Ընդօրինակեք Եհովային երեխաներին դաստիարակելիս
«Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում» (Եբրայեցիս 12։7)։
1, 2. Ինչո՞ւ են ծնողներն այսօր դժվարությունների բախվում իրենց երեխաներին դաստիարակելիս։
ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Ճապոնիայում անցկացված հարցման արդյունքում պարզվեց, որ հարցման ենթարկված չափահասների գրեթե կեսը այն կարծիքին է, որ ծնողների և երեխաների միջև կապը շատ թույլ է, և որ ծնողները չափազանց ներողամիտ են վերաբերվում իրենց երեխաներին։ Այդ երկրում անց կացված մեկ այլ հարցման արդյունքներով հարցման ենթարկվածների գրեթե քառորդ մասն ընդունեց, որ իրենք չգիտեն, թե ինչպես վարվել երեխաների հետ։ Նման տենդենցը միայն Արևելքին հատուկ չի։ «Շատ կանադացի ծնողներ խոստովանում են, որ լրիվ համոզված չեն, թե ինչ է նշանակում լինել լավ ծնող»,— գրում է «Տորոնտո սթար» թերթը։ Այո, ամենուրեք ծնողները իրենց երեխաներին դաստիարակելիս դժվարությունների են հանդիպում։
2 Ինչո՞ւ են ծնողները դժվարությունների բախվում իրենց երեխաներին դաստիարակելիս։ Հիմնական պատճառն այն է, որ բոլորս էլ ապրում ենք «վերջին օրերի չար ժամանակներում» (Բ Տիմոթէոս 3։1)։ Բացի այդ, ինչպես Աստվածաշունչն է ասում, «մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։ Սատանան ‘մռնչացող առյուծի’ պես հետամտում է անփորձներին, և նրա հարձակումների դիմաց առանձնապես խոցելի են երիտասարդները (Ա Պետրոս 5։8)։ Քրիստոնյա ծնողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում, երբ իրենց երեխաներին «Տիրոջ խրատով եւ ուսումով» են ուզում մեծացնել (Եփեսացիս 6։4)։ Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց զավակներին դառնալու Եհովայի հասուն երկրպագուներ, որոնք կարողանում են «լաւը եւ վատը որոշել» (Եբրայեցիս 5։14)։
3. Ինչո՞ւ է ծնողների տված դաստիարակությունն ու առաջնորդությունը էական երեխաներին հաջողությամբ մեծացնելու գործում։
3 Ինչպես նկատել էր իմաստուն Սողոմոն թագավորը, «յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին» (Առակաց 13։1; 22։15)։ Այդ հիմարությունից իրենց սրտերն ազատելու համար երեխաները ծնողների սիրառատ դաստիարակության կարիքն ունեն։ Սակայն նրանք միշտ չէ, որ ողջունում նման դաստիարակությունը։ Հաճախ նույնիսկ վրդովվում են, երբ խորհուրդ են ստանում՝ անկախ այն բանից, թե ով է խորհուրդ տվողը։ Ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես ‘կրթել երեխային իր ճանապարհին համեմատ’ (Առակաց 22։6)։ Եթե երեխաները «պինդ բռնում են» նման կրթությունից, ապա դա կարող է նրանց համար կյանք նշանակել (Առակաց 4։13)։ Ծնողների համար որքա՜ն կարևոր է իմանալ, թե ինչ է իր մեջ ներառում երեխաներին դաստիարակելը։
Դաստիարակություն. ինչ է դա նշանակում
4. Ո՞րն է «դաստիարակություն» թարգմանված աստվածաշնչյան բառի գլխավոր իմաստը։
4 Որոշ ծնողներ խուսափում են պատժել իրենց երեխաներին, քանի որ զգուշանում են նրանց հանդեպ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվելուց, օրինակ, ֆիզիկական, բանավոր կամ էմոցիոնալ առումով։ Մենք չպետք է նման տագնապներ ունենանք։ «Դաստիարակություն» թարգմանված աստվածաշնչյան բառը չի նշանակում կոպիտ վերաբերմունք կամ դաժանություն։ Հունարեն լեզվում այս բառը գլխավորապես նշանակում է ուսուցում, կրթություն, ուղղում և երբեմն էլ՝ խիստ, բայց սիրուց մղված պատիժ։
5. Ինչո՞ւ է օգտակար քննել, թե ինչպես է Եհովան վարվել իր ժողովրդի հետ։
5 Եհովա Աստված անթերի օրինակ է հանդիսանում այն բանում, թե ինչպես դաստիարակել երեխաներին։ Համեմատելով նրան ծնողի հետ՝ Պողոս առաքյալը գրեց. «Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.... [հայրերը] մի փոքր ժամանակ.... ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը» (Եբրայեցիս 12։7–10)։ Այո՛, Եհովան խրատում է իր ժողովրդին այն նպատակով, որ նրանք սուրբ, կամ՝ անարատ լինեն։ Քննելով, թե ինչպես է Եհովան խրատել իր ժողովրդին՝ մենք, անշուշտ, կարող ենք շատ բան սովորել երեխաներին դաստիարակելու մասին (Բ Օրինաց 32։4; Մատթէոս 7։11; Եփեսացիս 5։1)։
Սերը՝ մղիչ ուժ
6. Ինչո՞ւ հավանականություն կա, որ ծնողների համար հեշտ չի լինի ընդօրինակել Եհովայի սերը։
6 «Աստուած սեր է»— ասում է Հովհաննես առաքյալը։ Ուրեմն՝ Եհովայի տված դաստիարակության հիմքում միշտ սերն է ընկած (Ա Յովհաննէս 4։8; Առակաց 3։11, 12)։ Նշանակո՞ւմ է դա, որ իրենց զավակների հանդեպ բնական կապվածություն զգացող ծնողների համար հեշտ կլինի այս հարցում Եհովային ընդօրինակելը։ Անպայման չէ։ Աստծո սերը սկզբունքների վրա հիմնված սեր է։ Մի հունագետ ընդգծում է, որ նման սերը «միշտ չէ, որ համընկնում է բնական հակումներին»։ Աստված սենտիմենտալ մղումներով չի գործում։ Նա միշտ հաշվի է առնում, թե ինչը առավելագույն օգուտ կբերի իր ժողովրդին (Եսայիա 30։20, ՆԱ; 48։17)։
7, 8. ա) Սկզբունքների վրա հիմնված սիրո ի՞նչ օրինակ է թողել Եհովան իր ժողովրդի հետ վարվելիս։ բ) Ինչպե՞ս կարող են ծնողներն ընդօրինակել Եհովային, որպեսզի օգնեն զավակներին մշակելու Աստվածաշնչի սկզբունքներին հետևելու կարողություն։
7 Քննարկենք, թե ինչպես է Եհովան իսրայելացիների հանդեպ սեր ցուցաբերել։ Մովսեսը մի գեղեցիկ համեմատություն է արել նկարագրելու համար Եհովայի սերը նորակազմ իսրայել ազգի հանդեպ։ Կարդում ենք. «Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը, շուռ է գալիս իր ձագերի վերայ, տարածում է թեւերը, վեր առնում նորանց, տանում նորանց իր թեւերի վերայ, այնպես Եհովան միայն ման ածեց [Հակոբին]» (Բ Օրինաց 32։9, 11, 12)։ Որպեսզի իր ձագին թռչել սովորեցնի, մայր արծիվը «քրքրում է իր բոյնը»՝ թևերը թափահարելով, որ ձագին դուրս հանի թռչելու։ Եվ երբ ձագը դուրս է գցվում բնից, որը հաճախ բարձր ժայռերի վրա է գտնվում, մայրը սկսում է պտտվել նրա շուրջը։ Երբ թվում է, թե ձագը ուր որ է գետնին կզարկվի, մայր արծիվն անմիջապես նետվում է՝ նրան տակից առնելով «իր թեւերի վերայ»։ Նմանապես, Եհովան սիրով հոգ էր տանում նորակազմ իսրայել ազգին։ Նա նրանց տվել էր Մովսիսական օրենքը (Սաղմոս 78։5–7)։ Աստված իր ժողովրդին հետևում էր մեծ ուշադրությամբ և պատրաստ էր օգնության հասնել, եթե նրանք դժվարին կացության մեջ ընկնեին։
8 Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողներն ընդօրինակել Եհովայի սերը։ Նախևառաջ նրանք պետք է սովորեցնեն զավակներին այն սկզբունքներն ու չափանիշները, որոնք գտնվում են Աստծո Խոսքում (Բ Օրինաց 6։4–9)։ Նպատակը երեխաներին օգնելն է, որ նրանք սովորեն որոշումներ կայացնել՝ ելնելով աստվածաշնչյան սկզբունքներից։ Այսպես անելը սիրող ծնողների համար նշանակում է «պտտվել» իրենց զավակների շուրջ՝ տեսնելու, թե ինչպես են նրանք կիրառում սովորած սկզբունքները։ Երեխաների մեծանալուն զուգընթաց՝ նրանց ավելի շատ ազատություն է տրվում, և հոգատար ծնողները պատրաստ են «նետվել» ու ‘տանել նրանց իրենց թևերի վրա’, երբ վտանգ է սպառնում։ Ի՞նչ վտանգի մասին է խոսքը։
9. Ո՞ր վտանգի հետ կապված՝ սիրող ծնողները պետք է զգոն լինեն։ Բացատրեք օրինակով։
9 Եհովա Աստված նախազգուշացրել էր իսրայելացիներին, թե ինչ հետևանքներ կարող են թողնել վատ ընկերակցությունները (Թուոց 25։1–18; Եզրաս 10։10–14)։ Այսօր նույնպես նման ընկերակցություններ ունենալն իր մեջ վտանգ է պարունակում (Ա Կորնթացիս 15։33, ԱԹ)։ Այս առումով՝ քրիստոնյա ծնողները պետք է ընդօրինակեն Եհովային։ 15–ամյա Լիզային սկսեց հետաքրքրել մի պատանի, որին չէին հետաքրքրում աղջկա ընտանիքի բարոյական և հոգևոր արժեքները։ «Ծնողներս իսկույն իմ մեջ փոփոխություն նկատեցին և անհանգստացան,— պատմում է Լիզան։— Երբեմն ուղղում էին ինձ, երբեմն էլ քնքշորեն քաջալերում»։ Նրանք նստում էին Լիզայի կողքին և համբերատարությամբ լսում՝ օգնելով նրան հաղթահարելու հասակակիցների կողմից ընդունվելու ցանկությունը, ինչը, իրենց կարծիքով, այդ խնդրի հիմքում էր ընկած։a
Բաց հաղորդակցություն պահեք
10. Հաղորդակցվելով իսրայելացիների հետ՝ ի՞նչ հրաշալի օրինակ է թողել Եհովան։
10 Երեխաների դաստիարակության մեջ հաջողության հասնելու համար ծնողները պետք է ձգտեն բաց հաղորդակցություն պահել նրանց հետ։ Օրինակ՝ թեև Եհովային քաջ հայտնի է այն, թե ինչ կա մեր սրտում, այդուհանդերձ նա քաջալերում է մեզ հաղորդակցվել իր հետ (Ա Մնացորդաց 28։9)։ Իսրայելացիներին Օրենքը տալուց հետո Եհովան ղևտացիներ առանձնացրեց՝ սովորեցնելու ժողովրդին, ինչպես նաև իր մարգարեներին էր ուղարկում՝ հասկացնելու և ուղղելու նրանց։ Բացի դրանից, նա պատրաստ էր լսելու նրանց աղոթքները (Բ Մնացորդաց 17։7–9; Սաղմոս 65։2; Եսայիա 1։1–3, 18–20; Երեմիա 25։4; Գաղատացիս 3։22–24)։
11. ա) Ինչպե՞ս կարող են ծնողները երեխաների հետ բաց հաղորդակցություն պահել։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները ուշադրությամբ լսեն իրենց երեխաներին։
11 Ինչպե՞ս կարող են ծնողներն ընդօրինակել Եհովային իրենց զավակների հետ հաղորդակցվելիս։ Նախևառաջ նրանք պետք է ժամանակ տրամադրեն երեխաներին։ Ծնողները նաև պետք է խուսափեն անխոհեմ, ծաղրական արտահայտություններ անելուց, ինչպես օրինակ. «Հենց դա՞ է քեզ անհանգստացնում. ես էլ գիտեի, թե կարևոր բան է»։ «Դա ամենևին էլ խնդիր չէ»։ «Բա ուրիշ էլ ի՞նչ էիր սպասում։ Չէ՛, դու դեռ երեխա ես» (Առակաց 12։18, Արևմտ. Աստ.)։ Ծնողները պետք է ձգտեն ուշադիր լսողներ լինել, եթե ուզում են, որ երեխաներն իրենց սրտերը բաց անեն իրենց առջև։ Այն ծնողները, ովքեր ուշադրություն չեն դարձնում երեխաներին, երբ նրանք դեռ փոքր են, գուցե հենց իրենք զրկվեն զավակների ուշադրությունից, երբ նրանք արդեն մեծացած լինեն։ Եհովան միշտ պատրաստ է լսելու իր ժողովրդին։ Նա միշտ իր ականջը բաց է պահում նրանց հանդեպ, ովքեր խոնարհությամբ աղոթում են իրեն (Սաղմոս 91։15; Երեմիա 29։12; Ղուկաս 11։9–12, [13, ԱԹ])։
