Արթուն մնա, ինչպես Երեմիան
«Ես [Եհովաս] արթուն եմ մնում, որ իմ խոսքը կատարեմ» (ԵՐԵՄ. 1։12)։
1, 2. Ինչո՞ւ է Եհովայի «արթուն մնալը» համեմատվում նշենու հետ։
ՆՇԵՆԻՆ ամենաառաջին ծառերից է, որ ծաղկում է Լիբանանի և Իսրայելի բլուրներին։ Նրա բաց վարդագույն և սպիտակ ծաղիկները սկսում են երևալ շատ վաղ՝ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Այս ծառի եբրայերեն անունը բառացի նշանակում է «արթնացող»։
2 Երեմիային մարգարե նշանակելիս Եհովան նշենին որպես օրինակ օգտագործեց ընդգծելու համար մի կարևոր հանգամանք։ Երեմիան տեսիլքում նշենու մի ճյուղ տեսավ։ Ի՞նչ էր դա նշանակում։ Եհովան ասաց. «Ես արթուն եմ մնում, որ իմ խոսքը կատարեմ» (Երեմ. 1։11, 12)։ Ինչպես որ նշենին է շատ վաղ «արթնանում», այնպես էլ Եհովան էր փոխաբերական իմաստով «կանուխ վեր կենում» և իր մարգարեներին ուղարկում՝ իր ժողովրդին զգուշացնելու, թե ինչ հետևանքներ կունենա նրանց անհնազանդությունը (Երեմ. 7։25)։ Այո՛, Եհովան չէր հանգստանալու, նա «արթուն էր մնալու», որպեսզի կատարեր իր մարգարեական խոսքը։ Վերջապես մ.թ.ա. 607-ին՝ ճիշտ նշանակված ժամանակին, նա իր դատաստանը բերեց Հուդայի հավատուրաց ժողովրդի վրա։
3. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
3 Նմանապես այսօր, Եհովան արթուն է և ուշադիր իր կամքը իրականացնելու համար։ Անհնար է, որ նա անփութորեն վերաբերվի իր խոսքն իրականացնելուն։ Ինչպե՞ս է այս հանգամանքը ազդում քեզ վրա։ Հավատո՞ւմ ես, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Եհովան «արթուն է» իր խոստումները կատարելու համար։ Եթե ինչ-ինչ կասկածներ ունենք Եհովայի խոստումների վերաբերյալ, հիմա ժամանակն է արթնանալու և չընկնելու հոգևոր նիրհի մեջ (Հռոմ. 13։11)։ Երեմիա մարգարեն պահպանեց իր արթնությունը։ Տեսնենք, թե ինչու նա այդպես վարվեց և ինչպես դա նրան հաջողվեց։ Դա մեզ կօգնի հաստատակամորեն շարունակելու կատարել Աստծուց ստացած մեր ծառայությունը։
Հրատապ լուր
4. Ինչո՞ւ էր Երեմիայի համար դժվար հայտնել Եհովայի դատաստանները, և ինչո՞ւ էր դա հրատապ։
4 Երեմիան հավանաբար 25 տարեկան էր, երբ Եհովան նշանակեց նրան իբրև դետ (Երեմ. 1։1, 2)։ Բայց նա իրեն փոքր էր համարում՝ խոսելու ժողովրդի երեցների հետ, որոնք հասուն մարդիկ էին և հեղինակություն ու դիրք ունեին հասարակության մեջ (Երեմ. 1։6)։ Նա խիստ մեղադրանքներ և ահազդու դատաստաններ պետք է հրապարակեր, որոնք ուղղված էին հատկապես քահանաներին, կեղծ մարգարեներին և իշխանավորներին, ինչպես նաև նրանց, ովքեր հետևում էին ընդունված «ընթացքին» և «համառում էին անհավատարմության մեջ» (Երեմ. 6։13; 8։5, 6)։ Սողոմոն թագավորի կառուցած փառահեղ տաճարը, որը մաքուր երկրպագության կենտրոնն էր գրեթե չորս հարյուրամյակ, պետք է ավերվեր։ Երուսաղեմն ու Հուդան պետք է ամայանային, իսկ նրանց բնակիչները՝ գերի տարվեին։ Հստակ է, որ այն լուրը, որ Երեմիան պետք է հայտներ մարդկանց, հրատապ էր։
