Խորհեք ողջամտորեն, գործեք իմաստությամբ
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ հետևյալ տեսարանը. Հիսուս Քրիստոսը բացատրում է, որ Երուսաղեմում կրոնական հակառակորդները չարչարելու են իրեն ու հետո սպանելու են։ Իր մտերիմ ընկեր Պետրոս առաքյալը դժվարանում է հավատալ դրան։ Դեռ ավելին՝ նա Հիսուսին մի կողմ է տանում և հանդիմանում։ Ինչ խոսք, այն, որ Պետրոսն անկեղծ և ուրիշներով հետաքրքրվող անձնավորություն էր, ոչ մի կասկած չկար։ Սակայն ինչպե՞ս է Հիսուսն արձագանքում Պետրոսի մտածելակերպին։ Նա ասում է. «Յետս գնա, սա՛տանա, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթէոս 16։21–23)։
Որքա՜ն դա պետք է որ ապշեցրած լիներ Պետրոսին։ Օգնելու և աջակցելու փոխարեն՝ նա այս դեպքում «գայթակղութիւն» դարձավ իր սիրելի Տիրոջ համար։ Ինչպե՞ս դա պատահեց։ Հավանաբար Պետրոսին թակարդի մեջ էր գցել մարդուն բնորոշ մտածելակերպը. նա հավատում էր միայն այն բանին, ինչին ինքն էր ուզում հավատալ։
Մի՛ եղեք չափից դուրս վստահ
Ողջամտորեն դատելու մեր ունակության համար վտանգ է ներկայացնում չափից դուրս վստահ լինելու հակումը։ Պողոս առաքյալը հին Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին նախազգուշացրեց. «Ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի» (Ա Կորնթացիս 10։12)։ Պողոսն ինչո՞ւ այսպես ասաց։ Ըստ երևույթին նա գիտեր, որ մարդկանց մտածելակերպը հեշտությամբ կարող է աղավաղվել. նույնիսկ քրիստոնյաների մտքերը կարող են ‘ապականվել’՝ հեռանալով Քրիստոսի անկեղծությունից և մաքրությունից (Բ Կորնթացիս 11։3)։
Այդպես էր պատահել Պողոսի նախորդ սերունդներին։ Ժամանակին Եհովան ասել էր նրանց. «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն» (Եսայիա 55։8)։ Նրանք իրենք ‘իրենց աչքին իմաստուն էին’ դարձել, և դա աղետալի հետևանքներ էր ունեցել (Եսայիա 5։21)։ Ուրեմն խելամիտ կլինի քննել, թե ինչպես կարող ենք ամեն ժամանակ ողջամտորեն խորհել և այդպիսով խուսափել նմանատիպ վտանգներից։
Զգուշացե՛ք մարմնավոր մտածելակերպից
Կորնթոսում ոմանք մարմնավոր մտածելակերպի ուժեղ ազդեցության տակ ընկան (Ա Կորնթացիս 3։1–3)։ Նրանք կարևորություն էին տալիս ավելի շատ մարդկային փիլիսոփայություններին, քան Աստծո Խոսքին։ Ինչ խոսք, այն ժամանակների հույն մտածողները շատ գրագետ մարդիկ էին։ Սակայն Աստծո աչքում նրանք հիմար էին։ Պողոսն ասաց. «Գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ։ Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց» (Ա Կորնթացիս 1։19, 20)։ Այս աշխարհի ոգին էր առաջնորդում այդ մտածողներին, և ոչ թե Աստծո ոգին (Ա Կորնթացիս 2։12)։ Նրանց փիլիսոփայական մտքերն ու գաղափարները ներդաշնակ չէին Եհովայի մտածելակերպին։
Այսպիսի մարմնավոր մտածելակերպի սկզբնաղբյուրը Բանսարկու Սատանան է, որը օձի միջոցով գայթակղեցրեց Եվային (Ծննդոց 3։1–6; Բ Կորնթացիս 11։3)։ Մի՞թե նա մինչև այսօր վտանգ է ներկայացնում մեզ համար։ Այո՛։ Աստծո Խոսքում ասվում է, որ Սատանան այնպես է մարդկանց ‘սրտերը կուրացրել’, որ այսօր նա ‘բովանդակ աշխարհքն է մոլորեցնում’ (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 12։9)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է զգոն լինել նրա մտադրությունների հանդեպ (Բ Կորնթացիս 2։11)։
