Աստծու խոսքը խոսիր համարձակությամբ
«[Նրանք] սուրբ ոգով լցվեցին և համարձակությամբ Աստծու խոսքն էին խոսում» (ԳՈՐԾ. 4։31)։
1, 2. Ինչո՞ւ պետք է ձգտենք արդյունավետ լինել ծառայության մեջ։
ԻՐ ՄԱՀԻՑ երեք օր առաջ Աստծու Որդին իր աշակերտներին ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։ Իսկ երկինք համբարձվելուց առաջ հարություն առած Հիսուսն իր հետևորդներին հանձնարարեց բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստել՝ սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ նա էր պատվիրել»։ Նա խոստացավ, որ իր հետևորդների հետ կլինի «բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթ. 24։14; 26։1, 2; 28։19, 20)։
2 Այսօր Եհովայի վկաները մասնակցում են այն նույն գործին, որը սկիզբ է առել առաջին դարում։ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործից ավելի կարևոր բան չկա, քանի որ այն մարդկանց կյանքեր է փրկում։ Հետևաբար շատ կարևոր է արդյունավետորեն կատարել մեր ծառայությունը։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես է սուրբ ոգին օգնում մեզ համարձակորեն խոսելու ծառայության ժամանակ։ Իսկ հաջորդ երկու հոդվածներում կխոսվի այն մասին, թե Եհովայի ոգին ինչպես կարող է առաջնորդել մեզ, որպեսզի հմտորեն սովորեցնենք և շարունակաբար քարոզենք։
Կարևոր է լինել համարձակ
3. Թագավորության բարի լուրը քարոզելու համար ինչո՞ւ է հարկավոր համարձակ լինել։
3 Ինչ խոսք, մեծ պատիվ է կատարել այն գործը, որն Աստված է հանձնարարել։ Սակայն հարկ է նշել, որ երբեմն դժվար է քարոզել։ Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր լսում են Աստծու Թագավորության բարի լուրը, սակայն շատերը Նոյի օրերում ապրող մարդկանց նման են արձագանքում։ Հիսուսը նրանց մասին ասաց. «Ուշադրություն չդարձրեցին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթ. 24։38, 39)։ Այսօր շատերը նույնպես ծաղրում ու հակառակվում են մեզ (2 Պետ. 3։3)։ Ավելին, մեզ հալածում են իշխանություն ունեցող մարդիկ, կրոնական առաջնորդները, դասընկերները, գործընկերները, անգամ մեր ընտանիքի անդամները։ Բացի այդ, մենք պայքարում ենք մեր թույլ կողմերի դեմ, օրինակ՝ մեզնից ոմանք ամաչկոտ են կամ վախենում են, որ մարդիկ կմերժեն իրենց։ Այս և այլ խոչընդոտների պատճառով գուցե վարանենք Աստծու խոսքը քարոզել։ Ուստի համարձակություն է անհրաժեշտ շարունակաբար քարոզելու համար (Եփես. 6։19, 20)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք համարձակությամբ լցվել։
4. ա) Ի՞նչ է համարձակությունը։ բ) Ո՞ւմ շնորհիվ Պողոս առաքյալը համարձակությամբ լցվեց ու քարոզեց թեսաղոնիկեցիներին։
4 Հունարենից թարգմանված «համարձակություն» բառը նշանակում է «ուղիղ խոսել», «ազատ արտահայտվել»։ Այն նաև ունի «քաջությամբ, վստահությամբ.... անվախորեն» խոսելու իմաստ։ Պետք է նշել, սակայն, որ համարձակությամբ խոսել չի նշանակում լինել կոպիտ ու աննրբանկատ (Կող. 4։6)։ Թեև անհրաժեշտ է համարձակությամբ քարոզել բարի լուրը, սակայն հարկավոր է հավասարակշռված և միևնույն ժամանակ նրբանկատ լինել, որպեսզի չվիրավորենք նրանց, ում քարոզում ենք։ Մենք պետք է խաղաղություն ունենանք բոլոր մարդկանց հետ (Հռոմ. 12։18)։ Իրականում համարձակ լինելու համար պետք է այլ հատկություններ մշակենք։ Պիտի գիտակցենք նաև, որ համարձակություն ունենալու համար չենք կարող միայն մեր ուժերին վստահել։ Նկատի առնենք, թե ում շնորհիվ Պողոս առաքյալն ու նրա ծառայակիցները «համարձակությամբ լցվեցին» ու շարունակեցին քարոզել թեսաղոնիկեցիներին «Փիլիպպեում չարչարանքներ կրելուց և անարգվելուց հետո»։ «Մեր Աստծու շնորհիվ»,— գրեց Պողոսը (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։2)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովա Աստված մեզ էլ կօգնի ձերբազատվելու մտավախություններից և համարձակություն կտա նաև մեզ։
5. Ինչպե՞ս Եհովան համարձակություն տվեց Պետրոսին, Հովհաննեսին և մյուս աշակերտներին։
5 Մի անգամ, երբ «իշխանները, երեցներն ու դպիրները» կանչեցին Պետրոսին ու Հովհաննեսին և պատվիրեցին չքարոզել, նրանք ասացին. «Եթե Աստծու առաջ արդար է ձե՛զ լսել և ոչ թե Աստծուն, ինքնե՛րդ դատեք։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ որ տեսել ենք ու լսել»։ Իսկ ի՞նչ արեցին առաքյալները դրանից հետո։ Նրանք ոչ թե խնդրեցին Աստծուն դադարեցնել հալածանքը, այլ մյուս աշակերտների հետ աղերսագին աղոթք արեցին. «Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու նրանց սպառնալիքներին և քո խոսքը քո ծառաներին ամենայն համարձակությամբ խոսել տուր» (Գործ. 4։5, 19, 20, 29)։ Ինչպե՞ս Եհովան պատասխանեց նրանց աղոթքին (կարդա՛ Գործեր 4։31)։ Նա իր սուրբ ոգու միջոցով համարձակությամբ լցրեց նրանց։ Աստծու ոգին մեզ էլ կարող է զորացնել։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծու ոգին և ծառայության ժամանակ առաջնորդվել այդ ոգով։
Լցվենք համարձակությամբ. ինչպե՞ս
6, 7. Ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծու սուրբ ոգին։ Բեր օրինակներ։
6 Աստծու սուրբ ոգին ստանալու համար պետք է աղոթենք։ Հիսուսն ասաց. «Եթե դուք, չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Այո՛, հարկավոր է շարունակ աղոթել սուրբ ոգին ստանալու համար։ Եթե վախենում ենք ծառայության որոշ ձևերին մասնակցելուց, օրինակ՝ փողոցում քարոզելուց, ոչ պաշտոնական վկայություն տալուց կամ գործարար տարածքում ծառայելուց, ապա կարող ենք աղոթել Եհովային սուրբ ոգու մասին և խնդրել, որ մեզ համարձակությամբ լցնի (1 Թեսաղ. 5։17)։
7 Հենց այսպես վարվեց Ռոզաa անունով մի քրիստոնյա կին։ Նա աշխատում էր դպրոցում։ Մի օր ուսուցիչներից մեկը երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու մասին մի հաշվետվություն կարդաց, որը ստացել էր մեկ ուրիշ դպրոցից։ Այդ կինը այնքան էր ցնցվել կարդացածից, որ բարձրաձայն ասել էր. «Ինչե՞ր են կատարվում այս աշխարհում»։ Ռոզան չէր կարող բաց թողնել վկայություն տալու այդ լավ առիթը։ Սակայն զրույց սկսելու համար նրան քաջություն էր անհրաժեշտ։ Նա պատմում է. «Ես աղոթեցի Եհովային ու խնդրեցի, որ սուրբ ոգին տա ինձ»։ Արդյունքում Ռոզան կարողացավ լավ վկայություն տալ ուսուցչուհուն, և նրանք պայմանավորվեցին մեկ ուրիշ անգամ հանդիպել զրույցը շարունակելու համար։ Հետաքրքիր է նաև Միլանի անունով հինգ տարեկան մի աղջնակի դեպքը, որն ապրում է Նյու Յորքում։ Նա պատմում է. «Ամեն օր