Եհովայի մեծությունն անքննելի է
«Մեծ ու խիստ գովելի է Տէրը ու անոր մեծութիւնը անքննելի է» (ՍԱՂՄՈՍ 145։3, ԱԱ)։
1, 2. Ինչպիսի՞ անձնավորություն էր Դավիթը, և ինչպե՞ս էր նա դիտում ինքն իրեն՝ համեմատած Աստծո հետ։
ԱՅՆ անհատը, որ կազմել է 145–րդ սաղմոսը, պատմության անվանի մարդկանցից է։ Դեռ պատանի հասակում նա կարողացավ սպանել մի զինված հսկայի։ Լինելով ռազմիկ թագավոր՝ այս սաղմոսերգուն ծնկի բերեց բազմաթիվ թշնամիների։ Նրա անունը Դավիթ էր. նա հին Իսրայելի երկրորդ թագավորն էր։ Դավիթը մահացավ, բայց նրա հռչակը մնաց, այնպես որ նույնիսկ այսօր միլիոնավոր մարդիկ նրա մասին որոշ տեղեկություններ ունեն։
2 Չնայած իր նվաճումներին՝ Դավիթը խոնարհ մարդ էր։ Եհովայի մասին նա երգեց. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8։3, 4)։ Դավիթը չխորհեց, թե ինքը մեծ է։ Դրա փոխարեն՝ նա խորհեց, որ Եհովան է իրեն ազատել իր բոլոր թշնամիներից, ու նրա մասին ասաց. «Դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, ու քո պատասխանելը [«խոնարհությունը», ՆԱ] մեծացրեց ինձ» (Բ Թագաւորաց 22։1, 2, 36)։ Եհովան խոնարհություն է դրսևորում՝ գթասրտորեն վերաբերվելով մեղավորներին, և Դավիթը երախտապարտ էր Աստծուն նրա ցուցաբերած շնորհի համար։
‘Բարձր կանեմ քեզ, ով Աստված, Թագավոր’
3. ա) Ըստ Դավիթի՝ ո՞վ էր իրականում Իսրայելի թագավորը։ բ) Որքա՞ն մեծ էր Դավիթի ցանկությունը փառաբանելու Եհովային։
3 Թեև Դավիթը թագավոր էր նշանակվել Աստծո կողմից, այնուամենայնիվ, նա Եհովային էր համարում Իսրայելի իսկական թագավորը։ Դավիթն ասում է. «Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան» (Ա Մնացորդաց 29։11)։ Հապա որքա՜ն բարձր էր գնահատում Դավիթը Աստծուն՝ որպես Կառավարչի։ «Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր,— երգեց նա,— եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։ Ամեն օր կ’օրհնեմ քեզ, եւ քո անունը կ’գովեմ յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 145։1, 2)։ Դավիթի մեծ ցանկությունն էր ամեն օր և հավիտյան փառաբանել Եհովա Աստծուն։
4. 145–րդ սաղմոսը ո՞ր կեղծ պնդումներն է մերկացնում։
4 145–րդ սաղմոսը զորավոր պատասխան է Սատանայի այն պնդմանը, թե Աստված մի եսասեր կառավարիչ է, որն իր արարածներին զրկում է ազատությունից (Ծննդոց 3։1–5)։ Այս սաղմոսը նաև մերկացնում է Սատանայի այն սուտը, թե նրանք, ովքեր հնազանդվում են Աստծուն, դա անում են զուտ այն պատճառով, որ Աստծուց շահ ունեն, և ոչ թե, որ սիրում են նրան (Յոբ 1։9–11; 2։4, 5)։ Դավիթի պես, այսօր ճշմարիտ քրիստոնյաները պատասխան են տալիս Սատանայի կեղծ մեղադրանքներին։ Նրանք շատ թանկ են գնահատում հավիտենական կյանքի հույսը Թագավորության իշխանության ներքո, քանի որ ցանկանում են փառաբանել Եհովային ողջ հավիտենության ընթացքում։ Արդեն այսօր միլիոնավոր մարդիկ՝ որպես նվիրված ու մկրտված ծառաներ, փառաբանում են նրան. նրանք հավատ են ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանը ու սիրելով Եհովային՝ նրան հնազանդորեն ծառայում են (Հռովմայեցիս 5։8; Ա Յովհաննէս 5։3)։
