Եհովան մեր ապաստարանն է
«Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես սերնդից սերունդ» (ՍԱՂ. 90։1)։
1, 2. Ինչպե՞ս են Աստծու ծառաները իրենց զգում այս աշխարհում, և ի՞նչ պաշտպանություն ունեն նրանք։
ՔԵԶ ապահով զգո՞ւմ ես այս աշխարհում։ Եթե ոչ, ապա դու նման ես Աստծու այն բազմաթիվ ծառաներին, որոնք ապրել են տարբեր ժամանակներում և իրենց զգացել են ինչպես օտարականներ այս աշխարհում։ Աստծու այն հավատարիմ ծառաները, որոնք Քանանի երկրում ժամանակ առ ժամանակ փոխում էին բնակության վայրը, «հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում» (Եբր. 11։13)։
2 Նմանապես Քրիստոսի օծյալ հետևորդները, որոնց «քաղաքացիությունը երկնքում է», իրենց համարում են «պանդուխտներ և ժամանակավոր բնակիչներ» այս աշխարհում (Փիլիպ. 3։20; 1 Պետ. 2։11)։ Օծյալների պես՝ Քրիստոսի «ուրիշ ոչխարները» «աշխարհի մի մասը չեն», ինչպես Հիսուսը աշխարհի մի մասը չէր (Հովհ. 10։16; 17։16)։ Այդուհանդերձ, Աստծու ծառաները անպաշտպան չեն։ Ավելին, մենք ունենք լավագույն պաշտպանությունը։ Մովսեսը գրեց. «Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես սերնդից սերունդ» (Սաղ. 90։1)։ Ինչպե՞ս է Եհովան «ապաստարան» եղել իր հավատարիմ ծառաների համար անցյալում։ Ինչպե՞ս է նա «ապաստարան» իր ներկայիս ծառաների համար, և ինչպե՞ս է Եհովան ապագայում լինելու միակ հուսալի «ապաստարանը»։
ԵՀՈՎԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ Է ԵՂԵԼ ԱՆՑՅԱԼՈՒՄ
3. Ինչի՞ է նմանեցվում Եհովան Սաղմոս 90։1-ում և ինչո՞ւ։
3 Աստվածաշնչում պատկերավոր արտահայտություններ շատ կան, և դրանցից մեկը գրված է Սաղմոս 90։1-ում։ Այստեղ Եհովան նմանեցվում է ապաստարանի։ Լինելով սիրո մարմնացում՝ նա, ինչպես մի ապահով ապաստարան, պաշտպանում է իր ծառաներին (1 Հովհ. 4։8)։ Եհովան նաև խաղաղության Աստված է և իրեն նվիրվածներին «ապահովությամբ է բնակեցնում» (Սաղ. 4։8)։ Քննենք, թե նա ինչպես է ապաստարան եղել իր հավատարիմ ծառաներ Աբրահամի, Հակոբի և Իսահակի համար։
4, 5. Աստված ինչպե՞ս ապաստարան եղավ Աբրահամի համար։
4 Միայն կարելի է ենթադրել, թե ինչ զգաց Աբրահամը, երբ Եհովան նրան ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից.... ու գնա այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»։ Եթե Աբրահամը լցվեց անհանգստությամբ, ապա այդ զգացումը, անկասկած, անհետացավ, երբ Աստված նրան ասաց. «Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ, կօրհնեմ քեզ, կմեծացնեմ քո անունը.... Քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ» (Ծննդ. 12։1–3)։
