Աստվածաշնչի գիրք համար 23. Եսայիա
Գրողը՝ Եսայիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 732թ.-ից հետո
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. մոտ 778–732թ.-ից հետո
1. Մ.թ.ա. ութերորդ դարում ի՞նչ իրավիճակ էր տիրում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իսրայելում և Հուդայում։
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ պետություններին ու փոքր թագավորություններին սպառնում էր Ասորեստանի դաժան միապետի ահեղ բազուկը։ Ամենուր դավադրություն էր կազմակերպվում ու դաշինք կնքվում (Ես. 8։9–13)։ Շուտով Իսրայելի հավատուրաց հյուսիսային թագավորությունը միջազգային խարդավանքի զոհն էր դառնալու։ Հուդայի հարավային թագավորությունը նույնպես դժվարին կացության մեջ էր (2 Թագ., գլ. 15–21)։ Պատրաստվում ու կիրառության մեջ էին դրվում նորանոր զենքեր, ինչը մարդկանց է՛լ ավելի մեծ սարսափի մեջ էր պահում (2 Տար. 26։14, 15)։ Որտեղի՞ց կարելի էր պաշտպանություն ու փրկություն ստանալ։ Թեև Հուդայի փոքր թագավորությունում ժողովուրդն ու քահանաները կանչում էին Եհովայի անունը, բայց իրենց սրտերը օգնություն էին փնտրում ոչ թե նրանից, այլ Ասորեստանից, իսկ հետագայում՝ Եգիպտոսից (2 Թագ. 16։7; 18։21)։ Հավատը Եհովայի զորության հանդեպ նվազել էր։ Նույնիսկ եթե մարդիկ բացահայտորեն չէին զբաղվում կռապաշտությամբ, նրանց երկրպագությունը կեղծավոր էր, քանի որ ոչ թե իսկական վախ ունեին Աստծու հանդեպ, այլ ձևականորեն էին վախենում նրանից։
2. ա) Ո՞վ արձագանքեց Եհովայի անունից խոսելու հրավերին, ու ե՞րբ դա տեղի ունեցավ։ բ) Ինչո՞վ է ուշագրավ այս մարգարեի անվան նշանակությունը։
2 Ո՞վ կխոսեր Եհովայի անունից։ Ո՞վ կհայտարարեր նրա փրկարար զորության մասին։ «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»,— իսկույն հնչեց մի ձայն։ Խոսողը Եսայիան էր, որն արդեն ծառայում էր որպես մարգարե։ Դա այն տարին էր, երբ մահացավ բորոտությամբ հիվանդ Օզիա թագավորը՝ մ.թ.ա. մոտ 778 թվականը (Ես. 6։1, 8)։ «Եսայիա» անունը նշանակում է «փրկություն Եհովայից»։ Հիսուսի անունը նույնպես դա է նշանակում, սակայն բառերի հակառակ դասավորությամբ՝ «Եհովան փրկություն է»։ Այն միտքը, որ Եհովան է փրկությունը, կարմիր թելի պես անցնում է Եսայիայի մարգարեական գրքով։
3. ա) Ի՞նչ է հայտնի Եսայիայի մասին։ բ) Ո՞ր ժամանակահատվածում է նա մարգարեացել, և ո՞ր մարգարեներն են եղել նրա ժամանակակիցները։
3 Եսայիան Ամոզի որդին է (չպետք է շփոթել Ամոս մարգարեի հետ) (1։1)։ Աստվածաշունչը մեզ տեղեկություններ չի տալիս Եսայիայի ծննդյան ու մահվան վերաբերյալ։ Ըստ հրեական ավանդության՝ նրան սղոցելով սպանել են չար Մանասե թագավորի հրամանով (համեմատի՛ր Եբրայեցիներ 11։37)։ Եսայիայի գիրքը ցույց է տալիս, որ նա ապրում էր Երուսաղեմում իր կնոջ, որը մարգարեուհի էր, և առնվազն երկու որդիների հետ, որոնց անունները մարգարեական նշանակություն ունեին (Ես. 7։3; 8։1, 3)։ Նա ծառայել է Հուդայի առնվազն չորս թագավորների՝ Օզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրոք։ Մարգարեի ծառայությունը հավանաբար սկսվել է մ.թ.ա. մոտ 778-ից (Օզիայի մահվան տարուց կամ գուցե ավելի շուտ) և ավարտվել է մ.թ.ա. 732-ից հետո (Եզեկիայի իշխանության 14-րդ տարին)։ Հետաևբար, նա ծառայել է առնվազն 46 տարի։ Կասկած չկա, որ Եսայիան իր ծառայության վերջում արդեն գրի էր առել մարգարեությունը (1։1; 6։1; 36։1)։ Նրա ժամանակակիցներն էին Միքիա մարգարեն՝ Հուդայում, և Օսեե ու Օդեդ մարգարեները՝ Իսրայելում (Միք. 1։1; Օս. 1։1; 2 Տար. 28։6–9)։
4. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եսայիան է գրել այդ գիրքը։
4 Այն, որ Եհովան է պատվիրել Եսայիային գրել իր մարգարեական դատաստանները, երևում է Եսայիա 30։8 համարից. «Հիմա արի, նրանց ներկայությամբ դա գրիր տախտակի վրա և գրի առ գրքի մեջ, որպեսզի այն ծառայի ապագա օրվա համար և վկայություն լինի դարեդար»։ Հրեա հին ռաբբիները այս գրքի գրությունը վերագրել են Եսայիային և «մեծ մարգարեների» գրքերի մեջ այն առաջին տեղում են դրել (Եսայիա, Երեմիա և Եզեկիել)։
5. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Եսայիա» գիրքը մեկ մարդ է գրել։
