Բարի լուրի բերած օրհնությունները
[Եհովան] օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին [«հեզերին», ՆԱ] աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու.... բոլոր սգաւորներին մխիթարելու» (ԵՍԱՅԻԱ 61։1, 2)։
1, 2. ա) Հիսուսն իր մասին ի՞նչ հայտնեց և ինչպե՞ս։ բ) Ի՞նչ օրհնություններ էր բերելու Հիսուսի ավետած բարի լուրը։
ՄԻ ՇԱԲԱԹ օր Հիսուսը Նազարեթի ժողովարանում էր։ Այդ ժամանակ նա նոր էր սկսել իր ծառայությունը։ Համաձայն արձանագրության՝ «նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց.... աւետարանելու»։ Հիսուսը շարունակեց կարդալ մարգարեական այս հատվածը, հետո նստեց ու ասաց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով» (Ղուկաս 4։16–21)։
2 Այսպես Հիսուսը ցույց տվեց, որ ինքն է այն ավետարանիչը, բարի լուր և մխիթարություն բերողը, որի մասին մարգարեացվել էր (Մատթէոս 4։23)։ Ինչպիսի՜ բարի լուր էր դա։ Նա իր ունկնդիրներին հայտնեց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Յովհաննէս 8։12)։ Նաև ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։31, 32)։ Այո՛, Հիսուսը «յաւիտենական կեանքի խօսքեր» ուներ (Յովհաննէս 6։69, 70)։ Լույս, կյանք, ազատություն. անշուշտ, սրանք թանկագին օրհնություններ են։
3. Ի՞նչ բարի լուր էին քարոզում Հիսուսի աշակերտները։
3 Մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո աշակերտները շարունակեցին Հիսուսի ավետարանչական գործը։ Նրանք ‘արքայության ավետարանը’ քարոզեցին թե՛ իսրայելացիներին և թե՛ ուրիշ ազգերի մարդկանց (Մատթէոս 24։14; Գործք 15։7; Հռովմայեցիս 1։16)։ Ովքեր ընդունեցին այն, կարողացան ճանաչել Եհովա Աստծուն։ Այդ մարդիկ ազատվեցին կրոնական կապանքներից ու մաս կազմեցին նոր հոգևոր ազգին՝ «Աստծու Իսրայէլին», որի անդամներն իրենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ երկնքում հավիտյան պիտի կառավարեն (Գաղատացիս 5։1; 6։16; Եփեսացիս 3։5–7; Կողոսացիս 1։4, 5; Յայտնութիւն 22։5)։ Այդ ամենն իսկապես որ թանկագին օրհնություն էր։
Ավետարանչությունն այսօր
4. Ինչպե՞ս է այսօր բարի լուրը քարոզելու հանձնարարությունը կատարվում։
4 Այսօր օծյալ քրիստոնյաները, որոնց աջակցում է «այլ ոչխարների» հետզհետե ստվարացող «մեծ բազմութիւնը», շարունակում են կատարել Հիսուսի կողմից տրված մարգարեական հանձնարարությունը (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Արդյունքում՝ բարի լուրի քարոզչությունը չտեսնված չափերի է հասել։ 235 երկրներում ու տարածքներում Եհովայի վկաները գնացել են «աղքատներին [«հեզերին», ՆԱ] աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրեժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (Եսայիա 61։1, 2)։ Հետևաբար՝ քրիստոնեական ավետարանչությունը շարունակում է շատերին օրհնություններ բերել ու իսկական մխիթարություն՝ «ամէն տեսակ նեղութիւնների մէջ» լինողներին (Բ Կորնթացիս 1։3, 4)։
