Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ
Աստվածաշնչի պատասխանը
Դու կարող ես Աստծուն ավելի լավ ճանաչել՝ սովորելով նրա մասին և անելով նրան հաճելի գործեր։ Այդ դեպքում Աստված «կմոտենա» քեզ (Հակոբոս 4։8)։ Աստվածաշունչը նաև հավաստիացնում է, որ «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։
Ինչ է հարկավոր անել Աստծուն ճանաչելու համար
Կարդա Աստվածաշունչը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթեոս 3։16)։
Նշանակությունը։ Աստվածաշնչի հեղինակը Աստված է։ Նա իր մտքերը փոխանցել է Աստվածաշունչը գրողներին։ Այս յուրօրինակ գրքի միջոցով Աստված հայտնել է իր կամքը մեր առնչությամբ։ Նա նաև հայտնել է, թե ինչ հատկություններ ունի, օրինակ՝ սեր, արդարություն, գթասրտություն (Ելք 34։6; 2 Օրենք 32։4)։
Ինչ կարող ես անել: Ամեն օր ընթերցիր Աստվածաշունչը (Հեսու 1։8)։ Խորհրդածիր կարդացածիդ շուրջ և հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ սրանից սովորում Աստծու էության մասին» (Սաղմոս 77։12)։
Օրինակ՝ կարդա Երեմիա 29։11-ը և հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ ապագա է Աստված ուզում, որ ունենամ՝ խաղա՞ղ, թե՞ դժվարություններով լի։ Արդյո՞ք նա ոխակալ Աստված է, թե՞ ուզում է, որ լավ ապագա ունենամ»։
Ուշադրություն դարձրու ստեղծագործությանը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «[Աստծու] անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։
Նշանակությունը։ Ճիշտ ինչպես արվեստի գործը կարող է շատ բան ասել իր հեղինակի, իսկ բարդ մեխանիզմը՝ իր գյուտարարի մասին, այնպես էլ արարչագործությունը կարող է բացահայտել Աստծու էությունը։ Մարդու ուղեղի հնարավորությունները և բարդ կառուցվածքը երևան են հանում Աստծու իմաստությունը, իսկ արևի և մյուս աստղերի էներգիան խոսում է նրա զորության մասին (Սաղմոս 104։24; Եսայիա 40։26)։
Ինչ կարող ես անել։ Ժամանակ տրամադրիր, որ ուսումնասիրես բնությունը։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է հրաշագեղ բնությունը հայտնում Աստծու մասին»։a Ճիշտ է, բնությունը մեզ շատ բան է պատմում Աստծու վերաբերյալ, սակայն այն չի կարող ամեն ինչ հայտնել մեր Արարչի մասին։ Դրա համար էլ նա մեզ տվել է Աստվածաշունչը։
Օգտագործիր Աստծու անունը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ» (Սաղմոս 91։14, 15)։
Նշանակությունը։ Աստված, ում անունը Եհովա է, հատուկ ուշադրության է արժանացնում նրանց, ովքեր գիտեն իր անունը և այն օգտագործում են հարգանքովb (Սաղմոս 83։18; Մաղաքիա 3։16)։ Հայտնելով իր անունը՝ Աստված ծանոթացել է մեզ հետ. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։
Ինչ կարող ես անել։ Աստծուն դիմելիս օգտագործիր նրա անունը։
Աղոթքով խոսիր Եհովայի հետ
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։
Նշանակությունը։ Եհովան մոտենում է նրանց, ովքեր հավատով աղոթում են նրան։ Աղոթքը երկրպագության ձև է, որի միջոցով ցույց ենք տալիս մեր խոր հարգանքն Աստծու հանդեպ։
Ինչ կարող ես անել։ Հաճախ աղոթիր Աստծուն (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Պատմիր նրան քո մտահոգությունների և զգացմունքների մասին (Սաղմոս 62։8)։c
Հավատ զարգացրու Աստծու հանդեպ
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։
Նշանակությունը։ Աստծուն մոտենալու համար մենք պետք է հավատ ունենանք։ Ըստ Աստվածաշնչի՝ հավատ ունենալ ավելին է նշանակում, քան պարզապես հավատալ Աստծու գոյությանը։ Դա նաև նշանակում է անվերապահորեն վստահել նրան՝ համոզված լինելով, որ նա կկատարի իր խոստումները, և որ նրա չափանիշները ամենաիմաստունն են։ Վստահությունը խիստ անհրաժեշտ է լավ փոխհարաբերության համար։
