «Մուգ կարմիրը» կտորը ներկելու հիմնական գույներից էր (Նաում 2։3)։ Մենք երբեք չենք կարող մեր սեփական ջանքերով հեռացնել մեղքի թողած հետքը։ Բայց Եհովան կարող է վերացնել «ալ կարմիրի»a և «մուգ կարմիրի» նման մեղքերը և դրանք ձյան կամ չներկված բրդի պես սպիտակ դարձնել։ Հետևաբար, երբ Եհովան ներում է մեր մեղքերը, այլևս չպետք է մտածենք, թե անջնջելի հետքի նման շարունակ կրելու ենք դրանք մեր ողջ կյանքի ընթացքում։
11. Ի՞նչ իմաստով է Եհովան մեր մեղքերը գցում «իր թիկունքի հետևը»։
11 Իր մահացու հիվանդությունից ազատվելուց հետո Եզեկիա թագավորը երախտագիտության մի հուզիչ երգ հորինեց, որի մեջ Եհովային ասաց. «Իմ բոլոր մեղքերը թիկունքիդ հետևը գցեցիր» (Եսայիա 38։17)։ Եհովան ասես վերցնում է զղջացող մեղավորի մեղքերը և իր թիկունքի հետևն է գցում. նա այլևս ո՛չ տեսնում է դրանք և ո՛չ էլ ուշադրություն դարձնում դրանց վրա։ Համաձայն մի աշխատության՝ այս համարում ներկայացված միտքը կարելի է արտահայտել հետևյալ կերպ. «Դու այնպես արեցիր, որ ասես [մեղքերս] չէին էլ եղել»։ Մի՞թե սա մխիթարական չէ։
12. Ինչպե՞ս են Միքիայի խոսքերը ցույց տալիս, որ երբ Եհովան ներում է, ամբողջությամբ է հեռացնում մեր մեղքերը։
12 Վերականգնման մասին մարգարեանալիս Միքիա մարգարեն իր համոզվածությունն արտահայտեց այն բանում, որ Եհովան ներելու է իր զղջացող ժողովրդին. «Ո՞վ է Աստված քեզ նման, որը.... անցնում է իր ժառանգության մնացորդի անօրենության կողքով.... Ծովի խորքերը կնետես մեր բոլոր մեղքերը» (Միքիա 7։18, 19)։ Պատկերացրու, թե ինչ էին նշանակում այս խոսքերը աստվածաշնչյան ժամանակներում ապրող մարդկանց համար։ Հնարավո՞ր էր արդյոք հետ բերել մի բան, որը գցվել էր «ծովի խորքերը»։ Միքիայի խոսքերը հստակ ցույց են տալիս, որ երբ Եհովան ներում է, ամբողջությամբ հեռացնում է մեր մեղքերը։
13. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց՝ «ներիր մեզ մեր պարտքերը»։
13 Մի առիթով Հիսուսը խոսեց պարտատիրոջ ու պարտապանի փոխհարաբերության մասին, որպեսզի ցույց տա, թե Եհովան ինչպես է ներում։ Նա հորդորեց մեզ աղոթել. «Ներիր մեզ մեր պարտքերը» (Մատթեոս 6։12)։ Հիսուսը մեր մեղքերը համեմատեց պարտքի հետ (Ղուկաս 11։4)։ Երբ մեղք ենք գործում, ասես Եհովային պարտք ենք մնում։ Մի աշխատության մեջ բացատրվում է, որ «ներել» թարգմանված հունարեն բայը նշանակում է «թողնել պարտքը, հրաժարվել դրանից՝ այն հետ չպահանջելով»։ Երբ Եհովան ներում է, չեղյալ է համարում պարտքը, հակառակ դեպքում նա պետք է պահանջի այն մեզանից։ Ուստի զղջացող մեղավորը կարող է մխիթարվել. Եհովան երբեք չի՛ պահանջի այն պարտքը, որը նա արդեն չեղյալ է համարել (Սաղմոս 32։1, 2)։
14. Ի՞նչ մտապատկեր է առաջ բերում «ձեր մեղքերը ջնջվեն» արտահայտությունը։