դպրոց գնալուց առաջ մայրիկս ինձ հետ աղոթում է Եհովային»։ Իսկ ինչի՞ մասին է մայրն աղոթում։ Նա խնդրում է, որ Միլանին փոխզիջումների չգնա և քաջություն ունենա իր Աստծու մասին խոսելու։ «Աղոթքը շատ է օգնում Միլանիին։ Նա կարողանում է բացատրել իր տեսակետը ծննդյան օրերի և այլ տոների վերաբերյալ ու չի միանում իր ընկերներին, երբ վերջիններս նշում են այդ տոները»,— ասում է նրա մայրը։ Այս օրինակները ցույց են տալիս, որ աղոթքների շնորհիվ մենք կարող ենք համարձակությամբ լցվել։
8. Ի՞նչն օգնեց Երեմիա մարգարեին համարձակորեն քարոզելու, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
8 Մտածիր նաև, թե ինչն օգնեց Երեմիային լինելու համարձակ։ Երբ Եհովան նրան մարգարե նշանակեց, նա ասաց. «Ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ» (Երեմ. 1։4–6)։ Ժամանակի ընթացքում, սակայն, Երեմիան դարձավ այնպիսի հաստատակամ և քաջ քարոզիչ, որ շատերն ասում էին, թե նա մի մարդ է, ով միայն չարիքի մասին է խոսում (Երեմ. 38։4)։ Ավելի քան 65 տարի Երեմիան համարձակորեն հռչակեց Եհովայի դատաստանները։ Ողջ Իսրայելում նա հայտնի էր որպես անվախ ու քաջ մարգարե, այդ պատճառով ավելի քան 600 տարի հետո, երբ Հիսուսը քարոզում էր համարձակորեն, ոմանք մտածեցին, թե Երեմիան կյանքի է վերադարձել (Մատթ. 16։13, 14)։ Ինչպե՞ս հաջողվեց մարգարեին հաղթահարել ամաչկոտությունը։ Նա ասում է. «[Աստծու խոսքը] սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը» (Երեմ. 20։9)։ Այո՛, Եհովայի խոսքը զորացրեց Երեմիային և մղեց նրան քարոզելու։
9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու խոսքը մեզ վրա էլ կազդի այնպես, ինչպես ազդեց Երեմիայի վրա։
9 Աստծու խոսքը կարող է ազդել մեզ վրա այնպես, ինչպես ազդեց Երեմիայի վրա։ «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ ու ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր, և ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու նրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները»,— գրել է Պողոս առաքյալը (Եբր. 4։12)։ Ճիշտ է, թեև մարդիկ են գրի առել Աստվածաշունչը, սակայն այն մարդկային իմաստության արդյունք չէ, քանի որ ներշնչվել է Աստծուց։ 1 Պետրոս 1։21–ում կարդում ենք. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չտրվեց, այլ մարդիկ Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված»։ Երբ ժամանակ ենք տրամադրում Աստվածաշնչի ուսումնասիրությանը, մեր միտքը լցվում է Աստծու խոսքով, որը ներշնչված է սուրբ ոգուց (կարդա՛ 1 Կորնթացիներ 2։10)։ Այն կարծես մեր ներսում «վառվող կրակ» լինի, որը չենք կարող պահել մեր մեջ։
10, 11. ա) Ինչպե՞ս պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը, եթե ուզում ենք համարձակորեն քարոզել։ բ) Նշիր, թե ինչ կերպերով ես որոշել բարելավել անձնական ուսումնասիրությունդ։
10 Մենք պետք է ձգտենք այնպես ուսումնասիրել Աստվածաշունչը, որ Աստծու խոսքը հասնի մեր սրտին։ Միայն այդ դեպքում Սուրբ գիրքը մեծ ազդեցություն կգործի մեզ վրա։ Օրինակ՝ Եզեկիել մարգարեին տեսիլք տրվեց. նա պետք է ուտեր մի գրություն, որում գրված էր այն պատգամը, որը նա պետք է հայտներ ապստամբ ժողովրդին։ Եզեկիելին ասվեց, որ նա պետք է ամբողջությամբ «մարսի» այդ պատգամը։ Այն մեղրի պես քաղցր էր լինելու, այսինքն՝ մարգարեն Աստծու պատգամը ուրախությամբ էր հայտնելու իսրայելացիներին (կարդա՛ Եզեկիէլ 2։8–3։4, 7–9)։
