Մայրական իմաստուն խորհուրդը
«Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը» (Առակաց 1։8)։
ՄԵՐ ծնողները կարող են մեզ համար քաջալերության, աջակցության և խորհրդի հիանալի աղբյուր լինել։ Աստվածաշնչի «Առակաց» գիրքը պատմում է մի երիտասարդ թագավորի՝ Լեմուելի մասին, որի մայրը կարևոր «պատգամ» էր տվել և ‘խրատել’ էր նրան։ Այդ մասին արձանագրված է «Առակացի» 31–րդ գլխում, և մեր հերթին մենք էլ կարող ենք օգուտ քաղել այդ իմաստուն մայրական խորհրդից (Առակաց 31։1)։
Թագավորը խորհուրդ է ստանում
Լեմուելի մայրը իր խոսքը սկսում է հարցեր տալով, որոնք, հավանաբար, մեզ էլ կհետաքրքրեն. «Ի՞նչ ասեմ, որդիս. ի՞նչ, ով հարազատ որդիս. ի՞նչ, ով իմ ուխտերի որդին»։ Նա երեք տարբեր ձևերով դիմում է որդուն՝ հայտնելով իր մտահոգությունը, որպեսզի որդին ականջ դնի իր խոսքերին (Առակաց 31։2)։ Իր զավակի հոգևոր բարօրությամբ մտահոգված մայրը հիանալի օրինակ է այսօրվա քրիստոնյա ծնողների համար։
Որդու բարօրության հարցում ի՞նչը կարող է ավելի շատ մտահոգել մորը, եթե ոչ զավակի վերաբերմունքը անզուսպ զվարճանքի ու հարբեցողության՝ այլ կերպ ասած՝ գինու, կնոջ և երգի նկատմամբ։ Տեղին են հնչում Լեմուելի մոր խոսքերը. «Քո զօրութիւնը մի տար կնիկներին»։ Անբարո վարքը նա բնորոշում է որպես ‘թագավորներին փչացնող’ կեցվածք (Առակաց 31։3)։
Պետք չէ անփութորեն վերաբերվել չափից շատ ոգելից խմիչք օգտագործելուն։ «Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը»,— զգուշացնում է նրա մայրը։ Ինչպե՞ս կարող է թագավորը ողջամիտ և սթափ դատ վարել, «[չ]’մոռանա[լ] օրէնքը, եւ [չ]’ծռէ[լ] ամեն տառապեալի դատը», եթե նա միշտ հարբած վիճակում լինի (Առակաց 31։4—7)։
Ընդհակառակը՝ նման վատ սովորություններից հեռու մնալով՝ թագավորը կկարողանա ‘արդարությամբ դատել և աղքատի ու տնանկի դատը տեսնել’ (Առակաց 31։8, 9)։
Թեև մերօրյա քրիստոնյա երիտասարդները «թագաւորներ» չեն, սակայն Լեմուելին տրված իմաստուն մայրական խորհուրդը այսօր ևս ժամանակահարմար է։ Քանի որ ոգելից խմիչքի չարաշահումը, ծխախոտի գործածությունը և սեռական անբարոյությունը խիստ տարածված են ժամանակակից երիտասարդության շրջանում, հետևաբար, շատ կարևոր է, որ քրիստոնյա երիտասարդները չանտեսեն իրենց ծնողներից այդ ուղղությամբ ստացած «պատգամը»։
Առաքինի կինը
Բնական է, որ, երբ մոտենում է որդու չափահասության տարիքը, մորը սկսում են անհանգստացնել ամուսնության հետ կապված նրա հետագա պլանները։ Լեմուելի մայրն իր որդու ուշադրությունը հրավիրում է առաքինի կնոջ հատկությունների վրա։ Երիտասարդի համար, անշուշտ, օգտակար կլինի այդ կարևոր հարցում կին արարածի տեսակետը հաշվի առնելը։
Նույն գլխի 10–րդ համարը «առաքինի կնոջը» համեմատում է հազվագյուտ ու թանկարժեք գոհարների հետ, որոնք բիբլիական ժամանակներում կարելի էր ձեռք բերել միմիայն մեծ ջանքերի շնորհիվ։ Պարագան նույնն է նաև այսօր. առաքինի կին գտնելը իրոք որ ջանքեր է պահանջում։ Շուտափույթ ամուսնանալու փոխարեն՝ լավ կլինի, որ երիտասարդը համբերի, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի։ Այդ դեպքում նա, հավանաբար, ավելի բարձր կգնահատի իր գտած թանկարժեք «գոհարը»։
Առաքինի կնոջ վերաբերյալ Լեմուելին ասվեց. «Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը» (11–րդ համարը)։ Այլ կերպ ասած՝ ամուսինը չի ակնկալում, որ կինը ամեն հարցում իրենից թույլտվություն խնդրի։ Իհարկե, ամուսնական զույգերը կարևոր որոշումներ կայացնելիս պետք է խորհրդակցեն միմյանց հետ, ինչպես օրինակ, թանկարժեք իրեր գնելու կամ երեխաներին դաստիարակելու հարցում։ Այդ առումով հաղորդակցվելը կամրապնդի ամուսնական կապը։
