Ի՞նչն է կյանքը իմաստալից դարձնում
«Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր» (ԺՈՂ. 12։13)։
1, 2. Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել «Ժողովող» գրքից։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի մարդու, ով կարծես ամեն ինչ ունի։ Նա հայտնի պետական գործիչ է, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և նրա պես իմաստուն չկա։ Այդուհանդերձ, նրան դեռևս անհանգստացնում է հետևյալ հարցը. «Ի՞նչն է կյանքը իմաստալից դարձնում»։
2 Այսպիսի անձնավորություն իրականում եղել է։ Նա ապրել է գրեթե երեք հազար տարի առաջ։ Նրա անունը Սողոմոն է։ «Ժողովող» գրքում մենք կարդում ենք, թե ինչպես է նա բավարարվածություն որոնել կյանքում (Ժող. 1։13)։ Մենք շատ բան կարող ենք սովորել Սողոմոնի փորձառությունից։ «Ժողովող» գրքում պարփակված իմաստությունը կարող է օգնել մեզ դնել այնպիսի նպատակներ, որոնք իրական իմաստ կհաղորդեն մեր կյանքին։
«Քամիի աշխատանք»
3. Ամեն մարդ ո՞ր սթափեցնող իրողությանն է բախվում։
3 Սողոմոնը բացատրում է, որ Աստված բազմաթիվ զարմանահրաշ բաներ է արարել երկրի վրա, որոնք հետաքրքրության անսպառ աղբյուր են և անսահման հիացմունք են պատճառում։ Սակայն մենք, կարելի է ասել, նույնիսկ չենք էլ հասցնում սկսել հետազոտել Աստծու ստեղծագործությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև կյանքը շատ կարճ է (Ժող. 3։11; 8։17)։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, մեր կյանքի օրերը քիչ են և արագ են անցնում (Յոբ 14։1, 2; Ժող. 6։12)։ Այս սթափեցնող իրողությունը պետք է մղի մեզ իմաստալից կյանքով ապրելու։ Դա հեշտ բան չէ, քանի որ Սատանայի աշխարհն ուզում է, որ մենք սխալ ընթացք բռնենք։
4. ա) Ո՞րն է «ունայնություն» թարգմանված բառի իմաստը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
4 Ցանկանալով ընդգծել անիմաստ կյանք վարելու վտանգները՝ Սողոմոնը «Ժողովող» գրքում մոտ 30 անգամ օգտագործում է «ունայնություն» բառը։ «Ունայնություն» թարգմանված եբրայերեն բառը վերաբերում է մի բանի, ինչը դատարկ է, զուր, անիմաստ, ոչ էական և անցողիկ (Ժող. 1։2, 3)։ Երբեմն Սողոմոնը «ունայնություն» բառին զուգահեռ օգտագործում է «քամիի աշխատանք» արտահայտությունը, որը կարող է նաև թարգմանվել «վազք քամու հետևից» (Ժող. 1։14; 2։11)։ Ակընհայտ է, որ քամի բռնելու ցանկացած փորձ անիմաստ է։ Դա պարզապես անհնար է։ Նույն ձևով էլ, անիմաստ նպատակներ հետապնդելը միայն հիասթափեցնում է։ Ներկա համակարգում կյանքն այնքան կարճ է, որ չարժե այն վատնել իրականում զուր և անիմաստ ձգտումների վրա։ Ուստի որպեսզի չսխալվենք, տեսնենք, թե ինչ է ասում Սողոմոնը նպատակներ դնելու մասին։ Նախ քննարկենք հաճույքների և նյութական բաների հետևից ընկնելու թեման, իսկ հետո կխոսենք աշխատանքի արժեքավորության մասին։
Հաճույքների հետևից ընկնելը կդարձնի՞ մեզ իսկապես երջանիկ
5. Ինչի՞ մեջ էր Սողոմոնը բավարարվածություն փնտրում։
