Ընթերցողների հարցերը
Եսայիա գրքի 53–րդ գլուխը հրաշալի մեսիական մարգարեություն է պարունակում։ 10–րդ համարում ասվում է. «Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել»։ Ի՞նչ է սա նշանակում։
Դժվար չէ նկատել, թե ինչու կարող էր հարց առաջանալ Եսայիա 53։10–ի առնչությամբ։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն կարծում, որ իրենց կարեկից ու գորովանքով լի Աստծուն հաճելի է ինչ–որ մեկին զարկելը կամ ցավեցնելը։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ Աստծուն հաճույք չի պատճառում անմեղ մարդկանց տառապանքը (Բ Օրինաց 32։4; Երեմիա 7։30, 31)։ Դարերի ընթացքում Եհովան երբեմն հանդուրժել է մարդկային տառապանքը՝ դրա համար ունենալով իր սիրուն ու իմաստությանը համապատասխան պատճառներ։ Իհարկե, նա չէր իր սիրելի Որդի Հիսուսին ցավ պատճառողը։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է հասկանալ այս համարը։
Համարի իմաստն ըմբռնելու նպատակով այն դիտարկենք ամբողջությամբ՝ ուշադրություն դարձնելով «հաճեց» և «հաճութիւն» նույնարմատ բառերի վրա։ Եսայիա 53։10–ում կարդում ենք. «Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը»։
Ամբողջ Աստվածաշնչում ընդգծվում է, որ «Տիրոջ հաճութիւնը»՝ համարի վերջում հիշատակված, կենտրոնանում է Թագավորության միջոցով նրա նպատակի իրագործման վրա։ Այսպես Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը և հնարավոր կդարձնի, որ հնազանդ մարդկության՝ մեր իսկ ժառանգած մեղքը ի չիք դառնա (Ա Մնացորդաց 29։11; Սաղմոս 83։18; Գործք 4։24; Եբրայեցիս 2։14, 15; Ա Յովհաննէս 3։8)։ Որպեսզի այս ամենը տեղի ունենա, Աստծո Որդին մարդկային կյանքով ապրեց ու իր մարմինը տվեց որպես քավիչ զոհաբերություն։ Ինչպես գիտենք, Հիսուսն այդ ընթացքում իրոք տառապեց։ Աստվածաշունչն ասում է, որ նա «չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց»։ Փաստորեն, Հիսուսը տառապանքից օգուտ քաղեց (Եբրայեցիս 5։7–9)։
Հիսուսը նախապես գիտեր, որ իրեն սպասող վեհ ընթացքը չարչարանքներով լի էր լինելու։ Դա պարզորոշ երևում է նրա խոսքերից՝ արձանագրված Յովհաննէս 12։23, 24 համարներում, որտեղ կարդում ենք. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ»։ Այո, Հիսուսը գիտեր, որ իր անարատությունը պահելու համար մինչև իսկ տառապալից մահվան պիտի արժանանար։ Շարունակության մեջ ասվում է. ««Այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»» (Յովհաննէս 12։27, 28; Մատթէոս 26։38, 39)։
Ահա այս համատեքստով կարող ենք հասկանալ Եսայիա 53։10–ը։ Եհովան լավ գիտեր, որ իր Որդին որոշակիորեն չարչարանքներ էր կրելու։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն հրաշալի ու համընդհանուր օգուտները, որ կբերեր քավիչ զոհաբերությունը՝ Աստված թույլ տվեց, որ Հիսուսը չարչարվի։ Այս իմաստով Եհովան «հաճեց նորան [Մեսիային] զարկել»։ Հիսուսն էլ իր հերթին հաճեց կատարել այն ամենը, ինչին որ ինքը ընդունակ էր և կատարեց էլ։ Իսկապես, ինչպես Եսայիա 53։10–ի վերջում է ասվում, ‘Տիրոջ հաճությունը հաջողվեց նրա ձեռքով’։