11 Այսօր նույնպես շատերը չեն ուզում լսել, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Ուստի որպեսզի շարունակաբար քարոզենք, պետք է այնպես ուսումնասիրենք Սուրբ գիրքը, որ ամբողջությամբ «մարսենք» Աստծու խոսքը, այսինքն՝ լիովին հասկանանք այն և հավատանք այնտեղ գրված խոսքերին։ Դրա համար մենք պետք է սովորություն դարձնենք կանոնավորաբար և ոչ թե ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություն կատարել։ Մեր մեջ էլ պետք է ցանկություն առաջանա սաղմոսերգուի պես ասելու. «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ» (Սաղ. 19։14)։ Որքա՜ն կարևոր է ժամանակ տրամադրել ու խորհրդածել մեր կարդացածի շուրջ, որպեսզի աստվածաշնչային ճշմարտությունները դրոշմվեն մեր սրտում։ Անշուշտ, հարկավոր է ջանքեր թափել բարելավելու անձնական ուսումնասիրության որակըb։
12. Ինչպե՞ս են ժողովի հանդիպումները օգնում մեզ առաջնորդվելու սուրբ ոգով։
12 Եհովայի սուրբ ոգին կարող ենք ստանալ նաև մեկ ուրիշ ձևով՝ «սիրո և բարի գործերի խրախուսելով, և իրար հետ միասին հավաքվելը չթողնելով» (Եբր. 10։24, 25)։ Եթե կանոնավորաբար մասնակցենք ժողովի հանդիպումներին, ուշադիր լսենք և կիրառենք մեր սովորածը, ապա սուրբ ոգին կառաջնորդի մեզ։ Չէ՞ որ Եհովայի ոգին մեզ առաջնորդում է ժողովի միջոցով (կարդա՛ Հայտնություն 3։6)։
Համարձակությունը մեծ ազդեցություն է թողնում
13. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ առաջին դարի քրիստոնյաները կատարեցին հսկայածավալ քարոզչական գործը։
13 Սուրբ ոգին ամենազորեղ ուժն է ողջ տիեզերքում, ուստի այն կարող է զորացնել մեզ, որպեսզի Եհովայի կամքը կատարենք։ Սուրբ ոգու օգնությամբ առաջին դարի քրիստոնյաները կարողացան մի վիթխարի գործ իրականացնել։ Նրանք քարոզեցին բարի լուրը «երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» (Կող. 1։23)։ Երբ հաշվի ենք առնում, որ այդ քրիստոնյաներից շատերը «անուսում և հասարակ» մարդիկ էին, ակնհայտ է դառնում, որ այդ գործը կատարվել է շատ ավելի հզոր ուժի միջոցով (Գործ. 4։13)։
14. Ի՞նչը կօգնի մեզ «ոգով բոցավառվելու»։
14 Հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը՝ մենք կկարողանանք համարձակությամբ քարոզել բարի լուրը։ Ուստի եթե անդադար աղոթենք սուրբ ոգին ստանալու համար, ջանասիրաբար անձնական ուսումնասիրություն կատարենք, խորհրդածենք կարդացածի շուրջ և կանոնավորաբար մասնակցենք ժողովի հանդիպումներին, «ոգով կբոցավառվենք» (Հռոմ. 12։11)։ Աստվածաշունչը պատմում է Եփեսոս եկած «Ապողոս անունով մի հրեայի» մասին, որը ծագումով Ալեքսանդրիայից էր և մի ճարտարախոս մարդ էր։ Նրա մասին կարդում ենք հետևյալը. «[Նա] բոցավառվում էր ոգով, ճշգրտորեն խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին» (Գործ. 18։24, 25)։ «Ոգով բոցավառվելով»՝ մենք նույնպես համարձակորեն կքարոզենք տնից տուն և ոչ պաշտոնական վկայություն կտանք։
15. Ի՞նչ ազդեցություն է թողնում մեզ վրա համարձակորեն քարոզելը։
