Պե՞տք է արդյոք միշտ ազնիվ լինել
ՄԱՐԴԻԿ սովորաբար հազվադեպ են ազնիվ լինում, շատերն էլ ավելի հաճախ են դրսևորում այս հատկությունը։ Իսկ քանի՞ հոգու գիտես, որ ջանում են միշտ ազնիվ լինել։ Այսօր ամենուր մարդիկ անազնվորեն են վարվում։
Ո՞րն է Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Օրինակ՝ շատերին է ծանոթ Տասը պատվիրաններից ութերորդը՝ «Գողութիւն մի անիր» (Ելից 20։15)։ Սակայն հաճախ մարդիկ կարծում են, որ որոշ հանգամանքներում գողությունը կամ անազնիվ արարքը կարող է արդարացվել։ Տեսնենք, թե ինչպես են մարդիկ արդարացնում գողությունը։
Աղքատ մարդը կարո՞ղ է գողություն անել
Հռոմի պետական գործիչներից մեկն ասել է. «Աղքատությունը հանցագործության աղբյուր է»։ Հնարավոր է՝ աղքատ մարդը արդարացնի իրեն, որ գողություն է արել, և ականատեսները նույնպես համամիտ լինեն նրա հետ։ Իսկ ինչպիսի՞ն էր Հիսուսի դիրքորոշումը։ Նա կարեկցում էր աղքատ մարդկանց։ Մատթեոս 9։36–ում կարդում ենք, որ «նա խղճաց նրանց»։ Բայցևայնպես, նա երբեք կողմ չէր, որ այդպիսի մարդիկ գողություն անեն։ Այդ դեպքում ի՞նչ անի աղքատ մարդը։
Ինչ խոսք, Աստված կարեկցում է այն մարդկանց, ովքեր փորձում են հնազանդվել իրեն, և օրհնում է նրանց ջանքերը, որ թափում են իրենց կարիքները բավարարելու համար (Սաղմոս 37։25)։ Աստվածաշնչում գրված է. «Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը» (Առակաց 10։3)։ Կարո՞ղ է աղքատ մարդը հավատալ այս խոստմանը։ Քննենք Վիկտորինի օրինակը։
Վիկտորինի ամուսինը մահացել է։ Անշուշտ, հեշտ չէ մենակ դպրոցական տարիքի հինգ երեխա մեծացնել։ Նա ապրում է այնպիսի երկրում, որտեղ կառավարությունը սահմանափակ միջոցներ է տրամադրում այդ կարգավիճակն ունեցող մարդկանց։ Այս կինը օրվա մեծ մասը հիմնականում անցկացնում է դրսում, հետևաբար գողություն անելու շատ առիթներ են ներկայանում։ Սակայն դա չի գայթակղեցնում Վիկտորինին։ Փոխարենը՝ նա փողոցում ապրանք է վաճառում և այդպես ծայրը ծայրին հասցնելով հոգում է իր երեխաների կարիքները։ Ինչո՞ւ է նա այդքան ազնիվ։
Նա ասում է. «Ես հավատում եմ, որ Աստված ազնիվ է։ Եվ եթե ընդօրինակեմ նրան, ապա նա ինձ հետ նույնպես ազնվորեն կվարվի։ Բացի այդ, հասկանում եմ, որ երեխաներս ազնիվ կլինեն, եթե տեսնեն, որ ես ազնիվ եմ»։
Իսկ ինչպե՞ս են նրանք ապրում։ «Մենք ունենք ուտելիք, հագուստ և ծածկ։ Ճիշտ է, եղել են դեպքեր, որ ես օգնության համար դիմել եմ ընկերներիս, օրինակ՝ երբ չնախատեսված բժշկական ծախսեր են առաջացել։ Ես միշտ ստացել եմ այն, ինչի կարիքը ունեցել եմ։ Որովհետև ընկերներս գիտեն, որ ես ազնիվ եմ, և երբ ինչ–որ բանի կարիք ունեմ, չեմ խնդրում պետք եղածից ավելին»։
Վիկտորինը շարունակում է. «Ես երջանիկ եմ, որ երեխաներս ազնիվ են։ Վերջերս հարևաններից մեկը եկել էր մեր տուն։ Նա նկատեց, որ սեղանի վրա փող է դրված, ու հարցրեց, թե արդյոք չեմ վախենում, որ երեխաները կվերցնեն այն։ Ես ասացի, որ իմ երեխաները նման բան երբեք չեն անի։ Նա այնքան զարմացավ, որ որոշեց, առանց ինձ տեղյակ պահելու, փորձել նրանց։ Գաղտնաբար տեսանելի մի տեղում 100 ֆրանկ դրեց։ Երբ հաջորդ օրը եկավ մեր տուն, ապշած մնաց՝ տեսնելով, որ մետաղադրամները դեռ տեղում են։ Այո՛, ավելի լավ է ազնիվ երեխաներ ունենալ, քան հարուստ լինել»։
«Բոլորն էլ այդպես են վարվում»
