Բարոյապես մաքուր եղիր՝ պահպանելով սիրտդ
«Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին [«սիրտդ պահէ», ԱԱ], որ նորանից է կեանքի ելքը» (ԱՌԱԿԱՑ 4։23)։
1–3. ա) Ինչպե՞ս են մարդիկ գործերով հաճախ ցույց տալիս, որ չեն գնահատում իրենց բարոյական մաքրությունը։ Օրինակով բացատրեք։ բ) Ինչո՞ւ է կարևոր քննել բարոյական մաքրության արժեքը։
ԱՅԴ նկարը հնաոճ էր թվում։ Գուցե նա չէր ներդաշնակվում տան ընդհանուր տեսքին։ Համենայն դեպս, տանտերը, ըստ էության, նկարի կարիքը չէր զգում։ Ի վերջո այն հանգրվանեց էժանացված ապրանքների խանութում՝ իր վրա կրելով 29 դոլար գնապիտակը։ Բայց տարիներ անց պարզվեց, որ այդ նկարը արժե մոտ մեկ միլիոն դոլար։ Այո, իրականում դա հազվագյուտ գլուխգործոց էր։ Պատկերացրու նկարի նախկին տիրոջ ապրումները, որը թերագնահատել էր այդ գանձը։
2 Նման մի բան է հաճախ տեղի ունենում անհատի բարոյական մաքրության, անաղարտության հետ։ Այսօր անչափ մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ցածր են գնահատում իրենց բարոյական մաքրությունը։ Ոմանք դա համարում են հնացած հասկացություն. հասկացություն, որը չի ներդաշնակվում ժամանակակից կյանքին։ Նրանք հրաժարվում են դրանից չնչին «վարձատրության» դիմաց։ Ոմանք իրենց անաղարտությունը փոխանակում են սեռական հաճույքի մի քանի րոպեների հետ։ Մյուսները զոհում են այն՝ հուսալով դրա փոխարեն ձեռք բերել դիրք իրենց հասակակիցների կամ հակառակ սեռի որևէ ներկայացուցչի աչքում (Առակաց 13։20)։
3 Շատերը չափազանց ուշ են գլխի ընկնում, թե ինչ արժեքավոր գանձ են կորցրել՝ կորցնելով իրենց բարոյական մաքրությունը։ Նրանց այդ կորուստը հաճախ ողբերգական հետևանքներ է ունենում։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, անբարոյության «վախճանը» կարող է նման լինել թույնի, «դառն է օշինդրի պէս» (Առակաց 5։3, 4)։ Այսօրվա կեղտոտ բարոյական մթնոլորտում ինչպե՞ս կարող ես շարունակել բարոյապես մաքուր մնալ ու բարձր գնահատել քո այդ գանձը։ Եկեք քննարկենք երեք՝ իրար հետ կապված քայլեր, որոնք կարող են օգնել մեզ այդ հարցում։
Պահպանիր սիրտդ
4. Ի՞նչ է այլաբանական սիրտը, և ինչո՞ւ պետք է պահպանենք այն։
4 Բարոյապես մաքուր մնալու համար շատ կարևոր է սիրտը պահպանելը։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։ Ի՞նչ է նշանակում այս համարում հիշատակված «սիրտ» բառը։ Այդ բառը չի վերաբերում ֆիզիկական սրտին։ Այստեղ խոսվում է այլաբանական սրտի մասին, որը առնչվում է այն բանին, թե ինչպիսի անձնավորություն է մարդը ներսից, ինչ է մտածում, զգում, ինչ մղումներ է ունենում։ Աստվածաշունչն ասում է. «Սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ» (Բ Օրինաց 6։5)։ Հիսուսը նշեց, որ այս պատվիրանը ամենամեծն է (Մարկոս 12։29, 30)։ Պարզ է, ուրեմն, որ մեր սիրտը շատ մեծ արժեք ունի։ Արժե, որ մեր սիրտը պահպանենք։
5. Ինչպե՞ս կարող է սիրտը միաժամանակ լինել և՛ արժեքավոր, և՛ վտանգավոր։
