«Ամենափոքրը» դարձել է «հազար»
«Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ» (ԵՍԱՅԻԱ 60։22)։
1, 2. ա) Ինչո՞ւ է խավարն այսօր պատել աշխարհը։ բ) Ինչպե՞ս է Եհովայի փառքի լույսը գնալով ավելի պայծառ շողում իր ժողովրդի վրա։
«ԱՀԱ ԽԱՒԱՐԸ ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ» (Եսայիա 60։2)։ Այս խոսքերը նկարագրում են այն իրավիճակը, որը տիրում է երկրի վրա 1919 թ.–ից ի վեր։ Քրիստոնեական աշխարհը մերժել է Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհի լոյսի» թագավորական իշխանության ներկայության նշանը (Յովհաննէս 8։12; Մատթէոս 24։3)։ «Այս խաւար աշխարհի տիրակալների» առաջնորդի՝ Սատանայի «մեծ ցասման» պատճառով 20–րդ դարը կարելի է անվանել որպես մարդկության պատմության մեջ ամենադաժան ու ամենակործանարար դարաշրջանը (Յայտնութիւն 12։12; Եփեսացիս 6։12)։ Մարդկանց մեծամասնությունն ապրում է հոգևոր խավարի մեջ։
2 Սակայն կա մի լույս, որը շողում է այսօր։ Եհովայի «փառքը ծագում է» իր ծառաների՝ օծյալ մնացորդի անդամների վրա, որոնք նրա երկնային «կնոջ» երկրային ներկայացուցիչներն են (Եսայիա 60։1, ՆԱ)։ Աստծո փառքը նրանք արտացոլել են հատկապես 1919–ին՝ բաբելոնյան գերությունից ազատագրվելուց հետո, և այդ ժամանակվանից սկսած թույլ են տալիս, որ ‘իրենց լույսը փայլի մարդկանց առաջ’ (Մատթէոս 5։16)։ 1919—1931 թթ. ընթացքում՝ բաբելոնյան ուսմունքների մնացած կապանքներից ազատվելու տարիներին, Թագավորության լույսը գնալով ավելի պայծառ էր շողում։ Եվ, քանի որ Եհովան կատարում էր իր խոստումը, թե՝ «անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը.... ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով», նրանց թիվը հասավ տասնյակ հազարների (Միքիա 2։12)։ Եհովայի փառքն իր ժողովրդի վրա ավելի վառ երևաց 1931 թ.–ին, երբ նրանք ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (Եսայիա 43։10, 12)։
3. Ինչպե՞ս պարզ դարձավ, որ Եհովայի փառքի լույսը, օծյալների վրա շողալուց բացի, պետք է շողար նաև ուրիշների վրա։
3 Եհովայի փառքի լույսը արդյո՞ք պետք է շողար միայն իր «փոքրիկ հօտի» անդամների վրա (Ղուկաս 12։32)։ Ո՛չ. «Դիտարանի» 1931 թ. սեպտեմբերի 1–ի համարում (անգլ.) մատնացույց արվեց մարդկանց մեկ այլ խմբի։ Բացատրելով Եզեկիէլ 9։1—11 համարների նշանակությունը՝ այնտեղ ասվում էր, որ գրագրի թանաքաման ունեցող մարդը ներկայացնում է օծյալ մնացորդ դասակարգին։ Իսկ ո՞ւմ ճակատներին է այդ «մարդը» նշան դնում. «այլ ոչխարների»՝ նրանց, ովքեր դրախտ–երկրի վրա հավիտյան ապրելու հույսն ունեն (Յովհաննէս 10։16; Սաղմոս 37։29)։ 1935 թ.–ին «այլ ոչխարների» այս խումբը ճանաչվեց որպես Հովհաննես առաքյալին տրված տեսիլքի «մեծ բազմութիւնը.... բոլոր ազգերից» (Յայտնութիւն 7։9—14)։ Այդ թվականից սկսած մինչև մեր օրերը ողջ ուշադրությունը կենտրոնացված է մեծ բազմությունը հավաքելու վրա։
4. Ո՞ւմ են ներկայացնում Եսայիա 60։3–ում հիշատակված «թագաւորները» և «ազգերը»։