Խուսափեք ‘մարդկանց խաբեբայությունից’
Պողոս առաքյալը նաև զգուշացրեց ‘մարդկանց խաբեբայության’ դեմ (Եփեսացիս 4։14)։ Նա բախվեց ‘նենգաւոր մշակների’ հետ, ովքեր իբրև թե ճշմարտությունն էին ներկայացնում, բայց իրականում աղավաղում էին այն (Բ Կորնթացիս 11։12–15)։ Այդպիսի մարդիկ իրենց նպատակին հասնելու համար գուցե ընտրողական մոտեցում են հանդես բերում փաստերի հետ գործ ունենալիս, օգտագործում են էմոցիոնալ կշիռ ունեցող խոսքեր, մոլորեցնում են կես–ճշմարտություններով, չարամիտ ակնարկներով ու անգամ բացահայտ ստերով։
Պրոպագանդիստները ինչ–որ մեկին անպատվելու համար հաճախ են օգտագործում, օրինակ, «աղանդ» բառը։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում առաջարկություն էր արվել, որ իշխանությունները, ովքեր զբաղվում են նոր կրոնական խմբավորումների ուսումնասիրությամբ, «իմաստուն կվարվեին, եթե ձեռնպահ մնային այս տերմինն օգտագործելուց»։ Ինչո՞ւ էր այսպիսի խորհուրդ տրվում։ Որովհետև համարվում էր, որ «աղանդ» բառն ունի խիստ բացասական երանգ։ Նույն կերպով հույն մտածողները սխալ կերպով մեղադրում էին Պողոսին, իբր նա «սերմանաքաղ» էր։ Սա նշանակում էր, որ նա ոչ այլ ոք էր, եթե ոչ մի դատարկ շաղակրատ. մարդ, որը քաղում և ընդամենը կրկնում է այստեղից–այնտեղից վերցված մտքեր։ Իրականում, Պողոսը «Յիսուս[ին] եւ յարութիւն էր աւետարանում» (Գործք 17։18)։
Գործո՞ւմ են արդյոք պրոպագանդիստների մեթոդները։ Այո՛։ Դրանք մեծ դեր են խաղացել էթնիկական և կրոնական ատելություն առաջ բերելու մեջ՝ աղավաղելով ուրիշ ազգերի և կրոնների մասին մարդկանց ունեցած պատկերացումները։ Շատերն օգտագործել են դրանք, որպեսզի սահմանափակեն ժողովրդականություն չվայելող փոքրամասնությունների գործունեությունը։ Ադոլֆ Հիտլերը արդյունավետորեն էր օգտագործում նման մեթոդները, երբ հրեաներին և ուրիշներին ներկայացնում էր որպես «վիժվածք», «չարիք» և «սպառնալիք» պետության համար։ Երբեք թույլ մի՛ տվեք, որ նման խաբեբայությունը ապականի ձեր մտածելակերպը (Գործք 28։19–22)։
Մի՛ խաբեք ինքներդ ձեզ
Նաև հեշտ է խաբել ինքներս մեզ։ Իրողությունն այն է, որ գուցե մեզ համար շատ դժվար լինի հրաժարվել մեր սիրելի հայացքներից կամ նույնիսկ կասկածի տակ առնել դրանք։ Ինչո՞ւ։ Որովհետև սկսում ենք էմոցիոնալ առումով կապվել մեր հայացքներին։ Հետո գուցե ինքներս մեզ խաբենք՝ ինչ–ինչ բացատրություններ հորինելով՝ արդարացնելու համար այն, ինչը իրականում սխալ է և մոլորեցուցիչ։
Այսպես պատահեց առաջին դարի որոշ քրիստոնյաների հետ։ Նրանք գիտեին Աստծո Խոսքը, բայց թույլ չէին տալիս, որ այն ազդի իրենց մտածելակերպի վրա։ Արդյունքն այն էր լինում, որ նրանք ‘իրենց անձերը խաբում էին’ (Յակոբոս 1։22, 26)։ Ինքնախաբեության զոհ դառնալու նշաններից մեկը կարող է լինել այն, որ սկսում ենք զայրանալ, երբ մեր համոզմունքները հարցի տակ են դրվում։ Բարկանալու փոխարեն՝ իմաստուն կլիներ բաց հաղորդակցություն պահել և ուշադրությամբ լսել, թե ինչ են ասում մյուսները, նույնիսկ եթե վստահ ենք, որ մեր տեսակետն է ճիշտ (Առակաց 18։17)։
Փնտրեք ‘Աստծո գիտությունը’
