Աստվածաշնչի տեսակետը
Աստված հոգ տանո՞ւմ է կենդանիների մասին
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ կյանքը վտանգի տակ է։ Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ կենդանիների տեսակների ոչնչացումը գնալով արագանում է։ Բնական միջավայրի սխալ օգտագործման հետևանքով կենդանիները աղետալի հետևանքներ են կրում։ Եվ երբ այս տխուր պատկերին ավելացնում ենք նաև սննդամթերքի արդյունաբերությունը, դաժան սպորտաձևերը, որոնց ժամանակ կենդանիների են օգտագործում, և առհասարակ կենդանիների հանդեպ վատ վերաբերմունքը, իրավիճակը ավելի անհույս է դառնում։
Ոմանք մտածում են, որ սա նորմալ է, եթե հաշվի առնենք, որ բնակչությունը գնալով մեծանում է։ Բայց արդյոք սա՞ էր Աստված նպատակադրել։ Արդյո՞ք նրա կամքն էր, որ կենդանիները տառապեն մարդկանց պատճառով։ Որտեղի՞ց գիտենք, որ Աստված հոգ է տանում կենդանիների մասին։
Հոգատարություն հենց սկզբից
Երբ Աստված ստեղծեց ձկներին, թռչուններին և կենդանիներին, բավականություն ստացավ իր գործից։ Աստվածաշունչն ասում է՝ նա «տեսավ, որ դա լավ է» (Ծննդոց 1։21, 25)։ Բոլոր կենդանի արարածները՝ մեծ թե փոքր, զգում էին Ստեղծչի սիրառատ հոգատարությունը։ Աստված ոչ միայն ստեղծել էր նրանց «բնազդային իմաստությամբ», այլև հոգ էր տարել, որ բնական միջավայրում լինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրանց գոյության համար։ Աստվածաշնչի գրողներից մեկը տեղին է նշել. «Նրանք ամենքը քեզ են սպասում, որ իրենց կերակուր տաս ժամանակին։ Նրանք հավաքում են այն, ինչ որ տալիս ես նրանց։ Բաց ես անում քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքներով» (Առակներ 30։24; Սաղմոս 104։24, 25, 27, 28)։
Աստված ստեղծել էր կենդանիներին, որ հպատակվեն առաջին մարդուն՝ Ադամին։ Կենդանի արարածները չեն օժտվել տրամաբանելու կարողությամբ կամ հոգևոր կարիքները բավարարելու փափագով (2 Պետրոս 2։12; Հուդա 19)։ Մինչդեռ Ադամը կյանքի ավելի բարձր տեսակ ուներ, քանի որ ստեղծվել էր «Աստծու պատկերով»։ Նա կարող էր արտացոլել իր Արարչի՝ Եհովայի էությունը (Ծննդոց 1։27; Սաղմոս 83։18)։ Սակայն ավելի բարձր արարած լինելը իրավունք չի տալիս մարդկանց կենդանիներին վատ վերաբերվելու, քանի որ դա հակառակ է Աստծու սկզբնական նպատակին։
Ադամը սկսեց անուններ դնել կենդանիներին, քանի որ Եհովան տվեց նրան այդ պատվավոր հանձնարարությունը։ Եհովան նույնպես օգնում էր Ադամին այս գործում՝ «[կենդանիներին] բերելով մարդու մոտ, որ տեսնի, թե ինչ անուն կտա ամեն մեկին» (Ծննդոց 2։19)։ Կենդանիներին հոգ տանելու հարցում մարդը հաջողության կհասներ, եթե գործեր միայն Աստծու առաջնորդության ներքո։
Աստված իրոք հոգ է տանում
Ցավոք, Ադամը ըմբոստացավ իր Արարչի դեմ։ Նրա ըմբոստությունը աղետալի հետևանքներ ունեցավ մարդկային ընտանիքի և առհասարակ երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի արարածների համար։ Սակայն Արարիչը հստակ ցույց տվեց, թե ինչպես է հարկավոր վերաբերվել կենդանիներին։ Թեև նա թույլ տվեց, որ մարդը կենդանիներին որպես կերակուր և այլ գործնական բաների համար օգտագործի, բայց երբեք հավանություն չտվեց, որ նրանց հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորվի։ Աստվածաշունչն ասում է. «Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին, բայց ամբարիշտների ողորմությունը դաժան է» (Առակներ 12։10)։
