Թող որ Աստծու Խոսքը լուսավորի քո ճանապարհը
«Քո խօսքը.... լոյս [է] իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119։105)։
1, 2. Ո՞ր դեպքում Եհովայի խոսքը կլուսավորի մեր ճանապարհը։
ԵՀՈՎԱՅԻ խոսքը կլուսավորի մեր ճանապարհը, եթե մենք թույլ տանք։ Որպեսզի այդ հոգևոր լույսը հասնի մեզ, պետք է Աստծու գրավոր Խոսքի ժրաջան ուսումնասիրողներ լինենք և նրանում եղած խորհուրդները կիրառենք։ Միայն այդ դեպքում կկարողանանք սաղմոսերգուի պես ասել. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։
2 Եկեք այժմ քննարկենք Սաղմոս 119։89–176 համարները։ Այս համարները, որ 11 տուն են կազմում, անչափ շատ տեղեկություն են պարունակում։ Դրանք կարող են օգնել մեզ չշեղվել հավիտենական կյանքի ճանապարհից (Մատթէոս 7։13, 14)։
Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծու խոսքը
3. Ինչպե՞ս են Սաղմոս 119։89, 90 համարները ցույց տալիս, որ մենք կարող ենք վստահել Եհովայի խոսքին։
3 Եհովայի խոսքը սիրելով՝ մենք հոգևորապես կամրանանք (Սաղմոս 119։89–96)։ Սաղմոսերգուն երգեց. «Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։ .... Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է» (Սաղմոս 119։89, 90)։ Աստծու խոսքով՝ նրա կողմից հաստատված «երկնքի կանոններ[ով]», երկնային մարմինները ամենայն ճշգրտությամբ շարժվում են իրենց ուղեծրով, իսկ երկիրը ամուր հաստատված է հավիտյան (Յոբ 38։31–33; Սաղմոս 104։5)։ Մենք կարող ենք վստահել Եհովայի բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքի. ինչ որ Աստված ասում է, անպայման ‘կհաջողվի’, և նրա նպատակը կիրականանա (Եսայիա 55։8–11)։
4. Աստծու խոսքի հանդեպ սերը ինչպե՞ս է օգնում նրա այն ծառաներին, ովքեր նեղություններ են կրում։
4 Սաղմոսերգուն ‘վաղուց կորած կլիներ իր խեղճության մեջ, եթե Աստծու օրենքը նրա ուրախությունը չլիներ’, այսինքն՝ եթե նա չսիրեր Աստծու օրենքը (Սաղմոս 119։92)։ Նրան ատողները օտարականները չէին. օրինազանց իսրայելացիներն էին ատում նրան (Ղեւտացոց 19։17)։ Սակայն դա սաղմոսերգուին չընկճեց, քանի որ նա սիրում էր Աստծու օրենքը, որը նեցուկ էր լինում նրան։ Կորնթոսում Պողոսը «սուտ եղբայրներից [եկող] վտանգներ[ի]» առջև էր կանգնած։ Նրանցից էին, հավանաբար, «մեծամեծ առաքեալները», որոնք նրան մեղադրելու պատրվակ էին փնտրում (Բ Կորնթացիս 11։5, 12–14, 26)։ Այնուամենայնիվ, Պողոսը հոգևոր առումով վնաս չկրեց, որովհետև սիրում էր Աստծու խոսքը։ Քանի որ մենք սիրում ենք Եհովայի գրավոր Խոսքը և կիրառում ենք նրանում գրվածները, ուրեմն սիրում ենք մեր եղբայրներին (Ա Յովհաննէս 3։15)։ Նույնիսկ մեր հանդեպ աշխարհի ատելությունը պատճառ չի դառնում Եհովայի հրահանգները մոռանալու։ Մենք շարունակում ենք սիրալիր եղբայրության հետ միասին կատարել Եհովայի կամքը՝ մեր առջև ունենալով ուրախությամբ ողջ հավիտենության մեջ նրան ծառայելու հեռանկարը (Սաղմոս 119։93)։