5, 6. Եհովային օրհնելու ու փառաբանելու ի՞նչ առիթներ կան։
5 Խորհիր, թե մենք՝ որպես Եհովայի ծառաներ, որքան շատ առիթներ ունենք օրհնելու ու փառաբանելու նրան։ Մենք կարող ենք դա անել աղոթքի միջոցով, օրինակ՝ երբ մեզ խիստ հուզել է մի ինչ–որ միտք նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Մեր սիրտը կարող է ցանկանալ փառաբանել ու շնորհակալություն հայտնել Աստծուն, երբ տեսնում ենք, թե ինչպես է Աստված վարվում իր ժողովրդի հետ, կամ երբ նրա մի որևէ չքնաղ արարչագործություն մեզ տպավորում է։ Մենք Եհովա Աստծուն օրհնում ենք նաև այն դեպքում, երբ խոսում ենք նրա նպատակների մասին քրիստոնեական հանդիպումների ժամանակ կամ մասնավոր զրույցներում։ Ըստ էության, այն բոլոր «բարի գործերը», որ անում ենք հանուն Աստծո Թագավորության, փառք է բերում Եհովային (Մատթէոս 5։16)։
6 Վերջին ժամանակներում նման բարի գործերի օրինակ են հանդիսանում բազմաթիվ երկրպագության վայրերի շինարարությունները աղքատ երկրներում։ Այդ շինարարությունների մեծ մասն իրականացվում է այն հավատակիցների ֆինանսական աջակցության շնորհիվ, որոնք ապրում են ուրիշ երկրներում։ Որոշ քրիստոնյաներ իրենց օգնությունը տրամադրում են նրանով, որ կամավորապես մեկնում են այդ վայրերը ու մասնակցում Թագավորության սրահների շինարարությանը։ Իսկ բոլոր բարի գործերից ամենակարևորը Եհովային փառաբանելն է՝ նրա Թագավորության բարի լուրը քարոզելով (Մատթէոս 24։14)։ Ինչպես 145–րդ սաղմոսի մյուս համարներն են ցույց տալիս, Դավիթը հասկանում և բարձր էր գնահատում Եհովայի իշխանությունը ու գովաբանում էր նրան՝ որպես Թագավորի (Սաղմոս 145։11, 12)։ Դու է՞լ նման գնահատանք ունես Աստծո՝ սիրով լի իշխանության հանդեպ։ Կանոնավորաբար խոսո՞ւմ ես մարդկանց հետ նրա Թագավորության մասին։
Աստծո մեծության օրինակներ
7. Ո՞րն է Եհովային գովելու գլխավոր պատճառը։
7 Սաղմոս 145։3–ը ասում է, թե որն է Եհովային գովելու գլխավոր պատճառը։ Դավիթը երգում է. «Մեծ ու խիստ գովելի է Տէրը ու անոր մեծութիւնը անքննելի է» (ԱԱ)։ Եհովայի մեծությունը սահման չունի։ Մարդիկ չեն կարող լիովին ուսումնասիրել, ըմբռնել ու չափել նրա մեծությունը։ Բայց մենք, անշուշտ, օգուտներ կքաղենք՝ դիտարկելով Եհովայի անքննելի մեծության որոշ օրինակներ։
8. Ի՞նչ է տիեզերքը փաստում Եհովայի մեծության ու զորության մասին։
8 Փորձիր հիշել այն գիշերը, երբ հեռու գտնվելով քաղաքի պայծառ լույսերից՝ դիտում էիր անամպ երկինքը։ Մի՞թե չէիր զմայլվում անհամար աստղերով, որոնք հստակ երևում էին երկնքի սև ֆոնի վրա։ Մի՞թե սիրտդ չէր մղվում փառաբանելու Եհովային իր մեծության համար, որն արտացոլված էր այդ բոլոր երկնային մարմինների մեջ։ Բայց քո տեսածը ընդամենը մի փոքրիկ մասնիկն է այն գալակտիկայի, որին պատկանում է երկրագունդը։ Բացի այդ, ըստ որոշ հաշվարկների՝ հարյուր միլիարդավոր գալակտիկաներ կան, որոնցից միայն երեքը կարելի է անզեն աչքով տեսնել։ Այո՛, անհամար աստղերն ու գալակտիկաները, որ կազմում են հսկայածավալ տիեզերքը, վկայում են Եհովայի արարչագործական ուժի ու անքննելի մեծության մասին (Եսայիա 40։26)։
