Մարդիկ՝ «ամեն լեզուներից», լսում են բարի լուրը
«Ազգերի ամեն լեզուներից տասը մարդ [կասեն]. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (ԶԱՔԱՐԻԱ 8։23)։
1. Ինչպե՞ս Եհովան լավագույն սկիզբ ապահովեց տարբեր ազգերի ու լեզուների մարդկանց քարոզչության համար։
ԱՎԵԼԻ լավ ժամանակ և վայր չէր կարող լինել։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրն էր։ Մի քանի շաբաթ առաջ հրեաներն ու պրոզելիտները, որոնք եկել էին լայնարձակ Հռոմեական կայսրության, ինչպես նաև ուրիշ երկրների առնվազն 15 շրջաններից, խմբվել էին Երուսաղեմում՝ նշելու Պասեքը։ Իսկ այդ օրը նրանցից հազարավորներ լսեցին, թե ինչպես են հասարակ մարդիկ, սուրբ ոգով լցված, հռչակում բարի լուրը կայսրության բազմաթիվ լեզուներով։ Նրանք շփոթության մեջ չընկան, ինչպես որ պատահեց հին Բաբելոնում ապրողների հետ, այլ հասկացան իրենց լսածը (Գործք 2։1–12)։ Այդ իրադարձությունը նշանավորեց քրիստոնեական ժողովի ծնունդը և բազմալեզու միջազգային կրթական գործի սկիզբը, գործ, որը շարունակվում է առայսօր։
2. Հիսուսի աշակերտները մ. թ. 33–ի Պենտեկոստեին ինչո՞վ ‘ապշեցրին’ իրենց բազմատարր լսարանին։
2 Հավանաբար, Հիսուսի աշակերտները կարողանում էին խոսել համահունական լեզվով, որն այն ժամանակ տարածված էր։ Նրանք խոսում էին նաև եբրայերենով, լեզու, որն օգտագործվում էր տաճարում։ Պենտեկոստեի օրը, սակայն, աշակերտներն ‘ապշեցրին’ (ԱՆԹ) իրենց բազմատարր լսարանին՝ խոսելով այդ մարդկանց մայրենի լեզուներով։ Ո՞րն էր արդյունքը։ Մայրենի լեզվով հնչած կենսական ճշմարտությունները գրավեցին ունկնդիրների սրտերը։ Օրվա վերջում աշակերտների փոքր խումբը դարձավ ավելի քան 3 000 հոգուց բաղկացած մեծ բազմություն (Գործք 2։37–42)։
3, 4. Ինչպե՞ս քարոզչական գործն ընդլայնվեց այն բանից հետո, երբ աշակերտները Երուսաղեմից, Հրեաստանից և Գալիլեայից տեղափոխվեցին ուրիշ վայրեր։
3 Այդ կարևորագույն իրադարձությունից կարճ ժամանակ անց հալածանքի ալիք բարձրացավ Երուսաղեմում, և «ցրուածները ման էին գալիս [«երկրի զանազան կողմերը շրջում էին», ԱՆԹ]՝ խօսքն աւետարանելով» (Գործք 8։1–4)։ Գործք 8–րդ գլխում կարդում ենք Փիլիպպոս ավետարանչի մասին, որն ակներևաբար հունարեն խոսում էր։ Փիլիպպոսը քարոզեց սամարացիներին։ Նա քարոզեց նաև մի եթովպացի պաշտոնյայի, որը դրականորեն արձագանքեց Քրիստոսի մասին լուրին (Գործք 6։1–5; 8։5–13, 26–40; 21։8, 9)։
4 Քրիստոնյաները, Երուսաղեմի, Հրեաստանի և Գալիլեայի սահմաններից դուրս գալով և ջանալով նոր վայրերում հաստատվել, բախվեցին նոր՝ էթնիկական ու լեզվական խոչընդոտների։ Նրանցից ոմանք թերևս կարող էին վկայություն տալ միայն հրեաներին։ Բայց ահա թե ինչ է գրում Ղուկաս աշակերտը. «Ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների [«հունախոսների», ԱՆԹ, ծնթ.] հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը» (Գործք 11։19–21)։
Անաչառ Աստված պատգամ ունի բոլորի համար
5. Բարի լուրի հետ կապված՝ ինչպե՞ս է երևում Եհովայի անաչառությունը։
