Կքայլե՞ս Աստծու հետ
«Համեստությամբ քայլիր քո Աստծու հետ» (ՄԻՔԻԱ 6։8, ՆԱ)։
1, 2. Եհովայի զգացումները մեր հանդեպ ինչո՞ւ կարելի է համեմատել այն զգացումների հետ, որ ունենում է ծնողը, երբ իր երեխային քայլել է սովորեցնում։
ԻՐ ԵՐԵՐՈՒՆ ոտքերով՝ փոքրիկն առաջին անվստահ քայլերն է անում դեպի ծնողը, որը ձեռքերը պարզած՝ կանչում է նրան։ Կարող է թվալ, թե սա այնքան էլ նշանակալից իրադարձություն չէ։ Սակայն հոր և մոր համար այդ պահն անչափ կարևոր է։ Նրանք հույսով են լցվում ապագայի հանդեպ։ Ծնողներն անհամբերությամբ սկսում են սպասել այն օրվան, երբ իրենց երեխայի ձեռքը բռնած՝ կքայլեն, ու դա կանեն ամիսներ, տարիներ շարունակ։ Նրանք հույս ունեն, որ դեռ երկար ժամանակ բազմաթիվ հարցերում կառաջնորդեն ու կաջակցեն իրենց փոքրիկին։
2 Ահա այսպիսի զգացումներ ունի Եհովան իր երկրային երեխաների հանդեպ։ Մի առիթով իր ժողովրդի՝ Իսրայելի, կամ՝ Եփրեմի մասին նա ասել էր. «Ես ման ածեցի [«քալել սորվեցուցի», ԱԱ] Եփրեմին. նորանց բռնում էի իրանց բազուկներիցը.... Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով» (Ովսէէ 11։3, 4)։ Այս համարներում Եհովան իրեն համեմատում է սիրառատ ծնողի հետ, որն իր երեխային համբերությամբ քայլել է սովորեցնում, և երբ վերջինս ընկնում է, նա իր բազուկներով բռնում է նրան։ Եհովան, որ լավագույն Ծնողն է, փափագում է մեզ «քայլել սովորեցնել»։ Բացի այդ, նա մեծ ուրախությամբ քայլում է մեր կողքով՝ տեսնելով, թե ինչպես են մեր քայլերն ավելի ու ավելի հաստատուն դառնում։ Ինչպես ցույց է տալիս այս հոդվածի բնաբանը, մենք կարո՛ղ ենք քայլել Աստծու հետ (Միքիա 6։8, ԱԱ)։ Սակայն ի՞նչ է դա նշանակում։ Ինչո՞ւ ենք զգում դրա կարիքը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Եվ ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ՝ Աստծու հետ քայլելով։ Եկեք հերթով քննարկենք այս չորս հարցերը։
Ի՞նչ է նշանակում քայլել Աստծու հետ
3, 4. ա) Ինչո՞վ է ուշագրավ «քայլել Աստծու հետ» պատկերավոր արտահայտությունը։ բ) Ի՞նչ է նշանակում քայլել Աստծու հետ։
3 Ինչ խոսք, մսից ու արյունից կազմված մարդը չի կարող Եհովայի հետ քայլել բառի բուն իմաստով, քանի որ Աստված ոգեղեն անձնավորություն է (Ելից 33։20; Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ուստի մարդկանց առնչությամբ «Աստծու հետ քայլել» խոսքերը Աստվածաշնչում օգտագործվում են փոխաբերական իմաստով։ Դա մի պատկերավոր արտահայտություն է, որը հարազատ է բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և նույնիսկ ապրած ժամանակաշրջանից։ Ի վերջո, ո՞ր վայրում կամ ժամանակահատվածում ապրած մարդը ի վիճակի չէր լինի հասկանալ, թե ինչ է նշանակում քայլել որևէ մեկի հետ։ Այս պատկերավոր արտահայտությունը ջերմություն է փոխանցում։ Եվ այդ զգացումը որոշ չափով մեզ օգնում է պատկերացնել, թե ինչ է նշանակում քայլել Աստծու հետ։ Սակայն փորձենք ավելի կոնկրետ խոսել այդ մասին։
