Աստվածաշնչի ընթերցանությունը՝ օգտակար և հաճելի
«Գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես [«կարդաս», ՆԱ]» (Յեսու 1։8)։
1. Ի՞նչ աչքի ընկնող օգուտ է բերում ընթերցանությունն ընդհանրապես և Աստվածաշնչի ընթերցանությունը՝ մասնավորապես։
ԱՐԺԵՔԱՎՈՐ նյութի ընթերցանությունը օգտակար զբաղմունք է։ Ֆրանսիացի լուսավորիչ, փիլիսոփա և իրավագետ Մոնտեսքյոն (Շառլ Լուի դը Սեկոնդա) ասել է. «Ուսումն ինձ համար եղել է կյանքի դառնությունների դեմ իսկական բալասան։ Երբևէ չի պատահել, որ սրտիս կսկիծը փարատելու համար ինձ հարկավոր լինի ավելին՝ քան այն, ինչ տալիս է մեկ ժամվա ընթերցանությունը»։ Այս խոսքերը հատկապես ճշմարիտ են Աստվածաշնչի առումով։ Աստծուց ներշնչված՝ սաղմոսերգուներից մեկը գրել է. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը» (Սաղմոս 19։7, 8)։
2. Ինչո՞ւ է Եհովան դարերի ընթացքում պահպանել Աստվածաշունչը և ի՞նչ է նա ակնկալում իր ժողովրդից։
2 Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովա Աստված, դարերի ընթացքում պահպանել է այդ գիրքը նրա թե՛ կրոնավոր և թե՛ աշխարհիկ հակառակորդներից։ Նա հոգ է տարել, որ իր Խոսքը մատչելի դառնա ողջ մարդկությանը, քանզի «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։ Ըստ հաշվարկների՝ ընդամենը հարյուր լեզվի օգնությամբ կարելի է հաղորդակցվել երկրի բնակչության ութսուն տոկոսի հետ, բայց Աստվածաշունչ գիրքն ամբողջությամբ մատչելի է 370, իսկ նրա առանձին մասերը՝ 1 860 լեզուներով և բարբառներով։ Եհովան ցանկանում է, որ իր ժողովուրդը կարդա իր Խոսքը։ Նա օրհնում է իր ծառաներին, ովքեր ուշադրություն են դարձնում իր Խոսքին՝ ամեն օր ընթերցելով այն (Սաղմոս 1։1, 2)։
Վերակացուներից պահանջվում է կարդալ Աստվածաշունչը
3, 4. Ի՞նչ էր Եհովան պահանջել Իսրայելի թագավորներից, և ինչո՞ւ է այդ պահանջը կիրառելի ներկայիս քրիստոնյա երեցների համար։
3 Հայտնելով իսրայելացիներին այն մասին, որ շուտով նրանք ունենալու էին իրենց միջից ընտրված թագավոր՝ Եհովան հետևյալ պահանջը ներկայացրեց. «Լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։ Եւ այն իր մօտ մնայ, եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել. որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ» (Բ Օրինաց 17։18–20)։
4 Ուշադրություն դարձրեք, թե ինչո՛ւ էր Եհովան Իսրայելի ապագա թագավորներից պահանջում ամեն օր ընթերցել իր օրենքները պարունակող գիրքը. 1) «որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել», 2) «որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ» և 3) որպեսզի «պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ»։ Իսկ մի՞թե քրիստոնեական ժողովների երեցներին հարկավոր չէ վախենալ Եհովայից, հնազանդվել նրա օրենքներին և զգուշանալ հպարտանալուց ու Եհովայի պատվիրաններից խոտորվելուց։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունն, անշուշտ, նրանց համար պակաս կարևոր չէ, քան Իսրայելի թագավորների համար։
