Նրանք սպասում էին Մեսիային
«Քանի որ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը»» (ՂՈՒԿ. 3։15)։
1. Հրեշտակը ի՞նչ լուր է հայտնում հովիվներին։
ԱՐԴԵՆ մութն ընկել էր։ Հովիվները դաշտում էին՝ իրենց ոչխարների մոտ։ Հանկարծ հայտնվում է Եհովայի հրեշտակը, և Աստծու փառքը լուսավորում է նրանց շուրջը։ Հովիվները ապշահար են լինում։ Հրեշտակը դիմում է նրանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում.... Այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը»։ Այդ մանուկը Մեսիան էր։ Հովիվները կարող էին գտնել նրան մոտակա քաղաքում՝ Բեթլեհեմում, մսուրի մեջ պառկած։ Անսպասելիորեն հայտնվում է նաև «երկնային զորքի մի բազմություն» և սկսում է գովաբանել Աստծուն. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկ. 2։8–14)։
2. Ո՞վ է կոչվում Մեսիա, և ինչպե՞ս կարող էին մարդիկ ճանաչել նրան։
2 Ինչ խոսք, հովիվները գիտեին, որ Աստծու օծյալն է Մեսիա, կամ՝ Քրիստոս կոչվում (Ելք 29։5–7)։ Սակայն նրանք ինչպե՞ս կարող էին իմանալ և ուրիշներին հավաստիացնել, որ հրեշտակի ասած մանուկն էր, որ լինելու էր Եհովայի կողմից նշանակված Մեսիան։ Եբրայերեն Գրություններում արձանագրված մարգարեությունները ուսումնասիրելով և դրանք համեմատելով երեխայի կյանքի ընթացքի ու նրա գործերի հետ՝ մարդիկ կարող էին համոզվել դրանում։
Ինչո՞ւ էին մարդիկ սպասման մեջ
3, 4. Ինչպե՞ս ենք հասկանում Դանիել 9։24, 25 համարները։
3 Երբ տարիներ անց Հովհաննես Մկրտիչը սկսեց իր գործունեությունը, նրա խոսքերը և գործերը շատերին մղեցին մտածելու, թե Մեսիան արդեն եկել է (կարդա՛ Ղուկաս 3։15)։ Հնարավոր է՝ ոմանք ճիշտ էին հասկացել Մեսիայի վերաբերյալ «յոթանասուն շաբաթների» մասին մարգարեությունը։ Ուստի կարող էին հաշվել, թե երբ էր Մեսիան հայտնվելու։ Մարգարեության մեջ ասվում էր. «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ պետք է անցնի» (Դան. 9։24, 25)։ Շատ աստվածաշնչագետներ ընդունում են, որ դրանք շաբաթ-տարիներ են։ Օրինակ՝ Աստվածաշնչի մի թարգմանության մեջ այս համարում գրված է՝ «Յոթանասուն շաբաթ-տարիներ են որոշված» (Revised Standard Version)։
4 Այսօր Եհովայի ծառաները գիտեն, որ Դանիել 9։25 համարում գրված 69 շաբաթները, կամ՝ 483 տարիները, սկսեցին մ.թ.ա. 455թ.-ին, երբ Արտաքսերքսես թագավորը լիազորեց Նեեմիային վերականգնելու և վերաշինելու Երուսաղեմը (Նեեմ. 2։1–8)։ Այդ շաբաթները ավարտվեցին 483 տարի անց՝ մ.թ. 29-ին, երբ նազովրեցի Հիսուսը մկրտվեց և օծվեց սուրբ ոգով՝ այդպիսով դառնալով Մեսիա (Մատթ. 3։13–17)a։
5. Ի՞նչ մարգարեություններ կքննենք։
5 Այս հոդվածում կքննենք Մեսիայի վերաբերյալ բազում մարգարեություններից մի քանիսը, որոնք իրականացան Հիսուսի ծնունդի, մանկության և ծառայության ժամանակ։ Անկասկած, դա կօգնի ամրացնելու մեր վստահությունը Աստծու մարգարեական խոսքերի հանդեպ։ Դա կօգնի նաև տեսնելու այն հստակ փաստերը, որ Հիսուսն է երկար սպասված Մեսիան։
Կյանքի վաղ շրջանը
6. Բացատրի՛ր, թե ինչպես իրականացավ Ծննդոց 49։10 համարի մարգարեությունը։
