Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 3
«Գտանք Մեսիային»
Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։
ՀԻՍՈՒՍԻ ծնունդից դարեր առաջ հրեա մարգարեները կանխագուշակել էին Մեսիայի գալուստը։ Եբրայերեն Մեսիա բառը նշանակում է «Օծյալ»։ Այդ մարգարեները մանրամասն տեղեկություններ են արձանագրել Մեսիայի ապագա կյանքի վերաբերյալ, օրինակ՝ նրա շառավիղը, որտեղ և երբ պետք է ծնվեր և ինչ էր լինելու նրա հետ։
Առաջին դարի քրիստոնյաները հավատում էին, որ այդ մարգարեությունները կատարվեցին Հիսուսի վրա։ Նրանք Անդրեաս աշակերտի նման էին մտածում, որն իր եղբայր Սիմոնին ասաց. «Գտա՛նք Մեսիային» (Հովհաննես 1։40, 41)։ Արդյոք այս եզրակացությունը ճի՞շտ էր։ Քննենք Մեսիայի վերաբերյալ բազում մարգարեություններից ընդամենը չորսը և տեսնենք, թե յուրաքանչյուր մարգարեության համար ինչ փաստեր կան։
Մարգարեություն 1. «Նա կնստի Դավթի թագավորական գահին» (Եսայիա 9։7, Knox)։
Կատարում. Մատթեոսի Ավետարանը սկսվում է հետևյալ խոսքերով. «Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու՝ Աբրահամի որդու պատմության գիրքը»։ Այնուհետև Մատթեոսը արձանագրում է Հիսուսի ծագումնաբանությունը Դավթի շառավղով, ինչի մասին նաև ավետարանագիր Ղուկասն է գրել (Մատթեոս 1։1–16; Ղուկաս 3։23–38)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Հրեա պատմագիր Հովսեպոսի գրվածքները ցույց են տալիս, որ հրեա ընտանիքների տոհմաբանական արձանագրությունները պահվել են հանրային արխիվներում։ Դրանք ոչնչացան մ.թ. 70թ.-ին, երբ կործանվեց Երուսաղեմը։ Սակայն նախքան Երուսաղեմի կործանումը արդեն տարածված էր այն կարծիքը, որ Հիսուսը Դավթի շառավղից է սերել (Մատթեոս 9։27; 20։30; 21։9)։ Եթե նման տեսակետը կեղծ լիներ, ցանկացած մարդ կարող էր կասկածի ենթարկել կամ նույնիսկ հերքել այդ փաստը։ Սակայն ոչ մի արձանագրություն չկա, որ որևէ մեկը փորձել է այդպես վարվել։
Մարգարեություն 2. «Ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես, սակայն քեզնից դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար» (Միքիա 5։2)։
Կատարում. Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում։ Երբ Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ ամբողջ երկրում գրանցում անցկացվի, Հովսեփը՝ Հիսուսի հայրը, Նազարեթից գնաց «Հրեաստան [Հուդա]՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տանից և նրա ազգատոհմից էր, որպեսզի Մարիամի հետ գրանցվի»։ Եվ մինչ նրանք այնտեղ էին, Մարիամը «ծնեց իր անդրանիկ որդուն»՝ Հիսուսին (Ղուկաս 2։1–7)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Հնագիտությունը հաստատում է, որ հռոմեացիները այդպիսի գրանցումներ անցկացրել են Մերձավոր Արևելքում՝ հարկեր հավաքելու և զինակոչ անելու նպատակով։ Նման հրամանագիր արձակել է Եգիպտոսի հռոմեացի կառավարիչը մ.թ. 104թ.-ին։ Այդ հրամանագրի օրինակում, որը պահպանվում է Բրիտանական գրադարանում, գրված է. «Քանի որ ժամանակն է մարդահամար անցկացնելու, հարկավոր է ստիպել բոլոր նրանց, ովքեր իրենց ծննդավայրում չեն ապրում, վերադառնալ ծննդավայր՝ մարդահամարին մասնակցելու, ինչպես նաև մշակելու իրենց հողատարածքները»։
● Այն ժամանակ, երբ ծնվեց Հիսուսը, Իսրայելում Բեթլեհեմ անունով երկու քաղաք կար։ Մեկը գտնվում էր հյուսիսում՝ Նազարեթի մոտ, իսկ մյուսը, ակներևաբար նախկինում հայտնի որպես Եփրաթա, գտնվում էր Երուսաղեմի մոտ՝ Հուդայում (Ծննդոց 35։19)։ Հիսուսը ծնվեց Եփրաթայում, ինչպես որ մոտ ութ դար առաջ կանխագուշակել էր Միքիա մարգարեն։
Մարգարեություն 3. «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ պետք է անցնի» (Դանիել 9։25)։
