«Նա հոգնածին ուժ է տալիս»
2018 թ. տարվա խոսքն է՝ «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը» (ԵՍ. 40։31)։
1. Ի՞նչ նեղություններ ունենք շատերս, սակայն ի՞նչն է Եհովային ուրախություն պատճառում (տես հոդվածի սկզբի նկարները)։
ԱՅՍ համակարգում կյանքը զերծ չէ նեղություններից ու դժվարություններից։ Օրինակ՝ շատերդ, մեր սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, լուրջ հիվանդություններ ունեք։ Ձեզանից ոմանք հոգ են տանում իրենց տարեց հարազատներին, չնայած որ իրենք էլ արդեն վաղուց երիտասարդ չեն։ Ուրիշներն էլ ծանր աշխատում են ոչ թե շքեղ կյանքով ապրելու, այլ ընտանիքին ամենաանհրաժեշտ բաներով ապահովելու համար։ Շատերդ էլ ոչ թե այսպիսի մեկ խնդիր ունեք, այլ միանգամից մի քանի խնդրի դեմ եք պայքարում։ Ինչ խոսք, դա ձեզանից շատ ժամանակ և էմոցիոնալ ուժեր է խլում, էլ չենք խոսում ֆինանսական ծախսերի մասին։ Չնայած այս ամենին՝ դուք լիովին վստահ եք, որ Աստծու խոստումները կիրականանան։ Լավ ապագա ունենալու ձեր հավատն անսասան է։ Որքա՜ն է դա ուրախացնում Եհովային։
2. Ինչպե՞ս է մեզ քաջալերում Եսայիա 40։29-ը, սակայն քրիստոնյան ի՞նչ լուրջ սխալ կարող է գործել։
2 Երբեմն գուցե թվա, թե կյանքի խնդիրները մինչև վերջ քամել են ուժերդ։ Եթե քեզ այդպես ես զգում, հիշիր, որ դու մենակ չես։ Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, անցյալում ապրած հավատարիմ մարդկանց կյանքում էլ եղել են պահեր, երբ մտածել են, որ այլևս ուժ չունեն դիմանալու (1 Թագ. 19։4; Հոբ 7։7)։ Սակայն հանձնվելու փոխարեն՝ նրանք Եհովայից զորություն են խնդրել։ Նրանք հուսախաբ չեն եղել, քանի որ մեր Աստված «հոգնածին ուժ է տալիս» (Ես. 40։29)։ Ցավալի է, որ մեր օրերում Աստծու ծառաներից ոմանք մտածել են, թե կյանքի հոգսերից թեթևանալու համար ավելի լավ է թողնել ճշմարտությունը և «հանգիստ առնել», ասես քրիստոնեական գործունեությունը բեռ է, ոչ թե օրհնություն։ Ուստի նրանք դադարել են կարդալ Աստվածաշունչը, հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել քարոզչական ծառայությանը, ինչը Սատանայի սրտով է։
3. ա) Ինչպե՞ս կարող ենք խափանել Սատանայի՝ մեզ թուլացնելու նպատակը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Սատանան գիտի, որ եթե մենք լիովին զբաղված լինենք քրիստոնեական գործունեությամբ, դա կզորացնի մեզ։ Նա չի ուզում, որ մենք ուժեղ լինենք։ Ուստի երբ զգում ես, որ ֆիզիկական և էմոցիոնալ ուժերդ սպառվում են, քեզ մի՛ հեռացրու Եհովայից։ Ընդհակառակը՝ ավելի մոտեցիր նրան, և նա «հաստատուն կդարձնի.... ու կզորացնի» քեզ (1 Պետ. 5։10; Հակ. 4։8)։ Այս հոդվածում կքննարկենք երկու իրավիճակ, որոնք կարող են թուլացնել ծառայության մեջ մեր եռանդը, և կիմանանք, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարելու դրանք։ Բայց նախ տեսնենք, թե ինչու ենք վստահ, որ Եհովան կարո՛ղ է զորացնել մեզ, ինչպես որ ցույց են տալիս Եսայիա 40։26–31 համարները։
ԵՀՈՎԱՅԻՆ ՀՈՒՍԱՑՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԸ
4. Ի՞նչ ենք սովորում Եսայիա 40։26-ից։