5 Ոմանց կարծիքով՝ ոճի փոփոխությունը 40-րդ գլխից ցույց է տալիս, որ այդտեղից սկսած՝ գիրքը գրել է մեկ ուրիշ մարդ՝ «Երկրորդ Եսայիան»։ Սակայն ոճական այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նոր թեմա է սկսվում։ Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ Եսայիան է ամբողջությամբ գրել իր անունը կրող գիրքը։ Դա է փաստում, օրինակ, «Իսրայելի Սուրբը» արտահայտության գործածությունը, որը 12 անգամ օգտագործված է 1–39-րդ և 13 անգամ 40–66-րդ գլուխներում, ընդհանուր առմամբ՝ 25 անգամ, մինչդեռ Եբրայերեն Գրությունների մնացած բոլոր գրքերում այս արտահայտությունը հանդիպում է ընդամենը 6 անգամ։ Պողոս առաքյալը նույնպես նշել է, որ գիրքը մեկ անձնավորություն է գրել՝ մեջբերում անելով մարգարեության գրեթե բոլոր մասերից և ամբողջ գիրքը վերագրելով մեկ գրողի՝ Եսայիային (համեմատի՛ր Հռոմեացիներ 10։16, 20; 15։12-ը Եսայիա 53։1; 65։1; 11։1-ի հետ)։
6. Մեռյալ ծովի ձեռագրերում գտնված Եսայիայի մարգարեությունը ինչպե՞ս է փաստում, ա) որ մեր ձեռքի տակ եղած Աստվածաշնչի թարգմանությունները Աստծուց ներշնչված պատգամ են պարունակում, և բ) որ ողջ գիրքը Եսայիան է գրել։
6 1947թ.-ից սկսած՝ որոշ հին ձեռագրեր հայտնաբերվեցին Մեռյալ ծովի հյուսիսարևմտյան ափին՝ Քիրբետ Կումրանի քարանձավներում։ Դրանք կոչվեցին Մեռյալ ծովի ձեռագրեր, որոնց մեջ էր Եսայիայի մարգարեությունը։ Գրեթե անվնաս պահպանված գեղագիր այս ձեռագիրը, որի տեքստը գրված է մինչմասորեթական եբրայերենով, թվագրված է մ.թ.ա. երկրորդ դարի վերջով, այսինքն՝ այն ավելի քան 2000 տարեկան է։ Պարզ դարձավ, որ գտնված ձեռագիրը մոտ հազար տարով հին էր մինչ այդ մեզ հասած մասորեթական տեքստի ամենահին ձեռագրերից, որոնց վրա էլ հիմնված են Եբրայերեն Գրությունների ժամանակակից թարգմանությունները։ Դրանք համեմատելիս ուղղագրական ու քերականական չնչին տարբերություններ գտնվեցին, սակայն ոչ ուսմունքային։ Դա փաստում է, որ Աստվածաշնչի ժամանակակից հրատարակություններում այն նույն մտքերն են, որ գրի է առել Եսայիան Աստծու ներշնչմամբ։ Բացի այդ, այս հին ձեռագիրը հերքում է քննադատների այն տեսակետը, թե գոյություն են ունեցել երկու «Եսայիա»։ Ինչպե՞ս։ Այս ձեռագրում 40-րդ գլխի առաջին նախադասությունը սկսվում է այն սյունակի վերջին տողից, որտեղ ավարտվում է 39-րդ գլուխը, իսկ նախադասությունը շարունակվում է հաջորդ սյունակում։ Հետևաբար, արտագրողը անտեղյակ է եղել տվյալ հատվածում գրքի բաժանման կամ գրողի փոխվելու մասինa։
7. Ո՞ր բազում ապացույցներն են փաստում «Եսայիա» գրքի վավերականությունը։
7 «Եսայիա» գրքի վավերականության բազում փաստեր կան։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները Եսայիային մյուս մարգարեներից ավելի հաճախ են մեջբերել (բացառությամբ Մովսեսի)։ Կան նաև մի շարք պատմական ու հնագիտական ապացույցներ, որոնք խոսում են հօգուտ այս գրքի վավերականության, օրինակ՝ Ասորեստանի թագավորների պատմական արձանագրությունները, այդ թվում նաև Սենեքերիմի (Սինաքերիբի) վեցանիստ կոթողը, որի վրա գրված է Երուսաղեմի պաշարման մասին նրա պատմությունը (Ես., գլ. 36, 37)b։ Հին Բաբելոնի ավերակները լուռ վկայում են Եսայիա 13։17–22-ում գրված մարգարեության կատարման մասինc։ Բացի այդ, Բաբելոնից վերադարձած հազարավոր հրեաներից յուրաքանչյուրը արդեն իսկ «Եսայիա» գրքի վավերականության կենդանի ապացույց էր։ Նրանց ազատ էր արձակել Կյուրոս թագավորը, որի անունը մոտ 200 տարի առաջ նշել էր Եսայիան։ Հնարավոր է՝ Կյուրոսին ցույց են տվել այդ մարգարեական խոսքերը, քանի որ հրեա մնացորդին ազատ արձակելիս նա ասել է, որ դա անում է Եհովայի հրամանով (Ես. 44։28; 45։1; Եզր. 1։1–3)։
8. Կատարված մեսիական մարգարեությունները ինչպե՞ս են փաստում, որ «Եսայիա» գիրքը վավերական է։
8 «Եսայիա» գիրքը հայտնի է Մեսիայի մասին մարգարեություններով։ Եսայիան Հիսուսի կյանքի վերաբերյալ այնքան շատ իրադարձություններ է կանխագուշակել, որ նրան «ավետարանիչ-մարգարե» են անվանում։ 53-րդ գլխում, որը երկար ժամանակ մնում էր անհասկանալի ոչ միայն Գործեր 8-րդ գլխում հիշատակված եթովպացի ներքինու, այլև հրեա ազգի համար, նկարագրվում է, թե ինչ վերաբերմունք էր դրսևորվելու Հիսուսի նկատմամբ։ Այդ նկարագրությունն այնքան վառ է, որ կարծես ականատեսի կողմից գրված լինի։ Ինչպես ցույց են տալիս ստորև բերված համեմատությունները, Քրիստոնեական Հունարեն Գրություններում կարող ենք գտնել այդ գլխի մարգարեությունների կատարումները (համար 1 — Հովհաննես 12։37, 38; համար 2 — Հովհաննես 19։5–7; համար 3 — Մարկոս 9։12; համար 4 — Մատթեոս 8։16, 17; համար 5 — 1 Պետրոս 2։24; համար 6 — 1 Պետրոս 2։25; համար 7 — Գործեր 8։32, 35; համար 8 — Գործեր 8։33; համար 9 — Մատթեոս 27։57–60; համար 10 — Եբրայեցիներ 7։27; համար 11 — Հռոմեացիներ 5։18; համար 12 — Ղուկաս 22։37)։ Բացի Աստծուց, ո՞վ կարող էր լինել այս ճշգրիտ մարգարեությունների հեղինակը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Ի՞նչ մասերի կարելի է բաժանել «Եսայիա» գիրքը։