Կատարում. Դանիելի մարգարեության մեջ կոնկրետ նշված ժամանակահատվածը ընդգրկում է 69 շաբաթ, ինչը հավասար է 69 անգամ 7 տարվա կամ 483 տարիների։ Երուսաղեմը վերաշինելու հրամանը արձակվեց մ.թ.ա. 455թ.-ին։ Ինչպես մարգարեացվել էր, 483 տարի (69 շաբաթ-տարիներ) հետո մ.թ. 29թ.-ին Հիսուսը դարձավ Օծյալ, կամ՝ Մեսիա, երբ մկրտվեց և օծվեց Աստծու սուրբ ոգովa (Ղուկաս 3։21, 22)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Մ.թ. առաջին դարի սկզբին «ժողովուրդը սպասում էր» Մեսիայի գալստին (Ղուկաս 3։15)։ Հրեա աստվածաշնչագետ Աբբա Հիլլել Սիլվերը իր գրքում գրել է, որ Երուսաղեմի կործանումից առաջ ընկած ժամանակահատվածում բոլորը «հույսով սպասում էին, որ շուտով հայտնվելու է Մեսիան»։ Նա նաև նշում է, որ «Մեսիային սպասում էին առաջին դարի երկրորդ քառորդին»։ Սիլվերը գրում է, որ հրեաների սպասումնալից տրամադրությունը հիմնված էր «այդ օրերի ժամանակագրության վրա» (A History of Messianic Speculation in Israel)։
Մարգարեություն 4. «Նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ կլինի, ու երբ մահանա, հարուստների հետ կլինի» (Եսայիա 53։9)։
Կատարում. Թեև Հիսուսը մահվան դատապարտվեց երկու հանցագործների հետ, սակայն թաղվեց մի հարուստ հավատացյալի՝ արիմաթեացի Հովսեփի գնած գերեզմանում, որը փորված էր ժայռի մեջ (Մատթեոս 27։38, 57–60; Հովհաննես 19։38)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Բազմաթիվ պատմագիրներ, այդ թվում նաև հրեա Հովսեպոսը և հռոմեացի Տակիտոսը վկայում են, որ Հիսուսը մահվան է դատապարտվել որպես հանցագործ։
● Պաղեստինում կատարված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են հին գերեզմաններ, որոնց մեջ եղել են խցեր՝ փորված ժայռի մեջ։ Ինչ խոսք, հարուստ և ազդեցիկ մարդու համար, ինչպիսին որ արիմաթեացի Հովսեփն էր, դժվար չէր նախապես գնել այդպիսի պատրաստի գերեզման։
Մենք քննեցինք ընդամենը մի քանի մեսիական մարգարեություններ, որոնք կատարվեցին Հիսուսի վրա։ Հստակ է, որ ոչ ոք չէր կարող կեղծել մանրամասնորեն կատարված այս մարգարեությունների մասին արձանագրությունները։ Դրանց ճշգրիտ կատարումը զորացնում է մեր հավատը այն բանի հանդեպ, որ Աստված է դրանց Հեղինակը և որ նա շուտով կիրականացնի Մեսիայի վերաբերյալ կանխագուշակված մյուս բոլոր մարգարեությունները՝ այդպիսով օրհնություններ թափելով հնազանդ մարդկության վրա։
Հաջորդ թողարկման մեջ կիմանանք մի շատ հետաքրքիր հարցի պատասխան. եթե Հիսուսը իրոք խոստացված Մեսիան էր, ինչո՞ւ տառապեց և մահացավ։
[ծանոթագրություն]
a Այս մարգարեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 197–199 էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[աղյուսակ/նկարներ 22 և 23-րդ էջերի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՉՈՐՍ ՄԵՍԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿ
1 Մեսիան լինելու էր Դավիթ թագավորի ժառանգը
Մ.թ.ա. 1070
Դավիթը դարձավ Իսրայելի թագավոր
Մ.թ.ա. 607
Երուսաղեմը կործանվեց բաբելոնացիների կողմից
Մ.թ.ա. 455
Հրաման արձակվեց՝ վերականգնելու և վերաշինելու Երուսաղեմը
2 Մեսիան պետք է ծնվեր Հուդայի Բեթլեհեմ քաղաքում
Մ.թ.ա. 2
Հիսուսը ծնվեց Հուդայի Բեթլեհեմ քաղաքում Դավթի շառավղից սերած ընտանիքում
3 Մեսիան պետք է հայտնվեր Երուսաղեմը վերաշինելու մասին հրամանը արձակելուց 483 տարի հետո
Մ.թ. 29
Հիսուսը մկրտվեց և օծվեց որպես Մեսիա
4 Մեսիան պետք է մահանար հանցագործների հետ, բայց թաղվեր հարուստների հետ
Մ.թ. 33
Հիսուսը մահացավ հանցագործների հետ, բայց թաղվեց հարուստների հետ