«Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել»
Նա բանաստեղծ էր, ճարտարապետ և թագավոր։ Նրա տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 200 մլն դոլար, և նա ավելի հարուստ էր, քան որևէ այլ թագավոր։ Այդ մարդը նաև հայտնի էր իր իմաստնությամբ։ Նրան այցելության եկած մի թագուհի այնքան էր տպավորվել, որ բացականչել էր. «Ահա ինձ կէսը չեն պատմել. դու իմ լսած համբաւից աւելի իմաստութիւն եւ բարիք ունես» (Գ Թագաւորաց 10։4–9)։ Ահա թե ինչպիսին էր հին Իսրայելի թագավոր Սողոմոնը։
Լինելով հարստության և իմաստության տեր՝ Սողոմոնը մյուսներից ավելի լավ կարող էր որոշել, թե այս երկուսից որն է իսկապես կարևոր։ Նա գրեց. «Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։ Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։ Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն» (Առակաց 3։13–15)։
Որտե՞ղ, ուրեմն, կարելի է իմաստություն գտնել։ Ինչո՞ւ է իմաստությունն ավելի արժեքավոր հարստությունից։ Ի՞նչ ուշագրավ բան կա իմաստության մեջ։ Սողոմոնի գրած աստվածաշնչյան «Առակաց» գրքի 8–րդ գլխում տրվում են այս հարցերի յուրօրինակ պատասխանները։ Այդ գլխում իմաստությունն անձնավորված է, ասես թե ընդունակ է խոսելու ու գործելու, և հենց ինքն էլ բացահայտում է իր գրավչությունն ու արժեքը։
«Իմաստութիւնը.... աղաղակում է»
«Առակաց» գրքի 8–րդ գլուխը հետևյալ խոսքերով է սկսվում. «Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը («խորաթափանցությունը», ՆԱ) ձայն է տալիս»։a Այո՛, իմաստությունն ու խորաթափանցությունը կանչում են, սակայն բոլորովին ոչ այնպես, ինչպես այն անառակ կինը, որը թաքնվում է մութ տեղերում ու գայթակղիչ խոսքեր փսփսում միայնակ ու անփորձ երիտասարդի ականջին (Առակաց 7։12)։ «Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է. դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է» (Առակաց 8։1–3)։ Իմաստության ուժգին և խրոխտ ձայնը հստակորեն լսվում է հասարակական վայրերում՝ խաչմերուկներում, դռների և քաղաքի դարպասների մոտ։ Ժողովուրդը կարող է հեշտությամբ լսել այդ ձայնը և արձագանքել։
Ո՞վ կարող է ժխտել, որ Աստծո ներշնչյալ Խոսքում՝ Աստվածաշնչում գտնվող աստվածային իմաստությունը մատչելի է երկրագնդի գրեթե յուրաքանչյուր բնակչի, որը ցանկանում է ձեռք բերել դա։ «Պատմության մեջ ոչ մի գիրք այնքան ընթերցող չի ունեցել, որքան Աստվածաշունչը,— ասվում է «Համաշխարհային հանրագիտարանում»։— Աստվածաշնչի ավելի շատ օրինակներ են տարածվել, քան որևէ այլ գրքի, նաև այդ գիրքն ավելի շատ է թարգմանվել և ավելի շատ լեզուներով» («The World Book Encyclopedia»)։ Աստվածաշունչն ամբողջությամբ կամ մասնակիորեն մատչելի է ավելի քան 2 100 լեզուներով և բարբառներով, ու մարդկային ընտանիքի ավելի քան 90 %–ը հնարավորություն ունի մայրենի լեզվով կարդալ Աստվածաշնչի գոնե մի որոշ մասը։
Եհովայի վկաները Աստվածաշնչի լուրն ազդարարում են ամենուրեք։ Աշխարհի 235 երկրներում նրանք ակտիվորեն քարոզում են Աստծո Թագավորության բարի լուրը և սովորեցնում են մարդկանց այն ճշմարտությունները, որոնք գտնվում են Աստծո Խոսքում։ Նրանց կողմից համապատասխանաբար 140 և 83 լեզուներով հրատարակվող, Աստվածաշնչի վրա հիմնված «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից յուրաքանչյուրի տպաքանակն անցնում է 20 մլն–ից։ Կասկած չկա, որ իմաստությունն աղաղակում է հասարակության մեջ։
«Իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է»
Անձնավորված իմաստությունը սկսում է իր խոսքը. «Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։ Ով անմիտներ, իմաստութիւն («խորագիտություն», ԷԹ) հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք» (Առակաց 8։4, 5)։
Իմաստության կանչն ուղղված է բոլորին՝ ողջ մարդկությանը։ «Անմիտները»՝ անփորձները, նույնպես հրավիրվում են խորագիտություն, իսկ «հիմարները»՝ հասկացողություն ձեռք բերելու։ Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը, այո՛, բոլոր մարդկանց համար է նախատեսված և, առանց աչառության, յուրաքանչյուրին քաջալերում են քննել այդ գիրքը ու գտնել նրանում պահված իմաստության խոսքերը։
«Իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու»