5 Այսօրվա շատ մարդկանց պես՝ Սողոմոնը փորձեց բավարարվածություն գտնել հաճույքների մեջ։ Նա գրեց. «Սիրտս չ’զրկեցի ոչ մի ուրախութիւնից» (Ժող. 2։10)։ Ի՞նչ ուրախություններից նա իրեն չզրկեց։ Ժողովող 2–րդ գլխի համաձայն՝ Սողոմոնը իր «մարմինը զվարթացնում էր գինով»՝ միևնույն ժամանակ չկորցնելով ինքնատիրապետումը։ Այդ թագավորը նաև տնկում էր պտղաբեր ծառեր, այգիներ, կառուցում էր պալատներ։ Նա հաճելի երաժշտություն էր լսում և համեղ կերակուրներ վայելում։
6. ա) Ինչո՞ւ սխալ չէ կյանքի որոշ բարիքներից օգտվելը։ բ) Ժամանցի հարցում ինչո՞ւ պետք է հավասարակշռված լինել։
6 Իսկ Աստվածաշունչը արգելո՞ւմ է ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելը։ Բոլորովի՛ն։ Օրինակ՝ Սողոմոնն ասաց, որ աշխատանքային օրվա վերջում հանգիստ մթնոլորտում կերակուր ճաշակելը Աստծու պարգևն է (կարդա՛ Ժողովող 2։24; 3։12, 13)։ Եհովան ինքն է ասում երիտասարդներին, որ արժանավայել կերպով «ուրախանան և զվարճացնեն իրենց սիրտը» (Ժող. 11։9)։ Մենք հանգստի և օգտակար զվարճությունների կարիք ունենք (համեմատի՛ր Մարկոս 6։31)։ Սակայն ժամանցը չպետք է դառնա մեր կյանքի գլխավոր նպատակը։ Այն պետք է լինի քաղցրեղենի նման, որը մատուցվում է ճաշից հետո. դա հիմնական ճաշը չէ։ Թերևս համաձայնվես, որ, անկախ նրանից՝ ինչքան շատ ես քաղցրեղեն սիրում, դու շուտով կհոգնես դրանից, եթե ուրիշ ոչինչ չուտես, մանավանդ որ քաղցրեղենը առանձնապես սննդարար չէ։ Ինչպես նշեց Սողոմոնը, հաճույքների վրա կենտրոնացած կյանքը իրականում «քամիի աշխատանք» է՝ վազք քամու հետևից (Ժող. 2։10, 11)։
7. Ինչո՞ւ պետք է ընտրողական լինենք զվարճությունների հարցում։
7 Պետք է նաև հաշվի առնել, որ ժամանցի ոչ բոլոր ձևերն են օգտակար։ Դրանցից շատերը միանգամայն վնասակար են թե՛ հոգևոր և թե՛ բարոյական առումով։ Միլիոնավոր մարդիկ խորտակել են իրենց կյանքը զուտ այն պատճառով, որ «ցանկացել են լավ կյանք անել»՝ թմրադեղեր են օգտագործել, չարաշահել են ալկոհոլը, տարվել են մոլեխաղերով։ Եհովան բարությամբ զգուշացնում է մեզ, որ եթե մեր սրտին ու աչքերին թույլ տանք վնասակար բաներ ցանկանալ, ապա, անշուշտ, կտառապենք դառը հետևանքներից (Գաղ. 6։7)։
8. Ինչո՞ւ է իմաստուն խորհել մեր ապրելակերպի շուրջ։
8 Դեռ ավելին, եթե հաճույքներին մեծ տեղ տանք, ապա դրանք կշեղեն մեզ ավելի կարևոր բաներից։ Հիշի՛ր, կյանքն արագ է անցնում, և ոչ մի երաշխիք չկա, որ մեր կարճատև կյանքի ընթացքում միշտ լավ առողջություն կունենանք և կապրենք խնդիրներից զերծ։ Ահա թե ինչու, ինչպես նշում է Սողոմոնը, մեզ համար ավելի լավ է ներկա լինել թաղման արարողության, հատկապես եթե հանգուցյալը մեր քրիստոնյա հավատարիմ եղբայրը կամ քույրն է, քան գնալ «ուրախության տուն» (կարդա՛ Ժողովող 7։2, 4)։ Իսկ ինչո՞ւ է այսպես ասվում։ Եթե թաղման ելույթի ժամանակ խորհենք այն մասին, թե ինչպիսի կյանք է վարել Եհովայի այդ հավատարիմ ծառան, գուցե սկսենք քննել մեր իսկ ապրելակերպը։ Հնարավոր է՝ գանք եզրակացության, որ այսուհետ պետք է այնպիսի նպատակներ դնենք, որոնք մեր կյանքը կդարձնեն իսկապես իմաստալից (Ժող. 12։1)։
