Աստծո Թագավորությունը որպես երկրի նոր իշխանություն
«Թագավորութիւնը.... պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։
1. Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստվածաշնչին։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Աստծո հայտնությունն է մարդկանց։ Պողոս առաքյալը գրել է. «Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք» (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Աստվածաշնչում գրի է առնված այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Աստծո մասին՝ տեղեկություններ նրա անձնավորության, նպատակների և մեզանից իր ունեցած սպասելիքների վերաբերյալ։ Այդ գիրքն իր մեջ պարունակում է անգնահատելի խորհուրդներ ընտանեկան կյանքի ու մեր ամենօրյա վարքագծի վերաբերյալ։ Աստվածաշնչում մանրամասն մարգարեություններ կան, որոնք իրականացել են անցյալում, իրականանում են այսօր և դեռ իրականանալու են ապագայում։ Այո՛, «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
2. Ինչպե՞ս Հիսուսն ընդգծեց Աստվածաշնչի թեման։
2 Առաջնակարգ կարևորություն է իրենից ներկայացնում Աստվածաշնչի թեման՝ Աստծո գերիշխանության (կառավարելու իրավունքի) արդարացումը իր երկնային Թագավորության միջոցով։ Դա Հիսուսի ծառայության գլխավոր նպատակն էր։ Ահա թե ինչ է այդ մասին ասում Աստվածաշունչը. «Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»» (Մատթէոս 4։17)։ Նա ցույց տվեց, թե Թագավորությունն ինչպիսի տեղ պետք է գրավեր մեր կյանքում՝ հորդորելով. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը» (Մատթէոս 6։33)։ Հիսուսը նաև ընդգծեց դրա կարևորությունը՝ սովորեցնելով իր հետևորդներին աղոթել Աստծուն հետևյալ կերպ. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10)։
Երկրի նոր իշխանությունը
3. Ինչո՞ւ է Աստծո Թագավորությունն այդքան կարևոր մեզ համար։
3 Ինչո՞ւ է Աստծո Թագավորությունն այդքան կարևոր մարդկության համար։ Կարևոր է, քանի որ դրա շնորհիվ շուտով ընդմիշտ փոխվելու է երկրի իշխանությունը։ Դանիէլ 2։44–ի մարգարեությունը հայտարարում է. «Այն թագաւորների [երկրի ներկայիս կառավարիչների] օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն [երկնային կառավարություն] է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները [երկրային կառավարությունները]. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Երբ Աստծո երկնային Թագավորությունը լիակատար իշխանության անցնի, մարդիկ այլևս չեն կառավարելու երկրի վրա։ Պառակտիչ ու անբավարար մարդկային կառավարումը հավիտյան պատմության գիրկը կանցնի։
4, 5. ա) Ինչո՞ւ է Հիսուսը լավագույնս համապատասխանում Թագավորության Թագավոր լինելուն։ բ) Մոտ ապագայում ի՞նչ հանձնարարություն է ստանալու Հիսուսը։
4 Երկնային Թագավորության Գլխավոր Իշխանը, որ Եհովայի անմիջական ղեկավարության ներքո է գտնվում, Հիսուս Քրիստոսն է, որը լավագույն կերպով համապատասխանում է այդ պաշտոնին։ Նա Աստծո ամենաառաջին ստեղծագործությունն էր ու, նախքան երկիր գալը, երկնքում Աստծո «ճարտարապետն» էր (Առակաց 8։22–31)։ «Նա պատկերն է աներեւոյթ Աստծու, անդրանիկը բոլոր արարածների. որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրայ» (Կողոսացիս 1։15, 16)։ Իսկ երբ Աստծո կողմից երկիր էր ուղարկվել, նա միշտ կատարում էր նրա կամքը։ Հիսուսը տոկաց ամենածանր փորձության ներքո ու մահացավ՝ հավատարիմ մնալով իր Հորը (Յովհաննէս 4։34; 15։10)։
