Կարողանո՞ւմ եք սպասել
ԿԱՐՈ՞Ղ եք պատկերացնել, թե յուրաքանչյուր տարի մարդիկ սպասելով որքան ժամանակ են անտեղի ծախսում։ Նրանք սպասում են խանութների հերթերում կամ բենզալցման կայաններում, սպասում են խորտկարաններում, սպասում են բժշկի կամ ատամնաբույժի մոտ մտնելու համար, սպասում են ավտոբուսների ու գնացքների կանգառներում։ Այո՛, մարդկանց ժամանակի պատկառելի մասը ծախսվում է սպասելու վրա։ Համաձայն մի հաշվարկի՝ գերմանացիները տարեկան միայն 4,7 միլիարդ ժամ կորցնում են ճանապարհային խցանումներում։ Ինչ–որ մեկը հաշվել է, որ այդ ժամանակը հավասար է մոտ 7 000 մարդկային կյանքի գումարային տևողությանը։
Սպասելը կարող է հուսահատության մեջ գցել։ Մեր օրերում կարծես ժամանակը երբեք չի բավականացնում ամեն ինչ անելու համար, և դրա հետևանքով մեր անելիքների մասին մտածելը վերածվում է իսկական փորձության։ Գրող Ալեքսանդր Ռոուզը մի անգամ ասաց. «Սպասելու պատճառով մեր կյանքի կեսն անցնում է ծանր ապրումների մեջ»։
Ամերիկացի քաղաքական գործիչ Բենիամին Ֆրանկլինն ընդունում էր, որ սպասելը կարող է նաև թանկ նստել։ Ավելի քան 250 տարի առաջ նա նշեց. «Ժամանակը ոսկի է»։ Ահա թե ինչու գործարար մարդիկ ուղիներ են փնտրում, որպեսզի աշխատանքի ընթացքում ավելորդ անգամ գործը ձգձգելուց խուսափեն։ Մեծ քանակությամբ իրեր արտադրել ավելի կարճ ժամանակում՝ նշանակում է ավելի մեծ շահույթ ստանալ։ Այն առևտրական կազմակերպությունները, որոնց գործը անմիջականորեն կապված է հասարակության հետ, ձգտում են մատուցել արագ ծառայություններ (արագ սպասարկման ռեստորաններ, բանկեր, որոնք հաճախորդին սպասարկում են ավտոմեքենայում և այլն), որովհետև հասկանում են, որ կարելի է հաճախորդին հաճեցնել՝ նրան երկար չսպասեցնելով։
Ժամանակն անտեղի կորչում է
Տասնիններորդ դարի ամերիկացի բանաստեղծ Ռալֆ Ուոլդո Էմերսոնը մի անգամ դժգոհեց. «Մարդ որքա՜ն շատ ժամանակ է ծախսում սպասելու վրա»։ Իսկ մեր ժամանակների գրող Լանս Մորոն իր դժգոհությունն արտահայտեց, որ սպասելը ձանձրույթ ու անհանգստություն է պատճառում։ Հետո նա խոսեց դրա հետևանքով «առաջացած՝ արտաքուստ աննկատելի ցավի» մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ ցավը։ «Այն բանով, որ մարդու ամենաթանկագին բանը՝ ժամանակը՝ կյանքի մի մասնիկը, աննկատելիորեն անցնում է, կորչում անվերադարձ»։ Ցավալի է, բայց փաստ՝ մեկընդմիշտ կորած է այն ժամանակը, որը ծախսվում է սպասելու վրա։
Ինչ խոսք, եթե կյանքն այսքան կարճ չլիներ, սպասելն ավելի քիչ մտահոգությունների առիթ կտար։ Բայց կյանքը կարճ է։ Աստվածաշնչում հազարավոր տարիներ առաջ սաղմոսերգուն միտք էր անում. «Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։ Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, կամ ինչպիսի մարդիկ ենք, մեր կյանքն իրենից ներկայացնում է սահմանափակ թվով օրերի, ժամերի ու րոպեների ամբողջություն։ Բայց արի ու տես, որ ի վիճակի չենք խուսափել այն իրավիճակներից, երբ ստիպված ծախսում ենք մեր թանկագին ժամանակը ինչ–որ իրադարձությունների կամ էլ մարդկանց սպասելու համար։
Ինչպես սովորել սպասել