9 Առաջին վեց գլուխներում նկարագրվում է Հուդայում ու Երուսաղեմում տիրող իրավիճակը, խոսվում է Եհովայի առաջ Հուդայի մեղավորության և Եսայիայի՝ հանձնարարություն ստանալու մասին։ 7–12-րդ գլուխներում պատմվում է թշնամիների ներխուժման սպառնալիքի մասին և խոստում է տրվում, որ Եհովայի կողմից նշանակված Խաղաղության Իշխանը ազատագրում կբերի։ 13–35-րդ գլուխները պատգամներ են պարունակում բազմաթիվ ազգերի դեմ ու կանխագուշակում փրկության մասին, որը կտա Եհովան։ Եզեկիայի թագավորության վերաբերյալ պատմական իրադարձությունները նկարագրված են 36–39-րդ գլուխներում։ Մնացած գլուխներում՝ 40–66-ում, խոսվում է Բաբելոնից հրեաների ազատագրման, մնացորդի վերադարձի ու Սիոնի վերականգնման մասին։
10. ա) Եսայիան ինչո՞ւ է ազգին հորդորում պարզել իր հարաբերությունները Աստծու հետ։ բ) Ի՞նչ է նա մարգարեանում վերջին օրերի մասին։
10 Եսայիայի լուրը «Հուդայի ու Երուսաղեմի վերաբերյալ» (1։1–6։13)։ Քուրձ և սանդալներ հագած՝ Եսայիան կանգնել է Երուսաղեմում և հորդորում է բռնակալներին ու ժողովրդին լսել իր լուրը։ Ազգը ոտքի թաթից մինչև գլուխը հիվանդ է։ Եհովան հոգնել է նայելուց այն բանի վրա, թե ինչպես են նրանք աղոթում իրեն՝ տարածելով արյունով լի ձեռքերը։ Նրանք պետք է իր մոտ գան և պարզեն իրենց հարաբերությունները, որպեսզի նրանց ալ կարմիր մեղքերը ձյան պես սպիտակ դառնան։ Վերջին օրերում Եհովայի տան լեռը կբարձրանա, և բոլոր ազգերը կհորդեն դեպի այն՝ կրթություն ստանալու համար։ Նրանք այլևս չեն սովորի պատերազմել։ Եհովան կբարձրացվի ու կսրբացվի։ Բայց ներկայումս Իսրայելն ու Հուդան, թեև տնկված են որպես խաղողի ընտիր որթ, օրինազանցության պտուղներ են առաջ բերում։ Նրանք բարուն ասում են չար և չարին՝ բարի, քանի որ իմաստուն են իրենց աչքերում։
11. Հանձնարարություն ստանալիս ի՞նչ տեսիլք է տեսնում Եսայիան։
11 «Ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհ գահին»,— ասում է Եսայիան։ Նա ոչ միայն տեսիլք է տեսնում, այլ Եհովայից հանձնարարություն է ստանում. «Գնա և ասա այս ժողովրդին. «Դուք շարունակ կլսեք»»։ Որքա՞ն ժամանակ։ «Մինչև որ քաղաքները ավերակ դառնան» (6։1, 9, 11)։
12. ա) Եհովան ինչո՞ւ է Եսայիային ու նրա որդիներին օգտագործում որպես մարգարեական նշան։ բ) Եսայիա 9-րդ գլխում ի՞նչ խոստում է տրվում։
12 Թշնամու ներխուժման սպառնալիքը և ազատագրման խոստումը (7։1–12։6)։ Եհովան Եսայիային ու նրա որդիներին որպես մարգարեական «նշան և հրաշք է» օգտագործում ցույց տալու համար, որ թեև սկզբում Ասորիքի և Իսրայելի միությունը ընդդեմ Հուդայի հաջողությամբ չի պսակվի, բայց որոշ ժամանակ անց Հուդան, այդուհանդերձ, գերության կգնա, և միայն մնացորդը կվերադառնա։ Օրիորդը կհղիանա և մի որդի կծնի։ Իսկ ի՞նչ կդնեն նրա անունը։ Էմմանուել (նշանակում է «մեզ հետ Աստված է»)։ Զգո՛ւյշ եղեք, Հուդայի դեմ միավորվա՛ծ թշնամիներ։ «Զինվե՛ք, բայց կործանվելու եք»։ Ծանր ժամանակներ կգան, սակայն հետո Աստծու ժողովրդի վրա մեծ լույս կշողա։ «Մեզ համար մի երեխա ծնվեց.... Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու, Հզոր Աստված, Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան» (7։14; 8։9, 18; 9։6)։
13. ա) Ի՞նչ է սպասում գոռոզ Ասորեստանին։ բ) Ի՞նչ կբերի Հեսսեի բնից «ոստի» իշխանությունը։
13 «Ահա՛, ասորեստանցին իմ բարկությունը թափելու գավազանն է»,— ասում է Եհովան։ Աստված այդ գավազանը կօգտագործի «հավատուրաց ազգի դեմ», իսկ հետո կկործանի նաև գոռոզ Ասորեստանին։ Ավելի ուշ «միայն մնացորդը կվերադառնա» (10։5, 6, 21)։ Բայց հետո Հեսսեի բնից (Դավթի հորից) մի ոստ դուրս կգա։ Այս «ոստը» արդարությամբ կիշխի, նրա իշխանությունը ուրախություն կբերի ողջ ստեղծագործությանը, և ոչ ոք չի վնասի և ոչինչ չի ավերի, «որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (11։1, 9)։ Նա կկանգնի որպես նշանասյուն ժողովուրդների համար, ու վերադարձող մնացորդի համար Ասորեստանից մի մեծ ճանապարհ կբացվի։ Մարդիկ ցնծությամբ ջուր կհանեն փրկության աղբյուրներից ու երգերով կփառաբանեն Եհովային։
14. Ի՞նչ անկում է կանխագուշակվում Բաբելոնի մասին։