4 Հենց այդ հավաքի մասին է խոսվում Եսայիա 60–րդ գլխի մարգարեության մեջ, որտեղ կարդում ենք. «Ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը» (Եսայիա 60։3)։ Ովքե՞ր են այս համարում հիշատակված «թագաւորները»։ Նրանք Հիսուս Քրիստոսի հետ միասին երկնային Թագավորության ժառանգակիցներն են՝ 144 000–ի մնացյալ անդամները, որոնք առաջնորդություն են վերցրել վկայության գործում (Հռովմայեցիս 8։17; Յայտնութիւն 12։17; 14։1)։ Այսօրվա մի քանի հազար օծյալներին թվով մեծապես գերազանցում են «ազգերը»՝ երկրային կյանքի հույսն ունեցող այն անհատները, ովքեր հրահանգներ ստանալու համար դիմում են Եհովային և իրենց հերթին ուրիշներին հրավիրում նույնն անելու (Եսայիա 2։3)։
Եհովայի ժրաջան ծառաները
5. ա) Ինչի՞ց է երևում, որ Եհովայի ժողովրդի եռանդը չի նվազել։ բ) 1999 թ. ընթացքում հատկապես ո՞ր երկրներում է աչքառու աճ նկատվել (տեսեք 25—28 էջերում զետեղված աղյուսակը)։
5 Ինչպիսի՜ եռանդ են ցուցաբերել Եհովայի ժամանակակից վկաները 20–րդ դարի ընթացքում։ Եվ, չնայած կրկնապատկվող ճնշումներին, այդ եռանդը 2000 թվականի շեմին բոլորովին չի նվազել. ինչպես նախկինում, նրանք հիմա էլ լրջորեն են վերաբերվում Հիսուսի տված հրահանգին. «Աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին» (Մատթէոս 28։19, 20)։ 20–րդ դարի վերջին ծառայողական տարվա ընթացքում ակտիվ քարոզիչների թիվը մի նոր գագաթնակետ նվաճեց՝ հասնելով 5 912 492 հոգու։ Այս անհատները միջին հաշվով 1 144 566 849 ժամ են հատկացրել մարդկանց հետ Աստծո և նրա նպատակների մասին զրույցին։ Հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց նրանք 420 047 796 վերայցելություններ են կատարել և 4 433 884 Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություններ անցկացրել։ Իրոք որ, այս թվերը նրանց ժրաջան ծառայության հրաշալի վկայությունն են։
6. ՝Ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի հետ կապված՝ ի՞նչ փոփոխություն մտցվեց, և ի՞նչ արձագանք այն գտավ։
6 Անցած տարի՝ հունվարին, Կառավարիչ մարմինը, ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի հետ կապված, նոր փոփոխություն մտցրեց։ Շատերն օգտվեցին այդ հնարավորությունից՝ անցնելով ընդհանուր կամ օժանդակ ռահվիրաների շարքերը։ Օրինակ՝ 1999 թ. առաջին չորս ամիսների ընթացքում Նիդերլանդների մասնաճյուղը նախորդ տարվա համեմատությամբ չորս անգամ ավելի շատ ռահվիրայության դիմում ստացավ։ Գանան տեղեկացնում է, որ «ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի փոփոխությունն իրեն բավականին արդարացրել է, քանի որ այդ փոփոխության հետ մեկտեղ նկատելիորեն աճել է նաև ընդհանուր ռահվիրաների թիվը»։ 1999 ծառայողական տարվա ընթացքում ռահվիրաների թիվն ամբողջ աշխարհում հասել է 738 343–ի, ինչը ‘բարի գործերի հանդեպ նախանձախնդրության’ հիանալի ապացույցն է (Տիտոս 2։14)։
7. Ինչպե՞ս է Եհովան օրհնել իր ծառաների ժրաջան գործունեությունը։
7 Օրհնե՞լ է Եհովան իր ծառաների ժրաջան գործունեությունը։ Անշո՛ւշտ։ Ահա թե ինչ է նա ասում Եսայիայի միջոցով. «Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած» (Եսայիա 60։4)։ Մեկտեղ ժողովված՝ Աստծո օծյալ «որդիքն» ու «աղջկերքը» այժմ էլ փութաջանորեն նրան են ծառայում։ Իսկ 234 երկրներում ու կղզիներում Եհովայի օծյալ ‘որդիների’ և ‘աղջիկների’ մոտ են հավաքվում նաև Հիսուսի «այլ ոչխարները»։
«Բոլոր բարի գործերի համար»
8. Ի՞նչ «բարի գործերի են» Եհովայի վկաներն աշխուժորեն մասնակցում։