5, 6. ա) Ինչպե՞ս է Եհովան օգտագործում Երեմիա դասակարգին այսօր։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
5 Մեր ժամանակներում Եհովան մի խումբ օծյալ քրիստոնյաների նշանակել է որպես դետ, որպեսզի մարդկանց հայտնեն, թե Աստված ինչ դատաստան է բերելու այս աշխարհի վրա։ Տասնամյակներ շարունակ այս Երեմիա դասակարգը անդադար զգուշացնում է մարդկանց ուշադրություն դարձնել, թե ինչ ժամանակներում ենք ապրում (Երեմ. 6։17)։ Աստվածաշնչում ընդգծվում է այն միտքը, որ Եհովան չի դանդաղում. նա ճիշտ իր նշանակած ժամանակին գործի կանցնի։ Նրա օրը կգա այն ժամին, երբ մարդիկ չեն սպասում (Սոփ. 3։8; Մարկ. 13։33; 2 Պետ. 3։9, 10)։
6 Միշտ հիշիր, որ Եհովան արթուն է և իր արդար նոր աշխարհը ճիշտ ժամանակին կհաստատի։ Այս բանի գիտակցումը պետք է մղի Երեմիա դասակարգին և Եհովային նվիրված նրանց ընկերակիցներին արթուն մնալու և հրատապության ոգով հռչակելու իրենց տրված պատգամը։ Ի՞նչ է սա նշանակում քեզ համար։ Հիսուսը ցույց տվեց, որ մարդիկ պետք է որոշում կայացնեն՝ ծառայել Աստծուն, թե ոչ։ Եկեք տեսնենք, թե որ երեք հատկությունները օգնեցին, որ Երեմիան արթուն մնա՝ կատարելու իր հանձնարարությունը։ Դրանք կօգնեն նաև մեզ։
Սեր մարդկանց հանդեպ
7. Ինչպե՞ս էր սերը մղում Երեմիային քարոզելու՝ չնայած դժվարություններին։
7 Ի՞նչն էր ուժ տալիս Երեմիային քարոզելու՝ չնայած խանգարող հանգամանքներին։ Նա սիրում էր մարդկանց։ Երեմիան գիտեր, որ մարդկանց կրած տառապանքի պատճառը մեծ մասամբ վատ առաջնորդներն էին (Երեմ. 23։1, 2)։ Այս փաստն օգնում էր նրան իր գործը կատարելու սիրով ու կարեկցանքով։ Նա ուզում էր, որ իր հայրենակիցները լսեին Աստծու խոսքն ու ապրեին։ Նա այնքան շատ էր մտահոգվում մարդկանց կյանքի մասին, որ նույնիսկ ողբաց այն արհավիրքի համար, որ գալու էր նրանց վրա (կարդա՛ Երեմիա 8։21; 9։1)։ «Ողբ» գրքի խոսքերը հստակ ցույց են տալիս, թե որքան մեծ էր Երեմիայի սերը Եհովայի անվան ու նրա ժողովրդի հանդեպ և որքան մտահոգ էր նա (Ողբ 4։6, 9)։ Երբ այսօր տեսնում ես մարդկանց՝ «կեղեքված և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն», մի՞թե չես ցանկանում մխիթարել նրանց՝ Աստծու Թագավորության բարի լուրը հայտնելով (Մատթ. 9։36)։
8. Ինչի՞ց է երևում, որ հալածանքը չէր դառնացրել Երեմիային։
8 Երեմիային հալածում էին հենց այն մարդիկ, ում նա ուզում էր օգնել։ Այդուհանդերձ մարգարեն չէր դառնանում և նույն կերպ չէր վերաբերվում նրանց։ Նա համբերատար և բարի էր բոլորի, նույնիսկ չար թագավոր Սեդեկիայի հանդեպ։ Երբ Սեդեկիան Երեմիային հանձնեց այն մարդկանց ձեռքը, որոնք ուզում էին սպանել նրան, մարգարեն շարունակեց խնդրել թագավորին, որ հնազանդվի Եհովայի ձայնին (Երեմ. 38։4, 5, 19, 20)։ Իսկ դու սիրո՞ւմ ես մարդկանց այնքան, որքան Երեմիան։
Համարձակություն, որ տալիս է Եհովան
9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Երեմիայի քաջության աղբյուրը Եհովան էր։
