Անսասա՛ն եղեք Անտեսանելիին տեսնողի պես
«[Մովսեսը] համբերեց [«անսասան էր», ՆԱ]՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11:27, ԱԹ):
1. Ի՞նչ ուշագրավ միտք արտահայտեց Հիսուսն Աստծո մասին իր Լեռան քարոզում։
ԵՀՈՎԱՆ անտեսանելի Աստված է։ Երբ Մովսեսը խնդրեց նրան ցույց տալ իր փառքը, վերջինս պատասխանեց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել. որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել» (Ելից 33։20)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրել է. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Յովհաննէս 1։18)։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը, երբ երկրի վրա էր, չէր կարող տեսնել Աստծուն։ Բայցևայնպես, իր Լեռան քարոզում նա ասաց. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթէոս 5։8)։ Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը։
2. Ինչո՞ւ չենք կարող Աստծուն տեսնել մեր ֆիզիկական աչքերով։
2 Գրություններում Եհովան ներկայանում է որպես անտեսանելի Ոգի (Յովհաննէս 4։24; Կողոսացիս 1։15; Ա Տիմոթէոս 1։17)։ Ուստի, Հիսուսը չէր ասում, որ մենք՝ մարդիկս, իսկապես կարող ենք մեր ֆիզիկական աչքերով տեսնել Եհովային։ Ճիշտ է, որ օծյալ քրիստոնյաները տեսնելու են Եհովա Աստծուն երկնքում՝ այն բանից հետո, երբ հարություն առնեն՝ որպես ոգեղեն արարածներ։ Բայց Աստծուն կարող են «տեսնել» նաև այն մարդիկ, ովքեր «սրտով մաքուր են» և հույս են փայփայում հավերժ ապրել երկրի վրա։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
3. Ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ Եհովայի որոշ հատկություններ։
3 Մենք Եհովայի մասին ինչ–որ բան ենք սովորում՝ ուշադիր դիտելով նրա ստեղծագործությունները։ Նրա զորությունը տպավորիչ է, և մեր մեջ ցանկություն է առաջանում ճանաչել նրան՝ որպես Արարիչ Աստծո (Եբրայեցիս 11։3; Յայտնութիւն 4։11)։ Սրա առնչությամբ Պողոս առաքյալը գրել է. «Ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւոր.... զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ» (Հռովմայեցիս 1։20)։ Ուստի, Հիսուսի խոսքերը՝ Աստծուն տեսնելու վերաբերյալ, իրենց մեջ պարունակում են Եհովայի որոշ հատկությունների մասին իմանալու ընդունակություն։ Այսպիսի տեսնելը հիմնվում է ճշգրիտ գիտելիքների վրա և հոգևորապես է իմացվում՝ «սրտի աչքերով» (Եփեսացիս 1։18)։ Հիսուսի խոսքերն ու գործերը նույնպես շատ բան են բացահայտում Աստծո մասին։ Այդ պատճառով էլ նա ասաց. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 14։9)։ Հիսուսը կատարելապես արտացոլեց Եհովայի անձնավորությունը։ Հետևաբար, նրա կյանքի և ուսուցումների մասին գիտելիքները կարող են օգնել մեզ տեսնել կամ՝ իմանալ Աստծո որոշ հատկություններ։
Հոգևոր լինելը էական է
4. Ինչպե՞ս են այսօր շատերը թերանում հոգևոր լինելու մեջ։
