Իրակա՞ն է քեզ համար Քրիստոսի առաջնորդությունը
««Առաջնորդ» էլ մի՛ կոչվեք, որովհետև ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է» (ՄԱՏԹԷՈՍ 23։10, ԱՆԹ)։
1. Ո՞վ է ճշմարիտ քրիստոնյաների միակ առաջնորդը։
ԵՐԵՔՇԱԲԹԻ էր՝ նիսան ամսվա 11–րդ օրը։ Երեք օր հետո Հիսուս Քրիստոսը մահվան էր դատապարտվելու։ Վերջին անգամ էր նա գալիս տաճար։ Այդ օրը Հիսուսն իր աշակերտների ու տաճարում հավաքված մարդկանց առջև կարևոր մտքեր արտահայտեց։ Նա ասաց. «Որեւէ մէկին ուսուցիչ [«Ռաբբի», ԱԹ] մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը [««Առաջնորդ» էլ մի՛ կոչվեք, որովհետև ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է», ԱՆԹ]» (Մատթէոս 23։8–10)։ Միանգամայն պարզ է, որ Քրիստոսը ճշմարիտ քրիստոնյաների առաջնորդն է։
2, 3. Ի՞նչ ազդեցություն է թողնում մեր կյանքի վրա Եհովային լսելն ու նրա նշանակած Առաջնորդին հետևելը։
2 Ի՜նչ մեծ օգուտներ կարող ենք ստանալ՝ ընդունելով Հիսուսի առաջնորդությունը։ Կանխագուշակելով այս Առաջնորդի գալուստը՝ Եհովա Աստված Եսայիա մարգարեի միջոցով հայտարարեց. «Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. եւ դուք որ փող չ’ունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց վճարի՝ գինի եւ կաթ.... Մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով.... Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար» (Եսայիա 55։1–4)։
3 Եսայիան փոխաբերական իմաստով է հիշատակում ջուրը, գինին և կաթը՝ ցույց տալու համար, թե մեր կյանքի վրա ինչ ազդեցություն կարող է թողնել Եհովային լսելն ու նրա տված Առաջնորդին ու Հրամանատարին հետևելը։ Մենք թարմություն ենք զգում, ասես թե օրվա շոգին մի բաժակ սառը ջուր խմած լինենք. այո՛, ճշմարտության և արդարության հանդեպ մեր ունեցած ծարավը հագենում է։ Ինչպես կաթն է ամրացնում մանուկներին ու նպաստում, որ նրանք մեծանան, այնպես էլ ‘Աստծու խոսքի կաթն է’ (ԱՆԹ) ամրացնում մեզ ու նպաստում, որ հոգևորապես աճենք ու լավ հարաբերություններ մշակենք Աստծո հետ (Ա Պետրոս 2։1–3)։ Իսկ ո՞վ կարող է առարկել, որ գինին ուրախություն է պարգևում։ Նմանապես, ճշմարիտ Աստծուն երկրպագելն ու նրա նշանակած Առաջնորդի քայլերին հետևելը մեր կյանքը կարող է ‘ուրախությամբ’ լցնել (Բ Օրինաց 16։15)։ Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք բոլորս՝ երիտասարդ թե տարեց, կին թե տղամարդ, մեր ամենօրյա գործերում ցույց տանք, որ Քրիստոսի առաջնորդությունն իրական է մեզ համար, որ Մեսիան մեր առաջնորդն է։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Պատանինե՛ր, ‘զարգացեք իմաստությամբ’
4. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ 12–ամյա Հիսուսը Զատկին գնաց Երուսաղեմ։ բ) Լինելով ընդամենը 12 տարեկան՝ որքանո՞վ էր Հիսուսը լավ հասկանում հոգևոր հարցերից։