12. Ծնողները ի՞նչ հատկություններ կարող են դրսևորել, որոնք կհեշտացնեն երեխաների մոտենալը իրենց։
12 Նաև ուշադրություն դարձրեք, թե ինչպես էին Աստծո որոշ հատկություններ նպաստում այն բանին, որ ժողովուրդն ազատորեն իրեն մոտենար։ Օրինակ՝ հին Իսրայելի Դավիթ թագավորը ծանր մեղք գործեց՝ անօրինական կապի մեջ մտնելով Բերսաբեի հետ։ Նա անկատար մարդ էր և ուրիշ լուրջ մեղքեր էլ գործեց իր կյանքում։ Այդուհանդերձ Դավիթը երբեք չվարանեց մոտենալ Եհովային և ներում ու հանդիմանություն խնդրել նրանից։ Անկասկած, Աստծո գթառատությունն ու ողորմածությունը հեշտացրին Դավիթի վերադարձը դեպի Եհովան (Սաղմոս 103։8)։ Աստվածային այնպիսի հատկություններ դրսևորելը, ինչպիսիք են՝ կարեկցանքն ու գութը, ծնողներին կօգնի բաց պահել երեխաների հետ հաղորդակցության գիծը նույնիսկ այն դեպքում, եթե վերջիններս սխալվում են (Սաղմոս 103։13; Մաղաքիա 3։17)։
Եղեք ողջամիտ
13. Ի՞նչ է մտնում ողջամիտ լինելու մեջ։
13 Ծնողները երեխաներին լսելիս պետք է ողջամտություն հանդես բերեն և «վերին իմաստութիւնը» արտացոլեն (Յակոբոս 3։17)։ «Թող ձեր հեզութիւնը [«ողջամտությունը», ՆԱ] յայտնի լինի բոլոր մարդկանց»,— գրեց Պողոս առաքյալը (Փիլիպպեցիս 4։5)։ Ի՞նչ է նշանակում լինել ողջամիտ։ «Ողջամիտ» թարգմանված հունարեն բառի բացատրություններից մեկն է՝ «օրենքի տառից չկառչող»։ Բարոյական և հոգևոր կայուն չափանիշներ սովորեցնելիս ինչպե՞ս կարող են ծնողները ողջամիտ լինել։
14. Ինչպե՞ս Եհովան ողջամտորեն վարվեց Ղովտի հետ։
14 Եհովան ողջամիտ լինելու ուշագրավ օրինակ է հանդիսանում (Սաղմոս 10։17)։ Երբ նա շտապեցնում էր Ղովտին ու նրա ընտանիքին հեռանալ կործանման դատապարտված Սոդոմ քաղաքից, Ղովտը «ուշանում էր»։ Ավելի ուշ, երբ Եհովայի հրեշտակը պատվիրեց նրանց փախչել սարերը, Ղովտն ասաց. «Ես չեմ կարող սարը փախչիլ.... Ահա այս [Սեգովր] քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ (չէ՞ որ նա պզտիկ է)»։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ «Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չ’կործանեմ, որի համար խօսեցիր» (Ծննդոց 19։16–21, 30)։ Եհովան պատրաստ էր ընդունել Ղովտի խնդրանքը։ Այո, ճիշտ է, որ ծնողները պետք է ամուր կառչեն Եհովա Աստծո չափանիշներից, որոնք գրված են նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։ Բայցևայնպես գուցե հնարավոր է բավարարել երեխաների ցանկությունները, եթե աստվածաշնչյան սկզբունքները չեն ոտնահարվում։
15, 16. Ի՞նչ կարող են սովորել ծնողները Եսայիա 28։24, 25–ում գրված ակնառու օրինակից։
15 Ողջամիտ լինել նաև նշանակում է երեխայի սիրտը նախապատրաստել՝ ընդունելու խրատը։ Փոխաբերական իմաստով՝ Եսայիան Եհովային համեմատում է հողագործի հետ՝ ասելով. «Միթէ հերկողը ցանելու համար շարունակ կհերկէ՞. միշտ իր [հողը] կը բանայ և անոր կոշտերը կը տափանէ՞. անոր երեսը շտկելէն ետքը միթէ արջնդեղն ու չամանը չի՞ ցաներ եւ ցորենը՝ կարգով ու գարին՝ որոշուած տեղը եւ հաճարը իր սահմանին մէջ չի՞ դներ» (Եսայիա 28։24, 25, Արևմտ. Աստ.)։
