Աստվածաշնչի գիրք համար 21. Ժողովող
Գրողը՝ Սողոմոն
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ նախքան մ.թ.ա. 1000թ.
1. Ի՞նչ վեհ նպատակով է գրվել «Ժողովող» գիրքը։
«ԺՈՂՈՎՈՂ» գիրքը գրվել է վեհ նպատակով։ Լինելով Եհովային նվիրված ժողովրդի առաջնորդ՝ Սողոմոնը պետք է նպաստեր իր ազգի միասնությանը և օգներ ապրելու նվիրման համաձայն։ Այդ նպատակին նա փորձեց հասնել իմաստուն խորհուրդներով, որոնք շարադրեց «Ժողովող» գրքում։
2. Ինչպե՞ս է «Ժողովող» գրքի նպատակն արտահայտված իր եբրայերեն անվանման մեջ, և ինչո՞ւ է այն ավելի համապատասխան, քան նրա հունարեն անվանումը։
2 Գրքի սկզբում Սողոմոնն իրեն կոչում է «ժողովող»։ Եբրայերեն տեքստում օգտագործված է քոհելեթ բառը, որը դարձավ այս գրքի անվանումը։ Հունարեն «Յոթանասնից»-ում գիրքը կոչվել է Էկլեսիաստես, որ նշանակում է «էկլեսիայի (ժողովի, հավաքույթի) անդամ»։ Սակայն քոհելեթ բառի ավելի ճիշտ թարգմանությունը «ժողովողն» է, ինչը համապատասխան բառ է Սողոմոնի դերը նկարագրելու համար։ Գրքի անվանումը ցույց է տալիս, թե ինչ նպատակով է այն գրված։
3. Ի՞նչ իմաստով էր Սողոմոնը ժողովող։
3 Ո՞ւմ էր ժողովում Սողոմոն թագավորը և ի՞նչ նպատակով։ Նա ժողովում էր իսրայելացիներին, ինչպես նաև նրանց մեջ ապրող պանդուխտներին՝ իր Աստված Եհովային երկրպագելու համար։ Նա հավաքեց, կամ՝ ժողովեց բոլորին տաճարի նվիրման ժամանակ, որը կառուցել էր Երուսաղեմում, որ երկրպագեն Աստծուն (1 Թագ. 8։1)։ Իսկ «Ժողովող» գրքի միջոցով նա հորդորեց ժողովրդին օգտակար գործեր անել և հեռու մնալ աշխարհի ունայն, անպտուղ գործերից (Ժող. 12։8–10)։
4. Ի՞նչն է վկայում, որ Սողոմոնն է գրել գիրքը։
4 Թեև Սողոմոնի անունը նշված չէ գրքում, սակայն առանձին հատվածներ հաստատում են, որ նա է գրողը։ Ժողովողն իրեն կոչում է «Դավթի որդի», որը «թագավոր է Իսրայելի վրա Երուսաղեմում»։ Սա կարող է վերաբերել միայն Սողոմոն թագավորին, քանի որ նրան հաջորդած թագավորները իշխել են միայն Հուդայի վրա։ Բացի դրանից, ժողովողը գրում է. «Իմ իմաստությամբ գերազանցել եմ ինձնից առաջ Երուսաղեմում եղած ցանկացած մարդու, և իմ սիրտը շատ իմաստություն ու գիտելիք է տեսել» (1։1, 12, 16)։ Այս նկարագիրը համապատասխանում է Սողոմոնին։ Ժողովող 12։9-ում ասվում է, որ նա «խորհում էր և ամեն ինչ մանրակրկիտ քննում, որպեսզի բազում առակներ շարադրի»։ Սողոմոն թագավորը 3000 առակ է ասել (1 Թագ. 4։32)։ Ավելին, Ժողովող 2։4–9 համարներում նշվում է, որ գիրքը գրողը կառուցել է տներ, խաղողի այգիներ է տնկել, պարտեզներ ու այգիներ է գցել, ոռոգման համակարգ է ստեղծել, ծառաներ ու աղախիններ է ձեռք բերել, շատ արծաթ ու ոսկի է կուտակել և այլ գործերով է զբաղվել։ Այս ամենը կարելի է վերագրել Սողոմոնին։ Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունն ու բարեկեցությունը, բացականչեց. «Ահա կեսն էլ ինձ չեն պատմել» (1 Թագ. 10։7)։
5. Որտե՞ղ և ե՞րբ է հավանաբար գրվել «Ժողովող» գիրքը։
5 Գրքում նշվում է, որ ժողովողը թագավոր էր «Երուսաղեմում»։ Ուստի կարելի է եզրակացնել, որ «Ժողովող» գիրքը գրվել է Երուսաղեմում։ Գիրքը պետք է որ գրված լինի մինչև մ.թ.ա. 1000 թվականը, երբ Սողոմոնի 40-ամյա իշխանությունը իր ավարտին էր մոտենում, ու նա արդեն ճաշակել էր այն ամենը, ինչի մասին գրված է գրքում, սակայն դեռ չէր ընկել կռապաշտության մեջ։ Գիրքը գրելիս Սողոմոնը արդեն կյանքի մեծ փորձ ուներ և գիտեր, թե ինչով են զբաղվում մարդիկ ու ինչ նյութական բարիքների են ձգտում։ Այդ ժամանակ նա դեռ ուներ Աստծու բարեհաճությունը և գրում էր նրա ներշնչմամբ։