5 Դեպքերի նման զարգացումը ներդաշնակ էր այն բանին, թե ինչպիսին է Աստված. նա հեռու է աչառությունից։ Պետրոս առաքյալը, այն բանից հետո, երբ Եհովայից օգնություն ստացավ, որպեսզի ուղղեր ազգերի մարդկանց վերաբերյալ իր տեսակետը, երախտագիտությամբ ասաց. «Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35; Սաղմոս 145։9)։ Պողոս առաքյալը՝ քրիստոնյաներին նախկինում հալածողը, ասելով, որ Աստված «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին», նույնպես հաստատեց, որ Աստված անաչառ է (Ա Տիմոթէոս 2։4)։ Արարչի անաչառությունն ակնհայտ է նրանից, որ Թագավորության հույսը մատչելի է բոլորին՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից։
6, 7. Աստվածաշնչյան ո՞ր մարգարեություններն են կանխագուշակել, որ բարի լուրը միջազգային տարածում կստանա։
6 Այս միջազգային ընդարձակումը կանխագուշակվել էր դարեր առաջ։ Ինչպես Դանիելի մարգարեության մեջ է ասվում, «[Հիսուսին] տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դանիէլ 7։14)։ Այն, որ սույն պարբերագիրը հրատարակվում է 151 լեզվով և տարածվում է ամբողջ աշխարհում՝ քեզ հնարավորություն տալով կարդալ Եհովայի Թագավորության մասին, փաստում է աստվածաշնչյան այդ մարգարեության կատարումը։
7 Աստվածաշնչում կանխագուշակվել է մի ժամանակի մասին, երբ տարբեր ազգերի մարդիկ լսելու էին նրանում պարունակվող կենսատու լուրը։ Նկարագրելով, թե ճշմարիտ երկրպագությունն ինչպես էր իր կողմը գրավելու բազմաթիվ մարդկանց՝ Զաքարիան մարգարեացավ. «Այն օրերը կ’բռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի [‘Աստծու Իսրայելի’ անդամ հանդիսացող՝ ոգով օծված քրիստոնյայի] քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23; Գաղատացիս 6։16)։ Իսկ Հովհաննես առաքյալը, կապված այն բանի հետ, ինչ տեսավ տեսիլքում, ասաց. «Ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին» (Յայտնութիւն 7։9)։ Մենք մեր աչքով ենք տեսնում, որ այս մարգարեությունները կատարվում են։
Քարոզենք ‘ամենքին’
8. Ժամանակակից ո՞ր իրողությունն է ստիպել շտկում կատարել մեր քարոզչական գործում։
8 Մեր օրերում մարդիկ ավելի ու ավելի հաճախակի են տեղափոխվում մի վայրից մյուսը։ Գլոբալիզացիան գաղթի նոր դարաշրջան բացեց։ Պատերազմական գոտիներից և տնտեսապես անապահով շրջաններից մարդիկ խմբերով տեղափոխվում են ավելի ապահով վայրեր՝ ցանկանալով բարելավել իրենց նյութական կացությունը։ Շատ երկրներում ներգաղթյալների և փախստականների ներհոսքի արդյունքում ձևավորվել են օտարալեզու համայնքներ։ Օրինակ՝ Ֆինլանդիայում խոսում են ավելի քան 120 լեզվով, իսկ Ավստրալիայում այդ թիվն անցնում է 200–ից։ Միացյալ Նահանգների ընդամենը մեկ քաղաքում՝ Սան Դիեգոյում, կարելի է լսել ավելի քան 100 լեզու։
9. Ինչպե՞ս պետք է դիտենք օտարախոս մարդկանց ներկայությունը մեր տարածքում։