Ինչ կարող ես անել։ Իսկական հավատի հիմքը գիտելիքներն են (Հռոմեացիներ 10:17)։ Ուստի ուսումնասիրիր Աստվածաշունչը, որպեսզի փաստեր գտնես և հավաստիանաս, որ կարող ես վստահել Աստծուն և նրա խորհուրդներին։ Եհովայի վկաները մեծ ուրախությամբ կօգնեն քեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։d
Արա այն, ինչ հաճելի է Աստծուն
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3)։
Նշանակությունը։ Եհովան մոտ է նրանց, ովքեր իրենց սերն են դրսևորում նրա հանդեպ՝ ջանք չխնայելով, որ հնազանդվեն նրա պատվիրաններին։
Ինչ կարող ես անել։ Աստվածաշունչն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրու, թե ինչն է Աստծուն դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ փոփոխություններ կարող եմ անել, որ հաճեցնեմ իմ Արարչին» (1 Թեսաղոնիկեցիներ 4։1)։
Այս խորհուրդը կիրառելով՝ կզգաս Աստծու հոգատարությունը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ [Աստված] բարի է» (Սաղմոս 34։8)։
Նշանակությունը: Աստված հրավիրում է քեզ անձամբ համոզվել, թե որքան բարի է նա։ Երբ զգաս նրա սերն ու աջակցությունը, կցանկանաս մտերմանալ նրա հետ։
Ինչ կարող ես անել։ Կարդա Աստվածաշունչը և կիրառիր Աստծու խորհուրդները. այդպես կտեսնես դրանց օգուտները (Եսայիա 48։17, 18)։ Նաև ուսումնասիրիր իրական դեպքերը այն մարդկանց մասին, որոնք Աստծու օգնությամբ հաղթահարել են դժվարություններ, բարելավել են իրենց ու իրենց ընտանիքի կյանքը և իսկական երջանկություն են գտել։e
Սխալ կարծիքներ Աստծուն ճանաչելու վերաբերյալ
Սխալ կարծիք։ «Աստված այնքան զորեղ է, այնքան փառավոր, որ դժվար թե հետաքրքրված լինի ինձանով»։
Փաստ: Թեև Աստված ամենահզոր ու ամենափառավոր Անձնավորությունն է ողջ տիեզերքում, սակայն նա հրավիրում է մեզ մտերմանալ իր հետ։ Սուրբ Գրքում կան շատ տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր դարձել են նրա մտերիմ ընկերները (Գործեր 13։22; Հակոբոս 2։23)։
Սխալ կարծիք։ Մենք չենք կարող ճանաչել Աստծուն, քանի որ նա առեղծված է։
Փաստ։ Աստծու մասին որոշ բաներ դժվար է ըմբռնել, օրինակ՝ այն, որ նա անտեսանելի ոգի է։ Սակայն մենք կարող ենք ճանաչել Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է, որ հավիտենական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է ճանաչենք Աստծուն (Հովհաննես 17։3)։ Մեզ հասկանալի լեզվով Աստվածաշունչը պատմում է մեր Ստեղծչի մասին՝ նրա հատկությունների ու չափանիշների, մարդկանց և երկրի առնչությամբ ունեցած նրա նպատակի մասին (Եսայիա 45։18, 19; 1 Տիմոթեոս 2։4)։ Եվ ինչպես արդեն նշվեց, Աստվածաշունչը նաև հայտնում է Աստծու անունը (Սաղմոս 83։18)։ Այդպիսով՝ մենք կարող ենք ոչ միայն ճանաչել Աստծուն, այլև մոտենալ նրան (Հակոբոս 4։8)։
a Բնության մեջ արտացոլված Աստծու իմաստության մասին ավելի շատ բան իմանալու համար տես «Արդյոք պատահականությո՞ւն է» հոդվածաշարը։
b Շատերի կարծիքով՝ Եհովա անունը նշանակում է «նա դարձնում է»։ Իր անունը մեզ հայտնելով՝ Աստված կարծես ասում է. «Ես իմ կամքն ու նպատակները կիրականացնեմ։ Ես միշտ կկատարեմ իմ խոստումները»։
c Տես «Ինչո՞ւ աղոթել։ Աստված կպատասխանի՞ իմ աղոթքներին» հոդվածը։
d Հավելյալ տեղեկությունների համար դիտիր «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։
e Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարը։