Բարոյապես մաքուր մնալ այս անբարո աշխարհում
ՆԱ ԹԽԱԴԵՄ ու բարետես տղամարդ էր։ Նրա հետ համատեղ աշխատում էր մի շնորհալի ու գեղեցիկ կին։ Վերջինս նրա հանդեպ մեծ ուշադրություն էր ցուցաբերում։ Տղամարդն էլ իր հերթին երբեք բաց չէր թողնում հաճոյախոսելու առիթը։ Սկսեցին նվերներ փոխանակել, ու շուտով դարձան սիրեկաններ։ Նա լքեց կնոջը։ Սիրուհին, սակայն, որոշեց մնալ ամուսնու հետ ու վերջ դրեց իրենց սիրային կապին։ Ստիպված, ինքն էլ փորձեց վերադառնալ կնոջ մոտ։ Սակայն, քանի որ անկեղծորեն չէր զղջացել՝ ոչինչ չստացվեց։ Ու չնայած ամեն բան արդեն ետևում էր մնացել, այնուամենայնիվ այս պատմությունը խոր վերքեր թողեց յուրաքանչյուրի սրտում, ով ինչ–որ կերպ առնչվել էր դրա հետ։
Սեռային բարոյականությունն այլևս առաքինություն չի համարվում այս աշխարհում։ Այնպես է թվում, որ անզուսպ կերպով հաճույքներ ու բավականություններ հետապնդելը տարածված է ամենուր։ «Բրիտանական նոր հանրագիտարանում» բերված են հետևյալ խոսքերը. «Շնությունը սկսել է համատարած բնույթ կրել, ու որոշ դեպքերում, նույնիսկ, ամուսնության պես սովորական մի բան է դարձել»։
Սակայն Եհովա Աստված ցանկանում է, որ ամուսնությունը լինի «պատուական» (ԱԹ) և «ամուսնական անկողինը՝ սուրբ» (Եբրայեցիս 13։4)։ Գրություններում հայտարարվում է. «Մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ.... Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Հետևաբար, Աստծո հավանությանն արժանանալու համար հարկավոր է բարոյապես մաքուր մնալ այս անբարո աշխարհում։
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել մեզ շրջապատող աշխարհի այլասերող ազդեցությունից։ Աստվածաշնչի Առակաց գրքի 5–րդ գլխում կարդում ենք հին Իսրայելի Սողոմոն թագավորի խոսքերը, որոնք պատասխանում են այս հարցին։ Տեսնենք, թե ի՛նչ է ասում նա։
Խոհեմությունը կպահպանի քեզ
«Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը,— գրում է Իսրայելի թագավորը,— եւ ականջ դիր իմ հանճարին, որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն» (Առակաց 5։1, 2)։
Անբարոյականությանը տրվելու փորձություններին դիմադրելու համար մեզ իմաստնություն է հարկավոր՝ մի հատկություն, որի շնորհիվ կկարողանանք կիրառել Սուրբ գրություններից ստացած մեր գիտելիքները։ Հարկավոր է նաև ‘ականջ դնել հանճարին’, այսինքն՝ կարողանալ տարբերել ճիշտը սխալից և ընտրել ճիշտ ուղին։ Իսկ, որպեսզի կարողանանք խոհեմություն դրսևորել, Աստվածաշունչը խրատում է մեզ ուշադրություն դարձնել իմաստությանն ու հանճարին՝ զատորոշելու ունակությանը։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարելի է դա անել։ Աստծո Խոսքն ուսումնասիրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, թե Եհովան ինչպես է վարվում այս կամ այն պարագայում, և ջանալ ըմբռնել նրա կամքն ու նպատակները։ Դրա շնորհիվ կկարողանանք նպաստել, որ մեր մտքերը ճիշտ հունով զարգանան։ Նման ձևով ձեռք բերված «խոհեմությունը» ներդաշնակ է աստվածային իմաստնության և գիտության հետ։ Այս հատկության ճիշտ կիրառումը կպաշտպանի մեզ անբարոյականության թակարդն ընկնելուց։
Զգուշացի՛ր մեղրի խորիսխ կաթեցնող շրթունքներից
Քանի որ անբարո մարդու շավիղները գայթակըղիչ են, ուստի այս անմաքուր աշխարհում բարոյապես մաքուր մնալու համար խոհեմությունը շատ կարևոր է։ Սողոմոնը զգուշացնում է. «Օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է. բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս» (Առակաց 5։3, 4)։
