Ընդօրինակենք Եհովային՝ քաջալերություն տվող Աստծուն
«Օրհնյալ լինի.... Աստված, որը քաջալերում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 ԿՈՐՆԹ. 1։3, 4, ծնթ.)։a
1. Եդեմում բարձրացված ապստամբությունից հետո Եհովան ի՞նչ քաջալերական մարգարեություն տվեց։
ԱՅՆ ժամանակվանից ի վեր, երբ մարդկությունը բռնեց մեղքի ուղին, Եհովան միշտ փաստել է, որ քաջալերություն տվող Աստված է։ Եդեմում բարձրացված ապստամբությունից անմիջապես հետո նա Ադամի ապագա հետնորդներին սրտապնդվելու հիմք տվեց։ Ամեն ինչ կորած չէր։ Ծննդոց 3։15-ում գրված մարգարեական խոստումը մարդկությանը հույս տվեց, որ «առաջին օձը»՝ Բանսարկու Սատանան, կկործանվի, իսկ նրա չար գործերը կքանդվեն (Հայտն. 12։9; 1 Հովհ. 3։8)։
ԵՀՈՎԱՆ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԷՐ ԻՐ ԾԱՌԱՆԵՐԻՆ
2. Եհովան ինչպե՞ս քաջալերեց Նոյին։
2 Նոյը ապրում էր անաստված աշխարհում, որտեղ միայն իր ընտանիքն էր երկրպագում Եհովային։ Նա իր շուրջը տեսնում էր բռնություն և այլասերվածություն, ուստի կարող էր հուսահատվել (Ծննդ. 6։4, 5, 11; Հուդա 6)։ Սակայն Եհովան Նոյին մի բան հայտնեց, ինչը նրան քաջալերեց և օգնեց շարունակել «Աստծու հետ քայլել» (Ծննդ. 6։9)։ Եհովան նրան տեղեկացրեց, որ վերջ է դնելու այդ չար աշխարհին, և ասաց, թե ինչ անի, որ փրկի իր ընտանիքը (Ծննդ. 6։13–18)։ Նոյի համար Եհովան քաջալերություն տվող Աստված էր։
3. Հեսուն ի՞նչ քաջալերություն ստացավ (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Հեսուի առաջնորդությամբ Աստծու ժողովուրդը պետք է բնակություն հաստատեր Ավետյաց երկրում։ Դրա համար Հեսուն պետք է պատերազմեր այդ տարածքում բնակվող ազգերի հզոր բանակների դեմ ու հաղթեր նրանց։ Այս դժվարին առաջադրանքը կարող էր վախեցնել նրան։ Ուստի Եհովան Մովսեսին պատվիրեց սրտապնդել նրան։ Աստված ասաց. «Հեսուին առաջնորդ նշանակիր, քաջալերիր ու զորացրու նրան, քանի որ նա է անցնելու այս ժողովրդի առջևով և նա է տանելու նրան, որ ժառանգի այն երկիրը, որը դու տեսնելու ես» (2 Օրենք 3։28)։ Նախքան Հեսուն գործի կանցներ, Եհովան քաջալերեց նրան՝ ասելով. «Չէ՞ որ պատվիրեցի քեզ. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։1, 9)։ Ի՜նչ հուսադրող խոսքեր։
4, 5. ա) Աստծուց ի՞նչ քաջալերանք ստացավ նրա վաղեմի ժողովուրդը։ բ) Եհովան ինչպե՞ս քաջալերեց իր Որդուն։
4 Եհովան քաջալերել է ոչ միայն առանձին անհատների, այլև իր ժողովրդին՝ որպես խմբի։ Բաբելոն գերի տարված հրեաներին շատ մխիթարեցին Եհովայի մարգարեական խոսքերը. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Ես. 41։10)։ Այսպիսի հավաստիացում տրվեց նաև վաղ քրիստոնյաներին։ Աստծու ժողովուրդը նույնպիսի քաջալերանք է ստանում այսօր (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։
5 Եհովան քաջալերեց նաև իր Որդուն։ Մկրտվելուց հետո Հիսուսը երկնքից մի ձայն լսեց, որն ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17)։ Պատկերացրու, թե այս խոսքերը որքան էին զորացնում Հիսուսին նրա երկրային ծառայության ընթացքում։
ՀԻՍՈՒՍԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ
6. Տաղանդների մասին առակը ինչպե՞ս է մեզ քաջալերում։