4 Հիշենք այնպիսի հավատարիմ մարդկանց, ինչպիսիք են Ենովքն ու Նոյը։ Ինչո՞ւ է Գրություններում ասվում, որ նրանք քայլել են Աստծու հետ (Ծննդոց 5։24; 6։9, ԱԱ)։ Աստվածաշնչում «քայլել» բառը հաճախ նշանակում է որոշակի ընթացք բռնել։ Ենովքն ու Նոյը կյանքում այնպիսի ընթացք էին բռնել, որը ներդաշնակ էր Եհովա Աստծու կամքին։ Ի տարբերություն իրենց շուրջ ապրող մարդկանց՝ նրանք առաջնորդության համար Եհովային էին դիմում և հետևում էին նրա ցույց տված ուղուն։ Այդ հավատարիմ անհատները վստահում էին Աստծուն։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Եհովան նրանց փոխարեն էր որոշումներ կայացնում։ Ո՛չ։ Աստված կամքի ազատություն է շնորհել մեզ և ցանկանում է, որ այդ պարգևն օգտագործենք՝ մեր բանականությունը գործի դնելով (Հռովմայեցիս 12։1, ԷԹ)։ Չնայած դրան՝ որոշումներ կայացնելիս մենք խոնարհաբար թույլ ենք տալիս, որ մեր բանականությունը ձևավորի Եհովան իր անհամեմատ ավելի վեհ խորհուրդներով (Առակաց 3։5, 6; Եսայիա 55։8, 9)։ Կարելի է ասել, որ կյանքի ճանապարհով մենք քայլում ենք Եհովայի ուղեկցությամբ։
5. Ինչո՞ւ էր Հիսուսը խոսում կյանքը կանգունով երկարացնելու մասին։
5 Շատ հաճախ Աստվածաշնչում կյանքը համեմատվում է ճանապարհորդության կամ քայլելու հետ։ Որոշ դեպքերում այս համեմատությունը արվում է ուղղակի իմաստով, որոշ դեպքերում էլ՝ փոխաբերական։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսն ասաց. «Ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ [«իր կյանքին», ՆԱ] մէկ կանգուն աւելացնել» (Մատթէոս 6։27)։ Այս խոսքերը կարող են հարց առաջացնել։ Ինչո՞ւ պետք է Հիսուսը խոսեր կյանքը կանգունով երկարացնելու մասին, այն դեպքում երբ «կանգունը» հեռավորություն չափելու միավոր է, մինչդեռ «կյանքը» ավելի շուտ չափվում է ժամանակով։ Հիսուսը, ամենայն հավանականությամբ, կյանքը համեմատում էր ճանապարհորդության հետ։ Այդ խոսքերով նա ուզում էր ասել, որ ընկնելով մտահոգությունների մեջ՝ մի ոտնաչափ անգամ չենք երկարացնի մեր կյանքի ճանապարհը։ Բայց տեղին կլինի՞ արդյոք եզրակացնել, թե մենք ոչինչ չենք կարող անել, որպեսզի հնարավորին չափ երկար քայլենք Աստծու հետ։ Ամենևի՛ն։ Սա հասկանալու համար հարկավոր է պատասխանել երկրորդ հարցին. ինչո՞ւ կարիք ունենք քայլելու Աստծու հետ։
Ինչո՞ւ է պետք քայլել Աստծու հետ
6, 7. Ինչի՞ կարիք ունեն անկատար մարդիկ, և ինչո՞ւ իմաստուն կլինի այդ կարիքը բավարարելու համար դիմել Եհովային։
6 Պատճառներից մեկը ներկայացվում է Երեմիա 10։23 համարում. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը [«քալուածքը», ԱԱ]»։ Այստեղից հետևում է, որ մենք՝ մարդ արարածներս, ո՛չ իրավունք ունենք ուղղելու մեր կյանքի ճանապարհը, ո՛չ էլ ունակություն։ Մենք առաջնորդություն ստանալու խիստ կարիք ենք զգում։ Նրանք, ովքեր ցանկանում են անկախանալ Աստծուց և քայլել իրենց ընտրած ճանապարհով, գործում են այն նույն սխալը, որը թույլ տվեցին Ադամն ու Եվան։ Առաջին մարդիկ իրենց վերագրեցին բարին ու չարը որոշելու իրավունքը (Ծննդոց 3։1–6)։ Բայց այդ իրավունքը պարզապես մեր «բանը չէ»։