6. Ի՞նչ կասկածներ կան «Ժողովող» գրքի վերաբերյալ, սակայն ինչպե՞ս կարելի է դրանք հերքել։
6 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ «Ժողովող» գիրքը «ներշնչված է Աստծուց»։ Ոմանք կասկածի են ենթարկում այն, որ գիրքը Աստծու ներշնչմամբ է գրվել՝ նշելով, որ ոչ մի անգամ չի հիշատակվում «Եհովա» անունը։ Սակայն գրքում ուշադրություն է դարձվում ճշմարիտ երկրպագությանը և բազմիցս օգտագործվում է հա Էլոհիմ («ճշմարիտ Աստված») արտահայտությունը։ Ոմանք էլ ասում են, որ «Ժողովող»-ից մեջբերումներ չեն արվել Աստվածաշնչի մյուս գրքերում։ Սակայն գրքում շարադրված ուսմունքներն ու սկզբունքները ամբողջովին ներդաշնակ են Աստվածաշնչի մնացած մասին։ Մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Քոհելեթ, կամ՝ «Ժողովող» վերնագրված գիրքը հուդայականների և քրիստոնեական եկեղեցու կողմից միշտ ընդունվել է որպես Ամենակալի ներշնչմամբ գրված և սուրբ կանոնի մեջ լիարժեք տեղ ունեցող գիրք»a։
7. Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ Սողոմոնն է գրել «Ժողովող»-ը։
7 Աստվածաշնչի քննադատները պնդում են, թե Սողոմոնը չի գրել «Ժողովող» գիրքը, և այն աստվածաշնչյան կանոնի մեջ չի մտնում։ Նրանք այն կարծիքին են, որ գրքի լեզուն ու նրանում ամփոփված փիլիսոփայությունը բնորոշ են ավելի ուշ ժամանակաշրջանի։ Սակայն այդ մարդիկ անտեսում են այն փաստը, որ Սողոմոնը հարուստ գիտելիքներ էր ձեռք բերել, քանի որ զարգացրել էր արտաքին առևտուրը, խրախուսել էր տարբեր արհեստների զարգացումը, ինչպես նաև այլ երկրներից բարձրաստիճան մարդկանց էր ընդունել ու այլ կապեր էր հաստատել արտաքին աշխարհի հետ (1 Թագ. 4։30, 34; 9։26–28; 10։1, 23, 24)։ Աստվածաշնչի վերաբերյալ մի մեկնաբանության մեջ նշվում է. «Իսրայելացիների մեծ թագավորի առօրյա գործերն ու զբաղմունքները, անկասկած, իր ժողովրդի առօրյա կյանքի, մտածելակերպի ու լեզվի ոլորտից դուրս էին»b։
8. Ո՞րն է «Ժողովող» գրքի վավերականությունը հաստատող ամենազորեղ ապացույցը։
8 Սակայն արտաքին աղբյուրների կարիք չկա «Ժողովող» գրքի կանոնականությունը հաստատելու համար։ Միայն գիրքն ուսումնասիրելը բավական է համոզվելու համար, որ այն Աստվածաշնչի կանոնի մասն է և ներդաշնակ է մյուս գրքերին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Ի՞նչ եզրահանգում է անում ժողովողը մարդկանց զբաղմունքների մասին։
9 Մարդու կյանքի ունայնությունը (1։1–3։22)։ Բացման խոսքերում արտահայտված է ողջ գրքի թեման. «Մեծագո՜ւյն ունայնություն,— ասաց ժողովողը,— մեծագո՜ւյն ունայնություն։ Ամեն ինչ ունայնություն է»։ Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ողջ տքնաջան աշխատանքից։ Սերունդները գալիս-գնում են, երկրի բնական շրջապտույտները կրկնվում են, և «արեգակի տակ ոչ մի նոր բան չկա» (1։2, 3, 9)։ Ժողովողը իր սիրտը դրել է, որ փնտրի և ուսումնասիրի իմաստությունը մարդկանց որդիների աղետաբեր զբաղմունքում, բայց նա հասկանում է, որ իմաստությունն ու հիմարությունը, սխրագործությունն ու տքնաջան աշխատանքը, ուտելն ու խմելը՝ «ամեն ինչ ունայնություն է ու վազք՝ քամու հետևից»։ Նա սկսում է «ատել կյանքը», որը լի է աղետներով ու նյութական ձգտումներով (1։14; 2։11, 17)։
