Իննսուն տարի առաջ սկսեցի «հիշել ինձ Ստեղծողին»
ՊԱՏՄՈՒՄ է էԴՎԻՆ ՌԻՋՎԵԼԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11–ին (1918 թ.) մեր դպրոցի երեխաներին հավաքեցին նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Ես ընդամենը հինգ տարեկան էի և լիովին չէի հասկանում այդ ամենի իմաստը։ Այն, ինչ ծնողներս պատմել էին Աստծու մասին, հուշում էր ինձ, որ չպետք է մասնակցեմ այդ արարողությանը։ Ես սկսեցի աղոթել Աստծուն, բայց այնքան լարված էի, որ չդիմացա ու լաց եղա։ Ինչևէ, չմասնակցեցի այդ միջոցառմանը։ Այսպես ես սկսեցի «հիշել իմ ստեղծողին» (Ժող. 12։1)։
Այս դեպքից մի քանի ամիս առաջ մեր ընտանիքը տեղափոխվել էր ապրելու մի բնակավայրում, որը մոտ էր Գլազգո քաղաքին (Շոտլանդիա)։ Հենց այդ ժամանակ էր, որ հայրս ներկա եղավ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» վերնագրով ելույթին։ Այն լիովին փոխեց նրա կյանքը։ Հայրս ու մայրս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախ էին իրար հետ խոսում Աստծու Թագավորության և գալիք օրհնությունների մասին։ Ես շնորհակալ եմ Եհովային, որ ծնողներս սովորեցրել են ինձ սիրել և ապավինել Իրեն (Առակ. 22։6)։
Սկսում եմ ծառայել լիաժամ
Երբ արդեն 15 տարեկան էի, կարող էի բարձրագույն կրթություն ստանալ, բայց շատ էի ուզում դառնալ լիաժամ ծառայող։ Սակայն, հորս կարծիքով, ես դեռ փոքր էի։ Մի որոշ ժամանակ աշխատեցի գրասենյակում։ Բայց լիաժամ ծառայելու ցանկությունս այնքան մեծ էր, որ մի օր նստեցի ու նամակ գրեցի Ջ. Ռադերֆորդին, որն այն ժամանակ ղեկավարում էր համաշխարհային քարոզչական գործը։ Ես գրեցի, թե ինչ նպատակներ ունեմ ու հարցրի նրա կարծիքը։ Եղբայր Ռադերֆորդը պատասխան նամակում գրեց. «Եթե դու այնքան մեծ ես, որ կարող ես աշխատել, ուրեմն կարող ես նաև ծառայել Տիրոջը.... Վստահ եմ՝ Տերը կօրհնի քեզ, եթե դու ջանք չխնայես Նրան հավատարմորեն ծառայելու համար»։ Այդ նամակը, որ թվագրված էր «10 մարտի, 1928 թ.»–ով, անջնջելի տպավորություն թողեց մեր ընտանիքի վրա։ Շատ չանցած՝ հայրս, մայրս, ավագ քույրս և ես լիաժամ ծառայողներ դարձանք։
1931 թ.–ին Լոնդոնում տեղի ունեցավ համաժողով, որտեղ եղբայր Ռադերֆորդը հայտարարեց, որ կամավորների կարիք կա բարի լուրը օտար երկրներում քարոզելու համար։ Ես ու էնդրյու Ջեկը ցուցակագրվեցինք, և մեզ նշանակեցին Կաունաս, որն այն ժամանակ Լիտվայի մայրաքաղաքն էր։ Ես 18 տարեկան էի։
Քարոզում ենք արտասահմանում
Այդ ժամանակ Լիտվան աղքատ գյուղատնտեսական երկիր էր։ Գյուղական վայրերում քարոզելը դժվար էր։ Դժվար էր նաև կացարան գտնելը, իսկ որոշ կացարաններ մեր հիշողության մեջ երկար մնացին։ Մի գիշեր ես ու էնդրյուն արթնացանք տհաճ զգացողությունից։ Վառեցինք նավթի լամպը ու տեսանք, որ անկողինը լիքն է փայտոջիլներով։ Մեզ ոտից գլուխ կծել էին։ Մի ամբողջ շաբաթ առավոտյան ստիպված էի գնալ մոտակա գետը ու մինչև վիզս մտնել սառը ջրի մեջ, որպեսզի ցավը մեղմանար։ Չնայած այդ ամենին՝ մենք տրամադրված էինք շարունակելու ծառայությունը։ Որոշ ժամանակ անց կացարանի հարցը լուծվեց. հանդիպեցինք մի երիտասարդ ամուսնական զույգի, որն ընդունել էր Աստվածաշնչի ճշմարտությունը։ Նրանք մեզ տարան իրենց տուն, որը թեև փոքր էր, բայց մաքուր։ Ճիշտ է, մենք քնում էինք հատակին, բայց այն շատ ավելի հարմարավետ էր, քան փայտոջիլներով լի անկողինը։