Այս առակը կարդալիս մեր առջև պատկերանում է մի քմահաճ անձնավորություն, որի մասին ասվում է «օտար կին»՝ պոռնիկ։a Իր զոհին հրապուրելու համար նա շռայլում է քնքուշ խոսքեր, որոնք մեղրի պես քաղցր ու ձիթապտղի յուղից առավել նուրբ ու փափուկ են։ Մի՞թե սեռային անբարոյականության հանգեցնող սիրային արկածների մեծ մասը չի սկսվում հենց դրանով։ Ահա թե ինչ է պատմում Աննա անունով քսանյոթամյա մի բարետես կին, որն աշխատում է որպես քարտուղարուհի. «Այդ անձնավորությունը չափազանց մեծ ուշադրություն է ցուցաբերում իմ հանդեպ, առիթը բաց չի թողնում ինձ գովելու համար։ Թեև հաճելի է, որ ստվերում չեմ, սակայն շատ լավ զգում եմ, որ նրան հետաքրքրում եմ զուտ ֆիզիկապես։ Բոլորովին մտադիր չեմ ընկնել նրա ծուղակը»։ Գայթակղիչի շողոքորթությունները սկզբում սովորաբար ականջ են շոյում, մինչև որ չես գիտակցում դրանց բուն նպատակը։ Իսկ դա հասկանալու համար խոհեմություն է պահանջվում։
Անբարոյականության հետևանքով մարդու կրած դառնություններն այստեղ համեմատվում են օշինդրի դառնության հետ, իսկ ցավերը՝ երկսայրի սրի պատճառած սուր ցավերի հետ, որոնք կարող են նույնիսկ մահացու լինել։ Անհանգիստ խիղճը, անցանկալի հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը այդ վարքագծին սովորաբար ուղեկցող առավել՝ քան դառը հետևանքներ են։ Հապա այն անասելի ծանր ապրումնե՞րը, որ անհավատարիմ գտնված անձնավորությունը պատճառում է իր կողակցին։ Մի անգամ կատարված դավաճանությամբ այնքան խոր վերքեր են բացվում, որ չեն սպիանում ողջ կյանքի ընթացքում։ Այո՛, անբարոյականությունը մեծ ցավ է պատճառում։
Շարունակելով խոսել քմահաճ կնոջ վարքի մասին՝ իմաստուն թագավորն ասում է. «Նրա ոտները իջնում են մահը, դժոխքին [եբր. «շեոլ»] են հասնում նորա քայլերը։ Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են» (Առակաց 5։5, 6)։ Անբարոյական կնոջ ճանապարհները նրան մահվան են առաջնորդում, նրա քայլերը տանում են դեպի շեոլ՝ գերեզման։ Եվ իրոք՝ այս խոսքերի ճշմարիտ լինելու մասին են վկայում սեռային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, հատկապես՝ գնալով ավելի տարածվող ՁԻԱՀ–ը։ Այդպիսի կնոջ հետ նրա ծուռ ճանապարհներով գնացողներին էլ նույն վախճանն է սպասվում։
Անկեղծ հոգատարությամբ թագավորն ասում է. «Հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։ Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չ’մօտենաս նորա տան դռանը» (Առակաց 5։7, 8)։
Հարկավոր է հնարավորին չափ հեռու մնալ անբարո մարդկանց ազդեցությունից։ Ինչո՞ւ մեր անձերը նրանց տրամադրենք՝ լսելով անբարո երգեր կամ դիտելով այլասերության տեսարաններ ու ինքներս մեզ ենթարկելով պոռնկագրական նյութերի ազդեցությանը (Առակաց 6։27; Ա Կորնթացիս 15։33; Եփեսացիս 5։3–5)։ Անշուշտ, մեր կողմից անմտություն կլիներ նաև այդպիսի մարդկանց ուշադրությունը գրավել՝ նրանց հետ սեթևեթելով կամ էլ անհամեստ արտաքին տեսքով (Ա Տիմոթէոս 4։8; Ա Պետրոս 3։3, 4)։
Չափազանց թանկ է վճարվում
Ուրիշ ի՞նչ պատճառներով է հարկավոր հեռու մնալ քմահաճ մարդկանցից։ Սողոմոնը պատասխանում է. «Մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։ Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ. եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կ’մաշուին» (Առակաց 5։9–11)։
Այս խոսքերով Սողոմոնը ցույց է տալիս, թե որքան թանկ են վճարում անբարոյական արարքի դիմաց։ Կորսված արժանապատվության զգացումը կամ ինքնահարգանքի բացակայությունը մշտապես ուղեկցում են անառակությանը։ Մի՞թե մարդու համար նվաստացուցիչ չէ գիտակցելը, որ ինքը անբարո ցանկությունների բավարարման միջոց է դարձել՝ անկախ այն բանից, իր, թե՝ մեկ ուրիշի։ Մի՞թե ինքնահարգանքի պակասի մասին չի վկայում այն, որ մարդ սեռային հարաբերության մեջ է մտնում մեկի հետ, ով իր կողակիցը չէ։