10. Ի՞նչ պարգև է Աստված տվել մարդկանց, բայց ինչպիսի՞ն է մեղավոր մարդկանց վերջը։
10 «Ամեն ինչ իր ժամանակն ունի»։ Այո՛, Աստված «ամեն ինչ գեղեցիկ է արել իր ժամանակին»։ Նա ցանկանում է, որ իր ստեղծագործությունները վայելեն կյանքը երկրի վրա։ «Ես իմացել եմ, որ մարդու համար ավելի լավ բան չկա, քան որ ուրախանա ու բարիք գործի իր կյանքի ընթացքում, և որ ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է»։ Բայց ավա՜ղ։ Մեղավոր մարդկանց և անասունների վերջը նույնն է։ «Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում, և բոլորն էլ մեկ ոգի ունեն, այնպես որ մարդը անասունից ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ ունայնություն է» (3։1, 11–13, 19)։
11. Ժողովողը ի՞նչ իմաստուն խորհուրդներ է տալիս աստվածավախ մարդուն։
11 Իմաստուն խորհուրդներ նրանց համար, ովքեր վախենում են Աստծուց (4։1–7։29)։ Սողոմոնն ընդունում է, որ մահացածները ավելի լավ վիճակում են, քանի որ զերծ են «բոլոր կեղեքումներից, որ լինում են արեգակի տակ»։ Այնուհետև նա շարունակում է նկարագրել ունայն և աղետաբեր գործերը։ Նաև իմաստնորեն նշում է, որ «երկուսով ավելի լավ է, քան մենակ», և որ «երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (Ժող. 4։1, 2, 9, 12)։ Նա հիանալի խորհուրդ է տալիս այն մասին, թե Աստծու ժողովուրդը ինչ տրամադրվածությամբ պետք է հավաքվի. «Հետևիր քայլերիդ, երբ գնում ես ճշմարիտ Աստծու տուն, և ավելի լավ է մոտենաս լսելու»։ Մի՛ շտապիր խոսել Աստծու առաջ, «խոսքերդ թող քիչ լինեն», և ինչ որ երդվել ես Աստծուն, կատարիր։ «Դու վախեցիր ճշմարիտ Աստծուց»։ Երբ աղքատները կեղեքվում են, հիշիր, որ «բարձր դիրք ունեցողին ավելի բարձրն է դիտում։ Ամեն բարձր դիրք ունեցողից ավելի բարձրը կա»։ Սողոմոնն ասում է, որ աշխատավորի քունը քաղցր է, բայց հարուստը չի կարողանում քնել, որովհետև նրա անհանգստությունները չափազանց շատ են։ Սակայն մարդը մերկ է աշխարհ գալիս և իր տքնաջան աշխատանքից ոչինչ չի կարող տանել հեռանալիս (5։1, 2, 4, 7, 8, 12, 15)։
12. Ի՞նչ խորհուրդ է տրվում կյանքի լուրջ հարցերի վերաբերյալ, և փողի համեմատ՝ ի՞նչ առավելություն ունի իմաստությունը։
12 Մարդը կարող է հարստություն և փառք ունենալ, բայց ի՞նչ օգուտ, եթե նա «երկու անգամ հազար տարի ապրի» ու բարիք չտեսնի։ Ավելի լավ է խորհրդածել կյանքի ու մահվան հետ կապված լուրջ հարցերի շուրջ, քան ընկերակցել հիմարների հետ «ուրախության տանը»։ Ավելի լավ է լսել իմաստունի նկատողությունը, որովհետև «ինչպես որ կաթսայի տակ այրվող փշերի ճարճատյունն է, այնպես էլ հիմարի ծիծաղն է»։ Իմաստությունը առավելություն ունի։ «Ինչպես իմաստությունը, այնպես էլ փողը պաշտպանություն են տալիս, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը»։ Այդ դեպքում ինչո՞ւ մարդկանց ճանապարհին այդքան աղետներ կան։ «Ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել, բայց նրանք բազում այլ ծրագրեր են որոնել» (6։6; 7։4, 6, 12, 29)։
13. ա) Ժողովողը ի՞նչ խորհուրդ է տալիս և ի՞նչն է գովաբանում։ բ) Ի՞նչ է նա ասում այն վայրի մասին, ուր գնում է մարդը։
