Աստվածավախությունը «իմաստութեան խրատն է»
«ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ» մեծ խնջույք պատրաստեց։ «Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին. Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. եւ պակասամիտին ասում է. Եկեք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։ Թողեցէք յիմարութիւնը [«անփորձներին», ՆԱ], եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը» (Առակաց 9։1–6)։
«Իմաստության» սեղանի շուրջ խնջույք անելը երբեք վնաս չի բերում։ Ներշնչված առակներում գտնվող Աստծու իմաստությանը ականջ դնելը և այդ խրատները ընդունելը միայն լավ բանի են նպաստում։ Բացառություն չեն Առակաց 15։16–33 համարներում արձանագրված իմաստուն առակները։a Այս համառոտ առակներին հետևելը կօգնի մեզ գոհանալ քչով, առաջադիմել և կյանքում ուրախություն գտնել։ Վարվելով այդպես՝ կարող ենք նաև իմաստուն որոշումներ կայացնել և կանգնած մնալ կյանքի ճանապարհի վրա։
Քիչ ունեցվածքը ավելի լավ է
Հին Իսրայելի Սողոմոն թագավորը ասում է. «Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով» (Առակաց 15։16)։ Արարչին արհամարհելը և կյանքում գլխավոր տեղում նյութական ունեցվածքը դնելը անմիտ է։ Այդպիսի ապրելակերպը սպառում է անհատին և մեծ հոգսերի մեջ գցում։ Որքա՜ն ցավալի կլինի կյանքի վերջում գիտակցել, որ տարիները դատարկ և անիմաստ են անցել։ Հարստություն կուտակելը լի է «խռովութիւնով» և, իհարկե, իմաստուն չէ։ Շատ ավելի լավ է իմանալ գոհ լինելու գաղտնիքը և այդպես ապրել։ Իսկական գոհունակությունը բխում է Եհովայի հանդեպ վախ ունենալուց, նրա հետ ունեցած մեր փոխհարաբերություններից և ոչ թե նյութական ունեցվածքից (Ա Տիմոթէոս 6։6–8)։
Ընդգծելով, որ ուրիշների հետ մեր ունեցած փոխհարաբերությունները ավելի արժեքավոր են, քան նյութական հարստությունը՝ Սողոմոնն ասում է. «Լաւ է խոտեղեն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով» (Առակաց 15։17)։ Այո, ընտանիքում տիրող սերը ավելի ցանկալի է, քան առատ կերակուրը։ Այն ընտանիքներում, որտեղ երեխաները դաստիարակվում են միայնակ ծնողի կողմից, նյութական միջոցները գուցե շատ սահմանափակ լինեն։ Իսկ որոշ երկրներում մարդիկ կարողանում են վաստակել միայն օրվա հացը։ Այնուամենայնիվ, ընտանիքը բարգավաճում է, եթե այնտեղ սեր և մտերմություն կա։
Նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ սովորաբար սիրո մթնոլորտ է տիրում, կարող են դժվարություններ առաջանալ։ Ընտանիքի անդամներից մեկը գուցե ասի կամ անի մի բան, որը կվիրավորի մյուսին։ Ինչպե՞ս պետք է արձագանքի վիրավորված անհատը։ Առակաց 15։18–ում ասվում է. «Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ»։ Ոչ թե բարկացկոտ, այլ մեղմ պատասխանն է խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծում։ Այս առակի խորհուրդը հավասարապես կարելի է կիրառել նաև կյանքի այլ բնագավառներում, այդ թվում նաև ժողովի գործունեությունների և ծառայության մեջ։
«Ճանապարհը հարթուած է»