Այժմ քննենք, թե մեջբերված հատվածում ինչ է նշանակում «տարիները, զորությունն ու վաստակն օտարին տալը»։ Մի աշխատության մեջ այդ առիթով ասվում է. «Այս խոսքերի իմաստը միանգամայն պարզ է. անհավատարմության դիմաց կարող է շատ մեծ վճար պահանջվել, քանզի այն ամենը, ինչ մարդ ունի՝ դիրք, զորություն, ունեցվածք, կարող է կորցնել կա՛մ անբարո կնոջ անհագ պահանջները բավարարելու, կա՛մ էլ այդ առիթով հասարակության բարձրացրած աղմուկի պատճառով»։ Իրո՛ք, անբարո հարաբերությունների դիմաց մարդը շատ թանկ է վճարում։
Պատվազուրկ և ուժասպառ եղած այդ անմիտ մարդը մի օր կհառաչի՝ ասելով. «Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յանդիմանութիւնը. եւ չ’լսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չ’տուի իմ ուսուցիչներին։ Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելով» (Առակաց 5։12–14)։
Ժամանակի ընթացքում մեղանչող անձի սրտում ծայր է առնում «եթե միայն»–ների մի ողջ շարք՝ ինչպես արտահայտվել է մասնագետներից մեկը. «եթե միայն լսած լինեի հորս...», «եթե միայն ինքնագլուխ չվարվեի...», «եթե միայն ընդունեի նրանց խորհուրդը...»։ Ցավոք, անվայելուչ արարք կատարած անձնավորությունը հաճախ մեծ ուշացումով է գալիս այս գիտակցությանը, երբ նրա կյանքն արդեն կործանված է լինում, ու անունն՝ արատավորված։ Հետևաբար, որքա՜ն լավ կլինի, եթե վաղօրոք՝ անբարոյականության ծուղակի մեջ ընկնելուց առա՛ջ խորհենք այն մասին, թե ինչքա՛ն թանկ է մարդը վճարում դրա դիմաց։
«Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր»
Արդյո՞ք Աստվածաշունչը լռում է սեռային փոխհարաբերություններին վերաբերվող հարցերում։ Ոչ։ Տղամարդու և կնոջ միջև գոյություն ունեցող քնքուշ զգացմունքներն ու սեռային մերձեցման պատճառած հաճույքը շնորհն են Աստծուց։ Սակայն այդ ինտիմ փոխհարաբերությունը պետք է վայելեն միայն ամուսնական զույգերը։ Ուստի, Սողոմոնը հետևյալ խրատն է տալիս ամուսնացած տղամարդուն. «Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։ [«Մի՞թե», ՆԱ] քո աղբիւրները [«պետք է», ՆԱ] տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։ Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը» (Առակաց 5։15–17)։
«Քո ջրակոյտը» և «քո ջրհորը» բանաստեղծական արտահայտություններ են, որոնք վերաբերվում են սիրած կնոջը՝ կողակցին։ Նրա հետ ապրած սեռային վայելքները համեմատվում են զովացուցիչ ջուր խմելու հետ։ Ի տարբերություն հասարակական վայրերում գոյություն ունեցող ջրի աղբյուրներին՝ այս «ջրակոյտը» կամ «ջրհորը» մարդու անձնական սեփականությունն է։ Դրանով մարդուն խրատ է տրվում հասարակական տեղերում, այստեղ–այնտեղ ուրիշ կանանց մոտ իր սերմը չթողնել ու միայն իր կնոջից զավակներ ունենալ։ Միանգամայն պարզ է, որ այս խոսքերը ուղղված են տղամարդուն որպես խորհուրդ՝ հավատարիմ մնալ սեփական կնոջը։
Իմաստուն Սողոմոնը շարունակում է. «Թող քո [«ջրի», ԷԹ] աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս» (Առակաց 5։18, 19)։
«Ջրի աղբյուր» ասելով այստեղ նկատի է առնվում սեռային բավարարվածության աղբյուրը։ Իսկ կողակցի հետ սեռային վայելքներն «օրհնեալ» են, այսինքն՝ Աստծո կողմից տրված։ Մարդը քաջալերվում է ուրախանալ իր երիտասարդության կնոջ հետ։ Նրա համար իր կինը հրապուրիչ է, եղնիկի պես նրբագեղ ու այծյամի պես նազելի։
Ապա Սողոմոնը երկու հարց է ուղղում իր ընթերցողին. «Ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես» (Առակաց 5։20)։ Այո՛, ինչո՞ւ պետք է ամուսնացած անձնավորությունը ուրիշ մեկի հետ ինտիմ հարաբերության մեջ մտնի, լինի դա իր աշխատանքի վայրում, դպրոցում, թե մի այլ տեղ։