5 Սակայն Աստվածաշունչը նաև ասում է, որ «խորամանկ [«խաբեբայ», ԱԱ] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմիա 17։9)։ Ինչպե՞ս կարող է սիրտը լինել խորամանկ ու խաբեբա, վտանգ ներկայացնել մեզ համար։ Քննենք մի օրինակ։ Ավտոմեքենան արժեքավոր փոխադրամիջոց է. որոշ դեպքերում նրա միջոցով նույնիսկ կարելի է կյանք փրկել։ Բայց եթե վարորդը միշտ ղեկը իր ձեռքում չպահի, ապա այդ նույն մեքենան կարող է մահվան պատճառ դառնալ։ Նմանապես, եթե չպահպանես սիրտդ, ապա ամբողջությամբ կգտնվես քո ցանկությունների ու մղումների տիրապետության տակ և ի վերջո դժբախտության մեջ կընկնես։ Աստծո Խոսքն ասում է. «Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը [«քալողը», ԱԱ] կ’պրծնի» (Առակաց 28։26)։ Այո, դու կարող ես քայլել իմաստության մեջ ու խուսափել աղետից, եթե առաջնորդություն ես փնտրում Աստծո Խոսքում, ճիշտ ինչպես որ դիմում ես քարտեզի օգնությանը նախքան ճանապարհորդություն սկսելը (Սաղմոս 119։105)։
6, 7. ա) Ի՞նչ է սրբությունը, և ինչո՞ւ է այդ հատկությունը կարևոր Եհովայի ծառաների համար։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ անկատար մարդիկ կարող են արտացոլել Եհովայի սրբությունը։
6 Մեր սիրտը ինքնըստինքյան իր ուղղությունը չի փոխի դեպի բարոյական անաղարտություն։ Մե՛նք պետք է սրտի «ղեկը» ուղղենք դեպի այդ կողմ։ Այդպես անելու ձևերից մեկը խորհրդածելն է բարոյական մաքրության իրական արժեքի շուրջ։ Այս հատկությունը սերտորեն կապված է սրբության հետ, որը նշանակում է մաքրություն, անաղարտություն, առանձնացում մեղսավորությունից։ Սրբությունը մի արժեքավոր հատկություն է, որը մաս է կազմում Եհովա Աստծո բուն էության։ Սուրբգրային հարյուրավոր համարներ են այդ հատկությունը վերագրում Եհովային։ Ելից 28։36–ում գրված է՝ «գօդէշ լէ Եհովայ», ինչը նշանակում է՝ «սրբությունը Եհովայինն է»։ Սակայն ի՞նչ կապ ունի այս վեհ հատկությունը մեզ՝ անկատար մարդկանց հետ։
7 Իր Խոսքում Եհովան պատվիրում է մեզ. «Սուրբ եղէք, որ[ովհետև] ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1։16)։ Այո՛, մենք կարող ենք ընդօրինակել Եհովայի սրբությունը. կարող ենք անաղարտ լինել նրա առաջ՝ բարոյապես մաքուր մնալով։ Ուստի երբ խուսափում ենք անմաքուր, պիղծ գործերից, մենք դրանով ձգտում ենք վսեմ, չքնաղ առանձնաշնորհման, այն է՝ արտացոլել Բարձրյալ Աստծո գեղեցիկ հատկություններից մեկը (Եփեսացիս 5։1)։ Մենք չպետք է մտածենք, թե դա անհնար է, որովհետև Եհովան իմաստուն և ողջամիտ Տեր է, որը երբեք մեզանից ավելին չի պահանջում, քան մենք ի վիճակի ենք անել (Սաղմոս 103։13, 14; Յակոբոս 3։17)։ Ճիշտ է, հոգևորապես ու բարոյապես մաքուր մնալու համար ջանքեր են հարկավոր։ Սակայն Պողոս առաքյալը նշեց այն միտքը, որ Քրիստոսն արժանի է, որ մենք լինենք անկեղծ ու մաքուր (Բ Կորնթացիս 11։3, ՆԱ)։ Մի՞թե մենք Քրիստոսի ու նրա Հոր առջև բարոյական պարտավորություն չունենք՝ անելու ամեն ինչ, որ բարոյապես մաքուր մնանք։ Չէ՞ որ մեր հանդեպ նրանց ցուցաբերած սերն այնքան մեծ է, որ մենք երբեք չենք կարող դա փոխհատուցել նրանց (Յովհաննէս 3։16; 15։13)։ Ուստի մեր երախտագիտությունը կարող ենք հայտնել՝ ապրելով մաքուր, անաղարտ կյանքով։ Մեր բարոյական մաքրության վերաբերյալ այսպես դատելով՝ մենք կարժևորենք այդ հատկությունը և կպահպանենք մեր սիրտը։