Այն ժամանակ Լիտվայում գերիշխում էին Հռոմի կաթոլիկ և ռուսական ուղղափառ եկեղեցիները։ Աստվածաշունչը մատչելի էր միայն հարուստներին։ Մեր գլխավոր նպատակը հնարավորին չափ մեծ տարածք մշակելն էր և շատ աստվածաշնչյան գրականություն տարածելը։ Երբ գնում էինք ինչ–որ քաղաք, նախ կացարան էինք փնտրում։ Հետո զգուշորեն քարոզում էինք շրջակա տարածքներում, այնուհետև՝ քաղաքում։ Այդպիսով մենք սովորաբար ավելի շուտ էինք ավարտում մեր գործը, քան տեղի քահանաները կհասցնեին խնդիրներ հարուցել։
Իրարանցում և հրապարակայնություն
1934 թ.–ին էնդրյուն նշանակում ստացավ ծառայելու մասնաճյուղում, որը գտնվում էր Կաունասում։ Իմ ծառայակիցը դարձավ Ջոն Սեմպին։ Մեզ հետ մի քանի անմոռանալի դեպքեր պատահեցին։ Մի անգամ գնացի մի իրավաբանի մոտ, որ նրան պատմեմ բարի լուրը։ Նա բարկացավ, դարակից հանեց ատրճանակը և կարգադրեց հեռանալ։ Մտքումս աղոթեցի ու հիշեցի հետևյալ սուրբգրային խորհուրդը. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը» (Առակ. 15։1)։ Ուստի պատասխանեցի. «Ես բարի նպատակներով եմ եկել, և պարզապես ուզում էի լավ լուր հայտնել ձեզ։ Շնորհակալություն, որ չկրակեցիք»։ Նրա մատը ձգանից հետ քաշվեց, իսկ ես հետ–հետ գնալով դուրս եկա։
Երբ այս ամենի մասին պատմեցի Ջոնին, պարզվեց, որ նրա հետ էլ էր նման բան պատահել։ Ջոնին տարել էին ոստիկանական տեղամաս, որովհետև մի կնոջից, որի հետ նա խոսել էր, գողացել էին մեծ արժողության թղթադրամ։ Այնտեղ նրան լրիվ մերկացրել էին և ստուգել։ Իհարկե, թղթադրամը նրա մոտ չէր։ Հետագայում իսկական գողը բռնվեց։
Այս երկու դեպքերը բավական մեծ իրարանցում առաջացրին այդ համեմատաբար հանգիստ քաղաքում, ինչի շնորհիվ բարի լուրը, առանց մեր կողմից մեծ ջանքեր թափելու, լայնորեն տարածվեց։
Վտանգավոր ուղևորություններ
Մեզ մի վտանգավոր հանձնարարություն տվեցին. աստվածաշնչային գրականություն տանել հարևան Լատվիա, որտեղ քարոզչական գործը արգելված էր։ Ամիսը մեկ անգամ գիշերային գնացքով ուղևորվում էինք այդ երկիր։ Երբեմն գրականությունը թողնելուց հետո շարունակում էինք ճանապարհը դեպի էստոնիա, որպեսզի այնտեղից էլ գրականություն վերցնենք ու հետդարձին թողնենք Լատվիայում։
Մի անգամ մաքսատան աշխատողը, որին տեղեկացրել էին, թե ինչ ենք մենք անում, պահանջեց իջնել գնացքից և գրականությունը բերել իր պետի մոտ։ Ես ու Ջոնը աղոթեցինք Եհովային։ Ի զարմանս մեզ՝ այդ աշխատակիցը իր պետին չհայտնեց, թե ինչ ենք մենք տանում, այլ պարզապես ասաց. «Այս մարդիկ հայտարարագրելու բան ունեն»։ Ես «հայտարարագրեցի», որ ինձ մոտ կա գրականություն, որը կարող է օգնել դպրոցականներին, ուսուցիչներին և ուսանողներին հասկանալու այն ամենի նշանակությունը, ինչ տեղի է ունենում մեր անհանգիստ աշխարհում։ Մաքսատան աշխատողը թույլ տվեց մեզ գնալու, և մենք ապահով տեղ հասցրինք մեր ուղեբեռը։