Հաջորդ առակը ընդգծում է այն հակասությունը, որ գոյություն ունի նրանց միջև, ովքեր իմաստության չեն հետևում, և նրանց միջև, ովքեր ականջ են դնում իմաստությանը։ Իմաստուն թագավորը շարունակում է. «Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է» (Առակաց 15։19)։
Փշոտ և ծակծկող ցանկապատը խոչընդոտ է։ Ծույլ մարդը հորինում է տարբեր պատճառներ, որպեսզի արդարացնի իրեն, երբ չի կարողանում ինչ–որ առաջադրանք կատարել։ Իսկ ազնիվ անհատները չեն թողնում, որ որևէ խոչընդոտ խանգարի իրենց։ Նրանք թեթևամտորեն չեն վերաբերվում իրենց առաջադրանքին, այլ ջանասիրաբար կատարում են այն։ Այսպիսով խուսափում են շատ «փշոտ» խնդիրներից, որոնց կարող են հանդիպել, եթե լինեն անտարբեր։ Նրանց ճանապարհը «հարթուած է», այսինքն՝ նրանք առաջադիմություն են կատարում։ Այդպիսի մարդիկ սկսում են իրենց աշխատանքը և ուրախանում՝ տեսնելով արդյունքը։
Օրինակ՝ խորհիր Աստծու Խոսքից ճշգրիտ գիտություն ձեռք բերելու և հոգևորապես առաջադիմելու մասին։ Դրա համար ջանքեր են պահանջվում։ Անհատը, պատճառաբանելով, որ սահմանափակ կրթություն ունի, վարժ չի ընթերցում կամ էլ լավ հիշողություն չունի, կարող է ջանասիրությամբ չկատարել Աստվածաշնչի իր անձնական ուսումնասիրությունը։ Որքան ավելի լավ կլինի գիտություն ձեռք բերելու ճանապարհին այսպիսի բաները մեծ խնդիր չդարձնել։ Նույնիսկ սահմանափակ կարողություններով մենք կարող ենք ջանք թափել բարելավելու մեր ընթերցանության ունակություններն ու ըմբռնողականությունը՝ անհրաժեշտության դեպքում գործածելով բառարան։ Դրական տրամադրվածությունը օգնում է մեզ գիտություն ձեռք բերել և հոգևորապես առաջադիմել։
«Կ’ուրախացնէ իր հօրը»
«Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը»,— ասում է Սողոմոնը (Առակաց 15։20)։ Մի՞թե ծնողները չեն ուրախանում, երբ իրենց երեխաները իմաստնորեն են վարվում։ Իրականում այսպիսի լավ արդյունքների հասնելու համար ծնողները պետք է դաստիարակեն և խրատեն իրենց երեխաներին (Առակաց 22։6)։ Ուրախության ի՜նչ աղբյուր է իմաստուն որդին իր ծնողների համար։ Իսկ հիմար որդին անվերջ ցավ է պատճառում։
Հաջորդ համարում «ուրախություն» բառը գործածվում է մեկ ուրիշ իմաստով։ Այնտեղ կարդում ենք. «Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. բայց խոհեմ մարդը կ’ուղղէ իր ընթացքը» (Առակաց 15։21)։ Պակասամիտը ուրախանում է հիմար ծիծաղով և զվարճություններով, որոնք իրական բավարարվածություն կամ երջանկություն չեն բերում։ Սակայն խոհեմ անհատը հասկանում է, թե որքան անմիտ է դառնալ «աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթեոս 3։1, 4)։ Աստծու կողմից տրված չափանիշներին հետևելը օգնում է նրան լինել խոհեմ և իր ճանապարհով ուղիղ քայլել։
«Հաստատվում են»
Աստծու տված սկզբունքներով ապրելը օգուտներ է բերում նաև կյանքի այլ բնագավառներում։ Առակաց 15։22–ում գրված է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են»։
Այս համարում գործածված «խորհուրդ» բառը նշանակում է առանձին, սակայն անկեղծ հաղորդակցություն անհատների միջև։ Եբրայերեն «խորհուրդ» թարգմանված բառը նշանակում է մտերմիկ զրույց։ Դա ավելին է, քան պարզապես սովորական զրույցը. այն անկեղծ մտքերի և զգացմունքների փոխանակում է։ Երբ կողակիցները, ինչպես նաև ծնողներն ու երեխաները այս կերպով ազատորեն հաղորդակցվում են իրար հետ, նրանց միջև խաղաղություն և միասնություն է լինում։ Հակառակ դեպքում հուսահատություն և այլ խնդիրներ են առաջ գալիս։
