Պահպանեք ձեր բարի անունը
ԳԵՂԵՑԻԿ շինություններ նախագծող մարդը հայտնի է դառնում որպես հմուտ ճարտարապետ, բացառիկ ընդունակությունների տեր անձնավորությունը՝ որպես գերազանցիկ։ Հայտնի է դառնում նաև ոչինչ չանող մարդը. նա ձեռք է բերում ծույլ ու անբանի համբավ։ Ընդգծելով, թե որքան թանկ է բարի անունը՝ Աստվածաշունչն ասում է. «Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. արծաթից ու ոսկիից» (Առակաց 22։1)։
Բարի անունը չի ստեղծվում միանգամից, այլ գոյանում է որպես բազում փոքր արարքների արդյունք։ Մինչդեռ այն արատավորելու համար ընդամենը մեկ անմիտ արարքն էլ բավական է։ Օրինակ՝ մեկ անբարոյական քայլ, և... արատավորված է մարդու բարի անունը։ Աստվածաշնչի Առակաց գրքի 6–րդ գլխում հին Իսրայելի Սողոմոն թագավորը մեզ զգուշացնում է այնպիսի վարքից, որը կարող է արատավորել բարի անունը, ինչպես նաև փչացնել Եհովա Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունը։ Սողոմոնը խոսում է անմտածված խոստումների, ծուլության, ստի ու սեռային անբարոյականության մասին, որոնք ատում է Եհովան։ Ականջ դնելով Սողոմոնի տված խորհուրդներին՝ մենք կկարողանանք պահպանել մեր բարի անունը։
Զգուշացեք ձեզ վրա անմիտ պարտականություններ վերցնելուց
Առակաց գրքի 6–րդ գլուխը սկսվում է հետևյալ խոսքերով. «Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար. դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։ Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին» (Առակաց 6։1–3)։
Այստեղ խորհուրդ է տրվում խուսափել ուրիշների, հատկապես՝ օտարների գործարարական հարաբերություններին միջամտելուց։ Իսրայելացիներին թեև ասված էր՝ «եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնէս» (Ղեւտացոց 25։35–38), սակայն որոշ իսրայելացիներ վտանգավոր գործարքների մեջ էին ներքաշվել և այդ հարցում ֆինանսական աջակցություն էին փնտրել՝ համոզելով ուրիշներին «երաշխաւոր» կանգնել իրենց, դրանով իսկ այդ մարդկանց պատասխանատու դարձնելով իրենց պարտքի համար։ Նման իրավիճակներ են ծագում նաև այսօր։ Երբեմն որոշ ֆինանսական հիմնարկություններ, իրենց ապահովության համար, անհատին դրամական վարկ տրամադրելուց առաջ հարկ են համարում պահանջել մեկ այլ անհատի ստորագրությունը ևս՝ որպես երաշխիք, որ գումարը ետ կվերադարձվի։ Մի՞թե անմիտ քայլ չի լինի ուրիշի պարտականությունը հապճեպորեն մեր ուսերին վերցնելը։ Չէ՞ որ դա կարող է ֆինանսապես թակարդը գցել մեզ և նույնիսկ վարկաբեկել բանկերի ու այլ վարկատուների առջև։
Իսկ ի՞նչ, եթե ձեռնարկել ենք այնպիսի քայլ, որը սկզբում խելամիտ է թվացել, բայց հետագայում պարզվել է, որ դա մեր կողմից անմտություն էր։ Մեզ խորհուրդ է տրվում մի կողմ դնել հպարտությունը և ‘թախանձել ընկերոջը’։ Մեր ձեռքից եկած ամեն բան պետք է անենք ստեղծված իրավիճակը հարթելու համար։ Մի աշխատության մեջ այս հարցի վերաբերյալ հետևյալն է ասվում. «Հնարավոր ամեն բան արեք հակառակ կողմի հետ համաձայնության գալու համար, որպեսզի այդ պայմանավորվածությունը ձեր ու ձեր ընտանիքի դեմ դուրս չգա»։ Դա պետք է անել առանց հապաղելու՝ ինչպես Սողոմոն թագավորն է ավելացնում. «Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ. քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս» (Առակաց 6։4, 5)։ Հնարավորության դեպքում լավ է ազատվել անմիտ պարտականությունից, քան թե հետագայում դրա պատճառով ծուղակն ընկնել։
Մրջյունի պես աշխատասեր եղեք