4 Կարդա Եսայիա 40։26։ Ոչ մի մարդ չի կարողացել հաշվել բոլոր աստղերը։ Գիտնականներն այն կարծիքին են, որ միայն մեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում կա մինչև 400 միլիարդ աստղ։ Սակայն Եհովան յուրաքանչյուրին անունով է կոչում։ Ի՞նչ ենք սովորում սրանից։ Եթե Եհովան հետաքրքրված է իր անշունչ ստեղծագործություններով, ապա պատկերացրու, թե նա ինչ է զգում քո՛ հանդեպ՝ տեսնելով, որ սիրուց մղված ես ծառայում իրեն, ոչ թե ռոբոտի պես, որը ծրագրված է՝ այս կամ այն բանն անելու (Սաղ. 19։1, 3, 14)։ Չկա մի բան, որ մեր սիրելի Հայրը չիմանա քո մասին։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է» (Մատթ. 10։30)։ Իսկ սաղմոսերգուն վստահեցնում է մեզ. «Եհովան գիտի անարատների օրերը» (Սաղ. 37։18)։ Այո՛, նա տեսնում է, թե ամեն օր ինչ փորձությունների միջով ես անցնում, և կարող է քեզ ուժ տալ, որ դիմանաս ամեն նեղության։
5. Ինչո՞ւ ենք վստահ, որ Եհովան կարող է զորացնել մեզ։
5 Կարդա Եսայիա 40։28։ Եհովան անսպառ զորության Աղբյուր է։ Օրինակ՝ նկատի առ, թե ինչ ահռելի էներգիա է նա հաղորդել Արեգակին։ Գիտնական-գրող Դեյվիդ Բոդանիսը նշում է. «Արեգակից ամեն վայրկյան անջատվում է այնքան էներգիա, որքան կառաջանար միլիարդավոր ատոմային ռումբերի պայթյունից»։ Իսկ մեկ ուրիշ մասնագետի հաշվարկներով՝ «արևը ամեն վայրկյան այնքան էներգիա է ճառագայթում, որը 200 000 տարի բավարար կլիներ մարդկանց համար»։ Մի՞թե այն Անձնավորությունը, որը «վառելանյութով» է ապահովում արևին, չի կարող մեզ այնքան զորություն տալ, որ կարողանանք հաղթահարել մեր խնդիրները։
6. Հիսուսի լուծը ի՞նչ իմաստով է հարմար, և դա գիտակցելը մեզ ի՞նչ անելու է մղում։
6 Կարդա Եսայիա 40։29։ Եհովային ծառայելը մեծ ուրախություն է բերում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»։ Իսկ ի՞նչ կլիներ դրա արդյունքը։ Նա ավելացրեց. «Թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։28–30)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Երբեմն մենք շատ հոգնած ենք լինում, երբ պետք է դուրս գանք տնից և գնանք ժողովի հանդիպման կամ քարոզչական ծառայության։ Բայց մեզ ինչպե՞ս ենք զգում տուն վերադառնալիս։ Թարմացած և զորացած, պատրաստ հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Հիսուսի լուծը իսկապես որ հարմար է։
7. Պատմիր մի դեպք, որը փաստում է Մատթեոս 11։28–30 համարներում գրված խոսքերի ճշմարտացիությունը։
7 Մի քույր, ում մենք կանվանենք Քեյլա, մի քանի հիվանդություն ունի։ Նա պայքարում է քրոնիկական հոգնածության համախտանիշի, դեպրեսիայի և միգրենի դեմ։ Երբեմն նրա համար շատ դժվար է գնալ ժողովի հանդիպումներին։ Բայց մի անգամ, երբ նա, մեծ ջանքեր գործադրելով, ներկա եղավ հանրային հանդիպմանը և լսեց ելույթը, այսպիսի խոսքեր գրեց. «Ելույթը վհատության մասին էր։ Եղբայրը այնպիսի նրբանկատությամբ և հոգատարությամբ ներկայացրեց այն, որ աչքերս լցվեցին։ Դա ինձ հիշեցրեց, որ ժողովը այն վայրն է, որտեղ ես պետք է լինեմ»։ Նա անչափ ուրախ էր, որ կարողացել էր ներկա լինել այդ հանդիպմանը։
8, 9. Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ գրելով. «Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր»։