5 Այս խոսքերով Եհովան խոստացավ հուսալի ապաստարան լինել Աբրահամի և նրա ժառանգների համար (Ծննդ. 26։1–6)։ Աստված պահեց իր խոստումը։ Օրինակ՝ նա թույլ չտվեց, որ Եգիպտոսի փարավոնը և Գերարի թագավոր Աբդիմելեքը պղծեն Սառային ու սպանեն Աբրահամին։ Նույն ձևով նա պաշտպանեց Իսահակին ու Ռեբեկային (Ծննդ. 12։14–20; 20։1–14; 26։6–11)։ Կարդում ենք. «[Եհովան] ոչ մեկի թույլ չտվեց, որ խաբեն նրանց, և թագավորների հանդիմանեց նրանց համար՝ ասելով. «Մի՛ դիպեք իմ օծյալներին, և իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»» (Սաղ. 105։14, 15)։
6. Ի՞նչ պատվիրեց Իսահակը Հակոբին, և վերջինս ինչի՞ մասին էր հավանաբար անհանգստանում։
6 Այդ մարգարեներից էր Աբրահամի թոռ Հակոբը։ Երբ ժամանակը եկավ, որ Հակոբն ամուսնանա, նրա հայրը՝ Իսահակը, ասաց. «Քանանի աղջիկներից կին չառնես։ Վե՛ր կաց, գնա՛ Փադան-Արամ՝ քո մոր հայր Բաթուելի տուն, ու այնտեղից քո մորեղբայր Լաբանի աղջիկներից քեզ համար կին առ» (Ծննդ. 28։1, 2)։ Հակոբը հենց այդպես էլ արեց։ Նա հեռացավ իր ընտանիքից, որն ապրում էր Քանանում, ու ակներևաբար միայնակ ճանապարհ ընկավ դեպի Խառան, որ գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու (Ծննդ. 28։10)։ Հնարավոր է՝ Հակոբը ինքն իրեն հարցնում էր. «Որքա՞ն ժամանակ տնից հեռու կլինեմ։ Քեռիս ջերմորե՞ն կընդունի ինձ։ Կգտնե՞մ աստվածավախ կին»։ Հակոբի այս անհանգստությունը, անկասկած, անհետացավ, երբ նա հասավ Լուզ, որը գտնվում էր Բերսաբեից 100 կիլոմետր հեռու։ Ի՞նչ տեղի ունեցավ Լուզում։
7. Ինչպե՞ս Աստված մխիթարեց Հակոբին։
7 Լուզում Եհովան Հակոբին հայտնվեց երազում ու ասաց. «Ես քեզ հետ եմ և կպահպանեմ քեզ այն ողջ ճանապարհին, որով գնում ես, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր, որովհետև չեմ թողնի քեզ, մինչև որ չկատարեմ այն, ինչ ասել եմ քեզ» (Ծննդ. 28։15)։ Այս խոսքերը, անշուշտ, հանգստացրին Հակոբին և մխիթարեցին նրան։ Կարելի է պատկերացնել, թե դրանից հետո Հակոբը ինչպես էր մեծ քայլերով առաջ շարժվում դեպի Խառան՝ ցանկանալով տեսնել, թե Եհովան ինչպես է կատարելու իր խոստումը։ Եթե դու թողել ես քո հարազատ տունը, որպեսզի ծառայես օտար երկրում, ապա, հավանաբար, Հակոբի պես անհանգստություններ ես ունեցել, սակայն, հետո համոզվել ես, որ Եհովան տարբեր կերպերով հոգ է տանում քո մասին։
8, 9. Եհովան ինչպե՞ս ապաստարան եղավ Հակոբի համար, և ի՞նչ ենք սովորում դրանից։
8 Լաբանը ջերմորեն ընդունեց Հակոբին, իսկ ավելի ուշ իր աղջիկներին՝ Լիային և Ռաքելին, կնության տվեց նրան։ Ժամանակի ընթացքում, սակայն, Լաբանը սկսեց շահագործել Հակոբին՝ նրա վարձը տասը անգամ փոխելով (Ծննդ. 31։41, 42)։ Բայց Հակոբը դիմացավ անարդար վերաբերմունքին. նա համոզված էր, որ Եհովան շարունակելու է հոգալ իր մասին, և այդպես էլ եղավ։ Երբ Աստված Հակոբին ասաց, որ վերադառնա Քանան, վերջինս արդեն ուներ «շատ հոտեր, ծառաներ, աղախիններ, ուղտեր և էշեր» (Ծննդ. 30։43)։ Երախտագիտությամբ լի սրտով՝ Հակոբն աղոթեց. «Ես արժանի չեմ այն սիրառատ բարությանն ու հավատարմությանը, որ դու ցուցաբերում ես քո ծառայի հանդեպ, քանի որ այս Հորդանանն անցնելիս միայն ցուպ ունեի, իսկ այժմ երկու ճամբար ունեմ» (Ծննդ. 32։10)։