9 Երբ առաջին անգամ Եհովան խոսեց Երեմիայի հետ, նա փորձեց պատրվակներ փնտրել Աստծու հանձնարարությունները կատարելու պատասխանատվությունից հրաժարվելու համար։ Ուստի պարզ է դառնում, որ նա չուներ այն քաջությունն ու համարձակությունը, որ դրսևորեց հետագայում։ Այդ արտասովոր խիզախությունը գալիս է այն բանից, որ նա իր ծառայության ողջ ընթացքում լիովին ապավինում էր Աստծուն։ Եհովան մարգարեի հետ էր «ինչպես ուժեղ և ահարկու մի ռազմիկ»։ Նա աջակցում էր Երեմիային և զորացնում, որպեսզի կարողանա կատարել իր հանձնարարությունը (Երեմ. 20։11)։ Երեմիայի քաջությունն ու համարձակությունը մարդկանց այնքան էր տպավորել, որ նույնիսկ դարեր անց Հիսուսին տեսնողները մտածում էին, թե նա Երեմիան է՝ հարություն առած (Մատթ. 16։13, 14)։
10. Ի՞նչ իմաստով է օծյալ մնացորդը նշանակված «ազգերի և թագավորությունների վրա»։
10 Լինելով «ազգերի Թագավոր»՝ Եհովան հանձնարարեց Երեմիային իր դատաստանները հայտնել ազգերին ու թագավորություններին (Երեմ. 10։6, 7)։ Իսկ օծյալ մնացորդը ի՞նչ իմաստով է նշանակված «ազգերի և թագավորությունների վրա» (Երեմ. 1։10)։ Ինչպես որ հնում Երեմիա մարգարեն, այնպես էլ հիմա Երեմիա դասակարգը իր նշանակումը Տիեզերքի Գերիշխանից է ստացել։ Աստծու օծյալ ծառաները լիազորված են աշխարհով մեկ հայտարարելու ազգերի և թագավորությունների դեմ Աստծու դատաստանները։ Բարձրյալ Աստծու լիազորությամբ Երեմիա դասակարգը Աստվածաշնչի պարզ լեզվով հայտարարում է, որ ներկայիս ազգերն ու թագավորությունները Աստծու նշանակած ժամանակին պետք է «արմատախիլ» լինեն և «կործանվեն» այնպես, ինչպես Նա է որոշել (Երեմ. 18։7–10; Հայտն. 11։18)։ Երեմիա դասակարգը վճռականությամբ է լցված կատարելու համար Աստծուց ստացած այս հանձնարարությունը, այն է՝ աշխարհով մեկ հայտարարել Եհովայի դատաստանները։
11. Ի՞նչը կօգնի մեզ, որ չնայած դժվարություններին՝ վճռականությամբ լի քարոզենք։
11 Բնական է, որ հակառակության, անտարբերության և դժվարությունների հանդիպելիս մարդ վհատվում է (2 Կորնթ. 1։8)։ Բայց Երեմիայի պես՝ թող որ բոլորս շարունակենք կատարել մեր ծառայությունը և չվհատվենք։ Թող մեզնից յուրաքանչյուրը շարունակի Աստծուց օգնություն աղերսել, նրան ապավինել և այդպիսով «համարձակությամբ լցվել» (1 Թեսաղ. 2։2)։ Լինելով Աստծու ճշմարիտ երկրպագուներ՝ մենք պետք է արթուն մնանք՝ կատարելու մեր պարտականությունները։ Մենք պետք է վճռականությամբ լի շարունակենք քարոզել քրիստոնյա աշխարհի կործանման մասին, ինչի նախաշուքն էր անհավատարիմ Երուսաղեմի կործանումը։ Երեմիա դասակարգը պետք է հռչակի ոչ միայն «Եհովայի բարեհաճության տարին», այլև «մեր Աստծու վրեժխնդրության օրը» (Ես. 61։1, 2; 2 Կորնթ. 6։2)։
Սրտի ուրախություն
12. Ինչի՞ց է երևում, որ Երեմիան պահպանում էր իր ուրախությունը, և ի՞նչն էր նրան օգնում։
