Գլուխ 2
Աստծո գիտությունը հայտնող գիրքը
1, 2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մենք Արարչի առաջնորդության կարիքն ունենք։
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ է մտածել, որ մեր սիրառատ Արարիչը խորհուրդներ և առաջնորդություն պարունակող գիրք կտրամադրեր մարդկությանը։ Երևի թե կհամաձայնվեք, որ մարդիկ, իսկապես, առաջնորդության կարիք ունեն։
2 Ահա թե ինչ է գրել մի պատմիչ և մարգարե ավելի քան 2 500 տարի առաջ. «Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, ....մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը» (Երեմիա 10։23, ԷԹ)։ Մեր օրերում ավելի քան երբևէ ակնհայտ է, թե որքան ճշմարիտ են այս խոսքերը։ Պատմաբան Ուիլյամ Մակնեյլը գրում է. «Երկրագնդի վրա մարդկության պատմությունը բնորոշվում է իրար հաջորդող ճգնաժամերով և հասարակական կարգի խախտումներով»։
3, 4. ա) Ինչպիսի՞ մոտեցում է հարկավոր ցուցաբերել Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ։ բ) Ինչի՞ց ենք սկսելու Աստվածաշնչի հետ մեր ծանոթությունը։
3 Մեզ համար անհրաժեշտ այդ առաջնորդությունը տրվում է Աստվածաշնչում։ Ճիշտ է, առաջին հայացքից շատերին թվում է, թե հնարավոր չէ այն ըմբռնել։ Գիրքը բավականին ծավալուն է, իսկ նրա որոշ հատվածներ այնքան էլ հեշտ չէ հասկանալ։ Բայց եթե ձեզ տային մի փաստաթուղթ, որում ասվեր, թե ինչ պետք է անեք մեծ ժառանգություն ստանալու համար, ժամանակ չէի՞ք տրամադրի այն ուշադրությամբ ուսումնասիրելու։ Եթե փաստաթղթի որոշ մասեր անհասկանալի լինեին, հավանաբար կդիմեիք այդպիսի հարցերում փորձառու որևէ անհատի օգնությանը։ Ինչո՞ւ նման մոտեցում չցուցաբերեք Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ (Գործք 17։11)։ Այդ գիրքը նյութական ժառանգությունից ավելի մեծ բան է առաջարկում։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, Աստծո գիտությունը կարող է առաջնորդել հավիտենական կյանքի։
4 Եկեք քննենք Աստծո գիտությունը հայտնող գիրքը։ Նախ համառոտակի կծանոթանանք գրքին։ Այնուհետև կտեսնենք, թե ինչու են բազում կրթված անհատներ մտածում, որ այն ներշնչված է Աստծո կողմից։
Աստվածաշնչի բովանդակությունը
5. ա) Ի՞նչ են պարունակում Եբրայերեն Գրությունները։ բ) Ինչի՞ մասին է խոսվում Հունարեն Գրություններում։
5 Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, որոնք բաժանվում են երկու մասի։ Հաճախ դրանք կոչվում են Հին և Նոր Կտակարաններ։ Աստվածաշնչի գրքերից 39–ը հիմնականում գրվել է եբրայերեն լեզվով, իսկ 27–ը՝ հունարենով։ Եբրայերեն Գրություններում («Ծննդոց» գրքից մինչև «Մաղաքիա») ներկայացված է արարչագործությունը, ինչպես նաև մարդկության առաջին 3 500 տարիների պատմությունը։ Աստվածաշնչի այս հատվածից կարող ենք իմանալ, թե ինչպես է վարվել Աստված Իսրայել ազգի հետ՝ սկսած մ.թ.ա. 16–րդ դարից՝ այդ ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանից, և վերջացրած մ.թ.ա. 5–րդ դարով։a Հունարեն Գրություններում («Մատթէոս» գրքից մինչև «Յայտնութիւն») հիմնականում պատմվում է Հիսուս Քրիստոսի ու նրա՝ առաջին դարի աշակերտների գործունեության և ուսուցումների մասին։