6 Մեսիան պետք է ծնվեր Հուդայի ցեղից։ Հակոբ նահապետը մահվան մահճում իր որդիներին օրհնելիս հետևյալն էր մարգարեացել. «Գավազանը չի հեռանա Հուդայից, ոչ էլ ղեկավարի ցուպը՝ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը գա, և ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի» (Ծննդ. 49։10)։ Անցյալում ապրած հրեա շատ գիտնականներ այս խոսքերը կապում են Մեսիայի հետ։ Դավիթ թագավորից սկսած՝ գավազանը (թագավորական իշխանությունը) և ղեկավարի ցուպը (հրամայելու իշխանությունը) շարունակեցին լինել Հուդայի ցեղից սերած թագավորների ձեռքում։ «Սելով» նշանակում է «նա, ում պատկանում է»։ Հուդայի թագավորական շառավղի վերջին թագավորը լինելու էր «Սելովը»՝ որպես հավիտենական թագաժառանգ։ Ինչպես Աստված ասաց Սեդեկիային՝ Հուդայի ցեղի վերջին թագավորին, իշխանությունը տրվելու էր նրան, ով դրա օրինական իրավունքը կունենար (Եզեկ. 21։26, 27)։ Սեդեկիայից հետո Հիսուսն էր Դավթի ժառանգներից այն միակը, ում թագավորություն խոստացվեց։ Նախքան Հիսուսի ծնվելը Գաբրիել հրեշտակը Մարիամին ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկ. 1։32, 33)։ Ուստի Սելովը Հիսուս Քրիստոսն էր, որը ծնվեց Հուդայի ու Դավթի շառավղից (Մատթ. 1։1–3, 6; Ղուկ. 3։23, 31–34)։
7. Որտե՞ղ էր ծնվելու Մեսիան, և ինչո՞ւ էր այս մարգարեության կատարումը ապշեցուցիչ։
7 Մեսիան ծնվելու էր Բեթլեհեմում։ Միքիա մարգարեն գրել էր. «Դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես, սակայն քեզնից դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար, որի ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից» (Միք. 5։2)։ Մեսիան պետք է ծնվեր Հուդայի Բեթլեհեմ քաղաքում, որն ակներևաբար մի ժամանակ կոչվել է նաև Եփրաթա։ Թեև Մարիամը և Հովսեփը ապրում էին Նազարեթում, սակայն մարդահամարի անցկացման հրամանի պատճառով նրանք գնացին Բեթլեհեմ, որտեղ էլ մ.թ.ա. 2-ին ծնվեց Հիսուսը (Մատթ. 2։1, 5, 6)։ Ի՜նչ ապշեցուցիչ կերպով կատարվեց այս մարգարեությունը։
8, 9. Ի՞նչ էր մարգարեացված Մեսիայի ծնունդի և դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ։
8 Մեսիան ծնվելու էր կույսից (կարդա՛ Եսայիա 7։14)։ Եբրայերեն «բետուլա» բառը նշանակում է «կույս»։ Սակայն Եսայիա 7։14-ում օգտագործված է «ալմա» բառը։ Այստեղ մարգարեացված է, որ «օրիորդը [«հա ալմա»]» մի որդի կծնի։ «Ալմա» բառը օգտագործվել է նաև Ռեբեկայի մասին խոսելիս, երբ նա դեռ ամուսնացած չէր (Ծննդ. 24։16, 43)։ Սուրբ ոգուց ներշնչված՝ Մատթեոսը օգտագործեց հունարեն «պարտենոս»՝ «կույս» բառը՝ ցույց տալու համար, որ Եսայիա 7։14 համարի մարգարեությունը իրականացավ Հիսուսի ծնունդի հետ կապված։ Ինչպես որ Մատթեոսն ու Ղուկասն են գրել Ավետարաններում, Մարիամը կույս էր և հղիացավ սուրբ ոգուց (Մատթ. 1։18–25; Ղուկ. 1։26–35)։
9 Մեսիայի ծնունդից հետո մանուկներ էին սպանվելու։ Նմանատիպ բան տեղի էր ունեցել դարեր առաջ, երբ Եգիպտոսի փարավոնը հրամայել էր եբրայեցիների նորածին տղա երեխաներին գցել Նեղոսը (Ելք 1։22)։ Սակայն առանձնակի նշանակություն ունեն Երեմիա 31։15, 16 համարների խոսքերը, որտեղ Ռաքելը ներկայացվում է որպես «թշնամու երկիր» տարված որդիների վրա աղեկտուր լաց լինող մայր։ Նրա ողբի ձայնը լսելի էր հեռավոր Ռամայում, որը Բենիամինի ցեղին պատկանող տարածք էր Երուսաղեմի հյուսիսում։ Մատթեոսը գրեց, որ Երեմիայի խոսքերը իրականացան, երբ Հերովդես թագավորը հրամայեց կոտորել Բեթլեհեմում և նրա շրջակա տարածքներում ծնված մանուկ տղաներին (կարդա՛ Մատթեոս 2։16–18)։ Պատկերացրու այն ծանր վիշտը, որ կրեցին այնտեղի բնակիչները։
10. Բացատրի՛ր, թե ինչպես Օսեե 11։1-ում գրված մարգարեությունը իրականացավ Հիսուսի առնչությամբ։