Կարո՞ղ են նյութական բաները իսկական բավականություն պատճառել
9. Ի՞նչ հասկացավ Սողոմոնը նյութական բաներ ունենալու առնչությամբ։
9 Սողոմոնը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, երբ գրեց «Ժողովող» գիրքը (Բ Մնաց. 9։22)։ Նա ինչ որ ցանկանար, կարող էր ձեռք բերել։ «Ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չ’արգիլեցի»,— գրեց Սողոմոնը (Ժող. 2։10)։ Այնուամենայնիվ, նա հասկացավ, որ նյութական բաներ ունենալը ինքնին բավարարվածություն չի բերում։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից»,— եզրակացրեց Սողոմոնը (Ժող. 5։10)։
10. Ի՞նչն է իսկապես բավարարվածություն պատճառում և հարստացնում մարդուն։
10 Չնայած իրերի արժեքը անցողիկ է, բայցևայնպես հարստանալու ցանկությունը կարող է շատ ուժեղ լինել։ ԱՄՆ–ում վերջերս արված մի հարցման համաձայն՝ համալսարանների առաջին կուրսի ուսանողների 75 տոկոսը կարծում է, որ կյանքի գլխավոր նպատակը «շատ հարուստ լինելն է»։ Նույնիսկ եթե նրանք հասնեն իրենց նպատակին, արդյո՞ք իսկապես երջանիկ կլինեն։ Անպայման չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նյութապաշտությունը խանգարում է մարդկանց լինել երջանիկ և բավարարված։ Դեռ վաղուց Սողոմոնը եկել էր նման եզրակացության։ Նա գրեց. «Ինձ համար գանձեցի [«դիզեցի», ԱԱ] արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական սեփականութիւններ.... Ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք» (Ժող. 2։8, 11)a։ Իսկ եթե ապրենք ամբողջ սրտով Եհովային ծառայելու և, այդպիսով, նրա օրհնությունը ստանալու համար, ապա ձեռք կբերենք իսկական հարստություն (կարդա՛ Առակաց 10։22)։
Ո՞ր գործն է իսկական գոհունակություն բերում
11. Ի՞նչ է ասվում Գրություններում աշխատանքի արժեքավորության մասին։
11 Հիսուսն ասաց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհ. 5։17)։ Անկասկած, Եհովան և Հիսուսը բավարարվածություն են ստանում իրենց աշխատանքից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան գոհունակություն զգաց իր ստեղծագործական աշխատանքից։ Կարդում ենք. «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդ. 1։31)։ Հրեշտակները «ցնծությամբ աղաղակեցին» (ԱԱ) և «գովաբանեցին» Աստծուն, երբ տեսան նրա բոլոր արածները (Յոբ 38։4–7)։ Նմանապես և Սողոմոնը բարձր գնահատեց իմաստալից աշխատանքի արժեքը (Ժող. 3։13)։
12, 13. ա) Ինչպե՞ս են երկու անհատներ արտահայտում աշխատանքից ստացած իրենց գոհունակությունը։ բ) Աշխատանքն ինչո՞ւ կարող է երբեմն վհատեցնել։
12 Շատերն են հաճույք ստանում ջանասիրաբար աշխատելուց։ Օրինակ՝ Խոսե անունով մի շնորհալի նկարիչ ասում է. «Երբ կարողանում ես կտավին հանձնել այն պատկերը, որ կա քո մտքում, քեզ թվում է՝ մի բարձր սար ես մագլցել»։ Միգելըb, որը բիզնեսմեն է, նշում է. «Աշխատանքը կարող է գոհունակություն պատճառել, քանի որ հնարավորություն է տալիս հոգալու ընտանիքիդ կարիքները։ Դու քեզ բավարարված ես զգում»։