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի միշտ ողջամտորեն խորհենք։ Դա անելու համար շատ միջոցներ կան, բայց պետք է ցանկություն ունենանք ջանքեր թափելու այդ ուղղությամբ։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ. որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։1–5)։ Այո, եթե անձամբ ջանքեր գործադրենք մեր միտքն ու սիրտը Աստծո Խոսքի ճշմարտությամբ լցնելու, ձեռք կբերենք իսկական իմաստություն, ըմբռնողականություն և խորաթափանցություն։ Վարվելով այդպես՝ մենք ձեռք կբերենք բաներ, որոնք ավելի մեծ արժեք ունեն, քան արծաթը կամ նյութական այլ գանձեր (Առակաց 3։13–15)։
Իմաստությունն ու գիտելիքները իրոք որ կարևոր գործոններ են ողջամտորեն դատելու համար։ Երբ որ «իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին,— ասվում է Աստծո Խոսքում,— խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ. որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը, որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպեսզի խաւարի ճանապարհներովը գնան» (Առակաց 2։10–13)։
Հատկապես կարևոր է թույլ տալ, որ Աստծո մտքերը առաջնորդեն մեր մտածելակերպը ստրեսային կամ վտանգավոր պահերին։ Այնպիսի ուժեղ զգացումներ, ինչպիսիք են զայրույթն ու վախը, կարող են խանգարել մեզ՝ առողջ դատելու։ «Բռնութիւնը կ’յիմարացնէ իմաստունին»,— ասում է Սողոմոնը (Ժողովող 7։7)։ Գուցե նույնիսկ այնպես լինի, որ ‘տրտնջանք Տիրոջ դեմ’ (Առակաց 19։3)։ Ինչպե՞ս։ Մեղադրելով Աստծուն մեր պրոբլեմների համար և դրանք օգտագործելով արդարացնելու այն արարքները, որոնք համաձայն չեն նրա օրենքներին ու սկզբունքներին։ Մտածելու փոխարեն, որ մենք միշտ ամեն հարցում ճիշտ ենք՝ թող որ խոնարհաբար լսենք իմաստությամբ խորհուրդ տվողներին, որոնք ձգտում են Սուրբ Գրությունների միջոցով օգնել մեզ։ Եվ եթե անհրաժեշտ է, եկեք պատրաստ լինենք հրաժարվելու նույնիսկ խորապես արմատացած տեսակետներից, երբ պարզ է դառնում, որ դրանք սխալ են (Առակաց 1։1–5; 15։22)։
Աղոթքով դիմեք Աստծուն
Մենք ապրում ենք տագնապներով ու վտանգներով լի ժամանակներում։ Առողջ դատելու և իմաստությամբ գործելու համար անհրաժեշտ է կանոնավորաբար աղոթել Եհովային՝ նրա առաջնորդությունը ստանալու համար։ «Ոչինչ հոգս մի անէք,— գրեց Պողոսը,— այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Եթե իմաստության պակաս ենք զգում այն հարցում, թե ինչպես գլուխ հանել դժվարին խնդիրներից կամ փորձություններից, ապա կարիք ունենք ‘խնդրել Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում’ (Յակոբոս 1։5–8)։
Հասկանալով, որ հավատակիցները իմաստություն դրսևորելու կարիք ունեն՝ Պետրոս առաքյալը փորձում էր նրանց ‘մաքուր միտքը զարթնեցնել’։ Նա ցանկանում էր հիշեցնել նրանց ‘սուրբ մարգարեների առաջուց ասված խոսքերը և մեր Տիրոջ և Փրկչի [Հիսուս Քրիստոսի] պատվիրանքները’ (Բ Պետրոս 3։1, 2)։ Եթե այսպես վարվենք ու մեր մտածելակերպը ներդաշնակեցնենք Եհովայի Խոսքի հետ, ապա կխորհենք ողջամտորեն և կգործենք իմաստությամբ։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Առաջին քրիստոնյաները թույլ տվեցին, որ Աստծո իմաստությունը ձևավորի իրենց մտածելակերպը, ոչ թե փիլիսոփայական փաստարկները
[թույլտվությամբ]
Փիլիսոփաներ՝ ձախից աջ. Էպիկուր. Photograph taken by courtesy of the British Museum; Ցիցերոն. Reproduced from The Lives of the Twelve Caesars; Պլատոն. Roma, Musei Capitolini
[նկարներ 23–րդ էջի վրա]
Աղոթելը և Աստծո Խոսքը ուսումնասիրելը կարևոր են