10 Իսրայելացիների նման՝ Մեսիան կանչվելու էր Եգիպտոսից (Օսեե 11։1)։ Հերովդեսի այդ զարհուրելի հրամանից առաջ հրեշտակի տված առաջնորդությանը հետևելով՝ Հովսեփը Մարիամի և Հիսուսի հետ տեղափոխվեց Եգիպտոս։ Նա «այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի [Օսեե] մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»» (Մատթ. 2։13–15)։ Ինչ խոսք, Հիսուսի միջամտությամբ չէր, որ իրականացան նրա ծնունդի և կյանքի վաղ շրջանի վերաբերյալ մարգարեությունները։
Մեսիան ասպարեզ է դուրս գալիս
11. Ինչպե՞ս ճանապարհ պատրաստվեց Եհովայի Օծյալի համար։
11 Աստծու Օծյալի համար ճանապարհ էր պատրաստվելու։ Մաղաքիան մարգարեացել էր, որ այդ գործը անելու էր «Եղիա մարգարեն»՝ պատրաստելով մարդկանց սրտերը Մեսիայի գալստին (կարդա՛ Մաղաքիա 4։5, 6)։ Հիսուսն ինքը հայտնեց, որ «Եղիան» Հովհաննես Մկրտիչն է (Մատթ. 11։12–14)։ Իսկ Մարկոսը խոսեց այն մասին, որ Հովհաննեսի ծառայությամբ իրականացան Եսայիայի մարգարեական խոսքերը (Ես. 40։3; Մարկ. 1։1–4)։ Հովհաննեսը դարձավ Հիսուսի նախակարապետը և կատարեց «Եղիայի» դերը։ Անշուշտ, Հիսուսը չէր կանգնած նրա գործունեության հետևում։ Այն գործը, որ պետք է աներ մարգարեացված «Եղիան», կատարվեց Աստծու կամքի համաձայն և ծառայեց որպես Մեսիային բնորոշելու միջոց։
12. Ո՞ր գործն էր օգնելու բնորոշել Մեսիային։
12 Աստծու հանձնարարած գործը օգնելու էր բնորոշել Մեսիային։ Հիսուսը Նազարեթ քաղաքի (որտեղ մեծացել էր) ժողովարանում Եսայիա մարգարեի գրքից կարդաց այն խոսքերը, որոնք վերաբերում էին իրեն. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ»։ Քանի որ ինքն էր ճշմարիտ Մեսիան, կարող էր իրավամբ ասել. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկ. 4։16–21)։
13. Ի՞նչ էր մարգարեացված Գալիլեայում Հիսուսի ծառայության մասին։
13 Գալիլեայում Մեսիայի ծառայության մասին մարգարեացված էր։ «Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրի.... [և] ազգերի Գալիլեայի» մասին Եսայիան գրեց. «Խավարի մեջ քայլող մարդիկ մեծ լույս տեսան, և թանձր ստվերի երկրում բնակվողների վրա լույս շողաց» (Ես. 9։1, 2)։ Հիսուսը սկսեց իր ծառայությունը Գալիլեայում՝ բնակվելով Կափառնայում քաղաքում։ Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերի տարածքը մտնում էր Գալիլեայի մեջ, որի բնակիչները օգուտներ քաղեցին այն հոգևոր լույսից, որ բխում էր Հիսուսից (Մատթ. 4։12–16)։ Գալիլեայում էր, որ հնչեց Հիսուսի Լեռան քարոզը, այստեղ էր, որ նա ընտրեց իր առաքյալներին, կատարեց առաջին հրաշքը և հարություն առնելուց հետո երևաց մոտ 500 աշակերտների (Մատթ. 5։1–7։27; 28։16–20; Մարկ. 3։13, 14; Հովհ. 2։8–11; 1 Կորնթ. 15։6)։ Քարոզելով «Զաբուղոնի և Նեփթաղիմի երկրում»՝ նա իրականացրեց Եսայիայի մարգարեությունը։ Հիսուսը Թագավորության լուրը քարոզեց նաև Իսրայելի այլ տարածքներում։
Մարգարեություններ Մեսիայի գործունեության վերաբերյալ
14. Ինչպե՞ս Սաղմոս 78։2 խոսքը իրականացավ Հիսուսի առնչությամբ։
14 Մեսիան խոսելու էր առակներով։ Սաղմոսերգու Ասափը գրել էր. «Առակներով կբացեմ բերանս» (Սաղ. 78։2)։ Որտեղի՞ց գիտենք, որ այս խոսքերը վերաբերում էին Հիսուսին։ Մատթեոսը իր Ավետարանում Հիսուսի առակները պատմելուց հետո, որոնցում Թագավորությունը համեմատվում է աճող մանանեխի սերմի և թթխմորի հետ, գրում է. «Առանց առակի [Հիսուսը] չէր խոսում նրանց հետ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս և աշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ»» (Մատթ. 13։31–35)։ Առակները Հիսուսի ուսուցանելու արդյունավետ միջոցներից էին։