5. Բարի լուրի քարոզչության հետ կապված՝ ինչպե՞ս են Եհովայի վկաները տարբերվում քրիստոնեական աշխարհի եկեղեցիներից։
5 Ճշմարիտ է, որ քրիստոնեական աշխարհի եկեղեցիներն ավետարանչության տարբեր ձևեր են հովանավորում։ Դրանցից շատերը միսիոներներ են ուղարկում այլ երկրներ, որպեսզի նրանք այնտեղ մարդկանց հավատափոխ անեն։ Օրինակ՝ մի պարբերականում տեղեկացվում է Մադագասկարում, հարավային Աֆրիկայում, Տանզանիայում ու Զիմբաբվեում ուղղափառ միսիոներների ծավալած գործունեության մասին («The Orthodox Christian Mission Center Magazine»)։ Սակայն ուղղափառ եկեղեցու, ինչպես և քրիստոնեական աշխարհի մյուս եկեղեցիների անդամների ճնշող մեծամասնությունը նման գործ չի անում։ Սրան հակառակ՝ բոլոր նվիրված Եհովայի վկաները ջանում են մասնակցել ավետարանչությանը։ Նրանք հասկանում են, որ բարի լուրը քարոզելով՝ իրենք ապացուցում են իրենց հավատի իսկական լինելը։ Պողոսն ասաց. «Սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար»։ Այն հավատը, որ մարդուն չի մղում գործերի, մեռած է (Հռովմայեցիս 10։10, ԱԹ; Յակոբոս 2։17)։
Բարի լուր, որ հավիտենական օրհնություններ է բերում
6. Ի՞նչ բարի լուր է քարոզվում այսօր։
6 Եհովայի վկաները քարոզում են բոլոր տեսակի լուրերից ամենալավը։ Նրանք բացում են իրենց Աստվածաշունչն ու բացատրում ընկալունակ սրտով մարդկանց, որ Հիսուսը զոհաբերել է իր կյանքը, որպեսզի մարդիկ ստանան Աստծուն մոտենալու հնարավորություն, մեղքերի թողություն և հավիտենական կյանքի հույս (Յովհաննէս 3։16; Բ Կորնթացիս 5։18, 19)։ Նրանք հայտարարում են, որ Աստծո Թագավորությունը հաստատվել է երկնքում, ու այն գլխավորում է օծյալ Թագավոր Հիսուս Քրիստոսը. շուտով այդ Թագավորությունը երկրի երեսից վերացնելու է ամբարշտությունը և ղեկավարելու է Դրախտի վերականգնման գործը (Յայտնութիւն 11։15; 21։3, 4)։ Ի կատարումն Եսայիայի մարգարեության՝ նրանք տեղեկացնում են իրենց մերձավորներին, որ այժմ «Տիրոջ համար.... ընդունելի տարի» է, երբ մարդիկ դեռևս հնարավորություն ունեն արձագանքելու բարի լուրին։ Նրանք նաև զգուշացնում են, որ շուտով կգա Աստծո «վրեժխնդրութեան օրը», երբ նա կոչնչացնի անզեղջ մեղավորներին (Սաղմոս 37։9–11)։
7. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Եհովայի վկաները միասնական են, և ո՞րն է դրա պատճառը։
7 Ողբերգական ու աղետալի իրադարձություններով լի այս աշխարհում սա միակ բարի լուրն է, որը հավիտենական բարիքներ է խոստանում։ Այս լուրն ընդունողները միանում են քրիստոնյաների միասնական համաշխարհային եղբայրակցությանը, որի անդամները թույլ չեն տալիս, որ իրենց միջև եղած ազգային, ցեղային կամ տնտեսական տարբերությունները բաժանումներ մտցնեն իրենց մեջ։ Նրանք ‘հագնում են սերը’, քանզի դա «միասնության կատարյալ կապն է» (ՆԱ) (Կողոսացիս 3։14; Յովհաննէս 15։12)։ Այդ է