14 Եհովայի ողորմության վրա լույս է սփռում նաև Գործեր 3։19 համարը. «Ուրեմն զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն»։ Այս վերջին արտահայտությամբ թարգմանված հունարեն բայը կարող է նշանակել «սրբել.... վերացնել կամ կործանել»։ Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ այս համարը ինչ-որ գրություն ջնջելու մտապատկեր է առաջ բերում։ Սակայն ինչպե՞ս էր դա հնարավոր։ Թանաքը, որ սովորաբար գործածում էին հնում, պատրաստված էր բնածխի, խեժի և ջրի խառնուրդից։ Այդպիսի թանաքով գրելուց կարճ ժամանակ անց անհատը կարող էր վերցնել խոնավ սպունգը և ջնջել գրությունը։ Ի՜նչ գեղեցիկ ձևով է նկարագրվում Եհովայի ողորմությունը։ Երբ Աստված ներում է մեր մեղքերը, ասես վերցնում է սպունգը և ջնջում դրանք։
15. Եհովան ցանկանում է, որ ի՞նչ իմանանք իր մասին։
15 Երբ խորհում ենք այս վառ օրինակների շուրջ, պարզ չի՞ դառնում արդյոք, որ Եհովան ուզում է, որ մենք իմանանք՝ նա պատրաստ է ներելու մեր մեղքերը, եթե անկեղծորեն զղջում ենք։ Հարկ չկա վախենալու, որ ապագայում նա մեզանից հաշիվ կպահանջի այդ մեղքերի համար։ Այս մասին է վկայում Աստծու վերաբերյալ Աստվածաշնչում տեղ գտած մեկ ուրիշ ճշմարտություն. երբ Եհովան ներում է, նա մոռանում է։
Եհովան «ներելու պատրաստ» է և ուզում է, որ մենք իմանանք այդ մասին
«Նրանց մեղքն այլևս չեմ հիշի»
16, 17. Ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը՝ ասելով, որ Եհովան մոռանում է մեր մեղքերը, և ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
16 Նոր ուխտի մեջ գտնվողների վերաբերյալ Եհովան խոստացել է. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմիա 31։34)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ երբ Եհովան ներում է, այլևս ի վիճակի չի լինում հիշելու մեր մեղքերը։ Դա անհնար է։ Աստվածաշնչից իմանում ենք մեղք գործած մարդկանցից շատերի, այդ թվում՝ Դավթի մասին, որոնց Եհովան ներում է շնորհել (2 Սամուել 11։1-17; 12։13)։ Ինչ խոսք, Եհովան դեռ հիշում է այդ մարդկանց հանցանքները։ Այն մասին, թե ինչպես են նրանք մեղք գործել, զղջացել և Աստծու կողմից ներում ստացել, գրվել ու մինչ օրս պահպանվել է Աստվածաշնչում, որպեսզի մենք օգուտներ քաղենք (Հռոմեացիներ 15։4)։ Ուրեմն ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ ասում է, որ Եհովան չի «հիշում» նրանց մեղքերը, ում ներում է։
17 «Հիշել» թարգմանված եբրայերեն բայը անցյալը մտաբերելուց ավելին է նշանակում։ Ըստ մի բառարանի՝ այն ունի նաև «համապատասխան քայլերի դիմելու իմաստ» (Theological Wordbook of the Old Testament)։ Հետևաբար այս առումով մեղքը «հիշել» նշանակում է համապատասխան քայլեր ձեռնարկել մեղավորների դեմ (Օսեե 9։9)։ Ուստի երբ Աստված ասում է, որ «նրանց մեղքն այլևս չի հիշի», մեզ վստահեցնում է, որ զղջացող մեղավորին ներելու դեպքում ապագայում նրան պատասխանատվության չի կանչի գործած մեղքերի համար (Եզեկիել 18։21, 22)։ Այդպիսով Եհովան մոռանում է այն իմաստով, որ մեր մեղքերը կրկին ու կրկին չի մտաբերում, որպեսզի մեզ մեղադրի կամ շարունակ պատժի։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր Աստվածը ներում է ու մոռանում։