9, 10. ա) Եհովայի մեծության ո՞ր կողմերը երևան եկան Հիսուս Քրիստոսի առնչությամբ։ բ) Հիսուսի հարություն առնելու փաստը ինչպե՞ս պետք է ազդի մեր հավատի վրա։
9 Քննենք Եհովայի մեծության այլ երեսակներ. դրանք վերաբերում են Հիսուս Քրիստոսին։ Աստված իր մեծությունը ցույց տվեց՝ ստեղծելով իր Որդուն և միլիարդավոր տարիներ օգտագործելով նրան որպես իր ‘ճարտարապետի’ (Առակաց 8։22–31)։ Եհովայի սիրո մեծությունը երևաց, երբ նա իր միածին Որդուն տվեց որպես քավիչ զոհաբերություն հանուն մարդկանց (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Ա Յովհաննէս 2։1, 2)։ Իսկ այն փառավոր ու անմահ ոգեղեն մարմինը, որ Եհովան տվեց Հիսուսին վերջինիս հարություն առնելու ժամանակ, մարդկային հասկացողությունից վեր է (Ա Պետրոս 3։18)։
10 Հիսուսի հարության հետ կապված են Եհովայի անքննելի մեծության շատ տպավորիչ կողմեր։ Աստված, անկասկած, վերականգնեց Հիսուսի հիշողությունը, և Հիսուսն ի վիճակի էր հիշել այն գործերը, որոնք առնչվում էին թե՛ անտեսանելի և թե՛ տեսանելի բաների արարչությանը (Կողոսացիս 1։15, 16)։ Դրանց մեջ են մտնում ոգեղեն արարածները, տիեզերքը, բարեբեր երկիրը ու մեր մոլորակի վրա կյանքի գոյություն ունեցող բոլոր ձևերը։ Բացի այն, որ Եհովան վերականգնեց իր Որդու բոլոր այն գիտելիքները երկնային ու երկրային կյանքի վերաբերյալ, որ նա ուներ մինչև երկիր գալը, Աստված Հիսուսի հիշողությանը ավելացրեց նաև այն ամենը, ինչ որ Հիսուսը ապրել էր կատարյալ մարդ եղած ժամանակ։ Այո՛, Եհովայի անքննելի մեծությունն ակնհայտորեն երևում է Հիսուսի հարություն առնելու մեջ։ Ավելին, այդ մեծ քայլը ցույց է տալիս, որ մյուս մարդկանց հարություն առնելը հնարավոր է։ Դա պետք է է՛լ ավելի ամուր դարձնի մեր հավատը առ այն, որ Աստված կարող է կյանքի վերադարձնել այն միլիոնավոր մահացածներին, որոնք գտնվում են իր կատարյալ հիշողության մեջ (Յովհաննէս 5։28, 29; Գործք 17։31)։
Հրաշալի ու զորավոր գործեր
11. Մ.թ. 33–ի Պենտեկոստեին ի՞նչ զորավոր գործ ձեռնարկեց Եհովան։
11 Հիսուսի հարությունից հետո Եհովան շատ այլ մեծ ու հրաշալի գործեր է արել (Սաղմոս 40։5)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին Եհովան նոր ազգ ստեղծեց՝ ‘Աստծո Իսրայելը’, որի մեջ մտնում էին Հիսուսի այն աշակերտները, ովքեր օծվել էին սուրբ ոգով (Գաղատացիս 6։16)։ Այս նոր ազգը զորավոր ձևով տարածվեց այն ժամանակ հայտնի ողջ աշխարհով մեկ։ Չնայած հավատուրացությանը, որի միջոցով առաջ եկավ քրիստոնեական աշխարհը Հիսուսի առաքյալների մահից հետո՝ Եհովան շարունակեց հրաշալի գործեր անել իրականացնելու համար իր նպատակը։
12. Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ Աստվածաշունչը մատչելի է երկրագնդի բոլոր հիմնական լեզուներով։
12 Օրինակ՝ ամբողջ Աստվածաշունչը պահպանվեց և ի վերջո թարգմանվեց երկրագնդի ներկայիս բոլոր հիմնական լեզուներով։ Աստվածաշնչի թարգմանությունը հաճախ տեղի է ունեցել դժվար պայմաններում, Սատանայի գործակալների կողմից մահվան սպառնալիքի ներքո։ Անկասկած, Աստվածաշնչի՝ ավելի քան 2 000 լեզուներով թարգմանությունը չէր կարող իրականացվել, եթե դա անքննելիորեն մեծ Եհովա Աստծո կամքը չլիներ։