6. Ինչո՞ւ է հարկավոր Աստվածաշունչն ուսումնասիրել ամբողջությամբ։
6 Ոմանք պնդում են, թե Հին Կտակարանը հրեաների համար է, իսկ Նոր Կտակարանը՝ քրիստոնյաների։ Բ Տիմոթէոս 3։16–ում, սակայն, ասվում է, որ օգտակար են ‘Աստծո ներշնչումով գրված բոլոր գրքերը’ (ԱՆԹ)։ Ուստի՝ տեղին է Աստվածաշունչն ուսումնասիրել ամբողջությամբ։ Իրականում, Աստվածաշնչի այս երկու մասերը լրացնում են մեկը մյուսին, ներդաշնակորեն կապակցվում իրար՝ մեկ ընդհանուր թեմա զարգացնելով։
7. Ո՞րն է Աստվածաշնչի թեման։
7 Գուցե տարիներ շարունակ հաճախել եք եկեղեցի, լսել եք Աստվածաշնչի հանրային ընթերցանություն կամ էլ անձամբ որոշ հատվածներ եք կարդացել այդ գրքից։ Գիտեի՞ք արդյոք, որ «Ծննդոցից» մինչև «Յայտնութիւն» Աստվածաշունչը մեկ միտք է զարգացնում։ Այո՛, ողջ Աստվածաշնչով՝ սկզբից մինչև վերջ, անցնում է մեկ ընդհանուր թեմա։ Ո՞րն է այդ թեման։ Մարդկության վրա Աստծո իշխելու իրավունքի արդարացումը, ինչպես նաև Թագավորության միջոցով իր նպատակի կատարումը։ Ավելի ուշ կտեսնենք, թե ինչպես է Աստված իրականացնելու այդ նպատակը։
8. Համաձայն Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ անձնավորություն է Աստված։
8 Աստծո նպատակների մասին պատմելուց բացի՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպիսի անձնավորություն է Արարիչը։ Այդ գրքից, օրինակ, տեղեկանում ենք, որ Աստված զգացմունքներ ունի, և որ նրա համար միևնույն չէ, թե ինչ որոշում կկայացնենք (Սաղմոս 78։40, 41; Առակաց 27։11; Եզեկիէլ 33։11)։ Սաղմոս 103։8–14-ում ասվում է, որ Աստված ‘բարեգութ է և ողորմած, երկայնամիտ և բազմագութ’։ Նա գթասրտորեն է վարվում մեզ հետ՝ ‘հիշելով, որ հող ենք’ և մահից հետո հող ենք դառնալու (Ծննդոց 2։7; 3։19)։ Որքա՜ն հրաշալի հատկություններ ունի նա։ Մի՞թե չէիք ցանկանա երկրպագել հենց այսպիսի Աստծո։
9. Ինչպե՞ս են Աստվածաշնչում ներկայացվում Աստծո չափանիշները, և այդ մասին տեղեկանալը ի՞նչ օգուտ կարող է տալ մեզ։
9 Աստվածաշնչում պարզ ներկայացվում են Աստծո չափանիշները։ Երբեմն դրանք արտահայտվում են օրենքների ձևով։ Ավելի հաճախ, սակայն, արտացոլվում են սկզբունքների մեջ, որոնք կարելի է սովորել ակնառու օրինակներից։ Աստված նաև հոգ է տարել, որ մեր օգտի համար գրի առնվեին հին Իսրայելի պատմության որոշ իրադարձություններ։ Այդ ճշմարտացի պատմություններից պարզ է դառնում, թե ինչ արդյունքներ կարող է բերել Աստծո կամքին ներդաշնակ ապրելը, և ինչ տխուր հետևանքների կարող է հանգեցնել Աստծուց անկախ գործելու ուղին (Գ Թագաւորաց 5։4; 11։4–6; Բ Մնացորդաց 15։8–15)։ Կյանքից վերցված այս օրինակներն, անկասկած, կհասնեն մեր սրտին։ Եթե փորձենք խորհել նկարագրված իրադարձությունների շուրջ, մեզ կպատկերացնենք այնտեղ ներկայացված անձանց փոխարեն։ Եվ այսպես՝ մենք օգուտներ կքաղենք լավ օրինակներից և կխուսափենք այն ծուղակներից, որոնց մեջ ընկել են Աստծո դեմ մեղք գործած մարդիկ։ Այնուամենայնիվ, հարկավոր է պատասխանել մի շատ կարևոր հարցի. «Որտեղի՞ց գիտենք, որ Աստվածաշնչում գրվածը իսկապես ներշնչված է Աստծո կողմից»։
Արժե՞ վստահել Աստվածաշնչին