4 Քննարկենք, թե ինչ օրինակ է թողել պատանիների համար մեր Առաջնորդը։ Թեպետև մեզ քիչ է հայտնի Հիսուսի մանկության մասին, բայց զգալի տեղեկություններ ենք ստանում մի դեպքից։ Երբ նա 12 տարեկան էր, ծնողները նրան իրենց հետ տարան Երուսաղեմ, որտեղ ամեն տարի գնում էին Զատիկը նշելու։ Այնպես եղավ, որ Հիսուսը Գրությունների վերաբերյալ քննարկումով տարվեց, իսկ նրա ընտանիքը հեռացավ Երուսաղեմից՝ չնկատելով, որ նա իրենց հետ չէ։ Երեք օր անց անհանգստացած ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, նրան գտան տաճարում. «վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս»։ Ավելին՝ «բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ»։ Միայն պատկերացրե՜ք. 12 տարեկան Հիսուսը տալիս էր ոչ միայն հետաքրքիր, հոգևոր բնույթի հարցեր, այլ նաև խելամիտ պատասխաններ։ Կասկած չկա, որ նրա ծնողները կրթել էին իրեն (Ղուկաս 2։41–50)։
5. Ինչպե՞ս կարող են պատանիներն իմանալ, թե ինչպիսի վերաբերմունք ունեն ընտանեկան ուսումնասիրության նկատմամբ։
5 Մեզանում շատ պատանիներ կան, և գուցե դու նրանցից մեկն ես։ Եթե ծնողներդ Աստծո նվիրյալ ծառաներ են, ապա հավանաբար ձեր ընտանիքում կանոնավորապես ընտանեկան ուսումնասիրություն է անցկացվում։ Ի՞նչ է քեզ համար ընտանեկան ուսումնասիրությունը։ Շատ լավ կլիներ, եթե մտածեիր հետևյալ հարցերի շուրջ. «Ամբողջ սրտով նպաստո՞ւմ եմ մեր տանն անցկացվող ընտանեկան ուսումնասիրությանը։ Այնպիսի բան չե՞մ անում, որի պատճառով խափանվում է ուսումնասիրությունն անցկացնելու ‘կանոնը’ (Փիլիպպեցիս 3։16)։ Ակտիվորե՞ն եմ մասնակցում քննարկմանը։ Ուսումասիրության նյութի վերաբերյալ հարցեր տալի՞ս եմ, մեկնաբանություններ անո՞ւմ եմ։ Հոգևորապես աճելուն զուգահեռ ախորժակ մշակո՞ւմ եմ իմ մեջ ‘պինդ կերակուրի’ հանդեպ, որ հատուկ է «հասուն մարդկանց»» (Եբրայեցիս 5։13, 14)։
6, 7. Ի՞նչ դեր կարող է ունենալ ամեն օր Աստվածաշունչ կարդալու ծրագիրը դեռահասների համար։
6 Կարևոր է նաև Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության ծրագիր ունենալը։ Սաղմոսերգուն երգեց. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում.... Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում» (Սաղմոս 1։1, 2)։ Մովսեսի հաջորդը՝ Հեսուն, ‘ցերեկ ու գիշեր օրենքի գրքի վրա էր մտածում’. նա կարդում էր օրենքի գիրքը։ Դա նրան հնարավորություն էր տալիս իմաստուն կերպով վարվել ու Աստծո տված հանձնարարությունը հաջողությամբ կատարել (Յեսու 1։8)։ Մեր Առաջնորդը՝ Հիսուս Քրիստոսը, ասաց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։4)։ Եթե ամեն օր սննդի կարիք ենք զգում, հապա որքա՜ն առավել կարիք ունենք կանոնավոր հոգևոր սննդի։
7 13–ամյա Նիկոլը, հասկանալով, որ հոգևոր սննդի կարիք ունի, սկսել էր ամեն օր Աստվածաշունչ կարդալ։a Այս աղջիկը հիմա 16 տարեկան է ու Աստվածաշունչը կարդացել է սկզբից մինչև վերջ։ Ներկայումս նա երկրորդ անգամ է կարդում ու արդեն հասել է գրքի կեսը։ Նրա մեթոդը շատ պարզ է։ «Ես նպատակ եմ դնում ամեն օր առնվազն մեկ գլուխ կարդալ»,— ասում է Նիկոլը։ Ի՞նչ օգուտ է նա ստացել ամեն օր Աստվածաշունչ կարդալուց։ Նա պատասխանում է. «Ներկա ժամանակներում վատ ազդեցության ենթարկվելու բազմաթիվ վտանգներ կան։ Ամեն օր դպրոցում և այլուր հավատս փորձության է ենթարկվում։ Աստվածաշունչն ամեն օր կարդալն ինձ օգնում է, որ հիշեմ սուրբգրային պատվիրաններն ու սկզբունքները, որոնք իրենց հերթին օգնում են ինձ՝ դիմադրելու ճնշումներին։ Արդյունքում՝ ինձ ավելի մոտ եմ զգում Եհովային ու Հիսուսին»։