15 Երբ հասկանում ենք, թե որքան կարևոր ու օգտակար գործ ենք անում, մենք համարձակությամբ ենք լցվում, ինչը դրական ազդեցություն է թողնում մեզ վրա։ Մենք սկսում ենք ավելի ոգևորվածությամբ և արդյունավետորեն քարոզել, որն էլ մեզ ուրախություն է պատճառում։ Բացի այդ, գիտակցելով մեր գործի հրատապ լինելը՝ ավելի մեծ եռանդով ենք լցվում։
16. Ի՞նչ պետք է անես, եթե առաջվա պես եռանդուն չես։
16 Իսկ ի՞նչ պետք է անես, եթե առաջվա պես եռանդուն չես։ Հարկավոր է անկեղծ ինքնաքննություն կատարել։ Պողոսը գրել է. «Շարունակ ստուգե՛ք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձե՛ք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթ. 13։5)։ Հարցրու ինքդ քեզ. «Ոգով բոցավառվա՞ծ եմ։ Աղոթո՞ւմ եմ Եհովային սուրբ ոգին ստանալու համար։ Աղոթքներիցս երևո՞ւմ է, որ Աստծու կամքը կատարելու համար նրան եմ ապավինում։ Գնահատանքի խոսքեր ասո՞ւմ եմ Եհովային, որ նա մեզ վստահել է այս գործը։ Կանոնավոր անձնական ուսումնասիրություն անո՞ւմ եմ։ Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում կարդացածիս ու լսածիս շուրջ խորհրդածելուն։ Միշտ մասնակցո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին»։ Նման հարցերի շուրջ խորհելը կօգնի քեզ տեսնելու, թե որ բնագավառներում պետք է բարելավումներ անես։
Թող սուրբ ոգին քեզ համարձակությամբ լցնի
17, 18. ա) Ի՞նչ մասշտաբի է հասել քարոզչությունն այսօր։ բ) Ինչպե՞ս կարող ենք «խոսելու մեծ ազատությամբ» հռչակել Աստծու Թագավորության բարի լուրը։
17 Հարություն առած Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8)։ Քարոզչական գործն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում։ Ավելի քան յոթ միլիոն Եհովայի վկաներ հռչակում են Թագավորության բարի լուրը 230–ից ավելի երկրներում՝ ամեն տարի գրեթե 1,5 միլիարդ ժամ տրամադրելով բարի լուրի քարոզչությանը։ Որքա՜ն ուրախ ենք, որ եռանդորեն մասնակցում ենք այն գործին, որը էլ երբեք չի կրկնվի։
18 Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր համաշխարհային քարոզչական գործը առաջ է ընթանում Աստծու սուրբ ոգու միջոցով։ Եթե հետևենք ոգու առաջնորդությանը, ապա «խոսելու մեծ ազատությամբ» կքարոզենք բարի լուրը (Գործ. 28։31)։ Ուստի եկեք թույլ տանք սուրբ ոգուն առաջնորդել մեզ, որպեսզի համարձակորեն հռչակենք Աստծու Թագավորության բարի լուրը։
[Ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Աստվածաշնչի ընթերցանությունից և անձնական ուսումնասիրությունից լավագույնս օգտվելու համար տե՛ս «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 21–32 էջերում գտնվող թեմաները՝ «Միտքդ դիր կարդալուն» և «Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է»։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ է հարկավոր համարձակ լինել Աստծու խոսքը քարոզելու համար։
• Ի՞նչը օգնեց վաղ քրիստոնյաներին համարձակությամբ խոսելու։
• Ինչպե՞ս կարող ենք համարձակություն ձեռք բերել։
• Ի՞նչ ազդեցություն է մեզ վրա թողնում համարձակությունը։
[Նկար 7–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին լինելու համարձակ
[Նկարներ 8–րդ էջի վրա]
Կարճ աղոթքը կօգնի քեզ համարձակությամբ լցվելու