13. 1914 թ.–ից սկսած՝ ինչպե՞ս է Եհովայի մեծությունը դրսևորվել Թագավորության հետ կապված նրա նպատակների առումով։
13 Եհովայի մեծությունը դրսևորվել է Թագավորության հետ կապված իր նպատակների առումով։ Օրինակ՝ 1914 թ.–ին նա իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, նշանակեց որպես երկնային Թագավոր։ Դրանից կարճ ժամանակ անց Հիսուսը քայլեր ձեռնարկեց Սատանայի ու նրա դևերի դեմ։ Նրանք վտարվեցին երկնքից դեպի երկրի մերձակայքը և սպասում են անդունդի մեջ գցվելուն (Յայտնութիւն 12։9–12; 20։1–3)։ Այդ ժամանակվանից սկսած՝ Հիսուսի օծյալ հետևորդները կրել են հալածանքներ, որոնք գնալով ավելի են ուժեղացել։ Բայց Եհովան պաշտպանել է նրանց այս՝ Քրիստոսի անտեսանելի ներկայության ժամանակներում (Մատթէոս 24։3; Յայտնութիւն 12։17)։
14. Ի՞նչ հիանալի գործ Եհովան արեց 1919 թ.–ին, և արդյունքն ի՞նչ եղավ։
14 1919 թ.–ին Եհովան մեկ այլ հրաշալի գործ արեց, որում երևաց նրա մեծությունը։ Հիսուսի օծյալ հետևորդները, որոնք հոգևոր անգործության էին մատնվել, կրկին աշխուժացան (Յայտնութիւն 11։3–11)։ Այդ ժամանակից ի վեր օծյալները եռանդորեն քարոզում են բարի լուրը երկնքում հիմնված Թագավորության մասին։ 144 000 թիվը լրացնելու համար ուրիշ օծյալներ էլ հավաքվեցին (Յայտնութիւն 14։1–3)։ Քրիստոսի օծյալ հետևորդների միջոցով Եհովան հիմք դրեց մի ‘նոր երկրի’՝ մարդկային արդար հասարակության (Յայտնութիւն 21։1)։ Բայց ի՞նչ կպատահի այդ ‘նոր երկրին’, երբ բոլոր հավատարիմ օծյալները երկինք գնան։
15. Ի՞նչ գործ գլխավորեցին օծյալ քրիստոնյաները, և ի՞նչ արդյունքով։
15 «Դիտարան» պարբերագրի 1935 թ. օգոստոսի 1–ի ու 15–ի համարներում տպագրված գլխավոր հոդվածները խոսում էին «մեծ բազմության» (ԱԱ) մասին, որը հիշատակվում է «Յայտնութիւն» գրքի 7–րդ գլխում։ Օծյալ քրիստոնյաները սկսեցին եռանդորեն փնտրել ու իրենց շուրջը համախմբել իրենց հավատակիցներին բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից։ «Մեծ բազմության» անդամները կվերապրեն մոտալուտ ‘մեծ նեղությունը’ և հավիտյան կապրեն Դրախտում՝ լինելով ‘նոր երկրի’ մշտական անդամներ (Յայտնութիւն 7։9–14)։ Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործի շնորհիվ, որը գլխավորում են օծյալ քրիստոնյաները, ներկայումս ավելի քան վեց միլիոն մարդ հույս է փայփայում ապրել անվերջ կյանքով երկրային դրախտում։ Ո՞վ պետք է գովասանքի արժանանա այդ աճի համար, որը տեղի ունեցավ՝ չնայած Սատանայի ու նրա ապականված աշխարհի հալածանքին (Ա Յովհաննէս 5։19)։ Միայն Եհովան կարող էր իրականացրել այդ բոլորը իր սուրբ ոգու միջոցով (Եսայիա 60։22; Զաքարիա 4։6)։
Եհովայի փառավոր մեծությունը
16. Ինչո՞ւ մարդիկ չեն կարող բառացիորեն տեսնել ‘Եհովայի փառավոր մեծությունը’։