5. Կառավարիչ մարմինը վերջերս ի՞նչ է գրել մասնաճյուղերի Կոմիտեների անդամներին Աստվածաշնչի ընթերցանության վերաբերյալ, և ինչո՞ւ լավ կլինի, որ բոլոր քրիստոնյա երեցները հետևեն այդ խորհրդին։
5 Երեցներն այսօր շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունեն, և ինչ խոսք, Աստվածաշնչի ընթերցանությանը ժամանակ տրամադրելն ինքնին դժվար է դառնում նրանց համար։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներն ու Բեթելի ամբողջ աշխարհի մասնաճյուղերի Կոմիտեների անդամները նույնպես զբաղված մարդիկ են։ Սակայն, վերջերս Կառավարիչ մարմնի կողմից բոլոր մասնաճյուղերի Կոմիտեներին ուղղված նամակում շեշտվել էր, թե որքան կարևոր է Աստվածաշունչն ամեն օր ընթերցելը և ուսումնասիրության լավ սովորություններ ունենալը։ Այնտեղ ասվում էր, որ դա կխորացնի մեր սերը դեպի Եհովան և դեպի ճշմարտությունը, և «կօգնի մեզ ամուր պահել մեր հավատը, հարատևել ուրախության մեջ և դիմանալ մինչև փառավոր վախճանը»։ Սա անհրաժեշտություն է հանդիսանում ժողովի երեցների համար։ Գրությունների ամենօրյա ընթերցանությունը նրանց կօգնի «խելամուտ լինել» (Յեսու 1։7, 8)։ Հատկապես նրա՛նց համար Աստվածաշնչի ընթերցանությունը «օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» (Բ Տիմոթէոս 3։16)։
Անհրաժեշտություն՝ երիտասարդի և տարեցի համար
6. Ինչո՞ւ Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերի և օտարականների առաջ կարդաց Եհովայի ‘օրենքի բոլոր խոսքերը’։
6 Հնում մարդիկ չունեին Գրությունների իրենց անձնական օրինակը, ուստի Աստվածաշունչն ընթերցվում էր մեկտեղ ժողովված բազմության առջև։ Գայիի դեմ պատերազմում Եհովայի օգնությամբ հաղթանակ տանելուց հետո Հեսուն Գեբաղ և Գարիզին սարերի մոտ է հավաքում իսրայելի բոլոր ցեղերը և, ինչպես տեղեկացնում է Աստվածաշունչը, կարդում «օրէնքի բոլոր խօսքերը՝ օրհնութիւնները եւ անէծքները, ինչ որ գրուած էր օրէնքի գրքի մէջ։ Մովսէսի բոլոր պատուիրածներից բնաւ մի խօսք չ’մնաց, որ Յեսուն չ’կարդար Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին եւ կանանց եւ տղերանց եւ նորանց մէջ գնացող օտարականի առաջին» (Յեսու 8։34, 35)։ Երիտասարդ, թե՝ տարեց, բնիկ, թե՝ օտարական, պետք է իրենց սրտում և մտքում դրոշմված ունենային, թե ինչպիսի՛ վարքն է մարդուն արժանի դարձնում Եհովայի օրհնությանը և ինչպիսինը՝ նրա անհավանությանը։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն անշուշտ մեզ ևս կօգնի այդ հարցում։
7, 8. ա) Ովքե՞ր են մեր օրերի «օտարականները», և ինչո՞ւ է նրանց համար օգտակար Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը։ բ) Ինչպե՞ս կարող են Եհովայի ժողովրդի մեջ ընդգրկված դեռահասները հետևել Հիսուսի օրինակին։
7 Այսօր Եհովայի ծառաներից միլիոնավորներ հոգևոր առումով նման են այն օրերի «օտարականներին». մի ժամանակ նրանք ապրել են այս աշխարհի չափանիշներով, սակայն այժմ փոխել են իրենց ապրելակերպը (Եփեսացիս 4։22–24; Կողոսացիս 3։7, 8)։ Անհրաժեշտ է, որ նրանք շարունակ իրենց մտքում պահեն լավի ու վատի վերաբերյալ Եհովայի չափանիշները (Ամովս 5։14, 15)։ Կրկին, այս առումով նրանց օգնության է հասնում Աստծո Խոսքի ամենօրյա ընթերցանությունը (Եբրայեցիս 4։12; Յակոբոս 1։25)։
