«Կեանքը ընտրիր որ ապրես»
«Կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես» (Բ ՕՐԻՆԱՑ 30։19)։
1, 2. Ի՞նչ առումներով է մարդը ստեղծվել Աստծու պատկերով։
«ՄԵՐ պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք»։ Այս խոսքերը, որ ասաց Աստված, գրված են Աստվածաշնչի առաջին գլխում։ «Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան»,— կարդում ենք Ծննդոց 1։26, 27–ում։ Այդպիսով՝ առաջին մարդը տարբերվում էր երկրի վրա եղող մյուս բոլոր ստեղծագործություններից։ Նա նման էր իր Արարչին. ընդունակ էր նրա պես տրամաբանելու, դրսևորելու սեր, արդարություն, իմաստություն և զորություն։ Առաջին մարդն օժտված էր նաև խղճով, մի ունակությամբ, որը կարող էր օգնել նրան կայացնել այնպիսի որոշումներ, որոնք իրեն օգուտ կբերեին, ինչպես նաև հաճելի կլինեին իր երկնային Ծնողին (Հռովմայեցիս 2։15)։ Մի խոսքով՝ Ադամը օժտված էր ազատ կամքով։ Նայելով իր երկրային որդուն՝ Եհովան իր ձեռքի գործին գնահատական տվեց հետևյալ խոսքերով. «Ահա շատ բարի [է]» (Ծննդոց 1։31; Սաղմոս 95։6)։
2 Լինելով Ադամի հետնորդներ՝ մենք նույնպես ստեղծված ենք Աստծու պատկերով և նմանությամբ։ Սակայն արդյո՞ք կարող ենք ազատորեն ընտրել, թե ինչպես կվարվենք։ Թեպետ Եհովան կարողություն ունի նախապես իմանալու ապագան, նա չի կանխորոշում մեր անհատական գործողությունները և դրանց հետևանքները։ Նա երբեք իր երկրային երեխաներին չի կառավարում նախասահմանության միջոցով։ Որպեսզի հասկանանք, թե որքան կարևոր է մեր ազատ կամքը գործադրել այնպես, որ ճիշտ ընտրություն կատարենք, նախևառաջ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Իսրայել ազգի օրինակից (Հռովմայեցիս 15։4)։
Իսրայելացիները ընտրության ազատություն ունեին
3. Ո՞րն էր Տասը պատվիրաններից առաջինը, և հավատարիմ իսրայելացիներն ինչպե՞ս փաստեցին, որ ընտրում են Աստծուն հնազանդվելը։
3 «Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի»,— ասաց Եհովան իսրայելացիներին (Բ Օրինաց 5։6)։ Մ.թ.ա. 1513–ին Իսրայել ազգը հրաշքով ազատագրվեց Եգիպտոսի լծից, ուստի ոչ մի հիմք չուներ կասկածելու Աստծու այդ խոսքերին։ Տասը պատվիրաններից առաջինում Եհովան իր ներկայացուցիչ Մովսեսի միջոցով ասաց. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս» (Ելից 20։1, 3)։ Այս դեպքում Իսրայել ազգը ընտրեց հնազանդվել Աստծուն։ Նրանք կամավորապես ցանկացան բացարձակ նվիրվածություն դրսևորել Եհովայի հանդեպ (Ելից 20։5; Թուոց 25։11)։
4. ա) Մովսեսը իսրայելացիների առաջ ի՞նչ ընտրություն դրեց։ բ) Ի՞նչ ընտրության առջև ենք այսօր մենք կանգնած։
4 Մոտ 40 տարի անց Մովսեսը իսրայելացիների մեկ այլ սերնդի պարզ բացատրեց, թե իրենց առջև ինչ ընտրություն է դրված։ Նա ազդարարեց. «Այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը» (Բ Օրինաց 30։19)։ Մենք էլ իսրայելացիների պես կարող ենք ընտրություն կատարել։ Կարող ենք ընտրել հավատարմորեն ծառայել Եհովային՝ ստանալով հավիտենական կյանքի հեռանկարը, կամ չհնազանդվել նրան ու կրել դրա հետևանքները։ Քննենք երկու օրինակ, երբ մարդիկ բոլորովին տարբեր ընտրություն կատարեցին։