Իմաստությունը շարունակում է կանչել. «Լսեցէք, որովհետեւ ազնիվ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։ Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։ Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չ’կայ»։ Այո՛, իմաստության ուսուցումներն ազնիվ են, ուղիղ, ճշմարիտ և արդար։ Այնտեղ ոչ մի թյուր կամ ծուռ բան չկա։ «Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին» (Առակաց 8։6–9)։
Ուստի, իմաստությունը հորդորում է. «Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է»։ Սա խելացի կոչ է, «որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չ’արժեն նորան» (Առակաց 8։10, 11)։ Բայց ինչո՞ւ։ Ի՞նչն է իմաստությանն ավելի արժեքավոր դարձնում հարստությունից։
«Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը»
Այն պարգևները, որ իմաստությունն է տալիս իրեն լսողին, շատ ավելի թանկ են, քան ոսկին, արծաթը կամ գոհարը։ Իմաստությունն ասում է, թե ինչ պարգևներ են դրանք. «Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների [«խոհեմութեան», Արևմտ. Աստ.] գիտութիւնը գտել եմ։ Տիրոջ երկիւղը չարն ատել է [նշանակում], հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ» (Առակաց 8։12, 13)։
Իմաստությունը խորագիտություն և խոհեմություն է տալիս իր տիրոջը։ Աստվածային իմաստության տեր մարդը նաև ակնածանք, պատկառանք է զգում Աստծո հանդեպ, քանի որ «իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է» (Առակաց 9։10)։ Ուստի, նա ատում է այն, ինչը որ ատում է Եհովան։ Հպարտությունը, ամբարտավանությունը, անբարոյական վարքը և նենգ խոսքը շատ հեռու են իրենից։ Քանի որ այդպիսի մարդն ատում է այն, ինչը որ չար է, ապա դա իրեն հեռու է պահում իր ունեցած իշխանությունը չարաշահելուց։ Որքա՜ն կարևոր է, որ քրիստոնեական ժողովում պատասխանատու դիրք ունեցողները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ընտանիքի գլուխներ են հանդիսանում, իմաստության ձգտեն։
«Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը,— շարունակում է իմաստությունը.— ես եմ հանճարը [«հասկացողությունը», ՆԱ], զօրութիւնը իմն է։ Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։ Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները» (Առակաց 8։14–16)։ Իմաստության արդյունքն է խորաթափանցությունը, հասկացողությունը և զորությունը. հատկություններ, որոնք շատ անհրաժեշտ են ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և դատավորներին։ Իմաստությունը պարզապես անփոխարինելի է նրանց համար, ովքեր իշխանություն ունեն և ովքեր խորհուրդ են տալիս ուրիշներին։
Ճշմարիտ իմաստությունը մատչելի է բոլորին, սակայն ոչ բոլորն են գտնում նրան։ Ոմանք մերժում են իմաստությանը կամ խուսափում նրանից նույնիսկ այն դեպքում, երբ նա կանգնած է իրենց դռան ետևում։ «Ես ինձ սիրողներին կ’սիրեմ,— ասում է իմաստությունը,— եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ» (Առակաց 8։17)։ Իմաստություն ձեռք են բերում միայն նրանք, ովքեր իսկապես փնտրում են նրան։
Իմաստության ճանապարհներն ուղիղ և արդար են։ Նա վարձահատույց է լինում իրեն փնտրողներին։ Ահա թե ինչ է նա ասում. «Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։ Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։ Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ» (Առակաց 8։18–21)։
Այնպիսի գերազանց հատկությունների հետ միասին, ինչպիսիք են խորագիտությունը, խոհեմությունը, խոնարհությունը, խորաթափանցությունը, գործնական իմաստությունը և հասկացողությունը, իմաստությունը մարդուն պարգևում է նաև հարստություն և պատիվ։ Իմաստուն մարդն, իրոք, կարող է արդար ճանապարհով հարստանալ, և նա հոգևոր հաջողություններ կունենա (Գ Յովհաննէս 2)։ Իմաստությունը նաև մարդուն պատիվ է բերում։ Ավելին, այդ մարդը իր ձեռք բերածից բավականություն է ստանում, նրա հոգում անդորր է տիրում, իսկ խիղճը մաքուր է Աստծո հանդեպ։ Այո՛, երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել։ Իսկապես, իմաստության արդյունքն ավելի թանկարժեք է, քան մաքուր ոսկին և ընտիր արծաթը։
Որքա՜ն ժամանակահարմար է այս խորհուրդը, եթե նկատի ունենանք, որ ապրում ենք նյութապաշտորեն տրամադրված մի աշխարհում, որտեղ մեծ տեղ է հատկացվում ցանկացած գնով հարստանալուն։ Թող որ երբեք չմոռանանք, թե ինչ մեծ արժեք ունի իմաստությունը և երբեք չդիմենք անարդարության՝ հարստություն ձեռք գցելու համար։ Թող որ նյութական միջոցներ ձեռք բերելու ցանկությունը պատճառ չդառնա անտեսելու այն ամենը, որոնց շնորհիվ հենց կարելի է իմաստություն գտնել՝ մեր քրիստոնեական հանդիպումները, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը և այն հրատարակությունները, որոնք մատակարարում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթէոս 24։45–47)։