5. Ինչպե՞ս Ասա թագավորը փնտրեց Եհովային։
5 Ցույց տալով Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը՝ մենք գուցե աղոթենք. «Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ [«հրամաններդ փնտռեցի», ԱԱ]» (Սաղմոս 119։94)։ Ասա թագավորը Աստծուն փնտրեց և հավատուրացությունը Հուդայից արմատախիլ արեց։ Ասայի կառավարության 15–րդ տարում (մ. թ. ա. 963 թվականին) մի մեծ հավաքույթի ժամանակ Հուդայի բնակիչները ‘ուխտ արեցին, որ Տեր Աստծուն խնդրեն’, կամ՝ փնտրեն։ Աստված թույլ տվեց, որ նրանք ‘գտնեն իրեն’, և «հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ» (Բ Մնացորդաց 15։10–15)։ Այս օրինակը կարող է խրախուսել այն անհատներին, ովքեր քրիստոնեական ժողովից ‘մոլորվել’ են, նորից փնտրելու Աստծուն։ Աստված կօրհնի ու կպաշտպանի նրանց, ովքեր դարձյալ սկսեն ակտիվորեն համագործակցել իր ժողովրդի հետ։
6. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել հոգևոր վնասներից։
6 Եհովայի խոսքը այնպիսի իմաստություն է տալիս, որը կարող է պաշտպանել մեզ հոգևոր վնասներից (Սաղմոս 119։97–104)։ Աստծու պատվիրանները մեզ մեր թշնամիներից ավելի իմաստուն են դարձնում։ Նրա ‘վկայություններին’, այսինքն՝ հիշեցումներին ականջ դնելը իմաստուն է դարձնում մեզ, իսկ ‘նրա պատվիրանները պահելը’ օգնում է վարվել «աւելի խելացի .... քան թէ ծերերը» (Սաղմոս 119։98–100)։ Եթե Եհովայի խոսքերը ‘ավելի քաղցր լինեն մեր քիմքին, քան մեղրը մեր բերանին’, ապա մենք կատենք «ստութեան ամեն ճանապարհը» և կխուսափենք այդպիսի ճանապարհներից (Սաղմոս 119։103, 104)։ Այդպիսով կպաշտպանվենք հոգևոր վնասներից, որ կարող ենք կրել՝ առնչվելով ամբարտավան, դաժան, անաստված մարդկանց հետ այս վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1–5)։
Ճրագ մեր ոտքերի համար
7, 8. Սաղմոս 119։105–ին համաձայն գործելու համար ի՞նչ պետք է անենք։
7 Աստծու խոսքը հոգևոր լույսի անսպառ աղբյուր է (Սաղմոս 119։105–112)։ Անկախ նրանից՝ օծյալ քրիստոնյաներ ենք, թե նրանց ուղեկիցները «ուրիշ ոչխարների» կազմում՝ մենք ասում ենք. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Յովհաննէս 10։16; Սաղմոս 119։105)։ Աստծու խոսքը ճրագի պես լուսավորում է մեր ճանապարհը, ուստի մենք հոգևորապես չենք սայթաքում ու չենք ընկնում (Առակաց 6։23)։ Սակայն ամեն մեկս անհատապես պետք է թույլ տա, որ Եհովայի խոսքը ճրագ լինի իր ոտքերի համար։
8 Մենք պետք է 119–րդ սաղմոսը կազմողի պես հաստատակամ լինենք։ Նա վճռել էր չմոլորվել Աստծու հրամաններից։ Նա ասաց. «Ես երդում արի եւ կ’կատարեմ, թէ քո [Եհովայի] արդարութեան իրաւունքը [‘արդար դատաստանները’, ԱԱ] կ’պահեմ» (Սաղմոս 119։106)։ Եկեք երբեք չթերագնահատենք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելու և քրիստոնեական հանդիպումներին հաճախելու արժեքը։