ցույց տալիս աֆրիկյան երկրներից մեկում կատարվածը։ Մի առավոտ մայրաքաղաքի բնակչությունն արթնացավ հրետանային կրակից. պետական հեղաշրջման փորձ էր կատարվում։ Շուտով իրադարձությունները սկսեցին էթնիկական բնույթ ստանալ։ Որոշ մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտեցին, որ Վկաների մի ընտանիք ապաստան է տվել այլ էթնիկական խմբի պատկանող Վկաների։ Բայց այդ ընտանիքը պատասխանեց. «Մեր տանը միայն Եհովայի վկաներ են գտնվում»։ Նրանց համար էթնիկական տարբերությունները կարևոր չէին. կարևորը քրիստոնեական սերն դրսևորելն էր՝ օգնության կարիք ունեցողներին մխիթարելը։ Այս դեպքի հետ կապված՝ նրանց ոչ Վկա հարազատներից մեկն ասաց. «Բոլոր մյուս կրոնների անդամները մատնեցին իրենց հավատակիցներին։ Միայն Եհովայի վկաներն այդպես չվարվեցին»։ Նման բազմաթիվ դեպքերը, որոնց մասին հաղորդվել է այն երկրներից, որտեղ քաղաքացիական ընդհարումներ են տեղի ունենում, ցույց են տալիս, որ Եհովայի վկաներն իսկապես ‘սիրում են եղբայրությունը’ (Ա Պետրոս 2։17)։
Բարի լուրը փոխում է մարդկանց
8, 9. ա) Ի՞նչ փոփոխություններ են անում բարի լուրն ընդունող մարդիկ։ բ) Ո՞ր օրինակներից է երևում բարի լուրի ուժը։
8 Բարի լուրը առնչվում է նրան, ինչը Պողոսը կոչեց «ներկայ եւ.... ապագայ կեանք» (Ա Տիմոթէոս 4։8, Արևմտ. Աստ.)։ Այն չի վերաբերում միայն ապագայի հանդեպ հրաշալի, հաստատ հույսին։ Այդ լուրի շնորհիվ կարելի է բարելավել նաև «ներկայ» կյանքը։ Եհովայի վկաները՝ որպես անհատներ, իրենց կյանքն Աստծո կամքին համապատասխանեցնելու համար առաջնորդվում են Աստծո Խոսքով՝ Աստվածաշնչով (Սաղմոս 119։101)։ Նրանք իրենց մեջ նոր անձնավորություն են զարգացնում՝ մշակելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են արդարությունն ու հավատարմությունը (Եփեսացիս 4։24, ՆԱ)։
9 Քննարկենք Ֆրանկոյի օրինակը։ Նա բարկացկոտ մարդ էր։ Հենց որ գործերը վատ էին ընթանում, Ֆրանկոն մոլեգնում էր կատաղությունից ու սկսում էր ձեռքի տակ ընկած իրերը ջարդել։ Նրա կինը Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում։ Վերջիններիս քրիստոնեական վարքն աստիճանաբար օգնեց նրան հասկանալու, որ ինքը փոխվելու կարիք ունի։ Նա Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրեց և ի վերջո սկսեց դրսևորել սուրբ ոգու՝ խաղաղության ու ինքնատիրապետման պտուղները (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Նա մեկն է այն 492 անհատներից, որոնք մկրտվել են Բելգիայում 2001 ծառայողական տարում։ Քննարկենք նաև Ալեհանդրոյի օրինակը։ Այս երիտասարդն այն աստիճան էր անձնատուր եղել թմրանյութերին, որ սկսել էր սննդի մնացորդներ փնտրել աղբակույտերի մեջ, ինչպես նաև իրեր, որոնք կարող էր վաճառել ու ձեռք բերված գումարով թմրանյութ գնել։ Ալեհանդրոն 22 տարեկան էր, երբ Եհովայի վկաներն առաջարկեցին Աստվածաշունչ ուսումնասիրել, և նա համաձայնվեց։ Նա ամեն օր կարդում էր Աստվածաշունչը ու հաճախում էր քրիստոնեական հանդիպումներին։ Այնքան արագորեն կարգավորեց իր կյանքը, որ վեց ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանար մասնակցել ավետարանչական գործին. Ալեհանդրոն մեկն է այն 10 115 մարդկանցից, որոնք այդ գործն էին արել անցած տարի Պանամայում։