10. ա) Ի՞նչն է մղում ոմանց մտածելու, թե Աստվածաշունչը կորցրել է իր գործնական արժեքը։ բ) Ի՞նչ է ասվում Աստվածաշնչի մասին Բ Տիմոթէոս 3։16, 17–ում։
10 Թերևս նկատել եք, որ խորհուրդներ պարունակող շատ գրքեր ընդամենը մի քանի տարի անց կորցնում են իրենց գործնական արժեքը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի մասին։ Դա շատ հին գիրք է. գրեթե 2 000 տարի է անցել այն ժամանակվանից, ինչ գրվել են նրա վերջին խոսքերը։ Այդ պատճառով ոմանք կարծում են, թե Աստվածաշնչի խորհուրդները մեր օրերում կիրառելի չեն։ Բայց եթե այն իրոք գրվել է Աստծո ներշնչմամբ, ապա անկախ հնությունից՝ նրա խորհուրդները պետք է գործնական լինեն ցանկացած ժամանակաշրջանում։ Գրությունները միշտ էլ պետք է լինեն «օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
11-13. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեր օրերում Աստվածաշունչը գործնական արժեք ունի։
11 Եվ իրոք, ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ տեսնում ենք, որ նրա սկզբունքներն այսօր նույնքան կիրառելի են, որքան իրենց գրի առնվելու պահին։ Մարդու խառնվածքի վերաբերյալ Աստվածաշունչն այնպիսի տեղեկություններ է պարունակում, որոնք վերաբերում են բոլոր սերունդներին։ Դա հեշտությամբ կարելի է տեսնել Հիսուսի Լեռան քարոզից՝ արձանագրված Մատթէոս 5–7 գլուխներում։ Այդ քարոզից տպավորված՝ Հնդկաստանի առաջնորդ Մոհանդաս Գանդին մի բրիտանացի պաշտոնյայի ասել է. «Եթե իմ և ձեր երկրները փոխադարձ համաձայնության գան այն ուսուցումների հիման վրա, որ Լեռան քարոզում ներկայացրել է Հիսուսը, մենք կլուծենք ոչ միայն մեր երկրների պրոբլեմները, այլև ողջ աշխարհի»։
12 Այն, որ Հիսուսի ուսուցումները տպավորում են մարդկանց, զարմանալի չէ։ Լեռան քարոզում նա բացատրում է, թե ինչպես կարելի է հասնել իսկական երջանկության, հարթել վիճաբանությունները, սովորեցնում է աղոթել, ճիշտ վերաբերմունք ունենալ նյութականի հանդեպ և տալիս է Ոսկե կանոնը՝ ուրիշների հետ լավ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Հիսուսը նաև սովորեցնում է, թե ինչպես կարելի է տարբերել կրոնական կեղծիքը և ինչպես հիմք դնել լավ ապագայի համար։
13 Ոչ միայն Լեռան քարոզում, այլև իր մյուս էջերում Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, թե ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք, որպեսզի բարելավենք մեր կյանքը։ Նրա խորհուրդներն այնքան գործնական են, որ մի մանկավարժ ասել էր. «Թեև դպրոցում աշխատում եմ որպես խորհրդատու, ունեմ բակալավրի ու մագիստրոսի կոչումներ և մեծ քանակությամբ գրքեր եմ կարդացել հոգեբուժության ու հոգեբանության վերաբերյալ, սակայն եկել եմ այն եզրակացության, որ երջանիկ ընտանիք ունենալու, անչափահասների հանցագործությունը կանխելու, իսկական ընկերներ գտնելու ու նրանց չկորցնելու, ինչպես նաև նման այլ հարցերում Աստվածաշնչի խորհուրդներն անչափ գերազանցում են այն ամենին, ինչ կարդացել և ուսումնասիրել եմ համալսարանում»։ Այժմեական լինելուց բացի՝ Աստվածաշունչը նաև վստահելի է։
Ճշգրիտ և հուսալի
14. Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ գիտական տեսանկյունից Աստվածաշունչը ճշգրիտ է։