13 Բոլորի վերջը մեկ է (8։1–9։12)։ «Թագավորի հրամանը պահիր»,— խորհուրդ է տալիս ժողովողը։ Բայց նա նկատում է, որ քանի որ չար գործի դատավճիռը արագ չի կայացվում, «մարդկանց որդիների սիրտը ավելի վճռական է դառնում չարիք գործելու» (8։2, 11)։ Նա գովաբանում է ուրախությունը, բայց ահա թե ինչն է ցավալի. բոլոր մարդկանց վերջը մեկ է՝ մահ։ «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա, որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (9։5, 10)։
14. ա) Ժողովողը ո՞ր իմաստության վրա է ուշադրություն հրավիրում։ բ) Ո՞րն է ամբողջ ասվածի հետևությունը։
14 Իմաստություն և մարդու պարտականությունը (9։13–12։14)։ Ժողովողը խոսում է այլ աղետների մասին, օրինակ՝ որ «հիմարներին դնում են բարձր պաշտոնների»։ Նա նաև բազում իմաստուն առակներ է շարադրում և ասում է, որ նույնիսկ «երիտասարդությունն ու կյանքի արշալույսը ունայնություն են», եթե անհատը ականջ չի դնում իսկական իմաստությանը։ Նա ասում է. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում»։ Այլապես ծեր տարիքում մարդը կվերադառնա դեպի հողը՝ այդպիսով հաստատելով ժողովողի խոսքերը. «Մեծագո՜ւյն ունայնություն.... ամեն ինչ ունայնություն է»։ Նա անընդհատ գիտելիքներ է սովորեցնում ժողովրդին, քանի որ «իմաստունների խոսքերը խթանի պես են», որ մղում են ճիշտ գործերի։ Իսկ աշխարհային իմաստության վերաբերյալ նախազգուշացնում է. «Շատ գրքեր կազմելը վերջ չունի, ու դրանց նվիրվելը մարմնի համար հոգնեցուցիչ է»։ Այնուհետև ժողովողը ամփոփում է ունայնության ու իմաստության վերաբերյալ իր խոսքերը՝ կարևոր հետևություն անելով. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը, որովհետև ճշմարիտ Աստված ամեն տեսակ գործ, ինչպես նաև ամեն ծածուկ բան դատաստանի է ենթարկելու, որ որոշի՝ արդյոք լավ է, թե վատ» (10։6; 11։10; 12։1, 8–14)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
15. Սողոմոնն ինչպե՞ս է տարբերություն դնում աղետաբեր ու օգտակար գործերի միջև։
15 Ինչ խոսք, «Ժողովող» գիրքը չենք կարող անվանել հոռետեսական, քանի որ այն արտացոլում է աստվածային իմաստության լույսը, որը համեմատվում է անգին գոհարների փայլի հետ։ Սողոմոնն իր թվարկած բազում գործերի մեջ, որոնք նա ունայնություն է կոչում, չի հիշատակում Երուսաղեմում Մորիա լեռան վրա կառուցվող Եհովայի տաճարը և Եհովային ուղղված մաքուր երկրպագությունը։ Աստծու կողմից որպես պարգև տրված կյանքը նա ունայնություն չի համարում, այլ ցույց է տալիս, որ կյանքը տրված է, որպեսզի մարդ միշտ ուրախ լինի ու բարիք գործի (3։12, 13; 5։18–20; 8։15)։ Աղետաբեր են բոլոր այն գործերը, որոնք կատարելիս մարդն անտեսում է Աստծուն։ Հայրը կարող է որդու համար մի ամբողջ կարողություն դիզել, բայց եթե դժբախտություն լինի, ապա ոչինչ չի մնա որդուն։ Շատ ավելի լավ է, եթե ծնողն իր զավակներին հոգևոր հարստություն է թողնում որպես ժառանգություն. այն չի փչանում և չի ոչնչանում։ Մեծ դժբախտություն է, երբ մարդ հսկայական կարողություն է ունենում, սակայն չի կարողանում այն վայելել։ Փորձանքը գալիս է բոլոր հարուստների վրա. նրանք ձեռնունայն գնում են գերեզման (5։13–15; 6։1, 2)։
16. Քոհելեթ, կամ՝ «Ժողովող» գիրքը ինչո՞վ է ներդաշնակ Հիսուսի ուսմունքներին։