8 Քրիստոնյաներն իրենց վրա են կրում Թագավորության ավետիսը մարդկանց հաղորդելու և հետաքրքրվող անհատներին Հիսուսի աշակերտները դարձնելու պատասխանատվությունը։ Սակայն նրանք «պատրաստ [են] բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։17)։ Ուստի, այդ կարևոր գործից բացի, նրանք հոգ են տանում իրենց ընտանիքներին, հյուրընկալություն են ցուցաբերում և այցելում են հիվանդներին (Ա Տիմոթէոս 5։8; Եբրայեցիս 13։16)։ Շատերը կամավոր մասնակցում են այնպիսի նախագծի իրականացմանը, ինչպիսին է, օրինակ, Թագավորության սրահների կառուցումը՝ աշխատանք, որը նույնպես վկայություն է Աստծո մասին։ Տոգոյում մի սրահի շինարարության ավարտից հետո տեղական խարիզմատիկ եկեղեցու պատասխանատու անձերից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս է, որ Եհովայի վկաներն իրենց ուժերով կարողանում են կառուցել իրենց շինությունները, իսկ եկեղեցին ստիպված է լինում մարդիկ վարձել դրա համար։ Այդ երկրում բարձր որակով կառուցված Թագավորության սրահներն այնքան լավ տպավորություն են թողել, որ ոմանք ցանկանում են տներ վարձել կամ կառուցել այն տարածքների մոտ, որտեղ ծրագրվում է սրահների նոր շինարարություն սկսել։
9. Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգնության ձեռք մեկնել բնական աղետների հետևանքով տուժածներին։
9 Երբեմն պահանջվում է այլ բարի գործեր էլ կատարել։ Անցյալ ծառայողական տարվա ընթացքում շատ երկրներ բնական աղետների զոհ դարձան, և շատ հաճախ այդ տուժած տարածքներում առաջինը օգնության են հասել Եհովայի վկաները։ Բերենք մի քանի օրինակներ։ Միչի փոթորիկը ավերել էր Հոնդուրասի տարածքի մեծ մասը։ Առանց հապաղելու՝ օգնություն ցույց տալու նպատակով մասնաճյուղում հատուկ կոմիտեներ ստեղծվեցին։ Հոնդուրասի և այլ երկրների Վկաները հագուստեղեն, սննդամթերք, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր նվիրաբերեցին։ Տեղի շինարարական կոմիտեների օգնությամբ սկսվեց վնասված տների վերականգնումը։ Աղետի զոհ դարձած մեր եղբայրները կարճ ժամանակի ընթացքում կարողացան վերադառնալ իրենց առօրյա գործերին։ Էկվադորում Եհովայի վկաները անմիջապես օգնության հասան իրենց եղբայրներին, երբ նրանցից ոմանք ջրհեղեղի հետևանքով զրկվեցին իրենց տներից։ Նկատելով, թե ինչպես են նրանք ստեղծված իրավիճակում լավագույն ձևով կողմնորոշվում՝ պետական պաշտոնյաներից մեկն ասաց. «Եթե ձեռքիս տակ այսպիսի աշխատողներ ունենայի, ես հրաշքներ կանեի։ Ձեզ նմանները պետք է աշխարհի բոլոր ծայրերում լինեն»։ Այսպիսի բարի գործերը փառաբանում են Եհովային և ցույց են տալիս մեր «աստուածապաշտութիւնը [որն] օգտակար է ամէն ինչի» (Ա Տիմոթէոս 4։8)։
Նրանք «թռչում են ամպի պէս»
10. Չնայած օծյալների թվի աստիճանաբար նվազմանը, ինչպե՞ս է Եհովայի անունը, ինչպես երբեք, հռչակվում համայն աշխարհով մեկ։
10 Եհովան հարցնում է. «Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։ Որովհետեւ կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ քո որդկանցը բերեն հեռուից.... օտարների որդիքը պիտի շինեն քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն» (Եսայիա 60։8—10)։ Եհովայի փառքի լույսին նախ և առաջ պետք է արձագանքեին նրա «որդիքը»՝ օծյալ քրիստոնյաները, ապա՝ «օտարների որդիքը»՝ մեծ բազմությունը, որը հավատարմորեն ծառայում է իր օծյալ եղբայրներին՝ հետևելով բարի լուրն ավետելու նրանց առաջնորդությանը։ Ուստի, չնայած այն իրողությանը, որ օծյալների թիվը գնալով նվազում է, Եհովայի անունը, ներկայումս, ինչպես երբեք, հռչակվում է համայն աշխարհով մեկ։
11. ա) Առ այսօր ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ, և ի՞նչ են ցույց տալիս 1999 թ. տվյալները։ բ) Ո՞ր երկրներն են մկրտության բարձրագույն թիվ ներկայացրել 1999 թ. ընթացքում (տեսեք 25—28 էջերի աղյուսակը)։
11 Այսպիսով, միլիոնավոր մարդիկ «աղաւնիների պէս [թռչում են] դէպի իրանց վանդակները»՝ ապաստան գտնելով քրիստոնեական ժողովներում։ Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ մեզ են միանում, և ճանապարհը դեռ շատերի համար բաց է։ Եսայիան ասում է. «Քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չ’կապուին. որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն» (Եսայիա 60։11)։ Անցած տարի 323 439 հոգի մկրտվել է՝ ի նշան իրենց նվիրմանը Եհովային, իսկ դռները դեռ շարունակում են բաց մնալ։ «Բոլոր ազգերի ցանկալիքը» կամ մեծ բազմության շարքերը համալրել ցանկացողները դեռևս հնարավորություն ունեն մտնելու այդ դռներով (Անգէ 2։7)։ Իսկ խավարից ազատվել ցանկացողներից ոչ մեկը մերժում չի ստանում (Յովհաննէս 12։46)։ Թող որ երբեք այդ անհատները չկորցնեն իրենց երախտագիտության զգացումը իրենց տրված լույսի համար։
Անվախ են հակառակության դիմաց
12. Լույսը մարելու համար ի՞նչ մեթոդներ են օգտագործել խավարը սիրողները։
12 Խավարը սիրողները ատում են Եհովայի լույսը (Յովհաննէս 3։19)։ Ոմանք ջանում են նույնիսկ մարել այդ լույսը, և դա զարմանալի չէ։ Նույնիսկ Հիսուսը՝ «ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու», հակառակության հանդիպեց, ծաղր ու ծանակի ենթարկվեց և, ի վերջո, սպանվեց իր իսկ հայրենակիցների կողմից (Յովհաննէս 1։9)։ Մեր՝ 20–րդ դարի ընթացքում Եհովայի վկաներն էլ են ծաղրի առարկա դարձել, բանտարկվել են, արգելվել և նույնիսկ սպանվել, քանի որ հավատարմորեն արտացոլել են Եհովայի լույսը։ Վերջին տարիների ընթացքում հակառակորդներին հաջողվել է զանգվածային լրատվական միջոցների օգնությամբ սխալ տեղեկություններ տարածել Աստծո լույսն արտացոլողների մասին։ Ոմանց նպատակն է հավատացնել մարդկանց, որ Եհովայի վկաները վտանգավոր մարդիկ են, և որ պետք է սահմանափակել կամ էլ արգելել նրանց գործունեությունը։ Այս առումով նրանք հաջողությունների հասե՞լ են արդյոք։
13. Ի՞նչ արդյունքների է հանգեցնում մեր գործունեությանը վերաբերող փաստերը զանգվածային լրատվական միջոցներով խոհեմաբար ներկայացնելը։
13 Ո՛չ։ Անհրաժեշտության դեպքում Եհովայի վկաները դիմել են զանգվածային լրատվական միջոցների օգնությանը՝ եղած փաստերը ճշտելու նպատակով։ Նրանց ցուցաբերած ջանքերի արդյունքը եղել է այն, որ Եհովայի անունը լայնորեն հռչակվել է թերթերում, ամսագրերում, ինչպես նաև ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Այս ամենը դրականորեն է անդրադարձել քարոզչական աշխատանքի վրա։ Դանիայում, օրինակ, ազգային հեռուստատեսությունը մի հաղորդում էր նվիրել «Ինչո՛ւ է դանիացիների հավատը նվազում» թեմային։ Այլ կրոնների ներկայացուցիչներից բացի հարցազրույց էր անցկացվել նաև Եհովայի վկաների հետ։ Այդ հաղորդումից հետո ծրագրին հետևող մի կին հայտարարել էր. «Պարզ է, թե նրանցից ով ունի Աստծո սուրբ հոգին»։ Հետագայում նա Աստվածաշունչն ուսումնասիրելու ցանկություն էր հայտնել։
14. Ի հիասթափություն իրենց՝ մեր հակառակորդները շուտով ի՞նչ պետք է ստիպված լինեն ընդունելու։
14 Եհովայի վկաները գիտեն, որ աշխարհում մեծ հակառակության են հանդիպելու (Յովհաննէս 17։14)։ Չնայած այդ ամենին՝ նրանց համար քաջալերիչ է հնչում Եսայիայի մարգարեական խոսքերը. «Քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սուրբի Սիօնը» (Եսայիա 60։14)։ Ի հիասթափություն իրենց՝ հակառակորդները շուտով ստիպված կլինեն ընդունելու, որ իրենց պայքարն իրականում ուղղված է եղել հենց Աստծո դեմ։ Իսկ ովքե՞ր են այս պայքարից հաղթանակած դուրս գալու։
15. Ի՞նչ իմաստով են Եհովայի վկաները «ազգերի կաթը ծծում», և ինչպե՞ս է դա անդրադառնում ավետարանի քարոզման և աշակերտներ պատրաստելու գործի վրա։
15 Եհովան նաև խոստանում է. «Ես քեզ շինել եմ յաւիտենական փառք.... Պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը» (Եսայիա 60։15, 16)։ Այո՛, Եհովան իր ժողովրդի Փրկիչն է։ Նրանք հավիտյան կմնան, եթե ապավինեն իրեն։ Իսկ «ազգերի կաթը պիտի ծծեն» արտահայտությունը կարելի է հասկանալ այն իմաստով, որ ճշմարիտ երկրպագությունն առաջ տանելու համար որոշակի մատչելի միջոցներ են օգտագործվում։ Օրինակ՝ համակարգիչների և հաղորդակցման այլ տեխնիկական միջոցների կիրառումը ներկայումս հեշտացնում է «Դիտարան» (121) և «Արթնացե՛ք» (62 լեզուներով) պարբերագրերի միաժամանակյա հրատարակումը։ Հատուկ համակարգչային ծրագիր է ստեղծված Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանությունը» նորանոր լեզուներով թարգմանելու համար, ինչը անսահման ուրախության աղբյուր է հանդիսանում։ Երբ 1999 թ.–ին լույս տեսավ Քրիստոնեական հունարեն գրությունների խորվաթերեն թարգմանությունը, հազարավոր մարդիկ չկարողացան թաքցնել իրենց արցունքները։ «Ես երկա՜ր տարիներ եմ սպասել այս Աստվածաշնչին։ Այժմ հանգիստ կարող եմ մեռնել»,— այս խոսքերով իր զգացմունքներն արտահայտեց մի տարեց եղբայր։ «Նոր աշխարհ թարգմանության» 34 լեզուներով մասամբ կամ ամբողջովին հրատարակությունների տպաքանակը արդեն անցել է հարյուր միլիոնից։
Բարոյական բարձր չափանիշներով
16, 17. ա) Թեև այնքան էլ հեշտ չէ, սակայն ինչո՞ւ է կարևոր կառչած մնալ Եհովայի բարձր չափանիշներից։ բ) Ո՞ր դեպքն է վկայում, որ երիտասարդները կարող են խուսափել աշխարհի ապականություններից։
16 Հիսուսն ասել է. «Ով չարիք է գործում, ատում է լոյսը» (Յովհաննէս 3։20)։ Հետևաբար նրանք, ովքեր մնում են լույսի մեջ, սիրում են Եհովայի բարձր չափանիշները։ Եհովան ասում է Եսայիայի միջոցով. «Քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն» (Եսայիա 60։21ա)։ Բարոյական առումով այլասերված այս աշխարհում, որտեղ սուտը, ագահությունը և գոռոզությունը սովորական բաներ են դարձել, շատ դժվար է արդար մնալ։ Ներկայումս որոշ երկրներ տնտեսական առումով բարգավաճում են, և նման պայմաններում հեշտ է տարվել հարստություն ձեռք բերելու մտքերով ու շեղվել ճիշտ ճանապարհից։ Սակայն Պողոսը զգուշացնում է. «Ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ» (Ա Տիմոթէոս 6։9)։ Որքան ցավալի է, երբ ոմանք, տարվելով ակտիվ ձեռներեցությամբ, զոհաբերում են իրականում շատ կարևոր բաներ՝ հավատակիցների ընկերակցությունը, սուրբ ծառայությունը, բարոյական սկզբունքները և իրենց ընտանեկան պարտականությունները։