Լուրջ որոշումներ կայացնելիս իմաստուն կլինի հետևել այս խորհրդին. «Խորհրդականների շատութիւնովը հաստատվում են» «դիտաւորութիւնները»։ Օրինակ՝ եթե մենք բուժման որևէ մեթոդ ենք ընտրում, իմաստուն կլինի հարցնել մի քանիսի կարծիքը, հատկապես երբ լուրջ խնդիր է առաջացել։
Շատ խորհրդատուներ ունենալու արժեքը չի կարելի թերագնահատել, եթե հոգևոր հարցեր պետք է քննարկել։ Երբ երեցները խորհրդակցում են միմյանց հետ և ընդունում իրենց խորհրդի անդամների իմաստուն որոշումները, ապա դրանք «հաստատվում են»։ Ավելին, նոր նշանակված վերակացուները չպետք է վարանեն խորհուրդ հարցնել տարիքով ավելի մեծ և ավելի փորձառու երեցներից, հատկապես եթե քննարկվող հարցը բարդ է։
«Ուրախութիւն է.... պատասխանը»
Ի՞նչ լավ արդյունք կարող է բերել այն խոսքը, որը խոհեմությամբ է ասվում։ Իսրայելի թագավորն ասում է. «Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է» (Առակաց 15։23)։ Արդյոք չե՞նք ուրախանում, երբ ուրիշները լսում են մեր խոսքը կամ խորհուրդը և լավ արդյունքների հասնում։ Այնուհանդերձ, որպեսզի մեր խորհուրդը արդյունավետ լինի, այն պետք է երկու պահանջների բավարարի։
Նախ՝ խորհուրդը պետք է լիովին հիմնված լինի Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա (Սաղմոս 119։105; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Երկրորդ՝ այն պետք է ասվի ճիշտ ժամանակին։ Նույնիսկ ճիշտ խորհուրդը, որը տրվում է ոչ հարմար պահին, կարող է վնասել։ Օրինակ՝ առանց լսելու խորհուրդ տալը ո՛չ իմաստուն է, ո՛չ օգտակար։ Ուստի որքան կարևոր է, որ «ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար» (Յակոբոս 1։19)։
«Կենաց ճանապարհը դէպի վեր է»
Առակաց 15։24–ում ասվում է. «Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից»։ Այն անհատը, որը խոհեմությամբ է վարվում, հեռու է մնում շեոլից՝ մարդկության ընդհանուր գերեզմանից։ Նա խուսափում է այնպիսի վնասակար գործերից, ինչպիսիք են սեռական անկարգ վարքը, թմրադեղերի օգտագործումը և հարբեցողությունը։ Այդպես վարվելով՝ նա վաղաժամ չի մահանա։ Նրա ճանապարհը տանում է դեպի կյանք։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են տարբերվում անխոհեմ մարդիկ։ «Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։ Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։ Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. բայց կաշառքներն ատողը կ’ապրի» (Առակաց 15։25–27)։
Ցույց տալու համար, թե ինչպես կարող ենք խուսափել այդ ծուղակից՝ Սողոմոնը գրում է. «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում» (Առակաց 15։28)։ Որքա՜ն արժեքավոր խորհուրդ է պարունակում այս առակը։ Անմիտ և անխոհեմ պատասխանները հազվադեպ են հանգեցնում լավ բանի։ Երբ մենք հաշվի ենք առնում ուրիշների հանգամանքները և զգացումները, դժվար թե ասենք մի բան, որի համար հետո զղջանք։