«Ես հաստատուել եմ յաւիտենից հետէ»
«Առակաց» 8–րդ գլխում իմաստության անձնավորումը չի հանդիսանում ընդամենը միջոց՝ բացատրելու մի ինչ–որ վերացական հատկանիշի բնորոշ գծերը։ Դա խորհրդանշական կերպով նաև մատնացույց է անում Եհովայի կարևորագույն ստեղծագործությանը։ Իմաստությունը շարունակում է ասել. «Տէրն ինձ ուներ իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։ Ես օծուել («հաստատուել», տող. ծան.) եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։ Ես անդունդները չ’եղած եմ ծնուել, ջրառատ աղբյուրները չ’եղած։ Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։ Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները» (Առակաց 8։22–26)։
Ինչքա՜ն լավ է համապատասխանում անձնավորված իմաստության վերոհիշյալ նկարագրությունը այն խոսքերին, որոնք վերաբերում են Գրություններում նշված «Բանին»։ «Սկզբից էր Բանը,— գրեց Հովհաննես առաքյալը,— եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած [«աստված», ՆԱ] էր» (Յովհաննէս 1։1)։ Անձնավորված իմաստությունն այլաբանորեն ներկայացնում է Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին իր մարդկային գոյությունից առաջ։b
Հիսուս Քրիստոսը «անդրանիկն [է] բոլոր արարածների. որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրայ, ինչ որ երեւում է եւ ինչ որ չի երեւում» (Կողոսացիս 1։15, 16)։ «Նա [Եհովան] երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի,— շարունակում է անձնավորված իմաստությունը,— երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։ Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։ Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չ’անցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը, այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։ Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակաց 8։27–31)։ Եհովայի անդրանիկ Որդին այնտեղ էր՝ իր Հոր կողքին, և ակտիվորեն աշխատում էր նրա՝ երկրի և երկնքի անզուգական Ստեղծիչի հետ միասին։ Երբ Եհովա Աստված ստեղծում էր առաջին մարդուն, նրա Որդին մասնակցում էր այդ գործին՝ որպես ճարտարապետ (Ծննդոց 1։26)։ Զարմանալի չէ, որ Աստծո Որդին շատ էր հետաքրքրվում մարդկանցով և սիրում նրանց։
«Երանի՜ այն մարդին, որ ինձ մտիկ է անում»
Որպես անձնավորված իմաստություն՝ Աստծո Որդին ասում է. «Հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։ Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։ Երանի՜ այն մարդին, որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։ Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ’ստանայ։ Բայց ինձ դէմ մեղանչողը կ’վնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում» (Առակաց 8։32–36)։
Հիսուս Քրիստոսն, իրոք, Աստծո իմաստության մարմնավորումն է։ Նրա մեջ «պահուած են գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերը» (Կողոսացիս 2։3)։ Ուստի, եկեք մեծ ուշադրությամբ ականջ դնենք նրա ձայնին և ճշգրտորեն գնանք նրա հետքերով (Ա Պետրոս 2։21)։ Նրան մերժելը նշանակում է վնասել ինքներս մեզ և սիրել մահը. չէ՞ որ «ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ» (Գործք 4։12)։ Այո՛, եկեք ընդունենք Հիսուսին՝ որպես մեկի, որին Աստված տվեց մեր փրկության համար (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16)։ Այդպես վարվելով՝ մենք երջանիկ կլինենք, քանի որ ‘կյանք ենք գտնում և Տերիցը շնորհք ստանում’։
[ծանոթագրություններ]
a Եբրայերենում «իմաստություն»–ը իգական սեռի բառ է։ Այդ իսկ պատճառով որոշ թարգմանություններում այդ բառին փոխարինող դերանունները դրված են իգական սեռով։
b Այն փաստը, որ «իմաստություն» բառի եբրայերեն համանիշը միշտ դրված է իգական սեռով, չի հակասում նրան, որ «իմաստությունը» ներկայացնի Աստծո Որդուն։ «Աստուած սէր է» արտահայտության մեջ «սեր» բառի հունարեն համանիշը նույնպես դրված է իգական սեռով (Ա Յովհաննէս 4։8)։ Իսկ այդ բառը օգտագործված է Աստծուն ներկայացնելու համար։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Իմաստության դերը անփոխարինելի է պատասխանատու անձանց համար
[նկարներ 27–րդ էջի վրա]
Մի՛ անտեսեք այն միջոցները, որոնց շնորհիվ կարելի է իմաստություն գտնել