Ավելի ամուր վստահենք Աստծո արդարությանը
«Որպէսզի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր» (Առակաց 22։19)։
1, 2. ա) Եհովայի վկաներն ինչո՞ւ են վստահում Եհովային (Առակաց 22։19)։ բ) Ինչի՞ց է երևում, որ որոշ անհատներ կարիք ունեն ամրացնելու իրենց վստահությունը։
ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաներն օրհնվում են Եհովայի և իր նպատակների մասին ունեցած ճշգրիտ գիտության համար։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» սիրով «իր ժամին կերակուր» է հայթայթում նրանց համար (Մատթէոս 24։45)։ Նրանց ձեռք բերած գիտությունը ամուր հիմք է ապահովում, որպեսզի հաստատ պահեն իրենց վստահությունն Աստծո նկատմամբ։ Այսպիսով՝ Եհովայի վկաները՝ որպես խումբ, աչքառու կերպով վստահում են Եհովային ու նրա արդարությանը։
2 Այնուամենայնիվ, պարզվում է, որ որոշ Վկաներ այսպիսի վստահությունն ամրացնելու կարիք ունեն։ «Դիտարան» ընկերությունը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում, որտեղ կասկածներ են հարուցվում կազմակերպության հրատարակություններում տրվող բացատրությունների շուրջ։ Հավանաբար այս կասկածներն առաջանում են նրանից, որ հասկացողության մեջ ուղղումներ են լինում կամ, գուցե, նրանք քննարկում են հետաքրքրվողների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերը (համեմատեք Յովհաննէս 6։61, 62)։
3. Ի՞նչ կարող է պատահել նույնիսկ Եհովայի հավատարիմ ծառաների հետ և ինչո՞ւ։
3 Եհովայի ճշմարիտ ծառաներն այսօր զգում են Ժողովող 9։11 համարում գրված խոսքերի ճշմարտացիությունը. «Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Ինչպե՞ս կարող է սա ճշմարտացի լինել բառի լայն կամ հոգևոր իմաստով։ Գուցե ճանաչում եք քրիստոնյաների, ովքեր Աստվածաշնչի խորհուրդը կիրառելու մեջ արագ են եղել, ճշմարտությանը համառորեն թիկունք են կանգնել, իմաստուն են եղել Աստվածաշնչի սկզբունքները կիրառելիս և տոկացել են ճշգրիտ գիտության համար հալածվելիս։ Սակայն «ժամանակի եւ դիպուածի» պատճառով ոմանք դժբախտ պատահարի կամ տարիքով լինելու հետևանքով սահմանափակ կարողություններ են ունենում։ Նրանց հետաքրքիր է իմանալը, թե արդյո՞ք առանց մահ տեսնելու Աստծո նոր աշխարհը կմտնեն։
4, 5. Ինչո՞ւ քրիստոնյաները պատճառ չունեն կորցնելու իրենց վստահությունը Եհովայի արդարության նկատմամբ։
4 Երբ քրիստոնյան կորցնում է իր կյանքի ընկերոջը, կորստի զգացումը ծանր ցավ է պատճառում։ Որպես ամուսիններ՝ նրանք հավանաբար տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ միասին ծառայել են Եհովային։ Կողակցին կորցնելուց հետո ողջ մնացած ամուսինը գիտի, որ մահը քանդում է ամուսնական կապըa (Ա Կորնթացիս 7։39)։ Որպեսզի իր վստահությունը չկորի, նա պետք է հսկի զգացումները (համեմատեք Մարկոս 16։8)։
5 Իմաստուն կլինի կյանքի ընկերոջ, ծնողի, երեխայի կամ քրիստոնյա մտերիմի մահը համարել իբրև հնարավորություն, որպեսզի Եհովայի արդարության նկատմամբ վստահություն ցուցաբերենք։ Նույնիսկ անձնական վնասներ կրելիս՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան անարդարացի չէ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ հավիտենական կյանքը ստացող յուրաքանչյուր անհատ, լինի դա վերապրելով, թե հարության միջոցով, երջանիկ է լինելու։ Աստծու մասին սաղմոսերգուն ասում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։ Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։ Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է» (Սաղմոս 145։16—19)։