Առաքինի կինը, անշուշտ, շատ պարտականություններ ունի կատարելու։ Նույն գլխի 13—27–րդ խոսքերում թվարկվում են մի շարք խորհուրդներ ու սկզբունքներ, որոնք կարող է կինը կիրառել ցանկացած տարիքում հանուն իր ընտանիքի բարօրության։ Օրինակ՝ քանի որ գնալով թանկանում են հագուստեղենը և տան համար անհրաժեշտ այլ իրերը, առաքինի կինը կձգտի հնարամիտ և տնտեսող լինել, որպեսզի իր ընտանիքի անդամներին կարողանա ապահովել բավարար քանակի հագուստեղենով, որպեսզի նրանք միշտ վայելուչ տեսք ունենան (13–րդ, 19–րդ, 21–րդ, 22–րդ համարները)։ Սննդի ծախսերը նվազեցնելու նպատակով՝ կինը խնայողաբար գնումներ կկատարի և կփորձի անձամբ աճեցնել այն ամենը, ինչ որ հնարավոր է (14–րդ, 16–րդ համարները)։
Անշուշտ, այդպիսի կինը «ծոյլ ծոյլ չի ուտում հացը»։ Նա աշխատասեր է և ճարտարությամբ է կատարում իր տան գործերը (27–րդ համարը)։ Նա «իր մէջքը պնդացնում է զօրութիւնով», ինչը նշանակում է, որ կինը պատրաստ է ծանր աշխատանք կատարելու (17–րդ համարը)։ Նա արևածագից առաջ է արթնանում իր գործը սկսելու համար և ջանասիրաբար աշխատում է մինչև գիշեր, ու, կարծես, ‘նրա ճրագը երբեք չի հանգչում’ (15–րդ, 18–րդ համարները)։
Եվ ամենակարևորը, առաքինի կինը հոգևորապես հասուն անձնավորություն է։ Նա աստվածավախ է և երկրպագում է Աստծուն՝ խոր հարգանք ցուցաբերելով նրա հանդեպ և նրան հաճելի եղածն անելով (30–րդ համարը)։ Առաքինի կինը նաև օգնում է իր ամուսնուն, որպեսզի նույնը իրենց երեխաներին սովորեցնեն։ 26–րդ համարում կարդում ենք, որ այդպիսի կինը «իմաստութիւնով» է կրթում իր երեխաներին, և որ «նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ»։
Առաքինի ամուսինը
Առաքինի կնոջը գրավելու համար Լեմուելը նախ պետք է կատարեր առաքինի ամուսնու պարտականությունները։ Իսկ թե որոնք են դրանցից մի քանիսը, հիշեցնում է նրան մայրը։
Առաքինի ամուսինը բարի համբավ ունի «երկրի ծերերի» մեջ (Առակաց 31։23)։ Դա նշանակում է, որ նա պետք է լինի ընդունակ, արդար, հավատարիմ և աստվածավախ (Ելից 18։21; Բ Օրինաց 16։18—20)։ Այդ դեպքում նա «յայտնի [կլինի] դռներում», որտեղ հավաքվում են ականավոր մարդիկ քաղաքի գործերը ղեկավարելու համար։ Որպեսզի «յայտնի» դառնա որպես աստվածավախ մարդ, նա պետք է լինի խելամիտ և համագործակցի «երկրի»՝ հավանաբար իր շրջանի կամ նահանգի երեցների հետ։
Լեմուելի մայրը, անշուշտ, անձնական փորձից ելնելով, հիշեցնում է որդուն, թե որքան կարևոր է ապագա կնոջը ցույց տալ, որ նա գնահատելի է։ Երկրի բնակիչներից ոչ մեկը կնոջից առավել մտերիմ չի կարող լինել նրան։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի քնքշանքով են հնչել ամուսնու խոսքերը, երբ նա բոլորի առաջ խոստովանել է. «Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար» (Առակաց 31։29)։
Հստակ է, որ Լեմուելը գնահատանքով է վերաբերվել իր մոր իմաստուն խորհրդին, ինչը նկատվում է, օրինակ, 1–ին համարում, որտեղ նա իրեն է վերագրում մոր խոսքերը։ Ուստի, Լեմուելը ականջ է դնում է իր մոր «խրատին» և օգուտներ ստանում նրա խորհրդից։ Մենք էլ մեր կյանքում այդ «պատգամի» սկզբունքները կիրառելով՝ մեծ օգուտներ կքաղենք։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Առաքինի կինը «ծոյլ ծոյլ չի ուտում հացը»։