8 Նշենք նաև Եհովայի ժողովրդի մեջ գտնվող «տղերանց», այլ կերպ ասած՝ փոքրահասակների մասին, որոնք իրենց ծնողների հոգատարության շնորհիվ մանկուց արդեն տեղյակ են Եհովայի չափանիշներին, սակայն կարիք ունեն նաև անձամբ քննելու և համոզվելու Աստծո կամքի արդարության մեջ (Հռովմայեցիս 12։1, 2)։ Իսկ ինչպե՞ս դա իրականացնել։ Իսրայելում քահանաներին և ժողովրդի ծերերին հրահանգ էր տրված. «Այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին, որ լսեն։ Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն. եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կ’լսեն եւ կ’սովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը» (Բ Օրինաց 31։11–13)։ Օրենքի տակ ապրած ժամանակ, տասներկու տարեկան հասակում, Հիսուսը խորը հետաքրքրություն ցուցաբերեց իր Հոր տված օրենքները հասկանալու մեջ (Ղուկաս 2։41–49)։ Հետագա տարիներին միանգամայն սովորական էր նրա համար ժողովարանում Գրությունների ընթերցանությունը լսելը և դրանք անձամբ ընթերցելը (Ղուկաս 4։16, 17; Գործք 15։21)։ Ներկայիս անչափահաս անհատներն էլ խրախուսվում են հետևել Հիսուսի օրինակին՝ ամեն օր Աստծո Խոսքը կարդալով ու կանոնավորաբար հաճախելով ժողովի հանդիպումներին, որտեղ ընթերցվում և ուսումնասիրվում է Աստվածաշունչը։
Աստվածաշնչի ընթերցանությունը առաջնահերթ տեղում
9. ա) Ինչո՞ւ է հարկավոր ընտրողաբար մոտենալ ընթերցանության հարցին։ բ) Ի՞նչ է սույն պարբերագրի հիմնադիրը գրել Աստվածաշնչի օժանդակ գրականության վերաբերյալ։
9 Սողոմոն իմաստուն թագավորը գրել է. «Շատ գրքեր շինելը ծայր չ’ունի. եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը» (Ժողովող 12։12)։ Կարելի է ասել, որ մեր ժամանակներում հրատարակված գրքերից շատերը ոչ միայն հոգնեցուցիչ են, այլև նույնիսկ վտանգավոր։ Ուստի, ընթերցանությանը անհրաժեշտ է ընտրողաբար մոտենալ։ Աստվածաշնչի օժանդակ գրականության ընթերցանությունից բացի, հարկավոր է նաև կարդալ Աստվածաշունչը։ Սույն պարբերագրի հիմնադիրն իր ընթերցողներին գրել էր. «Չմոռանանք, որ Աստվածաշունչը մեր Չափանիշն է, և որքան էլ որ օժանդակ գրականություն լինի մեր ձեռքի տակ, դրանք մնում են «օժանդակ» և չեն կարող փոխարինել Աստվածաշնչին»։a Ուստի, թեև չպետք է անտեսել Աստվածաշնչի վրա հիմնված գրականության դերը, սակայն հատկապես անհրաժեշտ է կարդալ Աստվածաշունչը։
10. Ինչպե՞ս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» ընդգծել Աստվածաշնչի ընթերցանության կարևորությունը։