Իսկ մեղքի հետևանքները
18. Ինչո՞ւ Աստծու կողմից ներում ստանալով՝ զղջացող մեղավորը չի ազատվում իր գործած մեղքի բոլոր հետևանքներից։
18 Արդյո՞ք այն, որ Եհովան պատրաստակամորեն ներում է, նշանակում է, որ մեղսագործը ազատված է իր բռնած սխալ ճանապարհի բոլոր հետևանքներից։ Իհարկե ոչ։ Մենք չենք կարող մեղք գործել և զերծ մնալ դրա հետևանքներից։ Պողոս առաքյալը գրում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Մեր սխալ արարքները կարող են հետևանքներ ունենալ։ Բայց սա չի նշանակում, թե ներելուց հետո Աստված դժբախտություն է բերում մեզ վրա։ Երբ դժվարություններ են ծագում, քրիստոնյան չպետք է մտածի, թե Եհովան իրեն պատժում է անցյալում գործած մեղքերի համար (Հակոբոս 1։13)։ Մյուս կողմից, սակայն, Եհովան մեզ չի էլ պաշտպանում մեր սխալ արարքների հետևանքներից։ Անցանկալի հղիությունը, ամուսնալուծությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, շրջապատի մարդկանց վստահությունն ու հարգանքը կորցնելը կարող են լինել մեղքի անխուսափելի և տխուր հետևանքները։ Չմոռանանք, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Եհովան ներեց Դավթի մեղքը՝ կապված Բերսաբեի և Ուրիայի հետ, նա չպաշտպանեց վերջինիս իր արարքների աղետալի հետևանքներից (2 Սամուել 12։9-12)։
19-21. ա) Ղևտական 6։1-7-ի օրենքը ինչպե՞ս էր օգնում թե՛ անմեղ կողմին, թե՛ հանցավորին։ բ) Եթե կան մարդիկ, ովքեր տուժել են մեր սխալի պատճառով, ի՞նչ պիտի անենք, որ ուրախացնենք Եհովային։
19 Մեր մեղքը կարող է ունենալ նաև այլ հետևանքներ, մանավանդ եթե դրա պատճառով ուրիշ մարդիկ են տուժել։ Տեսնենք, թե ինչ է գրված «Ղևտական» գրքի 6-րդ գլխում։ Մովսիսական օրենքի այս մասում նկարագրվում է այն դեպքը, երբ իսրայելացին, գողության, խարդախության կամ կեղծիքի դիմելով, մերձավորից հափշտակում է նրա ունեցվածքը։ Հետո հանցավորը հերքում է իր մեղքը և հանդգնում է նույնիսկ սուտ երդում տալ։ Երկու կողմերը իրար հակասող ցուցմունքներ են տալիս։ Ավելի ուշ, սակայն, հանցավորի խիղճը սկսում է տանջել, և նա խոստովանում է իր մեղքը։ Աստծուց ներում ստանալու համար նա պետք է անի երեք բան. փոխհատուցի իր հասցրած վնասը, անմեղ կողմին տույժ վճարի իր գողացած ապրանքների ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով և մի խոյ զոհաբերի՝ որպես մեղքի ընծա։ Ապա օրենքը նշում է. «Քահանան պետք է քավություն անի նրա համար Եհովայի առաջ, և նա ներում կստանա» (Ղևտական 6։1-7)։