14 Թեև Աստվածաշունչը գիտական գիրք չէ, սակայն գիտական տեսանկյունից ճշգրիտ է։ Օրինակ՝ երբ մարդիկ հավատում էին, թե երկիրը տափակ է, Եսայիա մարգարեն նրա մասին խոսելիս օգտագործել էր «շրջան» բառը (եբրայերեն՝ խուգ, որն այս համատեքստում ունի «գունդ» իմաստը), (Եսայիա 40։22)։ Երկրի գնդաձևության գաղափարը լայն տարածում գտավ Եսայիայի օրերից հազարավոր տարիներ անց միայն։ Իսկ Յոբ 26։7–ում, որ գրվել է ավելի քան 3 000 տարի առաջ, ասվում է, որ Աստված «երկիրը կախում է ոչնչի վերայ»։ Այս կապակցությամբ մի աստվածաշնչագետ նշում է. «Թե որտեղից Հոբը գիտեր աստղագետների կողմից բացահայտված այն ճշմարտությունը, որ երկիրը, առանց որևէ հենման կետի, կախված է դատարկ տարածության մեջ, հարց է, որին հեշտությամբ չեն կարող պատասխանել նրանք, ովքեր հերքում են Սուրբ Գրությունների ներշնչված լինելը»։
15. Ինչպե՞ս է Աստվածաշնչի շարադրման ոճը ամրապնդում մեր վստահությունն այդ գրքի հանդեպ։
15 Աստվածաշնչի շարադրման ոճը նույնպես ամրացնում է մեր վստահությունը այդ հնագույն գրքի հանդեպ։ Ի տարբերություն առասպելների՝ դեպքեր նկարագրելիս Աստվածաշունչը կոնկրետ անուններ ու թվականներ է նշում (Գ Թագաւորաց 14։25; Եսայիա 36։1; Ղուկաս 3։1, 2)։ Ու եթե հին աշխարհի պատմիչները գրեթե միշտ չափազանցրել են իրենց ղեկավարների հաղթանակները և թաքցրել նրանց պարտություններն ու սխալները, Աստվածաշունչը գրի առնողները եղել են անկեղծ և ազնվորեն գրել են նույնիսկ իրենց գործած լուրջ մեղքերի մասին (Թուոց 20։7–13; Բ Թագաւորաց 12։7–14; 24։10)։
Մարգարեական գիրք
16. Ո՞րն է ամենամեծ ապացույցն այն բանի, որ Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչմամբ։
16 Մարգարեությունների կատարումը համոզիչ ապացույցն է այն բանի, որ Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչմամբ։ Գրություններում կան բազում մարգարեություններ, որոնք իրականացել են ամենայն մանրամասնություններով։ Ակնհայտ է, որ մարդն իր ուժերով նման բան չէր կարող անել։ Ի՞նչ է, ուրեմն, կանգնած դրանց ետևում։ Աստվածաշունչն ասում է, որ «երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը [Աստծո գործուն ուժով] շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը» (Բ Պետրոս 1։21)։ Քննենք մի քանի օրինակ։
17. Ո՞ր մարգարեություններում է կանխագուշակվել Բաբելոնի անկումը, և ինչպե՞ս են դրանք իրականացել։
17 Բաբելոնի անկումը։ Եսայիա ու Երեմիա մարգարեները կանխագուշակել էին Բաբելոնի կործանումը, որ տեղի էր ունենալու մարերի ու պարսիկների ձեռքով։ Ուշագրավ է, որ Եսայիայի մարգարեության մեջ այս մասին գրվել էր այդ իրադարձությունից 200 տարի առաջ։ Պատմականորեն հաստատված են մարգարեություններում նշված հետևյալ մանրամասները. Եփրատի չորացումը՝ գետի ջրերը արհեստական ջրավազան ուղղելու միջոցով (Եսայիա 44։27; Երեմիա 50։38), Բաբելոնի դարպասները անուշադրության մատնելը (Եսայիա 45։1) և քաղաքի նվաճումը Կյուրոս անունով տիրակալի կողմից (Եսայիա 44։28)։
18. Ինչպե՞ս իրականացավ ‘Հունաց թագավորի’ վերելքի ու անկման մասին մարգարեությունը։