6 Հիսուսն ընդօրինակում էր իր Հորը։ Երբ նա մարգարեացավ աշխարհի վախճանի մասին, տաղանդների մասին մի առակ պատմեց, որը մղում է մեզ հավատարիմ լինել։ Այդ առակում տերը իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրին ասում է. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը» (Մատթ. 25։21, 23)։ Այս խոսքերը քաջալերում են մեզ, որ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։
7. Հիսուսն ինչպե՞ս քաջալերեց իր առաքյալներին, մասնավորապես Պետրոսին։
7 Հիսուսի առաքյալները հաճախ վիճում էին, թե իրենցից ով է մեծը։ Չնայած դրան՝ Հիսուսը համբերությամբ էր վերաբերվում նրանց, քաջալերում էր ու հորդորում, որ խոնարհ լինեն ու ծառայեն ուրիշներին, ոչ թե իշխեն նրանց վրա (Ղուկ. 22։24–26)։ Պետրոսը մի քանի անգամ հիասթափեցրեց Հիսուսին (Մատթ. 16։21–23; 26։31–35, 75)։ Սակայն Հիսուսը ոչ թե մերժեց նրան, այլ քաջալերեց և նույնիսկ պատվիրեց զորացնել իր եղբայրներին (Հովհ. 21։16)։
ԱՍՏԾՈՒ ՎԱՂԵՄԻ ԾԱՌԱՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԷԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
8. Եզեկիան ինչպե՞ս քաջալերեց իր զորապետներին և Հուդայի ժողովրդին։
8 Եհովայի Որդին երկրի վրա եղած ժամանակ կատարյալ օրինակ թողեց այն հարցում, թե ինչպես է հարկավոր քաջալերել մարդկանց։ Սակայն դեռ վաղեմի ժամանակներում Աստծու հավատարիմ ծառաները գիտակցում էին, որ պետք է քաջալերեն ուրիշներին։ Օրինակ, երբ Ասորեստանը սպառնում էր գրավել Երուսաղեմը, Եզեկիան հավաքեց իր զորապետներին և Հուդայի ժողովրդին ու քաջալերեց նրանց։ «Ժողովուրդը սիրտ առավ Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերից» (կարդա 2 Տարեգրություն 32։6–8)։
9. «Հոբ» գրքից ի՞նչ ենք սովորում ուրիշներին քաջալերելու մասին։
9 Թեև Հոբն ինքը մխիթարության կարիք ուներ, սակայն ստիպված եղավ իր մոտ եկած կեղծ մխիթարիչներին սովորեցնել, թե ինչպես է հարկավոր քաջալերել ընկճվածին։ Նա ասաց, որ եթե նրանք իր դրության մեջ լինեին, կզորացներ նրանց իր «բերանի խոսքերով» ու կսփոփեր իր «շուրթերի մխիթարությամբ» (Հոբ 16։1–5)։ Ի վերջո Հոբին քաջալերեցին Եղիուսն ու Եհովան (Հոբ 33։24, 25; 36։1, 11; 42։7, 10)։
10, 11. ա) Հեփթայեի աղջիկը ինչո՞ւ քաջալերանքի կարիք ուներ։ բ) Ովքե՞ր այսօր քաջալերության կարիք ունեն։
10 Դատավոր Հեփթայեի աղջիկը նույնպես քաջալերության կարիք ուներ։ Երբ նրա հայրը պատրաստվում էր կռվել ամմոնացիների դեմ, Եհովային երդում տվեց, որ եթե նա իրեն հաղթանակ տա, ապա այն մարդը, ով առաջինը իր տան դռներից դուրս կգա՝ իրեն դիմավորելու, ողջ կյանքում կծառայի Եհովայի սրբարանում։ Երբ Հեփթայեն հաղթանակած վերադարձավ տուն, նրան նվագով ու պարով դիմավորեց իր դուստրը՝ միակ զավակը։ Հեփթայեն ջախջախված էր։ Սակայն նա պահեց իր երդումը և իր կույս աղջկան ուղարկեց Սելով, որպեսզի իր ողջ կյանքում ծառայի խորանում (Դատ. 11։30–35)։
11 Հեփթայեի համար դժվար էր այսպիսի որոշում կայացնել, սակայն կարող ենք պատկերացնել, թե որքան ավելի դժվար էր նրա աղջկա համար։ Այդուհանդերձ, նա հոժար սրտով ենթարկվեց իր հոր կամքին (Դատ. 11։36, 37)։ Այդպիսով նա հրաժարվեց ամուսնանալու և երեխաներ ունենալու իրավունքից, հետևաբար իր ընտանիքի անունն ու ժառանգությունը պահպանելու հնարավորությունից։ Անկասկած, նա մխիթարության ու քաջալերության կարիք ուներ։ Աստվածաշնչում գրված է. «Իսրայելում սովորություն դարձավ. ամեն տարի՝ տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները գնում էին գովելու գաղաադցի Հեփթայեի աղջկան» (Դատ. 11։39, 40)։ Ինչ խոսք, այն ամուրի քրիստոնյաները, ովքեր ավելի շատ հետաքրքրված են «Տիրոջ բաներով», նույնպես արժանի են, որ գովենք ու քաջալերենք իրենց (1 Կորնթ. 7։32–35)։