Պողոս առաքյալը ամուսնացած մարդկանց հետևյալ խորհուրդն է տալիս. «Այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին» (Ա Կորնթացիս 7։29)։ Ի՞նչ է սա նշանակում։ Բանն այն է, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները առաջին հերթին պետք է Աստծո Թագավորությունը փնտրեն (Մատթէոս 6։33)։ Ուստի, զույգերը չպետք է այնքան կլանված լինեն մեկը մյուսով, որ Թագավորության շահերը իրենց կյանքում երկրորդական տեղ զբաղեցնեն։
Ինքնակառավարման անհրաժեշտությունը
Սեռային ցանկությունները հնարավոր է կառավարել։ Դա կարող են անել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Եհովայի հավանությանն արժանանալ. «Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով»,— գրում է Պողոս առաքյալը (Ա Թեսաղոնիկեցիս 4։3, 4)։
Երիտասարդները սեռական առաջին զարթոնքը զգալուն պես չպետք է նետվեն ամուսնության գիրկը։ Ամուսնությունն իր մեջ որոշակի պատասխանատվություններ է ընդգրկում, որոնք հանձն առնելու համար հասունություն է հարկավոր (Ծննդոց 2։24)։ Ավելի լավ է սպասել, մինչև անցնի սեռական ծաղկունքի շրջանը՝ այն ժամանակահատվածը, երբ սեռական զգացումները զորեղ են ու կարող են մթագնել դատողությունը (Ա Կորնթացիս 7։36, ՆԱ)։ Եվ որքա՜ն անխոհեմ ու հանցավոր քայլ կլինի ամուսնանալու ցանկություն ունեցող հասուն անհատի կողմից, եթե նա իրեն հարմար ամուսնական զույգ չգտնելու պատճառով դիմի անբարոյականության։
Նրա անօրինությունները պիտի «բռնեն» նրան
Սեռային անբարոյականությունը մերժելու ամենակարևոր պատճառն այն է, որ Եհովան՝ մեզ կյանք Պարգևողը և սեռական կարողություններ Շնորհողը, դատապարտում է դա։ Ուստի բերելով բարոյապես մաքուր մնալու ամենազորեղ դրդապատճառը՝ Սողոմոն թագավորը գրում է. «Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները» (Առակաց 5։21)։ Այո՛, ոչ մի բան ծածկված չէ Աստծո աչքից, և մենք նրան է, «որ հաշիւ պիտի տանք» (Եբրայեցիս 4։13, ՆԿ–ի ՆԱԹ)։ Անկախ այն բանից, թե սեռային անմաքրության ձևերից ո՛ր մեկն է կատարվում և, թե որքանով է այն ծածուկ ու ինչ ֆիզիկական, հասարակական հետևանքներ է ունենում, այն լուրջ վնաս է հասցնում Եհովայի հետ ունեցած մարդու փոխհարաբերություններին։ Ինչ մեծ անմտություն կլիներ Աստծո հետ ունեցած խաղաղությունը փոխանակել կարճատև ապօրինի վայելքի հետ։
Նրանք, ովքեր անամոթաբար շարունակում են անբարո ճանապարհներով ընթանալ, կարծում են, թե այդպես էլ անպատիժ պիտի մնան։ Բայց Սողոմոնը զգուշացնում է. «Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։ Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը» (Առակաց 5։22, 23)։
Ինչո՞ւ մեզանից որևէ մեկը երբևիցե մոլորության ուղու վրա կանգնի։ Չէ՞ որ ի վերջո Առակաց գիրքը զգուշացնում է այս աշխարհի գայթակղիչ ճանապարհների մասին։ Այն մեզ հայտնում է նաև, թե սեռային անբարոյության դիմաց ինչ է մարդը տալիս որպես վճար. իր առողջությունը, նյութական ունեցվածքը, իր լավագույն ուժերը և սեփական արժանապատվության զգացումը։ Նման հասկացողություն ունենալով՝ մենք երբեք չպետք է հայտնվենք այն վիճակում, որ սկսենք «եթե միայն»–ների շարանը պատճառ բերել։ Այո՛, ջանալով կիրառել Աստծո կողմից ներշնչված Խոսքում տեղ գտած խորհուրդները՝ կարող ենք բարոյապես մաքուր մնալ այս անբարո աշխարհում։
[ծանոթագրություն]
a «Օտարական» բառը վերաբերվում էր բոլոր նրանց, ովքեր երես էին թեքում Օրենքից՝ չկամենալով ապրել այնտեղ գրվածին ներդաշնակ, և դրանով իսկ դառնալով Եհովային օտար։ Այդ իսկ պատճառով, պոռնկուհին այստեղ ներկայացված է «օտար կին» արտահայտությամբ։
[նկարներ 30–րդ էջի վրա]
Անբարոյականության հետևանքները օշինդրի պես դառն են։
[նկարներ 31–րդ էջի վրա]
«Ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ»։