8. ա) Ինչպե՞ս կարող ենք սնել մեր այլաբանական սիրտը։ բ) Ի՞նչ կարող են մեր զրույցները բացահայտել մեր մասին։
8 Նաև, մենք մեր սիրտը պահպանում ենք՝ հոգևորապես սնվելով։ Մենք պետք է կանոնավորաբար մեր միտքն ու սիրտը սնենք հոգևոր առողջ կերակրով ու մեր ուշադրությունը Աստծո Թագավորության բարի լուրի վրա սևեռենք (Կողոսացիս 3։2)։ Նման տրամադրվածությունը պետք է արտացոլվի նույնիսկ մեր զրույցներում։ Եթե մեզ ճանաչում են որպես մարմնավոր, անբարո թեմաներով խոսող անձնավորության, ապա դա մեր սրտի վիճակի մասին մի ինչ–որ բան է ասում (Ղուկաս 6։45)։ Եկեք այնպես անենք, որ մարդիկ մեզ ճանաչեն որպես հոգևոր ու կերտիչ բաներ խոսող մարդու (Եփեսացիս 5։3)։ Մեր սիրտը պահպանելու համար պետք է զգուշանանք լուրջ վտանգներից։ Քննենք դրանցից երկուսը։
Փախիր պոռնկությունից
9–11. ա) Ինչո՞ւ մեծ հավանականություն կա, որ Ա Կորնթացիս 6։18–ում գրված խորհուրդն անտեսող անձինք լուրջ անբարոյականություն կանեն։ Բացատրեք օրինակով։ բ) Եթե փախչում ենք պոռնկությունից, ապա ինչի՞ց կխուսափենք։ գ) Ի՞նչ դրական օրինակ է թողել հավատարիմ Հոբը։
9 Եհովան ներշնչեց Պողոս առաքյալին գրելու մի խորհուրդ, որն օգնել է շատերին պահպանելու իրենց սիրտը և բարոյապես մաքուր մնալու։ Պողոսն ասաց. «Փախէք պոռնկութիւնիցը» (Ա Կորնթացիս 6։18)։ Ուշադրություն դարձրու, որ նա չասաց՝ «խուսափեք պոռնկությունից»։ Քրիստոնյաները ավելին պետք է անեն, քան պոռնկությունից միայն խուսափելն է։ Նրանք պետք է հեռու փախչեն անբարո գործերից, ճիշտ ինչպես որ կփախչեին, եթե իրենց կյանքին վտանգ սպառնար։ Եթե անտեսենք այս խորհուրդը, ապա լուրջ անբարոյականություն գործելու և Աստծո բարեհաճությունը կորցնելու հավանականությունը կմեծանա։
10 Լուսաբանենք։ Մայրն իր որդուն լողացրել ու հագցրել է, որովհետև ընտանիքով տեղ պիտի գնան։ Որդին հարցնում է մորը, թե կարող է արդյոք բակում խաղալ նախքան իրենց գնալը։ Մայրը համաձայնվում է, բայց մի պայմանով։ Նա ասում է. «Այն ջրափոսին չմոտենաս։ Եթե կեղտոտվես, կպատժվես»։ Սակայն չանցած մի քանի րոպե՝ մայրը տեսնում է, թե ինչպես է որդին հենց ջրափոսի եզրին ոտքերի ծայրերի վրա փորձում հավասարակշռությունը պահել։ Նա չի կեղտոտվել դեռևս։ Այնուհանդերձ, տղան շարունակում է անտեսել մոր նախազգուշացումը՝ չմոտենալ ջրափոսին, և ուր որ է կընկնի ջուրը (Առակաց 22։15)։ Նման սխալ են գործում շատ պատանիներ, ինչպես նաև մեծահասակներ, որոնք կարող են ավելի զգույշ լինել։ Ինչպե՞ս է այդ սխալը կատարվում։
11 Այս ժամանակներում, երբ շատ ու շատ մարդիկ են տրվում «անարգ կրքերի», արդյունաբերության մի ամբողջ ճյուղ զբաղվում է ապօրինի սեռական հարաբերությունների ջատագովմամբ (Հռովմայեցիս 1։26, 27)։ Ամսագրերը, գրքերը, կինոնկարները և Ինտերնետը լի են պոռնկագրությամբ։ Նրանք, ովքեր իրենց ուղեղը լցնում են նման պատկերներով, ամենևին էլ չեն փախչում պոռնկությունից։ Նրանք խաղում են դրա հետ, հազիվ փորձում ոտքերի ծայրերի վրա պահել հավասարակշռությունը՝ դրանով իսկ արհամարհելով աստվածաշնչյան նախազգուշացումը։ Փոխանակ իրենց սիրտը պահպանելու՝ նրանք այն թունավորում են վառ պատկերներով, որոնք գուցե դեռ երկար տարիներ մնան հիշողության մեջ (Առակաց 6։27)։ Եկեք սովորենք հավատարիմ Հոբից, որը ուխտ կապեց իր աչքերի հետ՝ չնայել ոչ մի բանի, ինչը կարող է միայն ու միայն դրդել իրեն սխալ բան անելու (Յոբ 31։1)։ Դե, եկեք հետևե՛նք նրա օրինակին։