5, 6. Ի՞նչ ընտրություն կատարեց Հեսուն, և ի՞նչ արդյունքով։
5 Մ. թ. ա. 1473–ին Հեսուն իսրայելացիներին առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր։ Իր մահից առաջ նա ամբողջ ազգին ազդեցիկ հորդոր տվեց. «Եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում էք»։ Այնուհետև, նկատի ունենալով իր ընտանիքին, ասաց. «Ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Յեսու 24։15)։
6 Ավելի վաղ Եհովան Հեսուին հորդորել էր լինել քաջ և ուժեղ ու չխոտորվել Օրենքից։ Հեսուն պետք է գիշեր ու ցերեկ կիսաձայն ընթերցեր Օրենքի գիրքը, որպեսզի կարողանար իր ճանապարհները հաջողակ անել (Յեսու 1։7, 8 ՆԱ)։ Նա այդպես էլ վարվեց, և Հեսուի կատարած ընտրությունը օրհնություններ բերեց։ «Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ»,— ասաց Հեսուն (Յեսու 21։45)։
7. Եսայիայի օրերում որոշ իսրայելացիներ ի՞նչ ընտրություն արեցին, և ի՞նչ հետևանքներով։
7 Իսկ հիմա քննենք այն իրավիճակը, որ տիրում էր Իսրայելում այդ դեպքերից մոտ 700 տարի անց։ Շատ իսրայելացիներ հեթանոսական սովորություններ էին որդեգրել։ Օրինակ՝ տարվա վերջին օրը նրանք, հավաքվելով, սեղան էին նստում և ճաշակում զանազան համեղ կերակուրներ և քաղցր գինի։ Դա սովորական ընտանեկան հացկերույթ չէր։ Դա կրոնական արարողություն էր՝ նվիրված երկու հեթանոսական աստվածությունների։ Եսայիա մարգարեն գրեց, թե ինչ տեսակետ ունի Աստված այդ անհավատարիմ մարդկանց վերաբերյալ. «Դուք Տիրոջը թողողներ էք, իմ սուրբ սարը մոռացողներ, Գադ կուռքին [«Բաղդին», ԱԱ, ծնթ.] սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին [«Ճակատագրին», ԱԱ, ծնթ.] նուէր լցնողներ էք»։ Նրանք կարծում էին, թե բերքատվությունը կախված էր ոչ թե Եհովայի օրհնությունից, այլ ‘Բախտի’ և ‘Ճակատագրի’ աստվածներին խաղաղեցնելուց։ Իրականում, սակայն, ըմբոստ ընթացքն ու կամակոր ընտրությունն էր նրանց դժբախտությունների պատճառը։ Եհովան հայտարարեց. «Ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. որովհետեւ կանչեցի եւ դուք չ’պատասխանեցիք, խօսեցի եւ դուք չ’լսեցիք. այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք» (Եսայիա 65։11, 12)։ Անխոհեմ ընտրությունը կործանեց նրանց, և Ճակատագրի ու Բախտի աստվածները անզոր էին դա կանխելու։
Ճիշտ ընտրություն կատարենք
8. Ըստ Բ Օրինաց 30։20–ի՝ ի՞նչ է պետք անել ճիշտ ընտրություն կատարելու համար։
8 Իսրայելացիներին հորդորելով կյանքն ընտրել՝ Մովսեսը նշեց երեք քայլ, որ նրանք պետք է անեին. «Քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես» (Բ Օրինաց 30։20)։ Եկեք քննենք դրանցից յուրաքանչյուրը, որպեսզի կարողանանք ճիշտ ընտրություն կատարել։
9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Եհովայի հանդեպ։