«Գնա մրջիւնի մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր»,— խորհուրդ է տալիս Սողոմոնը։ Ի՞նչ իմաստություն կարող է ունենալ փոքրիկ մրջյունը։ «Իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի. բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում»,— իր խոսքը շարունակում է թագավորը (Առակաց 6։6–8)։
Մրջյունները զարմանալի ձևով կազմակերպված են և հիանալի համագործակցում են միմյանց հետ։ Նրանք բնազդաբար պաշար են հավաքում ապագայի համար։ «Իշխան, ոստիկան եւ տիրող» չունեն։ Ու թեև «թագուհի» ունեն, սակայն նա «թագուհի» է միայն այն իմաստով, որ ձու է դնում և մրջնանոցի «մայրն» է։ Նա հրամաններ չի արձակում։ Առանց հատուկ ղեկավարի մրջյուններն անդադար իրենց գործն են անում։
Մի՞թե լավ չէ մրջյունի պես աշխատասեր լինելը, որ անկախ այն բանից՝ հատուկ ղեկավար ունենք, թե՝ ոչ, ջանասիրաբար աշխատենք ու ձգտենք բարելավել մեր աշխատանքը։ Դպրոցում, աշխատանքի վայրում և հոգևոր գործունեության տարբեր ոլորտներում պետք է մեր ուժերից եկած ամեն բան անենք։ Մրջյունին իր աշխատասիրությունը օգուտներ է բերում, և Աստված ցանկանում է, որ մենք էլ ‘վայելենք մեր բոլոր աշխատանքը’ (Ժողովող 3։13, 22; 5։18)։ Իսկ մաքուր խղճմտանքն ու բավարարվածության զգացումը նման աշխատանքն ուղեկցող իսկական պարգևներ են (Ժողովող 5։12)։
Փորձելով քնից արթնացնել ծույլ, թմրած վիճակում գտնվող մարդուն՝ Սողոմոնը երկու հարց է ուղղում նրան. «Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ»։ Ապա, փորձելով նմանակել ծույլին, թագավորն ավելացնում է. «Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել. այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի [«չար ուղեւորի», ԷԹ] պէս կ’գայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս» (Առակաց 6։9–11)։ Մինչ ծույլն իր քաղցր երազների մեջ է՝ աղքատությունն ու չքավորությունը դարանակալում են նրա գլխավերևում։ Ծույլի դաշտերը լցվում են փշով ու եղինջով (Առակաց 24։30, 31)։ Նրա ձեռնարկած գործերը կարճ ժամանակի ընթացքում ձախողվում են։ Գործատերը ինչքա՞ն կարող է հանդուրժել ծույլ ու անբան մեկին։ Եվ մի՞թե ծույլ աշակերտը կարող է լավ գնահատականներով վերադառնալ դպրոցից։
Եղեք ազնիվ
Ապա Սողոմոնը մատնանշում է մեկ այլ վարքագիծ, որն արատավորում է մարդու անունը իրեն ճանաչողների շրջապատում և հարված հասցնում Աստծո հետ ունեցած իր փոխհարաբերությանը. «Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս, նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում. նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում» (Առակաց 6։12–14)։
Սա խաբեբա մարդու պատկերն է։ Ստախոսը սովորաբար փորձում է թաքցնել իր սուտը։ Ինչպե՞ս։ Ոչ միայն «ծուռ բերանով», այլ նաև իր շարժուձևով։ Մի հետազոտող նշում է. «Որպես խաբելու միջոց կարող են ծառայել ժեստերը, ձայնի տոնը և նույնիսկ դեմքի արտահայտությունը. թվացյալ անկեղծության ետևում կարող են թաքնված լինել այլասերված մտքեր ու անհամաձայնության ոգի»։ Նման անպիտան մարդը չար պլաններ է կազմում ու անդադար վեճեր առաջացնում։ Իսկ ինչպե՞ս է այդ ամենը անդրադառնում անձամբ նրա վրա։
«Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը,— ասում է Իսրայելի թագավորը,— նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ» (Առակաց 6։15)։ Երբ ստախոսի խաբեբայությունները բացահայտվում են, նրա անունը անմիջապես հողին է հավասարվում։ Ո՞վ այլևս կվստահի նրան։ Իսկ նրան իրոք որ սարսափելի վախճան է սպասում, քանի որ «ստախօսները» այն մարդկանց շարքերում են թվարկված, որոնց վերջը հավիտենական մահն է (Յայտնութիւն 21։8)։ Ինչ գնով էլ լինի, եկեք «ամէն ինչում բարի ընթացք» ցույց տանք՝ լինենք ազնիվ (Եբրայեցիս 13։18)։