4 Այսօր հավատ ունենալն ու իսկապես հոգեվոր լինելն, իրոք, հազվագյուտ բաներ են։ «Բոլորը չէ, որ հաւատ ունեն»,— ասել է Պողոսը (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։ Շատերն ամբողջությամբ կլանված են իրենց անձնական շահերով և չեն հավատում Աստծուն։ Մեղավոր ընթացքն ու հոգևորի պակասը խոչընդոտում են նրանց՝ հասկացողության աչքերով նրան տեսնելու։ Հենց այդ մասին է Հովհաննես առաքյալը գրել. «Ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել» (Գ Յովհաննէս 11, ԱԹ)։ Քանի որ այդպիսի անհատները չեն տեսնում Աստծուն իրենց ֆիզիկական աչքերով, ապա նրանք իրենց այնպես են պահում, կարծես թե նա չի տեսնում, թե ինչ են անում իրենք (Եզեկիէլ 9։9)։ Նրանք քամահրանքով են վերաբերվում հոգևոր բաներին, ուրեմն և չեն կարող ձեռք բերել «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։5)։ Ուստի, տեղին են Պողոս առաքյալի խոսքերը. «Ոչ հոգեւոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք» (Ա Կորնթացիս 2։14)։
5. Ի՞նչ են գիտակցում հոգևորապես մտածող մարդիկ։
5 Եթե մենք հոգևորապես ենք մտածում, ապա միշտ կգիտակցենք, որ, թեև Եհովան սխալներ չի փնտրում, նա գիտի, թե երբ ենք վատ մտքերի ու ցանկությունների հիման վրա գործում։ Իրոք, «մարդուն ճամբաները Տէրոջը աչքերուն առջեւն են ու անոր բոլոր քայլերուն ինք կը հսկէ» (Առակաց 5։21, Արևմտ. Աստ.)։ Եթե մեղքը հաղթահարի մեզ, ապա մենք զղջալու ցանկություն կունենանք ու Եհովայի ներողամտությունը կհայցենք, քանի որ սիրում ենք նրան և չենք ուզում ցավ պատճառել (Սաղմոս 78։41; 130։3)։
Ի՞նչն է մեզ դարձնում անսասան
6. Ի՞նչ է նշանակում անսասան լինել։
6 Թեպետ Եհովան անտեսանելի է մեր աչքերին, եկեք միշտ հիշենք, որ մենք տեսանելի ենք իրեն։ Գիտակցելով, որ նա գոյություն ունի և համոզված լինելով, որ նա մոտիկ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում՝ մենք անսասան կդառնանք՝ հաստատ ու անփոփոխ՝ նրա հանդեպ մեր հավատարմության մեջ (Սաղմոս 145։18)։ Մենք կարող ենք նմանվել Մովսեսին, որի մասին Պողոսը գրեց. «Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց [«անսասան էր», ՆԱ]՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27, ԱԹ)։
7, 8. Ինչո՞ւ Մովսեսը չվախեցավ փարավոնից։
7 Մովսեսը, որպեսզի իրականացներ Աստծո կողմից իրեն տրված հանձնարարությունը՝ ազատել իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից, հաճախ էր ներկայանում բռնակալ փարավոնին նրա արքունիքում, որտեղ մեծ թվով կրոնական և ռազմական հեղինակություններ կային։ Հավանաբար, պալատի պատերը կուռքերով էին զարդարված։ Բայց Եհովան՝ թեև անտեսանելի, իրական էր Մովսեսի համար՝ ի տարբերություն բոլոր այն կուռքերի, որոնք ներկայացնում էին Եգիպտոսի անկենդան աստվածներին։ Եվ զարմանալի չէ, որ Մովսեսը չվախեցավ փարավոնից։
8 Որտեղի՞ց Մովսեսին այդ քաջությունը՝ բազմիցս հայտնվելու փարավոնի առջև։ Գրությունները պատմում են, որ «Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։ Հստակ է, որ նրա հոգևորապես ուժեղ լինելն ու համոզվածությունն այն բանում, որ Աստված իր հետ է, Մովսեսին ուժ տվեցին, որն իրեն անհրաժեշտ էր «Անտեսանելուն» Եգիպտոսի անգութ թագավորին ներկայացնելու համար։ Որո՞նք են այն ասպարեզները, որոնցում անտեսանելի Աստծուն «տեսնողները» նրա հանդեպ իրենց հավատն են դրսևորում այսօր։