8. Ի՞նչ սովորություն ուներ Հիսուսը, և ինչպե՞ս կարող են պատանիներն ընդօրինակել նրան։
8 Հիսուսը սովորություն ուներ լսել ու մասնակցել ժողովարանում անցկացվող սուրբգրային ընթերցանությանը (Ղուկաս 4։16; Գործք 15։21)։ Ի՜նչ մեծ օգուտներ կստանան պատանիները, եթե հետևեն այս օրինակին՝ կանոնավորաբար հաճախելով քրիստոնեական հանդիպումներին, որտեղ բոլորը Աստվածաշունչ են կարդում և ուսումնասիրում։ Իր երախտագիտությունը հայտնելով այդ հանդիպումների համար՝ 14–ամյա Ռիչարդն ասում է. «Հանդիպումները մեծ արժեք ունեն ինձ համար։ Ես մշտական հիշեցումներ եմ լսում, թե որն է բարին և որն է չարը, որն է բարոյականը և որն է անբարոյականը, թե որ հատկություններն են քրիստոնեական և որոնք՝ ոչ։ Ես ստիպված չեմ լինում սովորել դառը փորձով»։ Այո՛, «Տիրոջ վկայութիւնը [կամ՝ հիշեցումը] ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19։7)։ Նիկոլն էլ է նպատակ դրել՝ հաճախելու ժողովի շաբաթական բոլոր հինգ հանդիպումներին։ Նա նույնպես երկուսից երեք ժամ է տրամադրում դրանց պատրաստվելու համար (Եփեսացիս 5։15, 16, ԱԹ)։
9. Ինչպե՞ս կարող են պատանիները ‘զարգանալ իմաստությամբ’։
9 Մանկության տարիները պատանիներին լավ հնարավորություն են ընձեռում՝ ‘ճանաչելու միակ ճշմարիտ Աստծուն, նաև Հիսուս Քրիստոսին, որ նա ուղարկեց’ (Յովհաննէս 17։3)։ Հավանաբար ճանաչում ես այնպիսի դեռահասների, որոնք ժամանակի մեծ մասն անց են կացնում կոմիքսներ դիտելով, հեռուստացույց նայելով, տեսախաղեր խաղալով կամ էլ Ինտերնետի էջերը «թերթելով»։ Ինչո՞ւ ընդօրինակես նրանց, երբ կարող ես հետևել մեր Առաջնորդի կատարյալ օրինակին։ Պատանության տարիներին Հիսուսը հաճույքով էր գիտելիքներ ձեռք բերում Եհովայի մասին։ Արդյո՞ւնքը։ «Յիսուս զարգանում էր իմաստութեամբ», քանի որ հոգևորի հանդեպ սեր ուներ (Ղուկաս 2։52)։ Դու էլ կարող ես։
«Հնազանդուեցէ՛ք միմեանց»
10. Ի՞նչը կարող է նպաստել, որ ընտանիքը խաղաղության ու երջանկության աղբյուր լինի։
10 Տունը կարող է լինել կա՛մ խաղաղության և գոհունակության հանգրվան, կա՛մ էլ պայքարի ու վեճերի թատերաբեմ (Առակաց 21։19; 26։21)։ Եթե ընդունում ենք Քրիստոսի առաջնորդությունը, ապա խաղաղությունն ու երջանկությունը գնալով ավելի մեծ տեղ կգրավեն մեր ընտանիքում։ Ըստ էության, ընտանեկան հարաբերությունների առումով Հիսուսը տիպար օրինակ է թողել։ Գրություններում ասվում է. «Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով։ Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի.... Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար» (Եփեսացիս 5։21–25)։ Կողոսայի ժողովին Պողոս առաքյալը գրեց. «Որդինե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ» (Կողոսացիս 3։18–20)։
11. Ինչպե՞ս կարող է ամուսինը ցույց տալ, որ Քրիստոսի առաջնորդությունն իրական է իր համար։