Ատեք այն, ինչը ատում է Եհովան
Ատել չարը... ինչպե՜ս դա կարող է հեռու պահել մարդուն իրեն վարկաբեկող արարքներից։ Չարժե՞, ուրեմն, ատելություն զարգացնել չարի հանդեպ։ Իսկ ի՞նչն է, որ հարկավոր է ատել։ Սողոմոնը գրում է. «Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը զզուելի են նորա հոգիի առաջին. ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր. չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր. սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող» (Առակաց 6։16–19)։
Այս առակում ըստ էության հիշատակված են չարության գրեթե բոլոր տեսակները՝ յոթ հիմնական կատեգորիայով։ «Ամբարտաւան աչքերը» և «չար խորհուրդներ հնարող սիրտը» խորհրդանշում են մտովի կատարվող մեղքերը։ «Ստախօս լեզու» և «սուտեր փչող անիրաւ վկա» արտահայտությունները մատնանշում են բերանով մեղանչելը։ «Անմեղ արիւն թափող ձեռքերն» ու «չարութեան համար վազելու շտապող ոտքերը» չար գործերն են։ Եվ Եհովային հատկապես ատելի են այնպիսի մարդիկ, ովքեր հաճույք են ստանում միմյանց հետ խաղաղ ապրող մարդկանց միջև վեճեր բորբոքելուց։ Իսկ վեցից դեպի յոթը փոփոխվող թիվը ցույց է տալիս, որ չարության այդ «ցուցակը» դրանով չի ավարտվում, քանի որ մարդիկ շարունակ նորանոր չարիքներ են գործում։
Ինչ խոսք՝ պետք է խորշենք այն ամենից, ինչն ատելի է Եհովային։ Օրինակ՝ հարկավոր է հեռու մնալ «ամբարտաւան աչքերից», այսինքն՝ հպարտության ցանկացած դրսևորումներից։ Հարկավոր է նաև հեռու մնալ բամբասանքից, որովհետև այն հեշտությամբ «եղբայրների մէջ կռիւներ» է գցում։ Տարածելով չար ասեկոսեներ, ստեր ու զբաղվելով անտեղի քննադատությամբ՝ թերևս «անմեղ արիւն» չենք թափում, սակայն, անկասկած, խաղում ենք ուրիշի անվան հետ։
«Մի ցանկանար նորա գեղեցկութիւնը»
Այժմ Սողոմոնը ներկայացնում է իր հաջորդ խորհուրդը. «Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։ Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց»։ Ինչո՞ւ։ Որպեսզի «գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն» (Առակաց 6։20–22)։
Կարո՞ղ է արդյոք Աստվածաշնչի տված խրատն իսկապես պահպանել մեզ սեռային անբարոյականության ծուղակից։ Այո, կարո՛ղ է։ Առակաց 6։23, 24–ում մեզ հետևյալ հավաստիացումն է տրվում. «Պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ։ Որ քեզ պահէ չար կնկանիցը, եւ օտար կնկայ շողոքորթող լեզուիցը»։ Աստծո Խոսքի խորհուրդը մտքում պահելով և այն որպես ‘ճրագ մեր ոտքերի ու լույս մեր ճանապարհի համար’ օգտագործելով՝ կկարողանանք մերժել անբարոյական կնոջ կամ տղամարդու ականջ շոյող առաջարկությունները (Սաղմոս 119։105)։
«Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը»,— ասում է իմաստուն թագավորը,— եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ» (Առակաց 6։25, 26)։
Արդյո՞ք Սողոմոնն այստեղ դավաճան կնոջն է անվանում պոռնիկ՝ ծախու կին։ Միգուցե։ Սակայն հնարավոր է նաև, որ նա փորձում է նկատելի դարձնել տարբերությունը ծախու կնոջ՝ պոռնիկի բերած անախորժությունների և ուրիշի կնոջ հետ գործած անբարոյականության հետևանքների միջև։ Ծախու կնոջ հետ մերձենալու արդյունքը կարող է լինել այն, որ մարդն աղքատանա «մինչեւ մի նկանակ հացի»։ Նա կարող է զոհ դառնալ նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ մահացու ՁԻԱՀ–ի։ Ինչ վերաբերում է ուրիշի կնոջ հետ ինտիմ հարաբերություններին, ապա ըստ Օրենքի՝ նման անհատը ավելի մեծ կորստի առաջ է կանգնում։ Շնացող կինը վտանգի տակ է դնում այն մարդու «պատուական հոգին», որի հետ անօրինական կապի մեջ է մտել։ «Մեղանչողը իր կյանքը կարճացնում է ոչ միայն՝ այստեղ–այնտեղ վատնելով,— ասվում է մի աշխատությունում,— այլ արժանի դառնալով մահապատժի» (Ղեւտացոց 20։10; Բ Օրինաց 22։22)։ Պետք չէ ցանկանալ այդ կնոջը՝ որքան էլ որ նա գեղեցիկ լինի։