16 Մատթեոս 12։42-ում կարդում ենք, թե ինչ ասաց իր մասին Հիսուս Քրիստոսը. «Ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ»։ Քանի որ Սողոմոնը նախապատկերել է Հիսուսին, ապա Քոհելեթ գրքում նրա խոսքերը ներդաշնակ են Հիսուսի ուսմունքներին։ Արդյոք այդպե՞ս է։ Իհա՛րկե։ Շատ զուգահեռներ կարելի է գտնել։ Օրինակ՝ Հիսուսը շեշտել է, թե որքան լայնածավալ է Աստծու գործունեությունը՝ ասելով. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհ. 5։17)։ Սողոմոնը նույնպես խոսել է Աստծու գործերի մասին. «Ես տեսա ճշմարիտ Աստծու բոլոր գործերը, նաև այն, որ մարդիկ չեն կարող ըմբռնել արեգակի տակ կատարվող գործերը։ Ինչքան էլ որ մարդիկ ջանան փնտրել, միևնույնն է, չեն հասկանա։ Նույնիսկ եթե ասեն, թե բավական իմաստուն են դրանք իմանալու համար, միևնույնն է, ի վիճակի չեն հասկանալու» (Ժող. 8։17)։
17. Ուրիշ ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել Հիսուսի ու Սողոմոնի խոսքերի միջև։
17 Թե՛ Սողոմոնը և թե՛ Հիսուսը ճշմարիտ երկրպագուներին հորդորել են մեկտեղ ժողովվել (Մատթ. 18։20; Ժող. 4։9–12; 5։1)։ «Աշխարհի վախճանի» և «ազգերին սահմանված ժամանակների» վերաբերյալ Հիսուսի խոսքերը ներդաշնակ են Սողոմոնի այն խոսքերին, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա» (Մատթ. 24։3; Ղուկ. 21։24; Ժող. 3։1)։
18. Ինչի՞ մասին էին զգուշացնում թե՛ Սողոմոնը, թե՛ Հիսուսը և թե՛ նրա աշակերտները։
18 Հիսուսը և նրա աշակերտները, Սողոմոնի նման, զգուշացրել են նյութապաշտության որոգայթի մասին։ Սողոմոնի խոսքերի համաձայն՝ իմաստությունն է մարդուն իսկապես պաշտպանում, քանի որ այն «պահպանում է իրեն ձեռք բերողների կյանքը»։ Իսկ Հիսուսն ասել է. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Ժող. 7։12; Մատթ. 6։33)։ Ժողովող 5։10-ում ասվում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից։ Սա էլ է ունայնություն»։ Նմանատիպ խորհուրդ է տվել Պողոսը։ 1 Տիմոթեոս 6։6–19 համարներում գրված է. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է»։ Կան նաև այլ զուգահեռներ՝ Ժող. 3։17 — Գործ. 17։31; Ժող. 4։1 — Հակ. 5։4; Ժող. 5։1, 2 — Հակ. 1։19; Ժող. 6։12 — Հակ. 4։14; Ժող. 7։20 — Հռոմ. 3։23; Ժող. 8։17 — Հռոմ. 11։33։
19. Ի՞նչ երջանիկ ապագա ունեն նրանք, ովքեր այսօր ժողովվում են Եհովային երկրպագելու համար։
19 Երբ սկսի թագավորել Աստծու սիրելի Որդի Հիսուս Քրիստոսը, որը սերել էր իմաստուն Սողոմոն թագավորից, նոր հասարակություն կձևավորվի երկրի վրա (Հայտն. 21։1–5)։ Սողոմոնի թագավորությունը եղել է Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ Աստծու Թագավորության նախապատկերը, և այն, ինչ նա գրել է իր հպատակներին սովորեցնելու նպատակով, շատ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են Աստծու Թագավորության վրա։ Այդ Թագավորության օրոք մարդիկ ապրելու են այն իմաստուն սկզբունքներով, որոնք շարադրել է ժողովողը, և հավերժ վայելելու են Աստծու պարգևը՝ երջանիկ կյանքը։ Այժմ ժամանակն է ժողովվելու Եհովային երկրպագելու համար, որպեսզի նրա Թագավորության ներքո լիարժեքորեն ուրախանանք կյանքով (Ժող. 3։12, 13; 12։13, 14)։
[ծանոթագրություններ]
a «Clarke’s Commentary», հատ. III, էջ 799։
b «Bible Commentary», Ֆ. Չ. Կուկ, հատ. IV, էջ 622։