Բարի լուրն օրհնություն է բերում հեզերին
10. Ովքե՞ր են արձագանքում բարի լուրին, և ինչպե՞ս են այդ մարդիկ փոխում իրենց տեսակետը։
10 Եսայիան մարգարեացավ, որ բարի լուրը կքարոզվի հեզերին։ Ովքե՞ր են նրանք։ Նրանք «Գործք» գրքում նկարագրված այն մարդիկ են, որոնք «տրամադրված [են] հավիտենական կյանքի հանդեպ» (ՆԱ) (Գործք 13։48)։ Հասարակության բոլոր խավերից էլ կան խոնարհ անհատներ, որոնք բացում են իրենց սրտերը ճշմարտության լուրի հանդեպ։ Նրանք վերահասու են լինում, որ Աստծո կամքն անելը բերում է օրհնություններ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան այն, ինչ որ աշխարհն է առաջարկում (Ա Յովհաննէս 2։15–17)։ Սակայն ինչպե՞ս են Եհովայի վկաները հասնում մարդկանց սրտերին իրենց ավետարանչական գործում։
11. Ըստ Պողոսի՝ ինչպե՞ս պետք է բարի լուրը քարոզվեր։
11 Քննարկենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա կորնթացիներին գրեց. «Ես, եղբայրնե՛ր, թէպէտ եւ եկայ ձեզ մօտ, բայց ոչ թէ յայտնելու ձեզ Աստծու վկայութիւնը իմաստութեան [կամ] խօսքի գերազանցութեամբ. որովհետեւ իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մէջ այլ բան, եթէ ոչ՝ միայն Յիսուս Քրիստոսին եւ նոյն ինքը խաչուածին» (Ա Կորնթացիս 2։1, 2)։ Պողոսը չէր ձգտում իր գիտելիքներով տպավորել ունկնդիրներին։ Նա ուրիշ ոչ մի բան չէր սովորեցնում բացի նրանից, ինչ որ հաստատված էր Աստծո կողմից. փաստեր, որ այսօր պարունակվում են Աստվածաշնչում։ Նաև նկատեցեք, թե ինչպես էր Պողոսը քաջալերում իր ավետարանիչ–գործընկեր Տիմոթեոսին. «Քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ [«հրատապությամբ», ՆԱ] յայտարարիր այն» (Բ Տիմոթէոս 4։2)։ Տիմոթեոսը պետք է քարոզեր «խօսքը»՝ Աստծո լուրը։ Պողոսը նրան նաև գրեց. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած [«ընտիր», ԱԹ], որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթէոս 2։15)։
12. Ինչպե՞ս են Եհովայի վկաներն այսօր հետևում Պողոսի խոսքերին ու օրինակին։
12 Եհովայի վկաները հետևում են Պողոսի օրինակին, ինչպես նաև այն խոսքերին, որ նա գրեց Տիմոթեոսին։ Նրանք ընդունում են, որ Աստծո Խոսքը զորավոր է, և օգտվելով նրանից՝ ջանում են իրենց մերձավորների համար հույսի ու մխիթարության բառեր գտնել (Սաղմոս 119։52; Բ Տիմոթէոս 3։16, 17; Եբրայեցիս 4։12)։ Ճիշտ է, որ նրանք օգտագործում են նաև աստվածաշնչյան գրականություն, որպեսզի հետաքրքրվող անհատներին օգնեն ազատ ժամանակ ավելի շատ գիտելիքներ ստանալ։ Բայց նրանք միշտ ձգտում են մարդկանց բացատրել Գրություններո՛ւմ գրվածը։ Վկաները գիտեն, որ Աստծո ներշնչյալ Խոսքը կհասնի խոնարհ մարդկանց սրտերին։ Եվ այսպես վարվելով՝ նրանք ամրապնդում են նաև հենց իրենց հավատը։