12. Ինչպե՞ս կարող է քրիստոնյա զույգը ‘փախչել պոռնկությունից’ մտերմության շրջանում։
12 Մասնավորապես շատ կարևոր է ‘փախչել պոռնկությունից’, երբ տղամարդն ու կինը մտերմություն են անում իրար հետ։ Այդ շրջանը պետք է լինի ուրախության ժամանակներ՝ լի հույսով ու ակնկալիքներով։ Բայց որոշ երիտասարդ զույգեր ապականել են իրենց մտերմությունը՝ անբարոյականության հետ խաղալով։ Նրանք զրկում են միմյանց լավ ամուսնության հիմք դնելու հնարավորությունից՝ այն հարաբերություններից, որոնք հիմնված են անշահախնդիր սիրո, ինքնատիրապետման և Եհովա Աստծուն հնազանդվելու վրա։ Մի քրիստոնյա զույգ մտերմության շրջանում անբարո վարք դրսևորեց։ Ամուսնությունից հետո կինը խոստովանեց, որ իր խիղճը տանջում էր իրեն, և նույնիսկ հարսանիքի օրը նա իրեն իսկապես ուրախ չէր զգում։ Նա ասում է. «Ես Եհովայից ներում խնդրեցի շատ անգամ, բայց նույնիսկ յոթ տարի անց խիղճս շարունակում է մեղադրել ինձ»։ Շատ կարևոր է, որ նման մեղքեր գործող անհատները օգնություն խնդրեն քրիստոնյա երեցներից (Յակոբոս 5։14, 15)։ Այնուհանդերձ, շատ քրիստոնյա զույգեր մտերմության շրջանում, իմաստություն դրսևորելով, խուսափում են անբարոյականություն գործելու վտանգից (Առակաց 22։3)։ Նրանք սահմաններ են դնում իրենց սիրո արտահայտումների վրա։ Ժամադրություններին նրանք մենակ չեն լինում, այլ մեկի ուղեկցությամբ, և զգուշորեն խուսափում են մեկուսի վայրերում երկուսով հայտնվելուց։
13. Ինչո՞ւ քրիստոնյան չպիտի սիրահետի Եհովային չծառայող անհատին։
13 Այն քրիստոնյան, ով սիրահետում է մի անհատի, որը Եհովային չի ծառայում, թերևս ահռելի խնդիրների առաջ կանգնի։ Ինչպե՞ս կարող ես քո անձը կապել մեկի հետ, որը չի սիրում Եհովա Աստծուն։ Հույժ կարևոր է, որ քրիստոնյան լծակից դառնա միայն նրան, ով սիրում է Եհովային ու հարգում է բարոյական մաքրության վերաբերյալ նրա չափանիշները։ Աստծո Խոսքը պատվիրում է մեզ. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարին հետ» (Բ Կորնթացիս 6։14)։
14, 15. ա) Ի՞նչ սխալ տեսակետ ունեն ոմանք «պոռնկություն» բառի իմաստի վերաբերյալ։ բ) «Պոռնկություն» բառի տակ ո՞ր գործողություններն են հասկացվում, և ինչպե՞ս քրիստոնյաները կարող են ‘փախչել պոռնկությունից’։
14 Գիտելիքներ ունենալը նույնպես կենսական է։ Մենք ինչպես հարկն է չենք կարող փախչել պոռնկությունից, եթե իրականում չգիտենք, թե ինչ է դա։ Մերօրյա աշխարհում ոմանք սխալ պատկերացում ունեն «պոռնկություն» հասկացության վերաբերյալ։ Ըստ այդ մարդկանց՝ կարելի է սեռական ցանկությունը բավարարել առանց ամուսնանալու, քանի դեռ դա արվում է առանց բուն սեռական հարաբերության։ Նույնիսկ որոշ հարգված առողջապահական հաստատություններ, որոնք ջանում են նվազեցնել պատանեկան անցանկալի հղիությունների քանակը, հորդորում են երիտասարդությանը զբաղվել սեռական այնպիսի այլասերված գործողություններով, որոնք հղիություն առաջ չեն բերում։ Նման խորհուրդը լիովին սխալ է։ Խուսափել ամուսնությունից դուրս հղիությունից՝ դեռ չի նշանակում բարոյապես մաքուր լինել, և «պոռնկություն» բառի իսկական իմաստը այդքան սահմանափակ չէ։