Աստված հին իսրայելացիներին կենդանիների առնչությամբ անգամ օրենքներ տվեց։ Շաբաթի օրենքի համաձայն՝ ամեն շաբաթ այդ օրը ոչ միայն իսրայելացիները, այլև նրանց կենդանիները պետք է հանգստանային (Ելք 23։12)։ Հետաքրքիր է, որ այս սուրբ օրը ոչ մի գործ չէր թույլատրվում անել, սակայն կենդանուն պետք էր օգնել, եթե նրան ինչ-որ բան պատահեր (Ղուկաս 14։5)։ Հետագայում Աստված պատվիրեց, որ կենդանիներին չզրկեն կերակուրից, երբ աշխատեցնում են և չբեռնեն ծանր բեռներով (Ելք 23։5; 2 Օրենք 25։4)։ Արգելված էր նաև եզին ու էշին մի լծի տակ դնելը, քանի որ երկուսն էլ կվնասվեին (2 Օրենք 22։10)։ Փաստորեն, Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ կենդանիներին հարկավոր է վերաբերվել պատշաճորեն, հարգանքով և կարեկցանքով։
Թեև այսօր շատերը փնտրում են իրենց շահը և անտեսում են այն գործոնները, որոնք վնասակար ազդեցություն են թողնում կենդանիների վրա, Աստված կարեկցանքով հոգ է տանում նրանց մասին։ Հովնան մարգարեն անտարբերությամբ արձագանքեց, երբ Նինվեի բնակիչները զղջացին ու ազատվեցին Աստծու դատաստանից։ Այդ ժամանակ Եհովան ասաց. «Չպե՞տք էր արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից, էլ չեմ ասում, թե որքան շատ ընտանի կենդանիներ կան» (Հովնան 4։11)։ Այո՛, Արարիչը խղճահարություն զգաց անգամ Նինվեի կենդանիների նկատմամբ։
Հոգատարության հավաստիացում
Աստված անտարբեր չէ կենդանիների հանդեպ։ Նրա սիրելի Որդին՝ Հիսուսը, ասել է, որ նույնիսկ մի ճնճղուկը գետին չի ընկնում առանց իր Հոր իմացության (Մատթեոս 10։29)։ Անգամ եթե մարդ արարածը ուզում է չվնասել շրջակա միջավայրը, միևնույնն է, լիովին չի հասկանում, թե ինչպես է իր գործելակերպը ազդում բնության վրա։ Ի վերջո, որպեսզի մարդկային հասարակությունը ղեկավարվի այնպես, որ բոլորը հոգատարություն դրսևորեն կենդանական աշխարհի հանդեպ, հարկավոր է փոխել մտածելակերպը։
Աստվածաշունչը նկարագրում է այն ժամանակները, երբ Աստծու Թագավորության իշխանության ներքո «երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Եսայիա 11։9)։ Հնազանդ մարդկությունը կստանա այնպիսի կրթություն, որը հարկավոր է երկիրը ճիշտ ձևով տնօրինելու համար։ Հետո Արարչի առաջնորդությամբ ներդաշնակություն կտիրի կենդանիների և մարդկանց միջև, ու երկրի վրա կվերականգնվեն այն պայմանները, որոնք Աստված ի սկզբանե նախատեսել էր։
Այս մեծ փոփոխությունը, որ պետք է տեղի ունենա երկրի վրա, Աստվածաշունչը նկարագրում է հետևյալ կերպ. «Գայլը ժամանակ առ ժամանակ գառան հետ կբնակվի, ընձառյուծը ուլի հետ կպառկի։ Հորթը, առյուծը և պարարտ կենդանիները միասին կլինեն, և փոքրիկ տղան կառաջնորդի նրանց։ Կովը արջի հետ կարածի, իսկ նրանց ձագերը միասին կպառկեն, նույնիսկ առյուծը ցլի պես հարդ կուտի։ Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա, և կաթից կտրված երեխան իր ձեռքը թունավոր օձի բնին կդնի»։ Ի՜նչ հրաշալի հեռանկար, որի մասին արժե մտածել (Եսայիա 11։6–8)։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Աստծուն հետաքրքրո՞ւմ է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում կենդանիներին (Առակներ 12։10; Մատթեոս 10։29)։
● Հնարավո՞ր է, որ մարդկանց և կենդանիների միջև կատարյալ ներդաշնակություն տիրի (Եսայիա 11։6–9)։
[մեջբերում 11-րդ էջի վրա]
Կենդանիների հանդեպ հոգատար լինելու համար պետք է փոխել մտածելակերպը
[նկար 11-րդ էջի վրա. թույլտվությամբ]
La Voz de Galicia/Fotógrafo: Víctor Mejuto