«Բոլոր սգաւորներին մխիթարելու համար»
13. 2001 թ.–ին ի՞նչ իրադարձություններ պատահեցին, որոնց պատճառով բազմաթիվ սգավոր մարդկանց մխիթարելու անհրաժեշտություն առաջացավ։
13 2001 թ. դժբախտություններից զերծ չմնաց, և բազմաթիվ մարդիկ մխիթարության կարիք էին զգում։ Սեպտեմբերին արտառոց դեպք պատահեց ԱՄՆ–ում. ահաբեկիչները գրոհեցին Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի և Վաշինգտոնի մոտակայքում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի, շենքի վրա։ Ինչպիսի՜ ցնցում ապրեց ողջ երկիրը։ Չնայած այս ամենին՝ Եհովայի վկաները ձգտում են կատարել իրենց՝ ‘բոլոր սգավորներին մխիթարություն’ առաջարկելու հանձնարարությունը։ Մի քանի օրինակներ լուսաբանում են, թե ինչպես են նրանք դա անում։
14, 15. Ինչպե՞ս Վկաները, կիրառելով սուրբգրային համարները, մխիթարեցին սգավոր մարդկանց։
14 Մի Վկա, որը լիաժամ ավետարանիչ է, մոտեցավ մայթին կանգնած մի կնոջ ու հարցրեց, թե ինչ է նա մտածում՝ վերջին ահաբեկչական գործողությունների հետ կապված։ Կինը սկսեց հեծկլտալ։ Նա ասաց, որ վշտացած է ու ցանկանում է ինչ–որ կերպ օգնել մարդկանց։ Վկան պատմեց, որ Աստված խիստ հետաքրքվում է մեզանից ամեն մեկով, ու կարդաց Եսայիա 61։1, 2–ը։ Աստծո կողմից ներշնչված այս խոսքերը տրամաբանական թվացին այդ կնոջը։ Նա ասաց, որ ամեն մարդ հիմա սգում է։ Կինը վերցրեց առաջարկված թերթիկն ու խնդրեց Վկային այցելել իրեն։
15 Երկու Վկաներ ավետարանելիս հանդիպեցին ցախանոցում աշխատող մի մարդու։ Ի նկատի ունենալով Առևտրի համաշխարհային կենտրոնի հետ կապված վերջին ողբերգական դեպքերը՝ նրանք առաջարկեցին այդ մարդուն տեսնել, թե ինչ մխիթարական խոսքեր են ասվում Գրություններում։ Նրա համաձայնությամբ նրանք կարդացին Բ Կորնթացիս 1։3–7-ը, որտեղ մասնավորապես գրված է. «Քրիստոսի ձեռովը շատանում է.... մխիթարութիւնը» (ԱԹ)։ Մարդը շնորհակալություն հայտնեց, որ իր Վկա համաքաղաքացիները մխիթարում են մարդկանց, ու ասաց. «Թող Աստված օրհնի ձեր այդ հրաշալի գործը»։
16, 17. Ո՞ր երկու օրինակներն են ցույց տալիս, որ Աստվածաշունչը զորություն ունի օգնելու այն մարդկանց, ովքեր վշտացած կամ անհանգստացած են ողբերգությունների պատճառով։
16 Մի Վկա հետաքրքրվող անհատներին այցելության գնալիս հանդիպեց մի մարդու, որի մայրը նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել բարի լուրի հանդեպ։ Նա բացատրեց, որ այս վերջին ողբերգական դեպքերի պատճառով անհանգստացած է իր համաքաղաքացիների համար։ Այդ մարդը խիստ զարմացած էր, որ Վկան իր ժամանակը տրամադրել էր՝ այցելելու մարդկանց ու հարցնելու նրանց ողջությունը։ Նա պատմեց, որ ինքն աշխատում էր հենց Առևտրի համաշխարհային կենտրոնի մոտ ու ամեն ինչ իր աչքով տեսավ։ Իսկ երբ նա հարցրեց, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը, Վկան Աստվածաշնչից համարներ կարդաց, որոնցից էր Սաղմոս 37։39–ը, որտեղ ասվում է. «Արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում»։ Այդ մարդն իր հերթին սիրալիրությամբ հարցրեց Վկայի ու նրա ընտանիքի որպիսությունը, հրավիրեց կրկին այցելել իրենց ու սրտանց շնորհակալություն հայտնեց այցելության համար։
17 Ահաբեկչական գործողություններից հետո ընկած օրերին Եհովայի վկաները հազարավոր սգավոր մարդկանց մխիթարեցին։ Իրենց այցելությունների ժամանակ նրանք հանդիպեցին մի կնոջ, որն անչափ վշտացած էր պատահածով։ Վկաները նրա համար կարդացին Սաղմոս 72։12–14-ը. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին»։ Որքա՜ն իմաստալից էին այդ խոսքերը։ Կինը խնդրեց նորից կարդալ այդ համարներն ու Վկաներին տուն հրավիրեց՝ շարունակելու զրույցը։ Զրույցի վերջում նրանք արդեն Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։
18. Ինչպե՞ս Վկան օգնեց իր մերձավորներին, երբ իրեն խնդրեցին աղոթել իրենց համար։
18 Մի Վկա աշխատում էր ռեստորանում, որը գտնվում էր բավական հարուստ թաղամասում։ Տեղի բնակիչները նախկինում առանձնապես չէին հետաքրքվում Թագավորության բարի լուրով։ Ահաբեկչական գործողություններից հետո այդ թաղամասում հուզում էր տիրում։ Ուրբաթ օրը երեկոյան՝ գրոհներից հետո, ռեստորանի տնօրենը բոլորին առաջարկեց դուրս գնալ, մոմ վառել ու, մեկ րոպե լուռ խորհելով կատարվածի շուրջ, զոհերի հիշատակը հարգել։ Հարգելով նրանց զգացումները՝ Վկան դուրս եկավ ու լուռ կանգնեց մայթին։ Տնօրենը գիտեր, որ նա Եհովայի վկա է, ուստիև հարգանքի լռությունից հետո խնդրեց նրան բոլորի փոխարեն աղոթել։ Վկան համաձայնվեց։ Իր աղոթքում նա նշեց, թե ինչ մեծ վիշտ են ապրում մարդիկ, բայց նաև ասաց, որ նրանք չպետք է իրենց անհույս զգան։ Նա խոսեց այն ժամանակների մասին, երբ նման սարսափելի դեպքեր այլևս չեն պատահի, ու ասաց, որ բոլորն էլ կարող են մոտենալ մխիթարության Աստծուն՝ Աստվածաշնչից ճշգրիտ գիտելիքներ ստանալով։ «Ամեն» ասելուց հետո տնօրենը մոտեցավ Վկային, շնորհակալություն հայտնեց նրան ու ամուր գրկեց՝ նշելով, որ այդ աղոթքն իր լսածներից լավագույնն էր։ Նման ձևով վարվեցին նաև հավաքված ավելի քան 60 մարդիկ։
Օրհնություն հասարակության համար
19. Ո՞ր դեպքից է երևում, որ մարդիկ ընդունում են, որ Եհովայի վկաները բարձր չափանիշներ ունեն։
19 Շատերն են նկատել, որ Եհովայի վկաներն իրենց ներկայությամբ, հատկապես այսպիսի օրերին, բարերար ազդեցություն են թողնում հասարակության վրա։ Եվ ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որը սատարում է խաղաղությանը, ազնվությանը և անարատ բարոյական սկզբունքներին, բարերար ազդեցություն չթողնել։ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում Վկաները հանդիպեցին նախկին պետական