15 Հունարեն պոռնեա բառը՝ թարգմանված «պոռնկություն», բավական լայն իմաստ ունի։ Այդ բառը նշանակում է սեռական հարաբերություններ ամենաքիչը երկու անձանց միջև, որոնք ամուսնացած չեն, և մատնանշում է սեռական օրգանների սխալ գործածությունը։ Պոռնեա–ի մեջ են մտնում այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ բերանային (օրալային), հետանցքային (անալային) սեքսը կամ ուրիշին ձեռնաշարժություն անելը. բաներ, որոնք սովորաբար զուգակցվում են հասարակաց տների հետ։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ նման գործողությունները պոռնկություն չեն, խաբում են իրենք իրենց՝ ընկնելով Սատանայի որոգայթներից մեկը (Բ Տիմոթէոս 2։26)։ Բացի այդ, բարոյապես մաքուր մնալ՝ ավելին է նշանակում, քան պարզապես խուսափել որևէ գործողությունից, որը կարող է պոռնկություն լինել։ ‘Պոռնկությունից փախչելու’ համար մենք պետք է խուսափենք ամեն տեսակ սեռական պղծությունից ու անառակ վարքից, որոնք կարող են տանել պոռնեա–ի՝ ծանր մեղքի (Եփեսացիս 4։19)։ Վարվելով այդպես՝ մենք բարոյապես մաքուր կմնանք։
Խուսափիր ֆլիրտի վտանգներից
16. Սիրո արտահայտումներ անելը ո՞ր դեպքում ճիշտ կլինի, և սուրբգրային ո՞ր օրինակով է դա լուսաբանվում։
16 Եթե վճռել ենք բարոյապես մաքուր մնալ, ապա պետք է զգուշանանք մեկ այլ վտանգից՝ ֆլիրտից։ Ոմանք գուցե պնդում են, թե ֆլիրտը հակառակ սեռի ներկայացուցչի հետ անմեղ, անվնաս զվարճությունն է։ Ճիշտ է, որ ժամանակ և տեղ կա սիրո արտահայտումներ անելու համար։ Իսահակը Ռեբեկայի հետ «խաղում էր», և տեսնողների համար պարզ էր, որ նրանք ընդամենը եղբայր ու քույր չէին (Ծննդոց 26։7–9)։ Նրանք ամուսիններ էին։ Ոչ մի սխալ բան չկար, որ նրանք միմյանց հանդեպ սիրո արտահայտումներ էին անում։ Բայց ֆլիրտ անելը այլ հարց է։
17. Ի՞նչ է ֆլիրտը, և ինչպե՞ս կարելի է զգուշանալ դրանից։
17 Ֆլիրտը կարելի է սահմանել հետևյալ կերպ. «ռոմանտիկ հետաքրքրություն անհատի հանդեպ, այն դեպքում երբ իրականում նրա հետ ամուսնանալու մտադրություն չկա»։ Մարդը բարդ էակ է, ուստի, անկասկած, ֆլիրտի անհամար ձևեր կան, որոնցից մի քանիսը շատ դժվար է նկատել (Առակաց 30։18, 19)։ Այնպես որ խիստ կանոններ դնելը չի կարող լուծում լինել այս հարցում։ Ավելի խելամիտ կլինի ուրիշ բան անել՝ ազնվորեն ինքնաքննություն կատարել ու աստվածաշնչյան սկզբունքները բարեխղճորեն կիրառել։
18. Ի՞նչն է դրդում ոմանց ֆլիրտ անել, և ինչո՞ւ է դա վնասակար։