9 Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան ճշմարիտ են Մովսեսի հետևյալ խոսքերը. «Ո՛վ Եհովա, դու մեզ համար ապաստարան ես սերնդից սերունդ» (Սաղ. 90։1)։ Այս խոսքերն արդիական են նաև այսօր, որովհետև Եհովան, որը «չի փոխվում փոփոխվող ստվերի պես», շարունակում է տաքուկ և ապահով ապաստարան լինել իր հավատարիմ ծառաների համար (Հակ. 1։17)։ Տեսնենք, թե ինչպես։
ԵՀՈՎԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ Է ԱՅՍՕՐ
10. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան այսօր էլ ապաստարան է իր ծառաների համար։
10 Պատկերացրու, որ դատարանում վկայություն ես տալիս մի հանցագործ խմբավորման դեմ, որը գործում է ամբողջ աշխարհում։ Նրա պարագլուխը շատ խորամանկ է ու հզոր։ Այդ անձնավորությունը անխիղճ ստախոս է ու մարդասպան։ Քեզ ապահով կզգա՞ս, երբ դատի ավարտից հետո շենքից դուրս գաս։ Հազիվ թե։ Դու կցանկանայիր, որ քեզ պաշտպանեն։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ իրավիճակում են Եհովայի ծառաները, որոնք համարձակորեն վկայություն են տալիս նրա օգտին և անվախորեն խոսում են նրա ոխերիմ թշնամու՝ Սատանայի դեմ (կարդա՛ Հայտնություն 12։17)։ Բանսարկուն փորձել է լռեցնել նրանց, բայց դա նրան չի հաջողվել։ Ավելին, մենք հոգևորապես բարգավաճում ենք, մի իրողություն, որը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. Եհովան մեր ապաստարանն է, և այս վերջին օրերում նա առավել քան երբևէ պաշտպանում է իր ժողովրդին (կարդա՛ Եսայիա 54։14, 17)։ Բայց Եհովան կշարունակի ապաստարան լինել մեզ համար միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ Սատանան խաբի մեզ և դուրս հանի ապաստարանից։
11. Ի՞նչ ենք սովորում նահապետներից։
11 Մեկ ուրիշ բան էլ ենք սովորում նահապետներից։ Ապրելով Քանանի երկրում՝ նրանք հեռու էին մնում այդ երկրի բնակիչներից և ատում էին նրանց չար և անբարո ապրելակերպը (Ծննդ. 27։46)։ Նրանք սկզբունքներով ապրող մարդիկ էին. ճիշտն ու սխալը հասկանալու համար կարիք չունեին «կարելի»-ների և «չի կարելի»-ների երկար ցուցակի։ Այն, ինչ նրանք գիտեին Եհովայի և նրա մտածելակերպի մասին, բավարար էր նրանց համար։ Քանի որ Եհովան էր նրանց ապաստարանը, նրանք չէին փորձում թեկուզ մի փոքր մոտենալ աշխարհին, ավելին, ձգտում էին հնարավորին չափ հեռու մնալ։ Այո՛, նահապետները հրաշալի օրինակ են մեզ համար։ Ձգտո՞ւմ ես ընդօրինակել նրանց աշխարհից հեռու մնալու հարցում, օրինակ՝ ընկերներ ու ժամանց ընտրելիս։ Ցավոք, մեր հավատակիցներից ոմանց դուր է գալիս թեկուզ մի փոքր գտնվել Սատանայի աշխարհում։ Եթե զգում ես, որ աշխարհը քեզ էլ է դուր գալիս, այդ մասին աղոթիր Եհովային։ Հիշիր, որ այս աշխարհը Սատանայինն է. այն եսասեր է ու սառը (2 Կորնթ. 4։4; Եփես. 2։1, 2)։