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
12, 13. Պետրոսն ինչպե՞ս «զորացրեց իր եղբայրներին»։
12 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես։ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու քո եղբայրներին» (Ղուկ. 22։31, 32)։
13 Պետրոսը դարձավ առաջին դարի քրիստոնեական ժողովի սյուներից մեկը (Գաղ. 2։9)։ Նա Պենտեկոստեի ժամանակ և դրանից հետո էլ համարձակություն դրսևորեց, ինչով քաջալերեց իր եղբայրներին։ Երբ Պետրոսն արդեն երկար տարիներ էր անցկացրել ծառայության մեջ, նամակ գրեց իր հավատակիցներին, որում նշեց դրա նպատակը. «Մի քանի խոսքով գրեցի ձեզ, որպեսզի քաջալերեմ և լրջորեն վկայեմ, որ սա է Աստծու ճշմարիտ անզուգական բարությունը. ամուր կառչեք դրանից» (1 Պետ. 5։12)։ Աստծու ներշնչմամբ գրված Պետրոսի նամակները քրիստոնյաների համար դարեր շարունակ քաջալերության աղբյուր են եղել։ Մենք էլ այդ քաջալերության կարիքն ունենք, մինչ սպասում ենք Եհովայի խոստումների կատարմանը (2 Պետ. 3։13)։
14, 15. Հովհաննեսի գրվածքները ինչպե՞ս են դարեր շարունակ քաջալերության աղբյուր եղել քրիստոնյաների համար։
14 Հովհաննես առաքյալը նույնպես առաջին դարի քրիստոնեական ժողովի սյուներից մեկն էր։ Հիսուսի ծառայության մասին պատմող նրա հետաքրքրաշարժ Ավետարանը մինչ օրս քաջալերության աղբյուր է քրիստոնյաների համար։ Միայն Հովհաննեսն է գրի առել Հիսուսի այն խոսքերը, որ սերն է լինելու նրա հետևորդներին բնորոշող հատկությունը (կարդա Հովհաննես 13։34, 35)։
15 Հովհաննեսի երեք նամակները ճշմարտության այլ գոհարներ են պարունակում։ Երբ վհատվում ենք մեր մեղքերի պատճառով, մի՞թե չենք մխիթարվում, երբ կարդում ենք, որ «Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։7)։ Իսկ երբ մեր սիրտը շարունակում է մեզ դատապարտել, մի՞թե չենք հուզվում ու լցվում երախտագիտությամբ, երբ կարդում ենք, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է» (1 Հովհ. 3։20)։ Միայն Հովհաննեսն է գրել, որ «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8, 16)։ Նա իր երկրորդ ու երրորդ նամակներում գովում է այն քրիստոնյաներին, ովքեր շարունակում են «ճշմարտության մեջ քայլել» (2 Հովհ. 4; 3 Հովհ. 3, 4)։
16, 17. Պողոս առաքյալը ինչպե՞ս քաջալերեց առաջին դարի քրիստոնյաներին։
16 Պողոս առաքյալը նույնպես հրաշալի օրինակ էր իր հավատակիցներին քաջալերելու հարցում։ Քրիստոնեության վաղ շրջանում առաքյալների մեծ մասը, ըստ երևույթին, բնակվում էր Երուսաղեմում, որտեղ գործում էր կառավարիչ մարմինը (Գործ. 8։14; 15։2)։ Հրեաստանում ապրող քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի մասին քարոզում էին այն մարդկանց, ովքեր դավանում էին հրեական կրոնը և արդեն իսկ հավատում էին մեկ Աստծու։ Սակայն Պողոս առաքյալը սուրբ ոգու կողմից ուղարկվեց՝ քարոզելու հունահռոմեական աշխարհի ժողովուրդներին, որոնք երկրպագում էին շատ աստվածների (Գաղ. 2։7–9; 1 Տիմոթ. 2։7)։