13 Բայց կան աշխատանքներ, որոնք միօրինակ են և ստեղծագործելու հնարավորություն գրեթե չեն տալիս։ Երբեմն հենց աշխատանքի վայրն ու աշխատակիցներն են վհատության պատճառ դառնում, և հենց այնտեղ ես անարդարության ականատես լինում։ Ինչպես Սողոմոնն է նշում, ծույլը, թերևս օգտագործելով պաշտոնյաների հետ ունեցած իր կապերը, կարող է քաղել տքնաջան աշխատանքի պտուղները (Ժող. 2։21)։ Ուրիշ հանգամանքներ էլ կան, որոնք հիասթափեցնում են մարդուն։ Հնարավոր է՝ մի գործ ձեռնարկես, որը խոստումնալից թվա, բայց տնտեսական ճգնաժամի կամ «ժամանակի ու դիպվածի» պատճառով ձախողվի (կարդա՛ Ժողովող 9։11)։ Շատ անգամ ջանասեր անհատի գործը ձախողվում է, և նա վհատվում է՝ գիտակցելով, որ «աշխատել է քամու համար» (Ժող. 5։16)։
14. Ո՞ր գործն է միշտ իսկական գոհունակություն պատճառում։
14 Կա՞ այնպիսի աշխատանք, որը երբեք չի վհատեցնում։ Խոսեն, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Տարիների ընթացքում կտավները կարող են փչանալ։ Բայց հոգևոր բաների դեպքում այդպես չէ։ Քարոզչական գործում հնազանդվելով Եհովայի առաջնորդությանը՝ ես մնայուն «արժեք» եմ ստեղծում՝ օգնում եմ մարդկանց դառնալ աստվածավախ քրիստոնյաներ։ Դա անգնահատելի աշխատանք է» (1 Կորնթ. 3։9–11)։ Միգելը նույնպես ասում է, որ Թագավորության լուրի քարոզչությունը շատ ավելի մեծ բավարարվածություն է բերում, քան իր աշխատանքը։ «Ոչինչ չի կարող փոխարինել այն ուրախությանը, երբ աստվածաշնչյան ճշմարտությունը պատմում ես որևէ մեկին և զգում ես, որ այն հասել է նրա սրտին»,— ասում է նա։
«Հացդ թող տուր»
15. Ի՞նչն է իրականում կյանքը իմաստալից դարձնում։
15 Եվ այսպես՝ ի՞նչն է կյանքը իմաստալից դարձնում։ Մենք իսկական բավարարվածություն ենք ստանում, երբ այս համակարգում մնացած կարճ ժամանակն օգտագործում ենք բարիք անելու և Եհովային հաճեցնելու համար։ Մենք կարող ենք մտերմանալ Աստծու հետ, հոգևոր արժեքներ սերմանել մեր երեխաների մեջ, օգնել ուրիշներին ճանաչելու Եհովային և ամուր ընկերական փոխհարաբերություններ հաստատել մեր եղբայրների ու քույրերի հետ (Գաղ. 6։10)։ Այս բոլոր նպատակները մնայուն արժեք ունեն, և եթե հասնենք դրանց, մեծ օգուտներ կստանանք։ Բարիք գործելու արժեքը նկարագրելու համար Սողոմոնը մի շատ հետաքրքիր համեմատություն արեց։ Նա ասաց. «Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես» (Ժող. 11։1)։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին. «Տվե՛ք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկ. 6։38)։ Իսկ Եհովան խոստանում է, որ կպարգևատրի նրանց, ովքեր բարիք են անում ուրիշներին (Առակ. 19։17; կարդա՛ Եբրայեցիներ 6։10)։
16. Ո՞րն է լավագույն ժամանակը որոշելու, թե կյանքի ինչ ուղի ընտրենք։
16 Աստվածաշունչը խրախուսում է մեզ իմաստուն որոշումներ կայացնել կյանքի ուղի ընտրելու հարցում, քանի դեռ երիտասարդ ենք։ Եթե այդպես վարվենք, հետագայում կխուսափենք հիասթափությունից (Ժող. 12։1)։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե մեր լավագույն տարիները վատնենք աշխարհի հրապույրների վրա. արդյունքում միայն կհամոզվենք, որ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ քամի։