5 Նույնիսկ սեփական կյանքի գնով Աստծո հանդեպ իր հավատարմության համար Հիսուսը վարձատրվեց։ Աստված հարություն տվեց նրան ու իրավունք տվեց լինելու երկնային Թագավորության Թագավոր (Գործք 2։32–36)։ Որպես այդ Թագավորության Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը Աստծուց կարևոր հանձնարարություն է ստանալու, ըստ որի առաջնորդություն է վերցնելու անհամար զորեղ ոգեղեն արարածների միջոցով երկրագնդի վրա մարդկային կառավարմանը վերջ դնելու և մոլորակը ամեն տեսակի չարիքից մաքրելու համար (Առակաց 2։21, 22; Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9; Յայտնութիւն 19։11–21; 20։1–3)։ Դրանից հետո Աստծո երկնային Թագավորությունը՝ Քրիստոսի գլխավորությամբ, կհաստատվի որպես նոր իշխանություն՝ մեր ողջ հողագնդի միակ կառավարություն (Յայտնութիւն 11։15)։
6. Ինչպիսի՞ն է լինելու Թագավորության Թագավորի իշխանությունը։
6 Աստծո Խոսքը երկրի նոր Իշխանի մասին ասում է. «Նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դանիէլ 7։14)։ Քանի որ այն ժամանակ Հիսուսը ընդօրինակելու է Աստծո սերը, ապա նրա իշխանության օրոք խաղաղությունն ու ուրախությունը անսպառ են լինելու (Մատթէոս 5։5; Յովհաննէս 3։16; Ա Յովհաննէս 4։7–10)։ «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ.... որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով» (Եսայիա 9։7)։ Ի՜նչ օրհնություն է, որ Իշխանը կառավարելու է սիրով, իրավունքով և արդարությամբ։ Այս կապակցությամբ Բ Պետրոս 3։13–ում ասվում է. «Մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի [Աստծո երկնային Թագավորությանը] եւ նոր երկրի [նոր երկրային հասարակությանը], որոնցում արդարութիւնն է բնակւում»։
7. Ինչպե՞ս է այսօր կատարվում Մատթէոս 24։14 խոսքը։
7 Անշուշտ, Աստծո Թագավորության մասին ավետիսն ամենաուրախալի լուրն է բոլոր նրանց համար, ովքեր արդարության են տենչում։ Ահա թե ինչու որպես նշան այն բանի, որ մենք հիմա ապրում ենք այս չար համակարգի «վերջին օրերում», Հիսուսն ասաց. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Բ Տիմոթէոս 3։1–5; Մատթէոս 24։14)։ Այժմ այդ մարգարեությունն իրականանում է. մոտ վեց միլիոն Եհովայի վկաներ 234 երկրներում տարեկան ավելի քան մեկ միլիարդ ժամ են տրամադրում Աստծո Թագավորության մասին պատմելուն։ Իսկ նրանց՝ աշխարհով մեկ սփռված մոտավորապես 90 000 ժողովների հավաքատեղիները պատշաճորեն կոչվում են Թագավորության սրահներ։ Այնտեղ եկող մարդիկ սովորում են գալիք նոր կառավարության մասին։
Իշխանակիցները
8, 9. ա) Որտեղի՞ց են ընտրված Հիսուսի իշխանակիցները։ բ) Թագավորի ու իր իշխանակիցների կառավարման առնչությամբ ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
8 Աստծո երկնային Թագավորության մեջ Հիսուս Քրիստոսը իշխանակիցներ է ունենալու։ Յայտնութիւն 14։1–4–ում (Արևմտ. Աստ.) կանխագուշակվում է, որ 144 000 անհատներ «մարդոց մէջէն գնուեցան» ու երկնային կյանքի հարություն առան։ Այդ անհատները տղամարդիկ ու կանայք են, որոնք ծառայություն ընդունելու փոխարեն խոնարհաբար ծառայեցին Աստծուն և մարդկանց։ «Նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի» (Յայտնութիւն 20։6)։ Նրանք թվով շատ ավելի քիչ են, քան այն «մեծ բազմութիւնը,— որին թիւ չկար,— բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից», որը պիտի վերապրեր այս համակարգի վախճանը։ Մեծ բազմության անդամները նույնպես «զօր ու գիշեր պաշտում են» Աստծուն, սակայն երկնային կոչում չունեն (Յայտնութիւն 7։9, 15)։ Նրանք նոր երկրի կորիզն են կազմում՝ որպես Աստծո երկնային Թագավորության հպատակներ (Սաղմոս 37։29; Յովհաննէս 10։16)։
9 Հիսուսի իշխանակիցների ընտրությունը Եհովան կատարեց իրեն հավատարիմ մարդկանց միջից, որոնց ծանոթ են կյանքի բոլոր դժվարությունները։ Այսինքն՝ այս թագավոր–քահանաներն այդ առումով ոչնչով չեն տարբերվում ուրիշներից։ Ապրելով երկրի վրա՝ նրանք ավելի մեծ փորձ են ձեռք բերում հետագայում մարդկանց կառավարելու համար։ Նույնիսկ ինքը Հիսուսը «չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց» (Եբրայեցիս 5։8)։ Պողոս առաքյալը նրա մասին հետևյալն ասաց. «Ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբրայեցիս 4։15)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ որ Աստծո նոր, արդար աշխարհում ժողովրդին կառավարելու են սիրառատ, կարեկից թագավորներն ու քահանաները։
Արդյո՞ք Թագավորությունն Աստծո նպատակի մեջ էր մտնում
10. Ինչո՞ւ Թագավորությունը չէր մտնում Աստծո սկզբնական նպատակի մեջ։
10 Արդյո՞ք Ադամին ու Եվային ստեղծելիս Աստված նպատակ ուներ նաև հիմնել երկնային Թագավորությունը։ Ծննդոց գրքում՝ արարչագործությանը վերաբերող մասում ոչ մի հիշատակում չկա թագավորության մասին, որը պիտի իշխեր մարդկության վրա։ Եհովան ինքն էր նրանց Իշխանը, և քանի դեռ մարդիկ հնազանդ կլինեին իրեն, կարիք չէր լինելու որևէ այլ իշխանության։ «Ծննդոց» գրքի 1–ին գլուխը ցույց է տալիս, որ Եհովան, հավանաբար իր երկնային առաջնեկ Որդու միջոցով, հաղորդակցվում էր Ադամի ու Եվայի հետ։ Արձանագրության մեջ, օրինակ, օգտագործված են «Աստուած ասաց նորանց», «Աստուած ասեց» արտահայտությունները (Ծննդոց 1։28, 29; Յովհաննէս 1։1)։
11. Ի՞նչ կատարյալ սկիզբ ունեցավ մարդկությունը։
11 «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր»,— ասում է Աստվածաշունչը (Ծննդոց 1։31)։ Եդեմի պարտեզում ամեն ինչ կատարյալ էր։ Ադամն ու Եվան ապրում էին դրախտում։ Նրանք ունեին կատարյալ միտք և կատարյալ մարմին, կարող էին հաղորդակցվել իրենց Արարչի հետ, նա էլ՝ իրենց հետ։ Հավատարիմ մնալով՝ կարող էին կատարյալ երեխաներ ծնել։ Եվ ընդհանրապես երկնային մեկ այլ կառավարման կարիք չպիտի զգացվեր։
12, 13. Թեև կատարյալ մարդկությունը շատանալու էր, ինչո՞ւ Եհովան, այնուամենայնիվ, կկարողանար հաղորդակցվել նրանց հետ։
12 Ինչպե՞ս էր Աստված հաղորդակցվելու մարդկանց հետ, երբ նրանք շատանային։ Դա հասկանալու համար նկատի առնենք երկնքի աստղերը։ Դրանք խմբավորված են «տիեզերքի կղզիներում»՝ գալակտիկաներում։ Որոշ գալակտիկաներ իրենց մեջ պարունակում են շուրջ մեկ միլիարդ աստղ։ Մյուսները՝ մոտ մեկ տրիլիոն։ Ըստ գիտնականների հաշվարկների՝ տեսանելի տիեզերքում կա մոտ 100 մլրդ գալակտիկա։ Ահա թե ինչ է ասում Ստեղծիչը. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։
13 Եթե Աստված կարողանում է հետևել այս բոլոր երկնային մարմիններին, վստահաբար, նրա համար դժվար չէր լինի կառավարել թվով շատ ավելի քիչ մարդկանց։ Նույնիսկ այսօր նրան ծառայող միլիոնավոր մարդիկ են աղոթքով դիմում իրեն։ Այդ աղոթքներն անմիջապես հասնում են Աստծուն։ Ուստի, կատարյալ մարդկանցից յուրաքանչյուրի հետ հաղորդակցվելը Աստծո համար բոլորովին դժվարություն չէր ներկայացնի, և նրանց ղեկավարելու համար երկնային Թագավորության կարիք չէր լինի։ Ի՜նչ սքանչելի կյանք. Եհովան Իշխան կլիներ, ուղղակիորեն կարելի էր դիմել նրան ու դրախտ–երկրում հավիտյան ապրել՝ երբեք մահ չտեսնելու հեռանկարով։