Այսօր շատերը գողություն են անում աշխատավայրում։ Նրանք մտածում են. «Բոլորն էլ այդպես են վարվում, ես ինչու չպետք է անեմ»։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես» (Ելից 23։2)։ Վիկտարը առաջնորդվել է այս խորհրդով։ Իսկ ի՞նչ օգուտներ է նա ստացել։
19 տարեկանում Վիկտարը աշխատանքի է ընդունվել մի գործարանում, որտեղ արմավենու պտուղներից յուղ են ստանում։ Շատ չանցած՝ նկատում է, որ աշխատողներից 40 կին ամեն շաբաթ գործարանից արմավի կորիզներ են գողանում։ Նրանք վաճառում են այդ կորիզները երեք–չորս օրվա աշխատավարձին համարժեք գնով։ Վիկտարը պատմում է. «Գողություն անում էին բոլորը։ Երբ ինձ էլ առաջարկեցին նման բան անել, ես հրաժարվեցի՝ ասելով, որ ազնվությամբ ապրելը իմ կյանքի նպատակն է։ Նրանք ծաղրեցին ինձ ու ասացին, որ ես լավ հնարավորություն եմ բաց թողնում ձեռքիցս»։
Վիկտարը շարունակում է. «Սակայն մի օր, երբ բոլոր աշխատողները պատրաստվում էին դուրս գալ գործարանից, հայտնվեց տնօրենը։ Նա ստուգեց բոլորի պայուսակները և բացի իմ պայուսակից, մյուսների պայուսակներում արմավի կորիզներ գտավ։ Նրանք պետք է կա՛մ գործից ազատվեին, կա՛մ էլ երկու շաբաթ անվճար աշխատեին։ Այդ երկու շաբաթների ընթացքում աշխատակիցներս համոզվեցին, որ ես իրականում ոչինչ էլ չեմ կորցրել»։
«Եթե ինչ–որ բան ես գտել, ապա այն քոնն է»
Ի՞նչ ես զգում, երբ գտնում ես մի բան, որ ուրիշը կորցրել է։ Բնականաբար, այդ պահին չես մտածում դա տիրոջը վերադարձնելու մասին։ Մարդիկ սովորաբար այսպես են մտածում. «Եթե ինչ–որ բան ես գտել, ապա այն քոնն է»։ Ոմանք կարծում են, որ ոչ մի վատ բան չկա այդպես վարվելու մեջ։ Չէ՞ որ, միևնույն է, տերը արդեն այդ իրը կորած է համարում և չի ակնկալում այն հետ ստանալ։ Մյուսներն էլ այն կարծիքին են, որ իրենք պարտավոր չեն փնտրել տիրոջը, մի բան, որը գուցե շատ ժամանակ խլի իրենցից։
Իսկ ո՞րն է Աստծու տեսակետը։ Բ Օրինաց 22։1–3 համարները ցույց են տալիս, որ նա, ով գտել է կորած բանը, ոչ թե պետք է յուրացնի գտածը, այլ պետք է պահի այդ իրը այնքան ժամանակ, «մինչեւ [տերը] նորան որոնէ. յետոյ նա նորան դարձնի»։ Նա կարող էր մեղադրվել գողության մեջ, եթե ինչ–որ բան էր գտել ու այդ մասին չէր հայտնել (Ելից 22։9)։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Քրիստին անունով մի կնոջ հետ։
Նա մասնավոր դպրոցի տնօրեն է։ Մի անգամ ամսվա վերջում Քրիստինը իր աշխատավարձը ստանում է կանխիկ գումարով։ Փողը դնում է պայուսակի մեջ, ինչպես որ ընդունված է անել Արևմտյան Աֆրիկայում, այնուհետև արագ դուրս է վազում, մոտոցիկլետ–տաքսի կանգնեցնում և գնում ժողովի հանդիպման։ Երբ տեղ է հասնում, պայուսակի միջից փող է հանում վարորդին վճարելու համար։ Սակայն քանի որ մութ է լինում, Քրիստինը չի նկատում, թե ինչպես է փողի կապոցը ընկնում պայուսակից։
Մի քանի րոպե անց այդ նույն փողոցով անցնում է Բլեյզ անունով 19–ամյա մի երիտասարդ, որը այդ թաղամասի բնակիչ չէ։ Նա պայմանավորվածություն ուներ. ժողովի հանդիպման վայրում պետք է հանդիպեր իր ընկերոջը։ Տեսնելով ճանապարհին ընկած կապոցը՝ վերցնում է ու դնում գրպանը։ Ժողովի վերջում նա իր ընկերոջն ասում է, որ ինչ–որ բան է գտել դրսում, և եթե պարզվի, որ ժողովից որևէ մեկն է դա կորցրել, ապա թող զանգահարի իրեն։