17 Պողոսը ճամփորդում էր ներկայիս Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի տարածքով ու այլազգիների շրջանում քրիստոնեական ժողովներ էր հիմնում։ Այս նորահավատ քրիստոնյաները «չարչարանքներ էին կրում իրենց իսկ հայրենակիցների կողմից», ուստի քաջալերության կարիք ունեին (1 Թեսաղ. 2։14)։ Մոտ 50 թ.-ին Պողոսը Թեսաղոնիկեի նորաստեղծ ժողովին գրեց. «Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում, քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը, սիրառատ աշխատանքը.... տոկունությունը» (1 Թեսաղ. 1։2, 3)։ Պողոսը նաև հորդորեց նրանց զորացնել միմյանց. «Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց, ինչպես որ անում եք» (1 Թեսաղ. 5։11)։
ԿԱՌԱՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆԸ՝ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
18. Առաջին դարի կառավարիչ մարմինը ինչպե՞ս քաջալերեց Փիլիպոսին։
18 Առաջին դարի կառավարիչ մարմինը քաջալերության աղբյուր էր և՛ առաջնորդություն վերցնողների, և՛ մյուս քրիստոնյաների համար։ Երբ Փիլիպոս ավետարանիչը Քրիստոսի մասին քարոզեց սամարացիներին, կառավարիչ մարմինը լիովին աջակցեց նրան։ Այն ուղարկեց իր երկու անդամներին՝ Պետրոսին ու Հովհաննեսին, որպեսզի աղոթեն այդ նոր հավատացյալների համար, ու նրանք սուրբ ոգի ստանան (Գործ. 8։5, 14–17)։ Կարող ենք պատկերացնել, թե որքան քաջալերվեցին Փիլիպոսը և նրանք, ում նա օգնել էր ընդունել քրիստոնեությունը, երբ կառավարիչ մարմինը աջակցեց իրենց։
19. Կառավարիչ մարմնի նամակը ի՞նչ ազդեցություն ունեցավ առաջին դարի քրիստոնյաների վրա։
19 Ավելի ուշ կարիք առաջացավ, որ կառավարիչ մարմինը որոշի, թե արդյոք այլազգի քրիստոնյաներից պետք է պահանջել թլփատվել, ինչպես որ Մովսիսական օրենքը պահանջում էր հրեաներից (Գործ. 15։1, 2)։ Սուրբ ոգու առաջնորդության և Սուրբ Գրքերի շուրջ խորհրդածելու շնորհիվ այս պատասխանատու եղբայրները որոշեցին, որ դա այլևս անհրաժեշտ չէ, և այդ մասին նամակ գրեցին ժողովներին։ Կառավարիչ մարմինը ուղարկեց իր ներկայացուցիչներին, որ նամակը հասցնեն ժողովներին։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Կարդալով այն՝ նրանք ուրախացան այդ քաջալերության համար» (Գործ. 15։27–32)։
20. ա) Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է այսօր քաջալերում բոլորիս։ բ) Ի՞նչ հարց ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
20 Մեր օրերում Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը քաջալերանքի աղբյուր է Բեթելի ընտանիքի անդամների, մյուս հատուկ լիաժամ ծառայողների և աշխարհով մեկ ցրված մեր ողջ եղբայրության համար։ Առաջին դարի քրիստոնյաների պես՝ այսօր բոլորն «ուրախանում են այդ քաջալերության համար»։ Բացի այդ, 2015 թ.-ին Կառավարիչ մարմինը հրատարակեց «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկը, որպեսզի քաջալերի ճշմարտությունը թողած անհատներին։ Բայց արդյո՞ք միայն առաջնորդություն վերցնող եղբայրները պետք է ուրիշներին քաջալերելու հարցում ընդօրինակեն Եհովային։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
a «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.։