«Մարդի բանը չէ»
14. Ինչո՞ւ են մարդիկ հավիտյան Եհովայի առաջնորդության կարիքն ունենալու։
14 Այնուամենայնիվ, նույնիսկ կատարյալ մարդիկ հավիտյան ունենալու էին Եհովայի առաջնորդության կարիքը։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան չէր ստեղծել մարդկանց այնպես, որ կարողանային Աստծուց անկախ հաջող կյանք վարել։ Սա մի հաստատված կանոն է, ինչպես Երեմիա մարգարեն ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։ Ով Տէր, ինձ խրատիր» (Երեմիա 10։23, 24)։ Անմտություն կլիներ, եթե մարդիկ մտածեին, թե կարող են առանց Եհովայի առաջնորդության հաջողությամբ կառավարել հասարակությունը։ Դա հակառակ կլիներ այն բանին, թե ինչպես էին իրենք ստեղծված։ Եհովայից անկախ լինելը, անկասկած, տանելու էր եսասիրության, ատելության, դաժանության, բռնության, պատերազմների և մահվան։ ‘Մարդ մարդու վրա կիշխեր իր վնասի համար’ (Ժողովող 8։9)։
15. Մեր նախածնողների սխալ ընտրությունը ի՞նչ հետևանքներ ունեցավ։
15 Ցավոք, մեր նախածնողները որոշեցին, որ կարող են ապրել առանց Աստծո և նրա իշխանության ու ընտրեցին նրանից անկախ լինելու ճանապարհը։ Որպես արդյունք՝ Աստված այլևս չպահեց նրանց կատարելության մեջ։ Նրանք այժմ նման էին էլեկտրական սարքի, որն անջատված էր հոսանքի աղբյուրից։ Ժամանակի ընթացքում նրանց կյանքի պրոցեսը պիտի դանդաղեր ու կանգ առներ. նրանք պիտի մահանային։ Վնասված կաղապարի նման՝ իրենց արատը միակ բանն էր, որ կարող էին փոխանցել իրենց զավակներին (Հռովմայեցիս 5։12)։ «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են.... Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը» (Բ Օրինաց 32։4, 5)։ Ճիշտ է՝ Ադամն ու Եվան տրվեցին ապստամբ ոգեղեն արարածի՝ Սատանայի ազդեցությանը, սակայն կատարյալ միտք ունեին, հետեվաբար կարող էին դեմ կանգնել նրա մոլորեցնող առաջարկներին (Ծննդոց 3։1–19; Յակոբոս 4։7)։
16. Ի՞նչ է պատմությունը վկայում Աստծուց անկախ լինելու հետևանքների մասին։
16 Պատմությունը լի է փաստերով, որոնք ցույց են տալիս, թե ինչ է նշանակում Աստծուց անկախ լինելը։ Հազարամյակների ընթացքում մարդկությունը փորձել է քաղաքական, տնտեսական ու հասարակական համակարգերի բոլոր ձևերը։ Բայցևայնպես, ամբարշտությունը շարունակում է ‘չարից այն կողմ էլ գնալ’ (Բ Տիմոթէոս 3։13)։ 20–րդ դարն ապացուցեց դա։ Պատմության մեջ դաժանությամբ իր նմանը չունեցող դարը լի է եղել ատելությամբ, բռնությամբ, պատերազմներով, սովերով, աղքատությամբ ու տառապանքներով։ Եվ նշանակություն չունի, թե բժշկագիտության բնագավառում ինչ նվաճումներ է տեսել աշխարհը. ուշ թե շուտ՝ մարդը մահանում է (Ժողովող 9։5, 10)։ Փորձելով սեփական ուժերով իրենց ընթացքին ուղղություն տալ՝ մարդիկ դրանով իսկ Սատանայի ու նրա դևերի զոհն են դարձել, այնպես որ Աստվածաշնչում Սատանան կոչվում է «այս աշխարհի աստուածը» (Բ Կորնթացիս 4։4)։
Ազատ կամքի պարգևը
17. Աստծո՝ ազատ կամքի պարգևը ինչպե՞ս պիտի օգտագործվեր։
17 Ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս մարդկանց գնալ իրենց անկախ ճանապարհով. որովհետև նա մարդկանց ստեղծել է ազատ կամք ունենալու, ազատորեն ընտրություն կատարելու սքանչելի ունակությամբ։ «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է»,— ասում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիս 3։17)։ Ոչ մեկը չի ցանկանում ռոբոտի պես լինել, որ իրեն ամեն վայրկյան ինչ–որ մեկը թելադրի, թե ինչ խոսել ու անել։ Սակայն Եհովան պատվիրել է նաև, որ մարդիկ ազատ կամքի պարգևը պատասխանատվությամբ նկատի առնեն, տեսնեն իր կամքը կատարելու և իրեն հնազանդ մնալու խելամտությունը (Գաղատացիս 5։13)։ Այնպես որ՝ ազատությունը բացարձակ չէր լինելու, քանի որ դա կտաներ քաոսի, ուստի վերահսկվելու էր Աստծո օգտակար օրենքների սահմաններում։