18 ‘Հունաց թագավորի’ վերելքն ու անկումը։ Դանիել մարգարեի տեսիլքի համաձայն՝ մի քոշ (վայրի այծ) հարվածում է մի խոյի և կոտրում նրա երկու եղջյուրները։ Այնուհետև կոտրվում է քոշի մեծ եղջյուրը, և դրա փոխարեն դուրս են գալիս չորս ուրիշ եղջյուրներ (Դանիէլ 8։1–8)։ Այս կապակցությամբ Դանիելին տրվում է հետևյալ բացատրությունը. «Այն երկու եղջիւրաւոր խոյը, որ տեսար, Մարաց եւ Պարսից թագաւորներն է։ Եւ այն այծերի քօշը Յունաց թագաւորն է. եւ այն մեծ եղջիւրը նորա աչքերի մէջ տեղը՝ առաջին թագաւորն է։ Եւ այն կոտրուածը որի տեղը չորսը դուրս եկաւ, չորս թագաւորութիւններ են դուրս գալու ազգիցը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը» (Դանիէլ 8։20–22)։ Մարգարեությանը համապատասխան՝ երկու դար անց ‘Հունաց թագավորը’՝ Ալեքսանդր Մակեդոնացին, տապալեց «երկեղջյուրավոր» Մարա–Պարսկական կայսրությունը։ Մ.թ.ա. 323 թ.–ին Ալեքսանդրը մահացավ, իսկ նրա տեղը ի վերջո զբաղեցրին նրա զորավարներից չորսը։ Այդ զորավարներից և ոչ մեկը չհասավ այնպիսի հզորության, ինչպիսին որ ունեցել էր Մակեդոնացին։
19. Հիսուս Քրիստոսի հետ կապված՝ ի՞նչ մարգարեություններ են իրականացել։
19 Հիսուս Քրիստոսի կյանքը։ Եբրայերեն Գրություններում կան բազում մարգարեություններ, որ իրականացել են Հիսուսի ծննդյան, ծառայության, մահվան և հարության ժամանակ։ Օրինակ՝ Միքիա մարգարեն դեպքերից ավելի քան 700 տարի առաջ կանխագուշակել էր, որ Մեսիան՝ Քրիստոսը, պետք է ծնվեր Բեթլեհեմում (Միքիա 5։2; Ղուկաս 2։4–7)։ Միքիայի ժամանակակից Եսայիան մարգարեացել էր այն մասին, որ Մեսիային հարվածելու են ու թքելու են նրա վրա (Եսայիա 50։6; Մատթէոս 26։67)։ Զաքարիա մարգարեն դեպքերից 500 տարի առաջ կանխագուշակել էր, որ Մեսիային մատնելու էին 30 կտոր արծաթով (Զաքարիա 11։12; Մատթէոս 26։15)։ Դավիթ թագավորը դեպքերի իրականացումից ավելի քան հազար տարի առաջ կանխագուշակել էր տարբեր մանրամասներ՝ կապված Հիսուսի մահվան հետ (Սաղմոս 22։7, 8, 18; Մատթէոս 27։35, 39–43)։ Իսկ Դանիելը մարգարեացել էր այն մասին, թե երբ էր Մեսիան հայտնվելու, որքան էր տևելու նրա ծառայությունը, ու երբ էր նա մահանալու. և դա՝ այդ իրադարձությունների կատարումից մոտ հինգ հարյուրամյակ առաջ (Դանիէլ 9։24–27)։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն մարգարեություններից, որ իրականացել են Հիսուս Քրիստոսի վրա։ Հետագայում, նրա մասին ձեր գիտելիքներն ընդլայնելով, օգուտներ կքաղեք։
20. Ինչպիսի՞ վստահություն մեզ պետք է ներշնչի աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը։
20 Իրենց կատարումն են ունեցել նաև աստվածաշնչյան շատ ուրիշ մարգարեություններ։ «Բայց ի՞նչ առնչություն ունի այս ամենն ինձ հետ»,— գուցե հարցնեք դուք։ Փորձենք հասկանալ դա հետևյալ օրինակով. եթե մեկը երկար տարիների ընթացքում միշտ ճշմարտությունն է ասել ձեզ, կկասկածեի՞ք արդյոք նրա խոսքերին, երբ որևէ նոր բան լսեիք նրանից։ Հավանաբար ո՛չ։ Նմանապես՝ Աստվածաշնչի միջոցով Աստված միշտ ճշմարտությունն է ներկայացրել։ Մի՞թե դա չի ամրապնդում մեր վստահությունը աստվածաշնչյան խոստումների հանդեպ, օրինակ, այն մասին, որ շուտով երկիրը վերածվելու է դրախտի։ Մենք կարող ենք նույն համոզվածությունն ունենալ, ինչ որ Հիսուսի՝ առաջին դարի աշակերտներից մեկը՝ Պողոս առաքյալը, որն Աստծուն անվանել է «անսուտ» (Տիտոս 1։2)։ Ավելին՝ կարդալով Աստվածաշունչը և կիրառելով նրա խորհուրդները՝ ձեռք կբերենք այնպիսի իմաստություն, որին մարդ ինքնուրույն չի կարող հասնել, քանզի Աստվածաշնչում ներկայացվում է Աստծո գիտությունը, որը առաջնորդում է հավիտենական կյանքի։