8 Կարդա Եսայիա 40։30։ Անկախ այն բանից, թե ինչ որակներ կամ հմտություններ ունենք՝ ամեն ինչ չէ, որ կարող ենք մեր ուժերով անել։ Սա բոլորիս համար լավ հիշեցում է։ Պողոս առաքյալն էլ, շնորհալի և ընդունակ լինելով հանդերձ, ուներ սահմանափակումներ, որոնք իրեն թույլ չէին տալիս անել այն ամենը, ինչ ուզում էր։ Երբ նա իր մտահոգությունը հայտնեց Աստծուն, վերջինս նրան պատասխանեց. «Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Ըմբռնելով այս խոսքերի իմաստը՝ Պողոսը գրեց. «Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթ. 12։7–10)։ Նա ի՞նչ նկատի ուներ։
9 Պողոսը գիտակցում էր, որ առանց զորության գերագույն Աղբյուրի՝ ինքը շատ բան չէր կարող անել։ Աստված իր սուրբ ոգով կարող էր Պողոսի զորության պակասը լրացնել։ Ավելին՝ այդ ոգին կարող էր Պողոսին ուժ տալ անելու այնպիսի բաներ, որ իր ուժերով երբեք չէր կարողանա անել։ Նույնն է նաև մեր պարագան։ Եթե մեր զորությունը Եհովայից է գալիս, ապա մենք իսկապես ուժեղ կլինենք։
10. Եհովան ինչպե՞ս է օգնել Դավթին դիմակայելու իր խնդիրներին։
10 Սաղմոսերգու Դավիթը հաճախ էր զգում Աստծու սուրբ ոգու զորությունը։ Նա գրեց. «Քո օգնությամբ ես կարող եմ հրոսակախմբին ընդդեմ վազել, իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել» (Սաղ. 18։29)։ Որոշ խնդիրներ նման են պարսպի, որը մեր ուժերով չենք կարող մագլցել։ Մենք Եհովայի օգնության կարիքն ունենք։
11. Սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարելու մեր խնդիրները։
11 Կարդա Եսայիա 40։31։ Արծիվը միայն իր ուժերով չէ, որ երկար տարածություններ է թռչում ու երկնքում սավառնում։ Օդի տաք հոսանքները նրան վեր են բարձրացնում, և նա խնայում է իր ուժերը։ Երբ դժվարության առաջ ես կանգնում, հիշիր արծվի օրինակը։ Խնդրիր Եհովային, որ «օգնականի՝ սուրբ ոգու» միջոցով քեզ «վեր բարձրացնի» (Հովհ. 14։26)։ Երբ էլ որ պետք լինի՝ օրը 24 ժամ, այդ ոգին մատչելի է մեզ։ Մենք Աստծու օգնության կարիքն ունենք հատկապես այն ժամանակ, երբ մեր ու ժողովի անդամներից որևէ մեկի միջև տարաձայնություններ են լինում։ Իսկ ինչո՞ւ են դրանք առաջանում։
12, 13. ա) Ինչո՞ւ են քրիստոնյաների միջև տարաձայնություններ առաջանում։ բ) Հովսեփին պատահած դեպքից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
12 Քանի որ բոլոր մարդիկ անկատար են, երբեմն նրանց միջև տարաձայնություններ են առաջանում։ Ուստի հնարավոր է՝ լինեն պահեր, երբ մեր հավատակիցները իրենց խոսքերով կամ արարքներով նյարդայնացնեն մեզ, կամ էլ մենք զայրացնենք նրանց։ Դա կարող է լուրջ փորձություն դառնալ։ Ինչպես մյուս փորձությունների ժամանակ, այս դեպքում էլ Եհովան թույլ է տալիս, որ փաստենք մեր հավատարմությունը։ Դա անելու համար պետք է սովորենք համերաշխորեն ծառայել աստվածանվեր տղամարդկանց ու կանանց հետ, որոնց Եհովան սիրում է՝ չնայած նրանց անկատարությանը։
13 Եհովան թույլ է տալիս, որ իր ծառաները փորձվեն։ Դա կարող ենք տեսնել Հովսեփին պատահած դեպքից։ Նախանձից դրդված՝ պատանի Հովսեփի եղբայրները նրան վաճառեցին ստրկության, և նա հայտնվեց Եգիպտոսում (Ծննդ. 37։28)։ Աստված այդ ամենը տեսնում էր։ Նա անշուշտ ցավ էր զգում՝ նայելով, թե ինչպես են վերաբերվում իր ընկերոջը՝ արդար Հովսեփին։ Սակայն նա չմիջամտեց։ Հետագայում, երբ Հովսեփին անարդարացիորեն մեղադրեցին Պետափրեսի կնոջ բռնաբարության մեջ և բանտարկեցին, Եհովան դարձյալ չմիջամտեց։ Բայց արդյո՞ք նա թողել էր Հովսեփին։ Բոլորովի՛ն։ «Ամեն ինչ, որ [Հովսեփն] անում էր, Եհովան հաջողեցնում էր» (Ծննդ. 39։21–23)։