18. Ի՞նչ ապացուցեց Աստված՝ թույլ տալով մարդուն ազատ ընտրություն կատարելու։
18 Թույլատրելով մարդկային ընտանիքին գնալ սեփական ճանապարհով՝ Աստված մեկընդմիշտ ապացուցեց, որ մենք իր կառավարման կարիքն ունենք։ Միայն նրա կառավարման կերպը՝ նրա գերիշխանությո՛ւնը կարող է մեզ բերել մեծ ուրախություն, բավականություն և բարեկեցություն։ Պատճառն այն է, որ Եհովան մեր միտքն ու մարմինն այնպես է ստեղծել, որ դրանք, իր օրենքների հետ ներդաշնակության մեջ գտնվելիս, լավագույնս գործեն հօգուտ մարդու։ «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Աստծո օրենքների սահմաններում ազատ ընտրություն կատարելը ոչնչով չէր սահմանափակի մարդու ազատությունը, այլ, ընդհակառակը՝ կբերեր սննդի, բնակարանի, արվեստի ու երաժշտության հաճելի բազմազանություն։ Պատշաճորեն գործածվելով՝ ազատ կամքը կարող էր հավիտյան ուրախություններ պարգևել մարդկանց դրախտային երկրում։
19. Ինչի՞ շնորհիվ է Աստված մարդկանց հաշտեցնում իր հետ։
19 Սակայն սխալ ընտրության հետևանքով մարդիկ հեռացան Աստծուց, դարձան անկատար, ֆիզիկապես այլասերված և՝ մահկանացու։ Նրանց անհրաժեշտ էր փրկել այդ ողբալի վիճակից, վերականգնել Աստծո և նրանց միջև պատշաճ փոխհարաբերությունները, և կլինեին որպես նրա որդիներ ու դստրեր։ Դրա համար Աստված նախատեսեց Թագավորությունը, իսկ Փրկիչը Հիսուս Քրիստոսն է (Յովհաննէս 3։16)։ Դա հնարավորություն կտա անկեղծորեն զղջացող անհատներին, Հիսուսի պատմած առակի անառակ որդու նման, հաշտվել Աստծո հետ ու ընդունվել նրա կողմից որպես իր զավակներ (Ղուկաս 15։11–24; Հռովմայեցիս 8։21; Բ Կորնթացիս 6։18)։
20. Ինչպե՞ս է Աստծո կամքն իրականանացվելու Թագավորության միջոցով։
20 Եհովայի կամքը ուր որ է կկատարվի երկրի վրա (Եսայիա 14։24, 27; 55։11)։ Քրիստոսին վստահված իր Թագավորության միջոցով Աստված լիովին կպաշտպանի (կարդարացնի կամ կապացուցի) մեր Գերիշխանը լինելու իր իրավունքը։ Թագավորությունը երկրի վրա վերջ կդնի մարդկային ու դիվային իշխանությանը և, կառավարելով երկնքից, միայն ինքը կիշխի երկրի վրա՝ հազար տարի (Հռովմայեցիս 16։20; Յայտնութիւն 20։1–6)։ Բայց այդ ընթացքում ինչպե՞ս է ցույց տրվելու Եհովայի կառավարման գերազանցությունը, և ի՞նչ դեր պիտի ունենա Թագավորությունը դրանից հետո։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։
Կրկնողության հարցեր
• Ո՞րն է Աստվածաշնչի թեման։
• Ո՞վ է մտնում երկրի նոր իշխանության կազմի մեջ։
• Ինչո՞ւ Աստծուց անկախ մարդկային կառավարումը երբեք չի կարող հաջողություն ունենալ։
• Ինչպե՞ս է հարկավոր գործի դնել ազատ կամքը։
[նկար 10–րդ էջի վրա]
Աստծո իշխանությունն ընդգծելու համար Հիսուսը մարդկանց ուշադրությունը հրավիրում էր Թագավորության վրա։
[նկարներ 12–րդ էջի վրա]
Եհովայի վկաները ամենուրեք խոսում են Թագավորության մասին։
[նկարներ 14–րդ էջի վրա]
Պատմությունը վկայում է Աստծուց անկախ լինելու վատ հետևանքների մասին։
[թույլտվությամբ]
WWI soldiers: U.S. National Archives photo; concentration camp: Oświęcim Museum; child: UN PHOTO 186156/J. Isaac