12 Երեմիան ուրախություն էր ստանում իր ծառայությունից։ Նա ասաց Եհովային. «Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք։ Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա» (Երեմ. 15։16)։ Երեմիայի համար մեծ պատիվ էր ներկայացնել ճշմարիտ Աստծուն և նրա խոսքը քարոզել։ Սակայն հետաքրքիր է, որ երբ Երեմիան կենտրոնանում էր մարդկանց ծաղրուծանակի վրա, կորցնում էր ուրախությունը։ Իսկ երբ կենտրոնանում էր այն բանի վրա, թե որքան կարևոր լուր է հայտնում մարդկանց, նրա սիրտը դարձյալ ուրախությամբ էր լցվում (Երեմ. 20։8, 9)։
13. Ինչո՞ւ է հոգևոր խորը ճշմարտություններով «սնվելը» անհրաժեշտ մեր ուրախությունը պահպանելու համար։
13 Քարոզչական գործում ուրախությունը պահպանելու համար մենք պետք է սնվենք «պինդ կերակուրով»՝ Աստծու Խոսքի խորը ճշմարտություններով (Եբր. 5։14)։ Խորը ուսումնասիրությունը ամրացնում է հավատը (Կող. 2։6, 7)։ Դրա շնորհիվ կարողանում ենք ըմբռնել, թե ինչպես են մեր արարքները ազդում Եհովայի վրա։ Եթե մեզ համար դժվար է ժամանակ հատկացնել Աստվածաշունչը կարդալուն և ուսումնասիրելուն, ուրեմն պետք է վերանայենք մեր գրաֆիկը։ Ամեն օր թեկուզ մի քանի րոպե ուսումնասիրելն ու խորհրդածելը մեզ ավելի կմոտեցնի Եհովային, և Երեմիայի պես՝ մենք էլ ուրախությամբ ու ցնծությամբ կլցվենք։
14, 15. ա) Ի՞նչ արդյունք ունեցավ Երեմիայի հավատարիմ ծառայությունը։ բ) Ի՞նչ է քարոզչական գործը Աստծու ծառաների համար։
14 Երեմիան ոչ միայն պետք է Եհովայի նախազգուշացումներն ու դատաստանները հայտներ, այլ պետք է նաև «կառուցեր ու տնկեր» (Երեմ. 1։10)։ Նրա աշխատանքը անարդյունք չմնաց։ Որոշ հրեաներ, ինչպես նաև այլազգի մարդիկ փրկվեցին, երբ 607 թ.-ին Երուսաղեմը կործանվեց։ Փրկվողների մեջ էին, օրինակ, Բարուքը, Ռեքաբյաններն ու Աբդիմելեքը (Երեմ. 35։19; 39։15–18; 43։5–7)։ Այսօր էլ Երեմիա դասակարգին ընկերակցող անհատները, ովքեր երկրային կյանքի հույս ունեն, նման են Երեմիայի այդ հավատարիմ և աստվածավախ ընկերներին։ Երեմիա դասակարգը մեծ բավականություն է ստանում՝ «կառուցելով», այսինքն՝ կերտելով այս «մեծ բազմության» հավատը (Հայտն. 7։9)։ Նմանապես, օծյալների հավատարիմ ընկերակիցները մեծ ուրախություն են ստանում՝ օգնելով ազնվասիրտ մարդկանց իմանալու ճշմարտությունը։
15 Աստծու ծառաները գիտակցում են, որ բարի լուրի քարոզչության գործը ոչ միայն մարդկանց մատուցվող հանրային ծառայություն է, այլև Աստծուն մատուցվող երկրպագություն։ Անկախ այն բանից՝ մարդիկ մեզ լսում են, թե ոչ, քարոզչական գործը կատարելով Եհովային սուրբ ծառայություն մատուցելը մեզ մեծ ուրախություն է պատճառում (Սաղ. 71։23; կարդա՛ Հռոմեացիներ 1։9)։
Արթուն մնա՝ կատարելու քո հանձնարարությունը
16, 17. Ինչպե՞ս են Հայտնություն 17։10 և Ամբակում 2։3 խոսքերն ընդգծում մեր ժամանակների լրջությունը։