9 Մեր Եհովա Աստծուն սիրենք։ Մենք ընտրում ենք ծառայել Եհովային, քանի որ սիրում ենք նրան։ Դասեր քաղելով հին իսրայելացիների հետ պատահածից՝ մենք դիմադրում ենք անբարոյություն գործելու բոլոր գայթակղություններին և խուսափում ենք այն ապրելակերպից, որը կարող է գցել մեզ նյութապաշտության ճահիճը (Ա Կորնթացիս 10։11; Ա Տիմոթէոս 6։6–10)։ Մենք ‘հարում’ ենք Եհովային և պահում նրա պատվիրանները (Յեսու 23։8; Սաղմոս 119։5, 8)։ Նախքան իսրայելացիները կմտնեին Ավետյաց երկիր, Մովսեսը նրանց հորդորեց. «Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։ Հիմա պահեցէք եւ արէք. որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները [կլսեն]» (Բ Օրինաց 4։5, 6)։ Հիմա է ժամանակը, որ, Եհովայի կամքը կատարելը մեր կյանքում առաջին տեղը դնելով, ցույց տանք մեր սերը նրա հանդեպ։ Մենք անպայման կօրհնվենք, եթե մեր ընտրությունը դա լինի (Մատթէոս 6։33)։
10–12. Ի՞նչ ենք սովորում Նոյի օրերում տեղի ունեցածից։
10 Նրա ձայնին լսենք։ Նոյը ‘արդարության քարոզիչ’ էր (Բ Պետրոս 2։5)։ Նախաջրհեղեղյան աշխարհի գրեթե բոլոր մարդիկ չցանկացան «ուշադրություն դարձնել» (ՆԱ) նրա նախազգուշացումներին։ Ի՞նչ եղավ հետևանքը։ «Ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ»։ Հիսուսն ասաց, որ մեր օրերում էլ՝ ‘մարդու Որդու գալստյան’ ընթացքում, նման իրավիճակներ կտիրեն։ Նոյի օրերում պատահածը խիստ նախազգուշացում է այսօրվա մարդկանց համար, որոնք ընտրում են չլսել Աստծուց եկող լուրը (Մատթէոս 24։39)։
11 Ովքեր ծաղրանքով են վերաբերվում Աստծու նախազգուշացումներին, որ ազդարարում են նրա ժամանակակից ծառաները, պետք է գիտակցեն այդ լուրին ականջ չդնելու հետևանքները։ Այդ ծաղրողների մասին Պետրոս առաքյալը գրեց. «Նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը. նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։ Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը» (Բ Պետրոս 3։3–7)։
12 Ի տարբերություն այդ մարդկանց՝ Նոյն ու իր ընտանիքի անդամները այլ ընտրություն կատարեցին։ «Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը»։ Նա ականջ դրեց տրված նախազգուշացմանը, և դրա շնորհիվ նրա ընտանիքը փրկվեց (Եբրայեցիս 11։7)։ Թող որ մենք էլ արագ լինենք Աստծուց եկող լուրին ականջ դնելու և հնազանդվելու հարցում (Յակոբոս 1։19, 22–25)։
13, 14. ա) Ինչո՞ւ է խիստ կարևոր ‘հարել’ Եհովային։ բ) Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ Եհովային՝ ‘մեր Բրուտին’, ձևավորել մեզ։
13 Եհովային հարենք։ Որպեսզի ‘կյանքն ընտրենք և ապրենք’, պետք է ոչ միայն սիրենք Եհովային ու նրան լսենք, այլև ‘հարենք Եհովային’, այսինքն՝ հաստատակամորեն կատարենք նրա կամքը։ «Ձեր համբերութեամբը [«տոկունությամբ», ՆԱ] կ’շահէք ձեր հոգիները»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 21։19)։ Իրողությունն այն է, որ այս առումով կատարած մեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ կա մեր սրտում։ «Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կ’ընկնի»,— ասվում է Առակաց 28։14–ում։ Օրինակ՝ հին Եգիպտոսի փարավոնը։ Նրա երկրի վրա տասը պատուհասներ եկան, և ամեն անգամ նա իր սիրտը խստացրեց՝ փոխանակ աստվածահաճո վախ դրսևորելու։ Եհովան չստիպեց փարավոնին անհնազանդության ուղին բռնել, այլ այդ հպարտ կառավարչին ընտրություն կատարելու հնարավորություն տվեց։ Այսպես թե այնպես, Եհովայի կամքը կատարվեց։ Դա են փաստում Պողոս առաքյալի մեջբերած խոսքերը, որոնք Եհովան ասաց փարավոնին. «Հէնց նորա համար գրգռեցի քեզ [«թույլ տվեցի քեզ մնալ», ՆԱ] որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի» (Հռովմայեցիս 9։17)։