9. Ո՞րն է այն միջոցներից մեկը, որը կօգնի մեզ անսասան մնալ։
9 Հավատ ցուցաբերելու և Անտեսանելիին տեսնողի պես անսասան մնալու միջոցներից մեկը արիաբար քարոզելն է՝ հակառակ հալածանքին։ Հիսուսը նախազգուշացրեց իր աշակերտներին. «Բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար» (Ղուկաս 21։17, ԱԹ)։ Նաև ասաց. «Ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն» (Յովհաննէս 15։20)։ Որպես հաստատում Հիսուսի խոսքերի՝ նրա մահվանից կարճ ժամանակ անց իր հետևորդները հալածվեցին՝ ենթարկվելով սպառնալիքների, բանտարկության և ծեծի (Գործք 4։1–3, 18–21; 5։17, 18, 40)։ Չնայած մեծ հալածանքին՝ Հիսուսի առաքյալներն ու մյուս աշակերտները շարունակեցին համարձակորեն քարոզել բարի լուրը (Գործք 4։29–31)։
10. Ինչպե՞ս է վստահությունն այն բանում, որ Եհովան մեր պաշտպանն է, օգնում մեզ ծառայության ժամանակ։
10 Ինչպես Մովսեսը, այնպես էլ Հիսուսի վաղ շրջանի հետևորդները չվախեցան իրենց բազմաթիվ տեսանելի թշնամիներից։ Հիսուսի աշակերտները հավատում էին Աստծուն, ուստի և ընդունակ էին դիմանալու ծանր հալածանքին։ Այո՛, նրանք անսասան էին Անտեսանելիին տեսնողի պես։ Այսօր միշտ հիշելով, որ Եհովան մեր պաշտպանն է՝ մենք համարձակություն ենք ստանում՝ դառնալով քաջ ու անվախ՝ Թագավորության քարոզչության գործում։ Աստծո Խոսքն ասում է, որ «մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29։25)։ Հետևաբար, մենք ետ չենք քաշվում հալածվելու վախի պատճառով և ոչ էլ ամաչում ենք մեր ծառայության համար։ Մեր հավատը մղում է մեզ քաջաբար վկայություն տալ հարևաններին, աշխատակիցներին, համադասարանցիներին և այլ մարդկանց (Հռովմայեցիս 1։14–16)։
Անտեսանելին առաջնորդում է իր ժողովրդին
11. Համաձայն Պետրոսի և Հուդայի՝ քրիստոնեական ժողովում գտնվողներից ոմանք ինչպե՞ս ի հայտ բերեցին իրենց ոչ հոգևոր լինելը։
11 Հավատն օգնում է տեսնել, որ Եհովան առաջնորդում է իր երկրային կազմակերպությանը. ուստիև, մենք խուսափում ենք քննադատական դիրք բռնելուց ժողովում պատասխանատվություն վերցնողների նկատմամբ։ Ե՛վ Պետրոս առաքյալը, և՛ Հիսուսի եղբայր Հուդան զգուշացրեցին այն մարդկանց մասին, ովքեր այնքան զուրկ էին հոգևորից, որ անարգաբար էին խոսում առաջնորդություն վերցրած քրիստոնյաների մասին (Բ Պետրոս 2։9–12; Յուդա 8, Արևմտ. Աստ.)։ Կխոսեի՞ն արդյոք նույն ձևով այդ մանրախնդիրները Եհովայի ներկայությամբ, եթե ֆիզիկապես կարողանային տեսնել նրան։ Հազիվ թե։ Բայց քանի որ Աստված անտեսանելի է, մարմնավորապես մտածող այդ մարդիկ մոռացան, որ իրենք հաշվետու են նրան։
12. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը ժողովում պատասխանատվություններ վերցնողների նկատմամբ։