7 Ամենայն հավանականությամբ, դու նույնպես զգում ես, որ կյանքի ճանապարհով ընթանալիս առաջնորդության կարիք ունես։ Ամեն օր մենք որոշումներ ենք կայացնում՝ կարևոր թե անկարևոր։ Երբեմն դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Բացի դրանից, այդ որոշումները կարող են անդրադառնալ մեր, ինչպես նաև մեր հարազատների ապագայի վրա։ Իսկ հիմա պատկերացնենք, որ մեզանից տարիքով անհամեմատ ավելի մեծ և անչափ իմաստուն մի անձնավորություն ուրախությամբ ու սիրով պատրաստ է մեզ առաջնորդություն տալ նման որոշումներ կայացնելիս։ Ցավոք, այսօր շատերը նախընտրում են ապավինել իրենց հասկացողությանը և սեփական իմաստությամբ առաջնորդվել կյանքում։ Նրանք հաշվի չեն առնում այն ճշմարտությունը, որն արձանագրված է Առակաց 28։26–ում. «Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի»։ Եհովան ցանկանում է, որ մենք ‘պրծնենք’ այն դժբախտություններից, որոնց կարող ենք բախվել մեր խորամանկ սրտին ապավինելու հետևանքով (Երեմիա 17։9)։ Նա կամենում է, որ մենք խոհեմությամբ քայլենք, վստահենք իրեն՝ մեր իմաստուն Առաջնորդին և Խրատողին։ Եվ եթե այդպես վարվենք, մեր կյանքի ճանապարհը կլինի ուրախ, բովանդակալից և ապահով։
8. Մեղքն ու անկատարությունը ո՞ւր են առաջնորդում մարդկանց, սակայն Եհովան ի՞նչ է նախատեսել մեզ համար։
8 Աստծու հետ պետք է քայլենք նաև մեկ ուրիշ պատճառով։ Մենք ցանկանում ենք, որ մեր ճանապարհը երկար տևի։ Աստվածաշունչը մի դառը ճշմարտություն է հայտնում. բոլոր անկատար մարդիկ ինչ–որ իմաստով «քայլում» են դեպի նույն վերջնակետը։ Ժողովող 12։5–ում ծեր մարդկանց դժվարությունների մասին ասվում է. «Մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը, եւ նշենին կ’ծաղկի, եւ մարախը կ’ծանրանայ, եւ ախորժակը կ’դադարէ. որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը. եւ դրսումը շրջապատում են լացողները»։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «յաւիտենական տունը»։ Դա գերեզմանն է, ուր ինքնաբերաբար ընկնում ենք մեղքի և անկատարության պատճառով (Հռովմայեցիս 6։23)։ Սակայն Եհովան չէր նախագծել ծնունդից մինչև մահ տանող այս ճանապարհը. մի ճանապարհ, որը կարճ է ու դժվարություններով լի (Յոբ 14։1)։ Միայն Աստծու հետ կարող ենք քայլել այնքան, որքան պետք է քայլենք. մենք ստեղծված ենք հավիտյան քայլելու հեռանկարով։ Թերևս հենց սա է քո ցանկությունը, այնպես չէ՞։ Պարզ է, ուրեմն, որ դու կարիք ունես քայլելու քո երկնային Հոր հետ։
Ինչպե՞ս կարող ենք քայլել Աստծու հետ
9. Ինչո՞ւ էր Եհովան երբեմն ‘ետ քաշվում’ իր ժողովրդից, սակայն համաձայն Եսայիա 30։20 խոսքի՝ ի՞նչ հավաստիացում է նա տալիս։
9 Մեզ հետաքրքրող հարցերից երրորդը հարկավոր է քննել ամենայն ուշադրությամբ։ Այդ հարցն է՝ ինչպե՞ս կարող ենք քայլել Աստծու հետ։ Պատասխանը գտնում ենք Եսայիա 30։20, 21 խոսքերում. «Քո ուսուցիչները [«Մեծ Խրատողը», ՆԱ] այլ եւս ետ չ[ի] քաշուելու, քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]։ Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք»։ Ինչպես երևում է 20–րդ համարից, Եհովան, այս քաջալերական խոսքերն ասելով, հիշեցնում էր իսրայելացիներին, որ եթե նրանք ըմբոստանան իր դեմ, նա ‘ետ կքաշվի’, այսինքն՝ կթաքնվի նրանցից (Եսայիա 1։15; 59։2)։ Այս համարներում, սակայն, Եհովան նկարագրվում է ոչ թե իբրև ինքն իրեն թաքցնող մի անձնավորություն, այլ իբրև մեկը, որը բացեիբաց կանգնած է իր հավատարիմ ծառաների առջև։ Սա հիշեցնում է մեզ այն մասին, թե ինչպես է ուսուցիչը կանգնում աշակերտների առջև և սովորեցնում այն, ինչ նրանց անհրաժեշտ է։
10. Ի՞նչ իմաստով է Մեծ Խրատողի ձայնը լսվում «քո ետեւիցը»։
10 21–րդ համարում մեկ այլ պատկերավոր արտահայտություն ենք գտնում։ Եհովան կարծես քայլում է իր ժողովրդի ետևից՝ ցույց տալով ճիշտ ճանապարհը։ Աստվածաշնչի վերլուծաբանները նշում են, որ այս արտահայտությունը կապ ունի այն բանի հետ, թե ինչպես է հովիվը երբեմն քայլում իր ոչխարների ետևից և ձայն տալիս նրանց՝ ճիշտ ճանապարհը ցույց տալու համար։ Իսկ ի՞նչ առնչություն ունի այս արտահայտությունը մեզ հետ։ Առաջնորդություն գտնելու համար մենք դիմում ենք Աստծու Խոսքին, մինչդեռ այնտեղ զետեղված մտքերը գրի են առնվել հազարավոր տարիներ առաջ։ Դրանք, այսպես ասած, հնչում են մեր ետևից՝ հեռավոր անցյալից։ Սակայն այսօր այդ խորհուրդները նույնքան կիրառելի են, որքան այն ժամանակ, երբ գրի են առնվել։ Աստվածաշնչի խորհուրդները կարող են օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել առօրյա կյանքում։ Դրանք կարող են ցույց տալ այն ուղին, որով կքայլենք տարիներ շարունակ (Սաղմոս 119։105)։ Եթե ջանադրաբար փնտրում ենք այդ խորհուրդները և կիրառում դրանք, Եհովան դառնում է մեր Առաջնորդը, իսկ մենք քայլում ենք նրա հետ։
11. Երեմիա 6։16–ում սիրտ ջերմացնող ի՞նչ օրինակ բերեց Եհովան իր ժողովրդին, բայց նրանք ինչպե՞ս արձագանքեցին։
11 Արդյոք մենք թո՞ւյլ ենք տալիս, որ Աստծու Խոսքը առաջնորդի մեզ բոլոր հարցերում։ Օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ անկեղծորեն ինքնաքննություն կատարել։ Քննարկենք մի աստվածաշնչյան համար, որը կօգնի մեզ այս հարցում։ «Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. եւ դուք հանգստութիւն կ’գտնէք ձեր հոգիների համար» (Երեմիա 6։16)։ Այս խոսքերն ընթերցելով՝ պատկերացնում ենք, թե ինչպես է ճանապարհորդը կանգ առնում խաչմերուկում և հարցնում ճիշտ ուղղությունը։ Հոգևոր առումով՝ Եհովայի ըմբոստ ժողովուրդը՝ Իսրայելը, այդպիսի մի բան պետք է աներ։ Նրանք պետք է գտնեին հետադարձ ուղին դեպի ‘վաղեմի ճանապարհներ’։ Իսրայելացիների աստվածավախ նախահայրերը քայլել էին ‘լավ ուղով’, որից Իսրայել ազգը անխոհեմաբար հեռացել էր։ Ցավոք, երբ Եհովան, սիրուց մղված, իսրայելացիներին տվեց այս հիշեցումը, նրանք համառություն ցուցաբերեցին։ «Նորանք ասում են՝ Չենք գնում»,— նշվում է վերոհիշյալ համարում։ Մեր օրերում, սակայն, Աստծու ժողովուրդը այլ կերպ արձագանքեց նրա այս խորհրդին։
12, 13. ա) Քրիստոսի օծյալ հետևորդները ինչպե՞ս արձագանքեցին Երեմիա 6։16–ում տրվող խորհրդին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե որ ճանապարհով ենք քայլում։
12 Քրիստոսի օծյալ հետևորդները սկսեցին կիրառել Երեմիա 6։16–ում տրվող խորհուրդը դեռևս 19–րդ դարի վերջից։ Նրանք խմբովի բռնեցին ‘վաղեմի ճանապարհներին’ վերադառնալու ուղին։ Ի տարբերություն հավատուրաց քրիստոնեական աշխարհի՝ նրանք հավատարմորեն հետևում են Հիսուսի թողած «ողջամիտ խօսքերի օրինակ[ին]», որն ընդունել էին առաջին դարի հավատարիմ քրիստոնյաները (Բ Տիմոթէոս 1։13)։ Առ այսօր օծյալներն օգնում են միմյանց, ինչպես նաև իրենց ուղեկիցներին՝ ‘ուրիշ ոչխարներին’, քայլելու կյանքի երջանկաբեր ուղով, որից հրաժարվել է քրիստոնեական աշխարհը (Յովհաննէս 10։16)։