16 Մեր ժամանակների լրջությունը ընդգծվում է Հայտնություն 17։10-ում արձանագրված մարգարեության մեջ։ Այստեղ նկարագրված յոթերորդ թագավորը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, արդեն գոյություն ունի։ Համարում կարդում ենք. «Երբ [յոթերորդ աշխարհակալ ուժը] գա, կարճ ժամանակ պիտի մնա»։ Այդ «կարճ ժամանակը» մոտենում է իր ավարտին։ Ամբակում մարգարեն այս չար համակարգի վախճանի վերաբերյալ վստահեցնում է մեզ. «Տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին.... Սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա» (Ամբ. 2։3)։
17 Հարցրու ինքդ քեզ. «Իմ ապրելակերպը ցույց տալի՞ս է, որ գիտակցում եմ մեր ժամանակների լրջությունը և համոզված եմ, որ վերջը մոտ է։ Թե՞ իմ որոշումներից ու նախասիրություններից երևում է, որ չեմ կարծում, որ վերջը շուտով կգա կամ երբևէ կլինի»։
18, 19. Ինչո՞ւ ընթացքը թուլացնելու ժամանակը չէ։
18 Դետ դասակարգի գործը դեռևս ավարտված չէ (կարդա՛ Երեմիա 1։17–19)։ Որքա՜ն ուրախ ենք, որ օծյալ մնացորդը հաստատ կանգնած է, ինչպես «երկաթե սյուն» և «բերդաքաղաք»։ Նրանք իրենց «մեջքը ճշմարտությամբ են գոտևորել», այսինքն՝ թույլ են տալիս, որ Աստծու Խոսքը զորացնի իրենց, քանի դեռ իրենց հանձնարարված գործը ավարտված չէ (Եփես. 6։14)։ Նման վճռականությամբ մեծ բազմության անդամները ակտիվորեն աջակցում են Երեմիա դասակարգին՝ իրականացնելու իրենց դերը։
19 Թագավորության գործում դանդաղելու ժամանակը չէ։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրված Երեմիա 12։5-ում (կարդա՛)։ Բոլորս էլ դժվարություններ ունենք, որոնց պետք է դիմանանք։ Հավատի այդ փորձությունները կարելի է համեմատել «հետևակների» հետ, որոնց հետ պետք է վազենք։ Այդուհանդերձ, «մեծ նեղության» մոտենալուն զուգընթաց մեր դժվարությունները շատանալու են (Մատթ. 24։21)։ Սպասվող դժվարությունների հետ պայքարը կարելի է նմանեցնել «ձիերի հետ մրցելուն»։ Մեծ տոկունություն և ուժ է անհրաժեշտ մարդուն, որպեսզի փորձի ձիերին հավասար վազել։ Ուստի կարելի է ասել, որ ներկայիս փորձությունները օգտակար են մեզ համար, քանի որ դրանք պատրաստում են մեզ դիմանալու գալիք փորձություններին։
20. Ի՞նչ ես վճռել անել։
20 Մենք բոլորս կարող ենք ընդօրինակել Երեմիային և հաջողությամբ իրականացնել քարոզելու մեր հանձնարարությունը։ Այնպիսի հատկությունները, ինչպիսիք են սերը, քաջությունը և ուրախությունը, մղեցին Երեմիային 67 տարի շարունակ հավատարմորեն ծառայելու Աստծուն։ Նշենու գեղեցիկ ծաղիկները հիշեցնում են մեզ, որ Եհովան արթուն է և կկատարի իր խոսքը։ Մենք նույնպես լուրջ պատճառ ունենք արթուն մնալու։ Երեմիան արթուն մնաց։ Մենք էլ կարող ենք։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս սերը օգնեց Երեմիային «արթուն մնալու» և կատարելու իր հանձնարարությունը։
• Ինչո՞ւ քաջ լինելու համար Աստծու օգնության կարիքն ունենք։
• Ի՞նչը օգնեց Երեմիային պահպանելու իր ուրախությունը։
• Ինչո՞ւ ես ցանկանում «արթուն մնալ»։
[նկարներ 31-րդ էջի վրա]
Կշարունակե՞ս քարոզել՝ չնայած հակառակությանը