14. Բարկությունը զսպելով՝ հոգևոր և ֆիզիկական ի՞նչ օգուտներ կստանանք։
14 Այժմ քննենք Դավիթ թագավորի օրինակը։ Շատ չեն այն մարդիկ, ովքեր այնպիսի վատ վերաբերմունք են տեսել, ինչպիսին որ նա։ Սակայն Աստծու այս ընկերը թույլ չտվեց, որ վիրավորանքը մաշի իր հոգին։ Նա հետևյալը գրեց. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր, մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես» (Սաղ. 37։8)։ Բարկությունը զսպելու գլխավոր պատճառն այն է, որ մենք ուզում ենք ընդօրինակել Եհովային, ով «մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ» (Սաղ. 103։10)։ Սակայն բարկությունը զսպելը նաև օգտակար է։ Զայրույթը վատ է անդրադառնում առողջության վրա. բարձրանում է արյան ճնշումը, և շնչառական խնդիրներ են առաջանում։ Այն կարող է ազդել լյարդի ու ենթաստամոքսային գեղձի վրա և մարսողական խնդիրներ առաջ բերել։ Բարկությամբ բորբոքված մարդը առողջ չի դատում։ Բացի այդ, զայրույթի պոռթկումից հետո երբեմն երկարատև ընկճվածություն է առաջանում։ Իսկ «հանդարտ սիրտը», ինչպես Աստվածաշունչն է ասում, «կյանք է մարմնի համար» (Առակ. 14։30)։ Ուրեմն ինչպե՞ս վարվենք, երբ մեր եղբայրը վիրավորում է մեզ, և ինչպե՞ս շահենք նրան։ Այս հարցում մեզ կօգնի Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները կիրառելը։
ԵՐԲ ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ ԵՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ
15, 16. Ինչպե՞ս վարվենք, եթե մեր եղբայրը վիրավորել է մեզ։
15 Կարդա Եփեսացիներ 4։26։ Մենք չենք զարմանում, երբ աշխարհը մեզ վատ է վերաբերվում։ Սակայն երբ մեզ վիրավորում է հավատակիցը կամ մեր ընտանիքի անդամը, մենք հիասթափություն ենք ապրում։ Ենթադրենք՝ չենք կարողանում մոռանալ պատահածը։ Թույլ կտա՞նք, որ վիրավորանքի զգացումը տարիներ շարունակ տանջի մեզ։ Թե՞ կհետևենք Աստվածաշնչի իմաստուն խորհրդին և խնդիրը արագ կհարթենք։ Որքան հետաձգենք խնդրի լուծումը, այնքան ավելի դժվար կլինի հաշտվել մեր եղբոր հետ։
16 Պատկերացրու՝ մի եղբայր վիրավորել է քեզ, և դու չես կարողանում անտեսել դա։ Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել խաղաղություն հաստատելու համար։ Նախ՝ անկեղծորեն աղոթիր Եհովային։ Խնդրիր նրան, որ օգնի՝ ճիշտ ձևով խոսես եղբորդ հետ։ Հիշիր, որ եղբայրդ նույնպես Եհովայի ընկերն է (Սաղ. 25։14)։ Աստված սիրում է նրան։ Եհովան բարի է իր ընկերների հանդեպ։ Նա ակնկալում է, որ մենք էլ նույն ձևով կվերաբերվենք նրանց և ոչ պակաս (Առակ. 15։23; Մատթ. 7։12; Կող. 4։6)։ Հետո՝ մտածիր, թե ինչ ես խոսելու եղբորդ հետ։ Մի՛ ենթադրիր, թե նա դիտմամբ է վիրավորել քեզ. կասկածի տակ մի՛ դիր նրա մղումները։ Նաև պատրաստ եղիր ընդունելու, որ թերևս դու էլ ես ինչ-որ կերպ նպաստել այդ իրավիճակին։ Օրինակ՝ կարող ես ասել հետևյալը. «Հնարավոր է՝ ես չափից շատ զգայուն եմ։ Երբ երեկ խոսեցիր ինձ հետ, ինձ թվաց, թե...»։ Եթե ձեր զրույցը ցանկալի արդյունքներ չբերի, դարձյալ առիթ փնտրիր խաղաղություն հաստատելու։ Այդ ընթացքում աղոթիր եղբորդ համար, խնդրիր Եհովային, որ օրհնի նրան։ Նաև խնդրիր, որ օգնի քեզ կենտրոնանալ նրա լավ հատկությունների վրա։ Ինչպիսին էլ լինի վերջնական արդյունքը, վստահ եղիր, որ Եհովան ուրախանում է՝ տեսնելով, որ անկեղծ ջանքեր ես թափում շահելու քո եղբորը՝ Աստծու ընկերոջը։