Մեզանից շատերը գուցե առիթ են ունեցել ճանապարհ գնալ ավտոմեքենայով, որի վարորդը շարունակ փորձում է դիմացից ընթացող մեքենայից առաջ անցնել։ Հաճախ դրա կարիքը չի էլ զգացվում, որովհետև վարորդը շտապ գործ չունի անելու։ Պարզապես նա չի հանդուրժում, որ իր ընթացքի արագությունը թելադրվի մեկ ուրիշի կողմից։ Նրա համբերության պակասը ցույց է տալիս, որ նա չի սովորել սպասել։ Սովորե՞լ։ Այո՛, սպասել կարողանալու համար հարկավոր է դա սովորել, քանի որ ոչ ոք չի ծնվում այդ ընդունակությամբ։ Փոքր տարիքում երեխաներն անհապաղ ուշադրություն են պահանջում, երբ քաղցած են լինում կամ երբ ինչ–որ բան նրանց անհանգստացնում է։ Միայն հասակ առնելուց հետո է, որ սկսում են հասկանալ, թե իրենց ցանկացածին հասնելու համար երբեմն հարկավոր է սպասել։ Եվ իրոք, սպասելը կյանքի անբաժան մասն է կազմում, և հասուն մարդն անհրաժեշտության դեպքում համբերությամբ սպասելու կարողություն է դրսևորում։
Իհարկե, կան անհետաձգելի իրավիճակներ, երբ կարելի է հասկանալ մարդկանց անհամբերությունը։ Օրինակ՝ երիտասարդ ամուսինը շտապում է իր կնոջը հասցնել հիվանդանոց, որովհետև ահա ուր որ է լույս աշխարհ պիտի գա իրենց մանուկը։ Հրեշտակները, որոնք Ղովտին շտապեցնում էին թողնել Սոդոմը, մտադիր չէին սպասել, երբ նա դանդաղում էր։ Կործանումը մոտ էր, և Ղովտին ու իր ընտանիքի անդամներին վտանգ էր սպառնում (Ծննդոց 19։15, 16)։ Սակայն մեծամասամբ մարդիկ ստիպված են լինում սպասել ոչ այնպիսի դեպքերում, երբ նրանց կյանքը վտանգի տակ է։ Հենց նման իրավիճակներում հանգամանքները կարող են ավելի հաջող կերպով դասավորվել, եթե ամեն մեկը սովորի լինել համբերատար, անգամ եթե ինչ–որ մեկի անընդունակ կամ չշահագրգռված լինելու պատճառով ստիպված է լինում սպասել։ Ավելին՝ համբերելը ավելի հեշտ կլինի, եթե յուրաքանչյուրը սովորի սպասելու ընթացքում ժամանակն օգտակար ձևով ծախսել։ Հինգերորդ էջի շրջանակում ներկայացված են մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է համբերատարությամբ սպասել, և այն էլ՝ օգտավետ ձևով։
Չպետք է մոռանալ, որ անհամբերությունը խոսում է մարդու հպարտության մասին. այդպիսի մարդը իրեն երևելի է համարում, հետևաբար չի հանդուրժում իրեն սպասել տալ։ Նման վերաբերմունք ունեցողների ուշադրությանն են արժանի աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը» (Ժողովող 7։8)։ Գոռոզամտությունը կամ հպարտությունը անձնավորության բացասական գծերից են, և Աստվածաշնչի առակներից մեկում ասվում է. «Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները» (Առակաց 16։5)։ Հետևաբար, համբերություն սովորելը, այսինքն՝ սովորել, թե ինչպես սպասել, պահանջում է, որ քննենք ինքներս մեզ և ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։
Համբերությունը վարձատրվում է
Սովորաբար սպասելն ավելի հեշտ է լինում, երբ համոզված ենք, որ ինչին սպասում ենք՝ արժե հետաձգել, որովհետև վերջիվերջո իրոք կատարվելու է։ Սրա հատ կապված լավ կլիներ խորհրդածել այն իրողության շուրջ, որ Աստծո բոլոր անկեղծ երկրպագուները սպասում են Սուրբ գրություններում արձանագրված նրա սքանչելի խոստումների իրականացմանը։ Օրինակ՝ Աստծուց ներշնչված սաղմոսները մեզ հայտնում են. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Հովհաննես առաքյալն այս խոստումը կրկնեց, երբ գրեց. «Ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Սաղմոս 37։29; Ա Յովհաննէս 2։17)։ Պարզ է ուրեմն, որ եթե հավիտյան ապրեինք, սպասելը մեծ դժվարություն չէր ներկայացնի։ Բայց այսօր հավիտյան չենք ապրում։ Իսկ ռեա՞լ է արդյոք խոսել հավիտենական կյանքի մասին։