11 Այս խորհրդին հետևելը նշանակում է. ամուսինը առաջնորդություն է վերցնում ընտանիքում, կինը հավատարմորեն աջակցում է նրան, երեխաներն էլ հնազանդվում են ծնողներին։ Սակայն ամուսինը միայն այն դեպքում կնպաստի ընտանիքի երջանկությանը, երբ հարկ եղած ձևով կատարի իր գլխավորությունը։ Իմաստուն ամուսինը պետք է իմանա, թե ինչպես դա անել՝ ընդօրինակելով իր Գլխին ու Առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին (Ա Կորնթացիս 11։3)։ Թեպետև Հիսուսը հետագայում դարձավ «գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրայ», բայց ավելի վաղ նա երկիր էր եկել ոչ թե «ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու» (Եփեսացիս 1։22; Մատթէոս 20։28)։ Նման ձևով՝ քրիստոնյա ամուսինն իր գլխավորությունը իրագործում է ոչ թե եսասիրական նկատառումներով, այլ ելնելով իր կնոջ ու երեխաների, այսինքն՝ ամբողջ ընտանիքի բարօրությունից (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Նա ջանքեր է գործադրում՝ ընդօրինակելու իր Գլխի՝ Հիսուս Քրիստոսի հատկությունները։ Հիսուսի պես՝ նա հեզ է և սրտով խոնարհ (Մատթէոս 11։28–30)։ Սխալվելիս նրա համար դժվար չէ ասել «ներողություն» կամ «դու ճիշտ ես»։ Եթե ամուսինն այսպիսին է, ապա կնոջ համար հեշտ է նրա «օգնականն» ու «ընկերը» լինել, սովորել նրանից և ուս–ուսի նրա հետ աշխատել (Ծննդոց 2։20; Մաղաքիա 2։14)։
12. Ի՞նչը կօգնի կնոջը՝ հարգելու գլխավորության սկզբունքը։
12 Կինն էլ իր հերթին պետք է հնազանդվի ամուսնուն։ Սակայն, եթե աշխարհի ոգին ներգործում է նրա վրա, ապա հնարավոր է, որ նա սկսի չհարգել գլխավորության սկզբունքը։ Նրան գուցե դուր չգա այն միտքը, որ ինքը պետք է հնազանդվի ամուսնուն։ Գրություններում չի ասվում, թե ամուսինը պետք է բռնակալ լինի, բայց այնտեղ իսկապես պատվեր է տրվում կանանց՝ հնազանդ մնալու իրենց ամուսիններին (Եփեսացիս 5։24)։ Մյուս կողմից՝ Աստվածաշունչը պահանջում է ամուսիններից կամ հայրերից պատասխանատու լինել ընտանիքի համար։ Եվ երբ սուրբգրային խորհուրդները կիրառվում են, ապա ընտանիքում խաղաղություն և կարգուկանոն է լինում (Փիլիպպեցիս 2։5)։
13. Հնազանդության ի՞նչ օրինակ է Հիսուսը թողել երեխաներին։
13 Երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին։ Այս առումով Հիսուսը գերազանց օրինակ է թողել։ Տաճարի դեպքից հետո 12–ամյա Հիսուսը «ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց» (Ղուկաս 2։51, ԱՆԹ)։ Եթե երեխաները հնազանդվում են ծնողներին, ապա ընտանիքում անդորր ու ներդաշնակություն է տիրում, և երբ ընտանիքի ամեն մի անդամ ենթարկվում է Քրիստոսի առաջնորդությանը, ապա ընտանիքը երջանիկ է լինում։
14, 15. Ի՞նչը կարող է մեզ օգնել, երբ տանը դժվարություններ են ծագում։ Բերեք օրինակ։