Աստծո գիտությանը «փափագո՛ղ եղեք»
21. Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել, եթե ձեզ թվա, թե Աստվածաշնչից սովորած որոշ բաներ չափազանց դժվար է կիրառել։
21 Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ հավանաբար կնկատեք, որ այն, ինչ սովորում եք, երբեմն տարբերվում է ձեր իմացածից։ Գուցե նույնիսկ հայտնաբերեք, որ ձեզ համար թանկ որոշ կրոնական սովորույթներ հաճելի չեն Աստծուն։ Դուք կտեսնեք նաև, որ չարի և բարու վերաբերյալ Աստծո չափանիշներն ավելի բարձր են, քան այն, ինչ ընդունված է ամեն բան թույլատրող այս աշխարհում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման ձևով ապրելը չափազանց դժվար կլինի։ Սակայն մի՛ շտապեք եզրակացություններ անել։ Ուշադրությամբ քննեք Գրությունները՝ Աստծո գիտությունը ձեռք բերելու նպատակով, և անհրաժեշտության դեպքում պատրաստ եղեք փոփոխություններ մտցնելու ձեր մտածելակերպի ու վարքի մեջ։
22. Ինչո՞ւ եք ուսումնասիրում Աստվածաշունչը, և ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին հասկանալ դա։
22 Բացի այդ, ձեր ընկերներն ու հարազատները, լավագույն մտադրություններից ելնելով, թերևս փորձեն խանգարել ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Բայց Հիսուսն ասել է. «Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է» (Մատթէոս 10։32, 33)։ Նրանք գուցե անհանգստանան, թե կարող եք ընկնել ինչ–որ աղանդի մեջ կամ դառնալ մոլեռանդ հավատացյալ։ Իրականում, սակայն, դուք պարզապես ձգտում եք ճշգրիտ գիտություն ձեռք բերել Աստծո, ինչպես նաև նրա հայտնած ճշմարտության մասին (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Որպեսզի ուրիշները ևս հասկանան դա, հարկավոր է լինել խոհեմ և ձեր սովորած բաների մասին խոսելիս չվիճել (Փիլիպպեցիս 4։5)։ Հիշեք՝ շատերը ‘առանց խոսքի կշահվեն’, եթե տեսնեն, որ աստվածաշնչյան գիտությունը իսկապես կարող է օգտակար լինել մարդու համար (Ա Պետրոս 3։1, 2)։
23. Ինչպես կարող ենք ‘փափագող լինել’ Աստծո գիտությանը։
23 Աստվածաշունչը քաջալերում է. «Որպես.... նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսքի անխարդախ կաթին» (Ա Պետրոս 2։2, ԱՆԹ)։ Նորածին մանկիկի կյանքը կախված է մոր կողմից տրվող սննդից, ու նա չի հանգստանա, մինչև որ չստանա այն։ Նմանապես՝ մեր կյանքը կախված է Աստծո կողմից տրվող գիտությունից։ Ուստի «փափագո՛ղ եղեք» նրա Խոսքին՝ ձեր ուսումնասիրությունը շարունակելով։ Նպատակ դրեք ամեն օր կարդալ Աստվածաշունչը (Սաղմոս 1։1–3)։ Դա ձեզ մեծ օրհնություններ կբերի։ Աստծո օրենքների վերաբերյալ Սաղմոս 19։11–ում (ԱԱ) ասվում է. «Զանոնք պահելուն վարձքը շատ է»։
[Ծանոթագրություններ]