14 Պատգամ Բաբելոնի կործանման մասին (13։1– 14։27)։ Այժմ Եսայիան տեսիլքում տեսնում է ապագան. այն ժամանակները, երբ Ասորեստանը անկում է ապրում, իսկ Բաբելոնը բարգավաճում է։ Լսվում է մեծաքանակ ժողովրդի աղմուկ, թագավորությունների աղմուկ, իրար հետ հավաքված ազգերի աղմուկ։ Եհովան պատերազմի համար զորք է հավաքում։ Խավարի օր է Բաբելոնի համար։ Ապշահար մարդկանց երեսը այրվում է, նրանց սիրտը հալվում է։ Անողորմ մարերը կհաղթեն Բաբելոնին՝ «թագավորությունների զարդարանքին»։ «Սերնդեսերունդ» այն անբնակ կմնա և թաքստոց կլինի գազանների համար (13։19, 20)։ Մահացածները, որ գերեզմանում են, իրարանցման մեջ են, որ դիմավորեն Բաբելոնի թագավորին։ Նրա մահիճը որդերն են, իսկ ծածկոցը՝ ճիճուները։ Ինչպե՜ս ընկավ այդ «փայլող, արշալույսի որդին» (14։12)։ Նա ձգտում էր բարձրացնել իր գահը, բայց վերածվել է գցված դիակի, քանի որ Եհովան ավլում է Բաբելոնը ոչնչացման ավելով։ Նրանից չի մնա ո՛չ անուն, ո՛չ մնացորդ, ո՛չ երեխա, ո՛չ էլ սերունդ։
15. Ո՞ր ազգերի ավերման մասին է մարգարեանում Եսայիան։
15 Մյուս ազգերի ավերումը (14։28–23։18)։ Եսայիան մատնացույց է անում փղշտացիների երկիրը, որը տարածվում է Միջերկրական ծովով, իսկ հետո Մովաբը, որը գտնվում է Մեռյալ ծովի հարավ-արևելքում։ Նա իր մարգարեությունը ուղղում է Ասորիքի Դամասկոսի դեմ, որը գտնվում է Իսրայելի հյուսիսային սահմանից այն կողմ, դիմում է Եթովպիային, որը հարավում է գտնվում՝ շատ հեռու, իսկ հետո իր խոսքերն ուղղում է վերևում գտնվող Եգիպտոսի դեմ, որը ձգվում է Նեղոսի երկայնքով. բոլոր այդ վայրերը Աստված դատապարտել է ավերման։ Եսայիան ասում է, որ Ասորեստանի Սարգոն թագավորը՝ Սենեքերիմի նախորդը, ուղարկում է թարթանին՝ հրամանատարին, փղշտացիների Ազոտոս քաղաքի դեմ, որը գտնվում է Երուսաղեմի արևմուտքում։ Այդ ժամանակ Եսայիան հրահանգ է ստանում հանվել ու երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման գալ։ Այդպիսով նա պատկերավոր կերպով ցույց է տալիս, որ զուր է Եգիպտոսին ու Եթովպիային ապավինելը, քանի որ նրանք «հետույքները բաց» գերության են տարվելու Ասորեստանի կողմից (20։4)։
16. Ի՞նչ աղետներ են սպասում Բաբելոնին, Եդոմին ու Երուսաղեմն աղմուկով լցնողներին, ինչպես նաև Սիդոնին ու Տյուրոսին։
16 Դետը, որը կանգնած է դիտարանի վրա, տեսնում է Բաբելոնի ու նրա աստվածների անկումը, ինչպես նաև այն աղետները, որ գալու են Եդոմի վրա։ Եհովան դիմում է այն մարդկանց, որոնք Երուսաղեմը աղմուկով են լցրել և ասում են. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։ Նա ասում է, որ նրանք անպայման մահանալու են (22։13, 14)։ Թարսիսի նավերը ողբալու են, իսկ Սիդոնը ամաչելու է, քանի որ Եհովան որոշում է կայացրել Տյուրոսի դեմ, որ «անարգի երկրի բոլոր պատվարժան մարդկանց» (23։9)։
17. Հուդային ի՞նչ դատաստան ու վերականգնում է սպասում։
17 Եհովայի դատաստանը և տված փրկությունը (24։1–27։13)։ Նայեք Հուդային։ Եհովան դատարկում է երկիրը։ Բոլորն են գնալու՝ ժողովուրդն ու քահանան, տերն ու ծառան, գնորդն ու վաճառողը, քանի որ նրանք շրջանցել են Աստծու օրենքները և դրժել են դարեդար տևող ուխտը։ Բայց իր ժամանակին Եհովան ուշադրություն կդարձնի բանտարկյալներին ու կհավաքի նրանց։ Նա ամրոց և ապաստան է։ Նա իր լեռան վրա խնջույք կկազմակերպի ու կկլանի մահը հավիտյան՝ սրբելով արտասուքը բոլորի երեսից։ «Ահա՛ մեր Աստվածը,— կասեն մարդիկ։— Ահա՛ Եհովան» (25։9)։ Հուդան մի քաղաք ունի, որի տված փրկությունը նման է պարիսպների։ Նրանք, ովքեր ապավինում են Եհովային, հարատև խաղաղություն կվայելեն, «որովհետև Յահ Եհովան Վեմ է հավիտյան»։ Բայց ամբարիշտը «արդարություն չի սովորի» (26։4, 10)։ Եհովան կսպանի իր հակառակորդներին, բայց Հակոբին կվերականգնի։
18, 19. ա) Ի՞նչ վայեր է ազդարարվում Եփրեմին և ի՞նչ ուրախություն՝ Սիոնին։ բ) Եհովան որպես ի՞նչ է հանդես գալիս իր ժողովրդին փրկելու և իշխելու համար։
18 Աստծու բարկությունն ու օրհնությունները (28։1–35։10)։ Վա՜յ Եփրեմի հարբեցողներին, որոնց «զարդարանքի գեղեցկությունը» թառամելու է։ Բայց Եհովան «իր ժողովրդից մնացածների համար զարդարանքի պսակ ու գեղեցկության ծաղկեպսակ կլինի» (28։1, 5)։ Սակայն Երուսաղեմում եղող պարծենկոտները սուտը իրենց ապաստանն են դարձրել, փոխանակ ապավինեն փորձված ու թանկարժեք քարին, որ դրված է Սիոնում որպես հիմք։ Հորդահոս ջրհեղեղը կսրբի-կտանի նրանց։ Երուսաղեմի մարգարեները քնած են, Աստծու գիրքը կնքված է նրանց համար։ Շուրթերով են մոտենում Աստծուն, բայց նրանց սիրտը հեռացել է նրանից։ Սակայն օր կգա, երբ խուլերը կլսեն գրքի խոսքերը, կույրերի աչքերը կտեսնեն, իսկ հեզերը կուրախանան։
19 Վա՜յ նրանց, ովքեր Եգիպտոս են գնում ապաստան գտնելու համար։ Այդ կամակոր մարդիկ ցանկանում են հաճելի, սուտ տեսիլքներ տեսնել։ Նրանք կկործանվեն, սակայն Եհովան մնացորդ առաջ կբերի։ Նրանք կտեսնեն իրենց Մեծ Ուսուցչին և դեն կնետեն իրենց կուռքերը ու դրանց կասեն. «Ինչպիսի՛ նողկանք» (30։22)։ Եհովան Երուսաղեմի իրական Պաշտպանն է։ Թագավորը իշխանների հետ կթագավորի հանուն արդարադատության։ Նրա շնորհիվ դարեդար կտիրեն խաղաղություն, հանգստություն և ապահովություն։ Դավաճանության պատճառով խաղաղության պատգամաբերները դառնապես լաց կլինեն, բայց Եհովան, որ փառահեղ է, իր ժողովրդի համար Դատավոր է, Օրենսդիր ու Թագավոր. նա կփրկի նրանց։ Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ» (33։24)։
20. Ի՞նչ բարկություն է թափվելու ազգերի վրա, բայց ի՞նչ օրհնություն է ստանալու վերականգնված մնացորդը։
20 Եհովան իր բարկությունը կթափի ազգերի վրա։ Նրանց դիերից գարշահոտություն կբարձրանա, և նրանց արյունից լեռները կհալվեն։ Եդոմը կամայանա։ Բայց Եհովայի կողմից փրկագնվածների համար անապատային հարթավայրը կծաղկի, ու կհայտնվի «Եհովայի փառքը, մեր Աստծու շքեղությունը» (35։2)։ Կույրերը, խուլերն ու համրերը կբուժվեն, և Սրբության ճանապարհ կբացվի Եհովայի կողմից ազատագրվածների համար, երբ նրանք ուրախ բացականչություններով վերադառնան Սիոն։
21. Ասորեստանցիները ինչպե՞ս են ծաղրում Երուսաղեմին։
21 Եզեկիայի օրերում Եհովան ստիպում է Ասորեստանին հետ դառնալ (36։1–39։8)։ Արդյոք Եհովային ապավինելու Եսայիայի հորդորը գործնակա՞ն է։ Ի՞նչ է ցույց տալիս ժամանակը։ Եզեկիայի թագավորության 14-րդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հնձելով անցնում է Պաղեստինով և իր զորքի մի մասն ուղարկում Երուսաղեմ, որ ահ ու սարսափի մեջ գցի բնակիչներին։ Սենեքերիմի ներկայացուցիչը՝ ռաբսակը, գիտի եբրայերեն լեզուն և պարսպի վրա եղող մարդկանց հեգնանքով հարցնում է, թե այդ ում են նրանք ապավինում. Եգիպտոսի՞ն։ Այն ընդամենը ջախջախված եղեգ է։ Եհովայի՞ն։ Այնպիսի աստված չկա, որ կարողանա ազատել Ասորեստանի թագավորի ձեռքից (36։4, 6, 18, 20)։ Հնազանդվելով թագավորին՝ ժողովուրդը ոչինչ չի պատասխանում։
22. Եհովան ինչպե՞ս է պատասխանում Եզեկիայի աղոթքին, և ինչպե՞ս է կատարվում Եսայիայի մարգարեությունը։
22 Եզեկիան աղոթում է Եհովային, որ հանուն իր անվան փրկի ժողովրդին։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան պատասխանում է նրա աղոթքին ու ասում, որ կարթ կանցկացնի ասորեստանցու քթին և հետ կտանի նրան իր եկած ճանապարհով։ Հրեշտակը ասորեստանցիների բանակում սպանում է 185000 մարդու, և Սենեքերիմը շտապում է տուն վերադառնալ։ Որոշ ժամանակ անց, երբ նա հեթանոսական տաճարում է, նրա որդիները սպանում են նրան։
23. ա) Ի՞նչն է մղում Եզեկիային Եհովայի համար սաղմոս կազմելու։ բ) Ի՞նչ անխոհեմ բան է նա անում, և ի՞նչ է մարգարեանում Եսայիան։
23 Եզեկիան մերձիմահ հիվանդանում է։ Սակայն Եհովան ասում է, որ նա կառողջանա, և նրա կյանքը ևս 15 տարով կերկարի։ Որպես ապացույց՝ Եհովան թագավորին նշան է տալիս. նա այնպես է անում, որ արևից ընկած ստվերը հետ դառնա։ Եհովայի հանդեպ երախտագիտությամբ լցված՝ Եզեկիան մի գեղեցիկ սաղմոս է կազմում՝ փառաբանելով նրան։ Բաբելոնի թագավորը պատգամաբերներ է ուղարկում նրա մոտ՝ կեղծավորությամբ շնորհավորելով նրան ապաքինվելու առիթով, ու Եզեկիան անխոհեմաբար ցույց է տալիս նրանց արքայական գանձերը։ Եսայիան մարգարեանում է, որ այն ամենը, ինչ կա Եզեկիայի տանը, մի օր տարվելու է Բաբելոն։
24. ա) Մխիթարական ի՞նչ լուր է հռչակում Եհովան։ բ) Արդյոք ազգերի աստվածները կարո՞ղ են համեմատվել Եհովայի մեծության հետ, և Եհովան ի՞նչ վկաներ է ասում, որ բերեն։
24 Եհովան մխիթարում է իր վկաներին (40։1– 44։28)։ «Մխիթարե՛ք» բառը, որով սկսվում 40-րդ գլուխը, լավ նկարագրում է «Եսայիա» գրքի մնացած մասը։ Մեկը կանչում է անապատում. «Հարթե՛ք ճանապարհը Եհովայի համար» (40։1, 3)։ Սիոնի համար բարի լուր կա։ Եհովան հովվում է իր հոտը և իր գրկում տանում է գառնուկներին։ Երկնքի բարձրությունից նա նայում է երկրի շրջանին։ Ինչի՞ հետ կարելի է համեմատել նրա մեծությունը։ Նա ուժ և մեծ զորություն է տալիս հոգնածներին և ուժասպառ եղածներին, որոնք իր վրա են հույս դնում։ Նա ասում է, որ ազգերի ձուլածո կուռքերը քամի և դատարկություն են։ Նրա ընտրյալը ժողովուրդների համար ուխտ և ազգերի համար լույս կդառնա, որպեսզի բացի կույրերի աչքերը։ Եհովան Հակոբին ասում է. «Ես.... սիրում եմ քեզ»։ Եվ հրամայում է արևելքին, արևմուտքին, հյուսիսին և հարավին. «Տո՛ւր.... Հեռվից բեր իմ որդիներին ու երկրի ծայրից՝ իմ աղջիկներին» (43։4, 6)։ Դատավարություն է ընթանում, ու Եհովան մարտահրավեր է նետում ազգերի աստվածներին, որ վկաներ բերեն, որոնք կփաստեն նրանց աստված լինելը։ Իսրայել ժողովուրդը Եհովայի վկաներն են՝ նրա ծառան, որը հաստատում է, որ նա է Աստվածն ու Ազատարարը։ Հեսուրունին (նշանակում է «ազնիվ»՝ Իսրայելի պատվավոր տիտղոսը) նա խոստանում է, որ կտա իր ոգին։ Այնուհետև ասում է, որ նրանք, ովքեր կուռքեր են շինում, որոնք ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չգիտեն, ամոթահար կլինեն։ Եհովան իր ժողովրդի Փրկագնողն է։ Երուսաղեմը կրկին կվերաբնակվի, և տաճարը կվերակառուցվի։
25. Երբ Եհովան իր դատաստանն իրագործի Բաբելոնի ու նրա կեղծ աստվածների դեմ, ի՞նչ կիմանան մարդիկ։
25 Վրեժխնդրություն Բաբելոնի դեմ (45։1–48։22)։ Հանուն Իսրայելի Եհովան Կյուրոսին անունով է կանչում, որ նվաճի Բաբելոնը։ Մարդիկ կիմանան, որ միայն Եհովան է Աստված՝ երկնքի, երկրի և նրա վրա եղող մարդու Արարիչը։ Նա ծաղրում է Բաբելոնի աստվածներ Բելին ու Նաբավին, քանի որ միայն ինքը ամենասկզբից կարող է ասել այն, ինչ լինելու է վերջում։ Բաբելոնի կույս դուստրը մերկ նստելու է փոշու մեջ, որտեղ գահ չկա, և նրա շատ խորհրդականները ծղոտի պես այրվելու են։ Եհովան իսրայելացի կռապաշտներին, որոնց «պարանոցը երկաթե ջլերից է, իսկ ճակատը՝ պղնձից», ասում է, որ եթե լսեին իրեն, կունենային խաղաղություն, արդարություն և կբարգավաճեին։ Իսկ «ամբարիշտների համար խաղաղություն չկա» (48։4, 22)։
26. Սիոնը ինչպե՞ս կմխիթարվի։
26 Սիոնը մխիթարվում է (49։1–59։21)։ Իր ծառային ազգերի համար լույս դարձնելով՝ Եհովան խավարի մեջ եղողներին ասում է՝ դո՛ւրս եկեք (49։9)։ Սիոնը կմխիթարվի, և նրա անապատը Եդեմի՝ Եհովայի պարտեզի պես կդառնա՝ լցված ցնծությամբ, ուրախությամբ, երախտագիտության ձայներով ու երգերով։ Եհովան ծխի պես կցրի երկինքը, երկիրը հագուստի պես կմաշվի, ու նրա բնակիչները մժեղի պես կմեռնեն։ Այդ դեպքում պատճառ կա՞ վախենալու մահկանացու մարդկանց նախատինքից։ Դառը գավաթը, որը Երուսաղեմը խմել է, այժմ պետք է խմեն այն ազգերը, որոնք կոխկռտել են նրան։
27. Ի՞նչ բարի լուր է հռչակվում Սիոնին, և ի՞նչ է մարգարեացվում Եհովայի «ծառայի» մասին։
27 Սիոնը պետք է արթնանա և վեր կենա փոշու միջից։ Լեռներով գնում է պատգամաբերը, որը բարի լուր է բերում և Սիոնին ասում է. «Քո Աստվածը թագավոր է դարձել» (52։1, 2, 7)։ Նրանք, ովքեր ծառայում են Եհովային, պետք է դուրս գան անմաքուր տեղից ու մաքուր մնան։ Մարգարեն նկարագրում է Եհովայի «ծառային» (53։11)։ Այդ մարդուն արհամարհում էին, նրանից խուսափում էին։ Նա մեր ցավերն էր կրում, սակայն բոլորը կարծում էին, թե Աստված է նրան հարվածում։ Նա խոցվեց մեր անօրենությունների համար, բայց իր վերքերով բուժեց մեզ։ Ինչպես ոչխար, որին տանում են մորթելու, նա բռնություն չէր արել, ու նրա բերանում խաբեություն չէր եղել։ Իր հոգին նա որպես հանցանքի ընծա տվեց, որ շատերի հանցանքները կրի։
28. Ինչպե՞ս է նկարագրվում Սիոնի ցնծությունը, և ի՞նչ ուխտի հետ է այն կապված։
28 Որպես ամուսին և տեր՝ Եհովան Սիոնին ասում է, որ ցնծությամբ բացականչի, քանի որ շուտով սերունդ է ունենալու։ Թեև նա կեղեքված է ու փոթորկից տարուբերված, սակայն այնպիսի քաղաք կդառնա, որը շափյուղե հիմք կունենա, ռուբինից՝ ատամնավոր պարիսպներ, և հրագույն քարերից՝ դարպասներ։ Նրա որդիները Եհովայից ուսուցանված կլինեն, նրանց խաղաղությունը առատ կլինի, և նրանց դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա։ «Հե՜յ, ո՜վ բոլոր ծարավներ»,— կանչում է Եհովան։ Եթե նրանք գան, նա ուխտ կկապի նրանց հետ, «որը կապված է Դավթի հանդեպ հավատարմորեն դրսևորած ողջ սիրառատ բարության հետ»։ Նա առաջնորդ ու ղեկավար կտա որպես վկա ազգությունների համար (55։1–4)։ Աստծու մտքերը անհամեմատ ավելի բարձր են մարդու մտքերից, և նրա խոսքը կիրագործի այն, ինչի համար ուղարկվել է։ Նրա օրենքը պահող ներքինիները, անկախ իրենց ազգությունից, անուն կստանան, ինչը որդիներից ու աղջիկներից ավելի լավ է։ Եհովայի տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար։
29. Եհովան ի՞նչ է ասում կռապաշտներին, և ինչո՞ւմ է վստահեցնում իր ժողովրդին։
29 Եհովան Բարձր ու Վեհ է, նրա անունը սուրբ է, և նա սեքսի մոլուցքով տարված կռապաշտներին ասում է, որ հավիտյան չի մեղադրելու Իսրայելին։ Նրանք ձևական ծոմապահություններով պարզապես ծածկում են իրենց չար գործերը։ Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել, ոչ էլ նրա ականջն է ծանր, որ չկարողանա լսել։ «Ձեր իսկ հանցանքներն են ձեզ բաժանել ձեր Աստծուց»,— ասում է Եսայիան (59։2)։ Ահա թե ինչու նրանք լույս են ակնկալում, բայց խարխափում են մթության մեջ։ Իսկ այն ժողովրդի վրա, որը հավատարիմ է ուխտին, Եհովայի ոգին է հանգչում։ Այդ ոգին երաշխավորում է, որ նրա խոսքը կմնա նրանց բերանում և հավիտյան չի հեռանա ապագա բոլոր սերունդների բերանից։
30. Ինչպե՞ս է Եհովան գեղեցկացնում Սիոնը, և ո՞ր նոր անուններն են դա ցույց տալիս։
30 Եհովան գեղեցկացնում է Սիոնը (60։1–64։12)։ «Վե՛ր կաց, ո՛վ կին, լո՛ւյս արձակիր, որովհետև.... Եհովայի փառքը լուսավորել է քեզ»։ Իսկ երկիրը, ընդհակառակը, պատվելու է թանձր խավարով (60։1, 2)։ Այդ ժամանակ Սիոնը կբարձրացնի իր աչքերը ու կշողա։ Նրա սիրտը կթրթռա, որովհետև կտեսնի, որ ուղտերի օրորվող երամակները իր մոտ են բերում ազգերի հարստությունը։ Այդ հարստությունը հորդում է դեպի նա թռչող աղավնիների ամպերի նման։ Օտարականները կշինեն նրա պարիսպները, թագավորները կծառայեն նրան, և նրա դարպասները միշտ բաց կլինեն։ Նրա Աստվածը նրա գեղեցկությունը կդառնա և արագ մեկը հազար կդարձնի ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Աստծու ծառան ասում է, որ Եհովայի ոգին իր վրա է, և որ նա օծվել է այդ բարի լուրը հայտնելու համար։ Սիոնը նոր անունով է կոչվում՝ «Իմ հաճությունը նրանում է», իսկ նրա երկիրը՝ «Կին, որին տիրացել են» (62։4)։ Հրաման է տրվում թումբ պատրաստել Բաբելոնից դուրս եկող գլխավոր ճանապարհի համար և Սիոնում նշանասյուն կանգնեցնել։
31. Ո՞վ է գալիս Եդոմից, և ի՞նչ է աղոթում Աստծու ժողովուրդը։
31 Բոսրայից, որը Եդոմում է, գալիս է արնակարմիր հանդերձներով ինչ-որ մեկը։ Իր բարկությամբ նա կոխկռտել է ժողովուրդներին հնձանում, այնպես որ նրանց արյունը ցայտել է։ Եհովայի ժողովուրդը խորապես զգում է իր անմաքուր վիճակը և հուզիչ աղոթք է անում նրան՝ ասելով. «Ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես։ Մենք կավ ենք, իսկ դու մեր Բրուտն ես.... Սաստիկ մի՛ բարկացիր, ո՛վ Եհովա.... Մենք բոլորս քո ժողովուրդն ենք» (64։8, 9)։
32. Ի տարբերություն նրանց, ովքեր թողել են Եհովային՝ ինչո՞ւ է նրա ժողովուրդը ցնծալու։
32 «Նոր երկինք ու նոր երկիր» (65։1–66։24)։ Նրանք, ովքեր թողել են Եհովային «Բախտի աստծու» և «Ճակատագրի աստծու» պատճառով, սովի կմատնվեն ու կամաչեն (65։11)։ Իսկ Աստծու ծառաները կուրախանան առատությունից։ Եհովան նոր երկինք ու նոր երկիր է ստեղծում։ Երուսաղեմն ու նրա ժողովուրդը կուրախանան ու կցնծան։ Մարդիկ տներ կշինեն ու խաղողի այգիներ կտնկեն, և գայլն ու գառը միասին կարածեն։ Ոչ ոք ոչ մի վնաս չի պատճառի ու ոչինչ չի ավերի։
33. Ուրախության, փառքի ու հարատևության մասին ի՞նչ է մարգարեացվում Երուսաղեմը սիրողների համար։
33 Երկինքը Եհովայի գահն է, և երկիրը՝ նրա ոտքերի պատվանդանը։ Այդ ի՞նչ տուն մարդիկ պիտի շինեն նրա համար։ Մեկ օրում մի ազգ է ծնվում, և բոլոր նրանք, ովքեր սիրում են Երուսաղեմը, հրավիրվում են ուրախանալու, որ Եհովան խաղաղությունը ինչպես գետ է բերում նրա վրա։ Նա իր թշնամիների դեմ կգա ինչպես կրակ, ինչպես կառքեր, որ մրրիկի պես են, նա ամեն մարմնի կհատուցի կատաղի ցասումով ու բոցավառ սաստումով։ Պատգամաբերները կգնան բոլոր ազգերի մոտ ու դեպի հեռավոր կղզիներ, որ պատմեն Աստծու փառքի մասին։ Նրա նոր երկինքն ու նոր երկիրը հավիտյան կանգնած կլինեն։ Նմանապես, հավիտյան կանգնած կլինեն նրան ծառայողներն ու նրանց սերունդը։ Մարդիկ միայն երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ ծառայել Եհովային, կա՛մ մահանալ։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
34. Ո՞ր վառ օրինակներն են Եսայիայի պատգամը ազդեցիկ դարձնում։
34 Եսայիայի մարգարեական գիրքը Եհովա Աստծու կողմից թանկ նվեր է։ Այն արտացոլում է նրա վեհ մտքերը (Ես. 55։8–11)։ Նրանք, ովքեր աստվածաշնչյան ճշմարտությունները հայտնում են հանրության առաջ, կարող են օգտվել «Եսայիա» գրքի վառ օրինակների շտեմարանից, որոնք նույնքան ազդեցիկ են, որքան Հիսուսի առակները։ Եսայիան համոզիչ կերպով ցույց է տալիս, թե ինչ անմտություն է ծառը կտրել վառելիքի համար և միևնույն ժամանակ դրանով կուռք պատրաստել երկրպագելու համար։ Եսայիայի նկարագրության շնորհիվ մենք զգում ենք, թե որքան անհարմար է պառկել կարճ մահճի վրա՝ չափազանց նեղ ծածկոցի տակ։ Գիրքն ընթերցելիս լսում ենք նիրհող մարգարեների հևոցը, որոնք «համր շների» են նման, որ ծուլությունից չեն կարողանում հաչել։ Եթե արձագանքենք Եսայիայի հորդորին՝ «Եհովայի գրքում փնտրեք ու բարձրաձայն կարդացեք», ապա կկարողանանք տեսնել, թե որքան զորեղ է նրա պատգամը մեր օրերի համար (44։14–20; 28։20; 56։10–12; 34։16)։
35. «Եսայիա»-ն ինչպե՞ս է մեր ուշադրությունը հրավիրում Մեսիական Թագավորության և Մեսիայի նախակարապետի՝ Հովհաննես Մկրտչի վրա։