9, 10. Որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է, որ Եհովային նվիրված անհատները ‘մոլորվեն’ նրա հրամաններից, սակայն ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։
9 Ճիշտ է, սաղմոսերգուն ‘չմոլորվեց Աստծու հրամաններից’, բայց Եհովային նվիրված անհատի հետ կարող է նման բան պատահել (Սաղմոս 119։110, ԱԱ)։ Սողոմոն թագավորը մոլորվեց, չնայած որ Եհովային նվիրված ազգի անդամ էր և սկզբում աստվածատուր իմաստությամբ էր գործում։ Սակայն «օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին»՝ դրդելով կեղծ աստվածների երկրպագել (Նէեմիա 13։26; Գ Թագաւորաց 11։1–6)։
10 ‘Որսողը’՝ Սատանան, շատ որոգայթներ է լարում (Սաղմոս 91։3)։ Օրինակ՝ նախկին հավատակիցներից մեկը գուցե փորձի մեզ մոլորության մեջ գցել՝ դրդելով հոգևոր լույսի ճանապարհից դուրս գալ և մտնել հավատուրացության խավարը։ Թյուատիրի քրիստոնյաների մեջ կար ‘Հեզաբել կինը’՝ հավանաբար, կանանց մի խումբ, որը մարդկանց սովորեցնում էր կուռքերի պաշտել և պոռնկություն գործել։ Հիսուսը չհանդուրժեց նման չար գործերը. մենք նույնպես չպետք է հանդուրժենք (Յայտնութիւն 2։18–22; Յուդա 3, 4)։ Ուստի եկեք աղոթքով Եհովայից օգնություն խնդրենք, որ չմոլորվենք նրա հրամաններից և մնանք աստվածային լույսի մեջ (Սաղմոս 119։111, 112)։
Աստծու խոսքը զորացնում է
11. Համաձայն Սաղմոս 119։119–ի՝ Աստված ամբարիշտներին ի՞նչ է համարում։
11 Եթե երբեք չհեռանանք Աստծու ‘հրամաններից’, այսինքն՝ ‘կանոններից’ (ԱԱ), ապա նա մեզ ‘կզորացնի’ (ԱԱ) (Սաղմոս 119։113–120)։ Մենք հավանություն չենք տալիս «երկմիտներին», ինչպես որ Հիսուսը այսօր հավանություն չի տալիս իրենց քրիստոնյա համարող, բայց իրականում «գաղջ» անհատներին (Սաղմոս 119։113; Յայտնութիւն 3։16)։ Քանի որ ամբողջ սրտով ծառայում ենք Եհովային, նա մեր ‘հովանին’ է և մեզ զորացնում է։ Նա ‘կանարգի բոլոր նրանց, որ հեռանում են’ իր կանոններից և գնում դեպի նենգությունն ու սուտը (Սաղմոս 119։114, 117, 118; Առակաց 3։32)։ Նա այդ ամբարիշտ մարդկանց համարում է «մետաղներու կղկղանք» (ԱԱ)՝ մետաղախարամ, որը հեռացվում է այնպիսի թանկարժեք մետաղներից, ինչպիսիք են, օրինակ, արծաթն ու ոսկին (Սաղմոս 119։119; Առակաց 17։3)։ Եկեք միշտ սիրենք Աստծու հիշեցումները։ Չէ՞ որ մենք չենք ցանկանում կործանման դատապարտված չարերի «մետաղախարամի» մեջ լինել։
12. Ինչո՞ւ է աստվածավախությունը կարևոր։