17 Եհովայի արդար չափանիշներին կառչած մնալը թերևս շատ ավելի դժվար է երիտասարդ քրիստոնյաների համար, քանի որ նրանց հասակակիցների մեջ այսօր խիստ տարածված է թմրամոլությունն ու անբարոյականությունը։ Սուրինամում տասնչորսամյա մի աղջկա մոտեցել էր իրենց դպրոցի ամենահամակրելի տղան և առաջարկել իր հետ սեռային հարաբերություն ունենալ։ Աղջիկը մերժել էր՝ բացատրելով, որ Աստվածաշունչն արգելում է ամուսնությունից դուրս սեռային հարաբերությունները։ Դպրոցի մյուս աղջիկները սկսել էին ծաղրել նրան ու ստիպել, որ համաձայնվի, քանի որ, նրանց ասելով, շատերն էին երազում այդ բանը։ Աղջիկը իր որոշման մեջ մնացել էր հաստատուն։ Մի քանի շաբաթ անց այդ տղայի մոտ հայտնաբերվել էր ՁԻԱՀ–ի հարուցիչ՝ ՄԻԱՎ դրական։ Որքա՜ն ուրախ էր այդ աղջիկը, որ հնազանդվել էր Եհովայի պատվիրանին՝ «հեռու մնալ.... պոռնկութիւնից» (Գործք 15։28, 29)։ Եհովայի վկաները հպարտանում են իրենց երիտասարդներով, որոնք անփոփոխ են մնում ճիշտն անելու իրենց որոշման մեջ։ Նրանց և նրանց ծնողների հավատը «փառավորում է» Եհովա Աստծո անունը (Եսայիա 60։21բ)։
Եհովան աճեցրել է
18. ա) Ի՞նչ մեծ գործեր է Եհովան կատարել իր ժողովրդի համար։ բ) Ինչպիսի՞ փաստեր կան ասելու, որ աճը դեռ շարունակվում է, և ի՞նչ փառահեղ ապագա է սպասվում նրանց, ովքեր շարունակում են մնալ լույսի մեջ։
18 Այո՛, Եհովան լուսավորում է իր ժողովրդին՝ օրհնելով, առաջնորդելով և զորացնելով նրան։ Եվ այս 20–րդ դարում նրա ժողովուրդը դարձել է Եսայիայի մարգարեության հրաշալի կատարման ականատեսը. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Եսայիա 60։22)։ Եվ իրոք, 1919 թ. մի բուռ ժողովուրդը «հազար» է դարձել։ Սակայն աճը կանգ չի առել, այն դեռևս շարունակվում է։ Անցյալ տարի 14 088 751 հոգի ներկա է գտնվել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։ Չնայած նրանցից շատերն ակտիվ Վկաներից չէին, ուրախ ենք, որ իրենց ներկայությամբ հարգել են այդ օրը. մեր հերթին սիրով հրավիրում ենք նրանց չդադարեցնել դեպի լույսն իրենց ընթացքը։ Եհովայի փառքը շարունակում է շողալ իր ժողովրդի վրա։ Նրա կազմակերպության դռները դեռ բաց են։ Թող որ նրա բոլոր ծառաներն էլ վճռական լինեն և մնան Եհովայի լույսի մեջ։ Ինչպիսի՜ օրհնություններ է այն բերում մեզ այսօր, և ինչպիսի՜ ուրախ օրեր դեռ կբերի ապագայում, երբ ողջ արարչագործությունը կփառաբանի Եհովային ու կցնծա նրա փառքի լույսի մեջ (Յայտնութիւն 5։13, 14)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ովքե՞ր են այս վերջին օրերում արտացոլում Եհովայի փառքի լույսը։
• Ինչի՞ց է երևում, որ Եհովայի ժողովրդի եռանդը չի նվազել։
• Ի՞նչ «բարի գործեր են» կատարում Եհովայի վկաները։
• Ի՞նչ բանում ենք վճռականորեն տրամադրված՝ չնայած մեր հանդեպ դրսևորվող հակառակությանը։
[աղյուսակ 25–28-րդ էջերի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 1999 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(Տե՛ս միահյուսված հատորը)
[նկար 31–րդ էջի վրա]
Մենք ուրախ ենք, որ Եհովան լույսը սիրողների համար լայնորեն բաց է արել դուռը։