ԵՐԲ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ ՏԱՆՋՈՒՄ Է ՄԵԶ
17. Եհովան ինչպե՞ս է օգնում իր ծառաներին, որոնք մեղք են գործել, և ինչո՞ւ պետք է օգտվենք նրա տրամադրած օգնությունից։
17 Ոմանք անցյալում գործած լուրջ մեղքի պատճառով իրենց անարժան են համարում Եհովային ծառայելու։ Մեղավորության զգացումը անգութ տիրակալ է։ Ահա թե ինչ գրեց Դավիթ թագավորը, որին տանջում էր մեղավորության զգացումը. «Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց, որովհետև օր ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա»։ Սակայն Դավիթը վերջ դրեց այս խնդրին։ Նա վարվեց այնպես, ինչպես հոգևոր մարդը կվարվեր։ «Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ.... Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը»,— գրեց նա (Սաղ. 32։3–5)։ Եթե լուրջ մեղք ես գործել, հիշիր՝ Եհովան պատրաստ է օգնել քեզ հոգևորապես ապաքինվելու։ Բայց պետք է ընդունես այն օգնությունը, որ նա տրամադրում է ժողովի միջոցով (Առակ. 24։16; Հակ. 5։13–15)։ Ուստի մի՛ հետաձգիր. քո հավիտենական ապագան է վտանգված։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քո մեղքը վաղուց ներվել է, բայց քո խիղճը դեռ տանջում է։
18. Պողոսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել այն մարդկանց, ովքեր պայքարում են անարժեքության զգացումի դեմ։
18 Եղել են ժամանակներ, երբ Պողոս առաքյալն էլ տանջվել է անցյալում գործած իր սխալների պատճառով։ Նա գրեց. «Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի Աստծու ժողովը»։ Ապա ավելացրեց. «Սակայն Աստծու անզուգական բարությամբ ես այն եմ, ինչ որ կամ» (1 Կորնթ. 15։9, 10)։ Չնայած Պողոսի գործած սխալներին, որոնց համար նա զղջացել էր՝ Եհովան նրան արժանի էր համարում առաքյալ լինելու։ Աստված ակնկալում էր, որ Պողոսը կգիտակցեր դա։ Եթե անկեղծորեն զղջում ես անցյալում գործած մեղքերիդ համար և, ինչպես հարկն է, խոստովանել ես դրանք, կարող ես վստահ լինել, որ Եհովան գթառատ կլինի քո հանդեպ։ Ուստի հավատա Եհովայի խոսքին և ընդունիր այն փաստը, որ նա ներել է քեզ (Ես. 55։6, 7)։
19. Ո՞րն է այս տարվա խոսքը, և ինչո՞ւ է այն տեղին ընտրված։
19 Մինչ այս աշխարհը մոտենում է իր վախճանին, պետք է ակնկալենք, որ կյանքը է՛լ ավելի դժվար կդառնա։ Սակայն վստահ եղիր, որ նա, ով «հոգնածին ուժ է տալիս և ուժ չունեցողին՝ մեծ զորություն», քեզ կտա ամեն անհրաժեշտ բան, որ դիմանաս (Ես. 40։29; Սաղ. 55։22; 68։19)։ 2018 թվականի ընթացքում ամեն անգամ, երբ գանք ժողովի հանդիպման, կհիշենք այս կարևոր ճշմարտությունը։ Այն ամփոփված է այս տարվա խոսքում՝ փակցված Թագավորության սրահում. «Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը» (Ես. 40։31)։