13 Ճիշտ ժամանակին հոգևոր սնունդ մատակարարելով՝ հավատարիմ ծառա դասակարգը օգնել է միլիոնավոր մարդկանց գտնել ‘վաղեմի ճանապարհները’ և քայլել Աստծու հետ (Մատթէոս 24։45–47)։ Իսկ դու այդ միլիոնավորների թվո՞ւմ ես։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել, որպեսզի չշեղվես այդ ուղուց և չսկսես ապրել քո ձևով։ Իմաստուն կլինի, որ պարբերաբար ստուգես, թե կյանքում ինչ ճանապարհով ես ընթանում։ Եթե հավատարմորեն կարդում ես Աստվածաշունչն ու աստվածաշնչյան գրականությունը, ինչպես նաև մասնակցում ես օծյալների կողմից կազմակերպվող ուսումնական ծրագրերին, կարելի է ասել, որ սովորում ես քայլել Աստծու հետ։ Եվ եթե խոնարհաբար կիրառում ես քեզ տրվող խորհուրդները, ուրեմն իրոք քայլում ես Եհովայի հետ ‘վաղեմի ճանապարհներով’։
Քայլիր «Անտեսանելուն տեսնողի պէս»
14. Որոշումներ կայացնելիս ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովան իրական է մեզ համար։
14 Որպեսզի կարողանանք քայլել Եհովայի հետ, նա պետք է իրական լինի մեզ համար։ Հիշենք. Եհովան հավատարիմ իսրայելացիներին հավաստիացրել էր, որ ‘ետ չի քաշվի’ նրանցից։ Նույնը և այսօր. նա՝ որպես Մեծ Խրատող, բացեիբաց կանգնում է իր ժողովրդի առջև։ Արդյո՞ք Եհովան այնքան իրական է քեզ համար, որ կարծես, քո առջև կանգնած, ուսուցանում է քեզ։ Ահա այսպիսի հավատ պետք է ունենանք, եթե ուզում ենք քայլել Աստծու հետ։ Նման հավատ ուներ Մովսեսը, քանզի «համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27)։ Եթե Եհովան իրական է մեզ համար, ապա որոշումներ կայացնելիս հաշվի կառնենք նրա զգացմունքները։ Օրինակ՝ մեր մտքով անգամ չի անցնի մեղք գործել և ապա այն թաքցնել քրիստոնյա երեցներից կամ մեր ընտանիքի անդամներից։ Մենք ձգտում ենք քայլել Աստծու հետ, նույնիսկ երբ ոչ ոք մեզ չի տեսնում։ Դավիթ թագավորի նման՝ մենք նույնպես վճռել ենք հետևյալը. «Իմ սրտի անմեղութիւնովը կ’գնամ իմ տան մէջ» (Սաղմոս 101։2)։
15. Մեր քրիստոնյա հավատակիցների հետ հաղորդակցվելու շնորհիվ Եհովան ինչպե՞ս կարող է իրական դառնալ մեզ համար։
15 Եհովան հասկանում է, որ մենք անկատար, հողածին էակներ ենք և երբեմն դժվարությամբ ենք հավատում այն բաներին, որոնք չենք կարող տեսնել (Սաղմոս 103։14)։ Եվ նա մեծապես օգնում է մեզ հաղթահարելու այդ խնդիրը։ Ահա թե ինչպես։ Մեր օրերում Աստված երկրի բոլոր ազգերից հավաքել է մի ‘ժողովուրդ իր անունի համար’ (Գործք 15։14)։ Միասնաբար ծառայելով՝ մենք ուժ ենք տալիս միմյանց։ Երբ լսում ենք, թե ինչպես է Եհովան օգնել մեր հոգևոր եղբայրներին և քույրերին հաղթահարելու իրենց թերությունները կամ անցնելու դժվար փորձությունների միջով, նա է՛լ ավելի իրական է դառնում մեզ համար (Ա Պետրոս 5։9)։
16. Հիսուսի մասին սովորելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ քայլել Աստծու հետ։