17. Ի՞նչը կօգնի քեզ կյանքի լավագույն ուղին ընտրել։
17 Ինչպես սիրող հայր, Եհովան ցանկանում է, որ դու կյանքը վայելես ու բարիք անես։ Նա ուզում է, որ խուսափես անտեղի հոգեկան տառապանքներից (Ժող. 11։9, 10)։ Ի՞նչը կօգնի քեզ։ Հոգևոր նպատակներ դիր, այնուհետև ջանք արա հասնելու դրանց։ Մոտ 20 տարի առաջ Խավիերը կանգնած էր ընտրության առջև՝ կա՛մ բժշկի կարիերան, կա՛մ լիաժամ ծառայությունը։ «Թեև բժշկի աշխատանքը հաճելի է, ոչինչ չի կարող համեմատվել այն ուրախության հետ, որ զգում ես, երբ օգնում ես մարդկանց ընդունելու ճշմարտությունը,— ասում է նա։— Լիաժամ ծառայությունը ինձ հնարավորություն է տալիս կյանքը լիարժեքորեն վայելելու։ Ափսոսում եմ միայն նրա համար, որ շուտ չեմ սկսել»։
18. Ինչո՞ւ էր Հիսուսի երկրային կյանքը այդքան իմաստալից։
18 Ուրեմն, ի՞նչն է ամենաարժեքավոր բանը, որ պիտի ջանանք ունենալ։ «Ժողովող» գրքում ասվում է. «Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը» (Ժող. 7։1)։ Այս համարի ճշմարտացիությունը լավագույնս երևում է Հիսուսի կյանքից։ Անշուշտ, նա բարի անուն ստեղծեց Եհովայի մոտ։ Մինչև մահ հավատարիմ մնալով՝ Հիսուսը արդարացրեց իր Հոր գերիշխանությունը և իր կյանքը զոհելով՝ փրկության դուռ բացեց մեզ համար (Մատթ. 20։28)։ Իր կարճատև երկրային կյանքի ընթացքում նա հրաշալի կերպով ցույց տվեց, թե իրականում որն է իմաստալից ապրելակերպը։ Մենք ձգտում ենք ընդօրինակել նրան (1 Կորնթ. 11։1; 1 Պետ. 2։21)։
19. Ի՞նչ իմաստուն խորհուրդ տվեց Սողոմոնը։
19 Մենք նույնպես կարող ենք բարի անուն ստեղծել Աստծու մոտ։ Եհովայի մոտ բարի համբավ ունենալը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան հարստությունը (կարդա՛ Մատթեոս 6։19–21)։ Ամեն օր կարող ենք հնարավորություններ փնտրել անելու այն, ինչ բարի է Աստծու աչքում։ Դա կհարստացնի մեր կյանքը։ Օրինակ՝ կարող ենք քարոզել բարի լուրը, ամրացնել ամուսնական և ընտանեկան կապերը, ինչպես նաև բարելավել մեր հոգևոր վիճակը՝ անձնական ուսումնասիրություն կատարելով և ժողովի հանդիպումներին հաճախելով (Ժող. 11։6; Եբր. 13։16)։ Այսպիսով՝ ուզո՞ւմ ես ապրել իրապես իմաստալից կյանքով։ Եթե այո, ուրեմն հետևիր Սողոմոնի խորհրդին. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժող. 12։13)։
[ծանոթագրություններ]
a Սողոմոնի տարեկան եկամուտը կազմում էր 666 տաղանդ (ավելի քան 22 000 կիլոգրամ) ոսկի (Բ Մնաց. 9։13)։
b Անունը փոխված է։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչը պետք է մղի մեզ լրջորեն մտածելու, թե ինչ նպատակներ ենք դնում կյանքում։
• Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք հաճույքների և նյութական բաների վերաբերյալ։
• Ո՞ր գործը կարող է մշտական բավարարվածություն բերել։
• Ի՞նչ արժեքավոր բան պետք է ձգտենք ունենալ։
[նկար 23–րդ էջի վրա]
Ի՞նչ տեղ պետք է զբաղեցնի մեր կյանքում ժամանցը
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչո՞ւ է քարոզչական գործը մեծ գոհունակություն պատճառում