14 Դարեր անց այն բանից հետո, երբ իսրայելացիները ազատագրվեցին փարավոնի լծից, Եսայիա մարգարեն գրեց. «Ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս» (Եսայիա 64։8)։ Թույլ տալով, որ Եհովան ձևավորի մեզ, իսկ դա տեղի է ունենում, երբ մենք Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն ենք կատարում և կիրառում ենք սուրբգրային խորհուրդները՝ աստիճանաբար նոր անձնավորություն ենք հագնում։ Մենք դառնում ենք ավելի հեզ ու «փափուկ», և դա օգնում է շարունակել ‘հարել’ Եհովային. չէ՞ որ անկեղծորեն ցանկանում ենք հաճեցնել նրան (Եփեսացիս 4։23, 24; Կողոսացիս 3։8–10)։
«Սովորեցնես»
15. Համաձայն Բ Օրինաց 4։9–ի՝ Մովսեսը ո՞ր երկու բաների մասին հիշեցրեց իսրայելացիներին։
15 Մովսեսը իսրայելացիներին, որոնք կանգնած էին Ավետյաց երկրի շեմին, ասաց. «Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցե մոռանաս այն բոլոր բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցե նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես» (Բ Օրինաց 4։9)։ Որպեսզի ունենային Եհովայի օրհնությունը և բարգավաճեին այն երկրում, որ ժառանգելու էին, նրանք պետք է երկու բան անեին իրենց Եհովա Աստծու առջև. իսրայելացիները չպիտի մոռանային այն չքնաղ բաները, որ Եհովան արել էր իրենց աչքերի առաջ, և նրանք պետք է դրանց մասին սովորեցնեին իրենց ապագա սերունդներին։ Լինելով Աստծու ժողովուրդ՝ մենք պետք է նույնն անենք, եթե ցանկանում ենք ‘ընտրել կյանքը և ապրել’։ Եհովան շատ բաներ է արել մեզ համար։ Իսկ ի՞նչ են տեսել մեր աչքերը։
16, 17. ա) Ի՞նչ արդյունքների են հասել «Գաղաադի» շրջանավարտները Թագավորության քարոզչության գործում։ բ) Ի՞նչ օրինակներ են քեզ հայտնի այն մասին, որ քարոզիչները չեն կորցրել իրենց եռանդը։
16 Մեծ հուզմունքով ենք լցվում՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օրհնել քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը։ 1943 թ.–ից սկսած, երբ բացվեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը՝ միսիոներները շատ երկրներում առաջնորդություն են ստանձնել աշակերտներ պատրաստելու գործում։ Մինչև օրս այդ դպրոցի առաջին շրջանավարտները պահպանել են իրենց քարոզչական եռանդը, չնայած որ արդեն տարեց են, իսկ նրանցից ոմանք առողջական խնդիրներ ունեն։ Հիանալի օրինակ է Մերի Օլսոնը, որը «Գաղաադն» ավարտել է 1944 թ.–ին։ Նա ծառայել է որպես միսիոներ նախ Ուրուգվայում, ապա Կոլումբիայում, իսկ այժմ ծառայում է Պուերտո Ռիկոյում։ Չնայած տարիքի բերած առողջական խնդիրներին՝ քույր Օլսոնը պահպանել է իր խանդավառությունը քարոզչության մեջ։ Իսպաներենի իմացությունը հնարավորություն է տալիս նրան ամեն շաբաթ տեղի քարոզիչների հետ գնալ ծառայության։