16 Իսկ որ ամենակարևորն է, Եհովան մեզ թողել է իր Որդու օրինակը։ Հիսուսն ասել էր. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Յովհաննէս 14։6)։ Հիսուսի երկրային կյանքի ուղին ուսումնասիրելը լավագույն միջոցներից մեկն է, որի օգնությամբ Եհովան մեզ համար ավելի իրական է դառնում։ Իր բոլոր խոսքերով և գործերով Հիսուսը կատարելապես արտացոլել է իր երկնային Հոր անձնավորությունն ու գործելակերպը (Յովհաննէս 14։9)։ Ուստի որոշումներ կայացնելիս մենք պետք է խորհենք, թե ինչպես կվարվեր Հիսուսը։ Եվ եթե խորհենք այդ մասին ու աղոթենք, ապա կլինենք Հիսուսի իսկական հետևորդները (Ա Պետրոս 2։21)։ Այդպես վարվելով՝ մենք կքայլենք Աստծու հետ։
Ի՞նչ օրհնություններ կստանանք
17. Ի՞նչ իմաստով «հանգստութիւն» կգտնենք մեր հոգիների համար, եթե քայլենք Եհովայի ճանապարհով։
17 Եհովա Աստծու հետ քայլելով՝ կյանքում բազմաթիվ օրհնություններ կվայելենք։ Հիշենք, թե ինչ խոստացավ Եհովան իր ժողովրդին ‘լավ ուղով’ քայլելու վերաբերյալ։ Նա ասաց. «Գնացէք նորանով. եւ դուք հանգստութիւն կ’գտնէք ձեր հոգիների համար» (Երեմիա 6։16)։ Ի՞նչ իմաստով է այստեղ օգտագործվում «հանգստութիւն» բառը։ Արդյո՞ք այն ցույց է տալիս, թե հաճույքներով լի կյանք կվարենք՝ ապրելով ճոխության մեջ։ Ո՛չ։ Եհովան անհամեմատ ավելի լավ բան է խոստանում. մի բան, որ չունեն նույնիսկ ամենահարուստ մարդիկ։ ‘Հանգստություն գտնել’ նշանակում է վայելել ուրախություն, բավականություն, ներքին խաղաղություն ու հոգևոր բավարարվածություն, նաև ունենալ վստահություն այն բանի հանդեպ, որ ընտրել ենք կյանքի լավագույն ուղին։ Այսպիսի ներքին խաղաղությունը հազվագյուտ բան է խնդիրներով լի այս աշխարհում։
18. Ի՞նչ օրհնություն է Եհովան նախապատրաստել քեզ համար, և ինչպիսի՞ն է քո վճիռը։
18 Ինչ խոսք, կյանքը ինքնին մեծ օրհնություն է։ Ու թեև շատ ավելի լավ է կարճ ժամանակով վայելել կյանքը, քան թե ընդհանրապես չվայելել այն, Եհովան երբեք նպատակ չի ունեցել, որ մարդը կարճ ուղի անցնի՝ երիտասարդական եռուն տարիքից մինչև ծերության դառը օրերը։ Եհովան ցանկանում է, որ դու ստանաս մեծագույն օրհնությունը։ Նա ուզում է, որ իր հետ հավիտյան քայլես։ Հենց այս միտքն է ընդգծվում Միքիա 4։5–ում. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր Աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից»։ Ցանկանո՞ւմ ես այդպիսի օրհնություն վայելել։ Ուզո՞ւմ ես ժառանգել այն, ինչ Եհովան անվանում է ‘ճշմարիտ կյանք’ (Ա Տիմոթէոս 6։19, ԱՆԹ)։ Այդ դեպքում հաստատապես վճռիր քայլել Եհովայի հետ այսօր, վաղը, մյուս օրը՝ ողջ հավիտենության ընթացքում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է նշանակում քայլել Աստծու հետ։
• Ինչո՞ւ ես դու զգում Աստծու հետ քայլելու կարիքը։
• Ի՞նչը կօգնի քեզ քայլել Աստծու հետ։
• Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր քայլում են Աստծու հետ։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Աստվածաշնչի օգնությամբ մեր ետևից լսում ենք Եհովայի ձայնը. «Սա է ճանապարհը»
[նկար 25–րդ էջի վրա]
Ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակուրը ստանում ենք ժողովի հանդիպումներին