Անօգուտ տառապանքի զգացումներ
6, 7. ա) Ինչո՞ւ անցյալում տանջանքներ կրած որոշ Վկաներ այժմ ուրիշ տեսակետ ունեն։ բ) Ինչո՞ւ չպիտի կարծենք, որ Եհովան անարդար է՝ անցյալում նման տառապանքներ թույլատրելով։
6 Անցյալում որոշ Վկաներ տանջանքներ կրեցին, քանի որ մերժեցին մասնակցություն ունենալ մի ծառայության մեջ, որին նրանք հիմա կարող են մասնակցել հանգիստ խղճով։ Օրինակ՝ տարիներ առաջ նրանց ընտրությունը քաղաքացիական ծառայության որոշ տեսակների նկատմամբ։ Իսկ այսօր եղբայրը հնարավոր է մտածի, որ ինքը կարող էր բարեխղճորեն կատարել այդպիսի ծառայությունը՝ առանց խախտելու իր քրիստոնեական չեզոքությունը իրերի ներկա համակարգում։
7 Եհովայի կողմից անարդարությո՞ւն էր նրան թույլ տալը, որպեսզի տառապի, քանի որ մերժել էր անել այն, ինչը հիմա նա անում է հանգիստ խղճով։ Այսպիսի փորձության միջով անցած անհատների մեծամասնությունը այդպես չի մտածում։ Դեռ ավելին, նրանք ուրախ են, որ հնարավորություն են ունեցել հրապարակայնորեն ու բացահայտ կերպով հանդես բերել տիեզերական գերիշխանության մասին վիճելի հարցի մեջ հաստատուն մնալու իրենց վճռականությունը (համեմատեք Յոբ 27։5)։ Ինչո՞ւ պիտի անհատը զղջա, որ, հետեվելով իր խղճի ձայնին, Եհովայի կողմը ամուր դիրք է բռնել։ Հավատարմորեն պաշտպանելով քրիստոնեական սկզբունքները, ցույց տալով, որ հասկացել են դրանք և արձագանքելով իրենց խղճի ձայնին՝ քրիստոնյաներն ապացուցեցին, որ արժանի են Եհովայի բարեկամները լինելու։ Անկասկած, իմաստուն է խուսափել այն ընթացքից, որը կանհանգստացնի անհատի խիղճը կամ որը, հավանաբար, ուրիշների համար գայթակղություն կլինի։ Այս հարցի շուրջը կարող ենք խորհել՝ նկատի առնելով Պողոս առաքյալի թողած օրինակը (Ա Կորնթացիս 8։12, 13; 10։31—33)։
8. Ինչո՞ւ հրեա քրիստոնյաները, որոնք նախկինում պահում էին Մովսիսական օրենքը, հիմք չունեին կասկածելու Եհովայի արդարության վրա։
8 Եհովային հաճեցնելու համար հրեաներից պահանջվում էր հնազանդվել տասը պատվիրաններին և մոտավորապես 600 լրացուցիչ օրենքների։ Հետագայում, որպես քրիստոնյա Եհովային ծառայելու համար այլևս չէր պահանջվում, նույնիսկ մարմնավոր հրեաներից, հնազանդվել այդ օրենքներին։ Թլփատության, շաբաթը պահելու, անասնական զոհեր մատուցելու և սննդի հետ կապված առողջապահական կանոններն ու օրենքներն այլևս պարտավորեցնող չէին նրանց համար (Ա Կորնթացիս 7։19; 10։25; Կողոսացիս 2։16, 17; Եբրայեցիս 10։1, 11—14)։ Քրիստոնյա դարձած հրեաները, այդ թվում նաև առաքյալները ազատվեցին օրենքներ պահելու պարտավորությունից, որը Օրենքի ուխտի տակ նրանցից հնազանդություն էր պահանջում։ Նրանք արդյոք դժգոհեցի՞ն, թե Աստծո կարգադրությունն անարդարացի էր, երբ նախկինում իրենցից պահանջվում էին բաներ, որոնք այլևս անհրաժեշտ չէին։ Ո՛չ, նրանք ուրախ էին Եհովայի նպատակներն ավելի խորությամբ ըմբռնելու համար (Գործք 16։4, 5)։
9. Որոշ Վկաներ ինչպիսի՞ վերաբերմունք ունեին, և ինչո՞ւ նրանք ափսոսալու պատճառ չունեն։
