-
Ո՞վ է սահմանել Տիեզերքի կանոնները2011 Դիտարան | հուլիս 1
-
-
1. Տիեզերքը անփոփո՞խ է
Արիստոտելը կարծում էր, որ երկնային ոլորտները անփոփոխ են։ Այն ոլորտը, որն իրենց տեղերում է պահում աստղերը, ինչպեսև մյուս ոլորտները ո՛չ կարող են սեղմվել, ո՛չ էլ ընդարձակվել։
Արդյոք Աստվածաշնչի տեսակետը ներդաշնա՞կ է վերը նշվածին։ Ո՛չ։ Թեև նա այս հարցին ուղղակիորեն չի պատասխանում, այդուհանդերձ հետաքրքիր նկարագրություն է տալիս. «Նա է, որ բնակվում է երկրի շրջանից վերև, որի բնակիչները մորեխների պես են, Նա է, որ երկինքը տարածում է շղարշի պես և բացում է այն, ինչպես բնակելի վրանը» (Եսայիա 40։22)a։
Մեր օրերում ի՞նչ է փաստվել՝ Արիստոտելի մոդե՞լն է ճիշտ, թե՞ Աստվածաշնչի նկարագրությունը։ Ի՞նչ են ցույց տալիս ժամանակակից տիեզերագիտության ուսումնասիրությունները։ 20-րդ դարում աստղագետները ապշեցին, երբ իմացան, որ Տիեզերքն ընդարձակվում է, այսինքն՝ գալակտիկաներն արագորեն հեռանում են իրարից։ Թերևս գիտնականներից շատ քչերի մտքով է անցել, որ Տիեզերքը կարող է ընդարձակվել, բայց այսօր տիեզերաբաններն այն կարծիքին են, որ Տիեզերքը սկզբում եղել է շատ սեղմ վիճակում, իսկ հետագայում ընդարձակվել է, և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Փաստորեն, գիտությունը Արիստոտելի ստեղծած մոդելը հնացած է համարում։
Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր Եսայիա մարգարեն հետաքրքրությամբ նայում դեպի վեր՝ աստղազարդ երկնքին, և նմանեցնում այն բացված վրանիb։ Իսկ անծայրածիր մթության մեջ փռված Ծիր Կաթինը թերևս նրան «շղարշ» էր հիշեցնում։
Եսայիայի խոսքերը օգնում են մեզ մտովի պատկերացնելու աստվածաշնչյան օրերի վրանը. չբացված վիճակում այն ընդամենը մի փոքր կապոց է։ Սակայն երբ բացում են այն ու կանգնեցնում ցցերի վրա, դառնում է մեծ բնակելի վրան։ Պատկերացնենք նաև կտորեղեն վաճառողի, որը գնորդի առջև բացում է շղարշի թոփը, որպեսզի վերջինս ստուգի որակը։ Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ փոքր բանը, որը սեղմված է, բացվում է և ընդարձակվում։
Ինչ խոսք, մենք չենք ուզում ասել, որ Աստվածաշնչում բանաստեղծական ոճով տրված վրանի ու շղարշի նկարագրությունը բացատրում է, որ Տիեզերքը հենց այդպես է ընդարձակվում։ Սակայն մի՞թե ապշեցուցիչ չէ այն, որ Տիեզերքի այս նկարագրությունը այդքան համահունչ է ժամանակակից գիտությանը։ Եսայիան ապրել է Արիստոտելից ավելի քան երեք դար առաջ, և հազարավոր տարիներ այն բանից առաջ, երբ գիտությունը այս թեմայի վերաբերյալ համոզիչ փաստեր ներկայացրեց։ Սակայն, ի տարբերություն Արիստոտելի ստեղծած հայտնի մոդելի, այս խոնարհ հրեա մարգարեի բերած նկարագրությունը վերանայման կարիք չունի։
-
-
Ո՞վ է սահմանել Տիեզերքի կանոնները2011 Դիտարան | հուլիս 1
-
-
a Ուշագրավ է, որ Աստվածաշունչը Երկիրը կոչում է շրջան, կամ, ինչպես այդ եբրայերեն բառի նշանակություններից մեկն է, գունդ։ Արիստոտելը և անտիկ շրջանի մյուս հույն փիլիսոփաները կարծում էին, որ Երկիրը գնդաձև է, սակայն այս հարցը հազարամյակներ շարունակ բանավեճի առարկա էր մնում։
-