9 Լինելով քրիստոնյա ծառայողներ՝ համարո՞ւմ ենք արդյոք, որ օտարախոս մարդկանց ներկայությունը խոչընդոտ է մեր ծառայության առջև։ Բոլորովի՛ն։ Ընդհակառակը, մենք նրանց ներկայությունը դիտում ենք որպես մեր քարոզչական տարածքի ցանկալի ընդլայնում՝ ‘արտեր, որոնք սպիտակել են և հնձին հասել’ (Յովհաննէս 4։35)։ Մենք ջանում ենք հոգ տանել իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդկանց՝ անկախ նրանց ազգությունից կամ լեզվից (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ‘ամեն լեզվից’ ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում Քրիստոսի աշակերտ (Յայտնութիւն 14։6)։ Օրինակ՝ 2004 թ. օգոստոսի 1–ի դրությամբ Գերմանիայում քարոզչական գործը կատարվում էր մոտ 40 լեզվով։ Այդ նույն ժամանակ քարոզչական գործը Ավստրալիայում իրականացվում էր գրեթե 30 լեզվով. ընդամենը տասը տարի առաջ այդ թիվը 18 էր։ Հունաստանում Եհովայի վկաները բարի լուրը հասցնում էին մարդկանց մոտ 20 լեզուներով։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների 80 տոկոսը խոսում է անգլերենից՝ լայնորեն տարածված միջազգային լեզվից, տարբեր լեզուներով։
10. Ո՞րն է քարոզչի անհատական դերը ‘բոլոր ազգերից’ աշակերտներ պատրաստելու գործում։
10 Իրոք որ, կատարվում է Հիսուսի՝ ‘բոլոր ազգերից աշակերտներ պատրաստելու’ պատվերը (Մատթէոս 28։19)։ Եհովայի վկաները եռանդորեն կատարում են այդ հանձնարարությունը 235 երկրներում՝ գրականություն տարածելով ավելի քան 400 լեզվով։ Ճիշտ է, Եհովայի կազմակերպությունը բարի լուրը մարդկանց քարոզելու համար տալիս է անհրաժեշտ գրականություն, բայց Թագավորության քարոզիչն ինքը պետք է նախաձեռնություն հանդես բերի, որ Աստվածաշնչի պատգամը հասցվի ‘ամենքին’ այն լեզվով, որը այդ մարդիկ կարող են լավագույնս հասկանալ (Յովհաննէս 1։7)։ Մեր միասնական ջանքերի շնորհիվ տարբեր ազգային պատկանելություն ունեցող միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ստանում օգուտ քաղել բարի լուրից (Հռովմայեցիս 10։14, 15)։ Այո, յուրաքանչյուրս կարևոր դեր ունի։
Դիմագրավենք խնդիրը
11, 12. ա) Ի՞նչ դժվարություններ կան, որոնք պետք է հաղթահարենք, և ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում։ բ) Ինչո՞ւ հաճախ ավելի լավ կլինի, որ մարդկանց իրենց մայրենի լեզվով քարոզենք։
11 Այսօր Թագավորության շատ քարոզիչներ ցանկանում են նոր լեզու սովորել, սակայն նրանք չեն կարող ակնկալել, որ այդ նպատակով Աստծու սուրբ ոգու գերբնական պարգև կստանան (Ա Կորնթացիս 13։8)։ Նոր լեզու սովորելը մեծ գործ է։ Նույնիսկ նրանք, ովքեր արդեն խոսում են օտար լեզվով, գուցե կարիք ունենան շտկելու իրենց մտածելակերպն ու մեթոդները, որպեսզի կարողանան Աստվածաշնչի պատգամը գրավիչ դարձնել տվյալ լեզվով խոսող մարդկանց համար, որոնք ուրիշ ծագում և մշակույթ ունեն։ Բացի այդ, նոր ներգաղթյալները հաճախ երկչոտ են ու անհամարձակ. նրանց մտածելակերպը հասկանալու համար հարկավոր է ջանք թափել։
12 Այնուամենայնիվ, սուրբ ոգին շարունակում է գործել Եհովայի ծառաների վրա, որոնք ջանում են օգնել օտարախոս մարդկանց (Ղուկաս 11։13)։ Ոգին գերբնական լեզվական կարողություններ չի շնորհում, սակայն կարող է էլ ավելի ուժգին դարձնել օտարախոս մարդկանց հետ հաղորդակցվելու մեր ցանկությունը (Սաղմոս 143։10)։ Աստվածաշնչի պատգամը այդ մարդկանց քարոզելը կամ ուսուցանելը մի լեզվով, որը նրանք այնքան էլ լավ չգիտեն, կարո՛ղ է հասնել նրանց մտքին։ Բայց մեր ունկնդիրների սրտին հասնելու համար հաճախ ավելի լավ է հաղորդակցվել նրանց մայրենի լեզվով, այն լեզվով, որով լսված տեղեկությունը շոշափում է նրանց նվիրական ցանկությունները, մղումները և հույսերը (Ղուկաս 24։32)։