Որքան քաղաքական իրադրությունը Բալթյան երկրներում վատանում էր, այնքան մարդիկ Վկաների դեմ էին տրամադրվում։ Քարոզչական գործը արգելվեց նաև Լիտվայում։ էնդրյուին ու Ջոնին արտաքսեցին երկրից, իսկ երբ հորիզոնում ուրվագծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, բոլոր բրիտանացիներին խորհուրդ տվեցին հեռանալ։ Սրտի կսկիծով ես նույնպես թողեցի երկիրը։
Առանձնաշնորհումներ և օրհնություններ Հյուսիսային Իռլանդիայում
Այս ընթացքում ծնողներս տեղափոխվել էին Հյուսիսային Իռլանդիա։ 1937 թ.–ին ես գնացի ապրելու նրանց հետ։ Ռազմական հիստերիայի պատճառով մեր գրականությունը արգելվեց նաև այստեղ, բայց մենք շարունակեցինք քարոզել ամբողջ պատերազմի ընթացքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո դարձյալ կարող էինք առանց որևէ խոչընդոտի կատարել մեր գործը։ Հարոլդ Քինգը՝ մի փորձառու ռահվիրա (հետագայում նա Չինաստանում ծառայեց որպես միսիոներ), կազմակերպեց բացօթյա հանրային ելույթներ։ «Այս շաբաթ ես կանեմ առաջին ելույթը»,— ասաց նա։ Հետո նայեց ինձ ու ասաց. «Հաջորդ շաբաթ օրը քո հերթն է»։ Ես զարմանքից քար կտրեցի։
Լավ հիշում եմ առաջին ելույթս։ Մի քանի հարյուր մարդ էր ներկա։ Ես այն ներկայացրի մի արկղի վրա կանգնած և առանց բարձրախոսի։ Ելույթից հետո մի մարդ մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու ներկայացավ՝ Բիլ Սմիթ։ Նա ասաց, որ անցնում էր այս կողմերով և, նկատելով հավաքված բազմությանը, կանգնեց, որ տեսնի, թե ինչ է կատարվում։ Պարզվեց՝ հայրս նախկինում քարոզել էր Բիլին, բայց հետո նրա հետ կապը կտրվել էր, քանի որ հայրս ու խորթ մայրս տեղափոխվել էին Դուբլին՝ այնտեղ ռահվիրա ծառայելու։ Ես Բիլի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցի։ Ժամանակի ընթացքում նրա ընտանիքից ինը հոգի դարձավ Եհովայի վկա։
Մի անգամ քարոզում էի Բելֆաստի մոտակայքում, որտեղ մեծ առանձնատներ կային։ Հանդիպեցի մի ռուս կնոջ, որը եկել էր Լիտվայից։ Երբ ես գրականություն առաջարկեցի, նա մատնացույց արեց գրքերից մեկը և ասաց. «Ես ունեմ դրանից։ Այն ինձ տվել է հորեղբայրս, որը պրոֆեսոր է Կաունասի համալսարանում»։ Կինը ինձ ցույց տվեց «Արարչագործություն» գիրքը լեհերեն։ Լուսանցքները լի էին գրառումներով։ Որքա՜ն նա զարմացավ՝ իմանալով, որ իր հորեղբորը ես եմ տվել այդ գիրքը, երբ Կաունասում էի (Ժող. 11։1)։
Երբ Ջոն Սեմպին լսեց, որ ես գնում եմ Հյուսիսային Իռլանդիա, խնդրեց ինձ այցելել իր կրտսեր քրոջը՝ Նելլիին, որովհետև նրան հետաքրքրում էր Աստվածաշունչը։ Ես ու քույրս՝ Քոնին, նրա հետ ուսումնասիրություն սկսեցինք։ Նելլին արագորեն հոգևորապես աճեց և իր կյանքը նվիրեց Եհովային։ Հետագայում մենք մտերմացանք ու ամուսնացանք։