Այդ երեկո տուն վերադառնալուց հետո Քրիստինը հայտնաբերում է, որ իր ողջ ամսվա աշխատավարձը պայուսակի մեջ չէ։ Մեկ շաբաթ հետո, երբ նա պատմում է այդ մասին իր ընկերուհուն՝ Ջոզեֆինին, վերջինս ասում է, որ ժողով էր այցելել մի երիտասարդ, որը ինչ–որ բան էր գտել փողոցում։ Քրիստինը անմիջապես զանգահարում է այդ տղային և նկարագրում է, թե ինչպիսի կապոց է կորցրել։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ Բլեյզը վերադարձրեց կապոցը։ Իսկ ի՞նչ զգաց Բլեյզը։ Նա ասում է. «Ես ավելի մեծ ուրախություն զգացի, երբ վերադարձրի գումարը, քան կզգայի, եթե այն պահեի»։
Ինչու են նրանք ջանում միշտ ազնիվ լինել
Վիկտորինը, Վիկտարը և Բլեյզը ապրում են տարբեր վայրերում և չեն ճանաչում միմյանց։ Սակայն նրանց միջև մի ընդհանուր բան կա։ Նրանք Եհովայի վկաներ են և հետևում են ազնվության վերաբերյալ Աստվածաշնչի սկզբունքներին։ Այս մարդիկ նաև սպասում են Աստծու խոստումների կատարմանը։ Պետրոսը գրեց. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։ Նոր աշխարհում ապրող բոլոր մարդիկ արդար են լինելու։
Վիկտորինը չի կարծում, որ այս համակարգում իր ընտանիքի վիճակը կբարելավվի։ Այդուհանդերձ, նա հարուստ է հոգևորապես, ինչը փողով ձեռք չես բերի։ Նրա երեխաները բարեպաշտ են և ազնիվ։ Նրանց սրտերը ուրախությամբ է լցվում, երբ ամեն շաբաթ իրենց հարևանությամբ ապրող մարդկանց պատմում են Աստծու բարության մասին և բացատրում, թե ինչպես է նա գոհացնելու «այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով» և թե ինչպես է պաշտպանելու «բոլոր իրան սիրողներին» (Սաղմոս 145։7, 18, 20)։
Որոշ ժամանակ անց Վիկտարը դուրս եկավ գործարանից և սկսեց շուկայում բանջարեղեն վաճառել։ Ազնվության շնորհիվ նա շատ հաճախորդներ ունեցավ։ Շատ չանցած՝ նա սկսեց ավելի քիչ աշխատել շուկայում, որպեսզի շատ ժամանակ տրամադրի քարոզչությանը և մարդկանց պատմի, որ շուտով նրանք կարող են ապրել նոր աշխարհում, որտեղ անազնիվ մարդիկ չեն լինի։ Հետագայում նա ամուսնացավ։ Այսօր Վիկտարը և իր ամուսինը ծառայում են որպես լիաժամ քարոզիչներ։
Քրիստինը կորցրել էր իր գումարը Եհովայի վկաների Թագավորության սրահի առաջ։ Թեև Բլեյզը քչերին էր ճանաչում այդ ժողովից, սակայն գիտեր, որ բոլորը իր քույրերն ու եղբայրներն են, որոնք ջանում են միշտ ազնիվ լինել։
Քանի՞ հոգու գիտես, որ ջանում են միշտ ազնիվ լինել։ Մի՞թե ուրախ չէիր լինի, եթե քո շրջապատում ճանաչեիր 50, 100 կամ 200 ազնիվ մարդու։ Հենց դա են զգում Եհովայի վկաները, երբ հավաքվում են իրենց Թագավորության սրահներում։ Դու կարող ես գնալ որևէ Թագավորության սրահ և ծանոթանալ նրանց հետ։
[Մեջբերում 12–րդ էջի վրա]
«Ավելի լավ է ազնիվ երեխաներ ունենալ, քան հարուստ լինել» (ՎԻԿՏՈՐԻՆ)
[Շրջանակ 14–րդ էջի վրա]
Արդյոք Առակաց 6։30–ը արդարացնո՞ւմ է գողությունը
[Նկար 14–րդ էջի վրա]
Առակաց 6։30–ում գրված է. «Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր»։ Ուրեմն գողությունը արդարացվո՞ւմ է։ Ամենևի՛ն։ Համատեքստը ցույց է տալիս, որ Աստված պատասխանատվության է կանչում անհատին գողություն անելու համար։ Հաջորդ համարում նշվում է. «Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ» (Առակաց 6։31)։ Թեև մարդը գողացել էր սոված լինելու պատճառով, սակայն նրա արարքը դատապարտելի չէր, քանի որ այդ քայլին չէր դիմել ագահությունից կամ ինչ–որ մեկին վնաս պատճառելու ցանկությունից դրդված։ Այդուհանդերձ, նրանից պահանջվում էր «յոթնապատիկ վճարել», կամ՝ յոթ անգամ ավելի հատուցել։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում են արժանանալ Աստծու հավանությանը, չպետք է երբեք գողություն անեն, ինչպիսին էլ լինեն իրենց հանգամանքները։