10 Ելնելով այդ անհրաժեշտությունից՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» արդեն մի քանի տարի է, որ Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկ է ընդգրկել ժողովներում անցկացվող Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրում (Մատթէոս 24։45)։ Ներկայիս ծրագրին հետևելու դեպքում Աստվածաշունչ գիրքն ամբողջությամբ ընթերցած կլինեք յոթ տարվա ընթացքում։ Սա օգտակար է բոլորի համար, հատկապես՝ նորեկների, որոնք դեռ երբեք սկզբից մինչև վերջ չեն կարդացել Աստվածաշունչը։ «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցում» սովորող ապագա միսիոներներից, Ծառայության կատարելագործման դպրոցի ուսանողներից և Բեթելի ընտանիքի նոր անդամներից պահանջվում է մեկ տարվա ընթացքում ընթերցել ամբողջ Գիրքը։ Ինչ ծրագրի էլ որ հետևելու լինես, անհատապես ընթերցես, թե՝ ընտանիքիդ հետ միասին, դա անխափան իրականացնելու համար հարկավոր է մշտապես առաջնահերթությունը տալ Աստվածաշնչի ընթերցանությանը։
Ինչի՞ մասին են վկայում ընթերացանության քո սովորությունները
11. Ինչպե՞ս կարող ենք ամեն օր «ճաշակել» Եհովայի բերանից դուրս եկած խոսքը, և ինչո՞ւ է դա անհրաժեշտ։
11 Եթե դժվարանում ես հետևել Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկին, ապա լավ կլինի մտածես. «Այլ գրականություն ընթերցելու կամ հեռուստացույց դիտելու իմ սովորությունները արդյոք ինչպե՞ս են անդրադառնում Եհովայի Խոսքը կարդալու վրա»։ Հիշենք Մովսեսի կողմից գրի առնված հետևյալ խոսքերը, որոնք հետագայում կրկնեց նաև Հիսուսը. «Ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ» (Մատթէոս 4։4; Բ Օրինաց 8։3)։ Ինչպես որ կերակուրն է անհրաժեշտ մեր ֆիզիկական մարմնի գործունեությունը ապահովելու համար, և մենք ամեն օր հաց ենք ուտում, այդպես էլ մեր հոգևորը պահպանելու համար կարիք ունենք ամեն օր Եհովայի մտքերը կլանելու։ Մենք կարող ենք ամեն օր «ճաշակել» Աստծո մտքերը՝ ընթերցելով Գրությունները։
12, 13. ա) Ինչպե՞ս է Պետրոս առաքյալը փորձում ընդգծել Աստծո Խոսքի հանդեպ փափագ ունենալու կարևորությունը։ բ) Պետրոսի բերած օրինակից բոլորովին տարբեր ի՞նչ համեմատություն է բերում Պողոսը՝ կաթի վերաբերյալ։
12 Եթե Աստվածաշնչին նայում ենք «ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք», ապա այն մեզ համար կլինի նույնը, ինչ որ կաթն է՝ նորածին մանուկի համար (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Պետրոս առաքյալը նման համեմատություն արեց՝ գրելով. «Որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր [«բարի», ՆԱ] է Տէրը» (Ա Պետրոս 2։2, 3)։ Եթե անձամբ զգացել ենք, որ «բարի է Տերը», ապա մեր մեջ փափագ կմշակենք դեպի Աստվածաշնչի ընթերցանությունը։
13 Հարկ է նշել, որ կաթի հետ կապված այս համեմատությունը տարբերվում է Պողոս առաքյալի կողմից արված նմանատիպ համեմատությունից։ Նորածին երեխայի համար կաթը բավարար սննդարար կերակուր է, և այստեղ Պետրոսը պատկերավոր ձևով ընդգծում է այն փաստը, որ Աստծո Խոսքը բոլոր անհարժեշտ բաղադրամասերն ունի, «որպէսզի նրա միջոցով [աճենք] փրկութեան համար»։ Մինչդեռ Պողոսի օգտագործած օրինակում կաթի կարիք ունենալը վերաբերվում է որոշ անձանց, ովքեր թերարժեք սնունդ ընդունելու վատ սովորությունն ունեին, թեև կարծում էին, որ իրենք արդեն հոգևոր հասուն վիճակում են։ Եբրայեցի քրիստոնյաներին ուղղված իր նամակում նա գրել էր. «Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի. քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ» (Եբրայեցիս 5։12–14)։ Աստվածաշնչի ուշադիր ընթերցանությունը իր մեծ դերն ունի մեր ընկալունակության ու հոգևորի հանդեպ մեր ախորժակի զարգացման գործում։