12 Ճիշտ է, քրիստոնեական ժողովը բաղկացած է անկատար մարդկանցից։ Որպես երեց ծառայողները սխալներ գործում են, ինչը երբեմն կարող է անմիջական հետևանք ունենալ մեզ վրա։ Բայցևայնպես, Եհովան օգտագործում է այդ մարդկանց՝ որպես իր հոտի հովիվների (Ա Պետրոս 5։1, 2)։ Հոգևորապես մտածող մարդիկ հասկանում են, որ դա մի միջոց է, որով Եհովան առաջնորդում է իր ժողովրդին։ Ուստի, որպես քրիստոնյաներ՝ մենք խուսափում ենք քննադատական և գանգատավոր ոգի հանդես բերելուց և հարգանք ենք ցուցաբերում աստվածապետական միջոցառումների հանդեպ։ Հնազանդվելով առաջնորդություն վերցնողներին՝ մենք ցույց ենք տալիս, որ տեսնում ենք Անտեսանելիին (Եբրայեցիս 13։17)։
Տեսնենք Աստծուն՝ որպես մեր Մեծ Խրատողի
13, 14. Ի՞նչ է ձեզ համար նշանակում Եհովային՝ որպես Մեծ Խրատողի, տեսնելը։
13 Մեկ այլ ասպարեզ էլ գոյություն ունի, որտեղ պահանջվում է հոգևոր իմացություն հանդես բերել։ Եսայիան մարգարեացել է. «Քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]» (Եսայիա 30։20)։ Հավատ է հարկավոր՝ հասկանալու, որ Եհովան է մեզ ուսուցանում իր երկրային կազմակերպության միջոցով (Մատթէոս 24։45–47)։ Աստծուն՝ որպես մեր Մեծ Խրատողի, տեսնելը ավելին է նշանակում, քան Աստվածաշնչի ուսումնասիրության լավ սովորություններ ունենալն ու կանոնավորապես քրիստոնեական հանդիպումներին հաճախելը։ Դա նշանակում է՝ առավելագույնս օգտվել այն ամենից, ինչ որ Աստված տալիս է հանուն մեր հոգևոր շահերի։ Օրինակ՝ հարկավոր է սովորականից ավելի ուշադրություն դարձնել այն առաջնորդությանը, որ Եհովան տալիս է Հիսուսի միջոցով, որպեսզի հոգևորապես «չտարուենք դէպի կորուստ» (Եբրայեցիս 2։1)։
14 Երբեմն առանձնահատուկ ջանքեր են հարկավոր հոգևոր կերակուրից ամբողջությամբ օգուտ քաղելու համար։ Օրինակ՝ հնարավոր է՝ հակված լինենք թռուցիկ անցնել Աստվածաշնչի այն հատվածներով, որոնք դժվար ըմբռնելի ենք համարում։ Երբ կարդում ենք «Դիտարան» կամ «Արթնացե՛ք» պարբերագրերը, գուցե նույնիսկ բաց ենք թողնում որոշ հոդվածներ, քանի որ այնտեղ արծարծվող թեման այնքան էլ չի հետաքրքրում մեզ։ Կամ գուցե քրիստոնեական հանդիպումների ժամանակ մեր մտքերը թափառում են։ Այդուհանդերձ, մենք չենք շեղվի, եթե ուշադիր մտածենք քննարկվող նյութի շուրջ։ Խորապես գնահատելով ստացված հոգևոր հրահանգները՝ մենք ցույց ենք տալիս, որ Եհովային համարում ենք մեր Մեծ Խրատողը։
Մենք պիտի հաշիվ տանք
15. Ինչպե՞ս են ոմանք գործել՝ կարծելով, թե Եհովան չի տեսել իրենց արածը։
15 Հատկապես այն պատճառով, որ ամբարշտությունն այսքան շատ է տարածվել «վերջի ժամանակում», հույժ կարևոր է Անտեսանելիի հանդեպ հավատ ունենալ (Դանիէլ 12։4)։ Աշխարհն ընկղմված է խարդախության ու սեռային անբարոյության մեջ։ Անշուշտ, խելացի կլիներ հիշել, որ Եհովան տեսնում է մեր գործողությունները նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ չեն տեսնում մեզ։ Ոմանք մոռանում են այդ մասին։ Երբ ուրիշների տեսադաշտից դուրս են լինում, նրանք գուցե ոչ սուրբգրային վարք են դրսևորում։ Օրինակ՝ որոշ մարդիկ չեն դիմադրել Ինտերնետով, հեռուստատեսությամբ ու ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով վնասակար հաղորդումներ և պոռնկագրություն դիտելու գայթակղությանը։ Քանի որ նման գործեր կարելի է կատարել մենակ լինելիս, ոմանք այնպես են վարվել՝ իբրև թե Եհովան չի տեսել իրենց արածը։