12 «Մարմինս դողում է քո [Եհովայի] ահիցը»,— ասաց սաղմոսերգուն (Սաղմոս 119։120)։ Եթե ուզում ենք, որ Աստված զորացնի մեզ որպես իր ծառաների, շատ կարևոր է Աստծու հանդեպ առողջ վախ ունենալ, որն արտահայտվում է նրանով, որ խուսափում ենք Աստծուն տհաճություն պատճառող բաներից։ Եհովայի հանդեպ ակնածալից վախը մղեց Հոբին արդար կյանքով ապրել (Յոբ 1։1; 23։15)։ Աստծու հանդեպ վախը մեզ էլ կօգնի մնալ աստվածահաճո ուղու վրա՝ անկախ այն բանից, թե ինչ դժվարությունների կդիմագրավենք։ Իսկ որպեսզի դիմագրավենք դրանց, պետք է հավատով ջերմեռանդորեն աղոթենք Աստծուն (Յակոբոս 5։15)։
Աղոթենք հավատով
13–15. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մեր աղոթքները կպատասխանվեն։ բ) Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ աղոթելու համար խոսքեր չենք գտնում։ գ) Պարզաբանեք, թե ինչ կապ կարող է լինել Սաղմոս 119։121–128 համարների և մեր «անբարբառ հառաչանք[ների]» միջև։
13 Մենք կարող ենք աղոթել Աստծուն՝ վստահ լինելով, որ նա կգործի հօգուտ մեզ (Սաղմոս 119։121–128)։ Սաղմոսերգուի նման՝ մենք վստահ ենք, որ մեր աղոթքները կպատասխանվեն։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստծու պատվիրանները «ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի» շատ ենք սիրում։ Նաև «ամէն բանի վրայով պատուիրած [Աստծու] բոլոր հրամաններ[ը] ուղիղ կը համարե[նք]» (Սաղմոս 119։127, 128, ԱԱ)։
14 Եհովան լսում է մեր աղաչանքը, քանի որ մենք աղոթում ենք նրան հավատով և հավատարմորեն կատարում ենք նրա հրամանները (Սաղմոս 65։2)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե երբեմն այնպիսի շփոթեցուցիչ խնդիրներ ենք ունենում, որ չենք կարողանում խոսքեր գտնել աղոթելու համար։ Այդ ժամանակ «ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում» (Հռովմայեցիս 8։26, 27)։ Այդպիսի դեպքերում Աստված իր Խոսքում եղած որոշ արտահայտություններ ընդունում է որպես աղոթքներ, որոնք արտահայտում են մեր կարիքները։
15 Գրությունները պարունակում են բազմաթիվ աղոթքներ և մտքեր, որոնք կարող են կապ ունենալ մեր «անբարբառ հառաչանք[ների]» հետ։ Քննենք, օրինակ, Սաղմոս 119։121–128-ը։ Այս համարներում նկարագրվածը գուցե համապատասխանի մեր հանգամանքներին։ Օրինակ՝ եթե վախենում ենք, որ մեզ ‘կհարստահարեն’ (ԱԱ), կարող ենք Աստծուց օգնություն խնդրել, ինչպես որ սաղմոսերգուն արեց (121–123 համարներ)։ Կամ ենթադրենք՝ շատ դժվար որոշման առջև ենք կանգնած։ Այդ դեպքում կարող ենք աղոթել, որ Եհովայի ոգին օգնի մեզ մեր միտքը բերել և կիրառել նրա հիշեցումները (124, 125 համարներ)։ Թեև մենք «ստութեան ամեն ճանապարհն ատում [ենք]», գուցե հարկ լինի Աստծուց օգնություն խնդրել, որ տեղի չտանք գայթակղությանը և չխախտենք նրա օրենքը (126–128 համարներ)։ Եթե ամեն օր կարդանք Աստվածաշունչը, ապա Եհովային աղոթելիս մեր միտքը այդպիսի օգտակար հատվածներ կգան։
Եհովայի հիշեցումները օգնում են
16, 17. ա) Ինչո՞ւ մենք Աստծու հիշեցումների կարիքն ունենք, և ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը դրանց նկատմամբ։ բ) Ի՞նչ վերաբերմունք գուցե ուրիշները ցույց տան մեր հանդեպ, սակայն ի՞նչն է գլխավորը։
16 Որպեսզի մեր աղոթքները լսվեն և Աստծուն հաճելի լինեն, մենք պետք է ուշադրություն դարձնենք նրա հիշեցումներին (Սաղմոս 119։129–136)։ Քանի որ մենք մոռանալու հակում ունենք, ուստի Եհովայի «զարմանալի» հիշեցումների կարիքն ունենք, որոնք մեր միտքն են բերում նրա հրահանգներն ու պատվիրանները։ Անշուշտ, մենք երախտապարտ ենք այն հոգևոր լույսի համար, որ սփռվում է Աստծու խոսքի ամեն մի նոր հասկացողության հետ (Սաղմոս 119։129, 130)։ Մենք նաև շնորհակալ ենք, որ Եհովան բարեհաճորեն ‘լուսավորում է իր երեսը մեզ վրա’, չնայած որ «ջրերի առուներ են վայր գալիս [մեր] աչքերիցը» այն պատճառով, որ ուրիշները խախտում են նրա օրենքը (Սաղմոս 119։135, 136; Թուոց 6։25)։
17 Մենք անշուշտ կարժանանանք Եհովայի մշտական հաճությանը, եթե պահենք նրա արդար հիշեցումները (Սաղմոս 119։137–144)։ Որպես Եհովայի ծառաներ՝ գիտակցում ենք, որ Եհովան իրավունք ունի մեր ուշադրությունը հրավիրելու իր արդար հիշեցումների վրա և ակնկալելու, որ ենթարկվենք իր պատվիրաններին (Սաղմոս 119։138)։ Իսկ ինչո՞ւ սաղմոսերգուն ասաց, թե՝ «ես ցած եւ անարգուած եմ», եթե հնազանդվում էր Աստծու պատվիրաններին (Սաղմոս 119։141)։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ այն, թե իր մասին ինչ կարծիք ունեն իր թշնամիները։ Եթե մենք անզիջում դիրք ենք բռնել արդարության հարցում, ապա ուրիշները գուցե մեզ արհամարհանքով վերաբերվեն։ Սակայն գլխավորն այն է, որ Եհովան մեզ բարեհաճությամբ է նայում, քանի որ ապրում ենք նրա արդար հիշեցումների համաձայն։
Ապահով և խաղաղ
18, 19. Ինչպիսի՞ն է լինում արդյունքը, երբ պահում ենք Աստծու հիշեցումները։
18 Եհովայի հիշեցումներին հետևելով՝ մենք մոտենում ենք նրան (Սաղմոս 119։145–152)։ Քանի որ ուշադրություն ենք դարձնում դրանց, ուստի ազատորեն կարող ենք նրան կանչել ողջ սրտով և ակնկալել, որ նա կլսի մեզ։ Մենք կարող ենք արթնանալ ‘կանուխ արշալույսին’ և օգնություն աղերսել նրանից։ Աղոթելու ի՜նչ հրաշալի ժամանակ (Սաղմոս 119։145–147)։ Նաև Եհովան մոտիկ է մեզ, քանի որ մենք հեռու ենք մնում անօրենությունից և նրա խոսքը ճշմարտություն ենք համարում (Սաղմոս 119։150, 151; Յովհաննէս 17։17)։ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները զորացնում են մեզ այս անհանգիստ աշխարհում և մեզ կօգնեն վերապրելու Արմագեդոն պատերազմից (Յայտնութիւն 7։9, 14; 16։13–16)։