Ինչպես կարդալ Աստվածաշունչը
14, 15. ա) Ի՞նչ առանձնաշնորհում է մեզ առաջարկում Աստվածաշնչի Հեղինակը։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել աստվածային իմաստնությունից։ (Բերե՛ք օրինակներ)։
14 Աստվածաշնչի ընթերցանությունը հատկապես արդյունավետ կլինի այն դեպքում, եթե սկսենք աղոթքով։ Աղոթքով դիմելու հնարավորությունը հիանալի առանձնաշնորհում է։ Դա նման է այն բանին, որ նախքան բարդ թեմայով որևէ գրքի մեջ խորասուզվելը՝ դիմեք հեղինակի օգնությանը, որպեսզի կարողանաք հասկանալ այն, ինչը որ պատրաստվում եք կարդալ։ Ի՜նչ մեծ օգուտ այն կարող է բերել։ Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովան, այդպիսի օգնություն է մեզ առաջարկում։ Առաջին դարի կառավարիչ մարմնի անդամներից մեկն իր եղբայրակիցներին գրել էր. «Եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի և թող չերկմտի» (Յակոբոս 1։5, 6)։ Ներկայիս Կառավարիչ մարմինը կրկին ու կրկին հորդորում է մեզ ընթերցել Աստվածաշունչը՝ նախապես աղոթքի միջոցով Եհովայի օգնությանը դիմելուց հետո։
15 Իմաստնությունը գիտելիքի գործնական կիրառումն է։ Ուստի Աստվածաշունչը բաց անելուց առաջ խնդրիր Եհովային օգնել քեզ՝ ընկալելու ընթերցանության ընթացքում հանդիպելիք այն մտքերը, որոնց կիրառման անհրաժեշտությունը կա քո՛ կյանքում։ Ինչ որ սովորում ես՝ աշխատիր կապակցել արդեն իմացածիդ հետ։ Կարդացածդ փորձիր համադրել քեզ արդեն հայտնի «ողջամիտ խօսքերին» (Բ Տիմոթէոս 1։13)։ Խորհրդածիր Եհովայի՝ անցյալում ապրած ծառաների կյանքի տարբեր դրվագների շուրջ և մտածիր, թե ինչպես ինքդ կվարվեիր նման հանգամանքներում (Ծննդոց 39։7–9; Դանիէլ 3։3–6, 16–18; Գործք 4։18–20)։
16. Ի՞նչ գործնական առաջարկություններ կան Աստվածաշնչի ընթերցանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։
16 Մի՛ կարդա միայն գրաֆիկից ետ չընկնելու համար։ Պետք չէ շտապել։ Խորհիր կարդացածիդ շուրջը։ Երբ որևէ առիթով մեջդ հարց է ծագում՝ համեմատիր այդ տեղը Աստվածաշնչում նշված համապատասխան վկայակոչումների հետ, եթե դրանք իհարկե կան։ Դրանից հետո էլ չպարզվելու դեպքում նշիր մոտդ՝ հետագայում անդրադառնալու նպատակով։ Կարդալու ընթացքում գրի առ այն համարները, որոնք շատ կուզեիր մտապահել։ Նշումներ կատարելու կամ Աստվածաշնչի այլ համարներ գրառելու նպատակով դու կարող ես օգտվել նաև լուսանցքներից։ Եթե գտնում ես այնպիսի մտքեր, որոնք գուցե քեզ հետագայում պետք գան քարոզելու և ուսուցանելու ընթացքում՝ նշիր հիմնական իմաստը պարունակող բառերը և ստուգիր, թե արդյոք դրանք կա՞ն Աստվածաշնչի վերջում գտնվող բառացանկում։b
Հաճույքո՛վ ընթերցեք Աստվածաշունչը
17. Ինչո՞ւ է անհրաժեշտ հաճույքով ընթերցել Աստվածաշունչը։