35 Մարգարեությունը մասնավորաբար կենտրոնանում է Աստծու Մեսիական Թագավորության վրա։ Եհովան գերիշխան Թագավոր է։ Նա է մեզ փրկողը (33։22)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Մեսիայի մասին։ Այն երեխայի վերաբերյալ, որին Մարիամը պետք է լույս աշխարհ բերեր, հրեշտակն ասաց. «Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկ. 1։32, 33)։ Նա ժառանգելու էր Դավթի գահը ու այդպիսով կատարվելու էր Եսայիա 9։6, 7-ի մարգարեությունը։ Մատթեոս 1։22, 23 համարները Եսայիա 7։14 համարի կատարումն են, որի համաձայն՝ կույսը հղիանալու էր ու մի որդի էր ծնելու, և նա լինելու էր «Էմմանուելը»։ Հիսուսի ծնունդից մոտ 30 տարի հետո Հովհաննես Մկրտիչը սկսեց քարոզել, թե՝ «մոտեցել է երկնքի թագավորությունը»։ Բոլոր չորս ավետարանագիրները մեջբերել են Եսայիա 40։3-ը՝ ցույց տալու համար, որ Հովհաննեսը նա է, ով «կանչում է անապատում» (Մատթ. 3։1–3; Մարկ. 1։2–4; Ղուկ. 3։3–6; Հովհ. 1։23)։ Մկրտվելիս Հիսուսը դարձավ Մեսիա՝ Եհովայի Օծյալը՝ Հեսսեի «ոստը» և նրա «արմատը», որ պետք է իշխեր ազգերի վրա։ Ի կատարումն Եսայիա 11։1, 10 խոսքերի՝ նրա վրա ազգերը պետք է դնեն իրենց հույսը (Հռոմ. 15։8, 12)։
36. Ո՞ր մարգարեությունների կատարումն է օգնում հստակ կերպով բնորոշելու Մեսիական Թագավորին։
36 Ուշադրություն դարձնենք, թե ուրիշ ինչ է ասում Եսայիան Մեսիական Թագավորի մասին։ Հիսուսը «Եսայիա» գրքից ընթերցեց այն մասին, թե ինչ հանձնարարություն պետք է կատարեր ցույց տալու համար, որ ինքն է Եհովայի Օծյալը։ Դրանից հետո նա սկսեց «Աստծու թագավորության բարի լուրը» քարոզել, որովհետև, ինչպես նա ասաց, «հենց դրա համար է ուղարկվել» (Ղուկ. 4։17–19, 43; Ես. 61։1, 2)։ Չորս Ավետարանները լի են Հիսուսի երկրային ծառայության ու նրա մահվան վերաբերյալ մանրամասն տեղեկություններով, որոնց մասին կանխագուշակվել էր Եսայիա 53-րդ գլխում։ Թագավորության բարի լուրը լսելով և Հիսուսի հրաշքները տեսնելով հանդերձ՝ հրեաները չհասկացան այդ ամենի իմաստը, քանի որ նրանց սրտերում հավատ չկար, ինչպես կանխագուշակված էր Եսայիա 6։9, 10; 29։13 և 53։1 համարներում (Մատթ. 13։14, 15; Հովհ. 12։38–40; Գործ. 28։24–27; Հռոմ. 10։16; Մատթ. 15։7–9; Մարկ. 7։6, 7)։ Հիսուսը գայթակղության քար էր նրանց համար, սակայն Եհովան նրան անկյունաքար դարձրեց, որը դրեց Սիոնի հիմքում և որի վրա կառուցում է իր հոգևոր տունը՝ ի կատարումն Եսայիա 8։14 և 28։16-ում արձանագրված խոսքերի (Ղուկ. 20։17։ Հռոմ. 9։32, 33; 10։11; 1 Պետ. 2։4–10)։
37. Հիսուսի առաքյալներն ինչպե՞ս էին օգտվում «Եսայիա» գրքից։
37 Հիսուսի առաքյալները հաճախ էին Եսայիայի խոսքերը կիրառում ծառայության առնչությամբ։ Օրինակ՝ ցույց տալով, որ մարդկանց մեջ հավատ սերմանելու համար քարոզիչներ են հարկավոր՝ Պողոսը մեջբերեց «Եսայիա» գրքից՝ գրելով. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին» (Հռոմ. 10։15; Ես. 52։7; տե՛ս նաև Հռոմեացիներ 10։11, 16, 20, 21)։ Պետրոսը, նույնպես օգտվելով «Եսայիա» գրքից, ցույց տվեց բարի լուրի հարատև լինելը. «Չէ՞ որ «ամեն մարմին խոտի պես է, և նրա ողջ փառքը՝ վայրի ծաղկի պես. խոտը չորանում է, ծաղիկն՝ ընկնում, բայց Եհովայի խոսքը մնում է հավիտյան»։ Հենց սա է այդ «խոսքը», որը հռչակվեց ձեզ որպես բարի լուր» (1 Պետ. 1։24, 25; Ես. 40։6–8)։
38. Եսայիան Թագավորության հետ կապված ի՞նչ փառահեղ ապագայի նկարագրություն է տալիս, և հետագայում ինչպե՞ս են Թագավորության թեման զարգացնում Աստվածաշնչի մյուս գրողները։
38 Եսայիան նկարագրում է այն հրաշալի կյանքը, որ կլինի փառահեղ Թագավորության ներքո։ Ահա՛ «նոր երկինք ու նոր երկիր», որտեղ «թագավորը կթագավորի հանուն արդարադատության, և իշխանները կիշխեն հանուն արդարության»։ Ուրախության ու ցնծության ինչպիսի՜ առիթ (65։17, 18; 32։1, 2)։ Պետրոսը կրկին անդրադառնում է Եսայիայի ուրախ լուրին. «Բայց [Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետ. 3։13)։ Թագավորության այս հրաշալի թեման իր փառահեղ գագաթնակետին է հասնում «Հայտնություն» գրքի վերջին գլուխներում (Ես. 66։22, 23; 25։8; Հայտն. 21։1–5)։
39. Ո՞ր հոյակապ հույսի մասին է խոսվում «Եսայիա» գրքում։
39 Թեև «Եսայիա» գիրքը խստորեն դատապարտում է Եհովայի թշնամիներին և նրանց, ովքեր կեղծավորությամբ պնդում են, թե ծառայում են Աստծուն, այն նաև մեծ խանդավառությամբ խոսում է Մեսիական Թագավորության հրաշալի հույսի մասին, որի միջոցով սրբացվելու է Եհովայի մեծ անունը։ Եսայիայի մարգարեությունը օգնում է հասկանալու Եհովայի Թագավորության մասին հրաշալի ճշմարտությունները ու ջերմացնում է մեր սրտերը, մինչ ուրախությամբ սպասում ենք Եհովայի «տված փրկությանը» (Ես. 25։9; 40։28–31)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 1221–1223 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 957; հատ. 2, էջ 894, 895 (անգլ.)։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 324 (անգլ.)։