15. Ինչպե՞ս իրականացավ Եսայիա 53։4 համարում գրված մարգարեությունը։
15 Մեսիան կրելու էր մարդկանց ցավերը։ Եսայիան մարգարեացել էր. «Նա մեր հիվանդություններն էր տանում ու մեր ցավերն էր կրում» (Ես. 53։4)։ Մատթեոսը նշում է, որ Պետրոսի զոքանչին բուժելուց հետո Հիսուսը բուժեց նաև շատերին, որպեսզի «կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր հիվանդությունները և մեր տկարությունները կրեց»» (Մատթ. 8։14–17)։ Սա մեկն է արձանագրված այն բազում դեպքերից, երբ Հիսուսը բուժել է հիվանդներին։
16. Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալը ցույց տալիս, որ Եսայիա 53։1-ի մարգարեությունը իրականացավ Հիսուսի առնչությամբ։
16 Չնայած Մեսիայի կատարած բարի գործերին՝ շատերը չէին հավատալու նրան (կարդա՛ Եսայիա 53։1)։ Ցույց տալով, որ այս մարգարեությունը իրականացել է՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Թեև նա [Հիսուսը] այդքան շատ հրաշքներ էր գործել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի խոսքերը, որն ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեր լսած լուրին։ Ո՞ւմ հայտնի դարձավ Եհովայի բազուկը»» (Հովհ. 12։37, 38)։ Պողոս առաքյալի ծառայության ժամանակ էլ քչերը հավատացին Հիսուսի՝ Մեսիայի մասին բարի լուրին (Հռոմ. 10։16, 17)։
17. Հովհաննեսն ինչպե՞ս ցույց տվեց Սաղմոս 69։4-ի կատարումը։
17 Մեսիային ատելու էին առանց պատճառի (Սաղ. 69։4)։ Հովհաննես առաքյալը մեջբերեց Հիսուսի խոսքերը, որն ասել էր. «Եթե ես [ժողովրդի] մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց, նրանք մեղք չէին ունենա, սակայն հիմա նրանք տեսան ու ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ։ Բայց դա եղավ նրա համար, որ իրենց Օրենքում գրված խոսքը կատարվի՝ «առանց պատճառի ատեցին ինձ»» (Հովհ. 15։24, 25)։ Հաճախ «Օրենք» ասելով նկատի ունեին Եբրայերեն Գրությունների բոլոր գրքերը (Հովհ. 10։34; 12։34)։ Ավետարանները կարդալիս պարզ երևում է, որ Հիսուսը ատված էր, հատկապես հրեա կրոնական առաջնորդների կողմից։ Քրիստոսը նաև ասել էր. «Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, որ նրա գործերը չար են» (Հովհ. 7։7)։
18. Ի՞նչը կօգնի մեզ ամրացնելու մեր համոզվածությունը, որ Հիսուսն է Մեսիան։
18 Հիսուսի առաջին դարի հետևորդները համոզված էին, որ նա է Մեսիան, քանի որ նրա վրա կատարվեցին Մեսիայի վերաբերյալ Եբրայերեն Գրություններում արձանագրված մարգարեությունները (Մատթ. 16։16)։ Ինչպես տեսանք, դրանցից որոշները իրականացան նազովրեցի Հիսուսի կյանքի վաղ շրջանում և ծառայության ժամանակ։ Մեսիական ուրիշ մարգարեությունների մասին էլ կխոսվի հաջորդ հոդվածում։ Խորությամբ ուսումնասիրելով դրանք՝ մենք կամրացնենք մեր համոզվածությունը, որ Հիսուս Քրիստոսը իսկապես Մեսիան է, որը նշանակված է մեր երկնային Հոր՝ Եհովայի կողմից։
[ծանոթագրություն]
a «Յոթանասուն շաբաթների» վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հավելվածը (էջ 197–199)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ո՞ր մարգարեությունները իրականացան Հիսուսի ծնունդի վերաբերյալ։
• Ինչպե՞ս ճանապարհ պատրաստվեց Մեսիայի համար։
• Եսայիա 53-րդ գլխում արձանագրված ո՞ր մարգարեական խոսքերը կատարվեցին Հիսուսի վրա։