9 Ժամանակակից Վկաներից ոմանք անցյալում չափազանց խստապահանջ են եղել իրենց տեսակետների մեջ, թե տվյալ պարագայում ինչը պիտի անեին, և ինչը՝ ոչ։ Հետևանքը եղել է այն, որ նրանք ավելի շատ են տառապել, քան մյուսները։ Հետագայում ավելացող գիտելիքներն օգնեցին նրանց, որպեսզի ճշտեն տարբեր հարցերի շուրջ ունեցած իրենց տեսակետները։ Բայց նրանք հիմք չունեն ափսոսալու, որ նախկինում իրենց խղճի համաձայն են վարվել, նույնիսկ երբ դա իրենց անսահման տառապանք է պատճառել։ Իսկապես գովելի է, որ նրանք Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը փաստելու համար պատրաստ եղան տանջանքներ կրելու՝ ‘բոլորն անելով ավետարանի համար’։ Եհովան օրհնեց այսպիսի բարեպաշտ նվիրվածությունը (Ա Կորնթացիս 9։23; Եբրայեցիս 6։10)։ Աստծուց ներշնչված՝ Պողոս առաքյալը գրեց. «Եթե բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ» (Ա Պետրոս 2։20)։
Սովորենք Հովնանի օրինակից
10, 11. Հովնանն ինչո՞ւ լիովին չվստահեց Եհովային. ա) երբ ստացավ Նինվե գնալու հրահանգը, բ) երբ Աստված չվերացրեց նինվեցիներին։
10 Երբ Աստված հրամայեց Հովնանին Նինվե քաղաք գնալ, վերջինս պակաս գնահատեց այն վստահությունը, որ Եհովան ուներ իր հանդեպ։ Իր անհնազանդության պատճառով բավականին տհաճ կացության մեջ ընկնելուց հետո Հովնանը սթափվեց, գիտակցեց իր սխալը, ընդունեց օտար երկիր գնալու նշանակումը և զգուշացրեց Նինվեի բնակիչներին մոտալուտ կործանման մասին։ Ապա նա անակնկալի եկավ. Եհովան որոշեց չկործանել նինվեցիներին, քանի որ նրանք զղջացել էին (Յովնան 1։1—3։10)։
11 Հովնանն այդ բանին ինչպե՞ս արձագանքեց։ Նա բարկացավ ու աղոթքով դժգոհություն հայտնեց Աստծուն։ Նա մոտավորապես այսպես ասաց. «Ես գիտեի, որ ամեն ինչ այսպես պիտի ընթանար։ Դրա համար սկզբում չուզեցի գալ Նինվե։ Անցնելով այդ ամենի միջով, նաև մեծ ձկան կողմից կուլ գնալու սարսափն ու վիրավորանքը տանելով և նինվեցիներին մոտալուտ կործանման մասին զգուշացնելու դժվար գործը կատարելով՝ հիմա սրա՞ն եմ արժանի։ Ողջ աշխատանքս ու տառապանքս ջուրն ընկան։ Մեռնելս ապրելուցս լավ է» (Յովնան 4։1—3)։
12. Ի՞նչ ենք սովորում Հովնանի հետ կատարվածից։
12 Արդյոք հիմնավո՞ր էր Հովնանի դժգոհությունը։ Մի՞թե, կարեկցելով զղջացող մեղավորներին, Եհովան անարդարացի վարվեց։ Իրականում Հովնանը պիտի ուրախանար, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին կործանումից (Յովնան 4։11)։ Բայց իր անհարգալից, դժգոհ վերաբերմունքով նա ցույց տվեց, որ Եհովայի արդարության նկատմամբ խորը վստահություն չուներ։ Նա ավելի շատ իր մասին էր մտածում, քան մյուսների։ Հովնանի օրինակից մենք էլ կարող ենք դաս քաղել։ Սովորենք ինքներս մեզ ու մեր զգացումները թողնել ետին պլանում։ Համոզվենք, որ Եհովային հնազանդվելը ճիշտ ընթացք է՝ հետևելով իր կազմակերպության միջոցով տրվող առաջնորդությանը և ընդունելով իր որոշումները։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ «բարիք կ’լինի Աստուածանից վախեցողներին» (Ժողովող 8։12)։
Հիմա է մեր վստահությունն ամրացնելու ժամանակը
13. Բոլորս էլ ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վսահությունը Եհովայի նկատմամբ։