13, 14. ա) Ի՞նչն է մղում ոմանց սկսել ծառայել օտարախոս դաշտում։ բ) Ինչպե՞ս են քարոզիչները դրսևորում անձնազոհության ոգի։
13 Թագավորության բազմաթիվ քարոզիչներ սկսում են ծառայել օտարախոս դաշտում, երբ այնտեղ տեսնում են դրական արձագանքներ աստվածաշնչյան ճշմարտությանը։ Մյուսները ոգևորվում են, երբ իրենց ծառայությունը դառնում է ավելի խոստումնալից և հետաքրքիր։ «Արևելյան Եվրոպայից եկած շատ մարդիկ ճշմարտությունը լսելու ծարավ են»,— տեղեկացվում է Եհովայի վկաների հարավեվրոպական մի մասնաճյուղից։ Ի՜նչ մեծ բավականություն է օգնել ընկալունակ սիրտ ունեցող նման անձնավորությունների (Եսայիա 55։1, 2)։
14 Սակայն այս գործում արդյունավետ մասնակցություն ունենալը վճռականություն և անձնազոհություն է պահանջում (Սաղմոս 110։3)։ Օրինակ՝ Ճապոնիայում որոշ ընտանիքներ թողել են մեծ քաղաքներում գտնվող իրենց հարմարավետ տները և տեղափոխվել հեռավոր տարածքներ, որպեսզի օգնեն չինացի ներգաղթյալներին հասկանալ Աստվածաշունչը։ ԱՄՆ–ի արևմտյան ափին ապրող քարոզիչները կանոնավորաբար մեքենայով մեկից երկու ժամ ճանապարհ են անցնում, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնեն ֆիլիպինցիների հետ։ Նորվեգիայում Եհովայի վկա մի ամուսնական զույգ ուսումնասիրություն է անցկացնում Աֆղանստանից եկած ընտանիքի հետ։ Այդ ամուսիններն օգտվում են «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկի անգլերեն և նորվեգերեն հրատարակություններից։a Աֆղան ընտանիքը պարբերությունները կարդում է պարսկերեն, որը շատ նման է նրանց մայրենի լեզու դարիին։ Քննարկումը նրանք կատարում են անգլերեն և նորվեգերեն լեզուներով։ Անձնազոհության նման ոգին ու հարմարվելու կարողությունը մեծապես վարձատրվում են նրանով, որ օտարախոսները արձագանքում են բարի լուրին։b
15. Ինչպե՞ս կարող ենք բոլորս մասնակցել բազմալեզվյան քարոզչական գործին։
15 Կարո՞ղ ես բաժին ունենալ այս բազմալեզվյան գործունեության մեջ։ Ինչո՞ւ չսկսել նրանից, որ պարզես, թե քո քարոզչական տարածքում որ օտար լեզուներն են տարածված։ Դրանից հետո կարող ես քեզ հետ վերցնել այդ լեզուներով թերթիկներ կամ գրքույկներ։ 2004 թ.–ին լույս տեսած «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը, որում բազմաթիվ լեզուներով մի պարզ, կերտիչ հաղորդագրություն կա, արդեն զգալի դեր է խաղացել Թագավորության հույսի տարածման գործում (տե՛ս «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» հոդվածը 32–րդ էջում)։
‘Պանդուխտին սիրենք’
16. Ինչպե՞ս կարող են պատասխանատու եղբայրները անշահախնդրություն դրսևորել օտարախոս մարդկանց օգնելու մեջ։
16 Անկախ նրանից՝ օտար լեզու սովորում ենք, թե ոչ՝ բոլորս էլ կարող ենք նպաստ բերել մեր շրջանում ապրող օտարախոսների հոգևոր կրթության գործում։ Եհովան պատվիրել է իր ժողովրդին ‘սիրել պանդուխտին’ (Բ Օրինաց 10։18, 19)։ Օրինակ՝ հյուսիսամերիկյան մեծ քաղաքներից մեկում հինգ ժողովներ հանդիպում են նույն Թագավորության սրահում։ Ինչպես և շատ Սրահներում, ամեն տարի այդ ժողովների հանդիպումների ժամերը, սահմանված գրաֆիկի համաձայն, փոխվում են, և այս անգամ չինական ժողովի հանդիպումները պիտի ընկնեին կիրակի ավելի ուշ ժամի։ Սա նշանակելու էր, որ ներգաղթյալներից շատերը, ովքեր ռեստորանում են աշխատում, ի վիճակի չէին լինելու հաճախել հանդիպումներին։ Մյուս ժողովների երեցները մեծահոգաբար որոշ փոփոխություններ արեցին, այնպես, որ չինական հանդիպումները հնարավոր լիներ անցկացնել կիրակի ավելի վաղ ժամի։
17. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը, երբ ոմանք որոշում են տեղափոխվել՝ օգնելու համար օտարախոս մարդկանց։
17 Սիրառատ վերակացուները գովում են այն հմուտ և օրինակելի եղբայրներին ու քույրերին, որոնք ցանկանում են բնակության վայրը փոխել օտարախոս մարդկանց օգնելու նպատակով։ Տեղական ժողովի համար գուցե կորուստ լինի Աստվածաշնչի այդպիսի փորձառու ուսուցիչների բացակայությունը, բայց վերակացուները նույն վերաբերմունքն ունեն, ինչ ունեին Լյուստրայի և Իկոնիոնի ժողովների երեցները։ Վերջիններս չմերժեցին, որ Տիմոթեոսը գնար Պողոսի հետ, չնայած որ նա նրանց ժողովների համար մեծ արժեք էր ներկայացնում (Գործք 16։1–4)։ Նաև, քարոզչական գործում առաջնորդություն վերցնողների համար խոչընդոտ չեն օտարախոսների մտածելակերպը, սովորությունները կամ նիստուկացը։ Փոխարենը՝ նրանք սրտաբաց ընդունում են տարբեր ազգերի մարդկանց և հանուն բարի լուրի ձգտում են լավ հարաբերություններ զարգացնել նրանց հետ (Ա Կորնթացիս 9։22, 23)։
18. Գործունեության ի՞նչ մեծ դուռ է բացված բոլորի առջև։
18 Ինչպես և մարգարեացվել էր, բարի լուրը քարոզվում է ‘ազգերի ամեն լեզուների’ մարդկանց։ Օտարախոս դաշտում դեռևս աճի մեծ հնարավորություններ կան։ Հազարավոր հնարամիտ քարոզիչներ մտել են մեծ՝ գործունեության առաջնորդող դռնով (Ա Կորնթացիս 16։9)։ Սակայն ավելին է հարկավոր այդպիսի տարածքները մշակելու համար, ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Ուրիշ օրինակների համար տե՛ս 2004 թ. ապրիլի 1–ի «Դիտարանում» տպագրված «Փոքր զոհողությունները մեզ բերեցին մեծ օրհնություններ» հոդվածը, էջ 24–28։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային բոլոր մարդկանց հանդեպ անաչառություն դրսևորելու մեջ։
• Ինչպե՞ս պետք է դիտենք մեր քարոզչական տարածքում ապրող այն մարդկանց, ովքեր չեն խոսում մեր լեզվով։
• Ինչո՞ւ ավելի լավ կլինի մարդկանց քարոզել իրենց մայրենի լեզվով։
• Ինչպե՞ս կարող ենք հոգատար լինել մեր շրջապատի օտարախոս մարդկանց հանդեպ։
[Քարտեզ/նկար 23–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմ
ԱՍԻԱ
ԿՐԵՏԵ
ԼԻԲԻԱ
ՓՌՅՈՒԳԻԱ
ՊԱՄՓՅՈՒԼԻԱ
Երուսաղեմ
ՀՐԵԱՍՏԱՆ
ԵԳԻՊՏՈՍ
ՊՈՆՏՈՍ
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ
ՄԻՋԱԳԵՏՔ
ՄԱՐԱՍՏԱՆ
ԵԼԱՄ
ԱՐԱԲԻԱ
ՊԱՐԹԵՎՔ
[Ջրածածկ տարածություններ]
Միջերկրական ծով
Սև ծով
Կարմիր ծով
Պարսից ծոց
[նկար]
Մ.թ. 33–ի Պենտեկոստեին Հռոմեական կայսրության, ինչպես նաև ուրիշ երկրների 15 շրջաններից եկած մարդիկ իրենց մայրենի լեզվով լսեցին բարի լուրը
[նկարներ 24–րդ էջի վրա]
Շատ օտարախոսներ դրականորեն են արձագանքում աստվածաշնչային ճշմարտությանը
[նկար 25–րդ էջի վրա]
Մի Թագավորության սրահի ցուցանակը՝ հինգ լեզուներով