17 Սաղմոսերգուն գրել է երանելի մարդու մասին, որի «հաճութիւնը Աստուծոյ օրէնքին մէջ է, եւ ցորեկ ու գիշեր անոր օրէնքին վրայ կը մտածէ» (Սաղմոս 1։2, Արևմտ. Աստ.)։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը պետք է մեզ համար դառնա ոչ թե պարտականություն, այլ՝ հաճելի զբաղմունք։ Ընթերցանությունից բավականություն ստանալու միջոցներից մեկն է՝ սովորածի արժեքը գիտակցելը։ Սողոմոն Իմաստունը գրել է. «Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել.... նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։ Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ» (Առակաց 3։13, 17, 18)։ Իմաստնություն ձեռք բերելու համար ներդրվող ջանքերն իսկապես արժեք ունեն, որովհետև այն մեզ ուղեկցում է բավականության, խաղաղության, երջանկության և, ի վերջո՝ կյանքի ճանապարհով։
18. Աստվածաշնչի ընթերցանությունից բացի՝ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ, և ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ հոդվածում։
18 Այո՛, Աստվածաշնչի ընթերցանությունը և՛ օգտակար է, և՛ հաճելի։ Բայց արդյո՞ք միայն ընթերցելը բավարար է։ Քրիստոնեական աշխարհի եկեղեցիներում էլ կարդում են Աստվածաշունչը՝ արդեն դարեր շարունակ, «միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը» (Բ Տիմոթէոս 3։7)։ Որպեսզի Աստվածաշնչի ընթերցանությունը արդյունավետ լինի, հարկավոր է կարդալու ընթացքում ստացած գիտելիքը մտովի քննել այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է դա կիրառել մեր անձնական կյանքում, նաև՝ քարոզելու և աշակերտելու գործում (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Դա ջանքեր է պահանջում և ուսումնասիրության լավ մեթոդներ, որոնք իրենց հերթին բավականության զգացում կարող են պատճառել, և ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից՝ նման ջանքերը վարձատրվում են։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Եհովայի վկաներ՝ Աստծո Թագավորության քարոզիչներ» գիրքը, էջ 241 (անգլ.)։ Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
b Տե՛ս «Դիտարանի» 1995 թ. օգոստոսի 1–ի համարը, էջ 16, «Թելադրություններ՝ Աստուածաշունչի ձեր ընթերցանութիւնը բարելաւելու համար»։
Կրկնողության հարցեր
• Իսրայելի թագավորներին տրված ո՞ր խորհուրդն է, որ կիրառելի է այսօր վերակացուների համար և ինչո՞ւ։
• Ովքե՞ր են մեր օրերի «օտարականներն» ու ‘փոքրերը’, և ինչո՞ւ է հարկավոր, որ նրանք Աստվածաշունչը կարդան ամեն օր։
• Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության հարցում մեզ ի՞նչ գործնական օգնություն է ցույց տվել «հաւատարիմ եւ իմաստուն ծառան»։
• Ո՞ր դեպքում կկարողանանք Աստվածաշնչի մեր ընթերցանությունից իսկապես հաճույք ստանալ և օգուտներ քաղել։
[նկար 9–րդ էջի վրա]
Հատկապես երեցները պետք է Աստվածաշունչը կարդան ամեն օր։
[նկար 10–րդ էջի վրա]
Հիսուսը սովորություն ուներ ժողովարանում մասնակցել Գրությունների ընթերցանությանը։