16 Եհովայի հրաշալի ու զորավոր գործերը, ինչպիսին էլ որ լինեն, երբեք չեն մոռացվի։ Դավիթը գրեց. «Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. եւ կ’պատմեն քո զօրութիւնները։ Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ։ Քո ահաւոր զօրութեան մասին կը խօսեն. եւ ես քո մեծութիւնը կը պատմեմ» (Սաղմոս 145։4–6)։ Սակայն որքա՞ն շատ Դավիթը կարող էր իմանալ Եհովայի փառավոր մեծության մասին, եթե «Աստուած Հոգի է» և, հետևաբար, անտեսանելի՝ մարդկային աչքի համար (Յովհաննէս 1։18; 4։24)։
17, 18. Դավիթն ինչպե՞ս կարող էր է՛լ ավելի գնահատել ‘Եհովայի փառավոր մեծությունը’։
17 Դավիթը, թեև չէր կարող տեսնել Աստծուն, այնուամենայնիվ, հնարավորություններ ուներ է՛լ ավելի մեծ գնահատանք տածելու Եհովայի մեծության հանդեպ։ Օրինակ՝ նա կարող էր Գրություններում կարդալ Աստծո զորավոր գործերի մասին, ինչպես՝ ամբարիշտ աշխարհի կործանումը համաշխարհային ջրհեղեղի միջոցով։ Շատ հավանական է, որ Դավիթը գիտեր, թե Եգիպտոսի կեղծ կուռքերն ինչպես էին նվաստացել, երբ Աստված ազատել էր իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից։ Նման իրադարձությունները վկայում են Եհովայի մեծության մասին։
18 Անկասկած, Դավիթն ավելացրեց իր գնահատանքը Եհովայի մեծության հանդեպ ոչ միայն կարդալով Գրությունները, այլև դրանց շուրջ խորհրդածելով։ Օրինակ՝ նա գուցե խորհել էր, թե ինչ պատահեց, երբ Եհովան Իսրայել ազգին տվեց Օրենքը։ Այն ժամանակ եղան որոտումներ, կայծակներ, թանձր ամպ ու եղջերափողի զիլ ձայն։ Սինա լեռը ցնցվում ու ծխում էր։ Իսրայելացիները, որ հավաքվել էին լեռան ստորոտում, նույնիսկ լսեցին «այն տասը խօսքերը» կրակի ու ամպի միջից, երբ Եհովան խոսեց նրանց հետ հրեշտակի միջոցով (Բ Օրինաց 4։32–36; 5։22–24; 10։4; Ելից 19։16–20; Գործք 7։38, 53)։ Եհովայի շքեղության ինչպիսի՜ դրսևորում։ Աստծո Խոսքը սիրող մարդիկ, ովքեր խորհրդածում են այս դեպքերի շուրջ, պարզապես չեն կարող անտարբեր լինել ‘Եհովայի փառավոր մեծության’ հանդեպ։ Այսօր մենք ունենք ամբողջ Աստվածաշունչը, որտեղ գրված է տարբեր փառավոր տեսիլքների մասին։ Դրանք խորապես տպավորում են մեզ այն առումով, թե որքան մեծ է Եհովան (Եզեկիէլ 1։26–28; Դանիէլ 7։9, 10; «Յայտնութիւն», 4–րդ գլուխ)։
19. Ի՞նչը կավելացնի մեր գնահատանքը Եհովայի մեծության հանդեպ։
19 Դավիթը Եհովայի մեծությամբ նաև կարող էր տպավորվել՝ ուսումնասիրելով այն օրենքները, որ Աստված տվել էր իսրայելացիներին (Բ Օրինաց 17։18–20; Սաղմոս 19։7–11)։ Եհովայի օրենքներին հնազանդվելը վեհացնում էր Իսրայել ազգին ու առանձնացնում նրան հարևան ժողովուրդներից (Բ Օրինաց 4։6–8)։ Ինչպես որ Դավիթի դեպքում էր, մեր դեպքում ևս Եհովայի մեծության հանդեպ մեր գնահատանքը կավելանա, եթե կանոնավորաբար կարդանք Գրությունները, հանգամանորեն խորհրդածենք դրանց շուրջ և ջանասիրաբար ուսումնասիրենք դրանք։
Որքա՜ն վեհ են Աստծո հատկությունները
20, 21. ա) Եհովայի ո՞ր հատկությունների հետ կապված է գովաբանվում նրա մեծությունը Սաղմոս 145։7–9-ում։ բ) Ի՞նչ ազդեցություն են թողնում աստվածասեր մարդկանց վրա Աստծո այն հատկությունները, որ հիշատակվում են այս պարբերություններում։
