Լավ մարդ լինելը կարո՞ղ է երաշխավորել լավ ապագա
Դարեր շարունակ մարդիկ մտածել են, որ լավ ապագայի երաշխիքը լավ ու բարոյական մարդ լինելն է։ Օրինակ՝ արևելյան մշակույթում շատերը հեղինակավոր են համարում փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 551–479 թթ.) հետևյալ խոսքերը. «Այն, ինչ չես ուզում, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու մի արա նրանց»։a
ՈՒՂԻ, ՈՐԸ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Շատերը համոզված են, որ լավ վարվելակերպը լավ ապագայի բանալին է։ Նրանք փորձում են հարգալից լինել, հետևել քաղաքավարության կանոններին, գտնել իրենց տեղը հասարակության մեջ և մաքուր խիղճ ունենալ։ Լին անունով մի կին, ով Վիետնամից է, ասում է. «Միշտ մտածել եմ, որ եթե ազնիվ ու անկեղծ լինեմ, անպայման կօրհնվեմ»։
Ոմանք բարի գործեր են անում, քանի որ այդպես է սովորեցնում իրենց կրոնը։ Թայվանում ապրող մի տղամարդ՝ Շույուն, ասում է. «Ինձ սովորեցրել էին, որ մարդու արած գործերից է կախված, թե մահից հետո ինչ կսպասի նրան՝ հավիտենական երջանկությո՞ւն, թե՞ տանջանք»։
Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԸ
Երբ ուրիշներին բարիք ենք անում, շատ օգուտներ ենք քաղում։ Սակայն շատերը, ովքեր անկեղծորեն լավ գործեր են արել ուրիշների համար, հասկացել են, որ մարդիկ միշտ չէ, որ նույն ձևով են վերաբերվում իրենց։ Հոնկոնգում ապրող Սյու Փին անունով մի կին ասում է. «Ես իմ փորձով համոզվեցի, որ լավության դիմաց մարդիկ հաճախ լավությամբ չեն հատուցում։ Ես ամեն ինչ անում էի, որ հոգ տանեի ընտանիքիս մասին, բայց չնայած դրան՝ ընտանիքս քանդվեց, ու ամուսինս լքեց ինձ ու որդուս»։
Շատերը նկատել են, որ կրոնը միշտ չէ մարդկանց ավելի լավը դարձնում։ Եցուկո անունով մի կին, ով ապրում է Ճապոնիայում, ասում է. «Ես մի կրոնական կազմակերպության անդամ դարձա և սկսեցի այդ կրոնի երիտասարդների համար միջոցառումներ կազմակերպել։ Ցնցվեցի, երբ տեսա, թե այդ կրոնի անդամները իրենց ինչեր են թույլ տալիս՝ անբարո վարքագիծ են դրսևորում, պայքարում են իշխանության համար և անազնվորեն են օգտագործում եկեղեցու ֆինանսական միջոցները»։
«Ես ամեն ինչ անում էի, որ հոգ տանեի ընտանիքիս մասին, բայց չնայած դրան՝ ընտանիքս քանդվեց, ու ամուսինս լքեց ինձ ու որդուս» (ՍՅՈՒ ՓԻՆ, ՀՈՆԿՈՆԳ)
Շատ կրոնասեր մարդիկ հիասթափվել են, երբ չնայած իրենց լավ գործերին՝ վատ բաներ են եղել իրենց հետ։ Վիետնամում ապրող Վեն անունով մի կին այդ մասին ասում է. «Ես ամեն օր մրգեր, ծաղիկներ և սնունդ էի մատուցում մահացած նախնիներիս՝ հուսալով, որ կօրհնվեմ ապագայում։ Ու թեև տարիներ շարունակ լավ գործեր եմ արել ու կատարել եմ կրոնական արարողություններ, ամուսինս սկսեց տառապել մի հյուծիչ հիվանդությունից, այդքանը դեռ բավական չէր, աղջիկս, ով սովորում էր արտերկրում, երիտասարդ տարիքում մահացավ»։
Եթե լավ մարդ լինելը բավարար չէ լավ ապագա ունենալու համար, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք, որ լավ ապագա ունենանք։ Այս հարցին պատասխանելու համար մենք վստահելի աղբյուրի կարիք ունենք, որը կօգնի գտնել լավ ապագայի տանող ճանապարհը։ Իսկ ո՞րն է այդ աղբյուրը։