‘Կրակ մի՛ վերցրեք ձեր ծոցը’
Շնության վտանգը շեշտելու համար Սողոմոնն այսպիսի հարց է տալիս. «Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։ Կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին»։ Ապա բացատրելով իր բերած օրինակը՝ նա ասում է. «Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. ամեն նորան դիպչողը անմեղ չէ» (Առակաց 6։27–29)։ Այդ մեղսագործը, վստահաբար, կպատժվի։
Սողոմոնը նաև հիշեցնում է, որ «այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։ Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ» (Առակաց 6։30, 31)։ Հին Իսրայելում գողը հատուցում էր գողացածի դիմաց, նույնիսկ եթե դրա համար հարկավոր լիներ իր ողջ ունեցվածքը տալ։a Որքա՛ն առավել պատժի է արժանի շնություն կատարողը, որն իր արարքի համար ոչ մի ներում չունի։
«Կին պղծողն [«կնոջ հետ շնութիւն ընողը», Արևմտ. Աստ.] անմիտ է»,— ասում է Սողոմոնը։ Անմիտ մարդն առողջ դատելու ընդունակ չէ և դրա համար էլ «իր հոգին կ’կորսնցնէ» [Արևմտ. Աստ.] (Առակաց 6։32)։ Նման մարդիկ գուցե արտաքուստ հարգարժան թվան, սակայն փաստն այն է, որ իրականում խոհեմություն չունեն։
Շնացողն ուրիշ շատ պտուղներ է քաղում իր արարքից։ «Նա վէրք եւ անարգանք կ’գտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։ Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է [«կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած», ԷԹ], եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։ Նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը» (Առակաց 6։33–35)։
Գողը կարող է հատուցել իր գողացածի դիմաց, բայց շնացող մարդը ոչ մի ձևով չի կարող վճարել իր արածի համար։ Ի՞նչ հատուցում պիտի տա նա զայրացած ամուսնուն։ Ոչ մի աղաչանք, ըստ ամենայնի, ամուսնու սրտում կարեկցանք չի արթնացնի, և նա ոչ մի կերպ չի կարողանա հատուցում տալ իր մեղքի դիմաց։ Նա ստիպված կլինի կրել սեփական անվան վրա բերած անարգանքն ու անպատվությունը։ Բացի այդ, նա չի կարող իրեն փրկել կամ ազատել այն դատաստանից, որին արժանի է դարձել իր այդ քայլով։
Որքա՜ն իմաստուն է, ուրեմն, հեռու մնալ շնությունից, և ընդհանրապես՝ այնպիսի վարքից, որը վտանգի տակ է դնում մարդու բարի անունը և նախատինք բերում Աստծո անվանը։ Զգուշանանք նաև մեր ուսերին անմիտ պարտականություններ վերցնելուց։ Թող որ աշխատասիրությունն ու ազնվությունը զարդարեն մեր անունը։ Եվ ջանալով ատել այն, ինչ ատում է Եհովան՝ բարի անուն վաստակենք թե՛ նրա, և թե՛ մեր դրացու մոտ։
[ծանոթագրություն]
a Մովսիսական օրենքի համաձայն՝ գողացածի դիմաց պետք է վճարեին կրկնակին, քառակին կամ հնգապատիկը (Ելից 22։1–4)։ «Եօթնապատիկ» արտահայտությունը այստեղ օգտագործված է պատժի մեծությունն ընդգծելու նպատակով՝ ցույց տալու, որ պատիժը կարող է մի քանի անգամ գերազանցել գողացածի արժեքը։
[նկար 25–րդ էջի վրա]
Զգույշ եղեք փոխառությունների հարցերում երաշխավոր կանգնելուց։
[նկար 26–րդ էջի վրա]
Մրջյունի պես աշխատասեր եղեք։
[նկար 27–րդ էջի վրա]
Հեռու մնացեք բամբասանքից։