18 Եթե անկեղծ լինենք, ապա մեծամասնությունս, ամենայն հավանականությամբ, կընդունի, որ երբ նկատում ենք, որ հակառակ սեռին պատկանող անձնավորությունը ռոմանտիկ հետաքրքրություն է ցույց տալիս մեր հանդեպ, մենք մեզ շոյված ենք զգում։ Դա բնական է։ Բայց ինչո՞ւ ենք ֆլիրտ անում. որպեսզի զուտ մեր հարգը բարձրանա՞, որ դիմացինը մեզանով հետաքրքրվի՞։ Եթե այո, ապա մտածե՞լ ենք, թե դրանով ինչ ցավ գուցե պատճառենք այդ մարդուն։ Առակաց 13։12–ում ասվում է. «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ»։ Երբ կանխամտածված ֆլիրտ ենք անում, մենք, ըստ ամենայնի, չգիտենք, թե դա ինչպես կազդի անհատի վրա։ Նա գուցե ակնկալի, որ իրեն մտերմություն անելու առաջարկ կարվի, և նույնիսկ կարող է մտածել, որ դրան կհետևի ամուսնությունը։ Եթե անհատը հիասթափվի, ապա դա կործանարար կարող է լինել (Առակաց 18։14)։ Դաժանություն է ուրիշի զգացմունքների հետ կանխամտածված ձևով խաղալը։
19. Ինչպե՞ս ֆլիրտը կարող է վտանգել քրիստոնյայի ամուսնական կապը։
19 Մասնավորապես, ֆլիրտից կարևոր է զգուշանալ, երբ դա առնչվում է ամուսնացածներին։ Սխալ է ռոմանտիկ հետաքրքրություն առաջացնել ամուսնացած անհատի մեջ, և սխալ է, երբ ամուսնացածն է նման հետաքրքրություն դրսևորում մեկի հանդեպ, որն իր կողակիցը չէ։ Ցավոք, որոշ քրիստոնյաներ խորհում են, թե կարելի է սիրային զգացումներ տածել հակառակ սեռին պատկանող անհատի հանդեպ, որն իրենց ամուսինը չէ։ Ոմանք իրենց ապրումների ու զգացումների մասին խոսում են այդ «ընկերոջ» հետ, և նույնիսկ իրենց նվիրական մտքերն են վստահում նրանց՝ դրանք չհայտնելով իրենց կողակցին։ Ի վերջո, ռոմանտիկ զգացումները սկսում են «ծաղկել», և այդ անձնավորությունների միջև էմոցիոնալ կապվածություն է ստեղծվում, ինչը կարող է ամուսնությունը քայքայել և նույնիսկ կործանել։ Շատ լավ կլինի, եթե ամուսնացած քրիստոնյաները հիշեն Հիսուսի իմաստուն նախազգուշացումը շնության վերաբերյալ՝ շնությունը սկսվում է սրտից (Մատթէոս 5։28)։ Եկեք, ուրեմն, պահպանենք մեր սիրտը և խուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նման կործանարար հետևանքներ բերել։
20. Պետք է վճռենք ինչպե՞ս դիտել մեր բարոյական մաքրությունը։
20 Ինչ խոսք, հեշտ չէ այսօրվա աշխարհում բարոյապես մաքուր մնալ։ Բայց հիշիր, որ անաղարտությունը շատ ավելի հեշտ է պահպանել, քան այն կորցնել, հետո կրկին ձեռք բերել։ Անշուշտ, Եհովան «շատ ներող» է, և կարող է մաքրել նրանց, ովքեր իսկապես զղջում են իրենց մեղքի համար (Եսայիա 55։7)։ Սակայն, նա չի պաշտպանում անբարոյականություն գործողներին իրենց արածի հետևանքներից։ Այդ հետևանքները կարող են զգացվել տարիներ շարունակ, նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում (Բ Թագաւորաց 12։9–12)։ Պահպանիր սիրտդ և ամեն գնով բարոյապես մաքո՛ւր եղիր։ Եհովա Աստծո առջև անաղարտ, մաքուր լինելը համարիր թանկագին գանձ, ու երբեք մի՛ կորցրու այն։
Ինչպե՞ս կպատասխանեիր
• Ի՞նչ է բարոյական մաքրությունը, և ինչո՞ւ է դա կարևոր։
• Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սիրտը։
• Ի՞նչ է նշանակում փախչել պոռնկությունից։
• Ինչո՞ւ պետք է խուսափենք ֆլիրտից։
[նկար 11–րդ էջի վրա]
Ավտոմեքենան կարող է իրենից վտանգ ներկայացնել, եթե վարորդը հարկ եղած ձևով չվարի այն
[նկարներ 12–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող է պատահել, եթե անտեսենք նախազգուշացումները
[նկար 13–րդ էջի վրա]
Մտերմության շրջանում բարոյական մաքրություն պահպանելը երկուստեք ուրախություն է պատճառում և պատիվ է բերում Աստծուն