a «Մ.թ.ա.» հապավումը նշանակում է՝ մեր թվարկությունից առաջ։ Գրառման այս ձևն ավելի ճիշտ է, քան «Քրիստոսից առաջ» կամ «Քրիստոսից հետո» ձևերը։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ինչո՞վ է Աստվածաշունչը տարբերվում մյուս գրքերից։
• Ինչո՞ւ կարելի է վստահել Աստվածաշնչին։
• Ի՞նչն է ձեզ համոզում, որ Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչմամբ։
[14–րդ էջի վրայի շրջանակը]
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
Դա այնքան էլ դժվար չէ։ Որպեսզի կարողանաք ծանոթանալ Աստվածաշնչի գրքերի հերթականությանը, օգտվեք ցանկից։
Հեշտության համար Աստվածաշնչի գրքերը բաժանված են գլուխների և համարների (խոսքերի)։ Գրքի բաժանումը գլուխների տեղի է ունեցել 13–րդ դարում։ Ակներևաբար, 16–րդ դարում ֆրանսիացի մի տպագրող Հունարեն Գրությունները բաժանել է համարների՝ տալով նրանց այն տեսքը, որը պահպանվել է առ այսօր։ Ամբողջությամբ գլուխների ու համարների բաժանված՝ Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1553 թ.–ին ֆրանսերեն լեզվով։
Այս գրքի մեջբերումների առաջին թիվը ցույց է տալիս աստվածաշնչյան տվյալ գրքի գլուխը, իսկ երկրորդը՝ այդ գլխի համարը։ Այսպես օրինակ՝ Առակաց 2։5–ը նշանակում է, որ միտքը գրված է «Առակաց» գրքի 2–րդ գլխի 5–րդ խոսքում։ Եթե փորձեք բացել և կարդալ այստեղ մեջբերված համարները, կարճ ժամանակ անց կնկատեք, որ դրանք հեշտությամբ եք գտնում ձեր Աստվածաշնչում։
Աստվածաշնչից օգտվել սովորելու լավագույն ձևը այն ամեն օր կարդալն է։ Սկզբում դա կարող է դժվար թվալ։ Բայց եթե ամեն օր կարդաք 3–5 գլուխ՝ կախված երկարությունից, գրքի ընթերցանությունը կավարտեք մեկ տարում։ Ինչո՞ւ չսկսել հենց այսօր։
[19–րդ էջի վրայի շրջանակը]
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ՝ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԳԻՐՔ
• Աստվածաշունչը գրվել է «Աստծու ներշնչումով» (Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ)։ Թեև գիրքը գրի առնողները եղել են մարդիկ, նրանց ուղղություն է տվել Աստված։ Այնպես որ՝ Աստվածաշունչը իրոք «Աստուծոյ խօսք[ն]» է (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
• Աստվածաշունչը գրի է առնվել ավելի քան 16 դարերի ընթացքում՝ տարբեր ծագում ունեցող մոտ 40 անձանց կողմից։ Չնայած դրան՝ գիրքը սկզբից մինչև վերջ շատ ներդաշնակ է։
• Ոչ մի գիրք այնքան վեճեր ու կռիվներ չի հարուցել, որքան Աստվածաշունչը։ Միջնադարում մարդկանց այրել են լոկ այդ գրքի մեկ օրինակն ունենալու համար։
• Աստվածաշունչը ամենաշատ վաճառվող գիրքն է աշխարհում։ Մասամբ թե ամբողջովին՝ այն թարգմանվել է ավելի քան 2 000 լեզուներով։ Այս գիրքը տպագրվել է միլիարդավոր օրինակներով։ Աշխարհում հազիվ թե գտնվի որևէ վայր, որտեղ չլինի Աստվածաշնչի գեթ մեկ օրինակ։
• Աստվածաշնչի հնագույն հատվածները թվագրվում են մ.թ.ա. 16–րդ դարով։ Այսինքն՝ դրանք ավելի հին են, քան հնդուականության «Ռիգվեդան» (մ.թ.ա. մոտ 1300 թ.), բուդդայականության «Երեք զամբյուղների կանոնը» (մ.թ.ա. V դար), մահմեդականության «Ղուրանը» (մ.թ. VII դար), ինչպես նաև սինտոյականության «Նիխոն սյոկին» (մ.թ. 720 թ.)։
[նկար ամբողջ 20–րդ էջի վրա]