16 Եհովան ‘հերկում է ցանելու համար’ և ‘բանում ու տափանում է իր հողը’։ Այսպես նա նախապատրաստում է իր ժողովրդի սիրտը՝ նախքան նրան խրատելը։ Երեխային խրատելիս ինչպե՞ս կարող են ծնողները ‘հերկել’ նրա սիրտը։ Մի հայր իր չորս տարեկան տղային խրատելիս հետևեց Եհովայի օրինակին։ Նրա որդին հարվածել էր հարևանի տղային։ Հայրը նախ համբերատարությամբ լսեց որդու արդարացումները։ Հետո, ասես թե որդու սիրտը ‘հերկելու’ նպատակով, հայրը մի պատմություն պատմեց փոքր տղայի մասին, որին մի խուլիգան դաժանորեն ծեծել էր։ Մինչ հայրը պատմում էր, որդին չդիմացավ ու ասաց, որ այդ անկարգ տղային հարկավոր է պատժել։ Նման ‘հերկումը’ նախապատրաստեց որդու սիրտը և նրա համար հեշտացրեց հասկանալը, որ հարևանի տղային հարվածելը խուլիգանություն էր. նա չպետք է այդպես վարվեր (Բ Թագաւորաց 12։1–14)։
17. Ծնողական դաստիարակության մասին ի՞նչ կարելի է սովորել Եսայիա 28։26–29-ը խոսքերից։
17 Այնուհետև Եսայիան Եհովայի խրատը համեմատում է մեկ այլ գյուղատնտեսական աշխատանքի՝ կալսելու հետ։ Կախված հատիկների թեփի կարծրությունից՝ գյուղացին զանազան գործիքներ է օգտագործում հացահատիկը կալսելու համար։ Փափուկ արջնդեղի համար ճիպոտ է օգտագործվում, իսկ չամանի համար՝ մահակ, բայց կամնասայլ է հարկավոր այն հացահատիկի համար, որի թեփն ավելի հաստ է լինում։ Հողագործը, սակայն, ավելի հաստ թեփ ունեցող հացահատիկը չի կալսում մինչև փշրվելու աստիճան։ Նման կերպով, երբ Եհովան ուզում է իր ժողովրդի միջից հեռացնել որևէ մի անցանկալի բան, նա վարվում է եղած կարիքների և հանգամանքների համաձայն։ Նա երբեք դաժանորեն կամ բռնի ձևով չի վարվում (Եսայիա 28։26–29)։ Որոշ երեխաներ ծնողների ընդամենը մի հայացքից իսկույն իրենց կարգի են հրավիրում, և ուրիշ քայլերի դիմելու հարկ չի լինում։ Մյուսները կարիք ունեն մշտական հիշեցումների, իսկ ոմանց հետ էլ հարկավոր է ավելի խստորեն վարվել։ Ողջամիտ ծնողները խրատում են երեխաներին՝ ելնելով յուրաքանչյուրի անհատական կարիքներից։
Ընտանեկան քննարկումները հաճելի դարձրեք
18. Ինչպե՞ս կարող են ծնողները ժամանակ հատկացնել Աստվածաշնչի կանոնավոր ընտանեկան ուսումնասիրությանը։
18 Աստվածաշնչի ընտանեկան կանոնավոր ուսումնասիրությունն ու Գրությունների ամենօրյա քննարկումը երեխաներին դաստիարակելու լավագույն միջոցներից են։ Ընտանեկան ուսումնասիրությունը ավելի արդյունավետ կլինի, եթե կանոնավորաբար անցկացվի։ Եթե այն պատահականորեն կամ հանպատրաստից է կատարվում, ապա լավագույն դեպքում դա միայն որպես հազվադեպ երևույթ կլինի։ Ուստի ուսումնասիրություն անցկացնելու համար ծնողները պետք է ‘գնեն ժամանակը’ (Եփեսացիս 5։15–17, ԱԹ)։ Գուցե այնքան էլ հեշտ չէ գտնել այնպիսի ժամանակ, որ բոլորին հարմար լինի։ Մի ընտանիքի հայր զգաց, որ, երեխաների մեծանալուն զուգահեռ, դժվարանում էր ողջ ընտանիքով միասին հավաքվելը, քանի որ նրանք օրվա տարբեր ռեժիմներ ունեին։ Այնինչ ժողովի հանդիպումների օրերին ամբողջ ընտանիքը երեկոյան միշտ տանն էր լինում։ Հայրն էլ որոշեց այդ երեկոներից մեկը նվիրել ընտանեկան ուսումնասիրությանը, ինչը հաջողությամբ պսակվեց։ Նրա երեք երեխաներն էլ այժմ Եհովայի մկրտված ծառաներ են։