19 Մենք իսկական ապահովություն ունենք, քանի որ հարգանք ենք տածում Աստծու խոսքի նկատմամբ (Սաղմոս 119։153–160)։ Ի տարբերություն ամբարիշտների՝ մենք «[Եհովայի] օրէնքիցը դուրս չե[նք] գալիս»։ Մենք սիրում ենք Աստծու հրամանները, ուստիև մեզ ապահով ենք զգում նրա սիրառատ բարության մեջ (Սաղմոս 119։157–159)։ Եհովայի հիշեցումները խթանում են մեր հիշողությունը, այնպես որ առանձնահատուկ իրավիճակներում գտնվելիս կարողանում ենք հիշել, թե ինչ է պահանջում Աստված մեզնից։ Իսկ Աստծու հրամանները ուղեցույց են, և մենք պատրաստակամորեն ընդունում ենք Արարչի՝ մեզ ուղղություն տալու իրավունքը։ Գիտենալով, որ Աստծու «խօսքի սկիզբը ճշմարտութիւն է», և որ մենք ինքներս չենք կարող ուղղություն տալ մեր քայլերին՝ ուրախությամբ ընդունում ենք Աստծու առաջնորդությունը (Սաղմոս 119։160; Երեմիա 10։23)։
20. Ինչո՞ւ ենք «շատ խաղաղութիւն» վայելում։
20 Եհովայի օրենքի հանդեպ սերը շատ խաղաղություն է տալիս մեզ (Սաղմոս 119։161–168)։ Հալածանքները չեն խլում մեզնից Աստծու անզուգական խաղաղությունը (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Մենք այնքան բարձր ենք գնահատում Եհովայի «դատաստանները» (ԱԱ), որ հաճախ՝ «օրը եօթն անգամ», օրհնում ենք նրան դրանց համար (Սաղմոս 119։161–164)։ «Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար,— երգեց սաղմոսերգուն.— եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար» (Սաղմոս 119։165)։ Եթե յուրաքանչյուրս սիրի ու պահի Եհովայի օրենքը, ապա հոգևոր առումով չի գայթակղվի ինչ–որ մեկի արարքից կամ որևէ այլ բանից։
21. Ո՞ր սուրբգրային օրինակներն են ցույց տալիս, որ մենք չպետք է գայթակղվենք, երբ դժվարություններ են առաջանում ժողովում։
21 Աստվածաշնչում հիշատակված շատ անհատներ թույլ չեն տվել, որ որևէ բան իրենց համար գայթակղություն լինի երկար ժամանակ։ Օրինակ՝ Դիոտրեփեսի ամբարիշտ վարքը չխոչընդոտեց քրիստոնյա Գայիոսին շարունակելու «ճշմարտության մէջ գն[ալ]» (Գ Յովհաննէս 1–3, 9, 10)։ Պողոսը երկու քրիստոնյա կանանց՝ Եվոդիային և Սյունտիքին, խրախուսեց, որ «միեւնոյնը խորհին Տէրումը». պատճառը, հավանաբար, նրանց միջև ծագած խնդիրն էր։ Ամենայն հավանականությամբ, նրանց օգնություն ցույց տրվեց խնդիրը լուծելու համար, և նրանք շարունակեցին հավատարմորեն ծառայել Եհովային (Փիլիպպեցիս 4։2, 3)։ Ուրեմն՝ մենք չպետք է գայթակղվենք, երբ ինչ–ինչ դժվարություններ են առաջանում ժողովում։ Եկեք մեր ուշադրությունը կենտրոնացնենք Եհովայի «հրամանները» (ԱԱ) պահելու վրա և հիշենք, որ ‘մեր բոլոր ճանապարհները նրա առաջ են’ (Սաղմոս 119։168; Առակաց 15։3)։ Այդ դեպքում ոչինչ չի կարող երկար ժամանակով խլել մեր «շատ խաղաղութիւն[ը]»։
22. ա) Եթե հնազանդվենք Աստծուն, ի՞նչ առանձնաշնորհում կունենանք։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր ‘մոլորվել’ են քրիստոնեական ժողովից։