16. Ի՞նչը կօգնի մեզ հնազանդվել Եհովայի վսեմ չափանիշներին։
16 Լավ կլիներ հիշել Պողոս առաքյալի խոսքերը. «Մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար» (Հռովմայեցիս 14։12)։ Մենք պետք է հասկանանք, որ, ամեն անգամ մեղանչելով, մեղանչում ենք Եհովայի դեմ։ Սրա մասին իմանալը կօգնի մեզ հնազանդվել նրա վսեմ չափանիշներին և խուսափել անմաքուր վարքից։ Աստվածաշունչը հիշեցնում է մեզ. «Չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը [«հաշիւը», Արևմտ. Աստ.]» (Եբրայեցիս 4։13, ԱԹ)։ Ճիշտ է, մենք պետք է հաշիվ տանք Աստծուն, բայց, վստահաբար, առաջին հերթին Եհովայի հանդեպ ունեցած մեծ սերն է պատճառը, որ կատարում ենք նրա կամքը և հնազանդվում նրա արդար չափանիշներին։ Ուստի, եկեք զգուշություն ցուցաբերենք, երբ ցանկանում ենք զվարճանալ և երբ հակառակ սեռի հետ ենք գործ ունենում։
17. Ինչպիսի՞ հետաքրքրություն է մեր հանդեպ ցուցաբերում Եհովան։
17 Եհովան խորապես հետաքրքրվում է մեզանով. բայց դա չի նշանակում, որ նա սպասում է, թե երբ կսխալվենք, որպեսզի մեզ պատժի։ Ընդհակառակը, նա նայում է մեզ, ինչպես այն հայրը, որը ցանկանում է պարգևատրել իր հնազանդ երեխաներին։ Որքա՜ն է սփոփում այն բանի իմացությունը, որ մեր երկնային Հայրը ուրախանում է՝ տեսնելով մեր հավատը, և «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։ Թող որ լիակատար հավատ ունենանք Եհովայի հանդեպ և ‘ծառայենք նրան կատարյալ սրտով’ (Ա Մնացորդաց 28։9)։
18. Քանի որ Եհովան դիտում է մեզ և նկատում է մեր հավատարմությունը, ապա ինչո՞ւմ են վստահեցնում մեզ Գրությունները։
18 Առակաց 15։3–ում ասվում է. «Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին»։ Այո՛, Աստված քննում է չար մարդկանց և նրանց հետ վարվում՝ ըստ իրենց գործերի։ Բայց եթե մենք «բարիների» մեջ ենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան տեսնում է մեր հավատարիմ ընթացքը։ Ինչքա՜ն է ամրապնդվում մեր հավատը, երբ գիտակցում ենք, որ ‘մեր աշխատանքը զուր չէ Տերում’ և Անտեսանելին չի ‘մոռանա մեր գործերը և այն սերը, որ նրա անունի համար ցույց ենք տվել’ (Ա Կորնթացիս 15։58; Եբրայեցիս 6։10, ԱԹ)։
Խնդրենք Եհովային, որ քննի մեզ
19. Որո՞նք են Եհովայի հանդեպ ամուր հավատ ունենալու օգուտները։
19 Որպես Եհովայի հավատարիմ ծառաներ՝ մենք թանկագին ենք նրա աչքում (Մատթէոս 10։29–31)։ Թեև անտեսանելի՝ նա կարող է իրական լինել մեզ համար, և մենք կարող ենք բարձր գնահատել նրա հետ մեր ունեցած թանկագին հարաբերությունները։ Մեր երկնային Հոր նկատմամբ այսպիսի դիրք ունենալը շատ օգուտներ է բերում։ Մեր ամուր հավատն օգնում է մեզ մաքուր սիրտ և բարի խղճմտանք ունենալ Եհովայի առջև։ Անկեղծ հավատը նույնպես ետ է պահում երկդիմի կյանք վարելուց (Ա Տիմոթէոս 1։5, 18, 19)։ Մեր անհողդողդ հավատն Աստծո հանդեպ լավ օրինակ է թողնում և կարող է ոգևորել շրջապատի մարդկանց (Ա Տիմոթէոս 4։12)։ Ավելին, այդպիսի հավատը նպաստում է Աստծո հավանությանն արժանացող վարքագիծ դրսևորելուն և ուրախացնում է նրա սիրտը (Առակաց 27։11)։