Իսկ ի՞նչ օգուտ կարող ենք ստանալ՝ լինելով աստվածավախ և ընդունելով Եհովայի խրատը։ Սողոմոնը պատասխանում է. «Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը» (Առակաց 15։29)։ Ճշմարիտ Աստված հեռու է ամբարիշտներից։ Աստծու Խոսքն ասում է. «Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է» (Առակաց 28։9)։ Նրանք, ովքեր վախենում են Աստծուց և ջանում են անել այն, ինչ ճիշտ է նրա աչքում, կարող են ազատորեն մոտենալ Աստծուն՝ լիովին վստահ լինելով, որ նա կլսի իրենց։
Այն, ինչ «ուրախացնում է սիրտը»
Օգտագործելով տպավորիչ համեմատություն՝ Սողոմոնը գրում է. «Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. բարի լուրը պարարտացնում է ոսկորները» (Առակաց 15։30)։ Ոսկորները պարարտանում են, երբ լցվում են ծուծով։ Այն ամրացնում է ամբողջ մարմինը և ուրախացնում սիրտը։ Իսկ սրտի ուրախությունն էլ իր հերթին արտացոլվում է փայլող աչքերի մեջ։ Այսպիսին է լավ լուրի ազդեցությունը։
Արդյոք մեզ համար քաջալերանքի աղբյուր չէ՞ ամբողջ աշխարհում Եհովայի երկրպագության ընդլայնման մասին հաշվետվությունը։ Իմանալով, թե ինչպես է կատարվում Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը՝ մենք իսկապես զորանում ենք և ավելի մեծ մասնակցություն բերում ծառայության մեջ (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Մեր սիրտը ուրախությամբ է լցվում, երբ տեսնում ենք այն անհատներին, ովքեր Եհովային դարձնում են իրենց Աստված և միանում են ճշմարիտ երկրպագության մեջ։ Քանի որ «բարի լուրը հեռու երկրից» այսքան զորավոր ուժ ունի, շատ կարևոր է հավատարիմ, ինչպես նաև բարեխիղճ լինել ծառայության մեջ (Առակաց 25։25)։
«Փառքի առաջին խոնարհութիւն է գնում»
Շեշտելով խրատներ ընդունելու արժեքը՝ իմաստուն թագավորը շարունակում է. «Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ [«սիրտ է ձեռք բերում, ՆԱ»]» (Առակաց 15։31, 32)։ Հանդիմանությունը, կամ՝ խրատը հասնում է անհատի սրտին և փոխում նրան՝ դարձնելով խոհեմ։ Զարմանալի չէ, որ «խրատի գաւազանը» հեռացնում է «յիմարութիւնը», որ «կապուած է երեխայի սրտին» (Առակաց 22։15)։ Նա, ով ընդունում է խրատը, նաև ձեռք է բերում «սիրտ», այսինքն՝ լավ մղումներ է ունենում։ Մյուս կողմից մերժել խրատը նշանակում է մերժել կյանքը։
Իրականում «իմաստության» խրատը հեզությամբ ընդունելը օգտակար է։ Այդպես վարվելով՝ մենք ոչ միայն բավարարվածության զգացում ենք ունենում, առաջադիմում, ուրախանում և ամրանում, այլ նաև ձեռք ենք բերում փառք և կյանք։ Սողոմոնը եզրափակում է իր խոսքերը. «Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում» (Առակաց 15։33)։
[ծանոթագրություն]
a Առակաց 15։1–15 համարների մանրամասն քննարկման համար տե՛ս 2006 թ. հուլիսի 1–ի «Դիտարանը» (էջ 13–16)։
[նկար 17-րդ էջի վրա]
Ընտանիքում տիրող սերը ավելի ցանկալի է, քան առատ կերակուրը
[նկար 18-րդ էջի վրա]
Նույնիսկ եթե սահմանափակ կարողություններ ունենք, դրական տրամադրվածությունը կօգնի ձեռք բերել գիտելիքներ
[նկար 19-րդ էջի վրա]
Մտերմիկ զրույցը անկեղծ մտքերի և զգացմունքների փոխանակում է
[նկար 20-րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչպես է «բարի լուրը պարարտացնում.... ոսկորները»