Նելլին ու ես միասին ծառայեցինք Եհովային 56 տարի ու պատիվ ունեցանք օգնելու հարյուրից ավելի մարդկանց՝ ընդունելու աստվածաշնչյան ճշմարտությունը։ Մենք հույս ունեինք, որ նոր աշխարհ միասին կմտնենք, բայց 1998 թ.–ին դաժան թշնամին՝ մահը, ինձանից խլեց կնոջս։ Դա ծանր հարված էր՝ կյանքիս ամենամեծ փորձություններից մեկը։
Վերադառնում եմ Բալթյան երկրներ
Նելլիի մահից մեկ տարի անց մի հետաքրքիր հրավեր ստացա։ Ինձ հրավիրում էին Տալլին՝ էստոնիայի մասնաճյուղ։ Նամակում եղբայրները գրել էին. «1920–ականների վերջում և 1930–ականների սկզբում տասը եղբայր էր նշանակվել ծառայելու Բալթյան երկրներում։ Միայն դու ես կենդանի մնացել»։ Նամակում նաև ասվում էր, որ մասնաճյուղը տեղեկություններ է հավաքում այն մասին, թե այդ տարիներին ինչպես է ընթացել քարոզչական գործը էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, իսկ վերջում հարցնում էին. «Կարո՞ղ ես գալ»։
Ի՜նչ մեծ պատիվ էր ինձ համար պատմել դեպքեր այն ժամանակվա մեր ծառայությունից։ Լատվիայում եղբայրներին ցույց տվեցի այն բնակարանը, որը ծառայում էր որպես մասնաճյուղ։ Ցույց տվեցի նաև այն ձեղնահարկը, որտեղ թաքցնում էինք գրականությունը. ոստիկանությունը այդպես էլ չկարողացավ հայտնաբերել այն։ Լիտվայում ինձ տարան Շյաուլյայ փոքր քաղաքը, որտեղ ռահվիրա եմ ծառայել։ Այնտեղ մի հավաքույթի ժամանակ եղբայրներից մեկն ինձ ասաց. «Շատ տարիներ առաջ ես ու մայրս տուն գնեցինք այս քաղաքում։ Ձեղնահարկը մաքրելիս գտա երկու գիրք՝ «Դարերի աստվածային ծրագիրը» և «Աստծու քնարը»։ Երբ կարդացի դրանք, հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը։ Ըստ ամենայնի, հենց դու ես այդ գրքերը տվել նախկին տանտերերին»։
Նաև ներկա եղա շրջանային համաժողովի մի քաղաքում, որտեղ նույնպես ռահվիրա եմ ծառայել։ 65 տարի առաջ էլ եմ այս քաղաքում մասնակցել համաժողովի։ Այն ժամանակ 35 հոգի էր ներկա։ Իսկ հիմա ի՜նչ ուրախություն էր տեսնել ավելի քան 1 500 հոգու։ Որքա՜ն էր Եհովան օրհնել քարոզչական գործը։
«Մի թողիր ինձ, ով Աստուած»
Վերջերս միանգամայն անսպասելիորեն օրհնվեցի. Բի անունով մի հմայիչ քրիստոնյա քույր համաձայնվեց դառնալ իմ կինը։ Մենք ամուսնացանք 2006 թ. նոյեմբերին։
Իր ապագայի մասին մտածող յուրաքանչյուր երիտասարդի կարող եմ վստահեցնել, որ իմաստուն կլինի ականջ դնել հետևյալ ներշնչյալ խոսքերին. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը»։ Հիմա կարող եմ սաղմոսերգուի պես ցնծալ. «Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։ Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ հաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին» (Սաղ. 71։17, 18)։
[նկար 25–րդ էջի վրա]
Լատվիա գրականություն տանելը վտանգավոր էր
ԷՍՏՈՆԻԱ
ՏԱԼԼԻՆ
Ռիգայի ծոց
ԼԱՏՎԻԱ
ՌԻԳԱ
ԼԻՏՎԱ
ՎԻԼՆՅՈՒՍ
Կաունաս
[նկար 26–րդ էջի վրա]
15 տարեկանում Շոտլանդիայում սկսեցի ռահվիրա ծառայել
[նկար 26–րդ էջի վրա]
Նելլիի հետ մեր ամուսնության օրը, 1942