Նախքան այս հարցին պատասխանելը նկատի առեք, որ Աստված առաջին մարդկային զույգին ստեղծեց հավիտյան ապրելու հեռանկարով։ Միայն մեղք գործելու պատճառով էր, որ նրանք կորցրին այդ հեռանկարը ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաների համար, այդ թվում՝ նաև մեզ։ Սակայն նրանց մեղք գործելուց անմիջապես հետո Աստված հայտնեց անհնազանդության հետևանքները վերացնելու մասին ունեցած իր նպատակը։ Նա խոստացավ, որ գալու է մի «սերունդ». դա Հիսուս Քրիստոսն էր (Ծննդոց 3։15; Հռովմայեցիս 5։18)։
Նրա խոստումների իրականացումից օգուտներ կքաղենք, թե՝ ոչ, կախված է մեզանից։ Դա համբերություն է պահանջում, իսկ համբերել սովորելու համար Աստվածաշունչն առաջարկում է խորհրդածել հողագործի օրինակի շուրջ։ Նա ցանում է սերմը ու համբերությամբ սպասում՝ բերքը պաշտպանելու համար ձեռքից եկածն անելով, մինչև որ հասնի հունձքի ժամանակը։ Որոշ ժամանակ անց նրա ջանքերը վարձատրվում են. նա տեսնում է իր աշխատանքի պտուղները (Յակոբոս 5։7)։ Համբերության մասին մեկ ուրիշ օրինակ է բերում Պողոս առաքյալը։ Նա մեզ հիշեցնում է անցյալում ապրած հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին։ Նրանք ակնկալում էին տեսնել Աստծո խոստումների իրականացումը, սակայն պետք է սպասեին Աստծո կողմից նշանակված ժամանակին։ Պողոսը հորդորում է ընդօրինակել նրանց, ովքեր «հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները» (Եբրայեցիս 6։11, 12)։
Այո՛, կյանքում անհնար է խուսափել սպասումներից։ Սակայն չպետք է թույլ տալ, որ դրանք դառնան մշտական մտահոգությունների պատճառ։ Աստծո խոստումների իրականացման ակնկալությունն ունեցողների համար սպասելը կարող է ուրախության աղբյուր լինել։ Սպասելու վրա ծախսված ժամանակը նրանք կարող են օգտագործել Աստծո հետ սերտ հարաբերություններ զարգացնելու նպատակով՝ իրենց հավատի դրսևորմանը նպաստող քայլեր կատարելով։ Աղոթքի, ուսումնասիրության ու խորհրդածելու միջոցով նրանք կարող են ամուր վստահություն զարգացնել այն բանում, որ Աստծո բոլոր խոստումները ճիշտ ժամանակին են կատարվելու։
[5–րդ էջի վրայի շրջանակը]
Ինչպես սպասելը հաճելի դարձնել
Նախապես պլանավորեք։ Եթե գիտեք, որ ստիպված եք լինելու սպասել, ուրեմն պատրաստ եղեք կարդալ, գրել, հյուսել կամ ուրիշ օգտակար գործերով զբաղվել։
Ժամանակն օգտագործեք խորհրդածելու համար՝ մի բան, որը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մեր արագընթաց դարում։
Ընթերցանության նյութեր ունեցեք հեռախոսի մոտ, որպեսզի կարդաք այն դեպքում, երբ հեռախոսային խոսակցությունն ընդհատվում է. հինգ–տաս րոպեում դուք կկարողանաք մի քանի էջ կարդալ։
Եթե սպասելիս մենակ չեք, հնարավորության դեպքում օգտագործեք առիթը՝ մյուսների հետ խոսակցություն սկսելով և օգտակար մտքեր փոխանակելով նրանց հետ։
Գրառումներ կատարեցեք կամ ինչ–որ բան կարդացեք մեքենայում, երբ սպասելու անհրաժեշտություն է առաջանում։
Փակեք ձեր աչքերը, հանգստացեք կամ աղոթեք։
Ճիշտ սպասելու կարողությունը մեծ մասամբ կախված է ձեր տրամադրվածությունից ու հեռատեսությունից։