20, 21. ա) Ինչո՞ւ ենք ցանկանում, որ Եհովան ուշադիր հետևի մեր ընթացքին։ բ) Ինչպե՞ս կարող ենք կիրառել Սաղմոս 139։23, 24–ը։
20 Եթե մենք իսկապես իմաստուն ենք, ապա ուրախ կլինենք, որ Եհովան քննում է մեզ։ Ոչ միայն ցանկանում ենք, որ նրա տեսադաշտում լինենք, այլ նաև ուզում ենք, որ նա ամբողջությամբ քննության ենթարկի մեր մտքերն ու գործողությունները։ Աղոթելով Եհովային՝ լավ կլիներ, որ մենք խնդրեինք նրան «փորձել» մեզ ու տեսնել, թե արդյոք որևէ սխալ հակում չունենք։ Նա, անտարակույս, կարող է օգնել մեզ գլուխ հանելու մեր պրոբլեմներից և անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։ Տեղին են սաղմոսերգու Դավիթի խոսքերը. «Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը» (Սաղմոս 139։23, 24)։
21 Դավիթը խնդրում էր Եհովային ‘փորձել’ իրեն՝ տեսնելու, թե կա արդյոք իր մեջ որևէ «չար ճանապարհ»։ Սաղմոսերգուի պես մենք էլ ցանկանո՞ւմ ենք, որ Աստված ‘փորձեր’ մեր սրտերը և տեսներ, թե չունենք արդյոք սխալ մղումներ։ Եկեք հավատ ընծայելով խնդրենք Եհովային, որ քննի մեզ։ Սակայն ի՞նչ անել, երբ մի ինչ–որ սխալ բան անհանգստացնում է մեզ կամ վնասակար ինչ–որ բան կա մեր մեջ։ Այդժամ եկեք շարունակենք ջերմեռանդորեն աղոթել մեր սիրառատ Աստծուն՝ Եհովային, և խոնարհաբար ենթարկվենք նրա սուրբ ոգու առաջնորդությանն ու Խոսքի խորհրդին։ Կարող ենք վստահ լինել, որ նա կօգնի մեզ այնպիսի ուղով ընթանալ, որը կտանի դեպի հավիտենական կյանք (Սաղմոս 40։11–13)։
22. Ինչպիսի՞ վճռականություն պետք է ունենանք կապված Անտեսանելիի հետ։
22 Այո՛, Եհովան կօրհնի մեզ հավիտենական կյանքով, եթե համապատասխանենք նրա պահանջներին։ Անշուշտ, մենք պետք է Պողոս առաքյալի նման ընդունենք, որ Աստված ուժեղ է և իշխանություն ունի։ Պողոսը գրեց. «Յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միա՛կ Աստծուն փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն» (Ա Տիմոթէոս 1։17)։ Թող որ միշտ այսպիսի սրտանց պատկառանք դրսևորենք Եհովայի հանդեպ։ Եվ ինչ էլ որ պատահի, եկեք երբեք չտատանվենք մեր վճռականության մեջ՝ անսասան լինելու Անտեսանելիին տեսնողի պես։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս կարող է մարդը տեսնել Աստծուն։
• Եթե Եհովան իրական է մեզ համար, ապա ինչպե՞ս կգործենք հալածանքների ենթարկվելիս։
• Ի՞նչ է նշանակում տեսնել Եհովային՝ որպես մեր Մեծ Խրատողի։
• Ինչո՞ւ պետք է ցանկանանք, որ Եհովան քննի մեզ։
[նկար 18–րդ էջի վրա]
Մովսեսը, չվախենալով փարավոնից, գործեց այնպես, կարծես թե տեսնում էր Եհովային՝ անտեսանելի Աստծուն
[նկար 21–րդ էջի վրա]
Եկեք երբեք մեզ այնպես չդրսևորենք՝ իբրև թե Եհովան չի կարող տեսնել մեր գործողությունները
[նկար 23–րդ էջի վրա]
Մենք խորը գիտելիքներ ենք ձեռք բերում Աստծո մասին, քանի որ տեսնում ենք նրան՝ որպես մեր Մեծ Խրատողի