17 Նենսի Փորտերը (այժմ՝ այրի), որ «Գաղաադն» ավարտել է 1947 թ.–ին, մինչև հիմա շարունակում է անխոնջ կերպով ծառայել որպես միսիոներ Բահամյան կղզիներում։ «Աստվածաշնչյան ճշմարտությունը ուրիշներին սովորեցնելը մի առանձին ուրախություն է ինձ բերում,— պատմում քույր Փորտերը։a— Դա կարգավորում է իմ հոգևոր առօրյան, ինչն էլ կազմակերպվածություն և կայունություն է հաղորդում իմ կյանքին»։ Հետադարձ հայացք նետելով իրենց անցած ուղուն՝ քույր Փորտերը և այլ հավատարիմ ծառաներ հիշում են Եհովայի արած գործերը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Լցվո՞ւմ ենք երախտագիտությամբ Եհովայի հանդեպ՝ տեսնելով, թե ինչպես է նա օրհնել քարոզչական գործը մեր տարածքում (Սաղմոս 68։11)։
18. Ի՞նչ կարող ենք սովորել՝ կարդալով միսիոներների կենսագրությունները։
18 Մենք երջանիկ ենք՝ տեսնելով, թե ինչ հաջողությունների են հասել և հասնում երկար տարիներ Եհովային ծառայող եղբայրներն ու քույրերը։ Կարդալով նրանց կենսագրությունները և տեսնելով, թե Եհովան ինչեր է արել նրանց համար՝ քաջալերվում ենք ու էլ ավելի մեծ վճռականությամբ լցվում ծառայելու նրան։ Կանոնավորաբար ընթերցո՞ւմ ես «Դիտարանում» տպագրվող այդ հուզիչ պատմությունները և խորհրդածո՞ւմ ես դրանց շուրջ։
19. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները օգուտ քաղել «Դիտարանում» տպագրված կենսագրություններից։
19 Մովսեսը իսրայելացիներին հիշեցրեց, որ չմոռանան Եհովայի՝ իրենց համար արած բոլոր բաները, և որ դրանք դուրս չգան իրենց սրտից կյանքի բոլոր օրերում։ Այնուհետև նա ավելացրեց. «Քո որդիներին եւ որդկանցդ որդիներին [դրանք] սովորեցնես» (Բ Օրինաց 4։9)։ Կենսագրությունները առանձնահատուկ ազդեցություն կարող են ունենալ։ Երեխաները լավ օրինակների կարիք ունեն։ Ամուրի քույրերը կարող են լավ բաներ սովորել հավատարիմ տարեց քույրերի կենսագրությունից։ Եղբայրներն ու քույրերը կարող են իրենց ծառայությունն ընդարձակել՝ սեփական երկրում բարի լուրը քարոզելով օտարախոս դաշտում։ Քրիստոնյա ծնողնե՛ր, ինչո՞ւ այնպես չանեք, որ «Գաղաադի» միսիոներների և ուրիշների հավատարմության օրինակը խթան հանդիսանա ձեր երեխաների համար լիաժամ ծառայությունը ընտրելու որպես կյանքի ուղի։
20. Ի՞նչ պետք է անենք ‘կյանքը ընտրելու’ համար։
20 Այսպիսով՝ ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրն ‘ընտրել կյանքը’։ Դա կարող ենք անել՝ ազատ կամքի չքնաղ պարգևը գործադրելով այնպես, որ փաստենք մեր սերը Եհովայի հանդեպ, ինչպես նաև քրիստոնեական ծառայության մեջ շարունակենք անել մեր լավագույնը, քանի դեռ Եհովան թույլ է տալիս մեզ ունենալ այդ հնարավորությունը։ «Որովհետեւ,— ասում է Մովսեսը,— [Եհովան] է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը» (Բ Օրինաց 30։19, 20)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Ուրախ և երախտապարտ՝ չնայած ցավալի կորստին» հոդվածը «Դիտարանի» 2001 թ. հունիսի 1–ի համարում (էջ 23–27)։
Կարո՞ղ եք հիշել
• Ընտրություն անելու վերաբերյալ մեր քննարկած օրինակներից ի՞նչ ես սովորում։
• Ի՞նչ քայլեր պետք է անենք ‘կյանքն ընտրելու’ համար։
• Ի՞նչ երկու բան պետք է անենք։
[նկար 26-րդ էջի վրա]
«Կեանքը ու մահը.... ձեր առաջը դրի»
[նկար 29-րդ էջի վրա]
Աստծու ձայնին ականջ դնելով՝ Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին
[նկար 30-րդ էջի վրա]
Մերի Օլսոն
[նկար 30-րդ էջի վրա]
Նենսի Փորտեր