14 Երբ տանը դժվարություններ են ծագում, ապա դրանք լուծելու համար դարձյալ պետք է ընդօրինակել Հիսուսին և ընդունել նրա առաջնորդությունը։ Երբ 35–ամյա Ջերին ամուսնացավ Լանայի հետ, որը դեռահաս աղջիկ ուներ, ընտանիքում մի այնպիսի պրոբլեմ առաջացավ, որը նրանց մտքով անգամ չէր անցել։ Ջերին բացատրում է. «Գիտեի, որ գլխավորությունս հաջողությամբ իրագործելու համար պետք է կիրառեմ աստվածաշնչյան այն նույն սկզբունքները, որոնք հաջողություն են բերում ուրիշ ընտանիքների։ Բայց շուտով հասկացա, որ դրա համար ինձ ավելի շատ իմաստություն և խորաթափանցություն է հարկավոր»։ Նրա խորթ աղջիկը կարծում էր, թե Ջերին եկել ու կանգնել է իր ու մոր միջև։ Նա խիստ վրդովեցնում էր Ջերիին։ Նրան խորաթափանցություն էր հարկավոր՝ նկատելու, որ աղջկա խոսելաձևի ու արարքների պատճառը այդ մտայնությունն էր։ Ինչպե՞ս նա հարթեց այս խնդիրը։ Ջերին ասում է. «Ես ու Լանան պայմանավորվեցինք, որ գոնե մի որոշ ժամանակ նա էր զբաղվելու աղջկա դաստիարակությամբ, իսկ ես պետք է ձգտեի նրա հետ հարաբերություններս բարելավել։ Ժամանակի ընթացքում նման գործելակերպն իրեն արդարացրեց»։
15 Երբ զանազան դժվարությունների ենք բախվում ընտանիքում, պետք է խորաթափանցություն հանդես բերենք՝ տեսնելու, թե ինչու են տան անդամները նման ձևով խոսում և գործում։ Աստծո սկզբունքները կիրառելու համար հարկավոր է նաև իմաստություն։ Օրինակ՝ Հիսուսը պարզորոշ հասկացավ, թե ինչո՛ւ արյունահոսությամբ տառապող կինը դիպավ իրեն, ու իմաստուն կերպով և կարեկցաբար վարվեց նրա հետ (Ղեւտացոց 15։25–27; Մարկոս 5։30–34)։ Մեր Առաջնորդին հատուկ են խորաթափանցությունն ու իմաստությունը (Առակաց 8։12)։ Մենք երջանիկ կլինենք, եթե նրա պես վարվենք։
Շարունակեք նախևառաջ Թագավորությունը փնտրել
16. Ի՞նչը պետք է առաջնային լինի մեզ համար կյանքում, և ինչպե՞ս Հիսուսը դա անձնական օրինակով ցույց տվեց։
16 Հիսուսը կասկածի տեղ չթողեց, թե ինչը պետք է առաջնային լիներ իր առաջնորդությունն ընդունողների համար։ Նա ասաց. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա [Աստծո] արդարութիւնը» (Մատթէոս 6։33)։ Հիսուսը մեզ օրինակ է թողել այս հարցում։ Մկրտվելուց հետո նա 40 օր ծոմապահության, խորհրդածումների ու աղոթքների մեջ էր անցկացրել, երբ փորձության ենթարկվեց Սատանայի կողմից։ Բանսարկուն նրան առաջարկեց «աշխարհի բոլոր թագաւորութիւուններն»։ Եթե Հիսուսն ընդուներ նրա առաջարկը, ապա առոք–փառոք կապրեր։ Բայց Քրիստոսի համար կարևորն իր Հոր կամքը կատարելն էր։ Նա նաև գիտակցում էր, որ Սատանայի առաջարկած կյանքով ապրելը տևական չէր լինի։ Հիսուսն անմիջապես մերժեց Բանսարկուի առաջարկը՝ ասելով. «Գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Դրանից կարճ ժամանակ անց նա «սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»» (Մատթէոս 4։2, 8–10, 17)։ Իր երկրային կյանքի մնացած մասը Քրիստոսն անցկացրեց որպես Աստծո Թագավորության լիաժամ քարոզիչ։
17. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Թագավորության շահերը առաջնային են մեր կյանքում։