13 Եհովայի նկատմամբ վստահությունն ամրացնելը իմաստուն ընթացք է (Առակաց 3։5—8)։ Իհարկե, ավելին պիտի անենք, քան միայն աղոթելը, որ Եհովան մեզ ավելի վստահ դարձնի։ Վստահությունը մեծանում է ճշգրիտ գիտության հիման վրա. դրա համար պետք է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարենք, նաև Աստվածաշունչը և այն բացատրող գրականությունը կարդալը դարձնենք մեր ամենօրյա ռեժիմի մի մասը։ Քրիստոնեական ժողովների հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը կարևոր է, քանի որ դա ժողովներին լավ պատրաստվելու ու մասնակցելու հնարավորություն է տալիս։ Աստվածաշնչի ճշմարտությունը նաև ուրիշների հետ բաժանելու սովորությունը, առարկություններին նրբանկատորեն վերաբերվելը ամրացնում է մեր վստահությունը Եհովայի ու իր Խոսքի նկատմամբ։ Այսպիսով՝ օր–օրի մենք ավելի ենք մոտենում նրան։
14. Ինչո՞ւ է շուտով ավելի, քան երբևէ, կոչ արվելու Աստծո ծառաներին վստահել Եհովային։
14 Մոտ ապագայում հանկարծակի պոռթկալու է մեծ նեղությունը, որպիսին մարդկային ցեղը մինչև հիմա չի տեսել (Մատթէոս 24։21)։ Երբ այն սկսվի, ինչպես երբեք, Աստծո ծառաներին անհրաժեշտ կլինի վստահություն ցուցաբերել Եհովայի արդարության ու իր կազմակերպության կողմից տրվող առաջնորդության հանդեպ։ Այն ժամանակ նրանք վստահությամբ կենթարկվեն Աստծո հրահանգին և կհետևեն նրա խորհրդանշական կոչին. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ» (Եսայիա 26։20)։ Նրանք արդեն մտել են 232 երկրներում գոյություն ունեցող 85 000–ից ավելի ժողովների պաշտպանող միջավայրը։ Ուրիշ ինչ էլ որ հասկացվի «մտիր քո սենեակները» հորդորի տակ, այնուամենայնիվ, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ իրականացնել այն։
15. Վստահության հարցն ինչպե՞ս շեշտվեց 1998 տարվա ընթացքում, և ինչո՞ւ էր այն տեղին։
15 Հարկավոր է, որ հիմա ամրացնենք մեր վստահությունը։ Եթե չվստահենք մեր քրիստոնյա եղբայրներին, Եհովայի կազմակերպությանը և գլխավորապես իրեն՝ Եհովային, ապա նեղությունից վերապրելը անհնարին կլինի։ Որքա՜ն տեղին է ողջ աշխարհով մեկ Եհովայի վկաներին կրկին անգամ հիշեցնող 1998 թ. տարվա խոսքը. «Ամենայն ոք, որ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը կանչի, կը փրկուի» (Հռովմայեցիս 10։13)։ Մենք պիտի շարունակենք վստահել այս խոսքերին։ Եթե այդ վստահության մեջ նույնիսկ չնչին կասկած ենք հայտնաբերում, պիտի աշխատենք շտկել այն հիմա՝ հենց այսօր։
Եհովայի դատաստանը արդար է լինելու
16. Չմշակվելու դեպքում ի՞նչ կպատահի վստահությանը, և ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ ընթացքից։
16 Եբրայեցիս 3։14–ում օծյալ քրիստոնյաներին զգուշացվում է. «Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թէ հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից»։ Ըստ էության՝ այս խոսքերը կիրառվում են նաև երկրային հույս ունեցող քրիստոնյաների համար։ Սկզբում ունեցած վստահությունը չմշակվելու դեպքում կարող է վերանալ։ Որքա՜ն կենսական է շարունակել հետևել ճշգրիտ գիտությանը, որպեսզի ամրացնենք այն հիմքը, որի վրա կառուցված է մեր վստահությունը։
17. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ փրկության հարցում Հիսուսն արդարությամբ է դատելու։
17 Շուտով Քրիստոսը բոլոր ազգերին պիտի քննի՝ ‘զատելու նրանց, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներին այծերից’ (Մատթէոս 25։31—33)։ Կարող ենք վստահ լինել, որ, փրկության արժանի մարդկանց դատելիս, Քրիստոսն արդար է լինելու։ Եհովան իմաստություն, խորաթափանցություն և ուրիշ անհրաժեշտ հատկություններ է տվել նրան, որպեսզի «աշխարհը արդարութեամբ.... դատի» (Գործք 17։30, 31)։ Եկեք Աբրահամի նման վստահություն ունենանք, որն ասաց. «Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. քաւ լիցի քեզ. մի՞թե բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ» (Ծննդոց 18։25)։