19. Ինչպե՞ս կարող են ծնողներն ընդօրինակել Եհովային, երբ ընտանեկան ուսումնասիրություն են անցկացնում։
19 Սակայն բավական չէ ուսումնասիրության ընթացքում պարզապես սուրբգրային ինչ–որ նյութ քննարկելը։ Եհովան գերությունից վերադարձած իսրայելացիներին սովորեցնում էր քահանաների միջոցով, որոնք «բացատրութիւն տալով հասկացնում էին» Օրենքը (Նէեմիա 8։8)։ Մի հայր, որն օգնեց իր բոլոր յոթ երեխաներին սիրելու Եհովային, ընտանեկան ուսումնասիրությունից առաջ միշտ առանձնանում էր իր սենյակում, որպեսզի պատրաստվեր՝ հարմարեցնելով նյութը յուրաքանչյուր երեխայի կարիքներին։ Նա այնպես էր անում, որ ուսումնասիրությունը հաճելի լիներ երեխաներին։ Արդեն հասակ առած նրա որդիներից մեկը հիշում է. «Ուսումնասիրությունը միշտ հետաքրքիր ու հաճելի էր։ Եթե բակում գնդակով խաղալիս էինք լինում, և տնից մեզ կանչում էին ուսումնասիրության, մենք անմիջապես թողնում էինք գնդակը և վազում տուն։ Այդ երեկոն շաբաթվա ամենահաճելի երեկոներից էր»։
20. Երեխաների դաստիարակության գործում ի՞նչ հավանական պրոբլեմի մասին պետք է խոսվի հաջորդ հոդվածում։
20 Սաղմոսերգուն գոչեց. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը [«պարգեւն», Արևմտ. Աստ.]» (Սաղմոս 127։3)։ Երեխաներին հարկ եղած ձևով դաստիարակելը ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց դա կարող է հավիտենական կյանք նշանակել նրանց համար։ Ի՜նչ հրաշալի պարգև։ Թող որ, ուրեմն, մեր երեխաներին դաստիարակելիս մեծ պատրաստակամությամբ ընդօրինակենք Եհովային։ Սակայն, թեև ծնողներին վստահվել է ‘մեծացնելը [երեխաներին] Տիրոջ խրատով և ուսումով’, նրանց դաստիարակության մեջ հաջողության հասնելը երաշխավորված չէ (Եփեսացիս 6։4)։ Նույնիսկ լավագույն դաստիարակության դեպքում երեխան կարող է ըմբոստանալ և դադարել Եհովային ծառայելուց։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում։ Հաջորդ հոդվածի թեման հենց դա կլինի։
[ծանոթագրություն]
a Այս և հաջորդ հոդվածում բերված դեպքերը այնպիսի երկրներում են կատարվել, որոնց մշակույթը գուցե տարբերվում է ձերից։ Փորձեք նկատել դրանցում եղած սկզբունքները և կիրառեք՝ ձեր հասարակական միջավայրին համապատասխան։
Ի՞նչ կպատասխանեիք
• Ինչպե՞ս ծնողները կարող են ընդօրինակել Եհովայի սերը, որի մասին նկարագրված է Բ Օրինաց 32։11, 12–ում։
• Ի՞նչ սովորեցիք այն բանից, թե ինչպես էր Եհովան վերաբերվում իսրայելացիներին։
• Այն, թե ինչպես Եհովան ականջ դրեց Ղովտի խնդրանքին, ի՞նչ է մեզ սովորեցնում։
• Ի՞նչ սովորեցիք Եսայիա 28։24–29-ից երեխաներին դաստիարակելու վերաբերյալ։
[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Այն, թե ինչպես է Եհովան սովորեցնում իր ժողովրդին, Մովսեսը նմանեցրեց արծվի՝ իր ձագին սովորեցնելու կերպին
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ծնողները պետք է ժամանակ հատկացնեն երեխաներին
[նկար 12–րդ էջի վրա]
«Այդ երեկոն շաբաթվա ամենահաճելի երեկոներից էր»