20 Աստծու կողմից հաստատված այս օրենքը նրա ողորմության դրսևորումն էր։ Այն օգուտներ էր բերում տուժածին, որի ունեցվածքը հետ էր վերադարձվում, և որն, անկասկած, մեծ թեթևացում էր զգում, երբ հանցագործը վերջապես խոստովանում էր իր մեղքը։ Միևնույն ժամանակ օրենքը օգուտ էր տալիս նրան, ում խիղճը ի վերջո մղում էր խոստովանելու իր հանցանքը և ուղղելու սխալը։ Իսկ եթե նա հրաժարվեր այդ օրենքի համաձայն վարվելուց, ոչ մի ներում չէր ստանա Աստծուց։
21 Թեև մենք Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն այդ օրենքը օգնում է մեզ ըմբռնելու Եհովայի մտածողությունը, այդ թվում նաև, թե նա ինչ տեսակետ ունի ներողամտության վերաբերյալ (Կողոսացիներ 2։13, 14)։ Եթե կան մարդիկ, ովքեր տուժել են մեր սխալի պատճառով, և մենք հնարավոր ամեն բան անում ենք այն շտկելու համար, Աստված ուրախանում է (Մատթեոս 5։23, 24)։ Մենք պետք է ընդունենք մեր սխալը, խոստովանենք մեր մեղքը և ներողություն խնդրենք անմեղ կողմից։ Այնուհետև կարող ենք դիմել Եհովային Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա և համոզված լինել, որ ներում ենք ստացել Աստծուց (Եբրայեցիներ 10։21, 22)։
22. Ներում շնորհելու հետ մեկտեղ Եհովան թերևս ի՞նչ անի։
22 Ինչպես ցանկացած սիրող ծնող, Եհովան կարող է մեզ ներել և դրա հետ մեկտեղ խրատել (Առակներ 3։11, 12)։ Զղջացող քրիստոնյան գուցե զրկվի երեց, ծառայող օգնական կամ լիաժամ քարոզիչ լինելու առանձնաշնորհումից։ Իր համար թանկ այդ առանձնաշնորհումը որոշ ժամանակով կորցնելը գուցե ցավ պատճառի նրան, սակայն դա դեռ չի նշանակում, որ Եհովան հրաժարվում է նրան ներելուց։ Մենք պետք է հիշենք, որ Եհովայի խրատները մեր հանդեպ նրա սիրո ապացույցն են։ Հետևաբար դրանք ընդունելն ու կյանքում կիրառելը միայն մեր օգտին կծառայեն (Եբրայեցիներ 12։5-11)։
23. Ինչո՞ւ երբեք չպետք է մտածենք, թե Եհովան ողորմություն չի դրսևորի մեր հանդեպ, և ինչո՞ւ պետք է ընդօրինակենք նրա ներողամտությունը։
23 Իսկապես, ի՜նչ երջանկություն է իմանալ, որ մեր Աստվածը «ներելու պատրաստ» է։ Ինչ սխալներ էլ որ գործած լինենք, երբեք չպետք է մտածենք, թե Եհովան ողորմություն չի դրսևորի մեր հանդեպ։ Եթե անկեղծորեն զղջանք, քայլեր ձեռնարկենք՝ ուղղելու մեր սխալը և Քրիստոսի թափած արյան հիման վրա ջերմեռանդորեն աղոթենք Աստծուն՝ ներում ստանալու համար, կարող ենք լիովին համոզված լինել, որ նա կների մեզ (1 Հովհաննես 1։9)։ Ուրեմն ձգտենք ընդօրինակել Աստծու ներողամտությունը ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում։ Ի վերջո, եթե Եհովան, որը ընդհանրապես մեղք չի գործում, սիրառատ կերպով ներում է մեզ, մի՞թե մենք՝ մեղավոր մարդիկ, չպետք է ամեն ջանք թափենք, որ ներենք իրար։
a Մի աստվածաշնչագետ ասում է, որ ալ կարմիրը «անփոփոխ, կայուն գույն էր։ Ոչինչ չէր կարող խամրեցնել այն՝ ո՛չ ցողը, ո՛չ անձրևը, ո՛չ լվանալը և ո՛չ էլ երկար ժամանակ օգտագործելը»։