18. Ինչո՞ւ չպիտի չափազանց անհանգստանանք այն հարցերով, որոնց պատասխանները հիմա չենք կարող ստանալ։
18 Եհովայի արդարության նկատմամբ կատարյալ վստահություն ունենալով՝ անհանգստանալու հարկ չի լինի այսպիսի հարցերի պատասխաններն իմանալու համար. ինչպե՞ս կդատվեն մանուկներն ու փոքր երեխաները. երբ Արմագեդոնը վրա հասնի, հնարավո՞ր է, որ մեծ թվով մարդկանց դեռ հասած չլինի բարի լուրը. ի՞նչ կարելի է ասել մտավոր հիվանդների մասին և այլն... Հիմա, ինչ խոսք, հնարավոր չէ իմանալ, թե Եհովան ինչպես է լուծելու այս հարցերը։ Բայց նա անելու է դա արդար ձևով և ողորմածորեն, և մենք երբեք չպետք է կասկածենք։ Կարող է պատահել, որ մենք հաճելի անակնկալի հանդիպենք՝ տեսնելով, որ նա այս հարցերը լուծում է այնպես, որ նույնիսկ չէինք էլ պատկերացնի (համեմատեք Յոբ 42։3; Սաղմոս 78։11—16; 136։4—9; Մատթէոս 15։31; Ղուկաս 2։47)։
19, 20. ա) Ինչո՞ւ սխալ չէ խելամիտ հարցեր տալը։ բ) Եհովան մեզ ե՞րբ կապահովի անհրաժեշտ պատասխաններով։
19 Եհովայի կազմակերպությունը չի խուսափում անկեղծ, ժամանակահարմար հարցերից, ինչը սխալմամբ պնդում են որոշ հակառակորդներ (Ա Պետրոս 1։10—12)։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս խուսափել հիմար և շահադետ հարցերից (Տիտոս 3։9)։ Խելամիտ հարցեր տալը և Աստծո Խոսքի ու քրիստոնեական հրատարակությունների ուսումնասիրությունը կարող են զարգացնել մեր ճշգրիտ գիտությունը և, այդպիսով, ամրացնել մեր վստահությունը Եհովայի նկատմամբ։ Կազմակերպությունը հետևում է Հիսուսի օրինակին։ Այն ձեռնպահ է մնում այն հարցերը լուսաբանելուց, որոնց պատասխանելու ժամանակը դեռ չի հասել։ Հիսուսը բացատրեց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել» (Յովհաննէս 16։12)։ Նա նաև խոստովանեց, որ կային հարցեր, որոնց պատասխաններն ինքն անգամ չգիտեր (Մատթէոս 24։36)։
20 Եհովան դեռ շատ բաներ պիտի բացահայտի։ Որքա՜ն իմաստուն է վստահությամբ սպասել, որ նա հարմար ժամանակին կհռչակի իր նպատակները։ Կարող ենք չկասկածել, որ Եհովայի նշանակած ժամանակին մեզ ուրախություն կպատճառի նրա ուղիների ավելի խորը հասկացողությունը։ Այո՛, մենք կվարձատրվենք Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ ցուցաբերած բացարձակ վստահության դիմաց։ Առակաց 14։26–ի խոսքերը վստահեցնում են մեզ. «Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. եւ նորա որդկանց համար ապավէն պիտի լինի»։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարան» հոկտեմբեր 15, 1967, էջ 638, անգլ.; հունիս 15, 1989, էջեր 22, 23, ռուս.։
Ի՞նչ եք կարծում
◻ Ինչո՞ւ իմաստուն չէ զգացմունքներին տեղի տալը, որ դրանք քանդեն Եհովայի նկատմամբ ունեցած մեր վստահությունը։
◻ Ի՞նչ կարող ենք սովորել Հովնանի օրինակից։
◻ Ինչո՞ւ է Աստվածաշունչն ուսումնասիրելն ու ժողովներին հաճախելը կարեվոր։
[նկար 15–րդ էջի վրա]
Նույնիսկ սիրելի անձնավորություն կորցնելիս՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան արդար է։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Համոզվա՞ծ եք, որ վստահում եք Եհովային։