22 Եթե միշտ հնազանդվենք Եհովային, ապա նրան շարունակաբար օրհնելու առանձնաշնորհում կունենանք (Սաղմոս 119։169–176)։ Աստծու կանոններով ապրելով՝ հոգևոր ապահովություն կունենանք, և ‘մեր շրթունքներից օրհնություն կբխի’ Եհովային (Սաղմոս 119։169–171, 174)։ Դա ամենամեծ առանձնաշնորհումն է, որ կարող ենք ունենալ այս վերջին օրերում։ Սաղմոսերգուն ցանկանում էր ապրել և օրհնել Եհովային, սակայն ինչ–որ անհայտ պատճառով նա «մոլորուե[լ էր] ինչպէս կորած ոչխար» (Սաղմոս 119։175, 176)։ Ոմանք, որ ‘մոլորվել’ են քրիստոնեական ժողովից հնարավոր է դեռ սիրում են Աստծուն և ցանկանում են փառաբանել նրան։ Եկեք, ուրեմն, մեր կարողության չափով ամեն բան անենք, որ օգնենք նրանց վերականգնելու իրենց հոգևոր ապահովությունը և վայելելու այն ուրախությունը, որ գալիս է Եհովային իր ժողովրդի հետ փառաբանելուց (Եբրայեցիս 13։15; Ա Պետրոս 5։6, 7)։
Մշտական լույս մեր ճանապարհի համար
23, 24. Ի՞նչ օգուտներ ես քաղում 119–րդ սաղմոսից։
23 119–րդ սաղմոսը կարող է շատ հարցերում օգտակար լինել մեզ։ Օրինակ՝ այն կարող է օգնել մեզ ավելի շատ ապավինելու Աստծուն, քանի որ ցույց է տալիս, որ իսկական երջանկությունը բխում է ‘Եհովայի օրենքում գնալուց’ (Սաղմոս 119։1)։ Սաղմոսերգուն մեզ հիշեցնում է, որ Աստծու «խօսքի սկիզբը ճշմարտութիւն է» (Սաղմոս 119։160)։ Դա անշուշտ ավելի է մեծացնում Աստծու ամբողջ գրավոր Խոսքի համար մեր երախտագիտությունը։ Խորհրդածելով 119–րդ սաղմոսի շուրջ՝ մենք, անշուշտ, կցանկանանք ժրաջանորեն ուսումնասիրել Գրությունները։ Սաղմոսերգուն բազմիցս աղաչեց Աստծուն. «Սովորեցրու ինձ քո հրամանները [«կանոններդ», ԱԱ]» (Սաղմոս 119։12, 68, 135)։ Նա նաև խնդրեց. «Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին» (Սաղմոս 119։66)։ Մենք էլ պետք է այդպես աղոթենք։
24 Աստվածային ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու։ Սաղմոսերգուն ոչ մեկ անգամ իրեն անվանեց Աստծու ծառա։ Ավելին, նա Եհովային դիմեց այսպիսի հուզիչ խոսքերով. «Քոնն եմ ես» (Սաղմոս 119։17, 65, 94, 122, 125; Հռովմայեցիս 14։8)։ Ի՜նչ հրաշալի առանձնաշնորհում ունենք մենք ծառայելու և փառաբանելու Եհովային՝ որպես նրա Վկաներ (Սաղմոս 119։7)։ Իսկ դու ուրախությամբ ծառայո՞ւմ ես Աստծուն՝ քարոզելով նրա Թագավորության մասին։ Եթե այո, ապա կարող ես վստահ լինել, որ Եհովան կշարունակի աջակցել ու օրհնել քեզ այս առանձնաշնորհյալ գործի մեջ, եթե միշտ վստահես նրա խոսքին և թույլ տաս, որ այն լուսավորի քո ճանապարհը։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծու խոսքը։
• Ինչպե՞ս է Աստծու խոսքը զորացնում մեզ։
• Ո՞ր հարցերում են մեզ օգնում Եհովայի հիշեցումները։
• Ինչի՞ շնորհիվ է Եհովայի ժողովուրդը ապահով ու խաղաղ։
[նկար 16–րդ էջի վրա]
Աստծու խոսքը հոգևոր լույսի աղբյուր է
[նկար 17–րդ էջի վրա]
Եթե մենք սիրում ենք Եհովայի հիշեցումները, ապա նա երբեք մեզ «մետաղախարամ» չի համարի
[նկարներ 18–րդ էջի վրա]
Եթե ամեն օր կարդանք Աստվածաշունչը, ապա աղոթելիս Աստծու Խոսքից օգտակար հատվածներ կգան մեր միտքը