17 Մենք պետք է ընդօրինակենք մեր Առաջնորդին և թույլ չտանք, որ Սատանայի աշխարհը ստիպի մեզ կյանքի գլխավոր նպատակ դարձնել բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալն ու կարիերա ստեղծելը (Մարկոս 1։17–21)։ Ինչպիսի՜ անխոհեմություն կլիներ, եթե այնքան խճճվեինք աշխարհիկ գործերի ցանցի մեջ, որ Թագավորության շահերն արդեն երկրորդական լինեին մեզ համար։ Հիսուսը մեզ է վստահել Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այո՛, գուցեև ունենք ընտանեկան հոգսեր ու այլ պարտականություններ, բայց մի՞թե չէինք ցանկանա օգտագործել երեկոներն ու հանգստյան օրերը, որպեսզի կատարենք քարոզելու և ուսուցանելու մեր պարտականությունը։ Որքա՜ն ենք ոգևորվում, որ 2001 ծառայողական տարում մոտ 780 000 անձինք կարողացել են ծառայել որպես լիաժամ քարոզիչներ, կամ այլ խոսքով՝ ռահվիրաներ։
18. Ի՞նչն է օգնում մեզ ուրախություն գտնել ծառայության մեջ։
18 Ավետարաններից Հիսուսը մեզ պատկերանում է ոչ միայն որպես գործի մարդ. նա նաև քնքուշ զգացումներ էր տածում ուրիշների հանդեպ։ Տեսնելով, թե ինչ հոգևոր կարիքի մեջ են իր շրջապատի մարդիկ՝ նա խղճում և սրտանց օգնում էր նրանց (Մարկոս 6։31–34)։ Մեր ծառայությունից ուրախություն կստանանք, եթե ծառայենք մարդկանց հանդեպ սիրուց մղված, ինչպես նաև անկեղծորեն ցանկանանք նրանց օգնել։ Ինչպե՞ս կարող ենք նման ցանկություն ունենալ։ «Պատանեկության տարիներին ծառայությունից առանձնապես հաճույք չէի ստանում»,— ասում է երիտասարդ Ջեյսոնը։ Իսկ ի՞նչը նպաստեց, որ նա սիրեր ծառայությունը։ Ջեյսոնը պատասխանում է. «Մեր ընտանիքում ընդունված էր շաբաթ առավոտները ծառայության գնալ։ Դա օգուտ բերեց ինձ, քանի որ ինչքան շատ էի դուրս գալիս ծառայության, այնքան ավելի շատ օգուտ և հաճույք էի ստանում»։ Մենք նույնպես պետք է կանոնավոր կերպով ու ջանասիրաբար ծառայենք։
19. Ի՞նչ վճռականություն պետք է ունենանք Քրիստոսի առաջնորդության առնչությամբ։
19 Իսկապես, Քրիստոսի առաջնորդությունն ընդունելը թարմացում և գոհունակություն է բերում։ Մանկության տարիները դառնում են իմաստությամբ ու գիտելիքներով հարստանալու տարիներ։ Ընտանիքը դառնում է խաղաղության և երջանկության օջախ, իսկ ծառայությունը՝ ուրախություն և բավականություն պատճառող գործ։ Դե՛, ուրեմն, եկեք մեր ամենօրյա գործերում, ինչպես նաև որոշումներ կայացնելիս վճռականորեն ցույց տանք, որ Քրիստոսի առաջնորդությունն իրական է մեզ համար (Կողոսացիս 3։23, 24)։ Սակայն Քրիստոսն առաջնորդում է նաև մեկ այլ ձևով՝ քրիստոնեական ժողովի միջոցով։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք օգուտ ստանալ դրանից։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ օգուտ է մեզ բերում Աստծո կողմից նշանակված Առաջնորդին հետևելը։
• Ինչպե՞ս կարող են պատանիները ցույց տալ, որ ցանկանում են հետևել Հիսուսի առաջնորդությանը։
• Քրիստոսի առաջնորդությունն ընդունելով՝ ի՞նչ օգուտներ են ստանում ընտանիքի անդամները։
• Ինչպե՞ս կարող ենք մեր ծառայությամբ ցույց տալ, որ Քրիստոսի առաջնորդությունն իրական է մեզ համար։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Մանկության տարիները պատանիներին լավ հնարավորություն են ընձեռում՝ գիտելիքներ ձեռք բերելու Աստծո և նրա կողմից նշանակված Առաջնորդի մասին
[նկար 10–րդ էջի վրա]
Քրիստոսի առաջնորդությանը հնազանդվելը նպաստում է ընտանիքի երջանկությանը
[նկարներ 12–րդ էջի վրա]
Հիսուսը նախևառաջ Թագավորությունն էր փնտրում։ Իսկ դո՞ւ