20 Ինչպես տեսանք, 145–րդ սաղմոսի առաջին վեց համարները մեզ ծանրակշիռ հիմքեր են տալիս, որ փառաբանենք Եհովային իր այն գործերի համար, որոնք երևան են հանում նրա անքննելի մեծությունը։ 7–9 համարներում Դավիթը գովաբանում է Աստծո մեծությունը՝ խոսելով նրա հատկությունների մասին։ Նա երգում է. «Քո շատ քաղցրութեան [«բարերարութեան», ԱԱ] յիշատակը կ’հրատարակեն. եւ ցնծութիւնով կը պատմեն քո մեծութիւնը [‘արդարությունը’, ԱԱ]։ Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։ Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է»։
21 Այստեղ Դավիթը նախ շեշտում է Եհովայի բարերարությունն ու արդարությունը. հատկություններ, որոնք Բանսարկու Սատանան հարցականի տակ է դրել։ Ի՞նչ ազդեցություն են թողնում այս հատկությունները բոլոր նրանց վրա, ովքեր սիրում են Աստծուն ու հնազանդվում են նրա իշխանությանը։ Այո, Եհովայի բարերարությունն ու նրա կառավարման արդար ձևը այնպիսի ուրախություն են բերում իր երկրպագուներին, որ նրանք պարզապես չեն կարող չփառաբանել նրան։ Ավելին, Եհովայի բարերարությունը «ամենի համար» է։ Հուսով ենք, որ այս հանգամանքը շատ–շատերին կօգնի, քանի դեռ ուշ չէ, զղջալու և դառնալու ճշմարիտ Աստծո երկրպագու (Գործք 14։14–16)։
22. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր ծառաներին։
22 Դավիթը նաև գնահատեց Աստծո այն հատկությունները, որոնք Աստված ինքը հայտնեց, երբ «[Մովսեսի] առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34։6)։ Ուստի Դավիթը կարող էր ասել. «Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ»։ Թեև Եհովան անքննելիորեն մեծ է, նա իր երկրային ծառաներին պատվում է՝ նրանց հետ վարվելով ողորմածաբար՝ կարեկցանքով։ Նա լի է գթությամբ՝ պատրաստ ներելու զղջամիտ մեղավորներին Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա։ Եհովան նաև երկայնամիտ է, քանզի իր ծառաներին հնարավորություն է տալիս հաղթահարել այն թուլությունները, որոնք կարող են խոչընդոտել իրենց մտնելու արդար նոր աշխարհ (Բ Պետրոս 3։9, 13, 14)։
23. Աստծո ո՞ր չքնաղ հատկությունը կքննարկենք հաջորդ հոդվածում։
23 Դավիթը գովաբանում է Աստծուն, որ նա բազումողորմ է։ Փաստորեն, 145–րդ սաղմոսի մնացած մասը խոսում է այն մասին, թե ինչպես է Եհովան դրսևորում այս հատկությունը, ու թե ինչպես են նրա հավատարիմ ծառաները պատասխանում նրան այդ հատկության ցուցաբերման համար։ Հաջորդ հոդվածում կխոսվի այս մասին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ հնարավորություններ կան «ամեն օր» փառաբանելու Եհովային։
• Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովայի մեծությունն անքննելի է։
• Ինչպե՞ս կարող ենք ավելացնել մեր գնահատանքը Եհովայի փառավոր մեծության հանդեպ։
[նկար 10–րդ էջի վրա]
Տիեզերքի գալակտիկաները վկայում են Եհովայի մեծության մասին
[թույլտվությամբ]
Courtesy of Anglo-Australian Observatory, photograph by David Malin
[նկար 12–րդ էջի վրա]
Եհովայի մեծությունն ինչպե՞ս է երևում Հիսուս Քրիստոսի առնչությամբ
[նկար 13–րդ էջի վրա]
Իսրայելացիները, Սինա սարի մոտ ստանալով Օրենքը, տեսան Եհովայի փառավոր մեծությունը