անվտանգության կոմիտեի մի պաշտոնաթող սպայի։ Նա պատմեց, որ մի ժամանակ իրեն հանձնարարվել էր տեղեկություններ հավաքել զանազան կրոնական կազմակերպությունների մասին։ Եվ երբ տվյալներ էր հավաքում Եհովայի վկաների մասին, նա տպավորվել էր նրանց ազնվությամբ ու լավ վարքով։ Նա հիացել էր նրանց անսասան հավատով ու նրանով, որ իրենց ուսուցումները հիմնված էին Գրությունների վրա։ Այդ մարդը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
20. ա) Անցած տարի Եհովայի վկաների կատարած գործն ի՞նչ է ցույց տալիս։ բ) Ի՞նչն է վկայում, որ դեռևս շատ աշխատանք կա անելու, և ինչպե՞ս ենք նայում ավետարանելու մեր առանձնաշնորհմանը։
20 Հոդվածում բերված այս օրինակներից (կարելի էր այդպիսի հազարավոր օրինակներ պատմել) պարզ է դառնում, որ Եհովայի վկաները բավական ակտիվ են եղել 2001 ծառայողական տարում։a Նրանք զրուցել են միլիոնավոր մարդկանց հետ ու մխիթարել բազմաթիվ սգացողների. արդյունքում նրանց ավետարանչական գործունեությունն օրհնվել է։ 263 431 մարդ իրենց նվիրումն Աստծուն խորհրդանշել են մկրտությամբ։ Ավետարանիչների թվի աճը ամբողջ աշխարհում կազմել է 1,7%։ Իսկ այն փաստը, որ 15 374 986 մարդ ներկա է եղել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին, ցույց է տալիս, որ դեռևս շատ աշխատանք կա անելու (Ա Կորնթացիս 11։23–26)։ Թող որ շարունակենք փնտրել հեզ անհատներին, որոնք արձագանքում են բարի լուրին։ Եվ քանի դեռ Եհովայի «ընդունելի տարին» չի վերջացել, թող որ մենք շարունակենք մխիթարել «կոտրած սիրտ ունեցողներին»։ Ի՜նչ մեծ բավականություն է պատճառում այս գործը։ Անշուշտ, բոլորս էլ կրկնում ենք Եսայիայի խոսքերը. «Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը» (Եսայիա 61։10)։ Թող որ Աստված շարունակի մեզ օգտագործել իր հետևյալ մարգարեական խոսքերի կատարման մեջ. «Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին» (Եսայիա 61։11)։
[ծանոթագրություն]
a 19–22 էջերում պատկերված աղյուսակում ներկայացվում է 2001 ծառայողական տարում Եհովայի վկաների գործունեության հաշվետվությունը։
Հիշո՞ւմ եք
• Հիսուսի քարոզած բարի լուրն ինչպե՞ս էր օգուտներ բերում հեզ անհատներին։
• Ի՞նչ օրհնություններ էին ստանում նրանք, ովքեր արձագանքում էին Հիսուսի՝ առաջին դարի աշակերտների ավետարանչությանը։
• Ինչպե՞ս է բարի լուրն այսօր օգնում ընկալունակ սրտով մարդկանց։
• Ինչպե՞ս ենք նայում ավետարանիչ լինելու մեր առանձնաշնորհմանը։
[գծապատկեր 19–22–րդ էջերի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2001–ի ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(տե՛ս միահյուսված հատորը)
[նկարներ 15–րդ էջի վրա]
Եհովայի վկաները միշտ հիշում են ավետարանելու իրենց պատասխանատվության մասին
[նկարներ 17–րդ էջի վրա]
Բարի լուրին արձագանքողները միասնական համաշխարհային եղբայրակցության մի մասն են դառնում