12. ա) Ինչպե՞ս է Եհովան օգնում իր մոտ ապաստան փնտրողներին։ բ) Ի՞նչ զգացումներ է քո մեջ առաջացնում Եհովայի տրամադրած օգնությունը։
12 Սատանայի նենգություններից պաշտպանվելու համար պետք է լիարժեքորեն օգտվենք այն հոգևոր օգնությունից, որ Եհովան տալիս է իր մոտ ապաստան փնտրողներին։ Այդ օգնությունը ներառում է մեր քրիստոնեական հանդիպումները, ընտանեկան երկրպագությունը և «մարդկանց տեսքով պարգևները». վերջիններս Աստծու կողմից նշանակված հովիվներն են, որոնք մխիթարում են մեզ և օգնում են կյանքի դժվարությունների դեմ պայքարում (Եփես. 4։8–12)։ Եղբայր Ջորջ Գանգասը, որը երկար տարիներ եղել է Կառավարիչ մարմնի անդամ, գրել է. «Երբ [Աստծու ծառաների] հետ եմ լինում, ես ինձ զգում եմ ինչպես տանը՝ ընտանիքիս հետ, հոգևոր դրախտում»։ Իսկ դու ունե՞ս նման զգացումներ։
13. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում Եբրայեցիներ 11։13-ից։
13 Նահապետները չէին վախենում տարբերվել շրջապատից։ Ինչպես նշվեց առաջին պարբերությունում, նրանք «հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում» (Եբր. 11։13)։ Նրանց պես պատրա՞ստ ես տարբերվելու։ Ինչ խոսք, դա հեշտ չէ, բայց հիշիր, որ քեզ օգնում են Աստված և հավատակիցներդ։ Դու մենակ չես. բոլոր նրանք, ովքեր ուզում են ծառայել Եհովային, պայքարի մեջ են (Եփես. 6։12)։ Մենք կարող ենք հաղթել այս պայքարում, եթե վստահենք Եհովային և նրան մեր ապաստարանը դարձնենք։
14. Ի՞նչ «քաղաքի» էր սպասում Աբրահամը։
14 Աբրահամը իր աչքերը հառած պահում էր մրցանակին։ Կարևոր է, որ այս հարցում ընդօրինակենք նրան (2 Կորնթ. 4։18)։ Պողոս առաքյալը գրեց, որ Աբրահամը «սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (Եբր. 11։10)։ Այդ «քաղաքը» Մեսիական Թագավորությունն է։ Աբրահամը, ինչ խոսք, պետք է սպասեր այդ «քաղաքին»։ Այսօր մենք չենք սպասում այդ Թագավորության հաստատմանը, որովհետև այն արդեն իշխում է երկնքում։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ այն շուտով իշխելու է նաև երկրի վրա։ Քեզ համար իրակա՞ն է այս Թագավորությունը։ Այն ազդո՞ւմ է կյանքի ու ներկայիս աշխարհի վերաբերյալ քո տեսակետի վրա, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչ առաջնահերթություններ ես դնում (կարդա՛ 2 Պետրոս 3։11, 12)։
ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ՄԵՐ ԱՊԱՍՏԱՐԱՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ
15. Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր ապավինում են այս աշխարհին։
15 Որքան այս աշխարհը մոտենում է իր վախճանին, այնքան նրա «ցավերը» ավելի են սաստկանում (Մատթ. 24։7, 8)։ Մեծ նեղության ժամանակ կյանքը, անկասկած, շատ դժվար է լինելու։ Ենթակառուցվածքները փլուզվելու են, այլ խոսքով՝ լինելու են ավերածություններ, և քաոսային իրավիճակ է տիրելու։ Մարդիկ սարսափահար են լինելու (Ամբ. 3։16, 17)։ Ծայրահեղ հուսահատությունից՝ նրանք ապաստան են փնտրելու «քարայրներում և լեռների ապառաժներում» (Հայտն. 6։15–17)։ Բայց ոչ մի բառացի քարայր, ոչ մի լեռնանման քաղաքական կամ առևտրային կազմակերպություն չի կարողանալու պատսպարել նրանց։
16. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք քրիստոնեական ժողովին և ինչո՞ւ։
16 Եհովայի ժողովուրդը, սակայն, իրեն ապահով է զգալու, որովհետև իր ապաստարանը Աստված է։ Ամբակում մարգարեի պես՝ մենք «ցնծալու ենք Եհովայով, ուրախանալու ենք մեր փրկության Աստծով» (Ամբ. 3։18)։ Ինչպե՞ս է Եհովան այդ անհանգիստ ժամանակներում լինելու մեր ապաստարանը։ Կոնկրետ չգիտենք, բայց մի բանում կարող ենք վստահ լինել. Եգիպտոսից դուրս եկող իսրայելացիների նման՝ «մեծ բազմության» անդամները լինելու են կազմակերպված, ամեն վայրկյան պատրաստ՝ հետևելու Եհովայի առաջնորդությանը (Հայտն. 7։9; կարդա՛ Ելք 13։18)։ Այդ առաջնորդությունը նրանք ստանալու են հավանաբար ժողովի միջոցով։ Եսայիա 26։20-ում (կարդա՛) այն միտքն ենք տեսնում, որ «ներքին սենյակները» պաշտպանում են Աստծու ժողովրդին։ Այդ սենյակները, հավանաբար, ամբողջ աշխարհում սփռված ժողովներն են։ Կարևո՞ր են քեզ համար ժողովի հանդիպումները։ Անմիջապես հետևո՞ւմ ես այն առաջնորդությանը, որ Եհովան տալիս է ժողովի միջոցով (Եբր. 13։17)։
17. Ինչպե՞ս է Եհովան ապաստարան նույնիսկ այն հավատարիմների համար, ովքեր մահացել են։
17 Եհովայի ապահով ապաստարանում կլինեն նաև այն հավատարիմները, ովքեր կմահանան նախքան մեծ նեղության սկսվելը։ Ինչպե՞ս։ Երբ հավատարիմ նահապետները վաղուց արդեն մահացել էին, Եհովան Մովսեսին ասաց. «Ես եմ.... Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Ելք 3։6)։ Այս խոսքերը մեջբերելուց հետո Հիսուսն ասաց. «Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։38)։ Այո՛, բոլոր նրանք, ովքեր մինչև մահ հավատարիմ են մնացել, Եհովայի համար կենդանի են, որովհետև նա անպայման հարություն է տալու նրանց (Ժող. 7։1)։
18. Ի՞նչ իմաստով է Եհովան ապաստարան լինելու իր ժողովրդի համար նոր աշխարհում։
18 Եհովան ինչ-որ իմաստով ապաստարան է լինելու նաև նոր աշխարհում։ Հայտնություն 21։3 համարում կարդում ենք. «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ»։ Սկզբում Եհովան իր երկրային հպատակների հետ «բնակվելու» է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուսը Աստծու նպատակը երկրի առնչությամբ լիովին իրագործելուց հետո՝ հազար տարվա վերջում, Թագավորությունը հանձնելու է իր Հորը (1 Կորնթ. 15։28)։ Դրանից հետո կատարելության հասած մարդկությունը այլևս Հիսուսի միջնորդության կարիքը չի ունենալու. մարդկանց անմիջապես ղեկավարելու է Եհովան։ Ի՜նչ հրաշալի հեռանկար է մեզ սպասում։ Իսկ մինչ այդ եկեք, վաղեմի հավատարիմների պես, Եհովային դարձնենք մեր ապաստարանը։